== Գլուխ հինգերորդ․ Ճամփորդուհին ==
=== I ===
Լիզային պատահած աղետը և Մարյա Տիսոֆեևնայի մահը ճնշող տպավորություն էին գործել Շատովի վրա։ Արդեն հիշատակել եմ, որ այն առավոտ ես նրան թռուցիկ հանդիպեցի, ինձ թվաց, թե նրա խելքը տեղը չէ։ Իմիջիայլոց, հայտնեց, որ երեկ երեկոյան, ժամը իննի մոտ (ուրեմն, հրդեհից երեք ժամ առաջ) եղել է Մարյա Տիմոֆեևնայի մոտ։ Վաղ առավոտյան գնացել էր՝ դիակները տեսնելու, բայց ինչքան գիտեմ, այդ առավոտ ոչ մի ցուցմունք չէր տվել և ոչ մի տեղ։ Այնինչ, օրվա վերջին նրա հոգում իսկական փոթորիկ էր բարձրացել և... և կարծում եմ, կարող եմ հաստատապես ասել, այնպիսի պահ էր եղել մթնշաղին, որ ուզել էր վեր կենալ, գնալ ու հայտարարել ամեն ինչ։ Թե ինչ էր այդ ամեն ինչը, ինքը գիտեր։ Հարկավ, ոչնչի չէր հասնի, այլ պարզապես ինքն իրեն կմատներ։ Ոչ մի ապացույց չուներ՝ մերկացնելու համար հենց նոր կատարված ոճրագործությունը, ինքն էլ դրա վերաբերյալ սոսկ մշուշոտ կռահումներ ուներ, որոնք միայն ու միայն իր համար էին հավասար կատարյալ համոզվածության։ Սակայն նա պատրաստ էր կործանել իրեն, սոսկ «սրիկաներին ճզմելու համար»՝ նրա իսկ բառերն են։ Պյոտր Ստեպանովիչը մասամբ ճիշտ էր կռահել նրա այդ պոռթկումը և ինքն էլ գիտեր, որ խիստ վտանգում է՝ մինչև վաղը հետաձգելով իր նոր զարհուրելի մտադրության կատարումը։ Նրա կողմից, ըստ սովորության, առկա էր բավականին ինքնավստահություն և արհամարհանք բոլոր այդ «մարդուկների», առանձնապես Շատովի հանդեպ։ Նա արհամարհում էր Շատովին արդեն վաղուց, նրա «լալկան ապուշության» համար, ինչպես արտահայտվել էր նրա մասին դեռևս արտասահմանում, և հաստատ հույս ուներ նման անխարդախ մեկի հախից գալ, այն է՝ տեսադաշտից չկորցնել այդ ամբողջ օրը և ճամփան կտրել առաջին իսկ վտանգի դեպքում։ Եվ սակայն մի կարճ ժամանակով «սրիկաներին» փրկեց բացարձակապես անսպասելի, նրանց կողմից ամենևին չկանխատեսված մի հանգամանք...
Երեկոյան ժամը յոթն անց մի քիչ (հենց այն ժամանակ, երբ ''մերոնք'' Էրկելի մոտ հավաքվել, սպասում էին Պյոտր Ստեպանովիչին, բարկանում էին և հուզվում), Շատովը՝ գլխացավով ու թեթև դողէրոցքով, ձգվել-պառկել էր իր մահճակալին մթան մեջ՝ առանց մոմի։ Տանջվում էր տարակուսանքից, բարկանում, որոշում ու վերջնականապես ոչ մի կերպ վճռել չէր կարողանում և անիծելով կանխազգում, որ այդ ամենը, սակայն, ոչնչի չեն հանգեցնի։ Կամաց-կամաց մի պահ անզգայացավ թեթև քնով ու երազին մղձավանջի պես մի բան տեսավ։ Տեսավ, իբր պարաններով կապկպված է իր մահճակալին, ամբողջ մարմինն է կապկպած ու չի կարող շարժվել, այնինչ տնով մեկ թնդում են ցանկապատին, դարպասին, իր դռանը, Ֆիլիպպովի կողաշենքին հասցվող ահավոր հարվածներ, այնպես որ ամբողջ տունն է ցնցվում ու մի հեռավոր, ծանոթ, բայց իր համար տանջալի ձայն աղիողորմ կանչում է իրեն։ Նա մեկեն արթնացավ ու կռթնեց անկողնում։ Ի զարմանս, հարվածները դարպասին շարունակվում էին, ու թեև հեռվում ու ոչ այնպես ուժգին, ինչպես երազում էր պատկերվում, սակայն հաճախակի և համառորեն, իսկ տարօրինակ և «տանջալի» ձայնը, թեև ոչ ամենևին աղիողորմ, այլ հակառակը՝ անհամբեր ու բորբոքված, անդադար լսվում էր ներքևում՝ դարպասի մոտ՝ խառնված մեկ ուրիշի ավելի զուսպ և սովորական ձայնին։ Նա վեր թռավ, բացեց օդանցքը և դուրս հանեց գլուխը։
― Ո՞վ է,― ձայն տվեց նա՝ տառացիորեն փայտացած վախից։
― Եթե դուք Շատովն եք,― կտրուկ ու հաստատ պատասխանեցին նրան ներքևից,― ապա կխնդրեմ, բարի եղեք ուղղակի և ազնվորեն հայտնել՝ համաձա՞յն եք ինձ ներս թողնել, թե՝ ոչ։
Այդպես էլ կար, նա ճանաչեց այդ ձայնը։
― Marie!... Դո՞ւ ես։
― Ես եմ, ես, Մարյա Շատովան, և հավատացնում եմ ձեզ, ոչ մի րոպե ավելի չեմ կարող պահել կառապանին։
― Հիմա... միայն թե մոմը...― թույլ ձայնով բղավեց Շատովը։ Հետո նետվեց՝ լուցկի փնտրելու։ Ինչպես սովորաբար նման դեպքերում, լուցկին չէր գտնվում։ Մոմը մոմակալով գցեց ցած, ու հենց ներքևից նորից լսվեց անհամբեր ձայնը, ձգեց ամեն ինչ և գլխապատառ ցած թռավ իր թեք աստիճաններով՝ դռնակը բացելու։
― Բարի եղեք, վերցրեք պայուսակը, մինչև ես կվերջացնեմ այս անհասկացողի հետ,― ներքևում նրան դիմավորեց տիկին Մարյա Շատովան ու նրա ձեռքը խոթեց բավական թեթև, ձեռքի պարուսինե էժանագին պայուսակը՝ դրեզդենյան վարպետների սարքած բրոնզե մեխակներով։ Իսկ ինքը՝ բորբոքված, վրա պրծավ կառապանին։
― Համարձակվում եմ ձեզ հավատացնել, որ շատ եք վերցնում։ Եթե դուք մի ամբողջ ավելորդ ժամ ինձ քարշ եք տվել այստեղի կեղտոտ փողոցներով, մեղքը ձերն է, որովհետև ինքներդ չգիտեք, ուրեմն, որտեղ է այս տխմար փողոցն ու այս տխմար տունը։ Բարի եղեք վերցնել ձեր երեսուն կոպեկը և համոզվել, որ այլևս ոչինչ չեք ստանա։
― Էխ, տիկին, տիկին, ինքն էր ցույց տալիս Վոզնեսենսկա փողոցը, բայց էս Բոգոյավլենսկան է, Վոզնեսենսկոյը հրեն, ո՜ւր է էստեղից։ Խեղճ անասունի հերն անիծեցինք մենակ։
― Վոզնեսենսկայա, Բոգոյավլենսկայա՝ այդ բոլոր տխմար անունները ձեզ ավելի հայտնի պիտի լինեին, քան ինձ, որովհետև այստեղի բնակիչ եք և ամենից առաջ անարդարացի եք. ես ձեզ ամենից առաջ հայտնեցի Ֆիլիպպովի տան մասին, դուք էլ հենց հաստատեցիք, թե գիտեք։ Համենայն դեպս, կարող եք ինձ վրա դատ բացել հաշտարար դատարանում, իսկ հիմա խնդրում եմ ինձ հանգիստ թողնել։
― Ահա, ահա, հինգ կոպեկ էլ ձեզ,― Շատովը փութով գրպանից հանեց մի հինգկոպեկանոց ու տվեց կառապանին։
― Բարի եղեք, խնդրում եմ, չանեք այդ բանը,― այն է, բորբոքվելու էր madame Շատովան, բայց կառապանը շարժեց տեղից «անասունը», և Շատովը, բռնելով նրա ձեռքը, ներս տարավ դարպասից։
― Շուտ, Marie, շուտ... դատարկ բաներ են, և՝ ինչպե՜ս ես թրջվել։ Կամաց՝ այստեղ բարձրանալիս, ափսոս լույս չունեմ, սանդուղքը թեք է, պինդ բռնիր, ավելի պինդ, ահա և իմ խցիկը։ Կներես, անլույս եմ... Հիմա։
Նա հատակից վերցրեց մոմակալը, բայց երկար ժամանակ լուցկի չէր գտնում։ Տիկին Շատովան սպասումով կանգնած էր սենյակի կենտրոնում՝ լուռ և անշարժ։
― Փառք Աստծո, վերջապես,― բերկրալի բացականչեց Շատովը՝ լուսավորելով խուցը։ Մարյա Շատովան թռուցիկ զննեց կացարանը։
― Ինձ ասել էին, որ վատ եք ապրում, բայց և այնպես, կարծում էի, ոչ այսպես,― խորշանքով ասաց նա և ուղղվեց դեպի մահճակալը։
― Օ՜ֆ, հոգնել եմ,― ուժասպառ տեսքով նա նստեց կոշտ անկողնուն։― Խնդրում եմ, ցած դրեք պայուսակը և նստեք աթոռին։ Ասենք, ինչպես կուզեք, աչքի առաջ եք ցցված։ Ես ձեզ մոտ ժամանակավոր եմ, մինչև աշխատանք գտնեմ, որովհետև այստեղից ոչինչ չգիտեմ և փող էլ չունեմ։ Բայց եթե նեղություն եմ տալիս, բարի եղեք, նորից եմ խնդրում, հենց հիմա հայտնեք, ինչպես պարտավոր եք անել, եթե ազնիվ մարդ եք։ Այնուամենայնիվ, վաղը կարող եմ որևէ բան վաճառել ու վճարել հյուրանոցի վարձը, իսկ հյուրանոց ուղեկցել ինքներդ կբարեհաճեք... Օ՜ֆ, միայն թե հոգնած եմ։
Շատովն ամբողջ մարմնով ցնցվեց։
― Հարկավոր չէ, Marie, հարկավոր չէ հյուրանոց։ Ի՜նչ հյուրանոց։ Ինչի՞ համար, ինչի՞։
Շատովը ձեռքերը ծալեց պաղատագին։
― Դե, եթե կարելի է յոլա գնալ առանց հյուրանոցի, այնուամենայնիվ անհրաժեշտ է գործի մեջ պարզություն մտցնել։ Հիշեցեք, Շատով, որ ես ու դուք ժնևում ամուսնացած ապրել ենք երկու շաբաթ ու մի քանի օր, ահա արդեն երեք տարի բաժանվել ենք, իմիջիայլոց, առանց մի հատուկ վեճի։ Սակայն մի կարծեք, թե ես վերադարձել եմ՝ վերսկսելու ինչ-որ բան նախկին հիմարություններից։ Ես վերադարձել եմ աշխատանք որոնելու, և եթե ուղիղ այս քաղաքը, որովհետև ինձ համար մեկ է։ Ես չեմ եկել՝ ինչ-որ բանի համար զղջալու, բարի եղեք, մտքներովդ չանցնի նաև այդ հիմարությունը։
― Օ՜, Marie։ Դա իզուր էր, միանգամայն իզուր,― անորոշ մրթմրթաց Շատովը։
― Իսկ եթե այդպես է, եթե այնքան զարգացած եք, որ կարող եք դա էլ հասկանալ, ապա ինձ թույլ կտամ ավելացնել, որ եթե հիմա ուղղակի ձեզ դիմեցի և եկա ձեր բնակարանը, ապա մասամբ և այն պատճառով, որ միշտ համարել եմ ձեզ ամենևին ոչ սրիկա, գուցեև շատ ավելի լավը մյուս... ապիկարներից։
Նրա աչքերը փայլատակում էին։ Պետք է որ շատ բան կրած լիներ ինչ-ինչ «ապիկարներից»։
― Եվ խնդրեմ, վստահ եղեք, որ հիմա բոլորովին չէի ծիծաղում ձեզ վրա, հայտնելով, որ բարի եք։ Ես ասում էի ուղղակի, առանց պերճախոսության, ու տանել էլ չեմ կարողանում։ Բայց դրանք դատարկ բաներ են։ Ես միշտ հուսով եմ եղել, որ բավականաչափ խելոք կլինեք՝ չձանձրացնելու համար... Օ՛ֆ, բավական է, հոգնեցի՜։
Եվ նա Շատովին նայեց երկար, տանջահար ու հոգնած հայացքով։ Շատովը կանգնած էր նրա առաջ՝ սենյակի մեջտեղում՝ հինգ քայլի վրա, երկչոտ, բայց մի տեսակ նորացած, դեմքին ինչ-որ չտեսնված շողարձակումով, նրան էր լսում։ Այդ ուժեղ և չորկող մարդը, մշտապես պոչը ցից, հանկարծ ամբողջապես փափկել ու լուսավորվել էր։ Հոգում մի անսովոր, լիովին անսպասելի բան խլրտաց։ Երեք տարվա բաժանությունը, ամուսնալուծության երեք տարիները ոչինչ դուրս չէին մղել նրա սրտից։ Եվ կարող է պատահել, այդ երեք տարվա ամեն մի օրը երագել էր նրա մասին, ինչ-որ ժամանակ իրեն «սիրում եմ» ասած թանկագին էակի մասին։ Գիտնալով Շատովին, հաստատապես կասեմ, որ երազել անգամ չէր կարող երբեք, թե որևէ կին կարող է իրեն ասել՝ «սիրում եմ»։ Նա ողջամիտ էր ու ամաչկոտ՝ վայրենության աստիճան, իրեն համարում էր սարսափելի տգեղ, ատում էր իր դեմքն ու բնավորությունը, իրեն նույնացնում ինչ-որ հրեշի հետ, որին կարելի է ման ածել և ցուցադրել միայն տոնավաճառներում։ Ի հետևանք այդ ամենի, ամեն ինչից վեր էր դասում ազնվությունը, իսկ իր համոզմունքներին նվիրվում ֆանատիկոսի պես, մռայլ էր, գոռոզ, զայրացկոտ ու ոչ-զրուցասեր։ Եվ ահա այս միակ էակը, երկու շաբաթ իրեն սիրած (նա միշտ, միշտ հավատում էր դրան) էակը, ում միշտ համարում էր անչափելի բարձր իրենից, չնայած կնոջ մոլորությունների միանգամայն սթափ ըմբռնմանը, էակը, ում կարող էր բացարձակորեն ամեն, ամեն ինչ ներել (այդ մասին հարց անգամ չէր կարող լինել, այլ նույնիսկ միանգամայն հակառակ մի բան կար, այնպես էր ըստ նրա ստացվում, որ ինքն է կնոջ առաջ մեղավոր ամեն ինչում), այդ կինը, այդ Մարյա Շատովան հանկարծ նորից իր տանն է, նորից իր առաջ... դա համարյա թե անհնար էր հասկանալ։ Այնպես էր ապշահար, այդ դեպքն ամփոփում էր նրա համար այնքան սարասափելի մի բան, միևնույն ժամանակ այնքան երջանկություն, որ նա, անշուշտ, չէր կարող, գուցեև չէր կամենում, վախենում էր ուշքի գալ։ Դա երազ էր։ բայց երբ կինը նրան նայեց այդ տանջահար հայացքով, Շատովը մեկեն հասկացավ, որ այնքան սիրելի այդ էակը տառապում է, կարող է պատահել՝ դառնացած է։ Սիրտը նվաղեց։ Նա ցավագին զննում էր կնոջ դիմագծերը՝ հոգնած այդ դեմքից վաղուց արդեն չքացել էր առաջին երիտասարդության փայլը։ Ճիշտ է, դեռևս հաճելի արտաքին ուներ, Շատովի աչքերում՝ առաջվա պես գեղեցկուհի էր (իրականում՝ քսանհինգամյա կին էր՝ բավական հուժկու կազմվածքով, միջինից բարձր հասակով, Շատովից բարձրահասակ), մուգ խարտյաշ առատ մազերով, դալուկ, ձվածիր դեմքով, խոշոր ու մգագույն աչքերով, որոնք հիմա տենդագին փայլում էին)։ Սակայն թեթևամիտ, միամիտ և բարեհոգի նախկին եռանդը՝ այնքան ծանոթ Շատովին, փոխարինվել էր մռայլ դյուրագրգռությամբ, հուսախաբությամբ, կարծես թե ցինիզմով, որին դեռևս չէր ընտելացել ու որից ինքն էր նեղվում։ Բայց գլխավորը, նա հիվանդ էր, Շատովը դա հստակ տեսավ։ Չնայած կնոջ հանդեպ իր համակ սարսափին, Շատովը մեկեն մոտեցավ և բռնեց նրա երկու ձեռքը.
― Marie... գիտես... գուցե դու շատ հոգնած ես, ի սեր Աստծո, մի բարկանա... Եթե համաձայնեիր, օրինակ, գոնե թե՞յ, հը՞։ Թեյը շատ է կազդուրիչ, հը՞։ Եթե համաձայնեիր...
― Ինչ մի համաձայնելու բան կա, պարզ է, որ կհամաձայնեմ, առաջվա երեխան եք մնացել։ Եթե կարող եք, բերեք։ Ինչ նեղվա՜ծք է ձեզ մոտ։ Ի՜նչ ցուրտ է ձեզ մոտ։
― Օ, հիմա ես՝ ցախ, ցախ... ցախ ունեմ,― լրիվ իրար անցավ Շատովը,― ցախ... այսինքն, բայց... իմիջիայլոց, թեյ էլ կլինի հիմա,― նա թափ տվեց ձեռքը մի տեսակ հուսաբեկ վճռականությամբ և ճանկեց գլխարկը։
― Իսկ ո՞ւր եք գնում։ Ուրեմն, տանը թեյ չկա՞։
― Կլինի, կլինի, կլինի, հիմա ամեն ինչ կլինի... ես...― նա գրադարակի վրայից ճանկեց ատրճանակը։
― Հիմա ես կծախեմ այս ատրճանակը... կամ գրավ կդնեմ...
― Ի՜նչ հիմարություն, ու ինչքան երկար կտևի։ Վերցրեք, ահա իմ փողերը, եթե ոչինչ չունեք, կարծեմ, ութը գրիվեն է, բոլորը։ Ձեզ մոտ ճիշտ կարծես գժատուն լինի։
― Պետք չէ, պետք չէ քո փողը, ես՝ հիմա, մի վայրկյանում, առանց ատրճանակ էլ...
Եվ նա նետվեց ուղիղ Կիրիլլովի մոտ։ Հավանաբար, դա մի երկու ժամ առաջ էր, մինչև Պյոտր Ստեպանովիչի ու Լիպուտինի գալը Կիրիլլովի մոտ։ Նույն բակում ապրող Կիրիլլովը և Շատովը համարյա չէին հանդիպում իրար, հանդիպելիս էլ չէին ողջունում ու չէին խոսում, չափից ավելի երկար էին նրանք միասին «պառկել» Ամերիկայում։
― Կիրիլլով, դուք միշտ թեյ ունենում եք, թեյ ու ինքնաեռ ունե՞ք։
Կիրիլլովը, որ քայլում էր սենյակում (իր սովորության համաձայն, ամբողջ գիշեր, անկյունից անկյուն) մեկեն կանգ առավ և ակնապիշ նայեց ներս ընկածին, ըստ որում, առանց առանձին մի զարմանքի։
― Թեյ կա, շաքար կա, ինքնաեռ էլ կա։ Բայց ինքնաեռ պետք չէ, թեյը տաք է։ Նստեք ու պարզապես խմեք։
― Կիրիլլով, մենք իրար հետ պառկել ենք Ամերիկայում... Կինս է եկել մոտս... Ես... Թեյ տվեք... Ինքնաեռ է պետք։
― Եթե կինդ է, ուրեմն ինքնաեռ պետք է։ Բայց ինքնաեռը՝ հետո։ Ես երկուսն ունեմ։ Իսկ հիմա սեղանի վրայից վերցրեք թեյնիկը։ Տաք է, շատ տաք։ Ամեն ինչ վերցրեք, շաքար վերցրեք, բոլորը... Հաց... Հաց շատ կա, բոլորը։ Հորթի միս կա։ Մի ռուբլի փող։
― Տուր բարեկամս, վաղը կվերադարձնեմ։ Ա՜խ, Կիրիլլով։
― Այն կի՞նն է, որ Շվեյցարիայում էր։ Լավ է։ Եվ որ այդպես ներս ընկաք, դա էլ է լավ։
― Կիրիլլով,― բղավեց Շատովը՝ կռնատակին առնելով թեյնիկը, իսկ երկու ձեռքերին՝ հացն ու շաքարը,― Կիրիլլով... Եթե... եթե դուք կարողանայիք հրաժարվել ձեր սարսափելի երևակայություններից ու դեն նետել ձեր անաստված զառանցանքը... օ՜, ինչ մարդ կլինեիք, Կիրիլլով։
― Երևում է, որ սիրում եք ձեր կնոջը Շվեյցարիայից հետո։ Դա լավ է, եթե Շվեյցարիայից հետո է։ Երբ թեյ պետք եկավ, նորից եկեք, ամբողջ գիշեր եկեք, ես բոլորովին չեմ քնում։ Ինքաեռը կլինի։ Վերցրեք ռուբլին, ահա։ Գնացեք ձեր կնոջ մոտ, իսկ ես կմնամ ու կմտածեմ ձեր և ձեր կնոջ մասին։
Մարյա Շատովան նկատելիորեն գոհ էր այդ շտապողականությունից և համարյա ագահաբար վրա պրծավ թեյին, բայց ինքնաեռ բերելու հարկ չեղավ, ընդամենը կես բաժակ խմեց ու մի փոքր կտոր չոր հաց կերավ։ Հորթի մսից հրաժարվեց՝ խորշանքով ու բորբոքված։
― Դու հիվանդ ես, Marie, ամեն ինչ հիվանդագին ես անում...― երկչոտ նշեց Շատովը՝ երկչոտ հոգ տանելով նրա շուրջը։
― Իհարկե, հիվանդ եմ, նստեք, խնդրում եմ։ Թեյը որտեղի՞ց վերցրիք, եթե չկար։
Շատովը պատմեց Կիրիլլովի մասին՝ թեթևակի, կարճ։ Մարյան ինչ-որ բան լսել էր նրա մասին։
― Գիտեմ, որ խելագար է։ Հերիք է, խնդրում եմ, քի՞չ հիմար մարդ կա։ Ուրեմն, Ամերիկայում եք եղել։ Լսել եմ, դուք գրել էիք։
― Այո, ես... Գրել էի Փարիզ։
― Բավական է, խնդրում եմ, մի ուրիշ բանից։ Համոզմունքներով դուք սլավոնապա՞շտ եք։
― Ես... ոչ թե որ... Դուս լինելու անհնարինությունից դարձա սլավոնապաշտ,― քթի տակ ծուռ ժպտաց նա՝ անհարկի և ուժից վեր սրամտած մարդու լարումով։
― Իսկ դուք ռո՞ւս չեք։
― Ոչ, ռուս չեմ։
― Էհ, դատարկ բաներ են։ Նստեք, խնդրում եմ, վերջապես։ Ի՞նչ եք շարունակ գնում-գալիս։ Կարծում եք, զառանցանքի մե՞ջ եմ։ Գուցեև զառանցեմ։ Ասում եք, միայն երկուսո՞վ եք այս տանը։
― Երկուսը... ներքևում...
― Ու բոլորն Էլ՝ այդքան խելոք։ Ներքևում՝ ի՞նչ։ Դուք ասացիք՝ ներքևո՞ւմ։
― ՉԷ, ոչինչ։
― Ի՞նչ ոչինչ։ Ես ուզում եմ իմանալ։
― Միայն ուզում Էի ասել, որ հիմա այստեղ երկուսով ենք բակում, իսկ ներքևում առաջ ապրում Էին Լեբյադկինները...
― Այն կի՞նը, ում այս գիշեր մորթել են,― մեկեն վեր թռավ նա։― Լսել եմ։ Հենց եկա, լսեցի։ Ձեզ մոտ հրդե՞հ Է եղել։
― Այո, Marie, այո, և գուցե ահավոր սրիկայություն եմ անում այս րոպեիս, որ ներում եմ սրիկաներին...― հանկարծակի վեր կացավ նա ու սկսեց ետուառաջ քայլել սենյակում՝ ձեռքերը վեր պարզելով, ասես մոլեգնության մեջ։
Բայց Marie-ն այնքան Էլ չհասկացավ նրան։ Մարյան պատասխանները ցրված Էր լսում, նա հարցնում Էր ու ոչ թե լսում։
― Փառավո՜ր գործեր են կատարվում ձեզ մոտ։ Օ՜հ, ինչ ստոր է ամեն բան։ Ի՜նչ սրիկա են բոլորը։ Վերջապես նստեք, խնդրում եմ, օ՜, ինչպես եք ինձ ջղայնացնում,― և գլուխն ուժասպառ դրեց բարձին։
― Marie, էլ չեմ անի... Գուցե անկողի՞ն մտնես, Marie։
Նա չպատասխանեց և անուժ՝ փակեց աչքերը։ Նրա դալուկ դեմքը ճիշտ կարծես մեռելի դեմք դարձավ։ Համարյա ակնթարթորեն քուն մտավ։ Շատովը շուրջը նայեց, հարմարեցրեց մոմը, մի անգամ Էլ անհանգստությամբ նայեց Մարյայի դեմքին, ամուր սեղմեց առաջ պահած ձեռքերը և ոտնաթաթերի վրա գնաց նախասենյակ։ Սանդուղքի գլխին դեմքով հպվեց անկյանը և այդպես կանգնած Էր մի տասը րոպե՝ անձայն ու անշարժ։ Ավելի երկար կկանգներ, բայց հանկարծ ներքևից կամացուկ, զգուշավոր ոտնաձայն լսվեց։ Ինչ-որ մեկը բարձրանում Էր։ Շատովը հիշեց, որ մոռացել է կողպել դռնակը։
― Ո՞վ կա այդտեղ,― շշնջաձայն հարցրեց նա։
Անծանոթ այցելուն բարձրանում էր անշտապ և չպատասխանելով։ Հասնելով վեր կանգ առավ։ Մթության մեջ նրան տեսնելն անհնար էր, հանկարծ հնչեց նրա զգուշավոր հարցը.
― Իվան Շատովը դո՞ւք եք։
Շատովը տվեց իր անունը, բայց դանդաղ պարզեց ձեռքը՝ նրան կանգնեցնելու համար, սակայն այցելուն ինքը բռնեց նրա ձեռքը, և Շատովը ցնցվեց, կարծես հպվել էր սարսափելի մի սողունի։
― Կանգնեք այստեղ,― արագ շշնջաց նա,― ներս չգաք, հիմա չեմ կարող ձեզ ընդունել։ Կինս է վերադարձել։ Հիմա մոմ կբերեմ։
Երբ մոմն առած ետ եկավ, ինչ-որ ջահել սպայիկ էր կանգնած նախասենյակում։ Անունը չգիտեր, բայց մի տեղ տեսել էր։
― Էրկել,― ներկայացավ նա,― ինձ տեսել եք Վիրգինսկու մոտ։
― Հիշում եմ, նստած գրում Էիք,― մեկեն բռնկվեց Շատովը՝ մոլեգնած մոտենալով նրան, բայց առաջվա պես խոսելով շշնջաձայն,― նոր դուք ինձ նշան արեցիք ձեռքով, երբ բռնեցիք իմ ձեռքը։ Բայց իմացեք, ես կարող եմ թքել այդ բոլոր նշանների վրա։ Ես չեմ ճանաչում... չեմ ուզում... Ես կարող եմ հիմա ցած գլորել ձեզ սանդուղքից... գիտե՞ք դա։
― Չէ, ես ոչինչ չգիտեմ ու բոլորովին չգիտեմ, թե ինչի համար այդպես զայրացաք,― անչարակամ ու համարյա բարեհոգաբար պատասխանեց հյուրը։― Միայն մի բան պիտի հայտնեմ ձեզ ու դրա համար եմ եկել, գլխավորը՝ ժամանակ կորցնելու ցանկություն չունեմ։ Ձեզ մոտ Է սարքը, որը ձեզ չի պատկանում և որի համար հաշվետու եք, ինչպես ինքներդ գիտեք։ Ինձ կարգադրված Է՝ պահանջել ձեզնից, որ վաղն ևեթ, կեսօրից հետո, ճիշտ ժամը յոթին, դա հանձնեք Լիպուտինին։ Բացի դրանից, կարգադրված Է հայտնել, որ այլևս երբեք ձեզնից ոչինչ չի պահանջվի։
― Ոչի՞նչ։
― Բացարձակապես ոչինչ։ Ձեր խնդիրքը կատարվում է, և դուք հեռացված եք ընդմիշտ։ Դա հաստատապես կարգադրված է ինձ՝ հայտնել ձեզ։
― Ո՞վ է կարգադրել հայտնել։
― Նրանք, ովքեր նշանն են ինձ հայտնել։
― Դուք արտասահմանի՞ց էք։
― Դա... կարծում եմ, ձեզ համար միևնույնն է։
― Է, գրողը տանի։ Իսկ ինչու՞ ավելի շուտ չեկաք, եթե կարգադրված էր։
― Ես հետևել եմ որոշ հրահանգների և մենակ չեմ եղել։
― Հասկանում եմ, հասկանում եմ, որ մենակ չեք եղել։ Է՜... գրողը տանի։ Իսկ ինչու՞ Լիպուտինն ինքը չեկավ։
― Այսպիսով, վաղը, ես ձեզ մոտ կգամ երեկոյան ճիշտ ժամը վեցին և այնտեղ կգնանք ոտքով։ Մեր երեքից բացի, ոչ ոք չի լինի։
― Վերխովենսկին կլինի՞։
― Չէ, չի լինի։ Վերխովենսկին վաղը մեկնում է քաղաքից, առավոտյան ժամը տասնմեկին։
― Այդպես էլ մտածում էի,― կատաղած մրմնջաց Շատովը և բռունցքով խփեց իր կողին,― փախա՜վ խաբեբան։
Նա մտքերի մեջ ընկավ՝ հուզախռով։ Էրկելն ակնապիշ նրան էր նայում, լուռ սպասում էր։
― Իսկ ինչպե՞ս եք վերցնելու։ Հո չի՞ կարելի դա վերցնել ձեռքն ու տանել։
― Պետք էլ չէ։ Դուք միայն տեղը ցույց կտաք, իսկ մենք միայն կհամոզվենք, որ այնտեղ է թաղված։ Չէ որ մենք միայն գիտենք, թե ուր է այդ տեղը, բուն թաղված տեղը չգիտենք։ Իսկ դուք մի՞թե որևէ մեկին էլ եք ցույց տվել տեղը։
Շատովը նրան նայեց։
― Հապա դուք, դուք, այդքան ջահել, այդքան հիմարիկ տղա, դու՞ք էլ եք ոտով-գլխով խրվել դրա մեջ, ոչխարի պե՞ս։ Է, նրանց հենց էդպիսի նյութ է պետք։ Լավ, գնացեք։ Է-է՜խ։ Այն սրիկան բոլորիդ խաբել ու փախել է։
Էրկելը նայում էր վճիտ հայացքով ու հանգիստ, բայց կարծես չէր հասկանում։
― Վերխովենսկին փախա՜վ, Վերխովենսկի՜ն ― մոլեգնած ատամները կրճտացրեց Շատովը։
― Բայց չէ որ նա դեռ այստեղ է, չի գնացել։ Վաղը նոր կգնա,― մեղմ ու համոզիչ նշեց Էրկելը։― Ես նրան հատկապես հրավիրեցի ներկա լինել, որպես վկա, նրան էր ուղղված իմ ամբողջ հրահանգը (սրտաբաց խոսեց նա, որպես ջահել, անփորձ տղա)։ Բայց նա, ցավոք սրտի, չհամաձայնեց, մեկնելու պատրվակով։ Եվ իսկապես էլ, շտապում է մի տեսակ։
Շատովը մի անգամ էլ ցավակցաբար աչք ածեց պարզամիտի վրա, բայց հանկարծ ձեռքը թափ տվեց, կարծես մտածելով. «Արժե՞ որ խղճալ»։
― Լավ, կգամ,― ընդհատեց հանկարծակի,― իսկ հիմա հեռացեք, մարշ։
― Ուրեմն, ճիշտ ժամը վեցին ես կգամ,― բարեկրթորեն խոնարհվեց Էրկելը և անշտապ իջավ սանդուղքով։
― Տխմարիկ,― չհամբերեց և նրա ետևից բղավեց Շատովը՝ սանդուղքի գլխից։
― Ի՞նչ-չ,― արձագանքեց Էրկելն արդեն ներքևից։
― Ոչինչ, գնացեք։
― Կարծեցի, ինչ-որ բան ասացիք։
=== II ===
Էրկելն այնպիսի «տխմարիկ» էր, ում գլխավոր խելքը միայն գլուխը չէր, բայց փոքր, ենթարկված խելքը բավականաչափ էր, անգամ խորամանկության աստիճան։ Ֆանատիկոսի պես, մանկան պես նվիրված «ընդհանուր գործին», իսկ ըստ էության՝ Պյոտր Վերխովենսկուն, նա գործում էր վերջինիս հրահանգներով, իրեն տրված այն ժամանակ, երբ ''մերոնց'' մոտ նիստին պայմանավորվում էին ու վաղվա դերերը բաշխում։ Պատգամաբերի դեր տալով նրան, Պյոտր Ստեպանովիչը հասցրեց տասը րոպեի չափ խոսել նրա հետ մեկուսի։ Կատարողական մասն այդ մանրախնդիր, սակավախոհ, ուրիշի կամքին ենթարկվելու ծարավի այդ բնավորության պահանջմունքն էր՝ օ՜, հարկավ, ոչ այլ կերպ, քան հանուն «ընդհանուր» կամ «մեծ» գործի։ Սակայն դա էլ էր միևնույնը, քանզի Էրկելի նման մանր ֆանատիկոսները ոչ մի կերպ չեն կարող պատկերացնել ծառայումը գաղափարին, քան դեմքն իսկ թաթախելով դրա մեջ, ինչ նրանց ըմբռնմամբ, արտահայտում է այդ գաղափարը։ Զգայուն, սիրալիր, բարեմիտ Էրկելը գուցեև ամենաանգգան էր Շատովի գլխին խմբված մարդասպաններից և, առանց որևէ անձնական ատելության, աչքն իսկ չթարթելով, ներկա կլիներ նրա սպանությանը։ Օրինակ, նրան հրամայված էր մի լավ, իմիջիայլոց զննել Շատովի հանգամանքները՝ իր հանձնարարությունը կատարելու ժամանակ, և երբ Շատովը, սանդուղքի վրա ընդունելով նրան, բերանից թռցրեց տաքացած, շատ հավանական է՝ չնկատելով դա, որ կինն է վերադարձել իր մոտ, Էրկելի բնազդական խորամանկությունն իսկույն հերիքեց՝ հետագա նվազագույն հետաքրքրություն չդրսևորել, չնայած մտքում ցոլացած կռահմանը, որ վերադարձած կնոջ փաստը մեծ նշանակություն ունի իրենց ձեռնարկման հաջողության համար...
Ըստ էության, այդպես էլ եղավ, միևնույն այդ փաստը փրկեց «սրիկաներին» Շատովի մտադրությունից, դրա հետ մեկտեղ էլ օգնեց նրանց՝ «ազատվել» Շատովից... նախ և առաջ, փաստը հուզեց վերջինիս, հանեց նրան հունից, խլեց նրանից իր սովորական խորաթափանցությունը և զգուշավորությունը։ Սեփական անվտանգության շուրջ որևիցե միտք ամենից ավելի քիչ կարող էր հիմա միանգամայն ուրիշ բաներով զբաղված նրա գլուխը մտնել։ Հակառակը, նա հափշտակված հավատաց, որ Պյոտր Վերխովենսկին վաղը փախչում է՝ այնպե՜ս էր համընկնում դա իր կասկածներին։ Ետ գալով սենյակ, նորից նստեց անկյունում, արմունկները հենեց ծնկներին ու դեմքը ծածկեց ձեռքերով։ Դառնագին մտքեր էին տանջում նրան...
Եվ ահա, նորից բարձրացրեց գլուխը և ոտնաթաթերի վրա գնաց՝ կնոջը նայելու։ «Տե՜ր Աստված։ Վաղն ևեթ նրա տենդը կբորբոքվի, լուսադեմին, կարող է հիմա է սկսվել։ Անշուշտ, մրսել է։ Նա չի վարժվել այս զարհուրելի կլիմային, ավելացրած՝ վագոնը, երրորդ կարգ, չորս կողմը հողմ ու անձրև, ունեցածը՝ մի բարակ վերարկու, կարգին շոր չկա հագին...Ու հիմա էլ նրան լքել, թողնել այստեղ առանց օգնության։ Հապա պայուսակը, պայուսա՜կն ինչ փոքր է, թեթև, ճմլված, տասը ֆունտ։ Խեղճն ինչքան է հյուծված, ինչքան է տառապել։ Նա հպարտ է, այդ պատճառով էլ չի տրտնջում։ Սակայն բորբոքված է, բորբոքված։ Սա հիվանդությունից է, հրեշտակն էլ հիվանդ ժամանակ բորբոքված կդառնա։ Ինչ չոր ու տաք պիտի լինի ճակատը, ինչ մգած է աչքերի տակ և... և սակայն, ի՜նչ գեղեցիկ են այս ձվաձև դեմքը, այս փարթամ մազերը...»։
Եվ նա արագ փախցրեց աչքերը, ետ քաշվեց, ասես վախենալով տեսնել նրա մեջ որևէ այլ բան, քան թշվառ ու տանջահար մի էակ, ում պետք է օգնել՝ «Էլ ի՞նչ հույսեր։ Օ՜, ինչ ստոր, ինչ սրիկա է մարդը» ― և նա նորից գնաց իր անկյունը, նստում էր, դեմքը ծածկում ձեռքերով ու կրկին անրջում էր, կրկին վերհիշում... ու կրկին հույսեր էին պատկերվում։
«Օ՛ֆ, հոգնել եմ, օ՛ֆ, հոգնել եմ»,― միտքն էին գալիս նրա հոգոցները, նրա հոգնած, բեկբեկ ձայնը։ Տե՜ր Աստված։ Լքել նրան հիմա, իսկ ունեցածը ութը գրիվեն է, պարզեց իր դրամապանակը՝ հնամաշ, փոքրիկ։ Եկել է տեղ փնտրելու, ինչ է նա հասկանում այդ տեղերից, ի՞նչ են նրանք հասկանում Ռուսաստանում։ Չէ որ նրանք նման են խենթ մանուկների, ամեն ինչ իրենց իսկ ստեղծած երևակայությունն է, և բարկանում է խեղճը, թե Ռուսաստանն ինչո՞ւ նման չէ իրենց արտասահմանյան անուրջներին։ Օ՜, դժբախտներ, օ՜ անմեղներ... Բայց և այնպես, այստեղ իսկականից ցուրտ է...»։
Հիշեց, որ նա էլ բողոքեց, որ ինքը խոստացավ վառարանը վառել։ «Ցախն այստեղ է, կարելի է բերել, միայն չարթնացնեմ։ Ասենք, կարելի է։ Իսկ հորթի մի՞սն ինչպես։ Արթնացավ, գուցե ուտել ուզենա... Լավ, դա՝ հետո, Կիրիլլովն ամբողջ գիշեր քնած չէ։ Ինչով ծածկեմ նրան, այնքան խորն է քնած, բայց մրսում է՝ երևում է, ա՜խ, մրսում է»։
Եվ նա կրկին մոտեցավ՝ կնոջը նայելու։ Զգեստը թեթևակի ծալվել էր և աջ ոտքի կեսը բացվել էր, մինչև ծունկը։ Նա մեկեն շրջվեց՝ համարյա վախեցած, հագից հանեց տաք վերարկուն, մնալով հնամաշ սերթուկով, և ջանալով չնայել, ծածկեց բացված տեղը։
Ցախը վառելը, ոտնաթաթերին քայլելը, քնածին զննելը, անուրջներն անկյունում, հետո նորից քնածին նայելն ահագին ժամանակ խլեցին։ Անցավ երկու-երեք ժամ։ Եվ ահա, հենց այդ ժամանակ էլ Կիրիլլովի մոտ հասցրին լինել Վերխովենսկին և Լիպուտինը։ Վերջապես Շատովն էլ ննջեց իր անկյունում։ Լսվեց Մարյայի տնքոցը, նա արթնացել, կանչում էր իրեն։ Շատովը վեր թռավ՝ հանցագործի պես։
― Marie, ես ոնց որ քնել էի... ահ, ի՜նչ սրիկան եմ, Marie!
Կինը կռթնեց տեղում, շուրջը դիտելով զարմանքով, ասես չճանաչելով, թե որտեղ է և հանկարծ ամբողջ մարմնով ցնցվեց՝ բարկացած, զայրագին.
― Ես զբաղեցրել եմ ձեր անկողինը, ես քնել եմ՝ հոգնածությունից ինձ մոռացած։ Ինչպե՞ս համարձակվեցիք չարթնացնել ինձ։ Ինչպե՞ս համարձակվեցիք մտածել, որ ես մտադիր եմ նեղություն պատճառել ձեզ։
― Ես ինչպե՞ս կարող էի քեզ արթնացնել, Marie։
― Կարող էիք, պետք է որ։ Ձեզ համար այստեղ ուրիշ անկողին չկա, իսկ ես ձերն եմ զբաղեցրել։ Դուք ինձ չպետք է դնեիք կեղծ դրության մեջ։ Թե՞ կարծում եք, ես եկել եմ օգտվելու ձեր բարեգործություններից։ Հենց հիմա բարի եղեք մտնել ձեր անկողինը, իսկ ես կպառկեմ անկյունում, աթոռների վրա...
― Marie, այդքան աթոռ չկա, հետո էլ՝ անկողին չկա։
― Դե, ուրեմն՝ հատակին հենց։ Չէ որ ինքներդեք ստիպված լինելու քնել հատակին։ Ես ուզում եմ հատակին, հիմա, հիմա՛։
Նա վեր կացավ, ուզում էր քայլ գցել, բայց հանկարծ ասես շատ ուժեղ, ջղաձիգ մի ցավ միանգամից խլեց նրա բոլոր ուժերն ու ամբողջ վճռականությունը, և նա բարձրաձայն տնքոցով կրկին ընկավ անկողնուն։ Շատովը մոտ վազեց, բայց Marie-ն, դեմքը թաղելով բարձի մեջ, բռնեց նրա ձեռքը ու սկսեց ամբողջ ուժով սեղմել ու կոտրել իր ձեռքերով։ Այդպես շարունակվեց մի րոպեի չափ։
― Marie, սիրելիս, եթե պետք է, այստեղ մի բժիշկ կա, Ֆրենցելը, ինձ ծանոթ է, շատ... Վազեմ կանչելու։
― Դատարկ բան է։
― Ի՞նչ դատարկ։ Marie, ասա, ի՞նչդ է ցավում։ Կարելի է ջերմախյուս դնել... ասենք, փորին... Այդ մեկն առանց բժշկի էլ կարող եմ... Կամ էլ՝ մանանեխի ծեփելիք։
― Ի՞նչ բան է սա,― հարցրեց նա՝ գլուխը բարձրացնելով ու վախեցած նայելով Շատովին։
― Այսինքն, ի՞նչ հատկապես, Marie,― չէր հասկանում Շատովը,― ինչի՞ մասին ես հարցնում։ Օ՜, Աստված, ինձ լրիվ կորցրել եմ, Marie, կներես, որ ոչինչ չեմ հասկանում։
― Էհ, վերջ տվեք, հասկանալը ձեր բանը չէ։ Ու շատ ծիծաղելի կլինեիր...― դառնագին ժպտաց կինը։― Մի բանի մասին խոսեք հետս։ Քայլեք սենյակում ու խոսեք։ Մի կանգնեք կողքս ու մի նայեք ինձ, դա հատկապես եմ խնդրում հինգ հարյուրերորդ անգամ։
Շատովը սկսեց գնալ-գալ սենյակում՝ նայելով հատակին ու ամբողջ ուժով ջանալով չնայել կնոջ կողմը։
― Չջղայնանաս, Marie, աղաչում եմ, այստեղ հորթի միս կա, հեռու չէ, նաև թեյ... Այնքան քիչ կերար նոր...
Մարյան խորշանքով ու չարացած թափ տվեց ձեռքը։ Շատովը՝ հուսահատ կծեց լեզուն։
― Լսեք, ես մտադիր եմ այստեղ կազմատուն բացել, ընկերության խելամիտ հիմունքներով։ Քանի որ այստեղ եք ապրում, ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞, թե՝ ոչ։
― Էխ, Marie, մեզ մոտ գիրք էլ չեն կարդում ու գրքեր չկան ընդհանրապես։ Եվ նա գիրք կտա՞ կազմելու։
― Ո՞վ՝ նա։
― Այստեղի ընթերցողը և այստեղի բնակիչը՝ ընդհանրապես։
― Ուրեմն, այդպես հստակ էլ ասեք, թե չէ՝ նա, իսկ ով է նա, հայտնի չէ։ Քերականություն չգիտեք։
― Սա լեզվի ոգով էր, Marie,― մրթմրթաց Շատովը։
― Ախ, դուք էլ, ձեր ոգին էլ, ձանձրացրիք։ Ինչո՞ւ չի տա կազմելու այստեղի ընթերցողը կամ բնակիչը։
― Որովհետև կարդալ գիրքը և դա կազմել՝ զարգացման ամբողջ երկու փուլ է դա, այն էլ հսկայական։ Սկզբից նա կամաց-կամաց կարդալուն է վարժվում, անշուշտ, դարերով, բայց քրքրում է գիրքը և շպրտում դա՝ համարելով անլուրջ մի բան։ Իսկ կազմն արդեն նշանակում է նաև հարգանք գրքի հանդեպ, նշանակում է, որ նա ոչ միայն կարդալն է սիրել, այլև արժանին է գնահատել։ Այդ ժամանակներին դեռևս ամբողջ Ռուսաստանը չի հասել։ Եվրոպան վաղուց է կազմելու տալիս։
― Սա թեև քթիմազություն էր, բայց և այնպես անխելք չէր ասված և ինձ հիշեցնում է երեք տարի առաջվանը։ Երեք տարի առաջ դուք երբեմն բավական սրամիտ էիք լինում։
Մարյան սա ասաց նույնչափ խորշանքով, ինչպես իր բոլոր նախորդ կամակոր դարձվածքները։
― Marie, Marie, ― խանդաղատանքով նրան դիմեց Շատովը,― օ՜, Marie, եթե իմանայիր, թե այս երեք տարվա մեջ ինչքան բան է եղել ու անցել։ Ես հետո լսեցի, որ ինձ իբր արհամարհել ես՝ համոզմունքներիս փոփոխման համար։ Իսկ ո՞ւմ եմ ես լքել։ Կենդանի կյանքի թշնամիներին, սեփական անկախությունից վախեցած զառամած ու մանր ազատականներին, մտքի ծառայամիտներին, անձի և ազատության ոսոխներին, լեշ ու դիակի ավերակ դարձած քարոզիչներին։ Ի՞նչ ունեն նրանք, ծերություն, ոսկյա միջին, ամենաքաղքենիական ու նսեմ ապաշնորհություն, նախանձոտ հավասարություն՝ առանց սեփական արժանապատվության, հավասարություն, ինչպես գիտակցում է դա սպասավորը կամ ինչպես գիտակցել է իննսուներեք թվականի ֆրանսիացին... Իսկ գլխավորը՝ ամենուրեք ապիկարներ են, ապիկարներ և ապիկարներ։
― Այո, ապիկարները շատ են,― կերկեր ու հիվանդագին ասաց Marie-ն։ Նա պառկած էր ձգված, անշարժ, ասես վախենալով շարժվել, գլուխը ետ գցած բարձին, փոքր-ինչ կողքի վրա՝ առաստաղին նայելով հոգնած, բայց վառվող հայացքով։ Դեմքը գունատ էր, շուրթերը չորացել ու ցամաքել էին։
― Դու գիտակցում ես, Marie, գիտակցում ես,― բացականչեց Շատովը։ Կինն ուզեց բացասական շարժում անել գլխով, ու հանկարծ կրկնվեց քիչ առաջվա ջղաձգումը։ Նորից գլուխը թաքցրեց բարձի մեջ և նորից ամբողջ ուժով մի լրիվ րոպե ցավեցնելու աստիճան սեղմում էր մոտ վազած և սարսափից ցնորված Շատովի ձեռքը։
― Marie, Marie! Բայց գուցե սա շատ լուրջ բան է, Marie։
― Լռեք... Ես չե՜մ ուզում, չե՜մ ուզում,― բղավում էր կինը՝ համարյա կատաղած, նորից շրջվելով՝ դեմքը դեպի վեր,― չհամարձակվեք ինձ նայել ձեր կարեկցանքով։ Քայլեք սենյակում, ասեք ինչ-որ բան, ասեք...
Շատովը, իրեն կորցրածի պես, նորից փորձեց ինչ-որ բան մրմնջալ։
― Այստեղ դուք ինչո՞վ եք զբաղվում,― հարցրեց կինը՝ խորշալի անհամբերությամբ ընդհատելով նրան։
― Մի վաճառականի գրասենյակում եմ։ Marie, եթե առանձնապես ուզենայի, ես կարող էի այստեղ կարգին փողեր ձեռք գցել։
― Ավելի լավ ձեզ համար...
― Ա՜հ, ուրիշ բան չմտածես, Marie, հենց այնպես ասացի...
― Իսկ է՞լ ինչ եք անում։ Ի՞նչ եք քարոզում։ Չէ որ դուք չեք կարող չքարոզել, բնավորությունն է այդպիսին։
― Աստծուն եմ քարոզում, Marie։
― Ում ինքներդ չեք հավատում։ Երբեք չեմ կարողացել հասկանալ այդ գաղափարը։
― Թողնենք, Marie, դա՝ հետո։
― Ի՞նչ է եղել այստեղ այդ Մարյա Տիմոֆեևնան։
― Այդ մեկն էլ մենք՝ հետո, Marie։
― Չհամարձակվեք ինձ այդ կարգի դիտողություններ անել։ Ճի՞շտ է, արդյոք, որ այդ մահը կարելի է վերագրել... այդ մարդկանց չարագործությանը։
― Անպայման այդպես է,― ատամները կրճտացրեց Շատովը։
Marie-ն հանկարծ բարձրացրեց գլուխը և հիվանդագին բղավեց.
― Չհամարձակվեք այլևս ինձ ասել այդ մասին, երբեք չհամարձակվեք, երբեք չհամարձակվեք։
Ու նորից ընկավ անկողնուն՝ նույն ջղաձիգ ցավի նոպայով։ Սա արդեն երրորդ անգամ էր, բայց այս անգամ տնքոցներն ավելի բարձրաձայն էին, դարձան գոռոց։
― Օ՜, անտանելի մարդ։ Օ՜, անհանդուրժելի մարդ,― թափահարվում էր նա՝ այլևս չխնայելով իրեն, դեն հրելով իր գլխին կանգնած Շատովին։
― Marie, ինչ ուզես՝ կանեմ ես... Կքայլեմ, կխոսեմ...
― Ախր, մի՞թե չեք տեսնում, որ սկսվեց։
― Ի՞նչը սկսվեց, Marie։
― Ես ի՞նչ իմանամ։ Մի՞թե այստեղ որևէ բան գիտեմ ես։ Օ՜, նզովք։ Օ՜, անիծյալ լիներ ամեն ինչ նախապես։
― Marie, եթե ասեիր, թե ինչ է սկսվում... թե չէ ես... ի՞նչ հասկանամ, եթե այդպես է։
― Դուք վերացական, անօգուտ շատախոս եք։ Օ՜, անիծյալ լինի ամեն ինչ աշխարհում։
― Marie! Marie!
Նա լրջորեն մտածեց, որ կինը սկսում է խելքը թռցնել։
― Վերջապես, մի՞թե չեք տեսնում, որ ես տանջվում եմ ծննդյան ցավերից,― կռթնեց կինը՝ Շատովին նայելով ահավոր, հիվանդագին, ամբողջ դեմքն այլայլված չարությամբ։― Հենց սկզբից անիծյալ թող լիներ այս երեխան։
― Marie,― բացականչեց Շատովը՝ ի վերջո գլխի ընկնելով, թե բանն ինչ է։― Marie... իսկ ինչո՞ւ սկզբից չասացիր,― մեկեն սթափվեց նա և եռանդուն վճռականությամբ ճանկեց իր գլխարկը։
― Իսկ ի՞նչ իմանայի՝ այստեղ մտնելիս։ Եվ մի՞թե կգայի ձեզ մոտ։ Ինձ ասացին, որ տասն օր էլ կա։ Ո՞ւր եք գնում, ո՞ւր եք գնում, չհամարձակվեք։
― Գնամ, տատմեր բերեմ, ես կծախեմ ատրճանակը, ամենից առաջ հիմա՝ փող։
― Չհամարձակվեք ոչինչ, չհամարձակվեք տատմեր բերել, ուղղակի մի պառավ կին, ութը գրիվեն ունեմ... Չէ որ գյուղացի կանայք ծննդաբերում են առանց տատմոր... Իսկ թե սատկեցի, ուրեմն՝ ավելի լավ...
― Տատմեր էլ կլինի, պառավ էլ։ Բայց քեզ ինչպե՞ս մենակ թողնեմ, Marie...
Սակայն հասկանալով, որ ավելի լավ է հիմա նրան մենակ թողնել, չնայած կնոջ ամբողջ մոլեգնությանը, քան հետո մնալ առանց օգնության, չլսելով նրա տնքոցները, ոչ էլ զայրագին բացականչությունները, հույսն իր ոտքերի վրա դրած՝ գլխապատառ ցած սլացավ սանդուղքով։
=== III ===
Ամենից առաջ՝ Կիրիլլովի մոտ։ Կեսգիշերվա ժամը մեկը կլիներ։ Կիրիլլովը կանգնած էր սենյակի մեջտեղում։
― Կիրիլլով, կինս ծննդաբերում է։
― Այսինքն, ինչպե՞ս թե։
― Ծննդաբերելու է, երեխա է բերում։
― Դուք... չե՞ք սխալվում։
― Օ՜, չէ, չէ, կծկումներ ունի... մի պառավ կին է պետք, որևիցե պառավ կին, անպայման հիմա... Կարելի՞ է հիմա գտնել։ Դուք շատ պառավներ ունեիք...
― Շատ ափսոս, որ ես ծնել չգիտեմ,― մտազբաղ պատասխանեց Կիրիլլովը,― այսինքն, ոչ թե ես չգիտեմ ծնել, այլ այնպես անել, որ ծնեն, չգիտեմ... կամ... Չէ, ես դա չեմ կարող ասել։
― Այսինքն, որ ինքներդ չեք կարող օգնել ծննդաբերել, բայց ես դա չեմ ասում։ Պառավ կին, մի պառավ, ես խնդրում եմ, որ կին լինի, դայակ, աղախին։
― Պառավ կլինի, մենակ գուցե ոչ հիմա։ Եթե ուզում եք, ես փոխարեն...
― Օ՜, անհնար է։ Հիմա գնամ Վիրգինսկայայի մոտ, պառավի։
― Սրիկայի մեկն է։
― Օ՜, այո, Կիրիլլով, այո, բայց նա բոլորից լավ է։ Օ՜, այո, այդ ամենը կլինի առանց երկյուղածության, առանց բերկրանքի, զզվելով, ուշունցով, սրբապղծությամբ՝ այդպիսի մեծ խորհրդի, նոր էակի աշխարհ գալու դեպքում... Օ՜, նա հիմա է արդեն անիծում երեխային...
― Եթե ուզում եք, ես...
― Չէ, չէ, իսկ առայժմ, մինչև կվազվզեմ (օ՜, ես կտանեմ Վիրգինսկիների պառավին), մեկ-մեկ մոտեցեք իմ սանդուղքին ու ականջ դրեք, բայց չհամարձակվեք ներս գնալ, դուք նրան կվախեցնեք, ոչ մի դեպքում չմտնեք, մենակ ականջ դրեք... բոլոր ահավոր դեպքերի համար։ է, եթե ծայրահեղ բան կատարվեց, ուրեմն, մտեք։
― Հասկանում եմ։ Մի ռուբլի էլ ունեմ։ Ահա։ Ուզում էի վաղը հավ առնել, հիմա չեմ ուզում։ Շուտ վազեք, ինչքան ուժ ունեք։ Ինքնաեռը՝ ամբողջ գիշեր։
Կիրիլլովը ոչինչ չգիտեր Շատովի վերաբերյալ մտադրությունների մասին, նախկինում էլ ոչինչ չգիտեր նրան սպառնացող վտանգի աստիճանի մասին։ Գիտեր միայն, որ ինչ-ինչ հին հաշիվներ ունի «այն մարդկանց«» հետ, ու թեև ինքն էլ էր խառնված այդ գործին մասամբ՝ արտասահմանից իրեն հայտնած հրահանգներով (իմիջիայլոց, շատ մակերեսորեն, քանզի մոտիկից ոչնչի չէր մասնակցում), բայց վերջին ժամանակներն ամեն ինչ թողել էր, բոլոր հանձնարարությունները, իրեն կատարելապես հեռու էր պահում ամեն տեսակ գործերից, առաջին հերթին՝ «ընդհանուր գործից» և անձնատուր էր եղել հայեցողական կյանքին։ Պյոտր Վերխովենսկին նիստի ժամանակ թեև Լիպուտինին կանչեց Կիրիլլովի մոտ՝ հավաստիանալու, որ նա տվյալ պահին հանձն կառնի «Շատովի գործը», սակայն Կիրիլլովի մոտ բացատրվելիս ոչ մի բառ չասաց Շատովի մասին, չակնարկեց անգամ, հավանաբար համարելով ոչ-քաղաքական, իսկ Կիրիլլովին՝ նույնիսկ անբարեհույս, թողնելով մինչև վաղը, երբ ամեն ինչ կարվեր, իսկ Կիրիլլովի համար էլ արդեն «միևնույնը» կլիներ՝ համենայն դեպս, այսպես էր դատում Կիրիլլովի մասին Պյոտր Ստեպանովիչը։ Լիպուտինը նույնպես շատ լավ նկատեց, որ Շատովի մասին, չնայած խոստմանը, բառ անգամ չհիշատակվեց, սակայն Լիպուտինը չափից ավելի էր հուզված՝ բողոքելու համար։
Շատովը փոթորկի նման վազում էր դեպի Սուրավյինայա փողոց՝ նզովելով հեռավորությունը և դրա վերջը չտեսնելով։
Հարկ եղավ երկար թակել Վիրգինսկու պատուհանը՝ բոլորը վաղուց քնած էին։ Բայց Շատովն ամբողջ ուժով և առանց այլևայլի թմբկահարում էր փակոցափեղկը։ Շղթայակապ շունը բակում կապն էր պոկում և չարացած հաչում։ Ամբողջ շները միացան, մեծ շնահաչ սկսվեց։
― Ի՞նչ եք ծեծում և ի՞նչ եք ուզում, ― վերջապես պատուհանի մոտ լսվեց իր իսկ՝ Վիրգինսկու մեղմ ու «վիրավորանքին» չհամապատասխանող ձայնը։ Փեղկը բացվեց, օդանցքն էլ բացվեց։
― Ո՞վ է, ո՞ր սրիկան է,― չարացած ծղրտաց վիրավորանքին արդեն միանգամայն համապատասխան կնոջ ձայնը՝ Վիրգինսկու ազգականուհու, պառաված օրիորդի ձայնն էր։
― Ես եմ, Շատովը, կինս է վերադարձել և հիմա հենց ծննդաբերում է...
― Է, թող ծննդաբերի, հեռացեք։
― Եկել եմ Արինա Պրոխորովնային տանելու, առանց Արինա Պրոխորովնայի չեմ գնա։
― Նա չի կարող ամեն մեկի մոտ գնալ։ Գիշերները հատուկ այցելություն է... Կորեք գնացեք Մակշեևայայի մոտ ու չհամարձակվեք աղմկել,― ճղճղում էր կնոջ չարացած ձայնը։ Լսվում էր, թե ինչպես է Վիրգինսկին նրան զսպում, սակայն պառաված օրիորդը հրմշտում էր նրան ու չէր զիջում։
― Ես չեմ գնա,― նորից բղավեց Շատովը։
― Սպասեք, դե սպասեք,― բղավեց ի վերջո Վիրգինսկին՝ հանդարտեցնելով պառաված օրիորդին։― Շատով, խնդրում եմ ձեզ, մի հինգ րոպե սպասեք, արթնացնեմ Արինա Պրոխորովնային և, խնդրում եմ, մի թակեք ու մի բղավեք... Օ՜, ինչ ահավոր է այս ամենը։
Անվերջանալի հինգ րոպեից հետո հայտնվեց Արինա Պրոխորովնան։
― Ձեր կի՞նն է եկել ձեզ մոտ,― օդանցքից լսվեց նրա ձայնը և ի զարմանս Շատովի, ամենևին ոչ չոր, այլ միայն սովորականի պես հրամայական։ Բայց Արինա Պրոխորովնան ուրիշ կերպ խոսել չէր կարող։
― Այո, կինս, և ծննդաբերում է։
― Մարյա Իգնատևնա՞ն։
― Այո, Մարյա Իգնատևնան։ Իհարկե, Մարյա Իգնատևնան։
Լռություն տիրեց։ Շատովը սպասում էր։ Տան մեջ փսփսում էին։
― Նա վաղո՞ւց է եկել,― նորից հարցրեց madame Վիրգինսկայան։
― Այսօր երեկոյան, ժամը ութին։ Խնդրում եմ, շուտ արեք։
Նորից փսփսացին, նորից կարծես խորհրդակցում էին։
― Լսեք, դուք չե՞ք սխալվում։ Ի՞նքն է ուղարկել՝ ինձ կանչելու։
― Չէ, նա չի ուղարկել ձեզ կանչելու, նա մի կին է ուզում, հասարակ կին, որ ինձ ծախսերի տակ չդնի, բայց մի անհանգստացեք, ես կվճարեմ։
― Լավ, կգամ կվճարեք, թե չէ։ Ես միշտ գնահատել եմ Մարյա Իգնատևնայի անկախ զգացմունքները, թեև նա գուցե ինձ չի հիշում։ Ամենաանհրաժեշտ իրերն ունե՞ք։
― Ոչինչ չկա, բայց ամեն ինչ կլինի, կլինի, կլինի...
«Այս մարդկանց մեջ էլ ոնց որ մեծահոգություն կա,― մտածում էր Շատովը՝ գնալով Լյամշինի մոտ։― Համոզմունքները և մարդը՝ կարծեմ, շատ տարբերվող երկու բան են։ Ես գուցեև շատ եմ մեղավոր նրանց առաջ... Բոլորն են մեղավոր, բոլորն են մեղավոր և... եթե դրանում բոլորը համոզվեին...»։
Լյամշինի պատուհանը երկար թակելու հարկ չեղավ։ Ի զարմանք, նա անմիջապես բացեց օդանցքը, անկողնուց վեր թռած՝ ոտաբոբիկ, ներքնաշորերով, իրեն վտանգելով հարբուխով, իսկ նա շատ էր կասկածամիտ և մշտապես անհանգստանում էր իր առողջությամբ։ Սակայն նման նրբազգացության և շտապողականության համար առանձին պատճառ կար. Լյամշինն ամբողջ երեկո դողում էր և մինչև հիմա չէր կարողացելքնել՝ մերոնց մոտ նիստի պատճառած հուզմունքից։ Աչքին շարունակ երևում էր անկոչ և արդեն միանգամայն անցանկալի ինչ-ինչ հյուրերի այցելություն։ Շատովի մատնության լուրն ամենից շատ էր նրան տանջում... Եվ ահա, հանկարծ, ասես դիտավորյալ, ահավոր ուժեղ սկսեցին թակել պատուհանը...
Շատովին տեսնելով՝ այնքան վախեցավ, որ իսկույն փակեց օդանցքն ու ետ վազեց, անկողին մտավ։ Շատովն սկսեց կատաղած թակել ու բղավել։
― Ինչպե՞ս եք համարձակվում այդպես թակել գիշերվա կեսին,― սպառնագին, բայց սարսափից չորացած, բղավեց Լյամշինը՝ համենայն դեպս մի երկու րոպե անց վճռելով բացել օդանցքը և վերջապես համոզվելով, որ Շատովը մենակ է եկել։
― Ահա, ատրճանակը, ետ վերցրեք, տասնհինգ ռուբլի տվեք։
― Սա ի՞նչ է, դուք հարբա՞ծ եք։ Սա թալան է, ես ընդամենը կմրսեմ։ Սպասեք, բան գցեմ վրաս։
― Տվեք հիմա տասնհինգ ռուբլի։ Եթե չտաք, կթակեմ ու կգոռամ մինչև լուսաբաց։ Ես շրջանակն էլ կկոտրեմ։
― Ես էլ կգոռամ «օգնեցեք» ու ձեզ բանտ կտանեն։
― Իսկ ես անլեզո՞ւ եմ, ինչ է։ Ես չե՞մ գոռա։ Ո՞վ պիտի վախենա դրանից, ե՞ս, թե՝ դուք։
― Ու դուք կարող եք նման ստոր համոզմունքնե՞ր ունենալ... Ես չգիտեմ, թե ինչ եք ակնարկում... Սպասեք, սպասեք, ի սեր Աստծո, մի թակեք։ Ներող եղեք, գիշերն ո՞վ փող կունենա։ Լավ, ձեր ինչի՞ն է պետք փողը, եթե հարբած չեք։
― Կինս է վերադարձել մոտս։ Տասը ռուբլի ես ձեզ զիջեցի, ոչ մի անգամ չեմ կրակել, վերցրեք ատրճանակը, այս րոպեիս վերցրեք։
Լյամշինը մեքենայաբար ձեռքն օդանցքից պարզեց ու վերցրեց ատրճանակը։ Հապաղեց ու հանկարծ, գլուխն արագ հանելով օդանցքից, բլբլացրեց, կարծես իրեն կորցրած և մեջքին սարսուռ զգալով.
― Դուք ստում եք, ամենևին էլ ձեր կինը չի եկել։ Դա... դա... ուղղակի ուզում եք որևէ տեղ փախչել։
― Հիմար մարդ եք, ո՞ւր պիտի փախչեմ։ Ձեր Պյոտր Վերխովենսկին թող փախչի և ոչ թե ես։ Նոր պառավ Վիրգինսկայայի մոտ էի, և նա իսկույն համաձայնեց ինձ մոտ գալ։ Ուշքի եկեք։ Կինս տանջվում է, փող է պետք, տվեք փողը։
Լյամշինի խորամանկ ուղեղում գաղափարների ամբողջ մի հրավառություն եղավ։ Մեկեն ամեն ինչ ուրիշ ընթացք ստացավ, բայց սարսափը դեռևս թույլ չէր տալիս կշռադատել։
― Ախր, ինչպես... չէ որ դուք ձեր կնոջ հետ չեք ապրում։
― Իսկ ես ձեր գլուխը կփշրեմ նման հարցերի համար։
― Ահ, տեր Աստված, կներեք, հասկանում եմ, ինձ շշմեցրեց միայն... բայց ես հասկանում եմ, հասկանում եմ։ Բայց... բայց մի՞թե Արինա Պրոխորովնան կգա։ Դուք նոր ասացիք, որ նա գնացե՞լ է։ Գիտեք, ախր դա ճիշտ չէ։ Տեսնում եք, տեսնում եք, տեսնում եք, ինչպես եք ամեն ամեն քայլին ոչ ճիշտ բաներ ասում։
― Հիմա նա, հավանորեն, նստած է կնոջս մոտ, սպասել մի տվեք, ես մեղավոր չեմ, որ անխելք եք։
― Ճիշտ չէ, ես անխելք չեմ։ Ինձ կներեք, ոչ մի կերպ չեմ կարող...
Եվ նա, այլևս լրիվ շշկլված, սկսեց երրորդ անգամ փակել օդանցքը, բայց Շատովն այնպես գոռգոռաց, որ նա ակնթարթորեն նորից դուրս նայեց։
― Բայց սա իսկական ոտնձգություն է անձի նկատմամբ։ Դուք ինձնից ի՞նչ եք պահանջում, դե ի՞նչ, ի՞նչ՝ ձևակերպեք։ Եվ նկատի ունեցեք, ինքներդ նկատի ունեցեք, այս գիշերվա կեսին։
― Տասնհինգ ռուբլի եմ պահանջում, ոչխարի գլուխ։
― Բայց ես գուցե ամենևին չեմ ուզում ետ վերցնել ատրճանակը։ Դուք իրավունք չունեք։ Դուք գնել եք իրը, և ամեն ինչ վերջացած է, իրավունք էլ չունեք։ Այդքան գումար գիշերով ոչ մի կերպ չեմ կարող։ Որտեղի՞ց գտնեմ այդքան գումար։
― Դու միշտ փող ունենում ես, տասը ռուբլի էլ պակասեցրի՝ քեզ համար, բայց դու հայտնի ջհուդիկ ես։
― Վաղը չէ, մյուս օրն եկեք, լսում եք, վաղը չէ, մյուս օրը, առավոտյան, ճիշտ ժամը տասներկուսին և ես լրիվ կտամ, լրիվ, ճիշտ չե՞մ ասում։
Շատովը երրորդ անգամ մոլեգնած թակեց շրջանակը։
― Տասը ռուբլի հիմա տուր, իսկ հինգը՝ լուսադեմին։
― Չէ, վաղը չէ, մյուս օրն առավոտյան՝ հինգը, իսկ վաղը, Աստված է վկա, չի լինի։ Ավելի լավ կանեք, չգաք, ավելի լավ է, չգաք։
― Տուր տասը, օ՜, սրիկա։
― Ինչի՞ եք այդպես հայհոյում։ Սպասեք, լուսավորել է պետք, ահա, ապակին էլ կոտրել եք... Գիշերով ո՞վ է այդպես հայհոյում։ Ահա,― պատուհանից նա մի թղթադրամ պարզեց։
Շատովը ճանկեց՝ հինգ ռուբլիանոց էր։
― Աստված վկա, չեմ կարող, թեկուզ մորթեք, չեմ կարող, վաղը չէ, մյուս օրն արդեն ամեն ինչ կարող եմ, իսկ հիմա ոչինչ չեմ կարող։
― Չեմ գնա,― ոռնաց Շատովը։
― Ահա, էլի վերցրեք, վերցրեք, տեսնում եք՝ էլի, իսկ ավելին չեմ տա։ Թեկուզ ամբողջ ուժով գոռաք, չեմ տա, թեկուզ ինչ էլ լինի, չեմ տա։ Չեմ տա ու չեմ տա։
Նա կատաղած էր, սրտոտւսծ, քրտնած։ Երկու թղթադրամները, որ տվեց, ռուբլիանոցներ էին։ Շատովի ձեռքին ընդամենը յոթ ռուբլի հավաքվեց։
― Էհ, սատանան քեզ հետ, վաղը կգամ։ Ծեծելու եմ քեզ, Լյամշին, եթե ութ ռուբլին չպատրաստես։
«Իսկ ես տանը չեմ լինելու, հիմար»,― ինքն իրեն արագ մտածեց Լյամշինը։
― Կանգնեք, կանգնեք, ― գազազած բղավեց նա Շատովի ետևից, որն արդեն վազում էր։― Կանգնեք, ետ եկեք։ Ասացեք, խնդրում եմ, դուք ճի՞տ ասացիք, որ ձեր կինը վերադարձել է։
― Տխմա՜ր,― թքեց Շատովը և ինչքան ուժ ուներ, վազեց դեպի տուն։
=== IV ===
Նշեմ, որ Արինա Պրոխորովնան ոչինչ չգիտեր նիստին ընդունված երեկվա մտադրությունների մասին։ Վիրգինսկին, տուն վերադառնալով ցնցված և թուլացած, չհամարձակվեց նրան հայտնել ընդունված որոշումը, բայց և այնպես չհամբերեց ու կեսը բացահայտեց՝ այն է, Վերխովենսկու հայտնած ամբողջ լուրը. Շատովի՝ անպայման մատնելու մտադրության մասին։ Բայց տեղնուտեղն էլ հայտնեց, որ ոչ լրիվ է վստահում լուրին։ Արինա Պրոխորովնան սաստիկ վախեցավ։ Ահա թե ինչու, երբ վազեվազ եկավ Շատովը՝ իրեն տանելու, չնայած հոգնած էր նախորդ ամբողջ գիշեր մի ծննդկանի հետ տանջվելուց, անմիջապես որոշեց գնալ։ Նա միշտ համոզված էր, որ «այնպիսի գարշանք, ինչպիսին է Շատովը, ի վիճակի է քաղաքացիական ստորության»։ Սակայն Մարյա Իգնատևնայի գալուստը նոր տեսակետի էր հանգեցնում գործը։ Շատովի վախը, նրա խնդրանքների հուսաբեկ տոնը, օգնության աղերսանքը հեղաշրջում էին նշանակում դավաճանի զգացմունքներում, միայն ուրիշներին կործանելու համար նույնիսկ ինքն իրեն մատնել վճռած մարդը կարծես թե ուրիշ տեսք ու ձայնի երանգ պիտի ունենար, քան ներկայացավ իրականում։ Մի խոսքով, Արինա Պրոխորովնան որոշեց անձամբ զննել՝ սեփական աչքով։ Վիրգինսկին շատ գոհ մնաց նրա վճռականությունից՝ կարծես հինգ փութ գցեցին նրա ուսերից։ Նույնիսկ հույս արթնացավ. Շատովի տեսքը խիստ անհամապատասխան երևաց նրան՝ Վերխովենսկու ենթադրությանը...
Շատովը չէր սխալվել։ Տուն դառնալով, արդեն տեսավ Արինա Պրոխորովնային Marie-ի մոտ։ Հենց նոր էր եկել, արհամարհաբար քշել սանդուղքի մոտ տնկված Կիրիլլովին, արագ-արագ ծանոթացել Marie-ի հետ, որը չէր ճանաչել նախկին ծանոթուհուն, գտել էր նրան «վատթարագույն վիճակում», այն է՝ չարացած, հուսաբեկ և «ամենափոքրոգի դրության մեջ» ու ընդամենը հինգ րոպեում վճռական դիրք գրավել նրա բոլոր առարկությունների դեմ։
― Ի՞նչ եք մի գլուխ կրկնում, թե չեք ուզում թանկ վերցնող մանկաբարձուհի,― ասում էր նա հենց այն պահին, երբ ներս մտավ Շատովը,― կատարյալ ցնդաբանություն է, կեղծ մտքեր՝ ձեր վիճակի ոչ-նորմալությունից։ Մի որևէ սովորական պառավի, ժողովրդական տատմոր օգնությամբ, հարյուրից հիսուն շանս ունեք վատ վերջացնելու, իսկ դրանից արդեն հոգսերն ու ծախսերը շատ ավելին կլինեն, քան թանկ վճարվող մանկաբարձուհու դեպքում։ Ի՞նչ գիտեք, որ ես թանկ վճարվող եմ։ Կվճարեք հետո, ես ձեզնից ավելի գումար չեմ վերցնի, իսկ հաջողությունը երաշխավորում եմ։ Իմ ձեռքի տակ չեք մեռնի, ձեզպեսներին չէ, որ տեսել եմ։ Երեխային էլ հենց վաղը կուղարկեմ որբանոց, հետո էլ՝ գյուղ, դաստիարակման, դրանով էլ գործը կվերջանա։ Իսկ հետո կկազդուրվեք, կանցնեք գործի ու շատ կարճ ժամանակում կհատուցեք Շատովին՝ կացարանի և ծախսերի համար, որոնք ամենևին էլ այդքան շատ չեն...
― Ես դա չեմ ասում... Ես իրավունք չունեմ բեռ դառնալ...
― Բանական և քաղաքացիական զգացումներ, բայց հավատացեք, որ Շատովը համարյա թե ոչինչ չի ծախսի, եթե ուզենա երևակայական պարոնից թեկուզ աննշան չափով վերածվել ճիշտ գաղափարներ ունեցող մարդու։ Պետք է սոսկ հիմարություններ չանել, թմբուկ չզարկել, լեզուն հանած վազ չտալ քաղաքով մեկ։ Նրա ձեռքը եթե չբռնես, ապա նա առավոտվա դեմ գուցեև ոտքի հանի այստեղի բոլոր բժիշկներին, հո ոտքի հանե՞ց մեր փողոցի բոլոր շներին։ Բժիշկ հարկավոր չէ, ես արդեն ասացի, որ երաշխավորում եմ ամեն բան։ Կարելի է մի պառավ կին վարձել գուցե, որպես աղախին, դա չնչին բան է։ Իմիջիայլոց, ինքն էլ կարող է որևէ բանի պետք գալ, ոչ թե մենակ հիմարությունների։ Ձեռք ու ոտքը տեղը, դեղատուն կվազի, առանց ձեր զգացմունքները վիրավորելու բարեգործությամբ։ Ի՜նչ գրողի տարած բարեգործություն։ Մի՞թե ինքը ձեզ չի հասցրել այդ վիճակին։ Մի՞թե ինքը ձեզ չի կռվացրել այն ընտանիքի հետ, ուր դաստիարակչուհի էիք՝ ձեզ հետ ամուսնանալու եսապաշտական նպատակներով։ Ախր մենք լսել ենք... Ի դեպ, հենց ինքը նոր վազեվազ եկավ, խենթացածի պես ու ձայնը գցել էր փողոցով մեկ։ Ես ոչ մեկի չեմ պարտադրում ինձ ու եկել եմ միայն ձեզ համար, այն սկզբունքից, որ մերոնք բոլորը պարտավոր են համերաշխ լինել։ Ես դա հայտնեցի նրան, տնից դեռ դուրս չեկած։ Եթե ձեր կարծիքով, ես ավելորդ եմ, ապա մնացեք բարով, միայն թե փորձանքի չգաք, որը շատ հեշտ է վերացնել։
Եվ նա նույնիսկ վեր կացավ աթոռից։
Marie-ն այնքան էր անօգնական, այնքան էր տառապած և, ճշմարիտն ասած, այնպես էր վախեցած առաջիկայից, որ չհամարձակվեց բաց թողնել նրան։ Բայց այդ կինը հանկարծ ատելի դարձավ նրան, բոլորովին այն չէր ասում, միանգամայն ուրիշ բան էր Marie-ի հոգում։ Սակայն անփորձ տատմոր ձեռքին հնարավոր մահվան մարգարեությունը հաղթեց խորշանքին։ Փոխարենը՝ այդ պահից Շատովի նկատմամբ դարձավ էլ ավելի պահանջկոտ, էլ ավելի անողորմ։ Բանը վերջապես հասավ նրան, որ արգելեց ոչ միայն նայել իրեն, այլև դեմքով դեպի իրեն կանգնել։ Գնալով սաստկանում էին ցավերը։ Նզովքները, անգամ հայհոյանքն ավելի ու ավելի կատաղած էին դառնում։
― Է, մենք նրան դուրս կուղարկենք,― կտրուկ ասաց Արինա Պրոխորովնան,― երեսին գույն չկա, միայն ձեզ է վախեցնում, մեռելի պես գունատվել է։ Ասացեք խնդրեմ, ձե՞զ ինչ է եղել, ծիծաղելի գիժ։ Այ քեզ կոմեդիա։
Շատովը չպատասխանեց, որոշել էր ոչինչ չպատասխանել։
― Տեսել եմ հիմարիկ հայրերի նման դեպքերում, նույնպես խելքները թռցնում են։ Բայց դե, նրանք համենայն դեպս...
― Վերջ տվեք կամ թողեք ինձ՝ սատկեմ։ Ոչ մի խոսք չասեք։ Չեմ ուզո՜ւմ, չե՜մ ուզում,― ձայնը գլուխը գցեց Marie-ն։
― Ոչ մի խոսք չասել չի կարելի, եթե ինքներդ խելքը չեք թռցրել, ինչպես ձեզ եմ հասկանում, այդպիսի վիճակում։ Համենայն դեպս, գործից է պետք խոսել, ասեք ինչ-որ բան նախապատրաստվա՞ծ է ձեզ մոտ։ Պատասխանեք, Շատով, նա դրա գլուխը չունի։
― Ասացեք, ի՞նչ է պետք հատկապես։
― Ուրեմն, ոչինչ չի պատրաստված։
Նա թվարկեց անհրաժեշտաբար հարկավոր ամեն ինչ, և արժանին է պետք հատուցել՝ սահմանափակվեց ամենախիստ անհրաժեշտով, չունևորության աստիճան։ Ինչ-որ բաներ ճարվեցին Շատովի մոտ։ Marie-ն հանեց բանալին ու պարզեց նրան, որ փնտրի իր պայուսակում։ Քանի որ Շատովի ձեռքերը դողդողում էին, ապա նա անծանոթ փակը բացելու վրա քիչ ավելի բնբնաց, քան պետք էր։ Marie-ն ելավ հունից, բայց երբ Արինա Պրոխորովնան փութով մոտեցավ՝ Շատովից բանալին վերցնելու, ապա ոչ մի դեպքում չթույլատրեց նայել իր պայուսակը և խելառ ճիչերով ու լացով պնդեց, որ պայուսակը բացի միայն Շատովը։
Որոշ իրերի համար հարկ եղավ վազել Կիրիլլովի մոտ։ Հենց Շատովը շրջվում էր՝ գնալու, Marie-ն սկսում էր մոլեգնած ետ կանչել նրան ու հանգստանում սոսկ այն ժամանակ, երբ սանդուղքի վրայից գլխապատառ ետ վազած Շատովը բացատրում էր, թե ընդամենը մի րոպեով է գնում՝ ամենաանհրաժեշտը բերելու և իսկույն կվերադառնա։
― Է՜, տիկին, ձեզ դժվար է գոհացնել,― ծիծաղեց Արինա Պրոխորովնան,― մեկ՜ կանգնիր դեմքով դեպի պատն ու չհամարձակվես ինձ նայել, մեկ էլ՝ չհամարձակվես մի րոպե անգամ բացակայել, լաց կլինեք։ Չէ՞ որ այդպես նա ուրիշ-ուրիշ բաներ էլ կմտածի։ Լավ, խելառություններ մի արեք, ես ծիծաղում եմ։
― Նա չի համարձակվի ոչինչ մտածել։
― Տա՛-տա՛-տա՛-տա՛, եթե սիրահարված չլիներ ձեզ ոչխարի պես, լեզուն հանած վազ չէր տա փողոցներով ու քաղաքով մեկ շներին ոտի չէր հանի։ Պատուհանիս շրջանակը տեղահան արեց։
=== V ===
Շատովը Կիրիլլովին տեսավ սենյակում դեռևս անկյունից անկյուն քայլելիս, այնքան ցրված, որ մոռացել էր նույնիսկ Մարյայի գալստյան մասին,լսում ու չէր հասկանում։
― Ախ, հա՜,― հիշեց նա հանկարծ, ասես ճիգով և լոկ մի ակնթարթով կտրվելով իրեն կլանած ինչ-որ մտքից,― հա... պառավ կին... Կինը կամ պառավը։ Սպասեք, թե կինը, թե պառավը, չէ՞։ Հիշում եմ, գնացել էիր, պառավը կգա, բայց ոչ հիմա։ Վերցրեք բարձը։ Է՞լ ինչ։ Հա... Սպասեք, Շատով, դուք ունենո՞ւմ եք հավերժական ներդաշնակության րոպեներ։
― Գիտեք, Կիրիլլով, ձեզ այլևս չի կարելի գիշերները չքնել։
Կիրիլլովը սթափվեց, և տարօրինակ բան՝ խոսեց շատ ավելի սահուն, քան նույնիսկ միշտ էր խոսում, երևում էր, որ այս ամենը վաղուց արդեն ձևակերպել էր, նույնիսկ գրի առել.
― Վայրկյաններ կան, բոլորը միասին հինգ կամ վեցն են լինում, դուք հանկարծ զգում եք հավերժական ներդաշնակության առկայությունը՝ միանգամայն հասանելի։ Դա երկրային բան չէ։ Այն չեմ ասում, թե երկնային է, այլ որ մարդն իր երկրային տեսքով չի կարող դիմանալ։ Հարկ է փոխվել ֆիզիկապես կամ մեռնել։ Հստակ ու անվիճարկելի զգացմունք է։ Կարծես հանկարծ ներզգում եք համակ բնությունը և հանկարծ ասում, այո՜, սա է ճշմարիտը։ Աստված, երբ աշխարհն էր ստեղծում, ապա ստեղծման ամեն օրվա վերջում ասում էր. «Այո, ճիշտը սա է, լավ է սա»։ Դա... դա խանդաղատանք չէ, այլ միայն այնպես, բերկրանք է։ Դուք չեք ներում ոչինչ, որովհետև ներելու բան չկա արդեն։ Դուք չէ թե սիրում եք՝ օ՜, սիրուց վեր բան է դա։ Ամենից սարսափելին, որ այդպես ահավոր հստակ է և այդքան բերկրալի։ Եթե հինգ վայրկյանից ավելին լինի, ապա հոգին չի դիմանա ու պիտի չքանա։ Այդ հինգ վայրկյանում ես կյանք եմ ապրում և դրա դիմաց կտամ իմ ամբողջ կյանքը, քանի որ արժե։ Տասը վայրկյան դիմանալու համար պիտի փոխվել ֆիզիկապես։ Ես կարծում եմ, մարդս պիտի դադարի ծնել։ Ինչի՞ են պետք երեխաները, ինչի՞ է պետք զարգացումը, թե որ նպատակը ձեռք է բերված։ Ավետարանում ասված է, որ հարության ժամանակ չեն ծնելու, այլ կլինեն Աստծո հրեշտակների պես։ Ձեր կինը ծննդաբերո՞ւմ է։
― Կիրիլլով, դա հաճա՞խ է լինում։
― Երեք օրը՝ մեկ, շաբաթը՝ մեկ։
― Ընկնավորություն չունե՞ք։
― Չէ։
― Ուրեմն, կլինի։ Զգուշացեք, Կիրիլլով, ես լսել եմ, որ հենց այդպես է սկսվում ընկնավորությունը։ Մի ընկնավոր մանրամասն նկարագրել է նոպային նախորդող այդ սկզբնական զգացողությունը, ճիշտ և ճիշտ ձեզ պես. հինգ վայրկյանը նա էլ էր նշում ու ասում, որ ավելին դիմանալ չի լինի։ Հիշեք Մուհամմեդի սափորը, որը չհասցրեց դատարկվել, քանի դեռ նա ձիով թռչում-շրջում էր դրախտը՝ չէ որ դա էլ է հինգ ակնթարթ։ Շատ է հիշեցնում ձեր ներդաշնակությունը, իսկ Մուհամմեդն ընկնավոր էր։ Զգուշացեք, Կիրիլլով, ընկնավորություն է։
― Չի հասցնի,― քթի տակ կամացուկ ծիծաղեց Կիրիլլովը։
=== VI ===
Գիշերն անցնում էր։ Շատովին վռնդում էին, նախատում, ետ կանչում։ Marie-ն հասել էր իր կյանքի համար վախի վերջին աստիճանին։ Նա բղավում էր, թե ուզում է ապրել, «անպայման, անպայման» և վախենում է մեռնել։ «Պետք չէ՜, պետք չէ»,― կրկնում էր նա։ Եթե չլիներ Արինա Պրոխորովնան, շատ վատ էր լինելու։ Կամաց-կամաց նա կատարելապես տիրապետեց իր հիվանդին։ Վերջինս սկսեց լսել նրա յուրաքանչյուր բառը, ամեն մի բղավոցը՝ երեխայի պես։ Արինա Պրոխորովնան դրան հասավ խստությամբ և ոչ փաղաքշանքով, փոխարենը՝ գործում էր վարպետորեն։ Լույսն սկսեց բացվել։ Արինա Պրոխորովնան հանկարծ մոգոնեց, թե Շատովը նոր դուրս էր վազել սանդուղքի վրա և Աստծուն էր աղոթում ու սկսեց ծիծաղել։ Marie-ն նույնպես ծիծաղեց չարացած, թունալի, ճիշտ կարծես ավելի թեթևացավ այդ ծիծաղից։ Ի վերջո, Շատովին դուրս արեցին վերջնականապես։ Բացվեց խոնավ, ցուրտ առավոտը։ Շատովը դեմքով սեղմվեց պատին՝ անկյունում,ճիշտ և ճիշտ երեկվա պես, երբ ներս մտավ Էրկելը։ Նա դողում Էր տերևի պես, վախենում Էր մտածել, բայց ուղեղը կառչում էր մտքում պատկերվող ամեն ինչից՝ այդպես երազում Է լինում։ Անուրջներն անդադար տանում Էին նրան և անդադար կտրատվում, փտած թելերի պես։ Ի վերջո, սենյակից լսվեցին այլևս ոչ տնքոցներ, այլ զարհուրելի, զուտ կենդանական բղավոցներ՝ անտանելի, անդիմանալի։ Նա ուզում Էր խցել ականջները, բայց չէր կարողանում, ընկնում էր ծնկներին, անգիտակցաբար կրկնելով. «Marie! Marie!»։ Եվ ահա, վերջապես ճիչ լսվեց, նոր ճիչ էր, որից Շատովը ցնցվեց ու վեր թռավ ծնկած տեղից, փոքրիկի ճիչն էր՝ թույլ, խզված։ Նա խաչակնքվեց ու իրեն գցեց սենյակ։ Արինա Պրոխորովնայի ձեռքերի մեջ ճչում, ճստիկ թաթիկներն ու տոտիկներն էր թափահարում փոքրիկ, կարմիր, կնճռապատ էակը՝ ահավոր անպաշտպան ևքամու թեթևշնչից փոշեհատիկի պես կախված, սակայն ճչացող ու իր մասին ազդարարող, որ իբր նույնպես ամենակատարյալ իրավունքն ունի ապրելու... Marie-ն պառկած էր ասես անզգա, բայց մի րոպե անց բացեց աչքերը և տարօրինակ նայեց Շատովին, բոլորովին կարծես նոր էր այդ հայացքը, հատկապես ինչպիսի՝ նա դեռ ի զորու չէր հասկանալ, բայց նախկինում երբեք չէր տեսել ու չէր հիշում կնոջ այդ հայացքը։
― Տղա՞ է։ Տղա՞,― հիվանդ ձայնով հարցրեց կինը Արինա Պրոխորովնային։
― Տղուկ է,― բղավեց նա ի պատասխան՝ փաթաթելով մանկանը։
Մի պահ, երբ արդեն փաթաթել և պատրաստվում էր դնել մահճակալի լայնքով, երկու բարձի արանքում, նա մանկանը տվեց Շատովին՝ պահելու։ Marie-ն մի տեսակ գողունի և կարծես վախենալով Արինա Պրոխորովնայից, գլխով արեց Շատովին։ Վերջինս իսկույն հասկացավ և մոտեցրեց՝ նրան ցույց տալու փոքրիկին։
― Ի՜նչ... լավիկն է...― թույլ շշնջաց կինը՝ ժպտալով։
― Փո՛ւհ, ինչպես է նայում,― զվարթ ծիծաղեց Արինա Պրոխորովնան՝ նայելով Շատովի դեմքին։― Ինչ դեմք ունի, էէ՜։
― Ուրախացեք, Արինա Պրոխորովնա... Սա մեծ բերկրանք է...― ապուշ կտրած երանական տեսքով մրմնջաց Շատովը՝ մանկան մասին Marie-ի երկու խոսքից փայլելով։
― Էդ ինչ մեծ ուրախություն է որ,― զվարճանում էր Արինա Պրոխորովնան՝ իրար անցած հավաքելով ու տաժանակրի պես աշխատելով։
― Նոր էակի հայտնվելու գաղտնիքը, մեծ գաղտնիքն ու անբացատրելին, Արինա Պրոխորովնա, և ինչքան ափսոս, որ դա չեք հասկանում։
Շատովը մրմնջում էր անկապ, արբեցած ու ցնծագին։ Կարծես ինչ-որ բան էր գնում-գալիս նրա գլխում և ինքնաբերաբար, կամքից անկախ, դուրս էր հորդում նրա հոգուց։
― Երկուսն էին, ու հանկարծ՝ երրորդ մարդը, նոր ոգի, ամբողջական, ավարտուն, ինչպես չի ստեղծվում մարդու ձեռքով, նոր միտք և նոր սեր, նույնիսկ ահավոր է... Եվ չկա ոչինչ ավելի վեր աշխարհում։
― Հո չասե՜ց։ Պարզապես օրգանիզմի հետագա զարգացում է, և ոչինչ չկա այդտեղ, ոչ մի գաղտնիք,― անկեղծորեն և ուրախ քրքջում էր Արինա Պրոխորովնան։― Էդպես՝ ամեն մի ճանճ էլ գաղտնիք է։ Բայց ահա թե ինչ. ավելորդ մարդիկ պետք չէ, որ ծնվեն։ Ամեն ինչ սկզբից էնպես փոխեք, որ նրանք ավելորդ չլինեն, հետո ծնեք նրանց։ Թե չէ, ահա, վաղը չէ, մյուս օրը նրան որբանոց են քարշ տալու... Իմիջիայլոց, այդպես էլ պետք է։
― Իմ մոտից նա երբեք չի գնա որբանոց,― հայացքը հատակին հառած, հաստատուն ասաց Շատովը։
― Որդեգրելո՞ւ եք։
― Նա իմ որդին է որ կա։
― Իհարկե, նա Շատով է, օրենքով՝ Շատով, ու կարիք չկա ներկայանաք որպես մարդկային ցեղի բարերար։ Առանց ճոռոմ խոսքերի չեն կարող։ Դե, լավ, լավ, միայն ահա թե ինչ, պարոնայք,― ի վերջո, ավարտեց նա հավաքվելը,― իմ գնալու ժամանակն է։ Ես դեռ առավոտն էլ կգամ ու երեկոյան կգամ, եթե պետք է, իսկ հիմա, քանի որ ամեն բան շատ բարեհաջող վերջացավ, ուրիշների մոտ էլ պիտի շտապել, վաղուց են սպասում։ Շատով, այնտեղ, ձեզ մոտ մի պառավ կա նստած, պառավը՝ պառավ, բայց դուք էլ մի թողեք մենակ, ամուսնյակ, նստեք կողքը, վայ թե պետք գաք։ Կարծում եմ, Մարյա Իգնատևնան էլ չի քշի ձեզ... Լավ, լավ, կատակ եմ անում...
Դարպասի մոտ, ուր ուղեկցեց նրան Շատովը, Արինա Պրոխորովնան ավելացրեց՝ արդեն մենակ Շատովին.
― Մինչև կյանքիս վերջն ինձ ծիծաղեցրիք։ Ձեզնից փող չեմ վերցնի, երազիս էլ կծիծաղեմ։ Այս գիշեր ձեզ պես ծիծաղելի ուրիշ ոչինչ չեմ տեսել։
Նա գնաց՝ միանգամայն գոհ։ Շատովի տեսքից և նրա խոսքերից պարզ օրվա պես հստակ էր, որ այդ մարդը «պատրաստվում է հայրության և վերջին լաթի կտոր է»։ Նա դիտավորյալ տուն վազեց՝ այդ մասին Վիրգինսկուն հայտնելու, թեև ավելի ուղիղ ու մոտ էր մեկ այլ ծննդկանի մոտ շտապելը։
― Marie, նա կարգադրեց քեզ որոշ ժամանակ դեռ չքնել, թեև տեսնում եմ, որ դա անասելի դժվար է...― երկչոտ սկսեց Շատովը։― Ես այստեղ, պատուհանի մոտ կնստեմ ու կհսկեմ քեզ, հա՞։
Եվ նա նստեց պատուհանի մոտ՝ բազմոցի ետևում, այնպես որ կինը ոչ մի կերպ չէր կարող տեսնել նրան։ Բայց մի րոպե էլ չանցավ, նա մոտ կանչեց և խորշանքով խնդրեց ուղղել բարձը։ Շատովը սկսեց ուղղել։ Կինը բարկացած նայում էր պատին։
― Այդպես չէ, օ՜հ, այդպես չէ... Այդ ի՜նչ ձեռքեր են։
Շատովն էլի ուղղեց։
― Կռացեք դեպի ինձ,― հանկարծ օտարոտի ասաց կինը՝ հնարավորին չափ ջանալով չնայել Շատովին։
Վերջինս ցնցվեց, բայց կռացավ։
― Էլի... այդպես չէ... ավելի մոտ,― ու հանկարծ կնոջ ձախ ձեռքը թափով գրկեց նրա վիզը, և Շատովն իր ճակատին զգաց Մարյայի պինդ, խոնավ համբույրը։
― Marie!։
Կնոջ շուրթերը դողում էին, նա զսպում էր իրեն, բայց մեկեն կռթնեց և աչքերը շողացնելով, ասաց.
― Նիկոլայ Ստավրոգինը սրիկա է։
Եվ ուժասպառ, հնձվածի պես դեմքով ընկավ բարձին՝ հիստերիկ հեկեկալով և ամուր սեղմելով Շատովի ձեռքը։
Այդ րոպեից արդեն նա չէր թողնում Շատովին հեռանալ իրենից, պահանջում էր, որ նա նստի գլխավերևում։ Խոսել կարող էր քիչ, բայց ամբողջ ժամանակ Շատովին էր նայում ու ժպտում նրան՝ խելապակասի նման։ Մի տեսակ թեթևամիտ էր դարձել հանկարծակի։ Ամեն ինչ կարծես վերածնվել էր։ Շատովը մեկ լալիս էր փոքր տղայի պես, մեկ խոսում Աստված գիտե, թե ինչ՝ խենթ, արբեցած, ոգեշնչված, համբուրում էր կնոջ ձեռքերը։ Marie-ն լսում էր զմայլված, գուցեև չհասկանալով, բայց թուլացած ձեռքով քնքշորեն խաղում էր նրա մազերի հետ, հարթում դրանք, հիանում։ Շատովը խոսում էր Կիրիլլովի մասին, այն մասին, թե ինչպես իրենք ապրել կսկսեն՝ «նորովի և ընդմիշտ», Աստծո գոյության մասին և որ բոլորն էլ լավն են... Հիացմունքով նորից վերցրեցին մանկանը՝ նայելու։
― Marie,― բղավեց Շատովը՝ ձեռքերում բռնած մանկանը,― վերջացած է հին զառանցանքի հետ կապը, խայտառակության ու մեռելների հետ։ Եկ, աշխատենք և նոր ճամփա ելնենք երեքով, այո, այո... Ախ, հա՜, իսկ ի՞նչ ենք դնելու անունը։
― Նրա՞։ Անունը՝ ի՞նչ,― կրկնեց կինը զարմանքով և հանկարծ դեմքին ահավոր տրտմություն գծագրվեց։
Նա ափերն իրար զարկեց, կշտամբանքով լի նայեց Շատովին և դեմքը թաղեց բարձի մեջ։
― Marie, քեզ ի՞նչ եղավ,― ճչաց Շատովը՝ տրտմալի վախով։
― Եվ դուք կարող էիք, կարող էիք... Օ՜, երախտամոռ։
― Marie, ներիր, Marie... Ես միայն հարցրի՝ անունն ինչ դնենք։ Ես չգիտեմ...
― Իվան, Իվան,― նա բարձրացրեց վառվող ու արցունքներից թրջված դեմքը,― մի՞թե կարող էիք ենթադրել, թե մեկ ուրիշ սարսափելի անուն կդնենք։
― Marie, հանգստացիր, օ՜, ինչպես ես հուզված։
― Նո՜ր կոպտություն։ Ի՞նչն եք վերագրում հուզմունքին։ Գրազ եմ գալիս, որ եթե ասեի անունը դնենք... այն սարսափելի անունը, դուք տեղնուտեղը կհամաձայնեիք, նույնիսկ չէիք էլ անդրադառնա։ Օ՜, երախտամոռներ, ստորներ, բոլո՛րը, բոլո՛րը։
Մի րոպե անց, իհարկե, հաշտվեցին։ Շատովը համոզեց նրան՝ քնել։ Կինը քնեց, բայց դեռևս բաց չէր թողնում Շատովի ձեռքը, հաճախ արթնանում էր, նրան նայում, ասես վախենալով, որ կգնա, ու նորից էր քնում։
Կիրիլլովը պառավին ուղարկեց՝ «շնորհավորելու», և բացի դրանից, տաք թեյ էլ էր ուղարկել, հենց նոր տապակած կոտլետներ և մսաջուր սպիտակ հացով՝ «Մարյա Իգնատևնայի» համար։ Հիվանդը մսաջուրը խմեց ագահությամբ, պառավը նորից բարուրեց փոքրիկին, Marie-ն Շատովին էլ ստիպեց կոտլետ ուտել։
ժամանակն անցնում էր։ Շատովը՝ ուժասպառ, ինքն էլ քնեց աթոռին՝ գլուխը դրած Marie-ի բարձին։ Այդպես էլ գտավ նրանց իր խոսքի տեր Արինա Պրոխորովնան, ուրախ-ուրախ արթնացրեց նրանց, Marie-ի հետ ինչ պետք էր խոսեց, զննեց մանկանը և Շատովին նորից կարգադրեց չհեռանալ։ Ապա, սրամտելով «ամուսինների» վերաբերյալ՝ արհամարհանքի և բարձրամտության որոշ երանգով, գնաց նույնքան գոհ, ինչպես և քիչ առաջ։
Արդեն լրիվ մութ էր, երբ Շատովն արթնացավ։ Շտապ վառեց մոմն ու վազեց՝ պառավին կանչելու, բայց հազիվ էր իջել սանդուղքից, երբ ինչ-որ մեկի կամացուկ, անշտապ, դրսից իրեն ընդառաջ ելնող ոտնաձայնը զարմացրեց նրան։ Էրկելն էր։
― Չմտնեք,― շշնջաց Շատովը և փութով բռնելով նրա ձեռքը՝ ետ քաշեց դարպասի մոտ։― Սպասեք այստեղ, ես հիմա կգամ, բոլորովին, բոլորովին մոռացել էի ձեր մասին։ Օ՜, ինչպես հիշեցրիք։
Նա այնպես իրար անցավ, որ նույնիսկ չմտավ Կիրիլլովի մոտ, այլ միայն պառավին կանչեց։ Marie-ն հուսալքության և զայրույթի մեջ ընկավ, որ նա «կարող էր մտածել անգամ իրեն մենակ թողնել»։
― Բայց,― բղավեց Շատովը ոգեշնչված,― սա արդեն ամենավերջին քայլն է։ Իսկ հետո՝ նոր ճամփա, և երբեք, երբեք չենք հիշի հին սարսափի մասին։
Մի կերպ համոզեց կնոջը և խոստացավ վերադառնալ ճիշտ ժամը իննին։ Պինդ համբուրեց նրան, համբուրեց մանկանը և արագ վազեց Էրկելի մոտ։
Երկուսով ճամփա ելան դեպի ստավրոգինյան պուրակը Սկվորեշնիկիում, ուր մեկուկես տարի առաջ, մեկուսի տեղում, պուրակի ամենածայրին, այնտեղ, որտեղից արդեն սոճու անտառն Էր սկսվում, թաղված Էր իրեն վստահված տպարանը։ Վայրի ու ամայի տեղ էր, միանգամայն աննկատ՝ սկվորեշնիկովյան տնից բավական հեռու ընկած։ Ֆիլիպպովի տնից պիտի գնային երեքուկես, գուցեև չորս վերստ։
― Կարո՞ղ է լրիվ ոտքով ենք գնալու։ Ես կառք կվերցնեմ։
― Շատ եմ խնդրում ձեզ՝ չվերցնել,― առարկեց Էրկելը,― նրանք հենց դա էին պնդում։ Կառապանը նույնպես վկա Է։
― Է՛... գրողը տանի։ Միևնույն Է, միայն թե վերջացնել, վերջացնել։
Քայլեցին շատ արագ։
― Էրկել, փոքրիկ դուք տղա,― բղավեց Շատովը։― Երբևէ երջանիկ եղե՞լ եք։
― Իսկ դուք հիմա կարծես թե շատ եք երջանիկ,― հետաքրքրությամբ նշեց Էրկելը։
== Գլուխ վեցերորդ. Բազում դժվարությունների գիշեր ==