=== Գլուխ երրորդ. Ուրուկ Խայ ===
Փինը մռայլ, անհանգիստ մղձավանջի մեջ էր: Նրան թվում էր թե լսում է ինչ որ ստորգետնյա միջանցքներից եկող իր սեփական ձայնը. «Ֆրո՛դո, Ֆրո՛դո»: Բայց Ֆրոդոյի փոխարեն նրան շրջապատեցին հարյուրավոր օրքերի զզվելի մռութները, ու հարյուրավոր գարշելի թաթեր ձգվեցին դեպի նա: Որտե՞ղ է Մերին... Նա ուշքի եկավ ու հայտնաբերեց որ պառկած է մեջքի վրա: Դեմքին սառը քամի էր փչում: Մութն ընկնում էր, գլխավերևում երկինքն արագորեն սևանում էր: Փինը շրջվեց կողքի ու հասկացավ որ մղձավանջը այնքան էլ չէր տարբերվում իրականությունից: Հոբիթի ձեռքերն ու ոտքերը ամուր կապկպված էին, կողքին պառկած էր մեռելի պես գունատ Մերին, գլուխը փաթաթված էր ինչ որ կեղտոտ լաթով: Նրանք շրջապատված էին մի ամբողջ ոհմակ այստեղ այնտեղ նստած ու կանգնած օրքերով: Փինի գլուխը ցավից տրաքում էր, բայց հոբիթի հիշողությունը կամաց-կամաց սկսեց վերադառնալ, ու նա կարողացավ երազն ու իրականությունը տարբերել իրարից: Գործողությունների հերթականությունը վերականգնվեց: Նախ ինքն ու Մերին չգիտես ինչու նետվեցին անտառ: Խելքներին ի՞նչ փչեց: Ինչո՞ւ գլխապատառ առաջ սլացան չլսելով Պանդուխտին: Ի՞նչ լսել, բարձր գոռալով վազում էին, ու այնքան հեռացան, մինչև ընկան օրքերի ճանկը: Նրանք կանգնած ականջ էին դնում, ու եթե իրենք ժամանակին սթափվեին, հնարավոր է օրքերը անգամ չնկատեին: Ինքն ու Մերին կարելի է ասել իրենց կամքով թռան օրքերի գիրկը, իսկ սրանք նկատելով իրենց հարձակվեցին: Ղժժո՛ց, ոռնո՛ց, թփերի հետևից ևս մի երկու տասնյակ հայտնվեցին ու կռիվ սկսվեց: Ինքն ու Մերին դուրս քաշեցին սրերը, բայց ակնհայտ երևում էր, որ օրքերը ցանկություն չունեն կռվելու, միայն վազում էին իրենց ետևից փորձելով բռնել: Բայց Մերին կատակելու տրամադրություն չուներ, նա մասնատեց մի երկու երեք չարագործի ձեռք: Կեցցե՛ս Մերի: Այդ պահին ծառերի հետևից հայտվեց Բորոմիրը: Այ նա արդեն ստիպեց օրքերին լրջորեն կռվել: Նա մի քանիսին տեղում սպանեց, մնացածները փախուստի դիմեցին: Հոբիթները սլացան դեպի ճամբար, բայց նրանց շատ հեռանալ չհաջողվեց, նոր օրքեր էին վազում ընդառաջ, հարյուրից ոչ պակաս, ընդ որում մի քանիսը լավ հաղթանդամ էին: Բորոմիրի վրա նետերի տեղատարափ տեղաց: Նա դուրս քաշեց իր եղջերափողը և այնպես ուժգին փչեց, որ ձայնը տարածվեց անտառով մեկ: Օրքերը վախեցած հետ նահանջեցին, բայց եղջերափողի ձայնին պատասխանեց միայն արձագանքը, ու թշնամիները քաջալերվելով ավելի կատաղի հարձակվեցին: Փինը այլևս ոչինչ չէր հիշում, վերջինը, որ նա տեսավ Բորոմիրն էր, գոնդորցին նստել էր մեջքը ծառի բնին հենած ու փորձում էր նետը դուրս քաշել կրծքից: Հետո մթություն տիրեց: -Երևի ինչ որ ծանր բանով հարվածել են գլխիս,- ենթադրեց հոբիթը,- հետաքրքիր է ինչպե՞ս է Մերին, գոնե խեղճին ուժեղ վիրավորած չլինեն: Ի՞նչ է պատահել Բորոմիրի հետ: Ինչու՞ օրքերը չեն սպանել իրենց, որտե՞ղ են հիմա և ու՞ր են նրանց քարշ տալիս: Հարցերից ոչ մեկը պատասխան չուներ: Փինը սառել էր, սիրտր խառնում էր: -Եվ ինչո՞ւ Գենդալֆը համոզեց Էլրոնդին մեզ էլ ներառել ջոկատում,- մտածեց նա,- մեկ է ինձնից ոչ մի օգուտ չկա, պարզապես ուղեկից եմ, եթե ոչ ավելորդ բեռ: Հիմա էլ օրքերն են ինձ գողացել ու նրանց ուղեբեռն եմ դարձել: Լավ կլիներ Պանդուխտը կամ մեկ ուրիշն այդ ուղեբեռը կրկին ետ վերադարձներ: Չէ՜, հույս մի փայփայիր, ջոկատը մեզնից ավելի կարևոր գործեր ունի, պետք է ինքներս փորձենք փախչել: Նա փորձեց թուլացնել կապանքները, բայց ապարդյուն: