== Գլուխ վեցերորդ. Բազում դժվարությունների գիշեր ==
=== I ===
Օրվա ընթացքում Վիրգինսկին երկու ժամ ծախսեց, որ վազեվազ շրջի բոլոր ''մերոնց'' մոտ ու հայտնի, որ Շատովը հաստատ չի մատնելու, քանզի կինն է վերադարձել մոտը և երեխա է ծնվել, ու «գիտնալով սիրտը մարդկային», ենթադրել չի կարելի, թե նա կարող է այդ պահին վտանգավոր լինել։ Բայց ի զարմանս, համարյա ոչ ոքի չգտավ տանը, Էրկելից ու Լյամշինից բացի։ Էրկելը դա լսեց լուռ և նրա աչքերին նայելով հստակ, իսկ ուղղակի հարցին՝ «Գնալո՞ւ է, արդյոք, ժամը վեցին, թե՝ ոչ», ամենավճիտ ժպիտով պատասխանեց, որ «իհարկե, կգնա»։
Լյամշինը պառկած էր, ըստ երևույթին լուրջ հիվանդ, գլուխը փաթաթած վերմակի մեջ։ Ներս մտած Վիրգինսկուց վախեցավ և հենց նա սկսեց խոսել, միանգամից թափահարեց ձեռքերը վերմակի տակից՝ աղաչելով հանգիստ թողնել իրեն։ Սակայն Շատովի մասին ամեն ինչ լսեց, իսկ այն լուրից, որ ոչ ոք տանը չէ, չգիտես ինչու սաստիկ զարմացավ։ Պարզվեց նմանապես, որ արդեն գիտե (Լիպուտինից) Ֆեդկայի մահվան մասին և դա պատմեց Վիրգինսկուն շտապ-շտապ ու անկապ՝ իր հերթին ապշեցնելով նրան։ Իսկ Վիրգինսկու ուղղակի հարցին՝ «Պե՞տք է գնալ, թե՝ ոչ», հանկարծ նորից սկսեց աղաչել, ձեռքերը թափահարելով, որ ինքը «մի կողմ է քաշված, ոչինչ չգիտե և որ իրեն հանգիստ թողնեն»։
Վիրգինսկին տուն վերադարձավ ընկճված և սաստիկ տագնապած, նրա համար ծանր էր և այն, որ պիտի թաքցներ ընտանիքից։ Նա սովոր էր ամեն ինչ հայտնել կնոջը, և եթե նրա բորբոքված ուղեղում այդ րոպեին մի նոր միտք չառկայծեր, հետագա գործողությունների մի նոր, հաշտեցնող պլան, ապա կարող է պատահել, պառկեր անկողնում, ինչպես Լյամշինը։ Սակայն նոր միտքը նրան գոտեպնդեց ու դա քիչ է, նույնիսկ անհամբերությամբ սկսեց սպասել ժամին և նույնիսկ հարկ եղածից ավելի շուտ ճամփա ընկավ հավաքատեղի։
Շատ մռայլ մի տեղ էր դա՝ ստավրոգինյան հսկայական պուրակի ծայրին։ Ես հետո դիտավորյալ գնացի այդ տեղը՝ նայելու, թե ինչքան մռայլ պիտի թվար դա աշնանային այն խստաշունչ երեկո։ Այդտեղից ծայր էր առնում հին, տնկովի անտառը։ Վիթխարի, դարավոր սոճիները խոժոռ ու տրտում բծերով առանձնանում էին խավարի մեջ։ Այնպիսի խավար, որ երկուքայլի վրա համարյա չէր կարելի տեսնել միմյանց, սակայն Պյոտր Ստեպանովիչը, Լիպուտինը, իսկ հետո Էրկելն իրենց հետ լապտերներ բերեցին։ Հայտնի չէ, թե ինչի համար և երբ, անհիշելի ժամանակներում, կոպիտ ու անտաշ քարերով այստեղ բավական ծիծաղելի մի քարանձավ էր սարքվել։ Անձավի ներսում սեղանը, նստարանները վաղուց արդեն փտել ու կոտրատվել էին։ Սի երկու հարյուր քայլ դեպի աջ վերջանում էր պուրակի երրորդ լճակը։ Հենց տան մոտից սկսվող այդ երեք լճակները սփռված էին մեկը մյուսի ետևից, մի վերստ ու ավելի, մինչև պուրակի ամենածայրը։ Դժվար էր ենթադրել, թե որևէ աղմուկ, բղավոց կամ նույնիսկ կրակոց կարող էր հասնել ստավրոգինյան լքյալ տան բնակիչներին։ Նիկոլայ Վսեվոլոդովիչի երեկվա մեկնելուց և Ալեքսեյ Եգորըյչի գնալուց հետո, տան մեջ ոչ ավելի, քան հինգ, թե վեց հոգի էին մնացել, այսպես ասած, հաշմանդամային բնույթի մարդիկ։ Համենայն դեպս, համարյա կատարյալ հավանականությամբ կարելի էր ենթադրել, որ եթե այդ մեկուսացված բնակիչներից մեկնումեկը լսեր էլ բղավոցներ կամ օգնության ճիչեր, ապա սոսկ վախ կհարուցեին դրանք, բայց և ոչ ոք տաք վառարանների և տաքացրած թախտերի վրայից չէր շարժվի օգնության։
Վեցն անց քսան, համարյա արդեն բոլորը, բացի Շատովի ետևից ուղարկված Էրկելից, հավաքվել էին։ Պյոտր Ստեպանովիչն այս անգամ չուշացավ, նա եկել էր Տոլկաչենկոյի հետ։ Տոլկաչենկոն խոժոռված էր ու մտահոգ, նրա շինծու և հանդուգն-պարծենկոտ ամբողջ վճռականությունը չքացել էր։ Նա համարյա չէր հեռանում Պյոտր Ստեպանովիչից և թվում էր, հանկարծակի դարձել էր անսահմանորեն նվիրված նրան, հաճախակի և իրար անցած սկսում էր փսփսալ նրա հետ, բայց սա համարյա չէր պատասխանում նրան, կամ էլ փնթփնթում ինչ-որ բան՝ օձիքն ազատելու համար։
Վիրգինսկին և Շիգալյովը հայտնվեցին Պյոտր Ստեպանովիչից նույնիսկ քիչ ավելի շուտ և նրա երևալուն պես, մի կողմ քաշվեցին իսկույն, խորն ու հստակորեն դիտավորյալ լռության մեջ։ Պյոտր Ստեպանովիչը բարձրացրեց լապտերը և զննեց նրանց անթաքույց ու վիրավորիչ ուշադրությամբ։ «Խոսել են ուզում»,― անցավ նրա գլխով։
― Լյամշինը չկա՞,― հարցրեց նա Վիրգինսկուց։― Ո՞վ ասաց, թե նա հիվանդ է։
― Ես այստեղ եմ,― արձագանքեց Լյամշինը՝ հանկարծակի դուրս գալով ծառի ետևից։ Տաք վերարկուով էր ու շալով պինդ փաթաթված, այնպես որ դժվար էր զննել նրա կերպարանքը նույնիսկ լապտերով։
― Ուրեմն, միայն Լիպուտի՞նը չկա։
Եվ Լիպուտինը լուռ ելավ քարանձավից։ Պյոտր Ստեպանովիչը նորից բարձրացրեց լապտերը։
― Ինչո՞ւ էիք մտել այնտեղ, ինչո՞ւ չէիք դուրս գալիս։
― Ես ենթադրում եմ, որ մենք բոլորս պահպանում ենք մեր շարժումների... ազատության իրավունքը,― մրթմրթաց Լիպուտինը, ի դեպ, հավանաբար ոչ այնքան հասկանալով, թե ինչ է ուզում ասել։
― Պարոնայք,― ձայնը բարձրացրեց Պյոտր Ստեպանովիչը՝ առաջին անգամ խախտելով կիսաշշունջը, ինչը տպավորություն գործեց,― կարծում եմ, դուք լավ եք հասկանում, որ հիմա ավելորդ խոսակցությունների պետքը չունենք։ Երեկ ամեն բան ասվեց ու ծամծմվեց՝ ուղղակի և որոշակի։ Սակայն գուցե, ինչպես տեսնում եմ կերպարանքներից, մեկնումեկն ուզում է ինչ-որ բան հայտարարել։ Այդ դեպքում, խնդրում եմ՝ շո՛ւտ։ Գրողը տանի, ժամանակը քիչ է, իսկ Էրկելը կարող է հիմա բերել նրան...
― Նա անպայման կբերի նրան,― հայտնի չէ, ինչի համար, ագուցեց Տոլկաչենկոն։
― Եթե չեմ սխալվում, սկզբից կլինի տպարանի փոխանցո՞ւմը,― տեղեկացավ Լիպուտինը՝ նորից կարծես չհասկանալով՝ ինչի համար է հարցը տալիս։
― Դե իհարկե, հո չե՞նք կորցնելու եղածը,― լապտերը նրա դեմքին պահեց Պյոտր Ստեպանովիչը։― Բայց չէ որ երեկ բոլորով պայմանավորվեցինք, որ իսկականից ընդունել պետք չէ։ Թող նա միայն տեղը ցույց տա ձեզ, թե որտեղ է թաղել, հետո ինքներս կփորենք-կհանենք։ Ես գիտեմ, որ մի տասը քայլի վրա է այս քարանձավի որևէ անկյունից... Բայց գրողը տանի, ինչպե՞ս եք դա մոռացել, Լիպուտին։ Պայմանավորված է, որ նրան կդիմավորեք դուք մենակ, իսկ հետո արդեն մենք դուրս կգանք... Տարօրինակ է, որ հարցնում եք, թե՞ դուք հենց այնպես։
Լիպուտինը՝ մռայլված, լռեց։ Բոլորը լռել էին։ Քամին ճոճում էր սոճիների կատարները։
― Պարոնայք, սակայն ես հուսով եմ, որ յուրաքանչյուրը կկատարի իր պարտքը,― անհամբերությամբ ընդհատեց Պյոտր Ստեպանովիչը։
― Ես գիտեմ, որ Շատովի մոտ է եկել կինը և երեխա ունեցել,― մեկեն սկսեց Վիրգինսկին՝ հուզվելով, շտապելով, հազիվ արտաբերելով բառերը և ձեռքերը թափահարելով։― Գիտնալով սիրտը մարդկային... կարելի է վստահ լինել, որ հիմա նա չի մատնի... որովհետև երջանկության մեջ է... Այնպես որ ես առավոտից եղել եմ բոլորի մոտ ու ոչ ոքի չեմ տեսել... այնպես որ գուցե հիմա բոլորովին էլ պետք չէ...
Նա կանգ առավ, շունչը կտրվում էր։
― Եթե դուք, պարոն Վիրգինսկի, հանկարծ երջանկանայիք,― քայլ գցեց նրա կողմը Պյոտր Ստեպանովիչը,― ապա կհետաձգեի՞ք, արդյոք, ոչ թե մատնությունը, խոսքը դրա մասին չէ, այլ որևէ քաղաքացիական սրտոտ սխրանք, որը մտադրվել էիք նախքան երջանկությունը, որը կհամարեիք ձեր պարտքն ու պարտականությունը, չնայած վտանգին ու երջանկության կորստին։
― Ոչ, չէի հետաձգի։ Ոչ մի դեպքում չէի հետաձգի,―սոսկալի անհեթեթ մի եռանդով արտաբերեց Վիրգինսկին՝ ամբողջովին իրար անցած։
― Ավելի շուտ կկամենայիք նորից դժբախտ լինել, քան՝ սրիկա՞։
― Այո, այո... Ես նույնիսկ միանգամայն հակառակը... կուզեի լինել կատարյալ սրիկա... այսինքն՝ չէ... թեև ամենևին ոչ սրիկա, այլ հակառակը, բոլորովին դժբախտ, քան սրիկա։
― Դե, ուրեմն, իմացեք, որ Շատովն այդ մատնությունը համարում է իր քաղաքացիական սխրանքը, իր ամենաբարձրագույն համոզմունքը, իսկ ապացույցն այն է, որ ինքն էլ մասամբ վտանգում է իրեն կառավարության առաջ, թեև, ինչ խոսք, իրեն շատ բան կներեն՝ մատնության համար։ էդպիսի մեկն արդեն ոչ մի դեպքում չի հրաժարվի։ Ոչ մի երջանկություն չի հաղթի, մեկ օր անց խելքը գլուխը կգա, ինքն իրեն նախատելով կգնա ու կանի։ Բացի դրանից, ոչ մի երջանկություն էլ չեմ տեսնում, որ կինը երեք տարի անց եկել է նրա մոտ՝ ծնելու Ստավրոգինի երեխային։
― Բայց չէ որ ոչ ոք չի տեսել մատնագիրը,― հանկարծակի ու հաստատակամ ասաց Շիգալյովը։
― Մատնագիրը տեսել եմ ես,― բղավեց Պյոտր Ստեպանովիչը,― դա կա և այս ամենն ահավոր հիմարություն է, պարոնայք։
― Իսկ ես,― մեկեն փրփրեց Վիրգինսկին,― ես բողոքում եմ... ու բողոքում եմ ամբողջ ուժով... Ես ուզում եմ... Ահա թե ինչ եմ ուզում, ես ուզում եմ, որ երբ նա գա, բոլորս դուրս գանք և բոլորով հարցնենք՝ եթե ճիշտ է, նրանից ապաշխարանք վերցնենք, և եթե ազնիվ խոսք լինի, ապա բաց թողնենք։ Համենայն դեպս, դատ լինի, դատելով լինի։ Ոչ թե բոլորով թաքնվենք, իսկ հետո վրա պրծնենք։
― Ազնիվ խոսքով վտանգել ընդհանուր գործը՝ հիմարության գագաթնակետն է։ Գրողը տանի, պարոնայք, ինչ հիմարություն է սա հիմա։ Եվ ի՞նչ դեր եք ստանձնում վտանգի պահին։
― Ես բողոքում եմ, ես բողոքում եմ,― լարել էր Վիրգինսկին։
― Ծայրահեղ դեպքում, մի բղավեք, ազդանշանը չենք լսի։ Շատովը, պարոնայք... (Գրողը տանի, ի՜նչ հիմարություն է սա հիմա)։ Ես արդեն ասել եմ ձեզ, որ Շատովը սլավոնապաշտ է, այսինքն, ամենահիմար մարդկանցից մեկը... Իսկ իմիջիայլոց, գրողը տանի, դա միևնույն է և թքած դրա վրա։ Դուք ինձ միայն շփոթեցնում եք... Շատովը, պարոնայք, չարացած մարդ է եղել և քանի որ, այդուհանդերձ, պատկանել է միությանը, ուզեի թե չուզեի, բայց մինչև վերջին րոպեն հույս եմ ունեցել, որ նրան կարելի է օգտագործել ընդհանուր գործի համար և օգտագործել որպես չարացած մարդու։ Ես նրան պահպանել եմ ու խնայել, չնայած հստակագույն հրահանգներին... Ես նրան խնայել եմ հարյուր անգամ ավելի, քան արժեր։ Բայց նա ավարտեց նրանով, որ մատնեց։ է, գրողը տանի, թքած... Իսկ ահա, մեկնումեկդ փորձեք ճողոպրել հիմա։ Ձեզնից ոչ մեկն իրավունք չունի լքել գործը։ Դուք կարող եք նրա հետ համբուրվել թեկուզ, եթե ուզում եք, սակայն ընդհանուր գործին դավաճանել ազնիվ խոսքով, իրավունք չունեք։ Այդպես վարվում են խոզերը և կառավարության կողմից կաշառվածները։
― Իսկ ո՞վ է այստեղ կառավարությունից կաշառվածը,― նորից քամիչով անցկացրեց Լիպուտինը։
― Կարող է պատահել՝ դուք։ Ավելի լավ կանեիք լռեիք, Լիպուտին, դուք հենց այնպես եք խոսում, սովորության համաձայն։ Կաշառվածները, պարոնայք, բոլոր նրանք են, որոնք վախենում են վտանգի պահին։ Միշտ էլ մի տխմար կգտնվի, որը վախից վերջին րոպեին վազ կտա ու կբղավի. «Ա՜յ, ներեցեք ինձ, իսկ ես բոլորին կծախեմ»։ Սակայն իմացեք, պարոնայք, որ հիմա ոչ մի մատնության դիմաց ձեզ չեն ների։ Եթե երկու աստիճան էլ իջնեն իրավաբանորեն, ապա բոլոր դեպքերում Սիբիր՝ յուրաքանչյուրիդ, բացի դրանից, չեք փախչի նաև մեկ ուրիշ թրից։ Իսկ այդ ուրիշ թուրն ավելի սուր է կառավարության ունեցածից։
Պյոտր Ստեպանովիչը կատաղած էր և ավելորդ բաներ ասաց։ Շիգալյովը հաստատաքայլ նրան մոտեցավ։
― Երեկ երեկոյից ես մտորել եմ գործի մասին,― սկսեց նա վստահ ու մեթոդաբար, ինչպես և միշտ (ու ինձ թվում է, եթե գետինն էլ բացվեր ոտքերի տակ, ապա այդ դեպքում էլ չէր ուժգնացնի առոգանությունը և նվազագույնս չէր փոխի իր շարադրանքի մեթոդականությունը),― գործի մասին մտորելով, որոշեցի, որ ծրագրվող սպանությունը ոչ միայն թանկ ժամանակի կորուստ է, որ կարող էր օգտագործվել առավել էական ու մերձակա եղանակով, այլև ավելին՝ իրենից ներկայացնում է այն կործանարար շեղումն օրինավոր ուղուց, ինչ միշտ առավելապես է վնասել գործին և տասնամյակներով շեղել հաջողությունից՝ ենթարկվելով գերակշռորեն թեթևամիտ և քաղաքական մարդկանց, փոխանակ՝ մաքուր սոցիալիստների ազդեցությանը։ Ես ներկայացել եմ այստեղ միմիայն բողոքելու ծրագրվող ձեռնարկման դեմ, ընդհանրական խրատի համար, իսկ հետո ինձ հեռու պահելու այս իսկ րոպեից, որը դուք, չգիտեմ ինչու, անվանում եք ձեր վտանգի պահը։ Ես հեռանում եմ՝ ոչ թե այդ վտանգի վախից, ոչ էլ Շատովի հանդեպ տածած զգացմունքներից, ում հետ ամենևին չեն ուզում համբուրվել, այլ միայն ու միայն որովհետև այս ամբողջ գործը, սկզբից մինչև վերջ, տառացիորեն հակասում է իմ ծրագրին։ Իսկ մատնության և կառավարության կողմից կաշառվելու վերաբերյալ իմ կողմից միանգամայն հանգիստ կարող եք լինել՝ մատնություն չի լինի։
Նա շրջվեց ու գնաց։
― Գրողը տանի, կհանդիպի նրանց և կզգուշացնի Շատովին,― գոռաց Պյոտր Ստեպանովիչը և քաշեց ատրճանակը։ Լսվեց քաշված հրահանի շրխկոցը։
― Կարող եք վստահ լինել,― նորից շրջվեց Շիգալյովը,― Շատովին հանդիպելով ճանապարհին, գուցեև ողջույն փոխանակեմ, բայց չեմ նախազգուշացնի։
― Իսկ գիտե՞ք, արդյոք, որ սրա համար կարող եք հատուցել, պարոն Ֆուրյե։
― Խնդրում եմ ձեզ նկատի առնել, որ ես Ֆուրյե չեմ։ Ինձ խառնելով այդ քաղցր-մեղցր, վերացարկված ալարկոտի հետ, դուք ապացուցում եք սոսկ, որ իմ ձեռագիրը թեև եղել է ձեր ձեռքին, բայց բացարձակորեն հայտնի չէ ձեզ։ Իսկ ձեր վրիժառության վերաբերյալ կասեմ, որ իզուր քաշեցիք հրահանը, այս րոպեին դա ամենևին շահեկան չէ ձեզ։ Իսկ եթե սպառնաք ինձ վաղվա կամ մյուս օրվա համար, ապա ավելորդ հոգսերից բացի, նորից ոչինչ չեք շահի՝ գնդակահարելով ինձ։ Կսպանեք ինձ, իսկ վաղ թե ուշ այնուամենայնիվ կհանգեք իմ համակարգին։ Մնաք բարով։
Նույն վայրկյանին պուրակից, երկու հարյուր քայլ հեռվից, լճի կողմից սուլոց լսվեց։ Լիպուտինը տեղնուտեղը պատասխանեց՝ դեռևս երեկվա պայմանավորվածությամբ, նույնպես սուլոցով (դրա համար նա, չվստահելով իր բավականաչափ անատամ բերանին, դեռևս առավոտյան շուկայում մի կոպեկով մանկական կավե սուլիչ էր գնել)։ Էրկելը հասցրել էր ճանապարհին նախազգուշացնել Շատովին, որ սուլոցներ կլինեն, այնպես որ վերջինս ոչ մի երկմտություն չունեցավ։
― Մի անհանգստացեք, ես նրանց կշրջանցեմ ու ինձ չեն տեսնի բոլորովին,― ազդու շշնջոցով զգուշացրեց Շիգալյովը և հետո, չշտապելով ու քայլքը չարագացնելով, վերջնականապես ուղղվեց դեպի տուն, խավար պուրակի միջով։
Հիմա կատարելապես հայտնի է՝ նվազագույն մանրամասներով, թե ինչպես կատարվեց այդ սարսափելի դեպքը։ Սկզբում Լիպուտինը դիմավորեց Էրկելին և Շատովին, հենց քարանձավի մոտ։ Շատովը չողջունեց նրան և ձեռքը չտվեց, բայց և իսկույն բարձրաձայն ու փութով ասաց.
― Դեհ, իսկ ո՞ւր է ձեր բահն ու մեկ ուրիշ լապտեր չկա՞։ Մի վախեցեք, այստեղ ոչ ոք էլ չկա, Սկվորեշնիկիում էլ կուզես հիմա թնդանոթ կրակիր, չեն լսի։ Այ, այստեղ է դա, ահա, այստեղ, հենց այս տեղում...
Եվ նա ոտքը խփեց իսկապես քարանձավի ետևի անկյունից տասը քայլի վրա, դեպի անտառ։ Հենց այդ րոպեին ետևից նրա վրա հարձակվեց Տոլկաչենկոն, իսկ Էրկելը, նույնպես ետևից, բռնեց նրա բազուկները։ Լիպուտինը վրա պրծավ առջևից։ Երեքով իսկույն գետին տապալեցին նրան ու սեղմեցին հողին։ Այստեղ մոտ ցատկեց Պյոտր Ատեպանովիչն իր ատրճանակով։ Պատմում են, որ Շատովը հասցրեց գլուխը դարձնել նրա կողմը և դեռ կարող էր տեսնել ու ճանաչել նրան։ Երեք լապտեր լուսավորում էին տեսարանը։ Շատովը հանկարծ բղավեց կարճ և հուսակտուր, բայց նրան թույլ չտվեցին բղավել. Պյոտր Ստեպանովիչը ատրճանակը խնամքով, պինդ դեմ արեց ուղիղ ճակատին և սեղմեց ձգանը։ Կրակոցը շատ բարձր չէր կարծես թե, ծայրահեղ դեպքում, Սկվորեշնիկիում ոչինչ չէին լսել։ Անշուշտ, լսեց Շիգալյովը, որը հազիվ երեք հարյուր քայլ հեռացած լիներ, լսեց թե՛ բղավոցը, թե՛ կրակոցը, բայց հետագայում իր իսկ վկայությամբ, չշրջվեց և նույնիսկ կանգ չառավ։ Մահը վրա հասավ համարյա վայրկենապես։ Կատարելապես տնօրինելու ընդունակություն, չեմ կարծում՝ նաև սառնարյունություն, պահպանում էր միայն Պյոտր Ստեպանովիչը։ Պպզելով, նա հապշտապ, սակայն ամուր ձեռքով խուզարկեց սպանվածի գրպանները։ Փող չկար (դրամապանակը մնացել էր Մարյա Իգնատևնայի բարձի տակ)։ Երկու-երեք թղթեր դուրս եկան՝ փուչ բաներ, գրասենյակային մի գրություն, ինչ-որ գրքի վերնագիր և արտասահմանյան պանդոկի մի հին հաշիվ՝ Աստված գիտե, թե ինչու գրպանում մնացած երկու տարի։ Պյոտր Ստեպանովիչը թղթերը դրեց իր գրպանը և, նկատելով հանկարծ, որ բոլորը խռնվել են, նայում են դիակին ու ոչինչ չեն անում, սկսեց չարացած և անհարգալի նախատել ու շտապեցնել։ Տոլկաչենկոն և Էրկելը, ուշքի գալով, վազեցին և քարանձավից իսկույն բերեցին դեռևս առավոտից այնտեղ պահած երկու քար, յուրաքանչյուրը քսան ֆունտ քաշով, արդեն պատրաստի, այսինքն՝ պարաններով ամուր կապկպված։ Քանի որ նախատեսված էր դիակը քարշ տալ մերձակա (երրորդ) լճակն ու այնտեղ ջրասույզ անել, ապա սկսեցին այդ քարերը կապել նրա ոտքերին և վզին։ Կապկպում էր Պյոտր Ստեպանովիչը, իսկ Տոլկաչենկոն և Էրկելը միայն բռնել էին և քարերն էին տալիս հերթով։ Էրկելը տվեց առաջինը, և մինչ Պյոտր Ստեպանովիչը, փնթփնթալով ու հայհոյելով, պարանով կապկպում էր դիակի ոտքերն ու դրանց միացնում առաջին քարը, Տոլկաչենկոն այդ տևական ընթացքում ձեռքերում բռնած իր քարը՝ շեղակի և ասես հարգալիր առաջ հակված ամբողջ մարմնով, որպեսզի մատուցի անհապաղ, առաջին իսկ պահանջով, ոչ մի անգամ չմտածեց իր բեռն առայժմ ցած դնել։ Երբ վերջապես երկու քարերն էլ կապված էին և Պյոտր Ստեպանովիչը վեր կացավ գետնից՝ զննելու ներկաների կերպարանքները, այդժամ հանկարծակի տարօրինակ մի բան կատարվեց՝ միանգամայն անսպասելի և բոլորին զարմացրած։
Ինչպես արդեն ասվեց, համարյա բոլորը կանգնել և ոչինչ չէին անում, բացի մասամբ Տոլկաչենկոյից և Էրկելից։ Վիրգինսկին թեև նետվել էր, երբ բոլորը նետվեցին Շատովի վրա, բայց չէր կառչել Շատովից և չէր օգնել՝ պահել նրան։ Իսկ Լյամշինր խռնվածների մեջ էր հայտնվել արդեն կրակոցից հետո։ Ապա նրանք բոլորը, ամբողջ այդ գուցեև տասը րոպե տևած իրարանցմանը դիակի հետ, կարծես թե կորցրել էին իրենց գիտակցության մի մասը։ Նրանք խմբվել էին շուրջանակի, և ամենայն անհանգստությունից և տագնապից առաջ, կարծես լոկ զարմանք էին զգում։ Լիպուտինը կանգնած էր առջևում՝ ճիշտ դիակի մոտ, Վիրգինսկին նրա ետևում՝ ուսի վրայից նայելով մի տեսակ հստակ և կարծես կողմնակի հետաքրքրասիրությամբ, անգամ բարձրացած ոտնաթաթերին, որ ավելի լավ տեսնի։ Լյամշինն էլ թաքնվել էր Վիրգինսկու ետևում և միայն մեկ-մեկ ու վախվորած նայում էր նրա ետևից ու իսկույն թաքնվում։ Իսկ երբ քարերը կապեցին, և Պյոտր Ստեպանովիչը վեր կացավ, Վիրգինսկին հանկարծ ամբողջ մարմնով սրսփաց մանրիկ դողով, ձեռքերն իրար զարկեց և վշտալի բացականչեց ամբողջ ձայնով.
― Սա այն չէր, այն չէր։ Չէ, սա բոլորովին այն չէր։
Նա գուցեև էլի ինչ-որ բան ավելացներ իր այդչափ ուշացած բացականչությանը, սակայն Լյամշինը թույլ չտվեց նրան ավարտել՝ հանկարծակի և ամբողջ ուժով գրկեց ու սեղմեց նրան ետևից և ծղրտաց մի անհավանական բղավոցով։ Լինում են վախի սաստիկ պահեր, ասենք, երբ մարդը գոռում է հանկարծ ոչ իր ձայնով, այլ այնպիսի, որ նախկինում ենթադրել էլ չէր կարելի, ու դա երբեմն նույնիսկ շատ է ահարկու։ Լյամշինը գոռում էր ոչ մարդկային, այլ մի տեսակ գազանային ձայնով։ Ավելի ու ավելի ուժեղ, ջղաձիգ պոռթկումով, ետևից սեղմված Վիրգինսկու ձեռքերով, նա ճղճղում էր անդադար ու անընդմեջ՝ աչքերը չռած բոլորի վրա, բերանն արտակարգ լայն բացած, ոտքերով էլ մանրիկ դոփդոփում էր հողը, ասես թմբկազարկ լիներ։ Վիրգինսկին այնքան վախեցավ, որ ինքն էլ գոռաց խելագարի պես, և մի տեսակ կատաղության մեջ, այնչափ չարացած, որ Վիրգինսկու պարագային ենթադրել իսկ չէր կարելի, սկսեց պոկվել Լյամշինի ձեռքերից, որքան կարող էր ետևից ճանկռոտելով ու խփելով նրան։ Էրկելն օգնեց վերջապես պոկել Լյամշինին։ Բայց երբ Վիրգինսկին վախեցած մի տասը քայլ ետ ցատկեց, Լյամշինը հանկարծ, տեսնելով Պյոտր Ստեպանովիչին, ոռնաց նորից ու նետվեց արդեն նրա վրա։ Գայթելով դիակի վրա, նա դիակի վրայով հասավ Պյոտր Ստեպանովիչին, և արդեն այնքան պինդ գրկեց նրան՝ գլխով կրծքին սեղմած, որ ոչ Պյոտր Ստեպանովիչը, ոչ Տոլկաչենկոն, ոչ էլ Լիպուտինն առաջին պահ համարյա ոչինչ չկարողացան անել։ Պյոտր Ստեպանովիչը գոռում էր, հայհոյում, բռունցքներով խփում նրա գլխին, վերջապես, մի կերպ պոկվելով քաշեց ատրճանակը և խոթեց ուղիղ դեռևս ճղճղացող Լյամշինի բաց բերանը, վերջինիս ձեռքերն արդեն պինդ բռնել էին Տոլկաչենկոն, Էրկելն ու Լիպուտինը, սակայն Լյամշինը շարունակում էր ղժղժալ, չնայած ատրճանակին, վերջապես Էրկելը, մի կերպ ծալծլելով իր ֆուլյարե թաշկինակը, ճարպկորեն խցկեց նրա բերանը, և ճղճղոցն այդպիսով դադարեց։ Այդ ընթացքում Տոլկաչենկոն մնացած պարանի կտորով կապկպեց նրա ձեռքերը։
― Սա շատ տարօրինակ է,― ասաց Պյոտր Ստեպանովիչը՝ տագնապած զարմանքով զննելով խելագարին։
Ըստ երևույթին, ապշած էր։
― Ես նրա մասին միանգամայն ուրիշ բան էի մտածում,―ավելացրեց նա մտախոհ։
Առայժմ նրա մոտ թողեցին Էրկելին։ Հարկ էր շտապել մեռյալի խնդրում, բղավոցներն այնքան էին, որ կարող էին մոտերքից լսել նաև։ Տոլկաչենկոն և Պյոտր Ստեպանովիչը վերցրին լապտերները, դիակը բռնեցին գլխի կողմից։ Լիպուտինը և Վիրգինսկին բռնեցին ոտքերից ու տարան։ Երկուքարը հետը՝ բեռը ծանր էր, իսկ տարածությունն ավելի քան երկու հարյուր քայլ կլիներ։ Բոլորից ուժեղը Տոլկաչենկոն էր։ Նա խորհուրդ տվեց համաքայլ գնալ, բայց ոչ ոք չպատասխանեց նրան, ու քայլեցին խառնիխուռն։ Պյոտր Ստեպանովիչը գնում էր առջևից և լրիվ կռացած, իր ուսին էր տանում մեռյալի գլուխը՝ ձախ ձեռքով ներքևից բռնած քարը։ Քանի որ Տոլկաչենկոն ճամփի լրիվ կեսը չկռահեց, որ օգնի նրան՝ քարը բռնելուն, Պյոտր Ստեպանովիչը, ի վերջո հայհոյանքով գոռաց վրան։ Գոռոցը հանկարծակի էր և միայնակ։ Բոլորը շարունակում էին տանել լուռ, և միայն հենց լճի մոտ Վիրգինսկին՝ բեռան տակ կռացած և ասես հոգնած այդ ծանրությունից, հանկարծ բացականչեց նորից նույնպիսի բարձր ու լալկան ձայնով.
― Սա այն չէ, չէ, ամենևին այն չէ սա՜։
Տեղը, ուր վերջանում էր այդ երրորդ, սկվորեշնիկյան բավական խոշոր լիճը, ուր հասցրին սպանվածին, պուրակի ամենաամայի և չհաճախվող անկյուններից էր, հատկապես տարվա այդ ուշ եղանակին։ Այդ ծայրին լճափը խոտածածկ էր։ Լապտերը ցած դրեցին, դիակը ճոճեցին ու գցեցին ջուրը։ Խուլ ու տևական շրմփոց լսվեց։ Պյոտոր Ստեպանովիչը բարձրացրեց լապտերը, նրա ետևում տնկվեցին բոլորը՝ հետաքրքրությամբ հետևելով, թե ինչպես է սուզվում դիակը։ Բայց արդեն ոչինչ չէր երևում՝ քարեր կապած մարմինը տեղնուտեղը չքացավ։ Ջրի մակերեսին հայտնված ջրի խոշոր շիթերն արագ մարեցին։ Գործն ավարտված էր։
― Պարոնայք,― բոլորին դիմեց Պյոտր Ստեպանովիչը,― հիմա մենք կցրվենք։ Անկասկած, դուք պիտի զգաք այն ազատ հպարտությունը, որը շաղկապված է ազատ պարտքի կատարմանը։ Իսկ եթե հիմա, ցավոք սրտի, անհանգստացած եք նման զգացումների համար, ապա անկասկած, կզգաք դա վաղը, երբ արդեն ամոթ կլինի չզգալ։ Լյամշինի չափազանց ամոթալի հուզմունքը ես համաձայն եմ դիտել որպես զառանցանք, առավել ևս, որ նա, ասում են, իսկապես վատառողջ էր առավոտից։ Իսկ ձեզ, Վիրգինսկի, ազատ խորհրդածության մի վայրկյանը ցույց կտա, որ ընդհանուր գործի շահերից ելնելով, չէր կարելի առաջնորդվել ազնիվ խոսքով, այլ պետք էր հենց այնպես, ինչպես մենք արեցինք։ Հետևանքները ձեզ ցույց կտան, որ եղել է մատնություն։ Ես համաձայն եմ մոռանալ ձեր բացականչությունները։ Ինչ վերաբերում է վտանգին, ապա ոչինչ չի կանխատեսվում։ Ոչ մեկի մտքով չի անցնի կասկածել մեզնից որևէ մեկին, հատկապես եթե կարողանաք ինքներդ ձեզ պահել, այնպես որ գլխավորը, այնուամենայնիվ, հենց ձեզնից է կախված և կատարյալ համոզմունքից, ինչում, հուսով եմ, վաղն ևեթ կհաստատվեք։ Իմիջիայլոց, հենց դրա համար էլ համախմբվել եք համախոհների ազատ միասնության առանձին կազմակերպության մեջ, որպեսզի ընդհանուր գործում միմյանց միջև կիսեք եռանդը՝ տվյալ պահին, ու եթե պետք է, հետևեք և նկատեք մեկդ մյուսին։ Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է վերին հաշվետվությամբ։ Դուք կոչված եք նորացնել լճացումից խարխլվող ու նեխող գործը, միշտ աչքի առաջ ունեցեք դա՝ առույգության համար։ Ձեր համակ քայլն առայժմ այն է, որ ամեն ինչ խորտակվի, թե պետությունը, թե նրա բարոյականությունը։ Կմնանք սոսկ մենք, որ նախապես նշել ենք մեզ իշխանության բերելու համար, խելացիներին կմիացնենք մեզ, իսկ անխելքներին կհեծնենք-կքշենք։ Դրանից դուք չպետք է նեղվեք։ Հարկ է վերադաստիարակել սերունդը՝ ազատությանն արժանի դարձնելու համար։ Դեռևս բազում հազարավոր Շատովներ են սպասվում։ Մենք կազմակերպվում ենք, ուղղությունը գրավելու համար, ինչ պարապ ընկած է ու բերանը բաց մեզ է սպասում, ամոթ էլ է ձեռքը չառնել։ Հիմա ես կգնամ Կիրիլլովի մոտ և առավոտյան կլինի այն փաստաթուղթը, որով նա, մեռնելիս, կառավարության հետ բացատրվելու ձևով, ամեն ինչ կվերցնի իր վրա։ Նման զուգորդումից ավելի հավանական ոչինչ չի կարող լինել։ Նախ և առաջ, նա թշնամություն ուներ Շատովի հետ, միասին ապրել են Ամերիկայում, նշանակում է՝ գժտվելու ժամանակ ունեցել են։ Հայտնի է, որ Շատովը փոխել է համոզմունքները, նշանակում է, նրանց թշնամությունը համոզմունքներից է և մատնության վախից, այսինքն՝ ամենաչներվողը։ Ամեն ինչ այդպես էլ կգրվի։ Վերջապես, կհիշատակվի, որ նրա մոտ, Ֆիլիպպովի տանը, բնակվել է Ֆեդկան։ Այդպիսով, այս ամենը կատարելապես կհեռացնի մեզնից ամենայն կասկած, որովհետև բոլոր այդ ոչխարի գլուխները կկորցնեն իրենց։ Պարոնայք, վաղն արդեն մենք չենք հանդիպի, շատ կարճ ժամանակով ես կբացակայեմ, գավառ եմ գնալու։ Բայց վաղը չէ մյուս օրն իմ տեղեկությունները կստանաք։ Ես ձեզ խորհուրդ կտայի հենց վաղվա օրը տներում մնալ։ Հիմա բոլորս զույգ-զույգ կգնանք տարբեր ճանապարհներով։ Տոլկաչենկո, ձեզ կխնդրեմ զբաղվել Լյամշինով և տուն հասցնել նրան։ Դուք կարող եք ներգործել նրա վրա և գլխավորը՝ բացատրել, թե ինչ աստիճան կարող է հենց իրեն վնասել իր փոքրոգությամբ։ Պարոն Վիրգինսկի, ձեր ազգական Շիգալյովին, ինչպես և ձեզ, չես ուզում կասկածել՝ նա չի մատնի։ Կմնա ափսոսել՝ նրա արարքի համար, բայց և այնպես, նա դեռևս չի դիմել, որ թողնում է միությունը, ուստի և դեռ վաղ է նրան թաղել։ Դե, պարոնայք, շուտ անենք, թեև ոչխարի գլուխներ են այնտեղ, բայց զգուշությունը, այնուամենայնիվ, չի խանգարի...
Վիրգինսկին ճամփա ընկավ Էրկելի հետ։ Էրկելը, Լյամշինին հանձնելով Տոլկաչենկոյին, հասցրեց նրան մոտեցնել Պյոտր Ստեպանովիչին և հայտնել, որ սա ուշքի է եկել, զղջում ու ներողություն է խնդրում և նույնիսկ չի հիշում, թե ինչ կատարվեց իր հետ։ Պյոտր Ստեպանովիչը գնաց մենակ, լճերի դիմացի կողմով, պուրակի մոտով։ Դա ամենահեռու ճանապարհն էր։ Ի զարմանս նրա, համարյա ճամփի կեսին, նրան հասավ Լիպուտինը։
― Պյոտր Ստեպանովիչ, իսկ չէ որ Լյամշինը կմատնի։
― Չէ, նա ուշքի կգա և կկռահի, որ առաջինը կգնա Սիբիր, եթե մատնի։ Հիմա ոչ ոք չի մատնի։ Դուք էլ չեք մատնի։
― Իսկ դո՞ւք։
― Անկասկած, բոլորիդ ծակը կխոթեմ, հենց իրար գաք՝ դավաճանելու համար, և դուք դա գիտեք։ Բայց դուք չեք դավաճանի։ Դրա համա՞ր եք երկու վերստ վազել իմ ետևից։
― Պյոտր Ստեպանովիչ, Պյոտր Ստեպանովիչ, չէ որ մենք գուցե էլ երբեք չհանդիպենք։
― Դա՞ որտեղից գտաք։
― Սիայն մի բան ասեք ինձ։
― Իսկ ի՞նչ։ Ի դեպ, ես ուզում եմ, որ դուք չքվեք։
― Մի հատիկ պատասխան, բայց որ հաստատ լինի, մենակ մե՞նք ենք հնգյակ ամբողջ աշխարհում, թե՞ ճիշտ է, որ մի քանի հարյուր հնգյակ կա։ Ես վերին իմաստով եմ հարցնում, Պյոտր Ստեպանովիչ։
― Ձեր կատաղությունից եմ տեսնում։ Իսկ գիտե՞ք, արդյոք, Լիպուտին, որ դուք Լյամշինից ավելի վտանգավոր եք։
― Գիտեմ, գիտեմ, բայց պատասխա՜նը, ձեր պատասխանը։
― Հիմար մարդ եք։ Չէ որ հիմա արդեն, կարծեմ, ձեզ համար միևնույնը պիտի լինի՝ մի հնգյակ է, թե հազար։
― Ուրեմն, մեկն է։ Այդպես էլ գիտեի,― ճչաց Լիպուտինը։― Ամբողջ ժամանակ գիտեի, որ մեկն է, մինչև այս րոպեն...
Եվ չսպասելով ուրիշ պատասխանի, շրջվեց ու արագ անհետացավ մթության մեջ։
Պյոտր Ստեպանովիչը մի քիչ մտորեց։
― Չէ, ոչ ոք չի մատնի,― ասաց նա վճռական,― բայց խմբակը պիտի խմբակ մնա ու ենթարկվի, թե չէ ես նրանց... Բայց էս ի՜նչ անպետք ժողովուրդ է։
=== II ===
Սկզբում նա մտավ իր տուն և խնամքով, առանց շտապելու, դարսեց ճամպրուկը։ Առավոտյան ժամը վեցին շարժվում էր ճեպընթաց գնացքը։ Վաղ ժամի այդ ճեպընթացը շաբաթական մեկ անգամ էր լինում ու սահմանված էր բոլորովին վերջերս, առայժմ սոսկ որպես փորձ։ Պյոտր Ստեպանովիչը թեև նախազգուշացրեց մերոնց, որ ժամանակավորապես հեռանում է իբր թե գավառ, բայց, ինչպես պարզվեց հետագայում, նրա մտադրությունները միանգամայն ուրիշ էին։― Ճամպրուկը կողպելով՝ նա վճարեց տանտիրուհուն, ում նախապես տեղյակ էր պահել և կառքով գնաց Էրկելի տուն, որն ապրում էր կայարանին մոտ։ Իսկ հետո արդեն, գիշերվա ժամը համարյա մեկին, գնաց Կիրիլլովի մոտ, ում տուն մտավ դարձյալ Ֆեդկայի գաղտնի անցքով։
Պյոտր Ստեպանովիչի հոգեվիճակն ահավոր էր։ Իր համար չափազանց կարևոր ուրիշ-ուրիշ տհաճություններից բացի (դեռևս ոչինչ չէր կարողացել իմանալ Ստավրոգինի մասին), ինչպես թվում է, քանզի չեմ կարող հաստատ պնդել, օրվա ընթացքում ինչ-որ տեղից (ամենահավանականը՝ Պետերբուրգից) գաղտնի մի ծանուցում էր ստացել մոտ ժամանակներս իրեն սպասող ինչ-որ վտանգի մասին։ Հարկավ, այդ ժամանակի շուրջ հիմա մեր քաղաքում շատ առասպելներ են շրջում։ Բայց եթե որևիցե բան հաստատ հայտնի է, ապա սոսկ նրանց, ովքեր պարտավոր են դա իմանալ։ Ես միայն ենթադրում եմ անձնական կարծիքով, որ Պյոտր Ստեպանովիչը կարող էր ինչ-ինչ գործեր ունենալ նաև բացի մեր քաղաքից, այնպես որ իսկապես կարող էր ծանուցում ստացած լինել։ Նույնիսկ համոզված եմ, հակառակ Լիպուտինի ցինիկ և հուսաբեկ երկմտության, որ նա իսկապես էլ կարող էր երկու-երեք հնգյակ ունենալ, մերից բացի, ասենք, մայրաքաղաքներում։ Իսկ եթե ոչ հնգյակներ, ապա կապեր և հարաբերություններ՝ գուցեև, նույնիսկ շատ արտառոց։ Նրա մեկնելուց ոչ ավելի, քան Երեք օր անց մեզ մոտ մայրաքաղաքից հրաման ստացվեց անհապաղ ձերբակալել նրան՝ թե հատկապես ինչ գործի համար, մեր թե ուրիշ, չգիտեմ։ Հրամանը տեղ հասավ այն ժամանակ հենց, որ սաստկացնի մեր ղեկավարությանը և մինչ այդ համառորեն թեթևամիտ հասարակությանը հանկարծ համակած սարսափի ցնցող, համարյա թե միստիկ տպավորությունը ուսանող Շատովի խորհրդավոր և բազմանշանակալի սպանության հայտնաբերման, մեր անհեթեթությունների չափը լրացրած սպանության և այդ դեպքն ուղեկցող արտակարգ հանելուկային հանգամանքների կապակցությամբ։ Սակայն հրամանն ուշացել էր. Պյոտր Ստեպանովիչն այդ ժամանակ արդեն Պետերբուրգում էր գտնվում, ուրիշի անվան տակ, որտեղից, հոտն առնելով, թե բանն ինչ է, վայրկենապես ճողոպրեց արտասահման... Իմիջիայլոց, չափից ավելի շատ առաջ անցա։
Նա մտավ Կիրիլլովի մոտ՝ չարացած ու կրակոտ տեսքով։ Գլխավոր գործից բացի, կարծես ուզում էր էլի ինչ-որ բան պոկել Կիրիլլովից, ինչ-որ բան թափել նրա վրա։ Կիրիլլովը մի տեսակ ուրախացավ նրա գալստյամբ, երևում էր, որ ահավոր երկար ու հիվանդագին անհամբերությամբ էր սպասել։ Դեմքը սովորականից գունատ էր, սև աչքերի հայացքը՝ ծանր ու անթեք։
― Ես կարծում էի, չեք գա,― ծանր-ծանր ասաց նա բազմոցի անկյունից, իմիջիայլոց, ընդառաջ չշարժվելով։ Պյոտր Ստեպանովիչը կանգնեց նրա դիմաց և, նախքան որևէ բառ արտասանելը, ակնդետ նայում էր նրա դեմքին։
― Նշանակում է, ամեն ինչ կարգին է, և մենք մեր մտադրությունից ետ չենք կանգնի, շատ ապրեք,― վիրավորական-հովանավորող ժպտաց նա։ Ուրեմն՝ ինչ,― ավելացրեց գարշելի կատակաբանությամբ,― եթե ուշացա էլ, բողոքելու տեղ չունեք, երեք ժամ նվիրեցի ձեզ։
― Ես ձեզնից ավելորդ ժամ նվեր չեմ ուզում և դու չես կարող ինձ նվիրել... հիմա՛ր։
― Ի՞նչ,― ցնցվելու վրա էր Պյոտր Ստեպանովիչը, բայց վայրկենապես տիրապետեց իրեն։― Ա՜յ քեզ նեղացկոտություն։ Է՜, կարծես գազազա՞ծ եք,― բառ առ բառ արտաբերեց նա՝ նույն վիրավորական գոռոզության տեսքով։― Նման պահին ավելի շուտ հանգստություն է պետք։ Ամենից լավը հիմա կլինի Կոլումբոսի տեղը դնել իրեն, իսկ ինձ նայել որպես մի մկան ու չնեղանալ ինձնից։ Ես դա երեկ խորհուրդ տվեցի։
― Ես չեմ ուզում քեզ նայել որպես մկան։
― Իսկ դա՞ ինչ էր, հաճոյախոսությո՞ւն։ Իմիջիայլոց, թեյն էլ է սառը, ուրեմն, ամեն ինչ գլխիվայր է։ Չէ, էստեղ մի անբարեհույս բան է կատարվում։ Բա՜, ինչ-որ բան եմ տեսնում լուսամուտագոգին՝ պնակի մեջ (նա մոտեցավ պատուհանին)։ Օհո՜, բրնձի հետ խաշած հավ... Իսկ ինչո՞ւ մինչև հիմա ձեռք տված չէ։ Նշանակում է, այնպիսի հոգեվիճակի մեջ եք եղել, որ նույնիսկ հավը...
― Ես կերել եմ, ու ձեր գործը չէ։ Լռեք։
― Օ՜, իհարկե, ըստ որում՝ միևնույն է։ Բայց հիմա ինձ համար մի բան միևնույնը չէ. պատկերացրեք, համարյա բոլորովին չեմ ճաշել, ուստի, եթե հիմա այս հավը, ինչպես ենթադրում եմ, արդեն պետք չէ... հը՞։
― Կերեք, եթե կարող եք։
― Այ, շնորհակալ եմ, հետո էլ՝ թեյ։
Նա ակնթարթորեն տեղավորվեց բազմոցի մյուս ծայրին և արտակարգ ագահությամբ վրա պրծավ կերակուրին, բայց միևնույն ժամանակ ամեն վայրկյան հետևում էր իր զոհին։ Կիրիլլովը չարացած գարշանքով նրան էր նայում անշարժ, ասես անուժ՝ փախցնել հայացքը։
― Սակայն,― մեկեն վեր թռավ Պյոտր Ստեպանովիչը՝ շարունակելով ուտել,― սակայն՝ գործի մասի՞ն։ Ուրեմն, նահանջել չկա, հը՞։ Հապա թուղթը՞։
― Ես այս գիշեր որոշեցի, որ ինձ համար միևնույնն է։ Կգրեմ։ Թռուցիկների՞ մասին։
― Թռուցիկների մասին էլ։ Իմիջիայլոց, ես կթելադրեմ։ Չէ որ ձեզ համար միևնույն է։ Մի՞թե ձեզ կարող էր անհանգստացնել բովանդակությունն այսպիսի մի պահի։
― Քո գործը չէ։
― Իհարկե, չէ։ Ի դեպ, ընդամենը մի քանի տող, որ դուք և Շատովը թռուցիկներ եք տարածել, իմիջիայլոց, Ֆեդկայի օգնությամբ, որը թաքնվում էր ձեր բնակարանում։ Այս վերջին կետը Ֆեդկայի և բնակարանի մասին խիստ կարևոր է, նույնիսկ՝ ամենակարևորը։ Տեսնում եք, ես լրիվ անկեղծ եմ ձեզ հետ։
― Շատո՞վը։ Շատո՞վը՝ ինչի համար։ Ոչ մի դեպքում՝ Շատովի մասին։
― Այ քեզ նորություն, ձեզ համա՞ր՝ ինչ։ Նրան վնասել արդեն չեք կարող։
― Կինն է եկել նրա մոտ։ Արթնացել ու մարդ էր ուղարկել, իմանալու, թե ո՞ւր է նա։
― Ուղարկել էր հարցնելու, թե ո՞ւր է։ Հըմ, սա լավ չէ։ Գուցեև էլի ուղարկի։ Ոչ ոք չպետք է իմանա, որ ես այստեղ եմ...
Պյոտր Ստեպանովիչն անհանգստացավ։
― Նա չի իմանա, քնել է նորից։ Նրա մոտ է Արինա Վիրգինսկայան։
― Էսպես, էսպես... չի՞ լսի, կարծում եմ։ Գիտեք, գուցե փակենք դռնակը։
― Ոչինչ չի լսի։ Իսկ եթե Շատովը գա, ձեզ կթաքցնեմ մյուս սենյակում։
― Շատովը չի գա։ Եվ դուք կգրեք, որ կռվել եք դավաճանության և մատնագրի համար... այս երեկո... ու նրա մահվան պատճառը։
― Նա մեռա՜ծ է,― բղավեց Կիրիլլովը՝ վեր թռչելով բազմոցի վրայից։
― Այսօր, երեկոյան ժամը ութին մոտ, կամ ավելի լավ է, երեկ երեկոյան, ժամը ութին, իսկ հիմա տասներկուսն անց է արդեն։
― Այդ դու ես սպանել նրան... Եվ դա ես երեկ էի կանխատեսում։
― Չկանխատեսելու բան չկար։ Այ, այս ատրճանակով (նա հանեց ատրճանակը, ըստ երևույթին, ցույց տալու, բայց էլ չպահեց, աջ ձեռքում բռնել էր, ասես պատրաստ)։― Բայց դուք տարօրինակ մարդ եք, Կիրիլլով, չէ որ ինքներդ գիտեիք, որ դրանով էլ կվերջանա այդ տխմար մարդու գործը։ Էլ ի՞նչ կար կանխատեսելու։ Մի քանի անգամ ծամել ու ձեր բերանն եմ դրել։ Շատովը մատնագիր էր պատրաստում՝ ես հետևում էի, ոչ մի կերպ թողնել չի կարելի։ Ձեզ էլ էր հրահանգված հետևել, հենց ինքներդ ինձ հայտնեցիք երկու շաբաթ առաջ...
― Լռիր։ Այդ բանն արել ես, որովհետև ժնևում նա թքել է երեսիդ։
― Դրա համար էլ, ուրիշ բաների համար էլ։ Շատ ուրիշ բաների, իմիջիայլոց, առանց որևէ չարության։ Ի՞նչ կա՝ վեր թռչելու։ Ի՞նչ կարիք կա՝ ձևեր թափելու։ Օհո՜։ Ուրեմն, ահա, թե ինչ...
Նա վեր ցատկեց ու ատրճանակն առաջ պարզեց։ Բանն այն է, որ Կիրիլլովը հանկարծ լուսամոտագոգից ճանկեց իր ատրճանակը՝ դեռ առավոտից նախապատրաստած ու լցրած։ Պյոտր Ստեպանովիչը կրակելու դիրք բռնեց ու զենքն ուղղեց Կիրիլլովի վրա։
Վերջինս չարախինդ ծիծաղեց։
― Խոստովանիր, սրիկա, որ ատրճանակը վերցրել ես, որովհետև կգնդակահարեմ քեզ... Բայց ես չեմ կրակի... թեև... թեև...
Եվ նա նորից ատրճանակն ուղղեց Պյոտր Ատեպանովիչի վրա, կարծես հաշվարկելով, կարծես անուժ՝ հրաժարվել պատկերացնելու հաճույքից, թե ինչպես կգնդակահարեր նրան։ Պյոտր Ստեպանովիչը, դեռևս դիրք բռնած, սպասում էր մինչև վերջին վայրկյանը, չքաշելով ձգանը, վտանգելով իրեն՝ առաջինը գնդակ ստանալ ճակատին, «մոլագարից» սպասելի էր։ Սակայն «մոլագարն» ի վերջո իջեցրեց ձեռքը՝ շունչը կտրվելով, սրսփալով և խոսելու ուժ չունենալով։
― Խաղ արեցինք, ու հերիք էր,― զենքն իջեցրեց նաև Պյոտր Ստեպանովիչը։― Այդպես էլ գիտեի, որ խաղ եք անում, միայն թե գիտեք, որ վտանգված էիք, ես կարող էի կրակել։
Եվ նա բավականին հանգիստ նստեց բազմոցին և թեյ լցրեց իրեն, ի դեպ, թեթեակի դողացող ձեռքով։ Կիրիլլովն ատրճանակը դրեց սեղանին և սկսեց ետուառաջ քայլել։
― Ես չեմ գրի, թե սպանել եմ Շատովին և... ոչինչ չեմ գրի հիմա։ Թուղթը չի լինի։
― Չի՞ լինի։
― Չի լինի։
― Ի՜նչ ստորություն և ի՜նչ հիմարություն,― չարացածությունից կանաչ կտրեց Պյոտր Ստեպանովիչը։― Իմիջիայլոց, ես դա կանխազգում էի։ Իմացեք, որ ինձ նեղը չեք լծում։ Թեև՝ ինչպես կուզեք։ Եթե կարողանայի ձեզ ստիպել ուժով, կստիպեի։ Ի դեպ, դուք սրիկա եք,― ավելի ու ավելի չէր կարողանում իրեն զսպել Պյոտր Ստեպանովիչը։― Այն ժամանակ դուք մեզնից փող խնդրեցիք և սարեր խոստացաք... Միայն թե ես առանց արդյունքի չեմ գնա, այնուամենայնիվ, ծայրահեղ դեպքում կտեսնեմ, թե ինչպես եք ինքներդ ձեր գանգը փշրում։
― Ես ուզում եմ, որ հիմա դուրս գաս,― նրա դիմաց հաստատուն կանգ առավ Կիրիլլովը։
― Չէ՜, այդ մեկն արդեն՝ ոչ մի կերպ,― ատրճանակը նորից ձեռքն առավ Պյոտր Ստեպանովիչը,― հիմա թերևս չարության ու վախկոտության դրդմամբ ձեր գլուխը կմտնի հետաձգել ամեն ինչ ու վաղը գնալ՝ մատնելու, նորից մի քիչ փող ստանալու համար, չէ որ դրա համար կվճարեն։ Գրողը տանի ձեզ նման մարդկանց, ամեն ինչի պատրաստ եք։ Սիայն թե մի անհանգստացեք, ես ամեն բան կանխատեսել եմ. ես չեմ գնա, մինչև այս ատրճանակով չփշրեմ ձեր գանգը, ինչպես ստոր Շատովինը, եթե վախենաք ու մտադրությունը հետաձգեք, գրողը տանի ձեզ։
― Անպայման ուզում ես իմ արյո՞ւնն էլ տեսնել։
― Հասկացեք, չարությունից չեմ անում դա, ինձ համար միևնույն է։ Պատճառն այն է, որ հանգիստ լինեմ մեր գործի համար։ Մարդուս վրա հույս դնել չի կարելի, ինքներդ եք տեսնում։ Ես ոչինչ չեմ հասկանում, թե որն է ինքն իրեն մեռցնելու ձեր այդ երևակայությունը։ Ես չեմ հորինել ձեզ համար, այլ ինքներդ՝ ինձնից առաջ ու այդ մասին հայտնել եք նախապես ոչ ինձ, այլ անդամներին՝ արտասահմանում։ Եվ նկատի ունեցեք, նրանցից ոչ ոք չի ստիպել խոստովանել, նրանցից ոչ մեկը ձեզ չի ճանաչել բոլորովին, այլ ինքներդ եք եկել՝ անկեղծանալու, զգացմունքայնությունից։ Է՛, ինչ արած, եթե այն ժամանակ դրա վրա հիմնվեց, ձեր իսկ համաձայնությամբ և առաջարկությամբ (նկատի առեք ձեզ համար՝ առաջարկությամբ), այստեղի գործողությունների մի պլան, որը հիմա արդեն ոչ մի կերպ փոխելչի կարելի։ Հիմա դուք ձեզ այնպես եք պահել, որ արդեն չափից ավելի գիտեք ավելորդ բաներ։ Եթե ցնորվեք ու վաղը գնաք՝ մատնելու, չէ որ դա էլ ձեռնտու չի լինի ձեզ, ի՞նչ եք մտածում այդ մասին։ Չէ-է՛, դուք պարտավորվել եք, դուք խոսք եք տվել, դուք փող եք վերցրել։ Այդ մեկը ոչ մի կերպ չեք կարող ժխտել...
Պյոտր Ստեպանովիչը սաստիկ բորբոքված էր, բայց Կիրիլլովը վաղուց արդեն չէր լսում։ Նորից մտազբաղ գնում-գալիս էր սենյակում։
― Մեղք էր Շատովը,― ասաց նա՝ կրկին կանգնելով Պյոտր Ստեպանովիչի դիմաց։
― Ախր, ես էլ եմ խղճում, թերևս, և միթե...
― Լռիր, ստորի մեկը,― ոռնաց Կիրիլլովը՝ սարսափելի և աներկիմաստ շարժում անելով,― կսպանեմ։
― Դե, դե, դե, ստեցի, համաձայն եմ, ամենևին մեղք չէր, դե բավական է, բավական,― երկյուղած վեր թռավ Պյոտր Ստեպանովիչը՝ ձեռքն առաջ պարզած։
Կիրիլլովը հանկարծակի սսկվեց և նորից սկսեց քայլել։
― Ես չեմ հետաձգի, հատկապես հիմա եմ ուզում սպանել ինձ՝ բոլորը ստոր են։
― Ա՛յ, գաղափար է։ Ինչ խոսք, բոլորը ստոր են, և քանի որ օրինավոր մարդու համար աշխարհում նողկալի է, ապա...
― Հիմար, ես էլ նույնպիսի ստոր եմ, ինչպես դու, ինչպես բոլորը և ոչ թե օրինավոր։ Օրինավոր ոչ մի տեղ չի եղել։
― Վերջապես կռահեց։ Կիրիլլով, միթե մինչև հիմա ձեր խելքով չէիք հասկանում, որ բոլորը նույնն են, որ չկա ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ, այլ միայն ավելի խելոք ու ավելի անխելք, և որ եթե բոլորը ստոր են (ինչը, ի դեպ, ցնդաբանություն է), ապա ուրեմն, չպիտի լինի և անստո՞ր։
― Ա՜, դու իսկապե՞ս չես ծիծաղում,― որոշ չափով զարմացած նայեց Կիրիլլովը։― Տաքացած ու պարզ ասացիր։ Մի՞թե քեզ նմանները համոզմունք ունեն։
― Կիրիլլով, ես երբեք չեմ կարողացել հասկանալ, թե ինչի եք ուզում ինքնասպան լինել։ Գիտեմ միայն, որ համոզմունքից... հաստատուն։ Բայց եթե պահանջ եք զգում, այսպես ասած, սիրտը բացել, պատրաստ եմ ծառայել... Միայն պետք է նկատի առնել ժամանակը...
― Ժամը քանի՞սն է։
― Օհո՜, ճիշտ երկուսը,― ժամացույցին նայեց Պյոտր Ստեպանովիչը և գլանակ վառեց։
«Կարծում եմ, դեռ կարելի է լեզու գտնել»,― ինքն իրեն մտածեց նա։
― Ես քեզ ասելու բան չունեմ,― մրթմրթաց Կիրիլլովը։
― Հիշում եմ, ինչ-որ բան կա այդտեղ Աստծո մասին... չէ որ դուք մի անգամ ինձ բացատրել եք, նույնիսկ երկու անգամ։ Եթե ինքնասպան լինեք, կդառնաք Աստված, կարծեմ, այդպե՞ս էր։
― Այո, կդառնամ Աստված։
Պյոտր Ստեպանովիչը նույնիսկ չժպտաց, սպասում էր։ Կիրիլլովը նրբամտորեն նրան նայեց։
― Դուք քաղաքական խաբեբա եք և բանսարկու, ուզում եք ինձ հանգեցնել փիլիսոփայության և զմայլանքի և հաշտություն կայացնել, որպեսզի ցրեք զայրույթը և երբ հաշտվեմ, խնդրել ու ձեռք գցել երկտողը, թե Շատովին ես եմ սպանել։
Պյոտր Ստեպանովիչը պատասխանեց համարյա բնական պարզամտությամբ.
― էհ, թող որ այդպիսի ստոր լինեմ, միայն թե վերջին րոպեներին ձեզ համար միևնո՞ւյնը չէ, Կիրիլլով։ Լավ, ինչի՞ համար ենք վիճում, ասացեք խնդրեմ, դուք այդպիսի մարդ եք, ես՝ այսպիսի, դրանից ի՞նչ։ Գումարած, որ երկուսս էլ...
― Ստորներ ենք։
― Այո, գուցեև ստորներ։ Չէ որ գիտեք, որ դրանք միայն բառեր են։
― Ամբողջ կյանքում չեմ ուզել, որ սոսկ բառեր լինեն դրանք։ Նրա համար եմ ապրել, որ միշտ չեմ ուզել։ Ես հիմա էլ ամեն օր ուզում եմ, որ բառեր չլինեն։
― Ինչ կա որ, ամեն մեկն ավելի լավ տեղ է փնտրում։ Ձուկը... այսինքն, ամեն մեկն էլ յուրօրինակ կոմֆորտ է փնտրում։ Շատ ու շատ հնուց է հայտնի։
― Ասում ես՝ կոմֆո՞րտ։
― Է, արժի՞ բառի համար վիճել։
― Չէ, դու լավ ասիր, թող լինի կոմֆորտ։ Աստված անհրաժեշտ է, ուստի և պիտի լինի։
― Է, շատ լավ։
― Բայց ես գիտեմ, որ նա չկա ու չի կարող լինել։
― Դա ավելի ճիշտ էր։
― Մի՞թե դու չես հասկանում, որ այդպիսի երկու մտքերով մարդուն չի կարելի ողջ մնալ։
― Ի՞նչ է, ինքնասպա՞ն լինել։
― Մի՞թե չես հասկանում, որ միմիայն այդ պատճառով կարելի է ինքնասպան լինել։ Դու չես հասկանում, որ կարող է այդպիսի մի մարդ լինել, մի հոգի ձեր հազարավոր միլիոններից, մեկը, որը չի ուզենա և չի դիմանա։
― Ես հասկանում եմ միայն, որ դուք, կարծես թե տատանվում եք, Դա շատ վատ է։
― Ստավրոգինին նույնպես գաղափարը խժռեց,― դիտողությունը չնկատեց Կիրիլլովը՝ մռայլված քայլելով սենյակում։
― Ի՞նչ,― ականջները սրեց Պյոտր Ստեպանովիչը,― ի՞նչ գաղափար։― Անձամբ ձեզ նա ինչ-որ բան ասե՞լ է։
― Չէ, ինքս եմ կռահել. Ստավրոգինը, եթե հավատում էլ է, ապա չի հավատում, թե հավատում է։ Իսկ եթե չի հավատում, ապա չի հավատում, թե չի հավատում։
― Դե, Ստավրոգինը մի ուրիշ բան էլ ունի, դրանից ավելի խելացի...― փնթփնթաց Պյոտր Ստեպանովիչը՝ անհանգստությամբ հետևելով խոսակցության շրջվածքին և գունատված Կիրիլլովին։
«Գրողը տանի, ինքնասպան չի լինելու,― մտածեց նա,― միշտ կանխազգացել եմ։ Ուղեղի մի օտարոտի դարձ և ուրիշ ոչինչ։ Ի՜նչ տականք ժողովուրդ է»։
― Դու վերջինն ես, որ ինձ հետ է. ես չէի ուզենա քեզնից գեշ բաժանվել,― հանկարծ նվեր տվեց Կիրիլլովը։
Պյոտր Ստեպանովիչն իսկույն չպատասխանեց։ «Գրողը տանի, սա՞ ինչ բան էր նորից»,― մտածեց նա կրկին։
― Հավատացեք, Կիրիլլով, որ ես ոչինչ չունեմ ձեր դեմ, անձամբ որպես մարդու, և միշտ...
― Դու ստոր ես և սուտ է խելքդ։ Բայց ես քեզ պես եմ, և ինքնասպան կլինեմ, իսկ դու ողջ կմնաս։
― Այսինքն, ուզում եք ասել, որ այնքան եմ ցածր, որ կուզենամ ողջ մնալ։
Նա դեռևս չէր կարողանում որոշել՝ շահավետ, թե՞ անշահավետ է այդ պահին նման խոսակցություն շարունակելը, և վճռեց «անձնատուր լինել հանգամանքներին»։ Սակայն Կիրիլլովի գերազանցության և իր նկատմամբ անսքող ու մշտական արհամարհանքի երանգը նախկինում էլ միշտ ջղայնացնում էր նրան, իսկ հիմա, չգիտես ինչու, նախկինից ավելի շատ։ Գուցեև այն պատճառով, որ Կիրիլլովը, ում մի ժամ անց վիճակված էր մեռնել (այնուամենայնիվ, Պյոտր Ստեպանովիչը դա նկատի ուներ), նրան թվում էր արդեն կես-մարդու պես մի բան, այնպիսի մեկը, ում այլևս չէր կարելի գոռոզություն թույլ տալ։
― Կարծես թե դուք պարծենո՞ւմ եք իմ առաջ, որ ինքնասպան եք լինելու։
― Ես միշտ զարմացած եմ եղել, որ բոլորը ողջ են մնում,― նրա դիտողությունը չլսեց Կիրիլլովը։
― Հըմ, ընդունենք, դա գաղափար էր, բայց...
― Կապիկի մեկը, դու համաձայնում ես, որ ինձ հպատակեցնես։ Լռիր, դու ոչինչ չես հասկանալու։ Եթե Աստված չկա, ես եմ Աստվածը։
― Այ, ձեր այդ մի կետը երբեք չեմ կարողացել հասկանալ, ինչի՞ համար եք դուք Աստված։
― Եթե կա Աստված, ապա կամքը նրանն է ամբողջ, և նրա կամքից դուրս ես չեմ կարող։ Եթե չկա,ապա ամբողջ կամքն իմն է, և ես պարտավոր եմ ինքնակամությունս հայտարարել։
― Ինքնակամությո՞ւն։ Իսկ ինչո՞ւ եք պարտավոր։
― Որովհետև ամբողջ կամքը դարձել է իմը։ Մի՞թե ոչ ոք ամբողջ մոլորակի վրա, վերջացնելով Աստծու հետ և հավատալով ինքնակամությանը, չի համարձակվի ինքնակամություն ազդարարել՝ ամենալիակատար հիմքով։ Դա այդպես է, ինչպես չքավորը ժառանգություն ստացավ և վախեցավ, սիրտ չարեց մոտենալ տոպրակին՝ տիրելու համար իրեն սակավուժ գտնելով։ Ես ուզում եմ ինքնակամություն հայտարարել։ Թող որ մենակ լինեմ, բայց կանեմ։
― Եվ արեք։
― Ես պարտավոր եմ ինքնասպան լինել, որովհետև իմ ինքնակամության ամենակատարյալ կետն ինքս ինձ սպանելն է։
― Բայց չէ որ մենակ դուք չեք ձեզ սպանում։ Շա՜տ են ինքնասպանները։
― Մի պատճառ ունեն։ Բայց առանց որևիցե պատճառի, այլ սոսկ ինքնակամությունից՝ մենակ ես եմ։
«Ինքնասպան չի լինելու»,― նորից անցավ Պյոտր Ստեպանովիչի մտքով։
― Գիտեք ինչ,― նշեց նա դյուրագրգռությամբ,― ես ձեր տեղը լինեի, ինքնակամություն ցուցադրելու համար մեկ ուրիշին կսպանեի, և ոչ թե ինձ։ Օգտակար կարող էիք դառնալ։ Ես ցույց կտամ՝ ում, եթե չվախենաք։ Այդ դեպքում թերևս, այսօր ինքնասպան մի էլ եղեք։ Կարելի է պայմանավորվել։
― Ուրիշին սպանելը կլինի իմ ինքնակամության ամենաստորին կետը, ու սրա մեջ դու ես ամբողջովին։ Ես դու չեմ. ես բարձրագույն կետն եմ ուզում և կսպանեմ ինձ։
«Իր խելքով հասավ»,― չարացած մրթմրթաց Պյոտր Ստեպանովիչը։
― Ես պարտավոր եմ անհավատություն հայտարարել,― սենյակում գնում-գալիս էր Կիրիլլովը։― Ինձ համար ավելի բարձր գաղափար չկա, քան որ Աստված չկա։ Իմ կողմն է մարդկային պատմությունը։ Մարդը հենց այն է արել, որ հորինել է Աստծուն, որ ապրի՝ ինքն իրեն չսպանելով։ Դա է համաշխարհային ամբողջ պատմությունը, մինչև հիմա։ Համաշխարհային պատմության մեջ միայն ես չեմ ուզել առաջին անգամ հորինել Աստծուն։ Թող իմանան մեկընդմիշտ։
― «Չի լինելու»,― անհանգստացավ Պյոտր Ստեպանովիչը։
― Այդ ո՞վ պիտի իմանա,― հրահրեց նա։― Այստեղ ես եմ ու դուք։ Չլինի՞ Լիպուտինը։
― Բոլորը պիտի իմանան, բոլորը կիմանան։ Չկա մի գաղտնիք, որը հայտնի չդառնա։ Ահա, ''Նա'' է ասել։
Եվ նա տենդագին շարժումով մատնացույց արեց Ամենափրկչի սրբապատկերը, որի առաջ կանթեղ էր վառվում։ Պյոտր Ստեպանովիչը ծայրաստիճան բարկացավ։
― Հենց ''Նրան'' էլ, ուրեմն, դեռևս հավատում եք, կանթեղ էլ եք վառել։ Ո՞չ «համենայն դեպս»-ի համար։
Կիրիլլովը լուռ մնաց։
― Գիտեք ինչ, իմ կարծիքով, դուք տերտերից էլ շատ եք հավատում։― Ո՞ւմ։ ''Նրա՞ն''։ Լսիր,― կանգ առավ Կիրիլլովն անշարժ՝ կատաղած հայացքով նայելով իր դիմաց։― Մեծ գաղափար լսիր, եղել է մեկ օր երկրիս երեսին, ու երկրի մեջտեղում երեք խաչ է եղել։ Մեկը խաչի վրա այնքան է հավատացել, որ ասել է մյուսին. «Այսօր ինձ հետ կլինես դրախտում»։ Օրն ավարտվել է, երկուսն էլ մահացել են, գնացել ու չեն գտել ոչ դրախտ, ոչ հարություն։ Ասվածը չի արդարացել։ Լսիր, այդ մարդը բարձրագույնն էր ամբողջ երկրի վրա, այն ամենն էր, ինչի համար պիտի ապրեր երկիրը։ Ամբողջ մոլորակը, իր վրա եղած ամեն ինչով, առանց այդ մարդու՝ զուտ խելագարություն է։ Չի եղել ոչ նախքան, ոչ հետո ''նրան'' այդպիսի մի բան, նույնիսկ մինչև հրաշքը։ Հրաշքն էլ այն է հենց, որ չի եղել ու չի լինելու նման բան երբեք։ Իսկ եթե այդպես է, եթե բնության օրենքները չեն ափսոսել և ''դա'', նույնիսկ իրենց հրաշքն էլ չեն ափսոսել, այլ ստիպել են ''նրան'' նաև ապրել ստի մեջ ու մեռնել հանուն ստի, նշանակում է, ամբողջ մոլորակը սուտ է որ կա և հիմնված է ստի ու հիմար քմծիծաղի վրա։ Նշանակում է, մոլորակի բուն օրենքներն են սուտ ու սատանայական վոդևիլ։ Իսկ ինչի՞ համար ապրել, պատասխանիր, եթե դու մարդ ես։
― Դա գործի մեկ ուրիշ կողմն է։ Ինձ թվում է, դուք երկու տարբեր պատճառներ եք խառնել, իսկ դա շատ է անբարեհույս։ Բայց ներեցեք, լավ, իսկ եթե դո՞ւք եք աստված։ Եթե վերջացել է սուտը և դուք կռահել եք, որ ամբողջ սուտը նրանից է, որ եղել է նախկին Աստված։
― Վերջապես հասկացար,― ցնծագին բղավեց Կիրիլլովը։
― Նշանակում է, կարելի է հասկանալ, եթե նույնիսկ քեզ պես մեկը հասկացավ։ Հիմա հասկանում ես, որ բոլորի համար լրիվ փրկությունն այդ միտքը բոլորին ապացուցելն է։ Ո՞վ է ապացուցելու։ Ես։ Ես չեմ հասկանում, ինչպես կարող էր մինչև հիմա անաստվածն իմանալ, որ Աստված չկա և չսպանել իրեն հենց նույն պահին։ Գիտնալ, որ չկա Աստված և չգիտնալ միանգամից, որ ինքդ ես դարձել Աստված՝ անհեթեթություն է, այլապես անպայման կսպանես ինքդ քեզ։ Եթե գիտնաս, որ թագավոր ես, արդեն չես սպանի քեզ, այլ կապրես փառքի ամենագագաթնակետին։ Սակայն մեկը, նա, որ առաջինն է, պիտի իրեն սպանի անպայման, այլապես էլ ո՞վ կսկսի և կապացուցի։ Ես կսպանեմ ինձ անպայման, որպեսզի սկսեմ և ապացուցեմ։ Ես դեռևս սոսկ Աստված եմ ակամա և դժբախտ եմ ես, քանզի ''պարտավոր եմ'' ինքնակամություն հայտարարել։ Բոլորը դժբախտ են այն պատճառով, որ վախենում են ինքնակամություն հայտարարել։ Մինչև հիմա մարդն այն պատճառով է այնքան դժբախտ ու թշվառ, որ վախեցել է հայտարարել ինքնակամության ամենագլխավոր կետը և ինքնակամություն է արել գողունի, դպրոցականի պես։ Ես ահավոր դժբախտ եմ, քանզի ահավոր վախենում եմ։ Վախը նզովքն է մարդու... Սակայն ես հայտարարում եմ ինքնակամություն, ես պարտավոր եմ հավատալ, որ չեմ հավատում։ Ես կսկսեմ ու կավարտեմ, և դուռը կբացեմ։ Ու կփրկեմ։ Սիմիայն սա կփրկի բոլոր մարդկանց և հենց հաջորդ սերունդը կվերածնի ֆիզիկապես, քանզի ներկայիս ֆիզիկական տեսքով, ինչքան մտածել եմ, մարդը չի կարող ոչ մի կերպ մնալ առանց նախկին Աստծո։ Ես երեք տարի որոնել եմ իմ աստվածության հատկանիշը և գտել եմ. հատկանիշն իմ աստվածության՝ ինքնակամությունն է։ Դա ամենն է, ինչով կարող եմ գլխավոր կետում ըմբոստություն ցույց տալ և նոր ու ահավոր ազատությունն իմ։ Քանզի դա շատ է ահավոր։ Ես ինձ սպանում եմ՝ ցույց տալու համար ըմբոստություն և նոր ու ահավոր ազատությունն իմ։
Նրա դեմքն անբնական գունատ էր, հայացքը՝ անտանելի ծանր։ Տենդի մեջ էր կարծես։ Պյոտր Ստեպանովիչի մտքով անցավ, որ հիմա նա կընկնի։
― Տուր գրիչը,― հանկարծ միանգամայն անսպասելի բղավեց Կիրիլլովը՝ վճռական ոգեշնչմամբ։― Թելադրիր, ամեն ինչ կստորագրեմ։ Եվ որ Շատովին եմ սպանել, կստորագրեմ։ Թելադրիր, քանի դեռ ծիծաղելի է ինձ համար։ Չեմ վախենում գոռոզամիտ ստրուկների մտքերից։ Ինքդ կտեսնես, որ ամենայն գաղտնիք հայտնի է դառնում։ իսկ դու կտրորվես... Հավատո՜ւմ եմ։ Հավատո՜ւմ եմ։
Պյոտր Ստեպանովիչը պոկվեց տեղից և ակնթարթորեն մոտ բերեց թանաքամանը, թուղթը և սկսեց թելադրել՝ որսալով պահը և սրսփալով հաջողության համար։
«Ես, Ալեքսեյ Կիրիլլովս, հայտարարում եմ...»։
― Սպասիր։ Չեմ ուզում։ Ո՞ւմ եմ հայտարարում։
Կիրիլլովը դողում էր, ինչպես տենդի մեջ։ Այդ հայտարարումը և ինչ-որ առանձնահատուկ մի միտք՝ դրա մասին, թվում է, հանկարծակի կլանեց նրան ամբողջովին, կարծես թե ինչ-որ մի ելք, դեպի ուր սուրաց ու թեկուզև մի պահ բախվեց նրա տանջահար ոգին.
― Ո՞ւմ եմ հայտարարում։ Ուզում եմ իմանալ՝ ո՞ւմ։
― Ոչ մեկին, բոլորին, առաջին մարդուն, ով կկարդա։ Ինչի՞ է պետք որոշակիությունը։ Ամբողջ աշխարհին։
― Ամբողջ աշխարհի՞ն։ Բռավո՜։ Եվ պետք չէ զղջում։ Չեմ ուզում, որ զղջում լինի, և չեմ ուզում ղեկավարությանն ուղղել։
― Է, չէ՜, պետք չէ, գրողի ծոցը ղեկավարությունը, դե գրեք, եթե լուրջ եք...― հիստերիկ բղավեց Պյոտր Ստեպանովիչը։
― Սպասիր։ Ուզում եմ վերևում մի ռեխ նկարեմ՝ լեզուն հանած։
― Է՜, ցնդաբանություն է,― բարկացավ Պյոտր Ստեպանովիչը։― Առանց նկարի էլ կարելի է այդ ամենն արտահայտել միայն երանգով։
― Երանգո՞վ։ Լավ է։ Հա, երանգո՜վ, երանգո՜վ։ Թելադրիր երանգով։
― Ես՝ Ալեքսեյ Կիրիլլովս,― հաստատուն և հրամայաբար թելադրեց Պյոտր Ստեպանովիչը՝ կռացած Կիրիլլովի ուսին ու հետևելով յուրաքանչյուր տառին, որ նա գրում էր հուզմունքից դողացող ձեռքով,― ես՝ Կիրիլլովս, հայտարարում եմ, որ այսօր, հոկտեմբերի... երեկոյան ժամը ութին, սպանել եմ ուսանող Շատովին՝ դավաճանության համար, պուրակում, և թռուցիկների ու Ֆեդկայի մասին մատնագրի համար, որը մեր երկուսի մոտ՝ Ֆիլիպպովի տանը, գաղտնի բնակվել և գիշերել է տասը օր։ Այսօր ևեթ ինքնասպան եմ լինում ատրճանակով, ոչ այն պատճառով, որ զղջում եմ ու ձեզնից վախենում, այլ որովհետև արտասահմանում մտադրություն ունեի վերջ տալ կյանքիս»։
― Այսքա՞նը,― զարմանքով ու զայրույթով բղավեց Կիրիլլովը։
― Ոչ մի բառ ավելի,― ձեռքը թափ տվեց Պյոտր Ստեպանովիչը՝ փորձելով նրա ձեռքից խլել փաստաթուղթը։
― Սպասիր,― ձեռքն ամուր թղթի վրա դրեց Կիրիլլովը,― սպասիր, ցնդաբանություն է։ Ես ուզում եմ գրել, թե ում հետ եմ սպանել։ Ֆեդկա՞ն ինչի համար։ Հապա հրդե՞հը։ Ես ամեն ինչն եմ ուզում և հայհոյել եմ ուզում, երանգո՜վ, երանգո՜վ։
― Բավական է, Կիրիլլով, հավատացնում եմ ձեզ, որ բավական է...― համարյա աղաչում էր Պյոտր Ստեպանովիչը, դողալով, որ նա չպատառոտի թուղթը։― Որպեսզի հավատան, պետք է ինչքան կարելի է, մշուշոտ լինի, հենց այդպես, հենց միայն ակնարկումներով։ Պետք է ցույց տալ ճշմարտության միայն մի փոքր անկյունը, միայն այնքան, որ բարկացնես նրանց։ Սիշտ էլ իրենք իրենց ավելի ստեր կասեն, քան մենք, իսկ չէ որ դա ամենալավն է, ամենալավը։ Տվեք, հոյակապ է և այդպես, տվեք, տվեք։
Եվ նա անընդհատ ջանում էր խլել թուղթը։ Կիրիլլովը, աչքերը չռած, լսում ու կարծես աշխատում էր գլխի ընկնել, բայց կարծես դադարել էր հասկանալ։
― Է, գրողի տարած,― հանկարծակի զայրացավ Պյոտր Ստեպանովիչը,― նա դեռ չի էլ ստորագրել, ինչ եք չռել աչքերը, ստորագրեք։
― Ես ուզում եմ հայհոյել...― մրթմրթաց Կիրիլլովը, բայց առավ գրիչն ու ստորագրեց։― Ես ուզում եմ հայհոյել...
― Ստորագրեք. Vive la république<ref>Կեցցե հանրապետությունը (ֆրանս.)։</ref>, և բավական է...
― Բռավո,― զմայլանքից համարյա ոռնաց Կիրիլլովը։ ֊ Vive la république democratiqe, social et universelle ou la mort!<ref>Կեցցե ժողովրդավարական, սոցիալական և համաշխարհային հանրապետությունը, կամ՝ մահ (ֆրանս.)։</ref> ...Չէ, չէ, այդպես չէ։ Liberte, égalité, fratemite ou la mort!<ref>Ազատություն, հավասարություն, եղբայրություն, կամ՝ մահ (ֆրանս.)։</ref>։ Ահա, սա ավելի լավ է, ավելի լավ,― վայելումով գրեց նա իր անվան ստորագրության տակ։
― Հերիք է, հերիք,― շարունակ կրկնում էր Պյոտր Ստեպանովիչը։
― Սպասիր, մի քիչ էլ... Գիտես, մի հատ էլ ֆրանսերեն կստորագրեմ՝ «de Kiriioff, gentilhomme russe et citoyen du monde»<ref>Կիրիլլով՝ ռուս ազնվական և աշխարհի քաղաքացի (ֆրանս.)։</ref>։ Հա-հա-հա,― քրքջաց նա։― Չէ, չէ, սպասիր, ամենից լավը գտա. gentilhomme-seminariste russe et citoye du monde civilise!<ref>Ռուս ազնվական-ճեմարանական և քաղաքակիրթ աշխարհի քաղաքացի (ֆրանս.)։</ref> ահա թե որն է լավը ամեն տեսակ...― վեր թռավ բազմոցից և հանկարծ արագ շարժումով լուսամուտագոգից վերցրեց ատրճանակը, ձեռքում բռնած վազեց մյուս սենյակ և դուռը պինդ կոդպեց իր վրա։ Պյոտր Ստեպանովիչը մի րոպե կանգնած էր՝ մտորումների մեջ, նայում էր դռանը։
«Եթե հիմա, այսպես, ուրեմն, կկրակի, իսկ որ սկսեց մտածել՝ ոչինչ էլ չի լինի»։
Առայժմ վերցրեց թուղթը, նստեց և նորից աչքի անցկացրեց։ Հայտարարության տարբերակը նորից դուր եկավ նրան.
«Իսկ ի՞նչ է պետք հիմա։ Պետք է ժամանակավորապես բոլորովին շշկլացնել նրանց և դրանով զբաղեցնել։ Պուրա՞կ։ Քաղաքում պուրակ չկա, ուրեմն իրենց խելքով կիմանան, որ Սկվորեշնիկիում է։ Սինչև հասկանան, ժամանակ կանցնի, մինչև փնտրեն՝ էլի կանցնի, իսկ որ դիակը գտնեն՝ ուրեմն, ճիշտ է գրված, ուրեմն, ամեն ինչ է ճիշտ, Ֆեդկայի մասին էլ. է ճիշտ։ Իսկ ի՞նչ ասել է Ֆեդկա։ Ֆեդկան դա հրդեհն է, Լեբյադկինները, ամեն ինչ այստեղից, Ֆիլիպպովների տնից է դուրս եկել, իսկ իրենք ոչինչ չեն տեսել, իսկ իրենք ամեն բան աչքաթող են արել, այս մեկը նրանց լրիվ թափ կտա։ Մերոնց մասին մտքներով էլ չի անցնի։ Շատովը, Կիրիլլովը, Ֆեդկան ու Լեբյադկինը, և թե ինչի համար են նրանք իրար սպանել՝ ահա ևս մի պստիկ հարց նրանց համար։ Է, գրողը տանի, իսկ կրակոցը չի լսվում...»։
Նա թեև կարդում ու հիանում էր տարբերակով, բայց ամեն վայրկյան տանջալի անհանգստությամբ ականջը ձայնի էր պահել ու մեկեն ջղայնացավ։ Տագնապով նայեց ժամացույցին, ուշ էր, և տասը րոպե կլիներ, ինչ Կիրիլլովը գնացել էր... Մոմն առած՝ նա շարժվեց Կիրիլլովի կողպած դռան կողմը։ Հենց դռան մոտ մտքով անցավ, որ ահա, մոմն էլ է կարճանում և մի քսան րոպե անց լրիվ կմարի, իսկ ուրիշ մոմ չկա։ Նա բռնեց դռան փակն ու զգուշությամբ ականջ դրեց՝ թեթև հնչյուն իսկ չէր լսվում։ Նա հանկարծակի բացեց դուռն ու պարզեց մոմը, ինչ-որ բան ոռնաց ու նետվեց վրան։ Ամբողջ ուժով փակեց դուռն ու նորից դեմ ընկավ դրան, բայց արդեն ամեն ինչ խաղաղվեց՝ նորից մեռյալ լռություն էր։
Երկար ժամանակ կանգնած էր անվճռական, մոմը ձեռքին։ Այն վայրկյանին, երբ բացեց դուռը, նա շատ քիչ բան կարող էր տեսնել, բայց և այնպես երևաց սենյակի խորքում՝ պատուհանի մոտ կանգնած Կիրիլլովի դեմքը և գազանային կատաղությունը, որով նա հանկարծ վրա պրծավ իրեն։ Պյոտր Ստեպանովիչը ցնցվեց, մոմն արագ դրեց սեղանին, պատրաստ բռնեց ատրճանակը և ոտնաթաթերի վրա ետ ցատկեց հակադիր անկյունը, այնպես, որ եթե Կիրիլլովը բացեր դուռն ու շտապեր սեղանի կողմը՝ ատրճանակով, ինքը կհասցներ նշան բռնել ու քաշել ձգանը Կիրիլլովից առաջ։
Պյոտր Ստեպանովիչը հիմա արդեն ամենևին չէր հավատում ինքնասպանությանը։ «Սենյակի մեջտեղում կանգնած մտածում էր,― հողմի պես անցնում էր Պյոտր Ստեպանովիչի մտքով։― Ըստ որում, նաև մութ, ահարկու սենյակ... Նա ոռնաց ու վրա պրծավ, հնարավոր երկու բան կա. կամ ես խանգարեցի նրան հենց այն ակնթարթին, երբ պիտի քաշեր ձգանը, կամ... կամ... կամ կանգնել ու մտածում էր, թե ինչպես ինձ սպանի։ Այո, այդպես է, նա մտմտում էր... Գիտե, որ չեմ գնա իրեն չսպանած, եթե ինքը վախենա, ուրեմն, ինքն ավելի շուտ պիտի սպանի ինձ, որպեսզի ես չսպանեմ իրեն... Եվ նորից, նորից լռություն է այնտեղ։ Զարհուրելի է նույնիսկ, հանկարծ, ու դուռը բացեց... Խոզությունն այն է, որ նա հավատում է Աստծուն, տերտերից շատ ավելի շատ... Ոչ մի դեպքում ինքնասպան չի լինի... Այդպիսիք, ովքեր «իրենց խելքով են հասել», հիմա շատ են շատացել։ Սրիկա, թյուհ, սատանա, մոմը, մոմը։ Քառորդ ժամ անց կմարի, անպայման... Պիտի վերջացնել, ինչ գնով ուզում է լինի, պիտի վերջացնել... Է, ինչ, հիմա սպանել կարելի է... Այս թղթի առկայությամբ ամենևին չեն մտածի, որ ես եմ սպանել։ Կարելի է այնպես պառկեցնել հատակին ու հարմարեցնել պարպված ատրճանակը ձեռքին, որ անպայման կմտածեն, թե ինքն է... Ահ, գրողը տանի, իսկ ինչպե՞ս սպանել։ Ես դուռը կբացեմ, իսկ նա նորից վրա կպրծնի և ինձնից շուտ կկրակի։ է, գրողը տանի, անշուշտ, կվրիպի»։
Այսպես տանջվում էր նա՝ սարսռալով մտադրության անխուսափելիությունից և իր անվճռականությունից։ Ի վերջո, մոմն առավ ու նորից մոտեցավ դռանը՝ բարձրացրած ու պատրաստ պահած ատրճանակը։ Իսկ ձախ ձեռքով, որով մոմն էր բռնել, ընկավ դռան բռնակի վրա։ Բայց անհմուտ ստացվեց. բռնակը շրխկաց, ձայն ու ճռռոց հանեց։ «Ուղիղ կկրակի»,― անցավ Պյոտր Ստեպանովիչի մտքով։ Ամբողջ ուժով նա հրեց դուռը ոտքով, բարձրացրեց մոմն ու պարզեց ատրճանակը, բայց ոչ կրակոց լսվեց, ոչ բղավոց... Սենյակում ոչ ոք չկար։
Նա ցնցվեց։ Սենյակը միջանցիկ չէր, խուլպատ, և փախչելու տեղ չկար։ Ավելի բարձր պահեց մոմը և ուշադրությամբ զննեց՝ ոչ մեկը չկար։ Կիսաձայն կանչեց Կիրիլլովին, հետո՝ ավելի բարձրաձայն, ոչ ոք չպատասխանեց։
«Չլինի՞ պատուհանից է փախել»։
Իրոք, պատուհաններից մեկի օդանցքը բացված էր։ «Հիմարություն է, օդանցքով չէր կարող փախչել»։ Պյոտր Ստեպանովիչն անցավ սենյակով, ուղիղ դեպի պատուհանը։ «Ոչ մի կերպ չէր կարող»։ Հանկարծ նա արագ շրջվեց, և անսովոր մի բան ցնցեց նրան։
Պատուհանի դիմացի պատի մոտ՝ դռնից աջ, պահարան կար։ Դրա աջ կողմում՝ պատի և պահարանի կազմած անկյունում կանգնած էր Կիրիլլովը, և կանգնած էր զարհուրելի տարօրինակ՝ անշարժ, ձգված, ձեռքերը կողերին կպցրած, գլուխը վեր ցցած ու ծոծրակով պինդ սեղմված պատին, ճիշտ անկյունում, կարծես կամենալով ամբողջովին չքանալ, թաքնվել։ Բոլոր նշաններից դատելով, նա թաքնվել էր, բայց մի տեսակ հավատալ չէր լինի։ Պյոտր Ստեպանովիչը փոքր-ինչ շեղակի էր կանգնած անկյունից և կարող էր տեսնել միայն մարմնի դուրս մնացած մասերը։ Նա դեռևս սիրտ չէր անում ձախ գնալ՝ Կիրիլլովին ոտից գլուխ տեսնելու և հանելուկը հասկանալու համար։ Սիրտը սկսեց սաստիկ բաբախել... Եվ հանկարծ կատարյալ կատաղություն պատեց նրան, պոկվեց տեղից, գոռաց ու ոտքերը դոփելով՝ մոլեգնած նետվեց այդ սարսափելի տեղը։
Սակայն ընդհուպ մոտենալով՝ նա նորից կանգ առավ մեխվածի պես էլ ավելի ապշած սարսափից։ Գլխավորն ապշեցրեց այն, որ մարմինը, չնայած գոռոցին և իր մոլեգին հարձակմանը, նույնիսկ չդարձավ, չշարժվեց և ոչ մի անդամը՝ ճիշտ կարծես քարացած էր կամ մոմից պատրաստված։ Դեմքի գունատությունն անբնական էր, սև աչքերը՝ միանգամայն անթարթ և ինչ-որ կետի էին նայում տարածության մեջ։ Պյոտր Ստեպանովիչը մոմն իջեցրեց՝ բոլոր կողմերից լուսավորելով ու զննելով դեմքը։ Հանկարծ նկատեց, որ Կիրիլլովը թեև իր դիմացն է նայում, ինչ-որ կետի, սակայն շեղակի տեսնում է իրեն, նույնիսկ գուցեև հետևում։ Այստեղ մտքով անցավ կրակը մոտեցնել «այդ սրիկայի» ճիշտ դեմքին, այրել ու նայել, թե ինչ կանի նա։ Հանկարծ նրան թվաց, որ Կիրիլլովի կզակը շարժվեց և շրթունքներին կարծես թե ծաղրական ժպիտ խաղաց՝ ճիշտ կարծես կռահել էր իր միտքը։ Պյոտր Ստեպանովիչը սարսռաց և, իրեն կորցրած, ամուր բռնեց Կիրիլլովի ուսը։
Հետո կատարվեց այնպիսի մի այլանդակ ու արագընթաց բան, որ Պյոտր Ստեպանովիչը հետագայում ոչ մի կերպ չէր կարողանում վերականգնել իր հիշողությունները որևիցե հերթականությամբ։ Հազիվ էր դիպել Կիրիլլովին, սա արագ կռացրեց գլուխը և հենց գլխով գցեց նրա ձեռքի մոմը։ Մոմակալը զրնգոցով թռավ հատակին, և մոմը հանգավ։ Նույն պահին իր ձախ ձեռքի ճկույթին ահավոր ցավ զգաց։ Գոռաց և հիշում էր միայն, որ երեք անգամ ամբողջ ուժով ատրճանակով խփեց իր վրա ընկած և մատը կծած Կիրիլլովի գլխին։ Վերջապես մատը քաշեց և սկսեց գլխապատառ վազվզել՝ մթան մեջ փնտրելով ճանապարհը։ Նրա ետևից, սենյակից թռչում էին ահարկու ձայներ.
― Հիմա, հիմա, հիմա, հիմա...
Մի տասն անգամ։ Բայց նա դեռ վազվզում ու արդեն պիտի նախասենյակ դուրս գար, երբ հանկարծ բարձր կրակոց լսվեց։ Այստեղ նա կանգ առավ նախասենյակում՝ մթան մեջ ու մի հինգ րոպե տալիս-առնում էր։ Ի վերջո, նորից ետ եկավ սենյակները։ Բայց պետք էր մոմ գտնել։ Արժեր փնտրել պահարանից աջ, ձեռքից հատակին գցած մոմակալը, բայց ինչո՞վ էր վառելու մոմի մնացուկը։ Գլխում հանկարծ մի խավար հիշողություն արթնացավ, հիշեց, որ երեկ, երբ ինքը վազեց խոհանոց՝ Ֆեդկայի վրա հարձակվելու, անկյունում, դարակի վրա, կարծես թե թռուցիկ, լուցկու մի մեծ, կարմիր տուփ տեսավ։ Շոշափելով շարժվեց դեպի ձախ, խոհանոցի դռան կողմը, գտավ, անցավ նախասենյակով ու իջավ սանդուղքով։ Դարակի վրա, ճիշտ հենց այն տեղում, որ հիմա հիշեց, մթան մեջ շոշափելով գտավ լուցկու լիքը, դեռևս չօգտագործած տուփը։ Լույս չվառելով՝ շտապ ետ եկավ վերև, ու միայն պահարանի մոտ, հենց այն տեղում, որտեղից ատրճանակով խփում էր իր մատը կծած Կիրիլլովի գլխին, հանկարծ հիշեց իր կծված մատը և նույն ակնթարթին էլ համարյա անտանելի ցավ զգաց։ Ատամները սեղմած, մի կերպ վառեց մոմի մնացուկը, նորից խրեց մոմակալի մեջ և շուրջը նայեց, բաց օդանցքով պատուհանի մոտ, ոտքերը պարզած սենյակի աջ անկյունը, ընկած էր Կիրիլլովի դիակը։ Կրակոցն արձակված էր աջ քունքին, և գնդակը դուրս էր եկել ձախ կողմից վեր՝ փշրելով գանգը։ Երևում էին արյան և ուղեղի ցայտեր։ Ատրճանակը մնացել էր անձնասպանի՝ հատակին ընկած ձեռքում։ Մահը պիտի որ հասած լիներ ակնթարթորեն։ Ամեն ինչ զննելով ծայր բծախնդրությամբ, Պյոտր Ստեպանովիչը ոտքի ելավ ու ոտնաթաթերի վրա՝ փակեց դուռը, մոմը դրեց առաջին սենյակում՝ սեղանին, մտածեց ու որոշեց չհանգցնել, հասկանալով, որ դա չի կարող հրդեհ առաջացնել։ Մեկ անգամ էլ նայելով սեղանին դրված փաստաթղթին, նա մեքենայաբար ժպտաց քթի տակ և հետո արդեն, չգիտես ինչու, միշտ ոտնաթաթերի վրա, ելավ տնից։ Նորից անցավ Ֆեդկայի սողանցքով և նորից խնամքով տեղը դրեց տախտակը։
=== III ===
Ժամը ճիշտ վեցին տասը պակաս, երկաթուղու կայարանում, բավականաչափ երկար ձգված վագոնների մոտով քայլում էին Պյոտր Ստեպանովիչը և Էրկելը։ Պյոտր Ստեպանովիչը մեկնում էր, իսկ Էրկելը հրաժեշտ տալիս նրան։ Բեռը հանձնված էր, պայուսակը տարված երկրորդ կարգի վագոն, տեղը՝ չնշված։ Առաջին զանգն արդեն զարկել էր, սպասում էին երկրորդին։ Պյոտր Ստեպանովիչը բացեիբաց շուրջն էր նայում, զննում վագոններ մտնող ուղևորներին։ Բայց մոտիկ ծանոթներ չհանդիպեցին, ընդամենը ստիպված էր երկու անգամ գլխով անել, մի վաճառականի, ում ճանաչում էր հեռվից, ապա գյուղական մի երիտասարդ հոգևորականի, որը գնում էր երկու կայարան այն կողմ գտնվող իր ծխական համայնքը։ Էրկելն, ըստ երևույթին, վերջին րոպեներին կամենում էր խոսել որևէ կարևոր բանի մասին, թեև գուցե ինքն էլ չգիտեր, թե ինչի, բայց շարունակ չէր համարձակվում սկսել։ Նրան անընդհատ թվում էր, թե Պյոտր Ստեպանովիչը կարծես նեղվում է իրենից և անհամբեր սպասում հաջորդ զանգերին։
― Դուք այնքան բացեիբաց եք նայում բոլորին,― որոշ վախվորածությամբ նշեց նա՝ կարծես կամենալով զգուշացնել։
― Իսկ ինչո՞ւ ոչ։ Ինձ դեռևս չի կարելի թաքնվել։ Վաղ է։ Մի անհանգստացեք։ Սիայն վախենում եմ ահա, որ սատանան Լիպուտինին չբերի։ Հոտն առած՝ կգա վազեվազ։
― Պյոտր Ստեպանովիչ, նրանք անհուսալի են,― վճռական արտահայտվեց Էրկելը։
― Լիպուտի՞նը։
― Բոլորը, Պյոտր Ստեպանովիչ։
― Դատարկ բան է, հիմա բոլորը կապված են երեկվանով։ Ոչ մեկը չի դավաճանի։ Ո՞վ կգնա բացահայտ կործանման, եթե խելքը չթռցնի։
― Պյոտր Ստեպանովիչ, բայց չէ որ նրանք խելքները կթռցնեն։
Ըստ երևույթին, այդ նույն միտքը Պյոտր Ստեպանովիչի գլխով էլ էր անցել, այդ պատճառով Էրկելի դիտողությունն ավելի բարկացրեց նրան։
― Չե՞ք վախենում նաև դուք, Էրկել։ Ձեզ վրա ես ավելի շատ հույս ունեմ, քան նրանց բոլորի։ Ես այժմ տեսա, թե ինչ արժե յուրաքանչյուրը։ Հայտնեք նրանց ամեն ինչ բանավոր հենց այսօր, ես ուղղակի ձեզ եմ հանձնարարում նրանց։ Առավոտից շրջեք բոլորի մոտ։ Իմ գրավոր հրահանգը կկարդաք վաղը կամ մյուս օրը՝ հավաքվելով, երբ նրանք արդեն ի վիճակի կլինեն լսել... բայց հավատացեք, որ վաղն ևեթ նրանք ի վիճակի կլինեն, որովհետև սարսափելի կվախենան և մոմի պես հլու կդառնան... Գլխավորը՝ գոնե դո՛ւք մի վհատվեք։
― Ահ, Պյոտր Ստեպանովիչ, ավելի լավ կլիներ, եթե չգնայիք։
― Բայց չէ որ մի քանի օրով եմ գնում, շատ շուտով ետ եմ գալու։
― Պյոտր Ստեպանովիչ,― զգուշությամբ, բայց հաստատուն արտաբերեց Էրկելը,― թեկուզև Պետերբուրգ եք գնում։ Միթե ես չեմ հասկանում, որ դուք միայն անհրաժեշտն եք անում ընդհանուր գործի համար։
― Ձեզնից պակաս բան չէի սպասում, Էրկել։ Եթե կռահել եք, որ գնում եմ Պետերբուրգ, ապա կարող էիք հասկանալ, որ հո չէի կարող նրանց ասել երեկ, այդպիսի մի պահի, թե այսքան հեռու եմ գնում՝ չվախեցնելու համար։ Ինքներդ տեսաք, թե ինչպիսին էին նրանք։ Բայց դուք հասկանում եք, որ ես գործի համար, գլխավոր և կարևոր գործի համար, ընդհանուր գործի համար եմ անում և ոչ նրա համար, որ ճողոպրեմ, ինչպես ենթադրում է Լիպուտինի նման մեկը։
― Պյոտր Ստեպանովիչ, թեկուզև՝ արտասահման, չէ որ ես կհասկանամ։ Կհասկանամ, որ դուք պետք է պահպանեք ձեր անձը, որովհետև դուք՝ ամեն ինչ եք, իսկ մենք՝ ոչինչ։ Ես կհասկանամ, Պյոտր Ստեպանովիչ։
Խեղճ տղայի ձայնը թրթռաց նույնիսկ։
― Շնորհակալ եմ, Էրկել... Այ, իմ ցավող մատին դիպաք (Էրկելն անվարժ սեղմել էր նրա ձեռքը, վնասված մատը տեսանելի փաթաթված էր սև կտորով)։― Բայց ես ձեզ իսկապես ասում եմ նորից, որ Պետերբուրգ եմ գնում՝ միայն հոտվտալու և գուցե նույնիսկ ընդամենը մեկ օրով, և իսկույն՝ ետ, այստեղ։ Վերադառնալով, ես ձևի համար կմնամ Գագանովի մոտ՝ գյուղում։ Եթե որևէ մի բանում նրանք վտանգ են ենթադրում, ապա ես առաջինը, գլխավորելով, կկիսեմ դա։ Իսկ եթե հապաղեցի Պետերբուրգում, ապա իսկույն ևեթ ձեզ իմաց կանեմ... հայտնի ճանապարհով, դուք էլ՝ նրանց։
Հնչեց երկրորդ զանգը։
― Ա, ուրեմն հինգ րոպե կա ընդամենը, մինչև շարժվելը։ Գիտեք, ես չէի ուզենա, որ այստեղի խմբակը ցրիվ գա։ Ես որ չեմ վախենում, ինձ համար մի անհանգստացեք, ընդհանուր ցանցի այդ հանգույցներից բավականաչափ ունեմ, և առանձնապես ափսոսելու ոչինչ չունեմ, բայց և ավելորդ հանգույցն էլ ոչնչի չի խանգարի։ Ի դեպ, ձեզնից ես հանգիստ եմ, թեև համարյա մենակ եմ թողնում այդ անճոռնիների հետ. մի անհանգստացեք, չեն մատնի, չեն համարձակվի... Ա-ա՜, դո՞ւ էլ այսօր,― բացականչեց նա հանկարծ միանգամայն ուրիշ, ուրախ ձայնով մի շատ երիտասարդ մարդու, որն ուրախ-ուրախ նրան մոտեցավ՝ ողջունելու։― Չգիտեի, որ նույնպես ճեպընթացով եք գնում։ Ո՞ւր, մայրիկի մո՞տ։
Երիտասարդի մայրիկը հարևան նահանգի հարստագույն կալվածատիրուհի էր, իսկ ինքը հեռավոր ազգական էր գալիս Յուլիա Միխայլովնային ու երկու շաբաթ հյուրընկալվել էր մեր քաղաքում։
― Չէ, ավելի հեռու եմ գնում, Ռ. ...Ութ ժամ վագոնում պիտի ապրեմ։ Պետերբո՞ւրգ,― ծիծաղեց երիտասարդը։
― Ինչի՞ց ենթադրեցիք, որ ես հենց ու հենց Պետերբուրգ եմ գնում,― ավելի անկեղծ ծիծաղեց Պյոտր Ստեպանովիչը։
Երիտասարդն օղակիր մատով հանդիմանեց նրան։
― Դե լավ, կռահեցիք,― խորհրդավոր շշնջաց Պյոտր Ստեպանովիչը,― Յուլիա Սիխայլովնայի նամակներն եմ տանում և այնտեղ պիտի վազվզեմ երեք-չորս գիտեք ինչ անձանց մոտ, գրողը դրանց տանի, անկեղծ ասած։ Անիծված գործ է։
― Ասացեք, իսկ ի՞նչից է նա այդպես վախեցել,― շշնջաց նաևերիտասարդը։― Երեկ նույնիսկ ինձ իր մոտ չթողեց, իմ կարծիքով, ամուսնու համար վախենալու ոչինչ չունի, ընդհակառակը, նա այնքան տպավորիչ ընկավ հրդեհի ժամանակ, այսպես ասած, նույնիսկ կյանքը զոհելով։
― Ահավասիկ,― ծիծաղեց Պյոտր Ստեպանովիչը,― գիտեք, նա վախենում է, որ այստեղից արդեն գրել են... այսինքն, որոշ պարոններ... Մի խոսքով, այստեղ գլխավորը Ստավրոգինն է, այսինքն, իշխան Կ.-ը... Էհ, մի ամբողջ պատմություն է, գուցեև ինչ-որ բաներ ձեզ հայտնեմ ճանապարհին, ինչքան, ի դեպ, ասպետությունն է թույլ տալիս... Սա իմ ազգականն է՝ փոխ-պորուչիկ Էրկելը՝ գավառից։
Էրկելի վրա աչքերը թեքած երիտասարդը ձեռքը տարավ շլյապային։ Էրկելը պատասխանեց գլուխը խոնարհելով։
― Վերխովենսկի, իսկ գիտեք, ութ ժամ վագոնում՝ ահավոր վիճակ է։ Մեզ հետ, առաջին կարգով գալիս է Բերեստովը, անչափ ծիծաղելի մի գնդապետ, կալվածքներով հարևան ենք, ամուսնացած է Գարինայի հետ (nee de Garine<ref>Ծննդյամբ՝ Գարինա (ֆրանս.)։</ref>) և գիտեք, օրինավորներից է։ Նույնիսկ գաղափարներ ունի։ Այստեղ է մնացել ընդամենը երկու օրուգիշեր։ Երալաշի թունդ երկրպագու է, չխաղա՞նք, հը՞։ Չորրորդին արդեն աչքի տակ ունեմ՝ Պրիպուխլովն է, մեր տ.-ցի վաճառական՝ մորուքավոր, միլիոնատեր, այսինքն, իսկական միլիոնատեր, ես եմ ձեզ ասում... Կծանոթացնեմ ձեզ, անչափ հետաքրքիր բարիքի մի տոպրակ, մի լավ կհռհռանք։
― Մեծագույն հաճույքով երալաշ կխաղամ և անչափ սիրում եմ՝ վագոնում, բայց ես երկրորդ կարգում եմ։
― Է, վերջ տվեք, ոչ մի դեպքում։ Նստեք մեզ հետ։ Հիմա կկարգադրեմ ձեզ տեղափոխել առաջին կարգ։ Ավագ-հսկիչն ինձ լսում է։ Ի՞նչ ունեք, պայուսա՞կ։ Ծածկո՞ց։
― Հրաշալի է, գնացինք։
Պյոտր Ստեպանովիչն առավ իր պայուսակը, ծածկոցը, գիրքը և անմիջապես մեծագույն պատրաստակամությամբ տեղափոխվեց առաջին կարգի վագոն։ Էրկելն օգնում էր։ Երրորդ զանգը խփեց։
― Դե, Էրկել,― շտապելով և զբաղված տեսքով՝ վերջին անգամ ձեռքն արդեն վագոնի պատուհանից պարզեց Պյոտր Ստեպանովիչը,― ահա, նստում եմ նրանց հետ խաղալու։
― Բայց ինչի՞ համար եք ինձ բացատրում, Պյոտր Ստեպանովիչ, չէ որ ամեն ինչ կհասկանամ, ես ամեն ինչ կհասկանամ, Պյոտր Ստեպանովիչ։
― Դե, ուրեմն, մինչև հաճելիագույն...― հանկարծ շրջվեց նա երիտասարդի ձայնի վրա, որը կանչում էր նրան ծանոթացնելու խաղընկերների հետ։ Էրկելն արդեն այլևս չտեսավ իր Պյոտր Ստեպանովիչին։
Նա տուն էր վերադառնում անչափ տխուր։ Չէ թե վախենում էր, որ Պյոտր Ստեպանովիչն այդպես հանկարծակի թողեց իրենց, բայց... բայց այնպես շուտ դարձավ իրենից, երբ ձայն տվեց այդ ջահել պճնամոլը, և... և կարող էր, չէ՞, մի ուրիշ բան ասել իրեն, այլ ոչ թե «մինչև հաճելիագույն», կամ... կամ գոնե ձեռքն ավելի ամուր սեղմել։
Վերջինն էլ հենց գլխավորն էր։ Մեկ ուրիշ բան էր սկսել ծվատել նրա խեղճ սիրտը, թե ինչ, դեռ ինքն էլ չէր հասկանում, երեկվա երեկոյի հետ կապված ինչ-որ բան։
== Գլուխ յոթերորդ. Ստեպան Տրոֆիմովիչի վերջին ուղևորությունը ==