== Տասնյոթերորդ գլուխ ==
Ահա մի տարի և ութ ամիս ե, ինչ յես այս նոթերը աչքի չեմ անցկացրել և հիմա միայն, տխրությունից ու ցավից, խելքիս փչեց ցրվել, և պատահմամբ կարդացի։ Այն պահին նրա վրա եյի կանգ առել, վոր Հոմբուրգ կերթամ, Աստվա՜ծ իմ, համեմատաբար ի՜նչ թեթև սրտով եմ այն պահին գրել այդ վերջին տողերը։ Այսինքն, վոչ թե թեթև սրտով,― այլ ի՜նչ ինքնավստահ, ի՜նչ անսասան հույսերով։ Ունեյի՞ գեթ մազաչափ կասկած ինքս իմ նկատմամբ։ Յեվ ահա անցել ե ավելի քան մեկ և կես տարի և յես, ըստ իս, մուրացկանից ել ավել վատթար եմ։ Մուրացկանն ի՞նչ ե վոր։ Թքած աղքատության վրա։ Յես պարզապես կործանեցի ինքս ինձ։ Ասենք ինչի՞ հետ համեմատես, համ ել կարիք չկա վոր ինքդ քեզ բարոյականություն քարոզես։ Այդպիսի ժամանակ բարոյախոսությունից ավելի անմիտ բան չի կարող լինել։ Ո՜, ինքնահավան մարդիկ, ի՜նչ հպարտ ինքնահավանությամբ պատրաստ են այդ դատարկախոսներն իրենց մտքերը քարոզելու։ Յեթե նրանք գիտենային, թե վոր աստիճան յես ինքս ըմբռնում եմ իմ այժմյան վիճակի գարշությունը, նրանց լեզուն չեր պտտվի ինձ խրատելու։ Ի՞նչ, ի՞նչ նոր բան կարող են ասել ինձ նրանք, վոր յես չիմանամ։ Յեվ բանն ա՞յդ ե միթե։ Բանն այն ե, վոր անիվի մի պտույտ և ամեն ինչ կփոխվի և այդ իսկ բարոյախոսները առաջինը կգան (յես հավատացած եմ) բարեկամական կատակներով ինձ շնորհավորելու։ Յեվ ինձնից այլևս յերես չեն դարձնի հիմիկվա պես։ Թքած նրանց բոլորի վրա։ Ի՞նչ եմ յես հիմա։ Zéro։ Ի՞նչ կարող եմ դառնալ վաղը։ Վաղը յես կարող եմ հարություն առնել և վերստին ապրել սկսել։ Կարող եմ մեջս գտնել մարդը, քանի նա դեռ չի կորել։
Յես իրոք այն միջոցին Հոմբուրգ գնացի, բայց․․․ հետո յես Ռուլնթենբուրգում ել յեղա, գնացի նաև Սպա, նույնիսկ Բադեն, ուր յես գնացի իբրև խորհրդական Հինցեյի կամերդիներ, մի լրբի և իմ այստեղի նախկին տիրոջ։ Այո, յես լաքեյ ել դառա, ամբողջ հինջ ամիս։ Այդ պատահեց բանտից դուրս գալուց հետո անմիջ ապես։ (Յես Ռուլեթենբուրգում բանտ ել նստեցի, այստեղ արած մի պարտքի պատճառով։ Մի անհայտ մարդ ինձ հետ գնեց,― ո՞վ։ Միստեր Աստլե՞յը։ Պոլի՞նան։ Զգիտեմ, բայց պարտքս վճարված եր, ընդամենը յերկու հարյուր թալեր, և յես ազատություն ստացա)։ Ո՞ւր կորչեյի։ Յես ել այդ Հինցեյի մոտ մտա։ Նա յերիտասարդ և թեթևսոլիկ մարդ ե, սիրում ե ծուլություն անել, իսկ յես խոսում ու գրում եմ յերեք լեզվով։ Յես սկզբում մտա նրա մոտ համարյա քարտուղարի պաշտոնով, ամսական յերեսուն գուլդենով, բայց բանս վերջացավ իսկական լաքեյությամբ․ քարտուղար պահելը նրա միջոցներից վեր եր և նա ռոճիկս պակսեցրեց․ իսկ յես տեղ չունեյի, վոր գնայի, յես մնացի ― և այդպիսով ինքնաբերաբար լաքեյ դառա։ Ծառայության մեջ կեր ու խումս պակաս եր, բայց փոխարենը հինգ ամսվա ընթացքում յոթանասուն գուլդեն տնտեսեցի։ Մի անգամ յերեկոյան, Բադենում յես հայտնեցի նրան, վոր կամենում եմ անջատվել նրանից, նույն այդ յերեկոյան յես գնացի ռուլեթի խաղատեղին։ Ո՜, ինչպե՜ս եր բաբախում սիրտս։ Չե, թանգը փողը չեր իմ աչքում։ Այն միջոցին յես միայն ուզում եյի, վոր վաղն ևեթ բոլոր այդ Հինցեները, բոլոր այն ոբեր֊կելները, բոլոր այն Բադենի շքեղ տիկինները ― վոր նրանք բոլորը խոսեն իմ մասին, իմ պատմությունն անեն, զարմանան, գովեն և խոնարհվեն իմ նոր տարածի առջև։ Այդ ամենը մանկական անուրջներ ու հոգսեր են, բայց․․․ ո՞վ գիտե, գուցե յես Պոլինային ել հանդիպեյի, յես նրան կպատմեյի և նա կտեսներ, վոր բաղդի այդ բոլոր անմիտ զրույցներից բարձր եմ․․․ Չե, թանգը փողը չեր իմ աչքում։ Յես հավատացած եմ, վոր դարձյալ ցրիվ կտայի վորևե Blache-ի վրա, դարձյալ յերեք շաբաթ Փարիզում տասնվեց հազար ֆրանկանոց սեփական զույգ ձիերով ման կզգայի։ Յես հո հաստատ գիտեմ, վոր ժլատ չեմ․ յես նույնիսկ կարծում եմ, վոր շռայլ եմ, մինչդեռ, այնուամենայնիվ, ի՜նչ տենդագին, սրտատրոփ եմ լսում կրուպյորի բարձր ձայնը՝ trente et un, rouge, impaire et passe или: quatre, noir, pair et manque! Ի՜նչ ագահությամբ եմ նայում խաղասեղանի վրայի վոսկու սյունյակներին, յերբ վոր նրանք, կրուպյորի թիակից ցրիվ են գալիս, կույտ-կույտ, վորպես վառ կրակներ կամ արշինի չափ յերկար արծաթի սյունակներին, վոր ընկած են անիվի շուրջը։ Նոր-նոր մոտենալով խաղասրահին, դեռ յերկու սենյակ առաջ, հազիվ լսում եմ այս ու այն կողմ թափվող փողի զրնգոցը ― գրեթե ջղաձգություն եմ զգում։
Ո՜, այն յերեկոյան, յերբ յես իմ յոթանասուն գուլդենը խաղասեղանի վրա դրի, նույնպես նշանավոր յերեկո յեր։ Յես սկսեցի տասը գուլդենից և դարձյալ passe-ից: Passe-ի նկատմամբ յես նախապաշարմունք ունեմ։ Յես տանուլ տվի։ Մոտս վաթսուն գուլդեն արծաթ դրամ մնաց, յես խորհեցի և նախրնտրեցի zéro-ն։ Յես սկսեցի հնդական գուլդեն վեր գալ zéro-յի վրա․ յերրորդ անգամ վեր գալուց հանկարծ zéro յե դուրս գալիս․ քիչ մնաց ուրախությունից մեռնեյի, վոր ստացա հարյուր յոթանասունհինգ գուլդեն․ յերբ վոր յես հարյուր հազար գուլդեն տարա ― այդչափ ուրախ չեյի։ Իսկույն rouge-ի վրա հարյուր գուլդեն վեր յեկա,― տվեց․ բոլոր յերկու հարյուրը rouge-ի վրա ― տվեց․ բոլոր չորսհարյուրը noir-ի վրա ― տվեց․ բոլոր ութ հարյուրր manque-ի վրա ― տվեց․ առաջվանի հետ հաշված, հազար յոթ հարյուր գուլդեն գոյացավ, այն ել հինգ րոպեյից պակաս միջոցում։ Այսպիսի վայրկյաններում ահա մարդ մոռանում ե նախկին անհաջողությունները։ Չե՞ վոր յես այդ ձեռք բերի, վտանգելով ավելին, քան կյանքս, հանդգնեցի ռիսկ անել և ահա, յես դարձյալ մարդկային շարքն ընկա։
Յես համար վարձեցի և մինչև ժամը յերեքը նստած փողերս եյի համարում։ Առավոտյան արթնացա արդեն վոչ իբրև լաքեյ։ Յես վճռեցի նույն որը Հոմբուրգ մեկնել՝ այնտեղ յես լաքեյի ծառայություն չեյի արել և բանտ չեյի նստել։ Գնացքից, կես ժամ առաջ յես գնացի յերկու անգամ վեր գալու, վոչ ավել և տանուլ ավի մեկուկես հագար ֆլորին։ Այնուամենայնիվ յես ելի Հոմբուրգ տեղափոխվեցի և ահա մեկ ամիս կլինի, վոր այստեղ եմ․․․
Յես, իհարկե, անընդհատ տագնապի մեջ եմ, ամենամանր գումարներ եմ վեր գալիս և _ինչ-վոր բանի_ յեմ սպասում, հաշիվ անում, կանգնում եմ որերով խաղասեղանի մոտ և _դիտում_ խաղը, անգամ յերազում խաղ եմ տեսնում, բայց այնուհանդերձ ինձ թվում ե, վոր յես կարծես փետացել եմ, ասես խրվել եմ ինչ֊վոր տիղմի մեջ։ Հետևցնում եմ այս միստեր Աստլեյի հետ հանդիպումի տպավորությունից։ Մենք այն իսկ որից չեյինք տեսնվել և հանդիպեցինք պատահմամբ․ ահա թե ինչպես յեղավ։ Յես անցնում եյի այգում և հաշիվ անում, վոր հիմա յես գրեթե մնացել եմ առանց փողի, բայց վոր յես հիսուն գուլդեն ունեմ, բացի այդ հյուրանոցում, վորտեղ խղճուկ սենյակ եմ բռնում, անցյալ որը ամեն ինչի համար վճարել եմ։ Ուրեմն ինձ համար ռուլեթ խաղալու մի հատիկ հնարավորություն ե մնացել,― թե մի բան տարա, կարելի կլինի խաղը շարունակել, իսկ յեթե տանուլ տվի ― պետք ե վոր դարձյալ լաքեյ դառնամ, յեթե իսկույն ռուսներ չգտնեմ, վորոնց ուսուցիչ ե հարկավոր։ Այդ մտքով զբաղված՝ յես գնացի իմ ամենորյա զբոսանքի ճամբով, պուրակի միջով և անտառի միջով հարևան իշխանության սահմանները։ Յերբեմն յես այդ կերպ չորս ժամի չափ ման եյի գալիս և վերադառնում Հոմբուրգ՝ հոգնած ու քաղցած։ Նոր եյի այգուց պուրակ մտել, յերբ հանկարծ նստարանի վրա տեսա միստեր Աստլեյին։ Նա առաջինը նկատեց ինձ և ձայն տվեց։ Յես նստեցի նրա կողքին։ Սակայն նկատելով, վոր նա իրեն ծանր ե պահում, յես իսկույն մեղմեցի ուրախությունս, թե չե սաստիկ ուրախացել եյի։
— Ուրեմն դուք այստեղ եք։ Յես այդպես ել կարծում եյի, վոր կհանդիպեմ ձեզ,― ասաց նա ինձ։— Անհանգիստ միք լինի պատմելու, յես գիտեմ, յես ամեն ինչ գիտեմ, ձեր ամբողջ կյանքը այս մեկ տարի ութ ամսվա ընթացքում ինձ հայտնի յե։
— Վահ, ահա թե ինչպե՜ս հետևում եք հին բարեկամներին․― պատասխանեցի յես։― Ձեզ պատիվ ե բերում, վոր չեք մոռանում․․․ Համբերեցեք, ապա, դուք ինձ միտք եք տալիս՝ դուք հո չե՞ք ինձ Ռուլեթենբուրգի բանտից հետ գնել, վորտեղ յես յերկու հարյուր գուլդեն պարտքի համար եյի նստած։ Ինձ անհայտ մարդ եր հետ դնել։
— Վոչ, ո՜, վոչ, յես ձեզ հետ չեմ գնել Ռուլեթենբուրգի բանտից, վորտեղ դուք յերկու հարյուր գուլդեն պարտքի համար նստած եք յեղել, բայց յես իմացել եմ, վոր դուք նստած եք բանտում յերկու հարյուր գուլդեն պարտքի համար։
— Ուրեմն, այնուամենայնիվ, գիատե՞ք ով ե ինձ հետ գնել։
— Ո՜, վոչ, չեմ կարող ասել թե գիտեմ՝ ով ե ձեզ հետ դնել։
— Տարորինակ ե, մեր ռուսներից վոչ վոք ինձ չի ճանաչում, ասենք՝ ռուսներն այստեղ չեն ել հետ գնի․ այ, մեզնում, այնտեղ, Ռուսաստանում, ուղղափառները ուղղափառներին հետ են գնում։ Իսկ յես հենց այնպես ել կարծում եյի, թե վորևե տարորինակ անգլիացի կլինի, տարորինակությունից։
Միստեր Աստլեյը լսում եր ինձ վորոշ զարմանքով։ Նա կարծես սպասում եր ինձ հուսաբեկ և կոտրված տեսնել։
— Սակայն յես շատ ուրախ եմ տեսնել, վոր դուք միանգամայն պահպանել եք ձեր վոգու վողջ անկախությունը և անգամ զվարթությունը,― արտասանեց նա բավական անախորժ տեսքով։
— Այսինքն՝ ներքուստ դուք ճաքում եք ― ինչու յես կոտրված և ստորացած չեմ,― ասացի յես խնդալով։
Նա շուտ չըմբռնեց, բայց ըմբռնելուց հեաո՝ ժպտաց։
— Յես հավանում եմ ձեր նկատողությունները։ Այդ խոսքերից յես ճանաչում եմ իմ վաղեմի, խելացի, հին, ներշնչված և միաժամանակ ցինիկ բարեկամիս․ մենակ ռուսները կարող են իրենց մեջ միաժամանակ համատեղել այդքան հակասություններ։ Իրավ, մարդս սիրում ե իր լավագույն բարեկամին տեսնել իր առջև ստորացման մեջ․ բարեկամությունը, ըստ մեծի մասին, ստորացման վրա յե հիմնված լինում․ և դա հին, բոլոր խելացի մարդկանց հայտնի ճշմարտություն ե։ Սակայն ներկա դեպքում, հավատացնում եմ ձեզ, յես անկեղծ ուրախ եմ, վոր դուք վհատվում։ Ասացեք, մտադիր չե՞ք դուք խաղը թողնել։
— Ո՜, սատանան նրա հետ։ Իսկույն կթողնեմ, միայն թե․․․
— Միայն թե տանուլ տվածը հե՞տ բերեք։ Այդպես ել յես գիտեյի․ միք ավարտի ձեր խոսքը․ գիտեմ, դուք այդ հանկարծ ասացիք, հետևաբար ճշմարիտ խոսեցիք։ Ասացեք, բացի խաղալուց, ել վոչ մի բանով չե՞ք զբաղվում։
— Վոչ մի բանով․․․
Նա սկսեց ինձ քննել։ Յես բան չգիտեյի, յես գրեթե լրագիր ել չեյի նայում և բոլոր այս ժամանակամիջոցում վոչ մի գիրք բաց չեյի արել։
— Դուք փետացել եք,― նկատեց նա,― դուք վոչ միայն հրաժարվել եք կյանքից, ձեր սեփական և հասարակական հետաքրքրությունից մարդու և քաղաքացու պարտականությունից, բարեկամներից (իսկ դուք այնուհանդերձ բարեկամներ ունեցել եք), դուք վոչ միայն հրաժարվել եք վորևե նպատակից, բացի տանելուց,― դուք հրաժարվել եք անգամ ձեր հուշերից։ Յես հիշում եմ ձեզ ձեր կյանքի ջերմ և զորեղ պահին, բայց յես հավատացած եմ, վոր դուք ձեր այն ժամանակվա բոլոր լավագույն տպավորությունները մոռացության եք տվել․ ձեր յերազները, ձեր այժմյան հանապազորյա ցանկությունները pair և impair-ից, rouge-ից noir-ից, տասներկու միջիններից և այլն, և այլն դենը չեն գնում, յես հավատացած եմ։
— Բավական ե, միստեր Աստլեյ, խնդրեմ, խնդրեմ չհիշեցնեք,― գոչեցի յես տհաճությամբ, քիչ եր մնում թե չարությամբ,― իմացած յեղեք, վոր յես վոչնչից վոչինչ չեմ մոռացել, բայց յես միառժամանակ արտաքսել եմ միայն իմ գլխից այդ ամենը, անգամ հուշերը, մինչև վոր իմ պարագաներն արմատապես չփոխեմ․ այն ժամանակ․․․ այն ժամանակ դուք կտեսնեք, յես հարություն կառնեմ։
— Դուք տասը տարուց հետո ել եք այստեղ լինելու,― ասաց նա,― մարջ գանք, վոր յես կհիշեցնեմ ձեզ այս խոսքս, յեթե կենդանի մնամ, հենց նույն այս նստարանի վրա։
— Դե՛, բավական ե,― ընդհատեցի յես անհամբեր,― և վորպեսզի ձեզ ապացուցած լինեմ, վոր յես անցյալի նկատմամբ այնքան ել մոռացկոտ չեմ, թույլ տվեք իմանալ, վորտե՞ղ ե հիմա միսս Պոլինան։ Յեթե դուք չեք ինձ հետ գնել, ապա անշուշա նա կլինի։ Այն իսկ պահից յես նրանից վոչ մի լուր չեմ ունեցել։
— Վոչ, ո՜, վոչ։ Յես չեմ կարծում, վոր նա ձեզ հետ գնած լինի։ Նա հիմա Զվիցարիայում ե և դուք ինձ մեծ բավականություն պատճառած կլինեք, յեթե դադարեք ինձ միսս Պոլինայի մասին հարց ու փորձ անելուց,― ասաց նա վճռականորեն և նույնիսկ բարկացած։
— Այդ կնշանակի, վոր նա ձեզ ել ե սաստիկ վերք հասցրել,― ծիծաղեցի յես ակամա։
— Միսս Պոլինան ― բոլոր ամենաշատ հարգանքի արժան եյակներից լավագույնն ե, բայց, կրկնում եմ, դուք ինձ մեծ բավականություն պատճառած կլինեք, յեթե դադարեք ինձ միսս Պոլինայի մասին հարց ու փորձ անելուց։ Դուք նրան յերբեք չեք ճանաչել և նրա անունը ձեր շուրթերում յես համարում եմ վիրավորանք իմ բարոյական զգացմունքին։
— Ահա թե ինչ։ Ասենք, դուք անարդարացի յեք․ ել ինչի՞ց խոսեմ ձեզ հետ, բացի դրանից, ինքներդ դատեցեք։ Չե՞ վոր մեր հարաբերությունները հենց այդ ե։ Անհանգիսա միք լինի, վոչ մի ներքին, գաղտնի բան ինձ պետք չե․․․ Յես հետաքրքրվում եմ միայն, այսպես ասած, միսս Պոլինայի արտաքին կացությամբ, նրա այժմյան դրսի կարգ ու սարքով միայն։ Այդ կարելի յե յերկու խոսքով հաղորդել։
— Համեցեք, պայմանով, վոր այդ յերկու խոսքով ամեն ինչ վերջացած լինի։ Միսս Պոլինան յերկար ժամանակ հիվանդ եր․ նա հիմա ել ե հիվանդ․ միառժամանակ նա, իմ մոր և քրոջ հետ, հյուսիսային Անգլիայում ապրեց։ Կես տարի առաջ նրա տատը ― հիշո՞ւմ եք, այն խելագար կինը, մեռավ և անձնապես նրան յոթ հազար ստերլին կարողություն թողեց։ Հիմա միսս Պոլինան ճամբորդում ե իմ մարդու գնացած քրոջ ընտանիքի հետ։ Նրա փոքր յեղբայրն ու քույրն ել են ապահովված տատի կտակով և սովորում են Լոնդոնում։ Գեներալը, նրա խորթ հայրը, մի ամիս առաջ կաթվածահար յեղավ Փարիզում։ M-lle Blanche-ը նրա հետ լավ ե վարվելիս յեղել, բայց այն ամենը, վոր նա ստացավ տատից, որ առաջ իր անվան ե դարձրել․․․ ահա, կարծեմ, բոլորը․․․
— Իսկ Դե-Գրիյե՞ն։ Նա չի՞ ճամբորդում արդյոք Զվիցարիայում։
— Վոչ, Դե-Գրիյեն չի ճամբորդում Զվիցարիայում և jես չգիտեմ, վորտեղ ե Դե-Գրիյեն․ բացի այդ մի անգամ ընդմիշտ նախազգուշացնում եմ ձեզ, վոր խուսափեք նման ակնարկներից և անազնիվ համադրություններից, այլապես դուք անպատճառ գործ կունենաք ինձ հետ։
— Ի՜նչ, չնայած մեր նախկին բարեկամական հարաբերությունների՞ն։
— Այո, չնայած մեր նախկին բարեկամական հարաբերություններին։
— Հազար ներողություն, միստեր Աստլեյ, բայց թույլ տվեք՝ այստեղ վիրավորական և անազնիվ բան չկա․ յես հո միսս Պոլինային վոչ մի բանում չեմ մեղադրում։ Բացի այդ ― ֆրանսիացի և ռուս որիորդ, ընդհանրապես ասելով ― այնպիսի մի համադրություն ե, միստեր Աստլեյ, վոր մենք չե, վոր պիտի լուծենք կամ վերջնականապես ըմբռնենք։
— Յեթե դուք Դե-Գրիյեյի անունը ուրիշ անվան հետ միասին հիշատակելու չլինեք, ապա յես կխնդրեյի ձեզնից բացատրել ինձ, թե ի՞նչ եք հասկանում դուք «ֆրանսիացի և ռուս որիորդ» ասելով։ Այդ ի՞նչ «համադրություն» ե։ Ինչո՞ւ անպայման ֆրանսիացի և անպայման ռուս որիորդ։
— Տեսա՞ք, դուք ահա հետաքրքրվեցիք, բայց դա յերկար նյութ ե, միստեր Աստլեյ։ Այստեղ պետք ե նախապես մարդ շատ բան իմանա։ Թեև դա կարևոր խնդիր ե, ինչքան ել առաջին հայացքից դա ծիծաղելի լինի։ Ֆրանսիացին, միստեր Աստլեյ,― ավարտված, գեղեցիկ ձև ե։ Դուք, ինչպես բրիտանացի, կարող եք դրան չհամաձայնել․ յես ինչպես ռուս, նույնպես համաձայն չեմ, դեհ, ասենք, հենց նախանձից, բայց մեր որիորդները կարող են այլ կարծիքի լինել։ Դուք կարող եք Ռասինին համարել կոտրատված, ծռմռած և շպարած, անշուշտ, նույնիսկ նրան չեք ել կարդա։ Յես ել եմ նրան կոտրատված, ծռմռած և շպարած համարում, մի տեսակետից անգամ ծիծաղելի, բայց նա հիանալի յե, միստեր Աստլեյ, և, վոր գլխավորն ե,― նա մեծ պոետ ե, կամենանք, թե չկամենանք մենք ձեզ հետ։ Ֆրանսիացու ազգային ձևը, այսինքն՝ փարիզեցու,― գեղեցիկ ձևի յե սկսել վերածվել, յերբ վոր մենք տակավին արջեր ենք յեղել։ Հեղափոխությունը ժառանգեց ազնվականության։ Հիմա ամենահասարակ ֆրանցուզիշկան կարող ե մաներներ, պրիյոմներ, արտահայտություններ և անգամ մտքեր ունենալ լիովին գեղեցիկ ձևի մեջ, այդ ձևի ստեղծմած մեջ մասնակից չլինելով վոչ իր ձեռներեցությամբ, վոչ հոգով, վոչ սրտով,― այդ ամենը նա ժառանգություն ե ստացել։ Նրանք կարող են ամենադատարկիg դատարկ և ամենաստորից ստոր լինել։ Դեհ, միստեր Աստլեյ, հաղորդեմ ձեզ հիմա, վոր աշխարհիս յերեսին բարի, խելացի և այնքան ել չկոտրատված ռուս որիորդից ավելի դյուրահավատ և անկեղծ եյակ չկա։ Դե-Գրիյեն, հանդես գալով վորևե դերում, հանդես գալով դիմակավորված, կարող ե արտասովոր դյուրությամբ նվաճել նրա սիրտը․ նա գեղեցիկ ձև ունի, միստեր Աստլեյ, և որիորդն ընդունում ե այդ գեղեցիկ ձևը նրա սեփական հոգու տեղ, նրա հոգու և սրտի բնական ձևի տեղ և վոչ թե զգեստի տեղ, վոր նա ժառանգել ե։ Ի մեծ տհաճություն ձեր, յես պետք ե խոստովանեմ, վոր անգլիացիք, մեծ մասամբ ― կոշտ ու կոպիտ շարժուձևեր ունեն, իսկ ռուսները բավական զգայուն կերպով գիտեն զանազանել գեղեցիկը տգեղից և գեղեցկի սիրահար են։ Բայց հոգու գեղեցկությունը և անձնավորության ինքնուրույնությունը ջոկելու համար շատ ավելի անկախություն և աղատություն ե պետք, քան ունեն մեր կանայք, առավել ես որիորդները,― և արդեն համենայն դեպս շատ ավելի փորձառություն։ Իսկ միսս Պոլինան,― ներեցեք, բերնից դուրս թռածը հետ չի բերվի,― պետք ե շատ և շատ յերկար վճիռ կայացնի, վորպեսզի ձեզ նախընտրի գարշելի Դե֊Գրիյեյին։ Նա ձեզ կգնահատի ել, կբարեկամանա ձեզ, կբանա ձեր առջև իր վողջ սիրտը, բայց այդ սրտում, այնուհանդերձ տիրողը ― ատելի գարշելին, վատ և մանր վաշխառու Դե֊Գրիյեն կլինի։ Այդ այդպես ել կմնա, այսպես ասած, սոսկ համառությունից և ինքնասիրությունից, վորովհետև նույն այդ Դե֊Գրիյեն հանդես ե յեկել գեղեցիկ մարկիզի լուսապսակով, հիասթափված ազատամիտի և քայքայվածի (իբրև թե) կերպարանքով, ոգնել ե նրա ընտանիքին և թեթեվամիտ գեներալին։ Նրա արարքները հետո բացվեցին։ Բայց այդ վոչինչ, վոր բացվեցին՝ այնուամենայնիվ տվեք նրան նախկին Դե֊Գրիյեյին ― ահա թե նրան ինչ ե պետք։ Յեվ քանի ավելի յե նա ատում այժմյան Դե-Գրիյեյին, այնքան ավելի յե կարոտում նախկինին, թեև նախկինը գոյություն ե ունեցել լոկ նրա յերևակայության մեջ։ Դուք շաքարագո՞րծ եք, միստեր Աստլեյ։
— Այո, յես մասնակցում եմ Լովել և Ընկ․ շաքարի հայտնի գործարանի ընկերությանը։
— Ահա, տեսնո՞ւմ եք, միստեր Աստլեյ։ Մի կողմից շաքարագործ, իսկ մյուս կողմից՝ բելվեդերյան Ապոլլոն․ մեկը մյուսին մի տեսակ չի բոնում։ Իսկ յես նույնիսկ շաքարագործ ել չեմ, այլ պարզապես ռուլեթի մանր խաղամոլ, անգամ լաքեյություն արած, մի բան, վոր անշուշտ հայտնի յե միսս Պոլինային, վորովհետև նա կարծեմ լավ վոստիկանություն ունի։
— Դուք չարացած եք, դրանից ե, վոր այդ պարապ բաներն ասում եք,― պաղարյուն և մտածելուց հետո ասաց միստեր Աստլեյ ը։― Բացի այդ ձեր խոսքերն ինքնուրույն չեն։
— Համաձայն եմ։ Բայց սարսափելին ել հենց այն ե, իմ ազնիվ բարեկամս, վոր բոլոր այս մեղադրանքներս, ինչքան ել հնացած լինեն, ինչքան ել ցածր լինեն, ինչքան ել վոդեվիլայն,― այնուհանդերձ ճշմարիտ են։ Այնուամենայնիվ մենք ձեզ հետ վոչ մի բանի չհասանք։
― Դա գարշելի դատարկաբանություն ե․․․ վորովհետև, վորովհետև․․․ դե իմացած յեղեք,― արտասանեց միստեր Աստլեյը դողդող ձայնով և փայլատակելով աչքերը,― իմացած յեղեք, ապերախտ և անարժան, մանր ու դժբախտ մարդ, վոր յես յեկել եմ Հոմբուրգ դիտմամբ, նրա հանձնարարությամբ, վորպեսզի ձեզ տեսած լինեմ, ձեզ հետ յերկար և անկեղծ խոսած լինեմ և հաղորդեմ բոլորը նրան,― ձեր զգացմունքները, մտքերը, ակնկալությունները և․․․ հուշերը։
— Մի՞թե։ Մի՞թե։— Գոչեցի յես և արցունքը կարկուտի պես տեղաց իմ աչքերից։ Յես չկարողացա զսպել արցունքս և դա կարծեմ առաջին անգամն եր իմ կյանքում։
— Այո, դժբախտ մարդ, նա ձեզ սիրել ե և յես կարող եմ այդ բաց անել, վորովհետև դուք կորած մարդ եք։ Այդ քիչ ե, յեթե յես անգամ ասելու լինեմ, վոր նա մինչև որս ել սիրում ե ձեզ, մեկ ե, դուք հո այստեղ կմնաք։ Այո, դուք կործանեցիք ինքներդ ձեզ։ Դուք վորոշ ընդունակություններ ունեյիք, կենդանի բնավորություն և վատ մարդ չեյիք․ դուք նույնիսկ կարող եյիք ոգտակար լինել ձեր հայրենիքին, վոր մարդկանց այնպիսի կարիք ունի, բայց դուք կմնաք այստեղ և ձեր կյանքն ավարտված ե։ Յես ձեզ չեմ մեղադրում։ Իմ կարծիքով բոլոր ռուսներն այդ տեսակ են կամ հակված են այդ տեսակ լինելու։ Ռուլեթը չլինի, ուրիշ դրա նման բան կլինի։ Բացառությունները շատ հազվագյուտ են։ Դուք առաջինը չեք, վոր չեք հասկանում, թե ինչ ե աշխատանքը (ձեր ժողովուրդի մասին չե խոսքս)։ Ռուլեթը ― գերազանցորեն ռուսի խաղ ե։ Մինչև որս դուք ազնիվ եք յեղել և նախընտրել եք լաքեյ դառնալ, քան գող․․․ Բայց վախս գալիս ե խորհել, թե ի՞նչ կաարող ե լինել ապագայում։ Բավական ե, մնաք բարով։ Դուք, իհարկե, փողի կարիք ունեք։ Ահա ձեզ ինձնից տասը լուիդոր, ավել չեմ տա, վորովհետև միևնույն ե տանուլ եք տալու։ Առեք և մնաք բարով։ Դե՛, վերցրեք։
—— Վոչ, միստեր Աստլեյ, ձեր բոլոր հիմիկվա խոսքերից հետո․․․
— Վերցրեք,― ճչաց նա։― Յես համոզված եմ, վոր դուք տակավին ազնիվ եք և տալիս եմ ինչպես բարեկամը կտա ճշմարիտ բարեկամին։ Յեթե յես կարողանայի համոզված լինել, վոր դուք իսկույն ևեթ կթողնեք խաղը, Հոմբուրգը և կերթաք ձեր հայրենիքը,— յես պատրաստ կլինեյի անհապաղ ձեզ հազար ստերլին տալու, վոր նոր կենսուղի սկսեք։ Բայց հենց այն պատճառով ել հազար ստերլինգ չեմ տալիս ձեզ, այլ տալիս եմ միայն տասը լուիդոր, վոր հազար ստերլին, թե տասը լուիդոր ներկայումս ձեզ համար միանգամայն միևնույն բանն ե․ միևնույն ե՝ տանուլ եք տալու։ Առեք և մնաք բարով։
— Կվերցնեմ, յեթե թույլ կտաք, վոր ձեզ գրկեմ ― հրաժեշտ տամ։
— Ո՜, այդ հաճույքով։
Մենք անկեղծ գրկախառնվեցինք և միստեր Աստլեյը գնաց։
Վոչ, նա արդարացի չե։ Յեթե Պոլինայի և Դե֊Գրիյեյի նկատմամբ յես կոպիտ և հիմար յեղա, ապա նա կոպիտ և շուտափույթ յեղավ ռուսների նկատմամբ։ Իմ մասին յես բան չունեմ ասելու։ Թեև․․․ թեև, այս ամենը առայժմ այն չե, այս ամենը բառեր են, բառեր ու բառեր, իսկ հարկավոր ե գործ։ Այստեղ հիմա կարևորը Զվիցարիան ե։ Վաղն ևեթ,― ո՜, յեթե կարելի լիներ վաղն ևեթ մեկնել։ Նորից վերածնվել, հարություն առնել։ Պետք ե նրանց ապացուցեմ․․․ թող գիտենա Պոլինան, վոր յես դեռևս կարող եմ մարդ լինել։ Արժե միայն․․․ հիմա արդեն, ասենք, ուշ ե,― բայց վաղը․․․ Ո՜, յես ունեմ նախազգացում և դա այլ կերպ լինել չի կարող։ Ձեռքիս հիմա տասնհինգ լուիդոր կա, իսկ յես տասնհինգ գուլդենով ել եմ սկսել։ Յեթե զգույշ սկսես․․․― և մի՞թե, մի՞թե յես այնքան յերեխա յեմ։ Մի՞թե յես չեմ հասկանում, վոր կորած մարդ եմ։ Սակայն ինչո՞ւ չեմ կարող հարություն առնել։ Այո, արժե միայն գեթ մեկ անգամ կյանքում հաշիվ հասկացող և համբերող լինել ― ահա և բոլորը։ Արժե միայն գեթ մեկ անգամ բնավորության տեր լինել, և յես մեկ ժամում կկարողանամ փոխել ճակաաագիրը։ Գլխավորը ― բնավորությունն ե։ Բավական ե մտաբերել, թե ի՞նչ որի եյի յոթ ամիս առաջ Ռուլեթենբերգում, իմ վերջնական տանուլ տալուց առաջ։ Ո՜, դա վճռականության յերևելի դեպք եր՝ յես այն միջոցին տանուլ տվի բոլորը, բոլորը․․․ Դուրս եմ գալիս վոկսալից, տեսնեմ՝ ― ժիլեթիս գրպանում մի գուլդեն ել ե շարժվում։ «Ա՜, կնշանակի, ճաշելու փող կունենամ», խորհեցի յես, բայց մի հարյուր քայլ անցնելուց հետո հետ մտածեցի և վերադարձա։ Յես վեր յեկա այդ գուլդենը manque-ի վրա (այդ անգամ manque-ն եր) և, իրավ, ինչ֊վոր ուրիշ բան կա այն զգացողության մեջ, յերբ վոր մեն֊մենակ, ոտարության մեջ, հեռու հայրենիքից, բարեկամներից և առանց իմանալու, թե ինչ ես ուտելու այսոր, վերջին գուլդենը վեր ես գալիս, ամենա, ամենավերջինը։ Յես տարա և քսան րոպեյից հետո դուրս յեկա վոկսալից, գրպանումս հարյուր յոթանասուն գուլդեն։ Դա փա՜ստ ե։ Ահա թե վերջին գուլդենը յերբեմն ինչե՜ր կարող ե անել։ Իսկ յեթե յես այն պահին ընկճվեյի՞, յեթե յես սիրտ չանեյի՞․․․
Վաղը, վաղն ամեն ինչ կվերջանա։