-Իսկ դու, պարոն թզուկ, բարի եղիր ձեռքդ հեռու տար տապարից, այն դեռ քեզ պետք չի գա:
Ջիմլին ցնցվեց ու քարացավ, անքթիթ նայելով ծերունուն: Ծերունին թեթևորեն, քարայծի պես ցատկոտելով բարձրանում էր կոպիտ աստիճաններով: Եվ ու՞ր կորավ նրա հոգնածությունը: Երբ նա ոտք դրեց քիվին, մոխրագույն ցնցոտիների տակից ինչ որ սպիտակ բան փայլփլաց, բայց ընկերները որոշեցին, որ դա իրեն իրենց թվաց: Ջիմլին տենդագին օդ կուլ տվեց, և դա լռության մեջ սուլոցի պես հնչեց:
-Կրկնում եմ, բավականին հաջող հանդիպում է,- մոտենալով նրանց ասաց ծերունին:
-Ես արդեն ասացի ինչ ուզում էի,- քմծիծաղեց ծերունին: -Մասնավորապես, ի՞նչ եք անում այստեղ և ի՞նչն է ձեզ այս կողմերը բերել: Ինչ մնում է իմ անունին... նա երկարատև և ցածրաձայն ծիծաղեց:
Արագորնի մարմնով սառը դող անցավ, բայց ոչ վախիցդա վախ չէր. այդպես է լինում, երբ հանկարծակի սառը քամի է փչում և դեմքիդ սառցե անձրևի կաթիլներ ցանում:
-Իմ անունը,- վերջացնելով ծիծաղել կրկնեց ծերունին,- իսկապես մինչև հիմա դեռ չկռահեցի՞ք: Չէ՞ որ այն ձեզ ծանոթ է: Այո, այո, կարծում եմ ծանոթ է... լավ, ասացե՛ք, ի՞նչ եք անում այստեղ:
Երեքից ոչ մեկը ձայն չհանեց:
-Իմ փոխարեն մեկ ուրիշը լիներ, ձեր լռությունը ձեր օգտին չէր գնահատի,- գլուխն օրօրեց ծերունին: -Բարեբախտաբար ես արդեն որոշ բաներ գիտեմ: Դուք գնում եք երկու երիտասարդ հոբիթների հետքերով, այդպես չէ՞: Պետք չէ այնպես ինձ վրա նայել, ասես առաջին անգամ եք այդ բառը լսում: Լսե՛լ եք և շա՛տ եք լսել, ես էլ եմ լսել: Այսպես ուրեմն, երեկ չէ առաջին օրը նրանք բարձրացել են այստեղ և անսպասելի հանդիպում են ունեցել ինչ որ մեկի հետ: Դա ձեզ կհանգստացնի՞: Երևի ուզում եք իմանալ նաև, թե ու՞ր են նրանց տարել: Դե լավ, գուցե ես կարողանամ որոշ լուրեր հաղորդել ձեզ այդ մասին: Բայց ինչու՞ ենք մենք կանգնած: Ինչպես արդեն հասկացաք, առայժմ շտապելու տեղ չունեք, այնպես որ եկեք նստենք և հանգիստ զրուցենք: Ծերունին շրջվեց և գնաց դեպի ժայռի ստորոտում թափված քարերի կույտը: Եվ անմիջապես, ասես կախարդանքը ցրվեց, երեքն էլ ուշքի եկան և վերստացան շարժվելու ունակությունը: Ջիմլին հափշտակեց տապարը, Արագորնը մերկացրեց սուրը, Լեգոլասը գետնից բարձրացրեց աղեղը: Ուշադրություն չդարձնելով նրանց վրա, ծերունին նստեց ցածր և հարթ քարին: Մոխրագույն թիկնոցի ծայրերը բացվեցին, և բոլորը հստակ տեսան, որ անծանոթը ոտից գլուխ սպիտակ է հագնված: -Սարումա՛ն,- բղավեց Ջիմլին և տապարը ձեռքին առաջ նետվեց: -Պատասխանի՛ր, որտե՞ղ ես թաքցրել մեր ընկերներին: Ի՞նչ ես արել նրանց: Անմիջապես պատասխանի՛ր, թե չէ գլխարկիդ վրա այնպիսի մեծության անցք կբացեմ, որ նույնիսկ հրաշագործը չի կարողանա շտկել: Բայց ծերունին ավելի արագ գտնվեց: Նա անմիջապես վեր կացավ տեղից և արագորեն ցատկեց բարձր ժայռաբեկորի վրա: Բոլորին թվաց, թե նա հանկարծակի ահագնացավ: Մոխրագույն ցնցոտիներն ընկան գետնին և փայլփլեց սպիտակ հագուստը: Նա բարձրացրեց գավազանը և Ջիմլիի տապարը զրնգալով ընկավ գետնին: Արագորնի սուրը կրակի պես փայլատակեց, Լեգոլասը բարձր ճչաց և նրա նետը կայծակի պես բռնկվելով թռավ դեպի երկիք: -Միթրանդի՛ր,- բացականչեց նա,- Միթրանդի՛ր: -Ես ասացի չէ՞, որ սա բավականին հաջող հանդիպում է, Լեգոլաս,- արձագանքեց ծերունին: Երեքն էլ խոսելու ունակությունը կորցրած նայում էին նրան: Ծերունու մազերը ձյան պես սպիտակ էին, ճերմակ հագուստը փայլում էր արևի տակ, աչքերը կայծկլտում էին թավ հոնքերի տակից արևի ճառագայթների պես: Նրա բարձրացրած ձեռքը մեծ զորություն էր ճառագում: Բարեկամները քար կտրած կանգնել էին, չիմանալով՝ զարմանա՞լ, վախենա՞լ, թե՞ ուրախանալ: Վերջապես Արագորնը ուշքի եկավ: -Գե՛նդալֆ,- բացականչեց նա: Այդ դու՞ ես իսկապես վերադարձել մեզ մոտ այս օրհասական ժամին: Այս ի՞նչ որ վարագույր է իմ աչքերը ստվերում... Գե՛նդալֆ: