Նստել էր ինձ մոտ մինչև ճաշ ու խոսում էր տղաների մասին, որոնց ատում էր, և փորփորում էր ծնոտին բսնած խոշոր պզուկը։ Մատներով, առանց թաշկինակի։ Չգիտեմ, այդ անասունը առհասարակ թաշկինակ ունե՞ր թե չէ։ Եբեք չեմ տեսել։
==5==
Շաբաթ օրերին մեր ճաշը միշտ նույնն էր լինում։ Դա շքեղ ճաշ էր համարվում, որովհետև բիֆշտեքս էին տալիս։ Գրազ կգամ՝ հազար դոլլարի վրա, որ բիֆշտեքս էին տալիս, որովհետև կիրակի օրերին ծնողները այցելության էին գալիս երեխաներին, և ծերունի Թերմերը, հավանաբար, մտածում էր, թե որևէ մեկի մայրը սիրասուն զավակին կարող է հարցնել՝ ինչ են տվել նրան, երեկ, ու որդին կպատասխանի՝ բիֆշտեքս։ Այդ ամենը խարդախություն էր։ Մի այդ բիֆշտեքսերը տեսնեի՜ք։ Կոշտ էին, ինչպես կոշիկի ներբանը, դանակով չէիր կարող կտրել։ Դրա հետ միշտ կարտոֆիլի պյուրե էին մատուցում գնդիկներով, իսկ որպես քաղցրեղեն՝ «շեկ Բետտի», մրգահյութով պուդինգ, միայն թե դա ոչ մեկը չէր ուտում, բացի առաջին դասարանցիներից և Էկլիի նմաններից, որոնք ամեն ինչին վրա էին պրծնում։
Ճաշից հետո մենք դուրս եկանք փողոց, հիանալի եղանակ էր։ Մի երեք դյույմ արդեն ձյուն էր նստել ու մի կողմից էլ դեռ գալիս էր։ Չտեսնված գեղեցիկ էր։ Սկսեցինք ձնագնդի շինել ու մեկմեկու լավ ծեծել։ Երեխայություն էր իհրարկե, բայց բոլորս էլ ուրախացանք։
Ես անելիք չունեի և իմ բարեկամ Բրոսարի հետ, որ ընբշամարտիկների խմբից էր, որոշեցի ավտոբուսով գնալ Էգերթաուն՝ կոտլետ ուտել, գուցեև որևէ ախմախ ֆիլմ նայել։ Չէի ուզում ամբողջ երեկոն մնալ տանը վեր ընկած։ Մելին հարցրի՝ ոչի՞նչ, որ Էկլին էլ մեզ հետ գա։ Որոշեցի Էկլիին կանչել, որովհետև նա նույնիսկ շաբաթ օրերը որևէ տեղ չէր գնում, նստում էր տանն ու պզուկները հուպ տալիս։ Մելն ասաց, դե, իհարկե, ոչինչ, թեև հիացած չէր, նա այնքան էլ չէր սիրում այդ Էկլիին։ Մի խոսքով, մենք գնացինք հագնվելու, ու մինչ կհագնեի կրկնակոշիկներս ու մյուս բաները, ձայն տվի Էկլիին, թե չի՞ ուզում կինո գալ։ Նա իմ ձայնը լսեց ցնցուղարանի կողմից, բայց միանգամից չպատասխանեց։ Նրա նմանները միանգամից չեն պատասխանում։ Վերջապես հայտնվեց նա, ետ քաշեց ցնցուղարանի վարագույրը և, կանգնելով շեմքին, հարցրեց, թե է՞լ ով է գալիս։ Ազնիվ խոսք եմ ասում, եթե նա երբևէ նավաբեկության ենթարկվեր և մի որևէ նավակ մոտենար փրկելու, անպայման հարձուփորձ կաներ, թե այդ նավակն ո՞վ է թիավարում, այլապես չէր նստի նավակ։ Ասացի՝ Մել Բրոսարը։ Իսկ նա թե․
― Ա՜խ, այդ տակա՞նքը․․․ Դե լավ։ Մի րոպե սպասիր ինձ։
Կարծես մեծագույն ծառայություն է մատուցում քեզ։
Նա հինգ ժամ պիտի հագնվեր։ Ես էլ մոտեցա պատուհանին, լայն բաց արի փեղկը ու սկսեցի ձնագնդի շինել։ Ձյունը շատ լավ էր կպչում։ Բայց ես չնետեցի ձնագունդը, թեև մտադիր էի նետել։ Սկզբում ուզեցի խփել մեքենային, որ կանգնած էր ճամփի մյուս եզրին։ Բայց փոշմանեցի՝ մեքենան շատ էր մաքուր ու ճերմակ։ Հետո ցանկացա նետել ջրհանի վրա, բայց դա էլ էր ճերմակ ու մաքուր։ Եվ այդպես էլ ոչ մեկի վրա չնետեցի։ Պատուհանը փակեցի ու սկսեցի ձնագունդը տրորել, որպեսզի ավելի ամրանա։ Երբ Բրոասրի ու Էկլիի հետ ավտոբուս բարձրացա, դեռ ձեռքիս էր։ Ուղեկցողը բացեց դռնակն ու կարգադրեց դուրս նետել ձնագունդը։ Ես ասացի, որ մտադիր չեմ որևէ մեկին խփել, բայց չհավատաց։ Մարդիկ երբեք քեզ չեն հավատում։
Բրոսարն ու Էկլին երկուսն էլ տեսել էին ցուցադրվող ֆիլմը, այնպես որ մենք մեկական կոտլետ կերանք, ավտոմատ֊ռուլետկա խաղացինք և վերադարձանք դպրոց։ Ես չէի ափսոսում, որ կինո չգնացինք։ Մի ինչ֊որ կատակերգություն էր Գերի Գրանտի մասնակցությամբ՝ հավանաբար, ախմախ բան։ Բացի այդ էլ, ես մի անգամ կինո էի գնացել այդ Բրոսարի ու Էկլիի հետ, նրանք երկուսն էլ հռհռում էին նույնիսկ ոչ ծիծաղելի տեղերում։ Ինձ համար նրանց կողքին նստելը նույնիսկ հաճելի չէր։
Ընդամենը իննից քառորդ էր պակաս, երբ վերադարձանք հանրակացարան։ Բրոսարը գժվում էր բրիջ խաղալու համար և գնաց խաղընկեր գտնելու։ Էկլին, իհարկե, խցկվեց ինձ մոտ։ Միայն այս անգամ ոչ թե նստեց Ստրեյդլեյթերի աթոռի բազկակալին, այլ փռվեց իմ մահճակալին, երեսն ուղղակի բարձիս վրա։ Փռվեց ու սկսեց մզմզալ իր միալար ձայնով և միաժամանակ քչփորել երեսի պզուկները։ Մի հարյուր անգամ ակնարկեցի, բայց ոչ մի կերպ չկարողացա գլուխս ազատել։ Նա իր միալար ձայնով երկար֊բարակ պատմում էր ինչ֊որ աղջկա մասին, որի հետ քարշ էր եկել անցյալ ամառ։ Արդեն մի հարյուր անգամ ինձ պատմել էր այդ պատմությունը, ու ամեն անգամ նոր ձևով։ Մեկ նրա հետ իր զարմիկի «բյուիքում» էր գրկախառնվել, մեկ՝ ինչ֊որ շենքի մուտքում։ Կարևորն այն է, որ բոլորը փչոց էր։ Գրազ կգամ, որ նա կյանքում կին չի տեսել, անմիջապես երևում է։ Երևի ոչ մի անգամ մատ էլ չի կպցրել որևէ մեկին, ազնիվ խոսք։ Մի խոսքով, ստիպված եղա բացեիբաց նրան ասել, որ պետք է շարադրություն գրեմ Ստրեյդլեյթերի համար, որ նա քաշվի գնա, թե չէ չեմ կարողանում կենտրոնանալ։ Վերջ ի վերջո գնաց, բայց դե ոչ անմիջապես, շա՜տ տաղտկալին է։ Իսկ ես հագա պիժամաս, խալաթս, դրեցի իմ որսորդական կարմիր գլխարկը և նստեցի շարադրություն գրելու։
Ցավն այն էր, որ չգիտեի, թե որ սենյակի կամ շենքի մասին պիտի գեղարվեստորեն գրեմ, ինչպես հանձնարարել էին Ստրեյդլեյթերին։ Ընդհանրապես շատ էլ չեմ սիրում սենյակներ ու տներ նկարագրել։ Ես էլ վերցրի ու սկսեցի նկարագրել իմ պստլիկ եղբոր՝ Ալլիի, բեյսբոլային ձեռնոցը։ Դա շատ գեղեցիկ ձեռնոց էր, ազնիվ խոսք։ Եղբայրս, Ալլին, ձախ ձեռքի բեյսբոլային ձեռնոց ուներ։ Նա ձախլիկ էր։ Ու գեղեցիկ էր այդ ձեռնոցը, որովհետև եղբայրս նրա վրա բանաստեղծություններ էր գրել և՛ թաթին, և՛ գրպանի վրա, ամեն տեղ։ Կանաչ թանաքով։ Նա գրել էր, որպեսզի ազատ ժամանակ, երբ գնդակը իր կողմը չի գալիս, և դաշտում անելիք չունի, կարողանա կարդալ։ Ալլին մեռավ։ Հիվանդացավ սպիտակարյունությամբ և մեռավ 1946 թվականի հուլիսի 18֊ին, երբ մենք ապրում էինք Մեյնում։ Նա ձեզ դուր կգար։ Ինձնից երկու տարով փոքր էր, բայց հիսուն անգամ ավելի խելացի էր։ Չափից դուրս խելոք էր։ Նրա ուսուցիչները միշտ գրում էին մայրիկիս, թե որքան հաճելի է, որ իրենց դասարանում այդպիսի տղա է սովորում, ինչպիսին Ալլին է։ Ու չէին ստում, իսկապես այդպես էին մտածում։ Բայց նա մեր ընտանիքի ոչ միայն ամենախելոքն էր, այլև ամենալավ մարդը բազմաթիվ առումներով։ Երբեք չէր բարկանում, չէր բորբոքվում։ Ասում են շեկերը պատրաստ են կատաղելու համար, իսկ նա՝ բոլորովին, թեև շատ շիկահեր էր։ Ես սկսել եմ գոլֆ խաղալ տասը տարեկանից։ Հիշում եմ, մի անգամ գարնանը, երբ արդեն տասներկու տարեկան էի, գլորում էի գնդակը ու անընդհատ այնպիսի զգացում ունեի, թե բավական է շուռ գամ, կտեսնեմ Ալիին։ Ու ես շրջվեցի և տեսնեմ, այդպես էլ կա․ ցանկապատի ետևում, այն ցանկապատի, որ շրջափակում էր ամբողջ դաշտը, նա ինձնից մի հարյուր հիսուն յարդի վրա, իր հեծանվին նստած, հետևում էր, թե ինչպես եմ խփում գնդակին։ Այ թե որքան շիկահեր էր նա։ Ու շա՜տ լավն էր, աստված վկա։ Երբեմն սեղանի մոտ նստած մի որևէ բան էր հնարում ու այնպես է հռհռում, որ քիչ էր մնում աթոռից գլորվեր։ Այդ ժամանակ ես տասներեք տարեկան էի, և ծնողներս ուզում էին ինձ տանել հոգեբույժի մոտ, որովհետև ջարդել էի գարաժի բոլոր պատուհանները։ Ես նրանց հասկանում եմ, ազնիվ խոսք։ Այն գիշեր, երբ Ալլին մահացավ, ես գիշերեցի գարաժում և ջարդեցի բոլոր պատուհանները, ուղղակի բռնցքով, չգիտեմ ինչու։ Նույնիսկ մեքենայի ապակիներն էի ոզում ջարդել (այդ ամռանը մենք «պիկապ» ունեինք), բայց ձեռքս արդեն վնասվել էր, էլ չկարողացա։ Հասկանում եմ, որ դա հիմարություն էր, բայց ինքս էլ չէի գիտակցում ինչ եմ անում, հետո, բացի այդ էլ, դուք չգիտեք, թե Ալլին ինչպիսին էր։ Մինչև հիմա էլ ձեռքս ցավում է, հատկապես անձրևային եղանակներին, բռունցքս չեմ կարողանում լավ սեղմել, բայց դա դատարկ բան է։ Միևնույն է, ես մտադիր չեմ վիրաբույժ կամ ջութակահար դառնալ, ոչ էլ նման որևէ բան։
Ահա այդ մասին էլ գրեցի Ստրեյդլեյթերի շարադրության մեջ։ Մեր Ալլիի բեյսբոլյան ձեռնոցի մասին։ Այն պատահմամբ իմ ճամպրուկում էր, վերցրի և արտագրեցի նրա վրայի բոլոր բանաստեղծությունները։ Միայն Ալիի ազգանունը փոխեցի, որպեսզի ոչ ոք չհասկանա, որ նա իմ եղբայրն է, ոչ էլ Ստրյդլեյթերի։ Այնքան էլ չէի ուզում փոխեմ ազգանունը, բայց ուրիշ բան չկարողացա հորինել։ Համ էլ ինձ համար հաճելի էր այդ մասին գրել։ Մի ամբողջ ժամ նստեցի, որովհետև գրում էի Ստրեյդլեյթերի անպետք գրամեքենայով, որն անվերջ տառեր էր կուլ տալիս։ Իսկ իմը ես տվել էի միաջանցքի մյուս ծայրին ապրող մի տիպի։
Վերջացրի տասն անց կեսի մոտերքը։ Բայց առանձնապես շատ չէի հոգնել ու սկսեցի պատուհանից դուրս նայել։ Ձյունը դադարել էր, հեռվից մոտորի ձայն էր լսվում, որը ոչ մի կերպ գործի չէր ընկնում։ Լսվում էր նաև Էկլիի խռմփոցը։ Նա հայմորիտ ուներ և չէր կարողանում քնած ժամանակ կանոնավոր շնչել։ Ամեն ինչ ուներ՝ և՛ հայմորիտ, և՛ պզուկներ, և՛ հոտած ատամներ, բերանից հոտ էր գալիս, եղունգները կոտրտվում էին։ Նույնիսկ խղճում եմ այդ հիմարին։
==6==
Պատահում է, ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե ինչն ինչպես եղավ։ Անընդհատ մտածում եմ, թե Ստրեյդլեյթերը ե՞րբ վերադարձավ Ջեյնի հետ ունեցած տեսակցությունից։ Հասկանո՞ւմ եք, ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե ես ինչ էի անում, երբ լսեցի միջանցքից եկող նրա քայլերը՝ բարձր, լկտի։ Հավանաբար, դեռ դուրս էի նայում պատուհանից, բայց ոչ մի կերպ ճիշտ չեմ կարողանում հիշել, թեկուզ սպանես։ Շատ էի հուզվում, դրա համար էլ չեմ կարողանում հիշել, թե ինչպես եղավ։ Իսկ եթե ես հուզվում եմ, դա ձևական չէ։ Նույնիսկ զուգարան եմ ուզում գնալ, երբ հուզվում եմ։ Բայց չեմ գնում։ Հուզվում եմ, դրա համար էլ չեմ գնում։ Ոչ մի կերպ չեմ կարողանում զսպել հուզմունքս ու ոչ մի տեղ էլ չեմ գնում։ Եթե Ստրեյդլեյթերին ճանաչեիք, դուք էլ կհուզվեիք։ Ես այդ սրիկայի հետ երկու անգամ տեսակցության եմ գնացել։ Ես գիտեմ, թե ինչ եմ ասում։ Նա բոլորովին խիղճ չունի, աստված վկա չէ՛։
Իսկ մեր միջանցքում ամբողջապես լինոլեում է քաշած, այնպես որ դեռ հեռվից լսվում էր, թե նա, այդ սրիկան, ինչպես էր մոտենում մեր սենյակին։ Նույնիսկ չեմ հիշում, թե որտեղ էի նստած, երբ նա ներս մտավ։ Իմ բազկաթոռի՞ն, պատուհանի մո՞տ, թե նրա՞ բազկաթոռին։ Ազնիվ խոսք, չեմ կարողանում հիշել։
Նա ներս մտավ ու սկսեց բողոքել ցրտից։ Հետո հարցնում է․
― Այս ո՞ր գրողի ծոցն են կորել բոլորը։ Շունչ կենդանի չկա, ասես թե դիականոց լինի։
Ես տրամադիր չէի նրան պատասխանելու։ Եթե ապուշի մեկն է, չի հասկանում, որ շաբաթ երեկոյան են բոլորը գնացել, կամ քնած են, կամ գնացել են հարազատների մոտ, հանուն ինչի՞ պիտի կաշվիցս դուրս գամ, նրան բացատրեմ։ Նա սկսեց հանվել։ Իսկ Ջեյնի մասին՝ ոչ մի խոսք։ Ոչ մի բառ։ Ես էլ չեմ խոսում։ Միայն նայում եմ նրան։ Ճիշտ է, նա շնորհակալություն հայտնեց բաճկոնիս համար, հանեց ու կախեց պահարանում։
Իսկ երբ փողկապն էր արձակում, հարցրեց՝ գրե՞լ եմ իր այդ հիմար շարադրությունը։ Ասացի այն է, իր սեփական մահճակալի վրա գցած է։ Նա մոտեցավ ու սկսեց կարդալ՝ արձակելով բլուզի կոճակները։ Կանգնել կարդում էր ու շոյում իր մերկ կուրծքը, դեմքին ապուշային մի արտահայտություն։ Նա միշտ շոյում է իր կուրծքը կամ էլ փորը։ Ուղղակի պաշտում է իրեն։
Հանկարծ ասում է․
― Այս ի՞նչ ապուշություն է, Հոլդեն։ Ինչ֊որ ախմախ ձեռնոցի մասին ես գրել։
― Իսկ ի՞նչ կա որ, ― հարցնում ես սառցե ձայնով։
― Ինչպես թե՝ ինչ կա որ։ Չասացի՞, պետք է որևէ սենյակ կամ տուն նկարագրել։
― Դու ասացիր մի որևէ նկարագրություն։ Միևնույն չէ՞ ինչ ես նկարագրում՝ ձեռնո՞ց, թե մեկ ուրիշ բան։
― Է՛հ, գրողը տանի, ― նա լրջորեն զայրացավ, ուղղակի կատաղեց։ ― Ամեն ինչ թարս ես անում, շուռ տված։ ― Այստեղ նա նայեց ինձ։ ― Զարմանալի չէ, որ քեզ վռնդել են, ― ասում է։ ― Երբեք ոչ մի բան մարդավարի չես կարող։ Երբե՛ք։ Հասկացա՞ր։
― Լա՛վ, լա՛վ, տուր թերթը, ― ասում եմ։ Մոտեցա, ձեռքից խլեցի այդ երիցս անիծյալ թերթը ու պատռեցի։
― Գրողը տանի՛, ― ասում է, ― ինչո՞ւ պատռեցիր։
Ես նույնիսկ չպատասխանեցի նրան։ Կտորները զամբյուղը նետեցի, ու վերջ։ Հետո պառկեցի մահճակալին, ու երկուսս էլ երկար ժամանակ լուռ էինք։ Նա հանվեց, մնաց միայն տրուսիկով, իսկ ես, մահճակալին պառկած, կպցրի սիգարետս։ Ննջասենյակում չի թույլատրվում ծխել, բայց ուշ գիշերին, երբ ոմանք քնած են, իսկ ոմանք գնացել են, ոչ ոք չի նկատի, որ ծխի հոտ է գալիս։ Եվ հետո ես ցանկանում էի զայրացնել Ստրեդլեյթերին։ Նա համբերությունից դուրս էր գալիս, երբ խախտում էին կարգը։ Նա ինքը երբեք չէր ծխում ննջասենյակում։ Իսկ ես ծխում էի։
Եվ այդպես էլ նա ոչ մի խոսք չասաց Ջեյնի մասին, ոչինչ։ Այդ ժամանակ ինքս ասացի․
― Շատ ուշ եկար, գրողը տանի, եթե նրան ինն անց կես էին բաց թողել։ Իսկ նա ինչպես, չուշացա՞վ քո պատճառով։ Ժամանակի՞ն վերադարձավ։
Նա նստել էր իր մահճակալի եզրին ու ոտքերի եղունգներն էր կտրատում, երբ խոսում էի։
― Մի քիչ ուշացավ, ― ասում է։ ― Ինքն է մեղավոր, ինչո՞ւ էր ինն անց կեսին խնդրում, այն էլ շաբաթ օրը։
― Օ՜, տեր աստված, ինչպե՜ս էի ատում նրան այդ պահին։
― Նյու֊ Յորք գնացի՞ք, ― հարցնում եմ։
― Խելքդ թռցրե՞լ ես։ Ոնց կարող էինք Նյու֊Յորք գնալ, եթե ինն անց կեսին էր թույլտվություն խնդրել։
― Ափսո՜ս, ափսո՜ս, ― ասացի ես։
Նա նայեց ինձ։
― Լսիր, եթե ծխել ես ուզում, գնա զուգարան։ Դու գլուխդ առնելու ես կորչելու ես այստեղից, իսկ ես պիտի մնամ դպրոցում մինչև ավարտելս։
Ես նույնիսկ ուշադրություն չդարձրի նրա վրա, կարծես նա իսկի գոյություն էլ չուներ։ Գժի պես ծխում էի ու վերջ։ Միայն կողքի շուռ եկա ու նայում եմ, թե ինչպես է կտրում իր գարշելի եղունգները։ Այ թե դպրոց է, հա՜, մեկը իր երեսի պզուկներն է քո ներկայությամբ քչփորում, մյուսը ոտքի եղունգներն է կտրատում։
― Դու բարևս հաղորդեցի՞ր նրան։
― Ըհը՛։
― Շ՜ատ էլ հաղորդած կլինի այդ տականքը։
― Իսկ նա ի՞նչ ասաց։ Հարցրի՞ր, առաջվա պես բոլոր դամաները վերջին շարքո՞ւմ է հավաքում։
― Չէ։ Ինչ է, քո կարծիքով, ես նրա հետ ամբողջ երեկոյան շաշկի՞ էի խաղում։
Ոչինչ չպատասխանեցի։ Տեր աստվա՜ծ, ինչպես էի ատում նրան։
― Բա որ Նյու֊Յորք չգնացիք, որտե՞ղ էիք ման գալիս, ― հարցրի ես քիչ հետո։ Ողղակի ջանք էի թափում, որ ձայնս չդողար։ Շա՜տ էի ջղայնանում։ Հավանաբար, սիրտս վատ բան էր նախազգում։
Վերջապես նա ավարտեց եղունգները կտրատելը։ Վեր կացավ տեղից հենց այնպես, միայն տրուսիկով ու հանկարծ սկսեց հիմարություններ անել։ Մոտեցավ ինձ, կռացավ ու հրեց ուսս․ խաղ էր անում սողունը։
― Թո՛ղ ասում եմ, ― բա ո՞ւր էիր կորել, որ Նյու֊Յորք չէիք գնացել։
― Ոչ մի տեղ։ Նստել էինք մեքենայի մեջ ու վերջ։ ― Նա էլի սկսեց հրշմտել ուսս, այդ ապուշը։
― Թո՛ղ, ― ասում եմ։ ― Ո՞ւմ մեքենայում։
― Էդ Բենկիի։
Էդ Բենկին մեր բաստկետբոլի մարզիչն էր։ Ստրեյդլեյթերը նրա սիրելիներից էր, մեր դպրոցական թիմի կենտրոնական հարձակվող էր խաղում, և Էդ Բենկին մեքենան միշտ տրամադրում էր նրան։ Ընդհանրապես աշակերտներին չի թույլատրվում ուսուցիչներից մեքենա վերցնել, բայց այդ անասուն սպորտսմենները միշտ խոսքները մեկ են անում։ Բոլոր դպրոցներում էլ, որտեղ որ սովորել եմ, սպարտսմենները միշտ էլ խոսքները մեկ են անում։
Ու Ստրեյդլեյթերը անվերջ ձևացնում է, թե բռնցքահարում է ստվերին, անընդհատ խփում է, հրում ուսս։ Ատամի խոզանակը ձեռքին էր, նա խոթեց բերանը։
― Ի՞նչ էիք անում իրար հետ։ Լկստվո՞ւմ էիք Էդ Բենկիի մեքենայի մեջ, ― չեք պատկերացնի, թե ձայնս ինչպես էր դողում։
― Ա՛յ֊ ա՛յ֊ ա՛յ, ինչպիսի՜ գարշելի խոսքեր։ Այ, հիմա դրա համար դունչդ մի լավ կտրորեմ օճառով։
― Ի՞նչ էիք անում։
― Դա պրոֆեսիոնալ գաղտնիք է, եղբայրս։
Այնուհետև ինչ֊որ լավ չեմ հիշում։ Գիտեմ միայն, որ վեր թռա անկողնուցս, իբրև թե ինչ֊որ տեղ եմ ուզում գնալ, ու հանկարծ ձեռքս վրա բերեցի ուղղակի ատամի խոզանակին, որ պատռեր նրա ստոր կոկորդը։ Միայն թե չկպա։ Վրիպեցի։ Ուղղակի գլխին հասցրի։ Հավանաբար, ցավ պատճառեցի, բայց ոչ այնպես, ինչպես կցանկանայի։ Ես ավելի ուժգին կարող էի հասցնել, բայց աջ ձեռքով խփեցի, իսկ աջս լավ չի սեղմվում։ Հիշո՞ւմ եք, պատմեցի, թե ինչպես էի ջարդել այդ ձեռքս։
Բայց մեկ էլ հայտնվեցի հատակին, իսկ նա խեցգետնի նման կարմրատակած՝ նստել էր վրաս։ Հասկանո՞ւմ եք, չոքել էր կրծքիս, իսկ նա մի տոննա քաշ ուներ։ Սեղմել էր ձեռքերս, որպեսզի չխփեմ։ Կուզեի սպանել ես այդ ստորին։
― Ի՞նչ է, խենթացե՞լ ես, ― կրկնում էր նա, իսկ այդ ապուշի մռութը գնալով ավելի ու ավելի էր կարմրում։
― Բա՛ց թող տխմա՛ր, ― ասում եմ։ Քիչ էր մնում գոռայի, ազնիվ խոսք։ ― Կորի՛ գնա, շուն շան որդի, լսո՞ւմ ես։
Իսկ նա բաց չի թողնում։ Պինդ բռնել է ձեռքերս։ Ես նրան է՛լ շան լակոտ եմ անվանում, է՛լ ինչ խոսքեր ասես որ չեմ ասում, տասը ժամ շարունակ։ Չեմ հիշում նույնիսկ, թե ինչ եմ ասել։ Ասացի, որ նա երևակայում է, թե ում հետ ուզենա՝ կլինի։ Ասացի, որ նրա համար ոչ մի նշանակություն չունի, թե աղջիկը շաշկին ինչպես է դասավորում, և ընդհանրապես նրա համար ոչ մի բան ոչ մի նշանակություն չունի, որովհետև նա տխմար ու ապուշ է, կրետին։ Նա չէր դիմանում, որ իրեն կրետին էին անվանում։ Բոլոր կրետիններն էլ չեն դիմանում, որ իրենց կրետին են ասում։
― Հապա մի ձայնդ կտրիր, Հոլդեն, ― ասում է նա, ու դեմքը հիմար արտահայտություն է ստանում, կարմրում է։ ― Լսո՞ւմ ես, ինչ եմ ասում, ձայնդ կտրի՜ր։
― Դու նույնիսկ չգիտես, թե ինչ է նրա անունը՝ Ջին թե Ջեյն, դժբախտ կրետին։
― Քեզ ասում են ձայնդ կտրիր, Հոլդեն, գրողը տանի։ ― Այնուամենայնիվ, ես նրան համբերությունից հանեցի։ ― Ձայնդ կտրիր, թե չէ այնպես կհագցնեմ որ․․․
― Հոտած ծնկներդ դենը քաշիր, դմբո՛, ապո՛ւշ։
― Բաց կթողնեմ, միայն ասա, ձայնդ կկտրե՞ս։
Ես չպատասխանեցի։
― Նա նորից ասաց․
― Որ բաց թողնեմ՝ ձայնդ կկտրե՞ս։
― Հա՛։
― Նա իջավ վրայիցս, ես էլ ելա։ Նրա գարշելի ծնկներից ամբողջ կուրծքս ցավում էր։
― Միևնույն է, դու կրետին ես, տհաս ապուշ, շան որդի, ― ասում եմ։
― Այստեղ նա արդեն կատաղեց։ Բռունցը բռնել է քթիս տակ այդ կրետինն ու սպառնում է։
― Հոլդեն, վերջին անգամ եմ զգուշացնում, եթե բերանդ չփակես, էնպե՜ս կհագցնեմ․․․
― Իսկ ինչո՞ւ լռեմ որ, ― հարցնում եմ ու արդեն ինքս եմ գոռում նրա վրա։ ― Ցավն էլ հենց դա է, որ դուք, կրետիններդ, մարդավարի խոսել էլ չեք կարող։ Հարյուր մղոնի վրա էլ կրետինը երևում է․ նույնիսկ խոսել չի կարող։
Այստեղ նա թափով շուռ եկավ, ու ես կրկին հայտնվեցի հատակին։ Չեմ հիշում, գիտակցությունս կորցրի թե չէ, կարծում եմ որ չէ։ Մարդուն շատ դժվար է նոկաուտ անել․ դա միայն կինոյում են հեշտությամբ անում։ Բայց քթիցս սոսկալի արյուն էր հոսում։ Երբ աչքերս բացեցի, այդ հիմար Ստրեյդլեյթերը կանգնած էր ուղիղ գլխավերևումս։ Նրա ձեռքին լվացարանային սպասք կար։
― Ես քեզ զգուշացրի, չէ՞, ― ասում է։ Երևում է, շատ էր վախեցել, կարծել էր, թե գլուխս ջարդվել է հատակին շրմփալիս։ Ափսոս, որ չէր ջարդվել։
― Ի՛նքդ ես մեղավոր, գրողը տանի, ― ասաում է։ Ո՜ւհ, այ թե վախեցել էր, հա՜։
Իսկ ես տեղիցս չեմ շարժվում։ Հատակին ընկած հայհոյում եմ նրան՝ շա՛ն որդի, տխմա՛ր։ Այնպես կատաղած էի նրա վրա, որ քիչ էր մնում լաց լինեի։
― Լսիր, վեր կաց, գնա լվացվիր, ― ասում է նա։ ― Լսո՞ւմ ես։ ― Իսկ ես ասում եմ, թե թող ինքը գնա լվանա իր գարշելի մռութը, իհարկե, դա երեխայություն էր, հիմարություն էր այդպես ասել, բայց դե շատ էի կատաղած նրա վրա, թող, ասում եմ, ինքդ գնա ու ճանապարհին գրկի միսիս Շմիտին։ Իսկ միսիս Շմիտը մեր դռնապանի կինն էր, յոթանասուն տարեկան մի պառավ։
Ու այդպես էլ մնացի հատակին նստած այնքան ժամանակ, մինչև որ ապուշ Ստրեյդլեյթերը գնաց։ Լսեցի, թե ինչպես էր միջանցքով գնում դեպի լվացարանը։ Այդ ժամանակ վեր կացա։ Ու ոչ մի կերպ չէի կարողանում գտնել երիցս անիծյալ գլխարկս։ Հետո, այնուամենայնիվ, գտա։ Ընկել էր մահճակալի տակ։ Դրի գլխիս, հովարը դեպի ետ (ինձ այդպես ավելի էր դուր գալիս) ու հայելու մեջ նայեցի հիմար կերպարանքիս։ Կայնքումս երբեք այդքան արյուն չեմ տեսել։ Ամբողջ բերանս, ծնոտս կորել էր արյան մեջ, նույնիսկ պիժամաս և խալաթս։ Ե՛վ սարսափելի էր, և՛ հետաքրքրիր։ Մի տեսակ խանձվածքի տեսք ունեի այդ արյան պատճառով։ Ամբողջ կյանքիս մեջ ընդամենը երկու անգամ էի կռվել, երկու անգամն էլ պարտվել էի։ Ես վատ կռվող եմ։ Եվ ընդհանրապես պացիֆիստ եմ, եթե ճիշտն ասենք։
Ինձ թվաց, որ Էկլին քնած չէ և բոլորը լսում է։ Ցնցուղարանով գնացի նրա սենյակը, տեսնեմ ինչ է անում այնտեղ։ Ընդհանրապես ես հազվադեպ էի այցելում նրան։ Նրա սենյակից ինչ֊որ գարշելի հոտ էր փչում, շատ փնթի էր նա։