Վախեցած Փինը հանդարտվեց ու լռեց, չնայած ձեռքերն ու կոճերը փայտացել էին, իսկ մեջքը ծակում էին սուր քարերը: Որպեսզի կարողանա զսպել իրեն նա սկսեց ականջ դնել մոտակայքից եկող ձայներին: Շուրջը շատ ձայներ էին լսվում, ու չնայած օրքերի լեզուն միշտ էլ չարագուշակ է հնչում, բայց զգացվում էր, որ անընդհատ տաքացող վեճ է ընդանում: Ի զարմանս իրեն Փինը հայտնաբերեց որ հասկանում է համարյա ամեն ինչ՝ օրքերի մեծամասնությունը համընհանուր լեզվով էր խոսում: Ըստ երևույթին ջոկատում տարբեր ցեղերի ներկայացուցիչներ էին, ու ստիպված էին համընհանուր լեզվով խոսել որպեսզի իրար հասկանաին: Օրքերը կատաղած վիճում էին թե որ ճանապարհով գնան և ինչ անեն գերիներին:
-Ժամանակ էլ չկա սրանց ինչպես հարկն է սպանելու,- բողոքեց ինչ որ մեկը,- հիմա չարաճճիություն անելու զվարճանալու ժամանակը չէ:
-Ոչինչ չես կարող անել,- առարկեց մյուսը,- բայց ի՞նչն է մեզ խանգարում արագ հաշվեհարդար տեսնել սրանց հետ: Մեկ-երկու՝ ու պատրաստ է: Մենք շտապում ենք, ինչի՞ համար քարշ տանք սրանց հետներս: Մութն արդեն ընկել է իսկ մենք դեռ ոչինչ չենք որոշել:
-Ճիշտ է, մենք չպետք է իրարից բաժանվենք,- մռնչաց Ուգլուկը,- ես ձեզնից ոչ մեկին չեմ վստահում խոճկորնե՛ր, դուք միայն ձեր գոմում եք քաջ, մենք որ չլինեինք հիմա վաղուց արդեն ճողոպրել էիք: Մենք Ուրուկ Խայ ենք, իսկական կռվողներ, այդ մե՛նք նետահարեցինք հզոր ռազմիկին, մե՛նք բռնեցինք գերիներին: Մենք Սարուման իմաստունի ծառաներն ենք, սպիտակ ձեռքի, որը մեզ մարդկային մսով է կերակրում: Մենք Իզենգարդից ենք ուղարկված, դուք մեզ հետ եք եկել այստեղ, մեզ հետ էլ ետ կդառնաք այն ճանապարհով, որը կընտրեմ ե՛ս: Ես Ուգլու՛կն եմ: Ես ասացի՛:
-Դու ավելին ասացիր քան պետք էր Ուգլու՛կ,- քմծիծաղեց զզվելի ձայնը,- տես հա, Լուգբուրզում կարող են խոսքերդ ինչ որ մեկին դուր չգալ, կորոշեն որ այդ խելացի գլուխդ ավելորդ բեռ է ուսերիդ համար ու կթռցնեն: Կհարցնեն որտեղի՞ց են այդ մտքերը գլխումդ, երևի Սարումանն է հա՞ լցրել: Այդ ու՞մ տեղն է իրեն դրել Սարումանը, դրան տեսե՛ք, գարշելի սպիտակ նշաններ է նկարում: Ես Գրիշնակն եմ, ու ինձ՝ Լուգբուրզից ուղարկված սուրհանդակին ավելի շատ կհավատան, իսկ : Իսկ ես նրանց կասեմ, որ Սարումանը հիմար է ու կեղտոտ դավաճան: Բայց ամենատես աչքը առանց ինձ էլ գիտի թե ինչ կա Սարումանի մտքին ու հետևում է նրան: Եվ դու համարձակվում ես մեզ խո՞զ անվանել: Լսեցի՞ք տղաներ, սրանք մարդկային միս են կրծում: Ես գիտե՛մ թե ինչ մսով է սպիտակ ձեռքը սրանց կերակրում, օրքի մսով, հաստա՛տ:
Օրքերը ոռնացին, լսվեց մերկացրած սրերի դաշույնների զրնգոցը: Փինը զգուշորեն կողքի թեքվեց՝ տեսնելու թե ինչ է կատարվում: Հսկիչները լքել էին նրան ու միացել գզվրտվող ամբոխին: Չնայած մթնշաղ էր, բայց Փինը կարողացավ ամբոխից զանազանել բարձրահասակ սև օրքին, հավանաբար Ուգլուկն էր: Նրա դիմաց կանգնած էր Գրիշնակը՝ կարճ, ծուռ ոտքերով ու մինչև գետնին հասնող երկար ձեռքերով: Նրանք շրջապատված էին ավելի կարճահասակ գոբլիններով, մնում էր ենթադրել որ դրանք հյուսիսցիներն էին: Նրանք գոռում էին ու թափահարում դաշույնները, բայց Ուգլուկի վրա հարձակվել չէին համարձակվում:
Ուգլուկը բղավեց ու նրա կողքին ակնթարթորեն բուսնեցին իր հասակի տաս-տասնհինգ օրքեր: Նա հանկարծակի, առանց զգուշացնելու նետվեց առաջ ու սկսեց յաթաղանով հարվածներ տեղալ: Մի քանի օրքերի գլուխներ թռան, Գրիշնակը նահանջեց, շրջվեց ու անհետացավ խավարում, մնացածները երերացին ու ցրվեցին տարբեր կողմեր: Օրքերից մեկը սայթաքեց դիպչելով անգիտակից պառկած Մերիին ու հայհոյելով գլորվեց գետնին, բայց դա փրկեց նրա կյանքը, Ուգլուկի կողմնակիցները անցան նրա կողքով ու մեկ այլ չարագործի զրկեցին գլխից: Պարզվեց չարագործը այն նույն դեղին ժանիքներով Փինին սպառնացող օրքն էր: Նրա անգլուխ մարմիննն ընկավ հոբիթի վրա: Ձեռքի մեջ դեռ սեղմված էր ատամնավոր դաշույնը: -Թողե՛ք զենքերը,- մռնչաց Ուգլուկը,- հերիք է ինչքան զվարճացաք: Գնում ենք արևելք, իջնում ենք ներքև և ուղիղ դեպի բլուրները, այնտեղից էլ գետի երկայնքով մինչև անտառ: Պետք է վազենք գիշեր ցերեկ, պա՞րզ է: -Պետք է գործի անցնել քանի դեռ այս հսկա ապուշը հանդարտեցնում է իր ոհմակին,- մտածեց Փինը: Հոբիթի մեջ հույս արթնացավ: Դաշույնի շեղբը ճանկռելով նրա ուսը, սահեց դեպի ձեռքը: Արյան կաթիլները գլորվեցին ափի վրայով: Փինը չէր տեսնում դաշույնը բայց հիանալի զգում էր թե ինչպես է պողպատյա սայրը սառեցնում ձեռքի ափը: Օրքերը պատրաստվում էին շարժվել առաջ, բայց հյուսիսցիներից մի քանիսը դեռ չէին ուզում հնազանդվել: իզենգարդցիները ստիպված մի քանիսին էլ տապալեցին, որից հետո մնացածները համակերպվեցին իրենց ճակատագրի հետ: Նորից աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց: Գերիներին մի պահ առանց հսկողության թողեցին: Փինի ոտքերը շատ ամուր էին կապկպված, բայց ձեռքերը նա ցանկության դեպքում կարող էր նույնիսկ շարժել: Օրքերը միայն նրա դաստակներն էին կապել ու ոչ թե մեջքին այլ առջևում: Նա մի կողմ հրեց սպանված օրքին և շունչը պահած, պարանի հանգույցը սեղմելով դաշույնի շեղբին սկսեց մարմնով վեր ու վար անել: Դաշույնի սայրը բավականին սուր էր, իսկ մահացածի ձեռքը ամուր սեղմել էր բռնակը: Քիչ անց պարանը արդեն կտրված էր: Հոբիթը արագ պարանի մնացորդներից երկու նոր հանգույց սարքեց, միայն թե այս անգամ ցակության դեպքում կարող էր ակնթարթորեն ազատվել նրանցից: Հանգույցները հագցնելով ձեռքերին Փինը պառկեց ու քարացավ, ասես տեղից չէր էլ շարժվել: -Գերիներին ինձ մո՛տ,- հրամայեց Ուգլուկը,- ու թողնե՛լ հիմարությունները: Եթե մենք նրանց անվնաս տեղ չհասցնենք ինչ որ մեկը հրաժեշտ կտա կյանքին: Պա՞րզ է: Օրքերից մեկը բարձրացնելով Փինին՝ գցեց շալակը, գլուխը մտցնելով հոբիթի կապկպված ձեռքերի արանքը: Նույն կերպ վարվեցին Մերիի հետ: Փինի դեմքը սեղմվեց օրքի գարշելի պարանոցին: Օրքն իր աքցանի պես ամուր թաթերով սեղմել էր հոբիթի ձեռքերը, ճիրանները խրելով խեղճ հոբիթի մաշկի մեջ: Փինը փակեց աչքերն ու նորից ընկավ մղձավանջների գիրկը: Որոշ ժամանակ անց նրան նորից շպրտեցին քարքարոտ գետնին: Դեռ կեսգիշեր էր, բայց լուսինն արդեն անցնում էր լեռների ետևը: Օրքերը կանգնել էին քարափի եզրին ու նայում էին ներքևում սփռված անշարժ ու անթափանց մշուշի ծովին: Ինչ որ տեղ լսվում էր ջրի քչքչոցը: -Հետախույզները վերադարձան,- հաղորդեց ինչ որ մեկը: -Զեկուցե՛ք: Ի՞նչ եք տեսել,- խռխռաց Ուգլուկը: -Միայն մեկ հեծիալ, բայց նա մենակ էր ու արագ արշավեց արևմուտք: Ճանապարհն ազատ է: -Հիմա դեռ ազատ է, իսկ հետո՞: Հիմարնե՛ր, խելքներդ չհասա՞վ նետահարել նրան: Նա տագնապ կբարձրացնի ու այդ անիծյալ ձիաբույծները վաղն առավոտյան մեծ ջոկատով այստեղ կլինեն: Ստիպված ենք կրկնապատիկ արագ վազել: Փինի վրա մեծ ստվեր ընկավ: Ուգլուկն էր: -Ապա մի նստի՛ր,- հրամայեց նա,- իմ տղաները հոգնել են ձեզ քարշ տալուց, պետք է հանգստանան: Ճանապարհն իջնում է լեռան ստորոտը, սեփական ոտքերովդ էլ կվազես: Բայց տե հա՜, չփորձես փախչել կամ ճղճղալ, թե չէ հախիցդ կգանք, մենք լավ հնարքներ գիտենք, դուրդ հաստատ չի գա, տերն էլ ոչինչ չի նկատի: Ուրուկ Խայերը լավ գիտեն իրենց գործը: Նա քանդեց Փինի կապանքները և մազերից բռնելով ոտքի կանգնեցրեց: Հոբիթը չկարողացավ ոտքի վրա մնալ ու ընկավ: Ուգլուկը նորից բռնելով մազերց բարձրացրեց: Օրքերը հռհռացին: Ուգլուկը տափաշիշը մտցրեց Փինի ատամների արանքն ու ինչ որ դառը հեղուկ լցրեց նրա բերանը: Հեղուկն այրեց Փինի կոկորդն ու տաք հոսանքի պես տարածվեց մարմնով մեկ: Ոտքերի ցավն անհետացավ: Հոբիթը կարողացավ կանգնած մնալ: -Ու՞ր է մյուսը,- հարցրեց Ուգլուկը: Նա մոտեցավ Մերիին ու մի լավ աքացի տվեց: Հոբիտը տնքաց: Ուգլուկը կոպտորեն թափ տալով նստեցրեց նրան, այնուհետև պատռեց գլխի վիրակապն ու փայտյա տուփի միջից ինչ որ սև քսուկ վերցնելով շփեց նրա վերքին: Մերին ցավից ճչաց ու սկսեց հուսահատ պայքարել: Օրքերը ծափ տվեցին ու հռհռացին: -Դուրը չի գալիս դեղը,- քրքջում էին նրանք,- չի հասկանում հիմարը, որ դա միայն օգուտ է իրեն: