====I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ====
Նույնը մնացող փոփոխուն կապիտալի դեպքում, հետևաբար բանվորների միևնույն քանակն անվանապես միևնույն վարձով կիրառելու դեպքում — ընդորում նշանակություն չունի, թե արդյոք արտակետյա ժամանակի համար վարձ վճարվում է, թե ոչ — բացարձակ հավելյալ արժեքի աճումը կամ թե հավելյալ աշխատանքի, ուրեմն և բանվորական օրվա երկարացումը հարաբերաբար գցում է հաստատուն կապիտալի արժեքն ամբողջ կապիտալի ու փոփոխուն կապիտալի համեմատությամբ և այսպիսով բարձրացնում է շահույթի նորման՝ դարձյալ մի կողմ թողած հավելյալ արժեքի աճումն ու նրա մասսան և հավելյալ արժեքի հնարավորապես բարձրացող նորման։ Հաստատուն կապիտալի հիմնական մասի ծավալը — գործարանային շենքերը, մեքենաները և այլն — նույնն է մնում, ուզում է՝ կապիտալի այդ մասով 16 թե 12 ժամ աշխատեն։ Բանվորական օրվա երկարացումը հաստատուն կապիտալի այս ամենաթանգ նստող մասի վրա անելիք ոչ մի նոր ծախսում չի պահանջում։ Սրան ավելանում է այն, որ հիշյալ հանգամանքի շնորհիվ հիմնական կապիտալի արժեքը պտույտի պարբերաշրջանների մի ավելի կարճ շարքում է վերարտադրվում, հետևաբար կրճատվում է այն ժամանակը, որի համար պետք է կանխավճարվի հիմնական կապիտալը մի որոշ շահույթ կորզելու համար։ Այսպիսով ուրեմն բանվորական օրվա երկարացումը բարձրացնում է շահույթը նույնիսկ այն ժամանակ, երբ արտակետյա ժամանակը վճարահատուցվում է, և մինչև մի որոշ աստիճան նույնիսկ այն ժամանակ, երբ նա ավելի բարձր է վճարահատուցվում, քան նորմալ բանվորական ժամերը։ Ուստի արդյունաբերության ժամանակակից սիստեմում հիմնական կապիտալի մեծացման մշտապես աճող անհրաժեշտությունը բանվորական օրվա երկարացման գլխավոր խթանն է շահութախանձ կապիտալիստների համար<ref>«Որովհետև բոլոր գործարաններում հիմնական կապիտալի մի շատ բարձր տոկոսն է դրված լինում շենքերի ու մեքենաների մեջ, ուստի շահույթն այնքան. ավելի մեծ կլինի, որքան ավելի մեծ է այն ժամերի թիվը, որոնց ընթացքում կարող են բանեցվել այս մեքենաները»։ (Rep. of Insp. of Fact. 31-st October 1858, p. 8.)։</ref>։
Հաստատուն բանվորական օրվա դեպքում այլ պ՛յմաններ պայմաններ են առաջանում։ Այստեղ կամ հարկավոր է բանվորների թիվն ու սրա հետ միասին նաև մի որոշ հարաբերությամբ հիմնական կապիտալի մասսան, շենքերը, մեքենաները և այլն ավելացնել՝ աշխատանքի մի ավելի մեծ մասսա շահագործելու համար (ընդսմին, մենք այստեղ մի կողմ ենք թողնում աշխատավարձի հանուրդները կամ թե աշխատավարձի իջեցումը նրա նորմալ մակարդակից ցած)։ Կամ թե չէ, եթե աշխատանքի լարունությունը բարձրանում է, աշխատանքի արտադրողականությունը հարաբերորեն աճում, ընդհանրապևս ավելի շատ հարաբերական հավելյալ արժեք է արտադրվում, ապա արդյունաբերության այն ճյուղերում, որոնք հումք են սպառում, աճում է հաստատուն կապիտալի շրջանառու մասի քանակը, որովհետև տվյալ ժամանակամիջոցում ավելի շատ հումք և այլն է վերամշակվում. և երկրորդ՝ աճում է բանվորների միևնույն թվի կողմից շարժման մեջ դրվող մեքենաների քանակը, ուրեմն նաև հաստատուն կապիտալի համապատասխան մասը։ Այսպիսով ուրեմն, հավելյալ արժեքի աճմանն ուղեկից է հաստատուն կապիտալի մի աճում, աշխատանքի աճող շահագործմանը՝ այն արտադրապայմանների մի թանգացում, որոնց միջոցով աշխատանքը շահագործվում է, այսինքն ուղեկից է կապիտալի մի ավելի մեծ ծախսում։ Հետևաբար շահույթի նորման մի կողմում այս եղանակով նվազում է այն պահին, երբ նա մյուս կողմում բարձրանում է։
Ընթացիկ ծախսերի մի ամբողջ շարք մոտավորապես կամ թե լիովին նույնն է մնում ինչպես ավելի երկար, այնպես էլ ավելի կարճ բանվորական օրվա համար։ Հսկողության ծախքերն ավելի փոքր են 500 բանվորի համար 18-ժամյա բանվորական օրվա պարագայում, քան 750 բանվորի համար 12-ժամյա բանվորական օրվա պարագայում։ «Մի գործարանի ձեռնարկածախքերը տասժամյա աշխատանքի դեպքում գրեթե նույնքան բարձր են լինում, որքան տասներկուժամյա աշխատանքի դեպքում»։ (Rep. Fact., Oct. 1848, p. 37)։ Մի գործարանի պետական ու կոմունալ հարկերը, ապահովագրությունը կրակից, տարբեր մշտական ծառայողների ռոճիկը, մեքենաների արժեքի անկումն ու մյուս զանազան ծախսերն անփոփոխ են մնում թե՛ երկար ու թե՛ կարճ բանվորական օրվա պարագայում. այն հարաբերությամբ, որով արտադրությունը նվազում է, հիշյալ ծախսերը բարձրանում են ի հաշիվ շահույթի (Rep. Fact., Oct. 1862, p. 19)։
Այն ժամանակաշրջանը, որի ընթացքում վերարտադրվում է մեքենաների ու հիմնական կապիտալի մյուս բաղադրամասերի արժեքը, գործնականորեն որոշվում է ոչ թե նրանց սոսկական հարատևման ժամանակով, այլ աշխատանքի պրոցեսի այն ամբողջ տևողությամբ, որի ընթացքում նրանք գործում և օգտագործվում են։ Եթե բանվորները պետք է 18 ժամ տանջվեն 12-ի փոխարեն, ապա այս անում է շաբաթվա, մեջ եբեք երեք օր ավելի, մի շաբաթը դառնում է մեկ ու կես շաբաթ, երկու տարին՝ երեք տարի։ Եթե արտակետյա ժամանակը չի վճարահատուցվում, ապա ուրեմն բանվորները, բացի հավելյալ աշխատանքի նորմալ ժամանակից, ձրի են տալիս երկու շաբաթվա վրա երրորդ շաբաթը, երկու տարվա վրա՝ երրորդ տարին։ Եվ այսպիսով մեքենաների արժեքի վերարտադրությունը 50%-ով արագացվում է և հասցվում այլ պայմաններում անհրաժեշտ ժամանակի <math>^2/_3</math>-ին։
Անօգուտ բարդացումներից խուսափելու համար մենք այս հետազոտության ընթացքում, ինչպես և հումքի գնի տատանումների հետազոտության ընթացքում (VI գլխում), ելնում ենք այն ենթադրությունից, թե հավելյալ արժեքի մասսան ու նորման տրված են։
Ինչպես արդեն կոոպերացիայի, աշխատանքի բաժանման ու մեքենաների վերլուծման ժամանակ ցույց ենք տվել, արտադրապայմանների այն տնտեսումը, որը բնորոշում է խոշոր մասշտաբով վարվող արտադրությունը, էապես առաջ է գալիս նրանից, որ այս պայմանները գործում են իբրև հասարակական, հասարակականորեն համակցված աշխատանքի պայմաններ, հետևաբար որպես աշխատանքի հասարակական պայմաններ։ Նրանք արտադրության պրոցեսում սպառվում են միասին, հավաքական բանվորի կողմից, փոխանակ անջատ-անջատ ձևով գործադրվելու չշաղկապված բանվորների կամ թե, շատ-շա՜տ, փոքր մասշտաբով անմիջականորեն համագործող բանվորների մի մասսայի կողմից։ Մեկ կամ թե երկու կենտրոնական շարժիչ ունեցող մի խոշոր գործարանում այս շարժիչների ծախքերն աճում են ոչ այն հարաբերությամբ, որով աճում է նրանց ձիաուժերի քանակը, Հետևաբար հետևաբար և նրանց ներգործության հնարավոր ոլորտը. հաղորդիչ մեքենաների ծախքերն աճում են ոչ այն հարաբերությամբ, որով աճում է այն աշխատամեքենաների քանակը, որոնց նրանք շարժում են հաղորդում. հենց ինքը աշխատամեքենայի հենքը չի թանկանում աշխատանքի այն գործիքների բարձրացող թվի հարաբերությամբ, որոնցով աշխատամեքենան գործում է, ինչպես իր օրգաններով և այլն։ Այնուհետև, արտադրամիջոցների համակենտրոնացումը տնտեսում է ամեն տեսակի շենքերը, ոչ միայն բուն գործարաններինը, այլև պահեստարաններինը և այլն։ Նույնն է լինում տաքացման, լուսավորման և այլ ծախսերի վերաբերմամբ էլ։ Ուրիշ արտադրապայմաններ միևնույնն են մնում, ուզում է՝ քիչ կամ թե շատ մարդկանց կողմից օգտագործվելիս լինեն։
Բայց այս ամբողջ տնտեսումը, որ առաջ է գալիս արտադրամիջոցների համակենտրոնացումից ու նրանց մասսայական, գործադրումից, իբրև էական պայման ենթադրում է բանվորների համախմբումն ու համագործումը, ուրեմն աշխատանքի հասարակական համակցություն։ Հետևաբար նա առաջ է գալիս աշխատանքի հասարակական բնույթից ճիշտ այնպես, ինչպես, հավելյալ արժեքն առաջ է գալիս ամեն մի առանձին բանվորի հավելյալ աշխատանքից, եթե բանվորին վերցնենք մեկուսացած վիճակում։ Նույնիսկ մշտական բարելավումները, որոնք հնարավոր ու անհրաժեշտ են այստեղ, ծագում են բացառապես ու միմիայն այն հասարակական փորձից ու դիտողություններից, որ խոշոր մասշտաբով համակցված հավաքական բանվորի արտադրությունն ընձեռում և թույլ է տալիս։
Նույնը վերաբերում է արտադրապայմանների տնտեսման երկրորդ մեծ ճյուղին։ Մեր խոսքը վերաբերում է այն դեպքին, երբ արտադրության կղկղանքները, նրանց այսպես կոչված թափթփուկները արդյունաբերության միևնույն կամ թե մի ուրիշ ճյուղի՝ նոր արտադրատարրերի են փոխարկվում, պրոցեսներ, որով այսպես կոչված այս կղկղանքները ետ են նետվում արտադրության, ուրեմն և սպառման արտադրողական ու անհատական սպառման շրջապտույտի մեջ։ Խնայությունների նաև այս ճյուղը, որը մենք հետագայում մի քիչ ավելի մոտից ենք շոշափելու, խոշոր մասշտաբով վարվող հասարակական աշխատանքի հետևանք է։ Հիշյալ աշխատանքի բնույթից բխող այս թափթփուկների մեծազանգվածությունն է, որ նրանց նորից դարձնում է առևտրի առարկաներ ու սրանով էլ՝ արտադրության նոր տարրեր։ Նրանք միմիայն իբրև կոլեկտիվ արտադրության թափթփուկներ և ուրեմն իբրև խոշոր մասշտաբով վարվող արտադրության թափթփուկներ՝ ստանում են այս կարևորությունն արտադրության պրոցեսի համար, մնում են փոխանակային արժեքի կրիչներ։ Այս թափթփուկը — մի կողմ թողած այն ծառայությունը, որ նրանք մատուցում են իբրև նոր արտադրատարրեր — այն չափով, որով նրանք կրկին վաճառելի են դառնում, էժանացնում են հումքի ծախքերը, որոնց մեջ միշտ հաշվվում է նրա նորմալ թափթփուկը, այսինքն այն քանակը, որ միջին հաշվով պետք է կորչի հումքի վերամշակման ժամանակ։ Հաստատուն կապիտալի այս մասի ծախքերի նվազեցումը pro tanto (համապատասխանորեն) բարձրացնում է շահույթի նորման՝ փոփոխուն կապիտալի տվյալ մեծության ու հավելյալ արժեքի տվյալ նորմայի պայմաններում։
Եթե հավելյալ արժեքը տրված է, շահույթի նորման կարող է բարձրացվել ապրանքի արտադրության համար պահանջված հաստատուն կապիտալի արժեքի նվազեցմամբ միայն։ Որչափով որ հաստատուն կապիտալը մտնում է ապրանքների արտադրության մեջ, ուշադրության առնվում է ոչ թե նրա փոխանակային արժեքը, այլ միմիայն, սպառողական արժեքը։ Թե մի մանարանում վուշն ինչքան աշխատանք կարող է ներծծել, այս կախված է ոչ թե վուշի արժեքից, այլ նրա. քանակից, եթե տրված է աշխատանքի արտադրողականության աստիճանը, այսինքն տեխնիկական զարգացման փուլը։ Նմանապես այն օգնությունը, որ մի մեքենա հասցնում է, օրինակ, երեք բանվորի, կախված է ոչ թե նրա արժեքից, այլ նրա, որպես մեքենայի, սպառողական արժեքից։ Տեխնիկական զարգացման մի որոշ աստիճանի վրա կարող է մի վատ մեքենա թանգ լինել, մի ուրիշ աստիճանի վրա՝ մի լավ մեքենա կարող է էժան լինել։
Այն բարձրացած շահույթը, որը մի կապիտալիստ ստանում է նրա շնորհիվ, որ, օրինակ, բամբակն ու մանամեքենաներն ավելի էժան են դարձել, աշխատանքի բարձրացած արտադրողականության հետևանք է անշուշտ, սակայն ոչ թե մանարանում, այլ մեքենաշինության ու բամբակագործության մեջ։ Աշխատանքի մի տվյալ քանակ առարկայացնելու, ուրեմն հավելյալ աշխատանքի մի տվյալ քանակ յուրացնելու համար աշխատանքի պայմանների ավելի փոքր ծախսում է հարկավոր։ Նվազում էն այն ծախքերը, որոնք պահանջվում են հավելյալ աշխատանքի այս որոշ քանակը յուրացնելու համար։
Մենք արդեն խոսել ենք այն խնայության մասին, որ առաջ է գալիս արտադրության պրոցեսում արտադրամիջոցները հավաքական բանվորի — հասարակականորեն համակցված բանվորի — ձեռքով հասարակականորեն գործադրելուց։ Ներքևում քննվելու է հաստատուն կապիտալի ծախսման հետագա խնայությունը, որը ծագում է շրջանառության ժամանակի կարճացումից (ընդորում հաղորդակցության միջոցների զարգացումը նյութական էական մոմենտ է)։ Բայց հենց այստեղ պետք է հիշատակվի այն տնտեսումը, որն առաջ է գալիս մեքենաների շարունակական բարելավումից, այն է. 1) նրանց մատերիալի բարելավումից, օրինակ, փայտի փոխարեն երկաթ գործադրելուց. 2) ընդհանրապես մեքենաների պատրաստումը կատարելագործելու հետևանքով մեքենաներն էժանացնելուց. այնպես որ թեև հաստատուն կապիտալի հիմնական մասի արժեքը մշտապես աճում է խոշոր մասշտաբով վարվող աշխատանքի զարգացման. հետ միասին, բայց աճում է ոչ երբեք միևնույն աւաոիճանովաստիճանով<ref>Գործարանների կառուցման գործի առաջադիմության մասին տես Յուրի (Ure) մոտ։</ref>. 3) այն մասնահատուկ բարելավումներից, որոնք արդեն առկա մեքենաներին հնարավորություն են տալիս ավելի էժան ու ավելի արդյունավետ բանելու, ինչպես, օրինակ, շոգեկաթսաների և այլոց բարելավումը, որի մասին հետագայում դեռ հանգամանորեն կխոսենք. 4) ավելի լավ մեքենաների միջոցով թափթփուկների քանակը նվազելուց։
Այն ամենը, ինչ որ արտադրության տվյալ մի պարբերաշրջանում նվազեցնում է մեքենաների ու ընդհանրապես հիմնական կապիտալի մաշվածքը, էժանացնում է ոչ միայն առանձին ապրանքը,— որովհետև ամեն մի առանձին ապրանք իր գնի մեջ վերարտադրում է մաշվածքի այն համապատասխան մասը, որ իրեն բաժին է ընկնում ,— այլն, այլև պակասեցնում է այս պարբերաշրջանի համար արվող կապիտալի համապատասխան ծախսումները։ Վերանորոգման աշխատանքները և այլն այն չափով, որչափով նրանք անհրաժեշտ են, հաշվելիս մտցվում են մեքենաների սկզբնական ծախքերի մեջ։ Սրանց նվազեցումը, մեքենաների ավելի մեծ դիմացկունության հետևանքով, pro tanto (համապատասխան չափով) պակասեցնում է մեքենաների գինը։
Այս տեսակի ամեն տնտեսման մասին մեծ մասամբ այն պետք է ասել նորից, որ նա հնարավոր է համակցված բանվորների համար միայն և հաճախ կարող է իրականանալ լոկ է՛լ ավելի մեծ մասշտաբով վարվող աշխատանքների ժամանակ. որ ուրեմն նա բանվորների դեռ է՛լ ավելի մեծ համակցություն է պահանջում անմիջաբար արտադրության պրոցեսում։
Բայց մյուս կողմից՝ արտադրության '''մի''' ճյուղում, օրինակ, երկաթի, ածխի, մեքենաների արտադրության մեջ, շինարվեստի և այլոց մեջ աշխատանքի արտադրողականության զարգացումը, որը մասամբ նորից կարող է կախված լինել մտավոր արտադրության, այն է՝ բնագիտության ու սրա կիրառման բնագավառում արված առաջադիմությունից,— հանդես է գալիս այստեղ իբրև արդյունաբերության '''ուրիշ''' ճյուղերի, օրինակ, մանածագործական, արդյունաբերության կամ թե երկրագործության, արտադրամիջոցների արժեքի, ուրեմն և ծախքերի նվազեցման պայման։ Այս հետևում է ինքնըստինքյան, որովհետև այն ապրանքը, որն իբրև արդյունք դուրս է դալիս արդյունաբերության մի ճյուղից, իբրև արտադրամիջոց նորից մտնում է մի ուրիշ ճյուղի մեջ։ Նրա ավելի մեծ կամ թե ավելի պակաս էժանությունը կախված է արտադրության այն ճյուղի աշխատանքի արտադրողականությունից, որից նա դուրս է գալիս իբրև արդյունք, և այս էժանությունը միաժամանակ պայման է ոչ միայն այն ապրանքներն էժանացնելու համար, որոնց արտադրության մեջ հիշյալ ապրանքը մտնում է իբրև արտադրամիջոց, այլև այն հաստատուն կապիտալի արժեքը պակասեցնելու համար , որի տարրն է նա դառնում այստեղ, և հետևաբար շահույթի նորման բարձրացնելու համար։
Հաստատուն կապիտալի տնտեսման այս տեսակի համար, որն առաջ է գալիս արդյունաբերության պրոգրեսիվ զարգացումից, բնորոշն այն է, որ այստեղ արդյունաբերության '''մի''' ճյուղում շահույթի նորմայի բարձրացումը հետևանք է աշխատանքի արտադրողականության զարգացման մի '''ուրիշ''' ճյուղում։ Այստեղ կապիտալիստի քաղած օգուտը նորից մի այնպիսի շահույթ է, որը հասարակական աշխատանքի արդյունք է, թեև ոչ ուղղակի իր կողմից շահագործվող բանվորների արդյունք։ Արտադրողական ուժի հիշյալ զարգացումը վերջին հաշվով միշտ վերադառնում, հանգում է ակտիվության մեջ դրված աշխատանքի հասարակական բնույթին, աշխատանքի բաժանմանը հասարակության ներսում, մտավոր աշխատանքի, հատկապես բնագիտության, զարգացմանը։ Կապիտալիստն այստեղ օգտագործում է աշխատանքի հասարակական բաժանման ամբողջ սիստեմի առավելությունները։ Աշխատանքի տվյալ բնագավառից դուրս գտնվող բաժանմունքում, այն բաժանմունքում, որը նրան արտադրամիջոցներ է մատակարարում, կատարվող աշխատանքի արտադրողականության զարգացման հետևանքով է, որ տվյալ բնագավառում կապիտալիստի կողմից գործադրված հաստատուն կապիտալի արժեքը ցածացվում է հարաբերաբար, և ուրեմն շահույթի նորման բարձրացվում։
Շահույթի նորմայի մի այլ բարձրացում առաջ է գալիս ոչ թե այն աշխատանքի տնտեսումից, որով հաստատուն կապիտալն է արտադրվում, այլ հենց իրեն հաստատուն կապիտալի գործադրման տնտեսումից։ Բանվորների համակենտրոնացման ու խոշոր մասշտաբով կատարվող նրանց կոոպերացման շնորհիվ մի կողմից խնայվում է հաստատուն կապիտալը։ Միևնույն շենքերը, տաքացնելու, լուսավորման ու այլ հարմարանքները հարաբերաբար ավելի փոքր ծախք են նստում մեծ մասշտաբի արտադրության, քան փոքր մասշտաբի արտադրության վրա։ Նույնը վերաբերում է շարժիչ մեքենաներին ու աշխատամեքենաներին: Թեև նրանց արժեքը բարձրանում է բացարձակորեն, բայց հարաբերաբար ընկնում է՝ համեմատած արտադրության աճող ընդլայնման հետ և փոփոխուն կապիտալի մեծության կամ թե բանվորական այն ուժի մասսայի հետ, որը շարժման մեջ է դրվում։ Այն տնտեսումը, որ մի կապիտալ կիրառում է արտադրության իր սեփական ճյուղում, ամենից առաջ և ուղղակի հանդիսանում է աշխատանքի տնտեսում, այսինքն իր սեփական բանվորների վճարված աշխատանքի պակասեցում. վերևում հիշատակված տնտեսումն այն է, ընդհակառակը, որ ուրիշի անվճար աշխատանքի ըստ կարելվույն մեծ չափով յուրացումը գլուխ բերվի ըստ կարելվույն խնայողական եղանակով, այսինքն արտադրության տվյալ մասշտաբի պայմաններում ըստ կարելվույն փոքր ծախքերով։ Որչափով որ այս տնտեսումը չի հիմնվում հաստատուն կապիտալի արտադրության մեջ կիրառված հասարակական աշխատանքի արտադրողականության այն շահագործման վրա, որ արդեն հիշատակեցինք, այլ բուն իսկ հաստատուն կապիտալի գործադրման պրոցեսում կատարվող խնայողության վրա, ապա նա առաջ է գալիս կամ անմիջաբար կոոպերացիայից ու աշխատանքի հասարակական ձևից արտադրության որոշ ճյուղի ներսում, կամ թև մեքենաների և այլոց մի այնպիսի մասշտաբով կազմակերպված արտադրությունից, որը նրանց արժեքը նույն աստիճանով չի բարձրացնում, որով բարձրացնում է նրանց սպառողական արժեքը։
Այստեղ ուշադրության առնելու երկու կետ կա. եթե՝ c-ի արժեքը լիներ = 0, ապա p´-ն կլիներ = m´, և շահույթի նորման կհասներ իր մաքսիմումին։ Եվ երկրորդ. աշխատանքի հենց անմիջական շահագործման համար ամենակարևորը շահագործման պրոցեսում գործադրվող միջոցների արժեքը չի ամենևին, ուզում է դա լինի հաստատուն կապիտալի, թե հումքի ու օժանդակ մատերիալի արժեքը։ Որչափով որ սրանք ծառայում են իբրև աշխատանքը ծծողներ, իբրև միջնորդ առարկաներ, որոնց մեջ կամ որոնցով աշխատանքը, ուրեմն և հավելյալ աշխատանքն առարկայանում է, ապա մեքենաների, շենքերի, հումքի և այլոց փոխանակային արժեքը բոլորովին նշանակություն չունի։ Խոսքը բացառապես վերաբերում է մի կողմից՝ նրանց այն մասսային, որ տեխնիկապես պահանջվում է կենդանի աշխատանքի մի որոշ քանակի հետ կցակապելու համար, մյուս կողմից՝ նրանց նպատակահարմարությանը, հետևաբար ոչ միայն լավ մեքենաներին, այլև լավ հումքին ու օժանդակ մատերիալին։ Հումքի լավորակու թյունից լավորակությունից կախված է մասամբ շահույթի նորման։ Լավ մատերիալը ավելի քիչ թափթփուկ է տալիս. ուրեմն աշխատանքի միևնույն քանակը ծծելու համար հումքի մի ավելի փոքր մասսա է պահանջվում։ Այնուհետև, ավելի փոքր է լինում այն դիմադրությունը, որին հանդիպում է աշխատամեքենան։ Այս մասամբ ազդում է նույնիսկ հավելյալ արժեքի ու հավելյալ արժեքի նորմայի վրա։ Բանվորը վատ հումքի դեպքում ավելի շատ ժամանակ է գործադրում այդ քանակը վերամշակելու համար. անփոփոխ աշխատավարձի դեպքում այս հանգամանքը հավելյալ աշխատանքի մի պակսորդ է տալիս։ Այնուհետև շատ զգալի չափով այս ազդում է կապիտալի վերարտադրության ու կուտակման վրա, որն, ինչպես շարադրված է I գրքում, էջ 572—576, շատ ավելի կախված է կիրառվող աշխատանքի արտադրողականությունից, քան նրա մասսայից։
Ուստի հասկանալի է կապիտալիստի ցուցաբերած մոլեռանդությունն արտադրամիջոցները տնտեսելու համար։ Որպեսզի ոչինչ չկորչի կամ թե չվատնվի, որպեսզի արտադրամիջոցները գործածվեն հենց արտադրության պահանջած եղանակով միայն, այս մասամբ կախված է բանվորների վարժեցումից և ուսուցումից, մասամբ էլ այն կարգապահությունից, որին ենթարկում է կապիտալիստը համակցված բանվորներին և որն ավելորդ է դառնում հասարակական այնպիսի կարգերում, որտեղ բանվորներն իրենց սեփական հաշվին են աշխատում, ինչպես որ արդեն հիմա հատավարձի դեպքում այն գրեթե միանգամայն ավելորդ է դառնում։ Այս մոլեռանդությունը երևան է գալիս, մյուս կողմից, արտադրատարրերի կեղծման մեջ, որը մի գլխավոր միջոց է՝ հաստատուն կապիտալի արժեքը փոփոխունի նկատմամբ իջեցնելու և այսպիսով շահույթի նորման բարձրացնելու համար, ընդորում իբրև խաբեբայության զգալի տարր հիշյալի վրա ավելանում է նաև այս արտադրատարրերն իրենց արժեքից վեր ծախելը, որչափով որ այս արժեքը վերահայտնվում է արդյունքի մեջ։ Այս մոմենտը վճռական դեր է խաղում հատկապես գերմանական արդյունաբերության մեջ, որի սկզբունքը հետևյալն է.— մարդկանց չէ՞ որ միմիայն հաճելի կարող է լինել, եթե մենք նրանց նախ լավ նմուշներ ուղարկենք, իսկ ապա՝ վատ ապրանք։ Սակայն մրցմանը վերաբերող այս երևույթներով մենք այստեղ զբաղվել չենք կարող։
Պետք է նկատել, որ շահույթի նորմայի այս բարձրացումը, որն առաջ է բերվում հաստատուն կապիտալի արժեքի, ուրեմն և նրա թանգության նվազեցմամբ, բոլորովին կախում չունի այն բանից, թե արդյոք արդյունաբերության այն ճյուղը, որի մեջ հիշյալը տեղի է ունենում, պերճանքի՞ արդյունքներ է արտադրում, թե՞ բանվորի սպառման մեջ մտնող կենսամիջոցներ ու կամ արտադրամիջոցներ ընդհանրապես։ Վերջին պարագան կարևոր կլիներ լոկ այն չափով, որչափով խնդիրը վերաբերում է հավելյալ արժեքի նորմային, որն էապես կախված է բանվորական ուժի արժեքից, այսինքն բանվորի սովորական կենսամիջոցների արժեքից։ Այստեղ, ընդհակառակը, հավելյալ արժեքն ու հավելյալ արժեքի նորման տրված են ենթադրվում։ Թե հավելյալ արժեքն ինչպես է հարաբերում ամբողջ կապիտալին — իսկ հենց սա է շահույթի նորման որոշողը,— տվյալ պարագայում այս կախված է բացառապես հաստատուն կապիտալի արժեքից ու ոչ երբեք այն տարրերի սպառողական արժեքից, որոնցից նա բաղկացած է։
Արտադրամիջոցների հարաբերական էժանացումն իհարկե չի բացառում, որ նրանց արժեքի բացարձակ գումարն աճի. որովհետև այն բացարձակ ծավալը, որով նրանք գործադրվում են, արտակարգորեն մեծանում է աշխատանքի արտադրողականության զարգացման հետ ու արտադրության աճող մասշտաբի հետ, որն ուղեկցում է այդ զարգացմանը։ Հաստատուն կապիտալի գործադրման ժամանակ արվող տնտեսումը, ինչ կողմից էլ որ այն քննվի, հետևանք է մասամբ բացառապես այն բանի, որ արտադրամիջոցները գործում և սպառվում են իբրև համակցված բանվորի ընդհանուր արտադրամիջոցներ, այնպես որ հենց ինքն, այս տնտեսումը հանդես է գալիս իբրև անմիջականորեն արտադրողական աշխատանքի հասարակական բնույթի մի արդյունք. իսկ մասամբ էլ նա աշխատանքի արտադրողականության զարգացման հետևանք է այն ոլորտներում, որոնք կապիտալին արտադրամիջոցներ են մատակարարում, այնպես որ, երբ ամբողջ աշխատանքը քննվում է հակադրվելով ամբողջ կապիտալին— և ոչ թե լոկ X կապիտալիստի աշխատեցրած բանվորներն, են հակադրվում այս X կապիտալիստին,— ապա այս տնտեսումը նորից ներկայանում է իբրև հասարակական աշխատանքի արտադրողականության զարգացման արդյունք, և տարբերությունը լոկ այն է, որ X կապիտալիստը ոչ միայն իր սեփական գործարանի, այլև ուրիշների գործարանների աշխատանքի արտադրողականությունից է օգուտ կորզում։ Բայց և այնպես հաստատուն կապիտալի տնտեսումը կապիտալիստին թվում է բանվորին միանգամայն օտար ու նրան բացարձակապես չվերաբերող մի պայման, որի հետ բանվորը ոչ մի գործ չունի. այնինչ կապիտալիստի համար միշտ էլ շատ պարզ է լինում, որ բանվորն անշուշտ շահագրգռված է նրանում, թե արդյոք կապիտալիստը միևնույն փողով շա՞տ, թե՞ քիչ աշխատանք է գնում (որովհետև նրա գիտակցության մեջ հենց այսպես է պատկերանում, կապիտալիստի ու բանվորի միջև կնքվող գործարքը)։ Արտադրամիջոցների գործադրման պրոցեսում կատարվող այս տնտեսումը, ամենափոքրիկ ծախսերով մի որոշ հետևանքի հասնելու այս մեթոդը մի շատ ավելի բարձր աստիճանով, քան աշխատանքի ներքին այլ ուժերի դեպքում, թվում է իբրև կապիտալի ներունակ մի ուժ՝ և արտադրության կապիտալիստական եղանակին հատուկ ու սրան բնորոշող մի մեթոդ։
Պատկերացման այս եղանակը շատ ավելի քիչ է օտարոտի թվում մանավանդ այն պատճառով, որ իրողությունների երևութքը համապատասխանում է նրան և որ կապիտալիստական հարաբերությունն իրականում ներքին կապը վարագուրում է նրանով, որ բանվորին հակադրում է նրա սեփական աշխատանքի իրականացման պայմաններին, այս վերջինները բանվորի համար անտարբեր, արտաքին ու օտար մի բան դարձնելով։
'''Երկրորդ'''. Որչափով որ այս արտադրամիջոցներն արտադրության կապիտալիստական պրոցեսում աշխատանքի շահագործման միջոցներ են միաժամանակ, շահագործման այս միջոցների հարաբերական էժանությունը կամ թանգությունը բանվորին նույնքան քիչ է մտահոգում, որքան մի ձիու մտահոգում է այն, թե ինքն ավելի էժան կամ թե ավելի թանգ դանդանավանդով ու սանձով է ուղեվարվում։
'''Վերջապես''', բանվորն իրականում, ինչպես առաջ արդեն տեսել ենք (I գրքում), իր աշխատանքի հասարակական բնույթին, մի ընդհանուր նպատակի համար ուրիշների աշխատանքի հետ իր աշխատանքը համակցելուն վերաբերվում է իբրև մի օտար ուժի. այս համակցության իրականացման պայման է հանդիսանում բանվորի համար օտար այն սեփականությունը, որի վատնումը նրա համար կատարելապես անտարբեր բան, կլիներ, եթե բանվորը նույն այդ սեփականությունը տնտեսելուն բռնադատված չլիներ։ Բոլորովին այլ դրություն է այն գործարաններում, որոնք հենց իրենց՝ բանվորներին են պատկանում, օրինակ, Ռոչդելյան գործարաններում։
Այսպիսով հազիվ թե կարիք կա հիշատակելու, թե որչափով որ արտադրության մի ճյուղում կատարվող աշխատանքի արտադրողականությունը երևան է գալիս իբրև ուրիշ ճյուղերում գործող արտադրամիջոցների էժանացում ու բարելավում և սրանով էլ ծառայում է շահույթի նորման բարձրացնելուն,— հասարակական աշխատանքի այս ընդհանրական կապը հանդես է գալիս իբրև բանվորներին միանգամայն, օտար մի բան, որն իրականում միմիայն կապիտալիստին է վերաբերում, քանի որ մենակ նա է այս արտադրամիջոցները գնում և յուրացնում։ Որ նա արտադրության մի օտար ճյուղում աշխատող բանվորների արդյունքը դնում գնում է արտադրության իր սեփական ճյուղում աշխատող բանվորների արդյունքով և հետևաբար օտար բանվորների արդյունքը տնօրինում է լոկ այն չափով, որչափով իր սեփական բանվորներինը յուրացրել է ձրիաբար,— այս մի փոխադարձ կապ է, որը բարեհաճող կերպով սքողվում է շրջանառության պրոցեսով և այլ պարագաներով։
Սրան ավելանում է այն, որ ինչպես մեծ մասշտաբով արտադրությունն առաջին անգամ կապիտալիստական ձևով է զարգանում, այնպես էլ մի կողմից շահութախանձությունը, մյուս կողմից մրցումը, որը հարկադրում է ապրանքներն ըստ կարելվույն էժան արտադրելու, հաստատուն կապիտալի կիրառման պրոցեսում կատարվող այս տնտեսմանն այն տեսքն են տալիս, որ իրը նա արտադրության կապիտալիստական եղանակին հատուկ մի երևույթ է և ուրեմն կապիտալիստի ֆունկցիան է։
Արտադրության կապիտալիստական եղանակն ինչպես որ մի կողմում մղում է հասարակական աշխատանքի արտադրողականության զարգացմանը, այնպես էլ մյուս կողմում մղում է հաստատուն կապիտալի տնտեսմանը նրա գործադրման պրոցեսում։
Սակայն խնդիրը չի սահմանափակվում օտարացման ու անտարբերության այն հարաբերությամբ, որն ստեղծվում է մի կողմից բանվորի՝ կենդանի աշխատանքը կրողի ու մյուս կողմից — նրա աշխատապայմանները տնտեսաբար, այսինքն ռացիոնալ կերպով ու խնայողաբար կիրառելու միջև։ Արտադրության կապիտալիստական, եղանակն առաջ գնալով՝ իր հակասական, անտագոնիստական բնության համաձայն հասցնում է այն բանին, որ բանվորի կյանքի ու, առողջության վատնումը, նրա բուն իսկ գոյապայմանների ցածրացումը մտցնում են հաստատուն կապիտալի գործադրման պրոցեսում կատարվող տնտեսման հաշվի մեջ, ուրեմն և շահույթի նորման բարձրացնելու միջոցների մեջ։
Որովհետև բանվորն իր կյանքի ամենամեծ մասն անց է կացնում արտադրության պրոցեսում, ուստի արտադրության պրոցեսի պայմանները մեծ մասամբ նրա կյանքի ակտիվ պրոցեսի պայմաններն, են, նրա կենսապայմանները, և այս կենսապայմանները տնտեսելը շահույթի նորման բարձրացնելու մի մեթոդ է, բոլորովին նույն կերպ, ինչպես առաջ (գիրք I, գլ. VIII) տեսանք արդեն, որ գերաշխատելը, բանվորին մի բանող անասուն դարձնելը մի մեթոդ է՝ կապիտալի արժեքի ինքնամեծացումը, հավելյալ արժեքի արտադրումն արագացնելու համար։ Այս տնտեսումը հանգում է նեղ, անառողջ բնակարանները բանվորներով գերալցելուն, մի բան, որը կապիտալիստների լեզվով շենքերի խնայություն է կոչվում. վտանգավոր մեքենաների խոռադիզում խռնադիզում միևնույն շենքում, ու վտանգի նկատմամբ պաշտպանողական միջոցների անտեսում. նախազգուշության ձեռնարկումների զլացում արտադրության այնպիսի պրոցեսներում, որոնք ըստ իրենց բնության վնասակար են առողջության համար կամ թե, ինչպես հանքաբանները, վտանգի հետ են կապված և այլն։ Մենք դեռ բնավ չենք խոսում այն բոլոր հաստատությունների բացակայության մասին, որոնք պետք է արտադրության պրոցեսը բանվորի համար մարդկային, հաճելի ու թեկուզ լոկ տանելի դարձնեին։ Կապիտալիստական տեսակետից բոլորովին աննպատակ ու անմիտ շռայլություն կլիներ այս։ Կապիտալիստական արտադրությունն ընդհանրապես, իր բոլոր գծուծություններով հանդերձ, միանգամայն վատնողաբար է վարվում մարդկային մատերիալի հետ ճիշտ այնպես, ինչպես որ մյուս կողմից՝ իր արդյունքներն առևտրի միջոցով ու մրցման իր մեթոդով բաշխելու շնորհիվ շատ վատնողաբար է վարվում նյութական միջոցների հետ, և մի կողմում հասարակությունը կորցնում է այն, ինչ որ մյուս կողմում շահում են առանձին կապիտալիստներ։
Ինչպես որ կապիտալը ձգտում ունի կենդանի աշխատանքն անմիջականորեն կիրառելիս այն անհրաժեշտ աշխատանքի վերածելու և մի որոշ արդյունքի պատրաստման համար անհրաժեշտ աշխատանքը միշտ կրճատելու աշխատանքի հասարակական արտադրողականության շահագործման միջոցով, հետևաբար անմիջականորեն կիրառված կենդանի աշխատանքն ըստ կարելվույն տնտեսելու, այնպես էլ նա ձգտում ունի՝ իր անհրաժեշտ չափին վերածված այս աշխատանքն ամենից խնայողական պայմաններում կիրառելու, այսինքն գործադրվող հաստատուն կապիտալի արժեքն ամենահնարավոր մինիմումի վերածելու։ Եթե ապրանքների արժեքը որոշվում է նրանց մեջ պարունակվող անհրաժեշտ աշխատանքի ժամանակով ու ոչ թե նրանց մեջ պարունակվող աշխատանքի ժամանակով ընդհանրապես, ապա հենց կապիտալն է միայն, որ իրացնում է այս որոշումը և միաժամանակ շարունակաբար կարճացնում ամեն մի ապրանքի արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատանքի ժամանակը։ Սրանով ապրանքի գինն իր մինիմումին է վերածվում, որքան որ ապրանքի արտադրության համար պահանջվող աշխատանքի ամեն մի մաս վեր է ածվում իր մինիմումին։
Հաստատուն կապիտալի գործադրման պրոցեսում կատարվող տնտեսման ժամանակ պետք է տարբերել հետևյալը։ Եթե աճում է գործադրվող կապիտալի մասսան, ու սրա հետ էլ՝ նրա արժեքի գումարը, ապա այս ամենից առաջ նշանակում է այն միայն, որ մի ձեռքում կապիտալի մեծ քանակ է համակենտրոնացել։ Բայց կապիտալի հենց այս ավելի մեծ, մի մարդու ձեռքով գործադրվող, մասսան է — սրան մեծ մասամբ համապատասխանում է նաև կիրառվող աշխատանքի մի բացարձակորեն ավելի մեծ, բայց հարաբերաբար ավելի փոքր քանակ — այդ մասսան է, որ հնարավոր է դարձնում հաստատուն կապիտալի տնտեսումը, տնտեսումը։ Ամեն մի առանձին կապիտալիստի մոտ աճում է կապիտալի ծախսման անհրաժեշտ ծավալը, հատկապես հիմնական կապիտալինը, բայց վերամշակվող մատերիալի ու շահագործվող աշխատանքի մասսայի հետ համեմատած՝ կապիտալի այդ ծախսման արժեքը հարաբերաբար պակասում է։
Հիմա մեր այս դիտողությունները կլուսաբանենք առանձին օրինակներով։ Մենք սկսում ենք վերջից, արտադրապայմանների տնտեսումից, որչափով որ սրանք միաժամանակ բանվորի գոյության ու նրա կյանքի պայմաններ են ներկայացնում։