== Գլուխ յոթերորդ. Ստեպան Տրոֆիմովիչի վերջին ուղևորությունը ==
=== I ===
Ես համոզված եմ, որ Ստեպան Տրոֆիմովիչը շատ էր վախենում, զգալով իր խելահեղ ձեռնարկման ժամկետի մոտենալը։ Ես համոզված եմ, որ նա շատ էր տառապում սարսափից, հատկապես նախօրեի գիշերը, ահավոր այն գիշերը։ Նաստասյան վերհիշեց հետագայում, որ նա պառկեց քնելու արդեն ուշ ու քնեց։ Սակայն դա ոչինչ չի ապացուցում, ասում են, մահվան դատապարտվածները շատ խորն են քնում նաև մահապատժի նախօրեին։ Թեև նա դուրս եկավ արդեն ցերեկվա լույսով, երբ նյարդային մարդը փոքր-ինչ առույգանում է (իսկ Վիրգինսկու ազգական մայորը նույնիսկ Աստծուն էր դադարում հավատալ, հենց անցնում էր գիշերը), բայց ես համոզված եմ, որ նա երբեք նախկինում առանց սարսափի չէր կարող պատկերացնել իրեն՝ մենակ, մեծ ճանապարհի վրա ու այդպիսի վիճակում։ Հարկավ, նրա մտքերում որոշ համարձակությունը, հավանորեն, մեղմում էր հանկարծահաս մենության սարսափելի զգացման առաջին անգամվա ամբողջ ուժը, որի մեջ հայտնվել էր մեկեն, Stasie-ին և իր քսան տարվա տաքուկ անկյունը թողնելուն պես։ Բայց միևնույնն է. իրեն սպասող բոլոր սարսափների ամենահստակ գիտակցմամբ հանդերձ, ամեն դեպքում նա կելներ մեծ ճանապարհ ու կգնար դրանով։ Այստեղ մի հպարտ և նրան զմայլեցնող բան կար, անկախ ամեն ինչից։ Օ՜, նա կարող էր ընդունել Վարվառա Պետրովնայի փառահեղ պայմանները և մնալ նրա ողորմածություններին կից «comme un<ref>Որպես մի (ֆրանս.)։</ref> սովորական ձրիակյաց»։ Սակայն չընդունեց ողորմածությունը և չմնաց։ Եվ ահա, ինքն է թողնում նրան ու բարձրացնում «մեծ գաղափարի դրոշը» և հանուն դրա գնում է մեռնելու մեծ ճանապարհի վրա։ Հենց այսպես պիտի զգար նա, հենց այսպես պիտի ներկայանար նրան իր արարմունքը։
Քանիցս ինձ է պատկերվել ևս մի հարց․ ինչու էր նա հենց փախչում, այսինքն՝ փախչում էր ոտքերով, տառացիորեն, այլ պարզապես չմեկնեց կառքով։ Սկզբում բացատրում էի դա հիսուն տարվա անգործնականությամբ և ուժեղ զգացման ազդեցության տակ գաղափարների աներևակայելի շեղումով։ Ինձ թվում էր, որ ճամփորդական վկայականի և ձիերի (թեկուզև զանգակներով) միտքը պետք է որ նրան ներկայանար չափից ավելի հասարակ և առօրեական։ Ընդհակառակն, ուխտագնացությունը, թեկուզև անձրևանոցով, շատ ավելի գեղեցիկ և վրեժխնդրական-սիրային պիտի թվար։ Սակայն հիմա, երբ ամեն ինչ վերջացել է, ենթադրում եմ, որ այն ժամանակ ամեն ինչ տեղի էր ունեցել շատ ավելի պարզ... Նախ, նա վախեցել էր ձիեր վերցնել, որովհետև Վարվառա Պետրովնան կարող էր տեղեկանալ և նրան ուժով պահել, ինչը հաստատ կաներ, և նա հաստատ կենթարկվեր, և այդժամ մնաս բարով, մեծ գաղափար, հավերժորեն։ Երկրորդը, վկայական վերցնելու համար պետք էր ծայրահեղ դեպքում իմանալ, թե ուր ես գնում։ Բայց հենց դա իմանալն էլ նրա ամենագլխավոր տառապանքն էր այն պահին, անվանել ու նշել տեղը ոչ մի կերպ չէր կարող։ Քանզի, որևիցե քաղաք որոշելիս, մի ակնթարթում նրա ձեռնարկումը սեփական աչքում կդառնար թե անհեթեթ, թե անհնար, նա շատ էր կանխազգում դա։ Լավ, ի՞նչ է անելու նա հենց այդ քաղաքում, և ոչ մեկ ուրիշում։ Փնտրելո՞ւ է ce marchand<ref>Այդ վաճառականին (ֆրանս.)։</ref>։ Բայց ինչպիսի՞ marchand։ Այստեղ նորից ցցվում էր այդ երկրորդ և արդեն ամենասարսափելի հարցը։ Ըստ էության, նրա համար ավելի սարսափելի բան չկար, քան այդ marchand-ը, ում այդպես գլխապատառ ելավ որոնելու և ում, անշուշտ, ամենից շատ վախենում էր գտնել իրականում։ Չէ, ավելի լավ է պարզապես մեծ ճանապարհը, այնպես դյուրին է ելնել ու գնալ և ոչնչի մասին չմտածել, քանի դեռ կարելի է չմտածել։ Մեծ ճանապարհն ինքնին մի երկար-երկար բան է, որի ծայրը չի երևում, ճիշտ ինչպես կյանքը մարդկային, ճիշտ ինչպես երազանքը մարդկային։ Մեծ ճանապարհի մեջ է ամփոփվում գաղափարը, իսկ ճամփորդական վկայականի մեջ էլ ի՞նչ գաղափար։ Դրա մեջ գաղափարի վախճանն է... Vive la grande route<ref>Կեցցե մեծ ճանապարհը (ֆրանս.)։</ref>, իսկ հետո՝ ինչ կտա Աստված։
Լիզայի հետ հանկարծակի և անսպասելի հանդիպելուց հետո, ինչ արդեն նկարագրել եմ, ճամփան շարունակեց էլ ավելի մեծ ինքնամոռացությամբ։ Ճանապարհն անցնում էր Սկվորեշնիկիից կես վերստ հեռու, և տարօրինակ բան. սկզբում նա չնկատեց էլ՝ ինչպես մտավ ճանապարհ։ Նրա համար այդ պահին հիմնավորապես կշռադատելը կամ գոնե հստակ գիտակցելն անտանելի էր։ Մանրակաթիլ անձրևը մեկ սկսվում էր, մեկ կտրվում, բայց նա անձրևն էլ չէր նկատում։ Չնկատեց նաև, ինչպես պայուսակն առավ մեջքին և ինչպես դրանից հեշտացավ քայլելը։ Պետք է որ մեկ կամ մեկուկես վերստ անցած լիներ, երբ հանկարծ կանգ առավ ու շուրջը նայեց։ Հինավուրց, սև, անիվներով փորփրված ճանապարհը ձգվում էր նրա դեմ անվերջանալի թելի պես եզերված ուռենիներով։ Աջ կողմը մերկ տեղ էր՝ վաղուց հնձված արտեր, դեպի ձախ՝ թփուտներ, իսկ դրանցից դենը՝ անտառակ։ Իսկ հեռվում, հազիվ նկատելի, շեղակի հեռացող երկաթուղագիծն էր, որի վրա՝ ինչ-որ գնացքի թողած ծխի պատառիկը։ Ստեպան Տրոֆիմովիչը թեթևակի երկյուղեց, բայց սոսկ մի վայրկյան։ Անիմաստ մի հոգոց հանեց նա, պայուսակը դրեց ուռենու տակ և նստեց՝ հանգստանալու։ Նստելու շարժումն անելիս, ներքին դող զգաց և փաթաթվեց ծածկոցով։ Նկատեց նաև անձրևը, բացեց անձրևանոցը գլխավերևում։ Բավական երկար նստեց նա այդպես՝ հազվադեպ ճպճպացնելով շրթունքները և ձեռքում ամուր սեղմելով անձրևանոցի կոթը։ Տենդի շարանով զանազան կերպարներ էին սուրում նրա դիմաց՝ արագ-արագ փոփոխվելով։ «Lise, Lise,― մտածում էր նա,― իսկ նրա հետ՝ ce Maurise...<ref>Այդ Սավրիկիյն (ֆրանս.)։</ref>։ Տարօրինակ մարդիկ են... Բայց այդ ի՞նչ տարօրինակ հրդեհ է այնտեղ, ու ինչի մասին էին նրանք խոսում, և ի՞նչ սպանվածներ... Ինձ թվում է, Stasie-ն դեռ ոչինչ չէր հասցրել իմանալ, և դեռ սպասում է ինձ՝ սուրճ տալու... Թղթախաղո՞վ։ Մի՞թե ես թղթախաղով մարդ եմ տարվել։ Հը՜մ... մեզ մոտ՝ Ռուսաստանում, այսպես կոչված ճորտատիրական իրավունքի ժամանակ... Ա՜խ, Աստված իմ, հապա Ֆեդկա՞ն»։
Նա ամբողջ մարմնով սարսռաց վախից և շուրջը զննեց. «Է, ի՞նչ, եթե այստեղ մի որևէ թփի տակ նստած է այդ Ֆեդկան։ Չէ՞ որ ասում են. այստեղ մեծ ավազակախումբ ունի մեծ ճանապարհի վրա... Օ՜, Աստված, այդ ժամանակ ես... Այդ դեպքում ես նրան կասեմ ամբողջ ճշմարտությունը, որ մեղավոր եմ, և որ ես տասը տարի տառապել եմ նրա համար, շատ ավելի, քան ինքը զինվորության մեջ և... ես նրան կտամ դրամապանակս։ Հըմ, J’ai en tout quarante roubles; il prendra les roubles et il me tuera tout de meme<ref>Մոտս ընդամենը քսան ռուբլի կա, նա կվերցնի այդ ռուբլիները և այնուամենայնիվ, ինձ կսպանի (ֆրանս.)։</ref>»։
Վախից, չգիտես ինչու, փակեց անձրևանոցը և դրեց կողքը։ Հեռվում՝ քաղաքից բերող ճանապարհին ինչ-որ սայլ երևաց, նա անհանգստությամբ սկսեց նայել։
«Grace a Dieu<ref>Փառք Աստծո (ֆրանս.)։</ref>, դա սայլ է և դանդաղ է գալիս, չի կարող վտանգավոր լինել։ Այստեղի հյուծված ձիուկներից են... Ես միշտ խոսել եմ ցեղի մասին... Իմիջիայլոց, Պյոտր Իլյիչն էր ակումբում խոսում ցեղի մասին, իսկ ես այն ժամանակ նրան հիմար դրության մեջ դրեցի, et puis<ref>Եվ հետո (ֆրանս.)։</ref>, բայց այն ինչ է ետևում և... կարծես, կնիկ կա սայլի մեջ։ Մուժիկ ու կնիկ՝ cela commence a etre rassurant։ Կնիկը՝ ետևում, իսկ մուժիկն առջևում՝ c’est très rassurant։ Սայլի ետևից կով կա պոզերից կապած, c’est rassurant au plus haut degrej<ref>Դա սկսում է ինձ հանգստացնել... դա շատ հանգստացուցիչ է... դա հանգստացուցիչ է վերին աստիճանի (ֆրանս.)։</ref>։
Սայլը հավասարվեց, բավական ամուր և կարգին մուժիկական սայլ էր։ Կնիկը նստած էր բերնեբերան լցված պարկի վրա, իսկ մուժիկը՝ նստիքին՝ ոտքերը կախ արած Ստեպան Տրոոֆիմովիչի կողմը։ Ետևից, իրոք, պոզերից կապված մի շեկ կով էր քարշ գալիս։ Մուժիկն ու կնիկը , աչքերը չռած, նայում էին Ստեպան Տրոֆիմովիչին, իսկ վերջինս ճիշտ նույնպես նրանց էր նայում, բայց երբ արդեն մի քսան քայլ անցել էին կողքից, հանկարծ փութով վեր ելավ ու գնաց հասնելու։ Սայլի հարևանությամբ լինելը, բնականաբար, նրան ավելի բարեհույս թվաց, սակայն հասնելով՝ տեղնուտեղը մոռացավ կրկին ամեն ինչ և կրկին ընկղմվեց իր մտքերի և պատկերացումների պատառիկների մեջ։ Նա քայլում և, անշուշտ, չէր էլ կասկածում, որ մուժիկի և կնկա համար այդ պահին ներկայացնում է ամենահանելուկային և հետաքրքրական մի բան, որպիսին կարելի է հանդիպել միայն մեծ ճանապարհի վրա։
― Թե որ հարցնելն ամոթ չի լինի, դուք ումոնցի՞ց կլինեք, որ ասենք,― ի վերջո, չդիմացավ կնիկը, երբ Ստեպան Տրոֆիմովիչը հանկարծ ցրված-ցրված նրան նայեց։ Կնիկը կլիներ մի քսանյոթ տարեկան, պնդակազմ, սևահոն ու կարմրայտ, քնքշությամբ ժպտացող կարմիր շուրթերով, որոնց տակից շողշողում էին ճերմակ, հավասարաշար ատամները։
― Դուք... դուք ի՞նձ եք դիմում,― վշտալի զարմանքով մրմնջաց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Ոնց որ թե վաճառական պիտի լինեք,― ինքնավստահ ասաց մուժիկը։ Դա մի թիկնեղ ու խոշոր տղամարդ էր՝ քառասունին մոտ, լայն ու ոչ-անխելք դեմքով, շեկ, լայն ու թավ մորուքով։
― Ոչ, ոչ թե վաճառական եմ, ես... ես... moi c’est autre chose<ref>Ես՝ Միանգամայն ուրիշ եմ (ֆրանս.)։</ref>,― մի կերպ առարկեց Ստեպան Տրոֆիմովիչը և, համենայն դեպս, մի քիչ ետ մնաց սայլից, այնպես որ քայլում էր արդեն կովի կողքով։
― Ուրեմըս, կալվածատերերից կլինի,― վճռեց մուժիկը՝ ոչ-ռուսերեն բառեր լսելով ու քաշեց երասանները։
― Մենք էլ նայում֊նայում ենք, վայ թե ման գալու՞ եք դուրս եկել,― նորից հետաքրքրվեց կնիկը։
― Այդ... այդ ի՞նձ եք հարցնում։
― Օտար տեղերից եկածները մի տեսակ չուգունից բանով են գալիս, ոնց որ թե ձեր սապոգներն էլ էստեղի բան չեն...
― Սապոգը զինվորական է,― ինքնագոհ ու նշանակալի միջամտեց մուժիկը։
― Չէ, չէ թե զինվորական եմ, ես...
«Ինչ հետաքրքրասեր կնիկ է,― ինքն իրեն բարկանում էր Ստեպան Տրոֆիմովիչը,― ու ինչպես են ինձ զննում...maisenfin<ref>Բայց վերջապես (ֆրանս.)։</ref>... Սի խոսքով, տարօրինակ է, որ կարծես մեղավոր եմ նրանց առաջ, իսկ ես ոչնչով մեղավոր չեմ նրանց առաջ»։
Կնիկը փսփսում էր մուժիկի հետ։
― Թե չեք նեղվի, մենք վայ թե ձեզ կտանենք, թե որ դուրեկան կլինի։
Ստեպան Տրոֆիմովիչը հանկարծ սթափվեց։
― Այո, այո, բարեկամներս, հաճույքով, որովհետև շատ եմ հոգնած, միայն թե ինչպե՞ս եմ բարձրանալու։
«Ի՜նչ զարմանալի է,― մտածեց ինքն իրեն,― որ այսքան ժամանակ քայլում էի այս կովի կողքով ու մտքովս չէր անցնում խնդրեմ նստել... Այս «իրական կյանքն» իր մեջ շատ բնութագրական մի բան ունի...»։
Այնինչ, մուժիկը դեռ չէր կանգնեցնում ձին։
― Բայց ո՞ր կողմն եք գնալու,― հարցրեց նա որոշ անվստահությամբ։
Ստեպան Տրոֆիմովիչը միանգամից չհասկացավ։
― Ոնց որ թե մինչև Խատովո՞։
― Խատովո՞... Չէ թե Խատովո... Ես այնքան էլ ծանոթ չեմ, թեև լսել եմ։
― Խատովո գյուղ, գյուղ է, էստեղից ինը վերստ կլինի։
― Գյու՞ղ։ C’est charmant<ref>Հիանալի է դա (ֆրանս.)։</ref>, ասում եմ, չէ, որ կարծես թե լսել եմ։
Ստեպան Տրոֆիմովիչը դեռ քայլում էր, իսկ նրան դեռ չէին նստեցնում։ Հանճարեղ կռահում ցոլաց նրա գլխում։
― Գուցե մտածում եք, որ ես... Անձնագիր կա մոտս և ես պրոֆեսոր եմ, այսինքն, եթե կուզեք՝ ուսուցիչ... բայց գլխավոր։ Ես գլխավոր ուսուցիչ եմ։ Oui, c’est comme ca qu’on peut traduire<ref>Այո, դա հենց այդպես կարելի է թարգմանել (ֆրանս.)։</ref>։ Ես շատ կուզեի նստել, և ձեզ համար կգնեմ... դրա դիմաց ձեզ կես շտոֆ խմիչք կգնեմ։
― Ձեզնից կես մանեթ կառնեմ, պարոն, ճամփեն դժվար է։
― Թե չէ մեզ համար շատ դժվար կլինի,― մեջ ընկավ կնիկը։
― Հիսուն կոպե՞կ։ Լավ, լավ, հիսուն կոպեկ։ C’est encore mieux, J’ai en tout quarande roubles, mais...<ref>Դա՝ ավելի լավ, ես ընդամենը քառասուն ռուբլի ունեմ, բայց... (ֆրանս.)։</ref>
Մուժիկը կանգնեցրեց սայլը, և ընդհանուր ջանքերով Ստեպան Տրոֆիմովիչին բարձրացրեցին ու նստեցրին սայլը, կնկա կողքին, պարկի վրա։ Ստքերի փոթորիկը չէր դադարում։ Մեկ-մեկ ինքն էր զգում իր համար, որ ահավոր ցրված է և մտածում է ամենևին ոչ այն մասին, ինչ պետք է ու զարմանում դրանից։ Մտքի հիվանդագին տկարության այդ գիտակցումն առանձին պահերի դառնում էր շատ ծանր և նույնիսկ վիրավորական նրա համար։
― Սա... կարծես կո՞վ է ետևից,― հանկարծակի ինքը հարցրեց կնկանից։
― Էդ ինչ եք ասում, պարոն, ոնց որ տեսած չլինեք,― ծիծաղեց վերջինս։
― Քաղաքից առանք,― միջամտեց մուժիկը,― մեր անասունը, որ ասեմ, գարնանից սատկեց՝ վարակ կար։ Չորս կողմը լրիվ սատկեցին, կեսն էլ չմնաց, կուզես գլխիդ տուր։
Եվ նա նորից շրմփացրեց անվակոսի մեջ խրված ձիուն։
― Այո, դա լինում է մեզ մոտ՝ Ռուսաստանում... և ընդհանրապես, մենք ռուսներս... է, այո, լինում է,― չավարտեց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Որ դասատու եք, ի՞նչ ունեք Խատովում։ Թե՞ էլի եք գնալու։
― Ես... այսինքն, չէ թե էլի եմ գնալու... C’est-a-dire<ref>Այսինքն (ֆրանս.)։</ref>, ես գնում եմ մի վաճառականի մոտ։
― Ուրեմըս, Սպասո՞վ։
― Այո, այո, հենց Սպասով։ Իմիջիայլոց, դա միևնունն է։
― Թե Սպասով եք գնում, էն էլ ոտքով, ուրեմն, ձեր սապոգներով մի շաբաթ կգնաք,― սկսեց ծիծաղել կնիկը։
― Այդպես, այդպես, դա էլ է միևնույնը, mes amis<ref>Բարեկամներս (ֆրանս.)։</ref>, միևնույնն է,― անհամբերությամբ ընդհատեց Ստեպան Տրոֆիմովիչը։
«Անտանելի հետաքրքրասեր ժողովուրդ է։ Գեղջկուհին, իմիջայլոց նրանից ավելի լավ է խոսում, և ես նկատում եմ՝ փետրվարի տասնիննից հետո նրանց խոսվածքը մի քիչ փոխվել է, և... և իր ի՞նչ գործն է։ Սպասով եմ գնում, թե Սպասով չեմ գնում։ Ի դեպ, ես նրանց վճարելու եմ, էլ ի՞նչ են կպել»։
― Թե որ Սպասով, ուրեմն՝ նավով,― ձեռ չքաշեց մուժիկը։
― Էդպես լավ կլինի,― մեջ ընկավ գեղջկուհին՝ ոգևորված,― քանի որ թե ափով գնաց, ձիով, երեսուն վերստ շրջան պիտի անի։
― Քառասուն։
― Էգուց, ժամը երկուսի մոտերքը հենց Ուստյևոյում կհասնեք նավին,― հաստատեց գեղջկուհին։ Բայց Ստեպան Տրոֆիմովիչը համառորեն լռում էր։ Լռեցին նաև հարց տվողները։ Մուժիկը խթանում էր ձիուն, գեղջկուհին՝ հազվադեպ ու կարճ դիտողություններ անում։ Ստեպան Տրոֆիմովիչը ննջեց։ Նա սաստիկ զարմացավ, երբ գեղջկուհին, ծիծաղելով բոթեց իրեն, ու նա տեսավ, որ բավականին խոշոր մի գյուղում են՝ եռապատուհան խրճիթի մուտքի առաջ։
― Ննջակո՞խ էիք, պարոն։
― Սա ի՞նչ է։ Այս որտե՞ղ եմ։ Ահ, այո։ Ահ... միևնույն է,― տնքաց Ստեպան Տրոֆիմովիչը և իջավ սայլից։
Տրտմած շուրջը նայեց։ Տարօրինակ և ինչ-որ բանով սաստիկ խորթ թվաց նրան գյուղական պատկերը։
― Իսկ հիսուն կոպեկը մոռացել էի,― դիմեց մուժիկին մի տեսակ չափից ավելի փութկոտ շարժումով։ Երևում է, արդեն վախենում էր բաժանվել նրանցից։
― Ներսում կտաք, հրամեցեք,― հրավիրեց մուժիկը։
― Էստեղ լավ է,― քաջալերեց գեղջկուհին։
Ստեպան Տրոֆիմովիչը ոտք դրեց խարխուլ առմուտքին։ «Մի՞թե սա հնարավոր է»,― մրմնջում էր նա խորունկ ու երկչոտ տարակուսանքով, բայց և մտավ խրճիթ։ «Elle l’avoulu<ref>Նա սա էր ուզում (ֆրանս.)։</ref>»,― ինչ-որ բան խրվեց սիրտը, և հանկարծ կրկին մոռացավ ամեն ինչ, անգամ, որ մտել է խրճիթ։
Լուսավոր, բավական մաքուր գեղջկական խրճիթ էր՝ եռապատուհան ու երկսենյակ, չէ թե քարվանսարա էր, այլ խրճիթ եկվորների համար, ուր հին սովորությամբ, կանգ էին առնում ծանոթ անցորդները։ Ստեպան Տրոֆիմովիչն առանց շփոթվելու անցավ դեպի վերի անկյունը, մոռացավ բարև տալ, նստեց և մտքերի մեջ ընկավ։ Այդ ընթացքում տաքության արտակարգ դուրեկան զգացողությունը, ճանապարհի երեքժամյա խոնավությունից հետո, մեկեն տարածվեց նրա մարմնի մեջ։ Նույնիսկ դողը, որ կարճատև ու ընդհատ անցնում էր մեջքով, ինչ միշտ լինում է նյարդային մարդկանց դողէրոցքի ժամանակ՝ ցրտից հանկարծ տաքին անցնելիս, միանգամից նրա համար դարձավ տարօրինակ դուրեկան։ Նա բարձրացրեց գլուխը, և տաք բլիթների անուշ բուրմունքը, որոնք վառարանի մոտ տապակում էր տանտիրուհին, խտղտացրեց նրա հոտառությունը։ Մանկան պես ժպտալով, դարձավ տանտիրուհուն և հանկարծ մրմնջաց.
― Դա ի՞նչ է։ Բլի՞թ։ Mais... c’est charmant<ref>Բայց... դա հիանալի է (ֆրանս.)։</ref>։
_ Չեք կամենա, պարոն,― իսկույն քաղաքավարի առաջարկեց տանտիրուհին։
― Կկամենամ, ճիշտ որ կկամենամ, և... ես ձեզնից թեյ էլ կխնդրեմ,― աշխուժացավ Ստեպան Տրոֆիմովիչը։
― Ինքնաեռը դնե՞մ։ Մեծ հաճույքով կանենք։
Կապույտ, խոշոր նախշերով մեծ ափսեով բերեցին բլիթները՝ հայտնի գեղջկական, բարակ, կեսը ցորենի ալյուրով, թարմ ու տաք յուղով ցողված, շատ համեղ բլիթներ։ Ստեպան Տրոֆիմովիչը վայելումով փորձեց։
― Ինչ յուղալի է ու ինչքան է համեղ։ Ու եթե հնարավոր է միայն, un doigt d’eau devie<ref>Մի փոքր օղի (ֆրանս.)։</ref>։
― Չլինի՞ արաղ ուզեցիք, պարոն։
― Այո, այո, մի քիչ, un toit petit rien<ref>Շատ քիչ (ֆրանս.)։</ref>։
― Ուրեմըս, հինգ կոպեկի՞։
― Հինգ կոպեկի, հինգի, հինգի, հինգի, un toit petit rien,― երանավետ ժպիտով գլխով էր անում Ստեպան Տրոֆիմովիչը։
Խնդրեք ռամիկին մի բան անել ձեզ համար, ու նա, եթե կարող է և ուզում է, կծառայի ջանադրաբար և սրտանց, բայց խնդրեք նրան գնալ ու օղի բերել, և սովորական հանգիստ պատրաստականությունը մեկեն կդառնա մի տեսակ փութկոտ, հաճկատար, համարյա թե հարազատական հոգատարություն ձեզ համար։ Օղու գնացողը, թեև մենակ դուք եք խմելու, ոչ թե ինքը, և նախապես էլ գիտե դա, միևնույն է, մի տեսակ զգում է ձեր գալիք բավարարության մի մասը... Երեք-չորս րոպեից ոչ ավելի (պանդոկը երկու քայլի վրա էր) Ստեպան Տրոֆիմովիչի դիմաց՝ սեղանին, հայտնվեց կես շիշը և մի մեծ կանաչավուն գավաթ։
― Եվ այս բոլորն ինձ,― զարմացավ նա չափազանց։― Ես միշտ օղի ունեցել եմ, բայց երբեք չգիտեի, որ հինգ կոպեկին այսքան շատ է լինում։
Նա լցրեց գավաթը, վեր կացավ և որոշ հանդիսավորությամբ կտրեց դեպի մյուս անկյունը, ուր նստած էր պարկի վրայի իր ուղեկցուհին՝ սևահոն գեղջկուհին, որը ճանապարհին այնպես ձանձրացրել էր իր հարցուփորձով։ Գեղջկուհին շշկլվեց և հրաժարվում էր կարծես, սակայն պատշաճությամբ նախատեսված ամեն ինչ անելուց հետո, խմեց քաղաքավարի, երեք կումով, ինչպես կանայք են խմում, և դեմքին չափից ավելի տառապանք պատկերելով՝ ետ տվեց գավաթն ու խոնարհվեց։ Ստեպան Տրոֆիմովիչն էլ ծանրումեծ գլուխ տվեց ու եկավ սեղանի մոտ, նույնիսկ հպարտ տեսքով։
Այդ ամենը նրա ներսում կատարվեց ինչ-որ ոգեշնչումով։ Ինքն էլ, դեռևս մի վայրկյան առաջ, չգիտեր, որ գնալու է՝ գեղջկուհուն հյուրասիրելու։
«Ես կատարելապես, կատարելապես եմ կարողանում վարվել ժողովրդի հետ, ու դա միշտ ասել եմ նրանց»,― ինքնագոհ մտածեց նա՝ շշի մեջ մնացածը լցնելով իրեն։ Թեև գավաթը լրիվ չլցվեց, բայց օղին կենարար ջերմություն հաղորդեց նրան և մի քիչ էլ նույնիսկ գլխին խփեց։
«Je suis malade tout a fait, mais ce n’est pas trop mauvais d’etre malade.»<ref>Ես կատարելապես հիվանդ եմ, բայց այնքան էլ վատ չէ հիվանդ լինելը (ֆրանս.)։</ref>
― Չե՞ք կամենա գնել,― կնոջ մեղմ ձայն հնչեց նրա կողքին։
Նա բարձրացրեց աչքերն ու, ի զարմանս, իր դիմաց մի տիկին տեսավ՝ «սոe dame et elle en avait l’air»<ref>Նա հենց տիկնոջ տեսք էլ ուներ (ֆրանս.)։</ref>, երեսունն արդեն անց, արտաքնապես շատ համեստ, հագնված քաղաքաբնակի պես, մուգ զգեստով, մոխրագույն մեծ շալն ուսերին։ Նրա դեմքին շատ սիրալիր, Ստեպան Տրոֆիմովիչին միանգամից դուր եկած ինչ-որ բան կար։ Նա հենց նոր էր ետ եկել խրճիթ, ուր մնացել էին նրա իրերը թախտի վրա, հենց այն տեղին մոտ, որը զբաղեցրել էր Ստեպան Տրոֆիմովիչը՝ պայուսակը, որը հիշում էր, ներս մտնելիս նայեց հետաքրքրությամբ և ոչ շատ մեծ, մոմլաթե մի տոպրակ։ Այդ տոպրակից էլ հանեց գեղեցիկ կազմված գրքեր՝ կազմերին դաջված խաչերով, ու մատուցեց Ստեպան Տրոֆիմովիչին։
― Eh... mais je crois gue c’est Evangile<ref>Է... Սա կարծեմ թե Ավետարան է (ֆրանս.)։</ref>, մեծագույն հաճույքով... Ա՜, հիմա հասկացա... Vous etes ce gu’on appelle<ref>Դուք, ինչպես ասում են, գրավաճառ եք (ֆրանս.)։</ref>, շրջիկ գրավաճառ եք, ես կարդացել եմ... Հիսուն կոպե՞կ։
― Երեսունհինգական կոպեկ,― պատասխանեց գրավաճառուհին։
― Մեծագույն հաճույքով։ Je n’ai rien contre PEvangile, et<ref>Ես ոչինչ դեմ չունեմ Ավետարանին, և... (ֆրանս.)։</ref>... Վաղուց արդեն ուզում էի վերընթեռնել...
Այդ րոպեին մտքով անցավ, որ Ավետարան չի կարդացել համենայն դեպս մի երեսուն տարի ու թերևս յոթը տարի առաջ դրանից մի պատառիկ հիշեց սոսկ Ռենանի «Vie de Jesus»<ref>«Հիunւսի կյանքը» (ֆրանս.)։</ref> գրքից։ Քանի որ մանր չուներ, ապա հանեց իր չորս տասը ռուբլիանոցները՝ ամբողջ ունեցածը։ Տանտիրուհին հանձն առավ մանրել և այստեղ միայն, շուրջը նայելով, Ստեպան Տրոֆիմովիչը նկատեց, որ ահագին ժողովուրդ է հավաքվել խրճիթում, և որ բոլորը վաղուց զննում են իրեն և, կարծես, իր մասին են խոսում։ Առնում-տալիս էին նաև քաղաքի հրդեհի մասին, ու բոլորից շատ՝ սայլ ու կովի տերը, քանի որ նոր էր վերադարձել քաղաքից։ Խոսում էին շպիգուլյանների մասին, հրկիզման մասին։
«Չէ որ նա ինձ հետ ոչինչ չխոսեց հրդեհի մասին, երբ բերում էր, իսկ ամեն ինչից խոսում էր»,― մի ուրիշ տեսակ անցավ Ստեպան Տրոֆիմովիչի մտքով։
― Տեր իմ, Ստեպան Տրոֆիմովիչ, ձե՞զ եմ տեսնում, պարոն։ Մտքովս էլ չէր անցնի... թե՞ չճանաչեցիք,― բացականչեց տարեց մեկը, արտաքնապես կարծես հնամենի սպասավոր լիներ՝ մորուքը սափրած, երկար, ետծալովի օձիքով շինելը հագին։
Ստեպան Տրոֆիմովիչը վախեցավ՝ լսելով իր անունը։
― Ներեցեք,― մրթմրթաց նա,― ես ձեզ այնքան էլ լավ չեմ հիշում...
― Մտահան եք արել։ Ախր, Անիսիմն եմ, Անիսիմ Իվանովը։ Լուսահոգի պարոն Գագանովի տանն եմ ծառայել, ձեզ էլ, պարոն, քանի անգամ եմ տեսել Վարվառա Պետրովնայի հետ լուսահոգի Ավդոտյա Սերգեևնայի մոտ։ Նրանից գրքեր էի բերում ձեզ ու երկու անգամ էլ պետերբուրգյան կոնֆետ եմ բերել ձեզ համար...
― Ահ, այո, հիշեցի ձեզ, Անիսիմ,― ժպտաց Ստեպան Տրոֆիմովիչը։― Այստեղ էլ ապրո՞ւմ ես։
― Սպասովի մոտերքը, Վ.-յան մենաստանում, Մարֆա Սերգեևնայի պոսադում, Ավդոտյա Սերգեևնայի քույրիկը, կարող է, բարեհաճեք հիշել, ոտքը որ կոտրեց, կառքից ցած թռչելիս, պարահանդեսի էր գնում։ Հիմա մենաստանի մոտ է ապրում, ես էլ նրա մոտ եմ, հիմա էլ, տեսնում եք, գավառ եմ գնում՝ մերոնց տեսնելու...
― Է, այո, այո։
― Ձեզ որ տեսա, ուրախացա, ինձ համար բարի եք եղել,― ցնծագին ժպտում էր Անիսիմը։― Բայց էս ո՞ւր եք ճամփա ընկել, պարոնս, ոնց որ թե մեն-մենակ... Կարծեմ թե, ոչ մի ժամանակ մենակ ճամփա չե՞ք գնացել։
Ստեպան Տրոֆիմովիչը նրան նայեց երկչոտ։
― Չլինի՞ մեզ մոտ՝ Սպասով։
― Այո, գնում եմ Սպասով։ IL me semble que tout le monde va a Spassof<ref>Ինձ թվում է, թե բոլորը գնում են Սպասով (ֆրանս.)։</ref>...
― Չլինի՞ Ֆյոդոր Մատվեևիչի մոտ։ Ո՜նց կուրախանան։ Ոնց որ հնում հարգում էին ձեզ, հիմա, որ ասեմ շուտ-շուտ հիշում են...
― Այո, այո, Ֆեոդոր Մատվեևիչի մոտ էլ։
― Պետք է որ, պետք է որ։ Թե չէ, էստեղի մուժիկները զարմացել են, որ մեծ ճանապարհի վրա ձեզ ոտքով գնալուց են տեսել։ Անհասկացող ժողովուրդ են։
― Ես... Ես ասեմ... Գիտես, Անիսիմ, ես գրազ էի եկել, անգլիացիների պես, որ ոտքով եմ գնալու, ու ես...
Քրտինք երևաց նրա ճակատին և քունքերին։
― Պետք է որ, պետք է որ,― անողոք հետաքրքրասիրությամբ ականջ էր դրել Անիսիմը։ Բայց Ստեպան Տրոֆիմովիչն այլևս չէր կարող դիմակայել։ Այնպես շշկլվեց, որ ուզում էր վեր կենալ և դուրս գալ խրճիթից։ Բայց բերեցին ինքնաեռը, և նույն րոպեին ետ եկավ ինչ-որ տեղ գնացած գրավաճառուհին։ Իրեն փրկող մարդու շարժումով դիմեց նա կնոջն ու թեյ առաջարկեց։ Անիսիմը տեղը նրան զիջեց ու մի կողմ քաշվեց։
Իսկապես, մուժիկները տարակուսանքի մեջ էին։
«Ի՞նչ մարդ է սա։ Գտել են ճանապարհի վրա, ոտքով գնալիս, ասում է, թե դասատու է, արտասահմանցու պես է հագնված, իսկ խելքով՝ ոնց որ փոքր երեխա, պատասխանում է տակնիգլուխ, ճիշտ կարծես փախած լինի մի բանից, փող էլ կա մոտը»։ Միտք ծագեց տեղեկացնել ղեկավարությանը՝ «քանի որ, ինչ էլ լինի, քաղաքում էնքան էլ հանգիստ չի»։ Սակայն Անիսիմն այդ ամենը կարգավորեց տեղնուտեղը։ Դուրս գալով նախասենյակ, նա հայտնեց բոլորին, ով ուզում էր լսել, որ Ստեպան Տրոֆիմովիչը ոչ թե որ ուսուցիչ է, այլ մեծ գիտնական ու մեծ գիտություններով են զբաղվում, էստեղի կալվածատերերից են ու արդեն քսաներկու տարի կլինի, ապրում են գեներալի կին Ստավրոգինայի մոտ՝ ամեն ինչով, տան մեջ ամենագլխավոր մարդու տեղ ու չափից դուրս հարգանք ունեն լրիվ քաղաքում։ Ազնվականների ակումբում մի գիշերում մի-մի մոխրագույն ու ծիածանագույն թուղթ փող էին թողնում, աստիճանով էլ խորհրդական են, ասել է, թե զինվորական փոխգնդապետ, մենակ մի աստիճան են ցածր լրիվ գնդապետից։ Իսկ որ փող ունեն, դա էլ՝ գեներալի կին Ստավրոգինայի փողերին հաշիվ-համրանք չկա և այլն, և այլն։
«Mais c’est un dame, et très comme il faut»<ref>Չէ որ սա տիկին է և բավականին օրինավոր (ֆրանս.)։</ref>,― Անիսիմի հարձակումից հանգստանում էր Ստեպան Տրոֆիմովիչը՝ դուրեկան հետաքրքրությամբ հետևելով իր հարևանուհի գրավաճառ կնոջը, որն ի դեպ, թեյը խմում էր ափսեից ու կծովի։ «Ce petit morceau de sucre ce n’est rien...<ref>Այդ շաքարի կտորը, այդ մեկը՝ ոչինչ... (ֆրանս.)։</ref> նրա մեջ ինչ-որ ազնվական և անկախ, միևնույն ժամանակ մեղմ բան կա։ Le comme il faut tout pur<ref>Մեծագույն չափով օրինավոր (ֆրանս.)։</ref>, բայց միայն փոքր-ինչ ուրիշ տեսակի»։
Շուտով իմացավ նրանից, որ Սոֆյա Մատվեևնա Ուլիտինան է և ապրում է Կ.-ում, այնտեղ այրի քույր ունի՝ քաղքենիներից։ Ինքն էլ է այրի, իսկ ամուսինը՝ ծառայության համար ֆելդֆեբելից փոխպորուչիկ դարձած, սպանվել է Սևաստոպոլում։
― Բայց դուք այնքան ջահել եք, vous n’avez pas trente ans<ref>Մեծագույն չափով օրինավոր (ֆրանս.)։</ref>։
― Երեսունչորս-ս,― ժպտաց Սոֆյա Մատվեևնան։
― Ինչպե՞ս, դուք ֆրանսերե՞ն էլ եք հասկանում։
―_ Մի քիչ, դրանից հետո չորս տարի մի ազնվական տան մեջ եմ ապրել ու այնտեղ երեխաներից սովորել։
Նա պատմեց, որ ամուսնուց հետո, ընդամենը տասնութ տարեկան, որոշ ժամանակ մնացել է Սևաստոպոլում՝ «բուժքույրության», իսկ հետո ապրել է տարբեր տեղերում, հիմա էլ շրջում է ահա և Ավետարան վաճառում։
― Mais mon Dieu<ref>Երեսուն տարեկան էլ չկաք... (ֆրանս.)։</ref>, ձեզ հետ չէ՞ր արդյոք մեզ մոտ մի տարօրինակ, նույնիսկ շատ տարօրինակ պատմություն եղել։
Կինը կարմրեց։ Պարզվեց, որ՝ նրա հետ։
― Ces vauriens, ces maleureux...<ref>Բայց, տեր իմ Աստված (ֆրանս.)։</ref>― սկսեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ զայրույթից դողացող ձայնով։ Հիվանդագին ու ատելի հիշողությունը տանջալի արձագանք տվեց նրա սրտում։ Մեկ րոպե ասես մոռացության մեջ ընկավ։
«Բա՜, նորից է գնացել,― սթափվեց նա մեկեն՝ նկատելով, որ կինը դարձյալ կողքին չէ։― Նա հաճախ է դուրս գալիս ու ինչ-որ բանով է զբաղված, նկատում եմ, որ նույնիսկ տագնապած է... Bah, je deviens egoiste<ref>Այդ սրիկաները, այդ թշվառականները... (ֆրանս.)։</ref>...»։
Աչքերը բարձրացրեց ու նորից տեսավ Անիսիմին, բայց այս անգամ ամենասպառնագին իրադրության մեջ արդեն։ Ամբողջ խրճիթը լիքն էր մուժիկներով, և նրանց բոլորին, ակնհայտորեն, իր ետևից քարշ էր տվել Անիսիմը։ Այստեղ էին թե խրճիթի տերը, թե կովատեր մուժիկը, ևս երկու մուժիկ (պարզվեց՝ կառապաններ են), փոքրամարմին, կիսահարբած մեկն էլ կար՝ հագնված մուժիկավարի, միաժամանակ սափրված, նման իրեն խմելու տված քաղքենու և բոլորից շատ խոսող։ Ու բոլորն էլ խոսում էին Ստեպան Տրոֆիմովիչի մասին։ Կովատերն իրենն էր պնդում, հավատացնելով, որ գետի ափով քառասուն վերստ շրջան պիտի անեն և որ պետք է անպայման «շոգանավով»։ Կիսահարբած քաղքենին և տանտերը տաքացած առարկում էին.
― Էն պատճառով, ախպերս, որ եթե նորին գերազանցության համար, ինչ խոսք, լճի վրով, շոգանավով, ավելի մոտ կլինի, էդպես է որ կա, մենակ թե շոգանավը, հիմիկվա կարգով, վայ թե չգա էլ։
― Կգնա, կգնա, մի շաբաթ էլ ոտով պիտի գնա,― բոլորից ավելի տաքացել էր Անիսիմը։
― Էդ ասածդ ճիշտ էր, կանոնավոր չի գալիս, քանի որ ժամանակը ձմեռ է, մեկ-մեկ Ուստյևում երեք օրով սպասում են։
― Էգուց կլինի, էգուց ժամը երկուսին կհասնի։ Մինչև իրիկուն էլ պարոնս, ճիշտ ու ճիշտ կհասնի Սպասով,― փրփրել էր Անիսիմը։
«Mais qu’est ce qu’il cet homme»<ref>Բայց ի՞նչ է պետք այս մարդուն (ֆրանս.)։</ref>,― սարսռում էր Ստեպան Տրոֆիմովիչը՝ ահով սպասելով իրեն վիճակվածին։
Մեջ մտան նաև կառապանները, սկսեցին պայմանավորվել, մինչև Ուստյև երեք ռուբլի էին ուզում։ Մյուսները բղավում էին, որ սխալ չի լինի, որ դա գինն է հենց և որ այստեղից Ուստյևո ամբողջ ամառ այդ գնով են տարել։
― Բայց... այստեղ նույնպես լավ է... Եվ ես չեմ ուզում,― լմլմացրեց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Լավ էր, էդ մեկը ճիշտ ասիք, մեզ մոտ՝ Սպասովում, հիմա ամենից լավ է, Ֆյոդոր Մատվեևիչն էլ շատ կուրախանա ձեզնով։
― Mon Dieu, mes amis<ref>Աստված իմ, բարեկամներս (ֆրանս.)։</ref>, այս ամենն ինձ համար այնքան է անսպասելի։
Վերջապես վերադարձավ Սոֆյա Մատվեևնան։ Բայց նա թախտին նստեց անչափ ակնկենդան և տրտում։
― Չեմ հասնելու Սպասով,― ասաց նա տանտիրուհուն։
― Ինչպե՞ս, ուրեմն դո՞ւք էլ եք Սպասով գնում,― ցնցվեց Ստեպան Տրոֆիմովիչը։
Պարզվեց, որ մի կալվածատիրուհի՝ Նադեժդա Եգորովնա Սվետլըյցինան, դեռևս կարգադրել է իրեն սպասել Խատովում ու խոստացել հասցնել Սպասով, բայց ահա, չի եկել։
― Հիմա ես ի՞նչ եմ անելու,― կրկնում էր Սոֆյա Մատվեևնան։
― Mais, ma chere et nouvelle amie<ref>Բայց իմ թանկագին և նոր բարեկամ (ֆրանս.)։</ref>, չէ որ ես նույնպես կարող եմ տեղ հասցնել, ինչպես և կալվածատիրուհին, այդ, ինչ են ասում, այդ գյուղը, մինչև ուր կառք եմ վարձել, իսկ վաղը, դե, իսկ վաղը միասին կգնանք Սպասով։
― Իսկ մի՞թե դուք էլ եք Սպասով գնում։
― Mais que faire, et je suis enchante!<ref>Իսկ ինչ արած, ես հիացած եմ (ֆրանս.)։</ref> Ես ձեզ չափազանց ուրախությամբ տեղ կհասցնեմ, ահա, նրանք ուզում են, ես արդեն վարձել եմ... Իսկ ո՞ւմ էի ձեզնից վարձել,― հանկարծ անասելի ուզեց Սպասով գնալ Ստեպան Տրոֆիմովիչը։
Արդեն քառորդ ժամ անց տեղավորվում էին փակ, թեթև կառքի մեջ. Ստեպան Տրոֆիմովիչը՝ շատ աշխուժացած և միանգամայն գոհ, Սոֆյա Մատվեևնան՝ իր պարկով և շնորհակալ ժպիտով նրա կողքին։ Նստեցնում էր Անիսիմը։
― Գնաք բարով, պարոնս,― ամբողջ ուժով տնօրինում էր նա կառքի մոտ,― ո՜նց են ուրախանալու ձեզ տեսնելով։
― Մնաս բարով, մնաս բարով, բարեկամս, մնաս բարով։
― Ֆյոդոր Մատվեևիչին, պարոնս, թե տեսաք...
― Այո, բարեկամս, այո... Ֆեոդոր Պետրովիչին... միայն թե մնաս բարով։
=== II ===
― Գիտեք ինչ, բարեկամս, թույլ կտա՞ք ինձ ձեր բարեկամը կոչել, n’est-ce-pas?<ref>Ճիշտ չէ՞ արդյոք (ֆրանս.)։</ref>― փութով սկսեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ կառքը շարժվելուն պես։― Գիտեք ինչ, ես... J’aime le peuple, c’est indispensable, mais il me semble qui je ne l’avais jamais vu de pries. Stasie... Cela va sans dire qu’elle est aussi de peuple... mais de vrai peuple...<ref>ես սիրում եմ ժողովրդին, դա անհրաժեշտ է, բայց ինձ թվում է, թե ես երբեք չեմ տեսել մոտիկից։ Նաստասյան... ինչ ասեմ, նա էլ է ժողովրդից... բայց իսկական ժողովուրդը... (ֆրանս.)։</ref> այսինքն, իսկական, որը մեծ ճանապարհի վրա է, ինձ թվում է, նրանց միակ գործն է, թե ես հատկապես ուր եմ գնում... Բայց թողնենք դառնությունները։ Սի քիչ կարծես խոսքով տարվեցի, բայց սա, կարծում եմ, շտապողականությունից է։
― Կարծես թե դուք վատառողջ եք-ք,― զգաստությամբ, սակայն հարգալիր նրան էր զննում Սոֆյա Մատվեևնան։
― Չէ, չէ, պետք է միայն փաթաթվել, և ընդհանրապես մի տեսակ թարմ քամի է, նույնիսկ շատ թարմ, բայց մոռանանք դա։ Գլխավորը, դա չէի ուզենա ասել։ Chere et incomparable amie<ref>Թանկագին և աննման բարեկամ (ֆրանս.)։</ref>, ինձ թվում է, թե համարյա երջանիկ եմ, ու մեղավորը դուք եք։ Երջանկությունն ինձ օգտակար չէ, որովհետև անմիջապես անցնում եմ իմ բոլոր թշնամիներին ներելուն...
― Է ի՜նչ, չէ որ դա շատ լավ է։
― Ոչ միշտ, chere imocente. L’Evangile... Voyez-vous, désormais pous le prêcherons ensemble<ref>Թանկագին միամիտ... Ավետարանը.... Գիտեք ինչ, այսուհետև մենք դա կքարոզենք միասին (ֆրանս.)։</ref>, և ես հաճույքով կվաճառեմ ձեր գեղեցիկ գրքերը։ Այո, ես զգում եմ, որ դա թերևս գաղափար է, quelque chose de très nouveau dans ce genre<ref>Բացարձակապես մի նոր բան է այդ տեսակի մեջ (ֆրանս.)։</ref>։ ժողովուրդը կրոնապաշտ է, c’est admis<ref>Դա հաստատված է (ֆրանս.)։</ref>, բայց նա դեռևս չգիտե Ավետարանը։ Ես նրան կշարադրեմ դա... Բանավոր շարադրանքով կարելի է շտկել այդ հոյակապ գրքի սխալները, որին, անշուշտ, պատրաստ եմ վերաբերվել արտակարգ հարգանքով։ Ես օգտակար կլինեմ մեծ ճանապարհի վրա։ Ես միշտ եմ օգտակար եղել, ես միշտ ասել եմ նրանց դա eta cette chere ingrate...<ref>Եվ այն թանկագին երախտամոռ կնոջը (ֆրանս.)։</ref> O՜, ներենք, ներենք, ամենից առաջ ներենք բոլորին և միշտ։ Հուսանք, որ մեզ էլ կներեն։ Այո, որովհետև բոլորը և յուրաքանչյուրը մեկը մյուսի առաջ մեղավոր են։ Բոլորն են մեղավոր...
― Այ, այդ մեկը, կարծում եմ, շատ լավ հաճեցիք ասել։
― Այո, այո։ Ես զգում եմ, որ շատ լավ եմ խոսում։ Ես նրանց շատ լավ կասեմ, բայց ի՞նչ էի ուզում ասել՝ գլխավորը։ Ես շարունակ շփոթվում եմ ու չեմ հիշում... Թույլ կտա՞ք, արդյոք, չբաժանվել ձեզնից։ Ես զգում եմ, որ ձեր հայացքը և... ես զարմանում եմ նույնիսկ ձեր վարմունքից, դուք պարզասիրտ եք, դուք տառ եք ավելացնում բառերին և բաժակը լցնում ափսեի մեջ... այդ այլանդակ կծովի շաքարով։ Բայց ձեր մեջ սքանչելի մի բան կա, ձեր դիմագծերից եմ տեսնում... Օ՜, մի կարմրեք ու մի վախեցեք ինձնից, որպես տղամարդ։ Chere et uncomparable, pour moi une femme c’est tout<ref>Թանկագին և աննման, ինձ համար կինն ամեն ինչ է (ֆրանս.)։</ref>։ Ես չեմ կարող չապրել կնոջ կողքին, բայց միայն կողքին... Ես ահավոր, ահավոր շեղվեցի... Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել՝ ինչ էի ուզում ասել։ Օ՜, երջանիկ է նա, ում Աստված միշտ կին է ուղարկում, և... ես կարծում եմ նույնիսկ, որ որոշակի հիացմունքի մեջ եմ։ Եվ մեծ ճանապարհի վրա էլ կա վերին մի միտք, ահա, ահա ինչ էի ուզում ասել՝ մտքի մասին, հենց նոր հիշեցի, թե չէ չէի գտնում շարունակ։ Եվ ինչի՞ համար նրանք ճամփան շարունակել տվեցին։ Այնտեղ նույնպես լավ էր, իսկ այստեղ՝ cela devient trop froid. A propos, j’ai en tout quarante roubles et voila cet argent<ref>Շատ է ցրտում։ Իմիջիայլոց, ես ընդամենը քառասուն ռուբլի ունեմ, ահա այդ փողը (ֆրանս.)։</ref>, վերցրեք, վերցրեք, ես չեմ կարողանում, կկորցնեմ և ինձնից կվերցնեն, և... Ինձ թվում է, թե քնել եմ ուզում, ինչ-որ բան է պտույտ գալիս գլխիս մեջ։ Այնպես է պտտվում, պտտվում, պտտվում։ Օ՜, ինչքան բարի եք, այդ ինչո՞վ եք ինձ ծածկում։
― Դուք հաստատ որ իսկական դողէրոց֊ցքի մեջ եք, և ես իմ ծածկոցով ձեզ ծածկեցի, միայն թե փողի մասին ես-ս...
― Օ՜, ի սեր Աստծո, n’en parlons plus, parce que cela méfait mal<ref>Այլևս չխոսենք այդ մասին, որովհետև դա ինձ դառնացնում է (ֆրանս.)։</ref>, o՜, ինչքան եք բարի։
Նա մի տեսակ արագ կտրեց խոսքը և չափազանց շուտ քնեց տենդային, դողացող քնով։ Միջգյուղյա ճանապարհը, որով գնում էին այդ տասնյոթ վերստը, այնքան էլ հարթ չէր, և կառքը սաստիկ էր ցնցվում։ Ստեպան Տրոֆիմովիչը հաճախ էր արթնանում, արագ-արագ գլուխը բարձրացնում փոքրիկ բարձից, որ նրա գլխի տակ էր դրել Սոֆյա Մատվեևնան, բռնում էր ձեռքն ու տեղեկանում. «Դուք այստե՞ղ եք», ճիշտ կարծես երկյուղում էր, որ նա չհեռանա իրենից։ Հավատացնում էր նաև, որ երազին ինչ-որ բաց երախ է տեսնում՝ ժանիքներով և որ դա նողկալի է իր համար։ Սոֆյա Մատվեևնան չափազանց անհանգիստ էր նրա համար։
Կառապանները նրանց ուղիղ հասցրին քառապատուհան, բակում բնակելի կողաշենքեր ունեցող մի մեծ խրճիթի մոտ։ Արթնացած Ստեպան Տրոֆիմովիչը շտապեց ներս մտնել և ուղիղ գնաց տան երկրորդ, ամենաընդարձակ և լավագույն սենյակը։ Նրա քնատ դեմքն ընդունել էր խիստ հոգսաշատ արտահայտություն։ Նա տեղնուտեղը բացատրեց տանտիրուհուն՝ բարձրահասակ ու պնդակազմ, քառասնամյա մի կին էր, շատ սևամազ ու համարյա թե բեղավոր, որ իր համար պահանջում է ամբողջ սենյակը և «որ դուռը փակեն ու այստեղ այլևս ոչ ոքի ներս չթողնեն, parce que nous avons a parler»։
― Oui, jâi beaucoup a vous dire, chere amie<ref>Որովհետև մենք պիտի խոսենք։ Այո, ես ձեզ շատ բան պիտի ասեմ, թանկագին բարեկամ (ֆրանս.)։</ref>։ Ես ձեզ կվճարեմ, կվճարեմ, կվճարեմ,― ձեռքը թափ տվեց տանտիրուհու կողմը։ Թեև նա շտապում էր, բայց մի տեսակ ծանր էր շարժում լեզուն։ Տանտիրուհին լսեց մինչև վերջ անբարեհամբույր, սակայն լռեց ի նշան համաձայնության, որի մեջ, ի դեպ, սպառնագին մի կանխազգացում կար։ Ստեպան Տրոֆիմովիչը ոչինչ չնկատեց և շտապ-շտապ (նա ահավոր շտապում էր) պահանջեց, որ տանտիրուհին գնա և հնարավորին չափ շուտ ճաշ մատուցի, «նվազագույնս չհապաղելով»։
Այստեղ բեղավոր կինը չդիմացավ։
― Էստեղ ձեզ համար քարվանսարա չի, պարոն, եկող-գնացողի համար ճաշեր չենք պահում։ Խեցգետին խաշեմ, կամ էլ ինքնաեռը դնեմ, ուրիշ ոչինչ չունեմ։ Թարմ ձուկ մենակ էգուց կլինի։
Բայց Ստեպան Տրոֆիմովիչը թափահարեց ձեռքերը՝ զայրագին անհամբերությամբ կրկնելով. «Կվճարեմ, միայն թե շուտ, շուտ»։ Կանգ առան ձկնապուրի և տապակած հավի վրա։ Տանտիրուհին հայտարարեց, որ ամբողջ գյուղում հավ գտնել չի լինի, իմիջիայլոց, համաձայնեց գնալ փնտրելու, բայց այնպիսի տեսքով, կարծես անսովոր շնորհ էր անում։
Հենց նա դուրս եկավ, Ստեպան Տրոֆիմովիչն ակնթարթորեն տեղավորվեց բազմոցին և կողքը նստեցրեց Սոֆյա Մատվեևնային։ Սենյակում թե բազմոց կար, թե բազկաթոռներ, սակայն ահավոր տեսքի։ Ընդհանրապես, ամբողջ սենյակը բավականաչափ մեծ էր (միջնորմի ետևում տեղ կար մահճակալի համար), դեղին ու հին, պատառոտված պաստառներով, պատերին դիցաբանական անճոռնի վիմատիպ նկարներով, առջևի անկյունում սրբապատկերների և պղնձյա ծալովի շրջանակների երկարուկ շարքով, հավաքովի տարօրինակ կահկարասիով՝ իրենից ներկայացնում էր մի տեսակ քաղաքայինի և զուտ գյուղականի անհրապույր խառնուրդ։ Բայց նա նույնիսկ չնայեց այդ ամենին, նույնիսկ պատուհանից դուրս չնայեց՝ տեսնելու վիթխարի լիճը, որ ծայր էր առնում խրճիթից տասը սաժենի վրա։
― Վերջապես մենք առանձին ենք և ոչ ոքի ներս չենք թողնի։ Ես ուզում եմ ամեն ինչ պատմել, ամեն ինչ՝ ամենասկզբից։
Սոֆյա Մատվեևնան նույնիսկ խիստ անհանգստացած կանգնեցրեց նրան.
― Ձեզ հայտնի՞ է, արդյոք, Ստեպան Տրոֆիմովիչ...
― Comment, vous savez deja mon nom?<ref>Ինչպե՞ս, դուք արդեն իմ անո՞ւնը գիտեք (ֆրանս.)։</ref>― ժպտաց նա բերկրալի։
― Նոր լսեցի Անիսիմ Իվանիչից, որ խոսում էիք իրար հետ։ Իսկ ես ահա թե ինչ կհամարձակվեմ իմ կողմից...
Ու նա արագ-արագ շշնջաց Ստեպան Տրոֆիմովիչին, աչքը՝ փակ դռանը, որ մեկնումեկն ականջ չդնի, որ այստեղ, այս գյուղում փորձանք կա։ Որ այստեղի բոլոր մուժիկները, թեև ձկնորսներ են, բայց զբաղվում են հատկապես նրանով, որ ամեն ամառ կենվորներից վարձ են վերցնում, ինչքան խելքներին փչեց։ Գյուղը ճամփի վրա չէ, խուլ տեղ է, այստեղ գալիս են միայն նրա համար, որ նավն է կանգնում գյուղում, որովհետև եղանակը մի քիչ փչացավ, ոչ մի դեպքում չի գալիս, ապա մի քանի օրում ահագին մարդ է հավաքվում, և արդեն գյուղի բոլոր խրճիթները զբաղեցվում են, տանտերերն էլ հենց դրան են սպասում, ամեն բանի համար երեք գին են ասում, այս տան տերն էլ գոռոզ է ու հպարտ, որովհետև շատ հարուստ է՝ էստեղի հասար, մենակ իր ուռկանը հազար ռուբլի արժե։
Ստեպան Տրոֆիմովիչը Սոֆյա Մատվեևնայի չափազանց ոգևորված դեմքին էր նայում համարյա կշտամբանքով և մի քանի անգամ ձեռքով արեց՝ նրան կանգնեցնելու համար։ Սակայն նա իրենը պնդեց ու մինչև վերջ ասաց։ Նրա խոսքերով, ինքն արդեն եղել էր այստեղ ամռանը, քաղաքից «շ-շատ ազնվական տիկնոջ հետ», ու նույնպես գիշերել էին, մինչև նավի գալը, նույնիսկ երկու լ-լրիվ օր, որ այնպիսի փորձանքների եկան, որ հիշելն իսկ սարսափելի է։ «Ստեպան Տրոֆիմովիչ, ահա, դուք հաճեցիք այս սենյակը մենակ ձեզ-զ համար... Այն մյուս սենյակում արդեն եկվորներ կան, տարիքով մի մարդ է ու մի ջահել, մի տիկին էլ կա՝ երեխաներով, իսկ մինչև վաղը խրճիթը լիքը կլինի մինչև ժամը երկուսը, որովհետև նավը քանի որ երկու օր չի եկել, վաղն անպայման կգա։ Ուրեմն, հատուկ սենյակի ու նրա համար, որ նրանցից ճ-ճաշել խնդրեցիք ու բոլոր եկվորներին նեղացնելու համար ձեզնից այնքան փող կուզեն, որ մայրաքաղաքներում էլ լս-սված չի...»։
Ստեպան Տրոֆիմովիչը տառապում, տառապում էր անկեղծորեն.
― Assez, mon enfant<ref>Բավական է, զավակս (ֆրանս.)։</ref>, աղաչում եմ ձեզ, mous avons notre argent, et apres-et après le bon Diu<ref>Մենք փող ունենք, իսկ հետո, իսկ հետո Աստված կօգնի (ֆրանս.)։ (ֆրանս.)։</ref>։ Եվ ես նույնիսկ զարմանում եմ, որ դուք ձեր ըմբռնումների վեհությամբ... Assez, assez, vous me tourmentez<ref>Բավական է, բավական է, դուք ինձ տանջում եք (ֆրանս.)։</ref>,― արտաբերեց նա հիստերիկ,― մեր առջև մեր ամբողջ ապագան է, իսկ դուք... դուք ինձ վախեցնում եք ապագայի համար...
Նա անմիջապես սկսեց շարադրել ամբողջ պատմությունը, այն աստիճան շտապելով, որ սկզբից նույնիսկ հասկանալն էր դժվար։ Շատ երկար շարունակվեց դա։ Բերեցին ձկնապուրը, մատուցեցին հավը, վերջապես ինքնաեռը բերեցին, իսկ նա շարունակ խոսում էր... Փոքր-ինչ տարօրինակ և հիվանդագին էր ստացվում, բայց չէ որ հիվանդ էր նա։ Մտավոր ուժերի հանկարծական լարում էր դա, ինչ իհարկե, և դա տրտմությամբ կանխատեսում էր Սոֆյա Մատվեևնան, նրա պատմության ամբողջ ընթացքում, անմիջապես հետո պիտի վերածվեր արտակարգ ուժասպառության՝ նրա արդեն խանգարված օրգանիզմում։ Սկսեց նա համարյա թե մանկությունից, երբ «անապակ կրծքով վազվզում էր դաշտերում», միայն մեկ ժամ անց հասավ իր երկու ամուսնություններին և բեռլինյան կյանքին։ Իմիջիայլոց, ես չեմ համարձակվի ծիծաղել։ Այստեղ նրա համար հիրավի բարձրագույն մի բան կար և, նորագույն լեզվով ասած, համարյա թե գոյության պայքար։ Իր դիմաց նա տեսնում էր մեկին, ում արդեն նախընտրել էր իր համար՝ ապագա ճանապարհին և շտապում էր, այսպես ասած, հաղորդակից դարձնել։ Իր հանճարեղությունն այլևս չպիտի գաղտնիք մնար Սոֆյա Մատվեևնայի համար։ Գուցեև նա սաստիկ չափազանցնում էր՝ վերջինիս կապակցությամբ, բայց արդեն ընտրել էր նրան։ Նա չէր կարող՝ առանց կնոջ։ Հստակ տեսնում էր կնոջ դեմքից, որ նա համարյա ամենևին չի հասկանում իրեն, նույնիսկ ամենակարևորագույնը։ «Ce n’est rien, nous attendrons<ref>Դա՝ ոչինչ, մենք կսպասենք (ֆրանս.)։</ref>, իսկ առայժմ նա կարող է հասկանալ կանխազգացումով...»։
― Բարեկամս, ինձ ընդամենը պետք է լոկ ձեր սիրտը,― բացականչում էր նա՝ ընդհատելով պատմությունը,― և ահա հիմիկվա այդ սիրելի հմայիչ հայացքը, որով ինձ եք նայում։ O՜, մի կարմրեք։ Ես ձեզ ասել եմ արդեն...
Խեղճ Սոֆյա Մատվեևնայի համար հատկապես շատ էր մշուշապատ, երբ պատմությունը դարձավ համարյա մի ամբողջ դիսերտացիա առ այն, թե ինչպես ոչ ոք ու երբեք չի կարողացել հասկանալ Ստեպան Տրոֆիմովիչին և թե ինչպես են «կործանվում տաղանդները մեզ մոտ՝ Ռուսաստանում»։ Մի տեսակ շատ էին «ախր ամեն տեսակ խելոք բաները», հայտնում էր նա հետագայում վհատությամբ։ Լսում էր ակներև տառապանքով, աչքերը մի քիչ չռած։ Իսկ երբ Ստեպան Տրոֆիմովիչը նետվեց հումորի և սրամտագույն խայթոցների գիրկը՝ մեր «առաջավորների և իշխողների» վերաբերյալ, ապա փորձեց մի երկու անգամ քմծիծաղել, ի պատասխան Ստեպան Տրոֆիմովիչի ծիծաղին, սակայն արտասվելուց էլ վատ ստացվեց, այնպես որ Ստեպան Տրոֆիմովիչը վերջապես շշկլվեց և ավելի մեծ ոգևորությամբ ու չարությամբ խփեց նիհիլիստներին և «նոր մարդկանց»։ Այստեղ նա պարզապես վախեցրեց կնոջը, որը հանգստացավ սոսկ մի քիչ, ի դեպ, ամենախաբուսիկ հանգստով, երբ ծայր առավ բուն վեպը։ Կինը միշտ կին է մնում, թեկուզև միանձնուհի լինի։ Նա ժպտում էր, գլուխը ճոճում և իսկույն էլ կարգին կարմրում էր ու խոնարհում աչքերը՝ դրանով իսկ կատարյալ հիացում ու ոգեշնչում պատճառելով Ստեպան Տրոֆիմովիչին, այնպես որ նա շատ բան էլ մոգոնեց նույնիսկ։ Վարվառա Պետրովնան ստացվեց որպես սքանչելիագույն մի սևահեր («սքանչացրած Պետերբուրգն ու Եվրոպայի անչափ շատ մայրաքաղաքներ»), իսկ նրա ամուսինը զոհվեց «Սևաստոպոլում՝ գնդակից խոցված», լոկ մի պատճառով, որ կնոջ սիրուն անարժան էր զգում իրեն և զիջեց ախոյանին, այն է, նույն իրեն՝ Ստեպան Տրոֆիմովիչին... «Մի ամաչեք, իմ հեզ, իմ քրիստոնեուհի,― բացականչեց նա Սոֆյա Մատվեևնային՝ համարյա թե ինքն էլ հավատալով իր պատմածին։― Դա մի վսեմ բան էր, այն աստիճան նուրբ, որ երկուսս էլ ոչ մի անգամ չբացատրվեցինք մեր ամբողջ կյանքում»։ Իրերի նման վիճակի պատճառը հետագա պատմության մեջ դարձավ արդեն շիկահերը (եթե ոչ Դարյա Պավլովնան, ապա արդեն չգիտեմ՝ ում է նկատի ունեցել Ստեպան Տրոֆիմովիչը)։ Այդ շիկահերն ամեն ինչով պարտական էր սևահերին և, որպես հեռավոր ազգականուհի, հասակ էր առել նրա տանը։ Սևահերը, ի վերջո նկատելով շիկահերի սերը Ստեպան Տրոֆիմովիչի հանդեպ, դարձավ ինքնամփոփ։ Շիկահերը, իր կողմից, նկատելով սևահերի սերը Ստեպան Տրոֆիմովիչի նկատմամբ, նույնպես ինքնամփոփ դարձավ։ Եվ երեքը մեկտեղ, փոխադարձ մեծահոգությունից ուժասպառ, այդպես լուռ մնացին քսան տարի՝ ներամփոփված վիճակում։ «Օ՜, ինչ կիրք էր դա, այդ ի՜նչ կիրք էր,― բացականչում էր նա՝ ամենաանկեղծ զմայլանքով հեծկլտալով։― Ես տեսնում էի կատարյալ փթթումը նրա գեղեցկության (սևահերի), տեսնում էի «սրտիս մեջ բացված վերքով» ամեն օր, ինչպես էր անցնում իմ կողքով, ասես ամաչելով իր գեղեցկությունից»։ (Մի անգամ ասել էր. «ամաչելով իր գիրությունից»)։ Վերջապես, ինքը փախավ՝ թողնելով այդ ամբողջ քսանամյա զառանցագին երազը։ «Vingt ans!»<ref>Քսան տարի (ֆրանս.)։</ref>։ Եվ ահա, հիմա մեծ ճանապարհի վրա... Հետո, ուղեղի մի տեսակ բորբոքուն վիճակում, սկսեց բացատրել Սոֆյա Մատվեևնային, թե ինչ պիտի նշանակեր այսօրվա «իրենց այդչափ պատահական և այդքան ճակատագրական հանդիպումը՝ հուր հավիտենական»։ Սոֆյա Մատվեևնան, սաստիկ շփոթված, ի վերջո, ելավ բազմոցից, Ստեպան Տրոֆիմովիչը նույնիսկ փորձ արեց ծունկ չոքել նրա առաջ, այնպես որ կինը լաց եղավ։ Մթնշաղը թանձրանում էր, երկուսով փակ սենյակում էին մի քանի ժամ...
― Չէ, ավելի լավ է, ինձ թող-ղնեք մյուս սենյակը գնամ,― մրմնջաց նա,― թե չէ, մեկ էլ տեսար, ինչ կմտած-ծեն մարդիկ։ Նա դուրս պրծավ վերջապես։ Ստեպան Տրոֆիմովիչը նրան թողեց՝ խոստանալով անմիջապես քնել։ Հրաժեշտ տալիս բողոքեց, որ գլուխը շատ է ցավում։ Սոֆյա Մատվեևնան, դեռևս ներս մտնելիս, իր պայուսակն ու իրերը թողել էր առաջին սենյակում, մտադիր՝ գիշերել տանտերերի հետ, բայց նրան չհաջողվեց հանգստանալ։
Գիշերը Ստեպան Տրոֆիմովիչն ունեցավ ինձ և իր բոլոր բարեկամներին այնքան հայտնի խոլերինայի նոպա՝ նյարդային բոլոր լարումների և բարոյական ցնցումների սովորական արդյունքը։ Խեղճ Սոֆյա Մատվեևնան չքնեց ամբողջ գիշեր։ Քանի որ նա, հիվանդին խնամելով, ստիպված էր բավական հաճախ ներսուդուրս անել խրճիթում՝ տանտիրոջ սենյակով, ապա այնտեղ քնած անցորդները և տանտիրուհին փնթփնթացին և վերջում նույնիսկ անպատվեցին, երբ լուսադեմին նրա մտքով անցավ ինքնաեռը դնել։ Ստեպան Տրոֆիմովիչն ամբողջ նոպայի ընթացքում կիսամոռաց վիճակում էր, երբեմն կարծես աչքին երևում էր, որ ինքնաեռ են դրել, ինչ-որ բան են խմեցնում իրեն (մորի), տաքացնում են փորը, կուրծքը։ Բայց նա զգում էր համարյա ամեն րոպե, որ ''կինն'' իր կողքին է, այստեղ է, որ գնում է, գալիս, որ իջեցնում է մահճակալից ու նորից պառկեցնում։ Կեսգիշերն անց՝ ժամը երեքի մոտ, ավելի թեթևացավ, նա կռթնեց տեղում, ոտքերն իջեցրեց մահճակալից և չմտածելով ոչնչի մասին՝ փռվեց նրա առաջ, հատակին։ Սա արդեն քիչ առաջվա ծունկ չոքելը չէր, նա ուղղակի ընկել էր կնոջ ոտքերն ու համբուրում էր նրա զգեստի փեշերը...
― Թողեք, թողեք, ես ամենևին արժանի չեմ,― մրմնջում էր կինը՝ ջանալով անկողին դնել նրան։
― Իմ փրկարար,― ջերմեռանդորեն ձեռքերն էր խաչել նրա առաջ։― Vous etes noble comme une marquise!<ref>Դուք ազնվազարմ եք, ինչպես մարքիզուհի (ֆրանս.)։</ref>։ Ես՝ ես ապիկար եմ։ Օ՜, ամբողջ կյանքում ես եղել եմ անպատիվ...
― Հանգստացեք,― համոզում էր Սոֆյա Մատվեևնան։
― Քիչ առաջ ես ձեզ ամեն ինչ ստեցի՝ փառքի համար, ճոխության համար, պարապությունից՝ ամեն ինչ, մինչև վերջին բառը, օ՜, ապիկար, ապիկար։
Խոլերինան, այսպիսով, փոխարինվեց մեկ այլ նոպայով՝ հիստերիկ ինքնադատապարտմամբ։ Ես արդեն հիշատակել եմ այդ նոպաները՝ խոսելով Վարվառա Պետրովնային ուղղված նրա նամակների մասին։ Հանկարծ նա հիշեց Lise-ի մասին, երեկ առավոտյան հանդիպման մասին։ «Դա այնքան ահավոր էր և անկասկած, դժբախտություն կար, իսկ ես չհարցրի, չիմացա։ Ստածում էի միայն իմ մասին։ Օ՜, ի՞նչ եղավ նրան, չգիտե՞ք, արդյոք, ինչ եղավ նրան»,― աղաչում էր նա Սոֆյա Մատվեևնային։
Հետո երդվում էր, որ «չի դավաճանի», որ կվերադառնա նրա (այն է՝ Վարվառա Պետրովնայի) մոտ։ Սենք կմոտենանք նրա առմուտքին (այն է՝ շարունակ Սոֆյա Մատվևնայի հետ) ամեն օր, երբ նա կառք է նստում՝ առավոտյան զբոսանքի համար, և թաքուն կնայենք... Օ՜, ես ուզում եմ, որ նա խփի մյուս երեսիս, հաճույքով եմ ուզում։ Ես նրան դեմ կանեմ իմ մյուս երեսը, comme dans votre livre<ref>Ինչպես ձեր գրքում (ֆրանս.)։</ref>։ Ես հիմա, հիմա միայն հասկացա, թե ինչ է նշանակում դեմ անել մյուս... «այտը»։ Նախկինում երբեք չեմ հասկացել»։
Սոֆյա Մատվեենայի համար եկան նրա կյանքի երկու սարսափելի օրերը, որոնք հիմա էլ է հիշում սարսուռով։ Ստեպան Տրոֆիմովիչն այնքան լրջորեն էր հիվանդացել, որ չէր կարող ուղևորվել նավով, որն այս անգամ հայտնվեց ճիշտ և ճիշտ կեսօրվա ժամը երկուսին։ Իսկ Սոֆյա Մատվեևնան ի զորու չէր նրան մենակ թողնել և նույնպես չգնաց Սպասով։ Նրա պատմածով, Ստեպան Տրոֆիմովիչը նույնիսկ ուրախացավ, որ նավը գնաց։
― Դե, փառավոր է, հիանալի է,― մրմնջաց հիվանդն անկողնուց,― թե չէ շարունակ վախենում էի, որ կգնանք։ Այստեղ այնքան լավ է, այստեղ ամենալավն է... Դուք ինձ չե՞ք թողնի։ Օ՜, դուք ինձ չեք թողնի։
Այնինչ, «այստեղ» ամենևին էլ այդքան լավ չէր։ Ստեպան Տրոֆիմովիչը ոչինչ չէր ուզում իմանալ նրա դժվարություններից, գլուխը լցված էր միմիայն երևակայություններով։ Իսկ իր հիվանդությունը համարում էր անցողիկ, դատարկ ու փուչ մի բան ևչէր մտածում կնոջ մասին ամենևին, մտածում էր միայն, թե ինչպես են գնալու և սկսելու վաճառել «այդ գրքերը»։ Նա խնդրեց Սոֆյա Մատվեևնային իր համար Ավետարան կարդալ։
― Վաղուց արդեն չեմ կարդացել... բնագրով։ Թե չէ մեկնումեկը կհարցնի, և ես կսխալվեմ, պետք է նաև նախապատրաստվել այնուամենայնիվ։
Սոֆյա Մատվեևնան նստեց նրա կողքն ու բացեց գիրքը։
― Դուք հիանալի եք կարդում,― ընդհատեց նրան առաջին իսկ տողի վրա։― Ես տեսնում եմ, տեսնում եմ, որ չեմ սխալվել,― ավելացրեց նա անհստակ, սակայն ոգեշունչ։ Եվ ընդհանրապես, նա անընդմեջ ցնծագին տրամադրության մեջ էր։ Սոֆյա Մատվեևնան կարդաց լեռան քարոզը։
― Assez, assez, mon enfant<ref>Բավական է, բավական, զավակս (ֆրանս.)։</ref>, բավական է... Մի՞թե մտածում եք, որ դա բավական չէ։
Եվ նա՝ ուժասպառ, փակեց աչքերը։ Նա շատ թույլ էր, բայց դեռ գիտակցությունը չէր կորցնում։ Աոֆյա Մատվեևնան ուզում էր ելնել տեղից՝ ենթադրելով, թե հիվանդը քնել է ուզում։ Բայց նա կանգնեցրեց.
― Բարեկամս, ամբողջ իմ կյանքում ես ստել եմ։ Նույնիսկ, երբ ճիշտն եմ ասել։ Ես երբեք չեմ խոսել հանուն ճշմարտության, այլ սոսկ ինձ համար, նախկինում էլ դա գիտեի, բայց տեսնում եմ միայն հիմա... O՜, ո՞ւր են այն բարեկամները, ում ես վիրավորել եմ իմ բարեկամությամբ ամբողջ կյանքիս ընթացքում։ Եվ բոլորը, բոլորը։ Savez-vous<ref>Գիտեք ինչ (ֆրանս.)։</ref>, ես գուցեև ստում եմ նաև հիմա, հավանորեն ստում եմ նաև հիմա։ Գլխավորն այն է, որ ինքս ինձ հավատում եմ, երբ ստում եմ։ Ամենադժվարը կյանքում՝ ապրել ու չստելն է... և... և սեփական ստին չհավատալը, այո, այո, հենց դա է որ կա։ Բայց սպասեք, այդ ամենը՝ հետո... Մենք միասին ենք, միասին,― ավելացրեց նա խանդավառված։
― Ստեպան Տրոֆիմովիչ,― երկչոտ խնդրեց Սոֆյա Մատվեևնան,― մարդ չուղարկե՞նք «նահանգ»՝ բժիշկ բերելու։
Հիվանդը սաստիկ զարմացավ։
― Ինչի՞ համար։ Est-ce qui je suis si malade? Mais rien de serieux<ref>Մի՞թե ես այդքան հիվանդ եմ։ Չէ որ լուրջ ոչինչ չկա (ֆրանս.)։</ref>։ Ու մեր ինչի՞ն են պետք կողմնակի մարդիկ։ Նաև՝ կիմանան, ու ի՞նչ կլինի այդ ժամանակ։ Ոչ ոչ, ոչ ոք՝ կողմնակիներից, մենք՝ միասին, միասին։
― Գիտեք,― ասաց նա, քիչ լռելուց հետո,― էլի ինչ-որ բան կարդացեք ինձ համար, այնպես, առանց ընտրելու, մի որևէ բան, ինչ պատահի։
Սոֆյա Մատվեևնան բացեց գիրքն ու սկսեց կարդալ։
― Ուր կբացվի, ուր կբացվի ակամա,― կրկնեց նա։
― «Եւ Լաւոդիկէի մեջ եղած եկեղեցւոյ հրեշտակին գրէ...»։
― Դա ի՞նչ էր, ի՞նչ։ Որտեղի՞ց էր դա։
― Սա Հայտնությունից է։
― O, je m՝en souviens, oui, l’Apocalypse. Lisez, lisez<ref>Օ, ես հիշում եմ դա, այո, Հայտնությունն է, կարդացեք, կարդացեք (ֆրանս.)։</ref>, ես գրքով կռահել էի մեր ապագայի մասին, ուզում եմ իմանալ, թե ինչ ստացվեց։ Կարդացեք Հրեշտակից, Հրեշտակից...
«Ել Լաւոդիկէի մէջ եղած եկեղեցւոյն հրեշտակին գրէ. Այսպէս կ՚ըսէ Ամէնը, հաւատարիմ ու ճշմարիտ Վկան, Աստուծոյ արարածներուն Սկիզբը։ Գիտեմ քու գործերդ, որ ոչ պաղ ես ու ոչ տաք, երանի թէ պաղ ըլլայիր կամ տաք։ Ուստի դուն որ գաղջ ես ու ոչ տաք՝ ոչ ալ պաղ, քեզ բերնէս դուրս փսխելու վրայ եմ. քանզի կ՚ըսես, Ես հարուստ եմ ու մեծցայ, և բանի մը կարօտ չեմ, ու չես գիտեր, որ դուն խեղճ ու թշուառակւսն ես, և աղքատ ու կոյր ու մերկ»։
― Դա... դա էլ է ձեր գրքում,― բացականչեց նա՝ աչքերը շողացնելով ու գլուխը վեր հանելով բարձի վրայից։― Ես երբեք չեմ իմացել այդ հսկա տեղը։ Լսում եք, ավելի շուտ սառը, սառը, քան գաղջ, քան միայն գաղջ։ Օ՜, ես կապացուցեմ։ Միայն թե մի թողեք, մի թողեք ինձ մենակ։ Մենք կապացուցենք, մենք կապացուցենք։
― Դե, ես չեմ թողնի ձեզ, Ստեպան Տրոֆիմովիչ, երբեք չ-չեմ թողնի,― կինը բռնեց նրա ձեռքերն ու սեղմեց իր ափերի մեջ՝ մոտեցնելով սրտին, արցունքակալած աչքերով նայելով նրան։ («Ախր, շատ մեղքս եկան այդ րոպեին»,― հայտնում էր նա)։ Ծերունու շրթունքները մի տեսակ ջղաձգվեցին։
― Բայց դե, Ստեպան Տրոֆիմովիչ, այնուամենայնիվ, ի՞նչ անենք-ք։ Իմաց չտա՞նք ձեր ծանոթներից կամ գուցե հարազատներից մեկնումեկին։
Բայց այստեղ Ստեպան Տրոֆիմովիչն այն աստիճան վախեցավ, որ Սոֆյա Մատվեևնան ուրախ էլ չէր, որ նորից հիշեցրեց։ Սարսռելով ու դողալով, նա աղաչում էր ոչ ոքի չկանչել, ոչինչ չձեռնարկել, նրանից խոսք վերցրեց, համոզում էր. «Ոչ մեկին, ոչ մեկին։ Սենք միասին ենք, մենակ մենք, nous partirons ensemble<ref>Մենք ճամփա կելնենք միասին (ֆրանս.)։</ref>»։
Շատ վատ էր և այն, որ տանտերերը նույնպես սկսեցին անհանգստանալ, տրտնջում էին և կպչում Սոֆյա Մատվեևնայից։ Նա վճարեց ու ջանաց ցույց տալ փողերը, ինչը ժամանակավորապես մեղմացրեց նրանց, բայց տանտերը պահանջեց Ստեպան Տրոֆիմովիչի «անձնագիրը»։ Հիվանդը ժպիտով ցույց տվեց իր փոքր պայուսակը, դրա մեջ Սոֆյա Մատվեևնան գտավ նրա պաշտոնաթողության հրամանագիրը կամ նման մի բան, որով նա ամբողջ կյանքն ապրել էր։ Տանտերը չէր հանդարտվում և ասում էր, թե «պետք է մի տեղ ընդունել տան, քանի որ մեզ մոտ հիվանդանոց չի, իսկ որ մեռավ, վայ թե էդպես էլ կլինի, փորձանքի կգանք»։ Սոֆյա Մատվեևնան խոսք բացեց նրա հետ բժշկի մասին, բայց ստացվեց, որ եթե մարդ ուղարկեն «նահանգ», կարող է այնքան թանկ նստել, որ, հարկավ, բժշկի մասին բոլոր մտքերը հարկ էր թողնել։ Նա տրտմագին ետ եկավ իր հիվանդի մոտ։ Ստեպան Տրոֆիմովիչն ավելի ու ավելի էր թուլանում։
― Հիմա մի կտոր էլ կարդացեք ինձ... խոզերի մասին,― ասաց նա մեկեն։
― Ի-ի՞նչ,― ահավոր վախեցավ Սոֆյա Մատվեևնան։
― Խոզերի մասին... հենց այդտեղ է... ces cochons...<ref>Այդ խոզերը (ֆրանս.)։</ref> ես հիշում եմ, դևերը մտան խոզերի մեջ ու բոլորը խեղդվեցին։ Անպայման կարդացեք դա ինձ, հետո ձեզ կասեմ՝ ինչի համար։ Ես վերհիշել եմ ուզում բառացի։ Ինձ պետք է բառացի։
Սոֆյա Մատվեևնան լավ գիտեր Ավետարանը և անմիջապես Ղուկասի ավետարանում գտավ այն տեղը, որը ես նույնպես բնաբան եմ դարձրել իմ ժամանակագրության համար։ Այստեղ մեջբերեմ նորից.
«Եւ այնտեղ շատ խոզերու երամակ մը կար, որոնք լեռը կ՚արածուեին ու աղաչեցին անոր որ իրենց հրաման տայ անոնց մէջ մտնելու, և հրաման տուաւ անոնց։ Ու դևերը մարդէն ելլելով՝ խոզերուն մէջ մտան և երամակը գահավէժ տեղէն ծովակը վազեց ու խեղդուեցաւ։ Եւ խոզարածները այս եղած բանը տեսնելով փախան, ու պատմեցին քաղաքը ու ագարակները։ Եվ մարդիկ ելան եղած բանը տեսնելու, ու եկան Յիսուսի, և գտան այն մարդը՝ ուրկէ դևերը ելեր էին, հագուած ու խելքը վրան Յիսուսի ոտքերուն քով նստած, ու վախցան։ Եւ անոնք որ տեսեր էին, պատմեցին անոնց թէ ինչպես դիւահարը ազատեցաւ»։
― Բարեկամս,― արտաբերեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ անասելի հուզված,― savez-vous, այդ հրաշալի և... արտասովոր կտորն ամբողջ կյանքում ինձ համար գայթակղության քար է եղել... dans ce livre<ref>Դուք գիտեք... այդ գրքում (ֆրանս.)։</ref>... այնպես որ ես այդ կտորը մանկուց եմ մտապահել։ Իսկ հիմա մի միտք անցավ, une comparaison<ref>Մի համեմատություն (ֆրանս.)։</ref>։ Ահավոր շատ մտքեր են գալիս հիմա ուղեղս, տեսնում եք, դա ճիշտ և ճիշտ նույնն է, ինչպես մեր Ռուսաստանը։ Այդ դևերը, որոնք ելնում են հիվանդից ու մտնում խոզերի մեջ, դրանք բոլոր խոցերն են, բոլոր ժանտահոտությունները, ամբողջ ապականությունը, բոլոր դևերն ու դևաճտերը՝ կուտակված մեր մեծ ու սիրելի, մեր հիվանդ Ռուսաստանում, դարեր ի վեր, դարեր ի վեր։ Oui, cette Russie, que j’aimais toujours<ref>Այո, Ռուսաստանում, որը ես միշտ եմ սիրել (ֆրանս.)։</ref>։ Սակայն մեծ միտքն ու մեծ կամքը կպսակեն նրան ի վերուստ, ինչպես և այն խելագար դիվահարին, ու դուրս կթափվեն բոլոր այդ դևերը, ամբողջ ապականությունը, այդ ամբողջ նողկանքը, որ թարախակալել է մակերեսին... և իրենք կխնդրեն՝ մտնել խոզերի մեջ։ Եվ մտել են գուցեև արդեն։ Այդ մենք ենք, մենք և նրանք ու Պետրուշան... et les autres avec lui<ref>Եվ մյուսներն էլ նրա հետ (ֆրանս.)։</ref>, ու ես, գուցեև առաջինը՝ գլխավորելով, ու մենք՝ խելագար ու դիվոտած, ժայռից գահավեժ կնետվենք ծովը և բոլորս կխեղդվենք, ու տեղն է մեզ, քանի որ ուժներս հենց դրան էլ կպատի։ Բայց հիվանդը կապաքինվի և «Հիսուսի ոտքերի մոտ կնստի»... և բոլորը կնայեն զարմանքով... Սիրելիս, vous comprendrez après<ref>Դուք հետո կհասկանաք (ֆրանս.)։</ref>, և հիմա շատ է հուզում ինձ... Vous comprendrez après... Nous comprendrons ensemble<ref>Դուք հետո կհասկանաք... մենք միասին կհասկանանք (ֆրանս.)։</ref>։
Նա զառանցել սկսեց և, ի վերջո, կորցրեց գիտակցությունը։ Այդպես շարունակվեց և ամբողջ հաջորդ օրը։ Սոֆյա Մատվեևնան՝ նսած նրա մոտ, լաց էր լինում, համարյա բոլորովին չէր քնել երրորդ գիշերը և խուսափում էր տանտերերի աչքին երևալ, նա կանխազգում էր, ինչ-որ բան սկսել էին ձեռնարկել։ Փրկությունը եկավ սոսկ երրորդ օրը։ Առավոտյան Ստեպան Տրոֆիմովիչն արթնացավ, ճանաչեց նրան ու պարզեց ձեռքը։ Սոֆյա Մատվեևնան խաչակնքվեց հույսով։ Ստեպան Տրոֆիմովիչն ուզեց դուրս նայել պատուհանից. «Tienes, un lac»<ref>Ահա թե ինչ, այստեղ լիճ կա (ֆրանս.)։</ref>,― արտաբերեց նա,― ահ, Աստված իմ, ես դեռ չեմ էլ տեսել սա...»։ Այդ պահին խրճիթի մուտքի մոտ դղրդաց ինչ-որ մեկի կառքը, և տան մեջ արտակարգ իրարանցում սկսվեց։
=== III ===
Անձամբ Վարվառա Պետրովնան էր ժամանել՝ քառատեղ, քառալուծ կառքով, երկու սպասավորների և Դարյա Պավլովնայի հետ։ Հրաշքը կատարվել էր պարզ ու հասարակ. հետաքրքրասիրությունից վառվող Անիսիմը, քաղաք հասնելով, հաջորդ օրը, այնուամենայնիվ, գնացել էր Վարվառա Պետրովնայի տուն, ծառաների մոտ շատախոսել, որ Ստեպան Տրոֆիմովիչին մենակ հանդիպել է գյուղում, որ մուժիկները նրան տեսել են մեծ ճանապարհի վրա՝ միայնակ, ոտքով, և, որ նա շարժվել է դեպի Սպասով, Ուստյևո, արդեն Սոֆյա Մատվեևնայի հետ։ Քանի որ Վարվառա Պետրովնան արդեն ահավոր անհանգստացած էր և ըստ կարելվույն որոնում էր փախստական բարեկամին, ապա Անիսիմի մասին անմիջապես զեկուցեցին նրան։ Լսելով Անիսիմին և գլխավորը՝ ինչ-որ մի Սոֆյա Մատվեևնայի հետ նույն կառքով Ուստյևո մեկնելու մանրամասների մասին, նա ակնթարթորեն պատրաստվել և տաք հետքերով մտել էր Ուստևո։ Նրա հիվանդության մասին դեռևս ոչինչ չգիտեր։
Թնդաց նրա խիստ ու հրամայական ձայնը, նույնիսկ տանտերերը երկյուղեցին։ Նա կանգ էր առել սոսկ տեղեկանալու և հարցուփորձ անելու համար, վստահ, որ Ստեպան Տրոֆիմովիչը վաղուց արդեն Սպասովում է։ Իսկ իմանալով, որ այստեղ է նա ու հիվանդ, հուզախռով մտավ խրճիթ։
― Դե, որտե՞ղ է նա։ Ա՜, այդ դու ես,― բղավեց՝ տեսնելով Սոֆյա Մատվեևնային, որը հենց այդ պահին հայտնվել էր երկրորդ սենյակ տանող շեմին։― Ես քո անամոթ դեմքից հասկացա, որ դու ես։ Կորի՛ր, անզգամ։ Որ հետքդ անգամ չմնա այս տանը։ Վռնդել նրան, թե չէ հուր-հավիտենական բանտում կփակեմ։ Առայժմ պահեք ու հսկեք մի ուրիշ տան մեջ։ Նա արդեն մի անգամ բանտ նստել է քաղաքում, էլի կնստի։ Ու քեզ էլ խնդրում եմ, տանտեր, ոչ ոքի չհամարձակվես ներս թողնել, քանի դեռ այստեղ եմ։ Ես գեներալ Ստավրոգինի այրին եմ և զբաղեցնում եմ ամբողջ տունը։ Իսկ դու, աղավնյակս, ամեն ինչի համար հաշիվ կտաս ինձ։
Ծանոթ հնչյունները ցնցեցին Ստեպան Տրոֆիմովիչին։ Նա սարսռաց։ Բայց Վարվառա Պետրովնան արդեն միջնորմից այս կողմում էր։ Աչքերը շողացնելով՝ ոտքով մոտ քաշեց աթոռը և ետ ընկնելով թիկնակին՝ բղավեց Դաշայի վրա.
― Դուրս արի առայժմ, տանտերերի մոտ եղիր։ Սա ի՞նչ հետաքրքասիրություն է, ու դուռն էլ պինդ փակիր ետևիցդ։
Որոշ ժամանակ լուռ և մի տեսակ գիշատչական հայացքով զննում էր հիվանդի վախեցած դեմքը։
― Դե՞, ինչպե՞ս եք ապրում, Ստեպան Տրոֆիմովիչ։ Լավ ման եկա՞ք,― մեկեն դուրս թռավ նրա բերանից մոլեգին հեգնանքով։
― Chere,― իրեն կորցրած՝ մրմնջաց հիվանդը,― ես ճանաչեցի ռուսական իրական կյանքը... Et je precherai l’Evangile...<ref>Եվ ես պիտի Ավետարան քարոզեմ... (ֆրանս.)։</ref>
― O՜, անամոթ, երախտամոռ մարդ,― ճչաց նա հանկարծ՝ ձեռքերն իրար զարկելով։― Ձեզ բավական չէր ինձ խայտառակելը, կապվել եք... Օ՜ ծեր անպատկառ, անառակ։
― Chere...
Նրա ձայնը խեղվում էր և ոչինչ չէր կարողանում արտաբերել, այլ միայն նայում էր՝ աչքերը սարսափից չռած։
― Ո՞վ է նա.
― C’est un ange... C’etait plus qu’un ange pour moi<ref>Հրեշտակ է նա... Ինձ համար նա ավելին է, քան հրեշտակը (ֆրանս.)։</ref>, նա ամբողջ գիշեր... Օ՜, մի բղավեք, մի վախեցրեք նրան, Chere, chere...
Վարվառա Պետրովնան հանկարծ, աթոռը դռռացնելով, վեր թռավ, լսվեց նրա վախեցած բղավոցը. «Ջո՜ւր, ջո՜ւր»։ Ստեպան Տրոֆիմովիչը թեև ուշքի էր եկել, բայց Վարվառա Պետրովնան շարունակում էր դողալ վախից և գունատված նայում էր նրա այլայլված դեմքին, այստեղ միայն առաջին անգամ կռահեց նրա հիվանդության չափերի մասին։
― Դարյա,― շշնջաց նա հանկարծ Դարյա Պավլովնային,― անմիջապես բժիշկ կանչեք, Զալցֆիշին, Եգորըյչը թող հիմա գնա, այստեղից թող ձիեր վարձի, իսկ քաղաքից ուրիշ կառք վարձի։ Որ գիշերվա դեմ այստեղ լինի։
Դաշան նետվեց՝ հրամանը կատարելու։ Ստեպան Տրոֆիմովիչը նայում էր նույն, աչքերը չռած, վախեցած հայացքով, գունատված շրթունքները դողդողում էին։
― Համբերիր, Ստեպան Տրոֆիմովիչ, համբերիր, սիրելիս,― համոզում էր Վարվառա Պետրովնան, ինչպես երեխային,― դե, սպասիր, սպասիր, հիմա Դարյան ետ կգա ու... Ախ, Աստված իմ, տանտիրուհի, տանտիրուհի, գոնե դու արի, այ կնիկ։
Համբերությունը հատած՝ ինքը նետվեց տանտիրուհու մոտ։
― Հիմա, այս րոպեիս, դրան նորից ետ բերեք։ Բերեք, ետ բերեք նրան։
Բարեբախտաբար, Սոֆյա Մատվեևնան դեռ չէր հասցրել դուրս գալ տնից, և նոր-նոր ելնում էր դարպասից՝ պայուսակն ու կապոցն առած։ Նրան ետ դարձրին։ Այնպես էր վախեցած, որ նույնիսկ ձեռք ու ոտք դողում էին։ Վարվառա Պետրովնան ճանկեց նրա ձեռքը, ինչպես ցինը հավի ճտին, և հապշտապ տարավ Ստեպան Տրոֆիմովիչի մոտ։
― Դե, ահա նա՝ ձեզ։ Կարծեցիք, թե ուղղակի կերա նրան։ Չեմ կերել։
Ստեպան Տրոֆիմովիչը բռնեց Վարվառա Պետրովնայի ձեռքը, մոտեցրեց աչքերին, և արցունքները հորդացին՝ հեկեկոցով, հիվանդագին, ջղաձիգ։
― Լավ, լավ, հանգստացիր, սիրելիս, լավ, հարգելիս։ Ախ, Աստված իմ, դե, հան-գըս-տա-ցեք էլի,― մոլեգնած բղավեց նա։
― Օ՜, իմ հոգեհան, հոգեհան, հավերժական հոգեհան։
― Սիրելիս,― վերջապես մրմնջաց Ստեպան Տրոֆիմովիչը՝ դիմելով Սոֆյա Մատվեևնային,― այնտեղ մնացեք, սիրելիս, այստեղ մի բան եմ ուզում ասել...
Սոֆյա Մատվեևնան իսկույն ևեթ շտապեց դուրս գալ։
― Chere,chere...<ref>Սիրելիս, սիրելիս... (ֆրսւնս.)։</ref>― Ստեպան Տրոֆիմովիչի շունչը կտրվում էր։
― Սպասեք, մի խոսեք, Ստեպան Տրոֆիմովիչ, մի քիչ սպասեք, հանգստացեք։ Ահա ձեզ՝ ջուր։ Դե ըս-պա-սե-ցեք։
Վարվառա Պետրովնան նորից նստեց աթոռին։ Ստեպան Տրոֆիմովիչը պինդ բռնել էր նրա ձեռքը։ Երկար ժամանակ կինը թույլչէր տալիս նրան խոսել։ Ստեպան Տրոֆիմովիչը նրա ձեռքը մոտեցրեց շրթունքներին և սկսեց համբուրել։ Վարվառա Պետրովնան սեղմել էր շուրթերը՝ նայելով անկյունին։
― Je vous aimais<ref>Ես ձեզ սիրում էի (ֆրանս.)։</ref>,― ի վերջո, դուրս պրծավ բերանից։ Վարվառա Պետրովնան երբեք ասվածի պես խոսք չէր լսել նրանից։
― Հը՛մ,― ի պատասխան թնչացրեց նա։
― Je vous aimais toute ma vie... vingt ans!<ref>Ես ձեզ սիրել եմ ամբողջ կյանքում... քսան տարի (ֆրանս.)։</ref>
Վարվառա Պետրովնան շարունակում էր լռել՝ երկու, երեք րոպե։
― Իսկ ինչպե՜ս էիր պատրաստվում Դաշայի մոտ գնալ, օծանելիք էիր ցողում,― խոսեց նա հանկարծ՝ ահավոր շշնջոցով։ Ստեպան Տրոֆիմովիչը քար կտրեց-մնաց։
― Նոր փողկապ կապեցիր...
Կրկին՝ մի երկու րոպե լռություն։
― Սիգարիկը հիշո՞ւմ եք։
― Բարեկամս,― սվսվացրեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ սարսափած։
― Սիգարիկը, երեկոյան, լուսամուտի մոտ... լուսինը շողում էր... տաղավարում նստելուց հետո... Սկվորեշնիկիում։ Հիշո՞ւմ ես, արդյոք, հիշո՞ւմ ես,― վեր թռավ տեղից, բռնեց նրա բարձի երկու տուտերը և ցնցեց գլխի հետ միասին։― Հիշո՞ւմ ես, փուչ, փուչ, անփառունակ, փոքրոգի, հավերժորեն, հավերժորեն փուչ մարդ,― ֆշշացնում էր նա՝ իր մոլեգնած շշնջոցով, զսպելով բղավոցը։ Վերջապես ետ գցեց նրան ու ընկավ աթոռին՝ ձեռքերով ծածկելով դեմքը։― Հերիք է,― կտրուկ ասաց նա՝ շտկվելով։― Քսան տարի է անցել, ետ չես բերի, ես էլ եմ անխելք։
― Je vous aimais,― ձեռքերը կրկին միացրեց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Ինչ ես մի գլուխ aimais ու aimais ասում ինձ։ Բավական է,― նորից վեր թռավ նա։― Եվ եթե հիմա իսկույն չքնեք, ապա ես.... Ձեզ հանգիստ է պետք, հիմա քնեք, փակեք աչքերը։ Ա՜հ, Աստված իմ, գուցե նախաճաշել է ուզում։ Դուք ի՞նչ եք ուտում։ Նա ի՞նչ է ուտում։ Ահ, Աստված իմ, ո՞ւր է այն մեկը։ Ո՞ւր է նա։
Իրարանցում սկսվեց։ Բայց Ստեպան Տրոֆիմովիչը թույլ ձայնով մրմնջաց, որ ինքը, իրոք կքներ une heyre<ref>Մի ժամ (ֆրանս.)։</ref>, իսկ հետո՝ un bouillon ... un the ... enfin, il est si heureux<ref>Մսաջուր, թեյ... վերջապես, ինքն այնքան երջանիկ է (ֆրանս.)։</ref>։ Նա պառկեց և, իրոք, կարծես թե քնեց (հավանորեն, ձևացնում էր)։ Վարվառա Պետրովնան սպասեց և ոտնաթաթերի վրա ելավ միջնորմի ետևից։
Նա տեղավորվեց տանտերերի սենյակում, դուրս արեց տանտերերին և Դաշային հրամայեց մոտը բերել ''դրան''։ Սկսվեց լուրջ հարցաքննություն։
― Հիմա, հարգելիս, պատմիր բոլոր մանրամասները։ Նստիր կողքս, այդպես։ Դե՞։
― Ես հանդիպեցի Ստեպան Տրոֆիմովիչին...
― Սպասիր, սուս։ Զգուշացնում եմ, որ եթե որևէ բան ստես կամ թաքցնես, գետնի տակից էլ քեզ կգտնեմ։ Դե՞։
― Ես Ստեպան Տրոֆիմովիչին... Հենց հասա Խատ-տովո...― համարյա շնչահեղձ էր լինում Սոֆյա Մատվեևնան...
― Սպասիր, սուս, ի՞նչ ես բլբլացնում։ Նախ և առաջ, ի՞նքդ ինչացու ես։
Նա պատմեց մի կերպ, իմիջիայլոց, ամենակարճ խոսքով, իր մասին՝ սկսելով Սևաստոպոլից։ Վարվառա Պետրովնան լսում էր լուռ, ուղիղ նստած աթոռին՝ խիստ ու համառ նայելով ուղիղ պատմողի աչքերին։
― Ինչի՞ց ես այդպես վախեցած, ինչո՞ւ ես ցած նայում։ Ես սիրում եմ, որ ուղիղ են նայում ու վիճում են ինձ հետ։ Շարունակիր։ Նա հասավ հանդիպմանը, պատմեց գրքերի մասին, թե ինչպես Ստեպան Տրոֆիմովիչը գեղջկուհուն օղի հյուրասիրեց...
― Այդպես, այդպես, փոքր մանրուք իսկ չմոռանաս,― քաջալերեց Վարվառա Պետրովնան։ Վերջապես այն մասին, թե ինչպես ճանապարհ ընկան և ինչպես էր Ստեպան Տրոֆիմովիչը շարունակ խոսում՝ «արդեն լրիվ-վ հիվանդ», իսկ այստեղ՝ ամբողջ կյանքը, ամենասկզբից, նույնիսկ մի քանի ժամ պատմեց։
― Պատմիր կյանքի մասին։
― Սոֆյա Մատվեևնան հանկարծ դեմ ընկավ ու կանգնեց իսկական փակուղու առաջ։
― Ոչինչ-չ էլ չեմ կարողանա պատմել,― արտաբերեց նա՝ համարյա լաց լինելով,― ու չեմ էլ հասկացել համարյա ոչինչ։
― Սուտ ես ասում, չէիր կարող լրիվ ոչինչ չհասկանալ։
― Մի սևամազ ազնվական կնոջ մասին էր երկար պատ-տմում,― սաստիկ շառագունեց Աոֆյա Մատվեևնան՝ իմիջիայլոց, նկատելով Վարվառա Պետրովնայի շեկ մազերը և կատարելապես նման չլինելը «սևահերին»։
― Սևամա՞զ։ Հատկապես ի՞նչ։ Դե, խոսիր։
― Այն մասին, թե ինչպես էր այդ ազնվական տիկինն իրեն չափից դուրս սիրահարված, ամբողջ կյանքում, լրիվ քսան տարի, բայց միշտ չէր կարողացել սիրտը բացել ու ամաչել էր իր առաջ, քանի որ շատ էր չաղ...
― Տխմար,― մտազբաղ, սակայն վճռական ընդհատեց Վարվառա Պետրովնան։
Սոֆյա Մատվեևնան արդեն հոնգուր-հոնգուր լալիս էր։
― Ոչ մի բան էլ չեմ կարողանում լավ պատմել, որովհետև շատ էի վախեցած նրա համար ու չէի կարողանում հասկանալ, թե ինչպես այդքան խելոք մարդը...
― Նրա խելքի մասին քեզպեսները չէ, որ պիտի դատեն։ Առաջարկություն արե՞ց։
Պատմողը սրսփաց։
― Սիրահարվե՞ց քեզ։ Խոսիր։ Պսակվելու առաջարկ արե՞ց,― բղավեց Վարվառա Պետրովնան։
― Համ-մարյա թե նման մի բան եղավ,― փղձկաց նա։― Մենակ թե ես այդ ամենը բանի տեղ չդրեցի, հիվանդության պատճառով,― ավելացրեց նա հաստատ՝ աչքերը վեր հառելով։
― Ի՞նչ է անունդ, անուն հայրանունդ։
― Սոֆյա Մատվեևնա։
― Դե ուրեմն, իմացած լինես, Սոֆյա Մատվեևնա, որ դա ամենաանպետք, փուչ մի մարդուկ է... Տե՜ր Աստված, տե՜ր Աստված։ Ինձ անզգա՞մ ես կարծում։
Դիմացինն աչքերը չռեց։
― Անզգամի, բռնակալի տե՞ղ ես դրել։ Նրա կյանքը խորտակողի՞։
― Ինչպե՞ս կարող-ղ է, թե որ ինքներդ էլ եք լալ-լիս։
Իրոք, Վարվառա Պետրովնայի աչքերին արցունք կար։
― Դե, նստիր, մի վախենա։ Մի անգամ էլ աչքերիս նայիր, ուղիղ, ինչի՞ց կարմրեցիր։ Դաշա, եկ այստեղ, նայիր նրան, ի՞նչ ես կարծում, նրա սիրտը մաքո՞ւր է...
Եվ ի զարմանս, ավելի քան ի մեծ սարսափ Սոֆյա Մատվեևնայի, նա հանկարծ շոյեց իր այտը։
― Ափսոս միայն, որ անխելք է։ Տարիքին անհամապատասխան անխելք։ Լավ, սիրելիս, ես քեզնով կզբաղվեմ։ Տեսնում եմ, որ այդ ամենը դատարկ բան է։ Առայժմ մնա մոտս, քեզ համար բնակարան կվարձեն, իսկ իմ կողմից քեզ՝ ուտելիք ու ամեն ինչ... մինչև տեսնենք։
Սոֆյա Մատվեևնան վախեցած ակնարկել էր ուզում, որ ինքը պետք է շտապի։
― Շտապելու տեղ չունես։ Քո բոլոր գրքերն առնում եմ, իսկ դու նստիր այստեղ։ Չէ որ եթե ես չգայի, միևնույն է, դու նրան չէի՞ր թողնելու։
― Ոչ մի դեպքում չէի թողնի,― մեղմ ու հաստատ մրմնջաց Սոֆյա Մատվեևնան՝ աչքերը սրբելով։
Բժիշկ Զալցֆիշին բերեցին արդեն ուշ գիշերով։ Բավական պատկառելի ծերուկ էր և շատ փորձառու պրակտիկ, որը վերջերս մեզ մոտ, իր ղեկավարության հետ ինչ-որ պատվախնդիր վեճի հետևանքով, կորցրել էր ծառայողական տեղը։ Վարվառա Պետրովնան նույն ակնթարթին ամբողջ ուժով սկսեց նրան «հովանավորել»։ Նա ուշադրությամբ զննեց հիվանդին, հարցուփորձ արեց ու զգուշությամբ հայտնեց Վարվառա Պետրովնային, որ «տառապյալի» վիճակը խիստ է տարակուսելի՝ հիվանդության առկա բարդացման հետևանքով և որ պետք է սպասել «ամենայն նույնիսկ վատթարին»։ Վարվառա Պետրովնան, քսան տարում ետ վարժված լուրջ ու վճռական նույնիսկ որևիցե մտքից, այն ամեն ինչից, որ անձամբ Ստեպան Տրոֆիմովիչից էր ելնում, խորապես ցնցված էր, անգամ գունատվեց.
― Մի՞թե ոչ մի հույս չկա։
― Հնարավոր չէ, որ ամենևին որևիցե հույս չլինի, բայց...
Վարվառա Պետրովնան ամբողջ գիշեր չպառկեց քնելու, հազիվ սպասեց լույսը բացվելուն։ Հենց միայն հիվանդը բացեց աչքերը և ուշքը գլուխը եկավ (նրա ուշքը դեռ գլխին էր միշտ, թեև ժամ առ ժամ թուլանում էր), ամենավճռական տեսքով դիմեց նրան.
― Ստեպան Տրոֆիմովիչ, ամեն ինչ հարկ է նախատեսել։ Ես ուղարկել եմ՝ հոգևորական բերելու։ Դուք պարտավոր եք կատարել ձեր պարտքը...
Գիտնալով նրա համոզմունքները, Վարվառա Պետրովնան շատ էր վախենում մերժումից։ Ստեպան Տրոֆիմովիչը նայեց զարմանքով։
― Ցնդաբանությո՜ւն է, ցնդաբանությո՜ւն,― ճչաց Վարվառա Պետրովնան՝ մտածելով, որ նա հրաժարվում է արդեն։― Հիմա չարություններ անելու ժամանակը չէ։ Բավականաչափ գժություններ արել եք։
― Բայց... մի՞թե ես այդքան հիվանդ եմ։
Նա մտազբաղ համաձայնեց։ Եվ ընդհանրապես, հետագայում խորին զարմանքով իմացա Վարվառա Պետրովնայից, որ նա նվազագույնս իսկ չի վախեցել մահից։ Գուցեև պարզապես չէր հավատացել ու շարունակել էր հիվանդությունը դատարկ բան համարել։
Նա խոստովանեց և հաղորդություն ընդունեց շատ հաճույքով։ Բոլորը, և Սոֆյա Մատվեևնան, նույնիսկ ծառաները եկան շնորհավորելու նրան՝ սրբազան գաղտնիքներին հաղորդակցվելու կապակցությամբ։ Բոլորն անխտիր զուսպ լալիս էին՝ նայելով նրա սմքած ու տանջահւսր դեմքին և սպիտակած, դողացող շրթունքներին։
― Oui, mes amis<ref>Այո, բարեկամներս (ֆրանս.)։</ref>, ու ես զարմանում եմ սոսկ, որ այդպես... իրար եք անցել։ Հավանաբար, ես վաղը վեր կկենամ ու մենք... ճամփա կընկնենք... Tout cette seremonie...<ref>Այս ամբողջ ծիսակատարությունը (ֆրանս.)։</ref> որին ես, իհարկե, արժանին եմ մատուցում... միայն թե...
― Տեր հայր, խնդրում եմ ձեզ անպայման մնալ հիվանդի մոտ,― արագ կանգնեցրեց Վարվառա Պետրովնան արդեն գնալու պատրաստված վանականին։― Հենց թեյը մատուցեցին, կխնդրեմ ձեզ անմիջապես խոսել աստվածային բաներից՝ նրա մեջ հավատը պահպանելու համար։
Վանականը սկսեց։ Բոլորը կանգնած կամ նստած էին հիվանդի անկողնու մոտ։
― Մեր մեղսալի ժամանակներում,― սահուն սկսեց վանականը՝ թեյի գավաթը ձեռքին,― Բարձրյալի հանդեպ հավատը մարդկային ցեղի միակ ապաստանն է՝ բոլոր վշտերի և կյանքի փորձությունների դեպքում, ինչպես նաև հավերժական երանությանն ապավինելիս՝ խոստացյալ արդարակյացներին...
Ստեպան Տրոֆիմովիչը կարծես ամբողջապես կենդանացավ։ Մի նուրբ քմծիծաղ սահեց շրթունքների վրայով։
― Mon pere, je vous remercie , et vous etes bien bon, mais...<ref>Տեր հայր, ես շնորհակալ եմ ձեզնից, դուք շատ բարի եք, բայց... (ֆրանս.)։</ref>
― Ամենևին ոչ mais, բոլորովին ոչ mais,― բացականչեց Վարվառա Պետրովնան՝ վեր թռչելով աթոռից։― Տեր հայր,― դիմեց վանականին,― սա, սա այդպիսի մարդ է, այդպիսի մարդ... մի ժամ հետո նորից է պետք նրան խոստովանեցնել։ Ահա թե ինչ մարդ է նա։
Ստեպան Տրոֆիմովիչը զուսպ ժպտաց։
― Բարեկամներս,― ասաց նա,― Աստված արդեն ինձ նրա համար է անհրաժեշտ, որ միակ էակն է, ում կարելի է հավերժորեն սիրել...
Իրականում էր նա հավատի եկել, թե՞ կատարված խորհրդի փառահեղ ծիսակատարությունն էր բորբոքել նրա խառնվածքի գեղարվեստական ընդունակությունը, սակայն նա հաստատուն և, ասում են, մեծ զգացումով արտասանեց խոսքեր՝ ուղղակի հակասող իր նախկին շատ համոզմունքներին։
― Իմ անմահությունն արդեն անհրաժեշտ է, որովհետև Աստված չի կամենա անճիշտ բան անել և լրիվ հանգցնել իմ սրտում իր հանդեպ մի անգամ բորբոքված կրակը։ Եվ ի՞նչ կա՝ սիրուց ավելի թանկ։ Սերը վեր է կեցությունից, սերը պսակն է կեցության և ինչպե՞ս կարելի է, որ կեցությունն անենթակա լինի նրան։ Եթե ես սիրեցի նրան և բերկրացի իմ սիրով, հնարավո՞ր է արդյոք, որ նա մարել տա թե ինձ, թե իմ բերկրանքը և մեզ վերածի զրոյի։ Եթե կա Աստված, ապա ես ևս անմահ եմ։ Voila ma profession de foi<ref>Ահա իմ հավատի խորհրդաՕիշը (ֆրանս.)։</ref>։
― Աստված կա, Ստեպան Տրոֆիմովիչ, հավատացնում եմ ձեզ, որ կա,― թախանձում էր Վարվառա Պետրովնան,― հրաժարվեք, դեն նետեք ձեր անմտությունները գեթ մի անգամ կյանքում (կարծում եմ, նա այնքան էլ չէր հասկացել նրա profession de foi-ը)։
― Բարեկամս,― ոգևորվում էր նա ավելի ու ավելի, թեև ձայնը հաճախ էր կտրվում,― բարեկամս, երբ ես հասկացա... այդ դեմ արած այտը, ես... ես տեղնուտեղը ևս ինչ-որ բաներ հասկացա... J’ai menti toute ma vie<ref>Ես ստել եմ իմ ամբողջ կյանքում (ֆրանս.)։</ref>, ամբողջ, ամբողջ կյանքս, ես կուզեի... ի դեպ, վաղը... Վաղը բոլորով ճամփա կընկնենք։
Վարվառա Պետրովնան արտասվեց։ Ստեպան Տրոֆիմովիչն ինչ-որ մեկին էր փնտրում հայացքով։
― Ահա նա, այստեղ է։― ՎարվառաՊետրովնան բռնեց Սոֆյա Մատվեևնայի ձեռքից ու մոտեցրեց նրան։ Հիվանդը գորովալի ժպտաց։
― Օ՜, ես շատ կկամենայի նորից ապրել,― բացականչեց նա ավյունի արտակարգ հորձանքով։― Կյանքի ամեն մի րոպեն, յուրաքանչյուր ակնթարթը պիտի երանություն լինեն մարդուս հասար... պետք է, անպայման է պետք։ Դա իր իսկ՝ մարդու պարտականությունն է այդպես դասավորել, դա նրա օրենքն է՝ գաղտնի, բայց անպայման գոյություն ունեցող... Օ՜, ես կուզեի տեսնել Պետրուշային... ու նրանց բոլորին... ու Շատովին։
Նշեմ, որ Շատովի մասին դեռևս ոչինչ չգիտեին ո՛չ Դարյա Պավլովնան, ո՛չ Վարվառա Պետրովնան, ո՛չ նույնիսկ քաղաքից վերջինը եկած Զալցֆիշը։
Ստեպան Տրոֆիմովիչը հուզվում էր ավելի ու ավելի, հիվանդագին, ուժերից վեր։
― Արդեն մի հավերժական միտքն առ այն, որ գոյություն ունի արդարացիագույն և երջանկագույն ինչ-որ բան, քան ես եմ, արդեն ինձ ևս պարուրում է անչափելի գորովանքով և փառքով՝ օ՜, ով ուզում է, լինի, ինչ ուզում է, արած լինի։ Սեփական երջանկությունից ավելի մարդուն անհրաժեշտ է գիտնալ և ամեն վայրկյան հավատալ, որ կա ինչ-որ մի տեղ արդեն կատարյալ ու խաղաղ երջանկություն՝ բոլորի համար ու ամեն ինչի... Աարդկային կեցության ամբողջ օրենքն այն է սոսկ, որ մարդ կարողանա միշտ խոնարհվել անչափելի մեծի առաջ։ Եթե մարդկանց զրկեն անչափելի մեծից, ապա չեն ապրի նրանք և կմեռնեն հուսալքության մեջ։ Անչափելին և անվախճանը նույնքան անհրաժեշտ են մարդուն, որքան այն փոքր մոլորակը, որի վրա նա բնակվում է... Բարեկամներս, բոլորդ, բոլորդ. կեցցե՜ Մեծն Միտքը։ Հավերժական, անպարագիծ Միտքը։ Յուրաքանչյուր մարդ, ով էլ եղավ, անհրաժեշտաբար պիտի խոնարհվի այն բանի առաջ, որն է Մեծն Միտք։ Նույնիսկ ամենախելոք մարդուն է անհրաժեշտ թեկուզև որևէ մեծ բան։ Պետրո՜ւշա... Օ՜, ինչպես եմ ուզում նորից տեսնել նրանց բոլորին։ Նրանք չգիտեն, չգիտեն, որ իրենց մեջ ևս ամփոփված է միևնույն հավերժական Մեծն Միտքը։
Բժիշկ Զալցֆիշը չկար ծիսակատարությանը։ Հանկարծակի ներս մտնելով՝ նա սարսափեց և ցրեց հավաքվածներին, պնդելով, որ չհուզեն հիվանդին։
Ստեպան Տրոֆիմովիչը վախճանվեց երեք օր անց, բայց արդեն կատարյալ անգիտակից վիճակում։ Նա մի տեսակ հանդարտ մարեց, ճիշտ վառված-վերջացած մոմի պես։ Վարվառա Պետրովնան, տեղում կատարելով հուղարկավորման կարգը, իր խեղճ բարեկամի մարմինը տեղափոխեց Սկվորեշնիկի։ Նրա գերեզմանը եկեղեցու ցանկապատից ներս է և արդեն մարմարե քար է քաշված։ Տապանագիրն ու եզրաճաղերը թողել են գարնանը։
Վարվառա Պետրովնայի ամբողջ բացակայությունը քաղաքից տևեց ութ օր։ Նրա հետ միասին, կառքում կողքը նստած, եկավ նաև Սոֆյա Մատվեևնան, կարծեմ ընդմիշտ նրա մոտ բնակվելու։ Նշեմ, որ հենց Ստեպան Տրոֆիմովիչը կորցրեց գիտակցությունը (այն նույն առավոտյան) Վարվառա Պետրովնան տեղնուտեղը նորից հեռացրեց Սոֆյա Մատվեևնային խրճիթից էլ դուրս, և հիվանդին խնամում էր ինքը, մեն-մենակ, մինչև վերջ։ Իսկ հենց հոգին ավանդեց, անմիջապես կանչեց նրան։ Սկվորեշնիկիում մշտապես բնակվելու առաջարկությունից (ավելի ճիշտ՝ հրամանից) ահավոր վախեցած Սոֆյա Մատվեևնայի ոչ մի առարկությունը նա չուզեց լսել։
― Ցնդաբանություն է ամեն ինչ, ես ինքս կգամ քեզ հետ՝ Ավետարան վաճառելու։ Հիմա ամենևին ոչ ոք չունեմ աշխարհում։
― Բայց դուք որդի ունեք,― նկատել տվեց Զալցֆիշը։
― Ես որդի չունեմ,― կտրեց Վարվառա Պետրովնան՝ ասես մարգարեաբար։
== Գլուխ ութերորդ. Եզրափակում ==