-Գե՛նդալֆ,- բացականչեց նա: Այդ դու՞ ես իսկապես վերադարձել մեզ մոտ այս օրհասական ժամին: Այս ի՞նչ որ վարագույր է իմ աչքերը ստվերում... Գե՛նդալֆ:
Ջիմլին լուռ ծնկի եկավ, ձեռքերով փակելով աչքերը:
-Գենդալֆ... -կրկնեց ծերունին, ասես վերհիշելով վաղուց մոռացված այդ անունը: -Այո, այդպես էին մի ժամանակ ինձ անվանում:
Նա իջավ ժայռի վրայից, վերցրեց մոխրագույն ցնցոտիներ և նորից փաթաթվեց դրանց մեջ: Բոլորին թվաց, թե հենց նոր երկնքում շողացող պայծառ արևը հանկարծակի թաքնվեց ամպերի ետևում:
-Այո, կարող եք ինձ առաջվա պես Գենդալֆ անվանել,- ասաց հրաշագործը, և նրա ձայնը հնչեց ինչպես առաջ, դարձավ հին ընկերոջ և առաջնորդի ձայնը: -Վեր կաց, իմ բարի Ջիմլի, դու մեղավոր չես, և դու ինձ չես վնասել: Եվ առհասարակ բարկամներս, ձեր զենքերը չեն կարող ինձ վնաս պատճառել: Դե՛, ապա առույգացե՛ք, մենք կրկին հանդիպեցինք: Պատմությունն այլ ընթացք է ստանում: Մեծ փոթորիկ է մոտենում, բայց քամին արդեն փոխել է իր ուղղությունը: -Նա ձեռքը դրեց Ջիմլիի գլխին: Թզուկը բարձրացրեց աչքերը և հանկարծ ուրախ ծիծաղեց:
-Այդ իսկապես դու՞ ես Գենդալֆ,- բացականչեց նա: -Բայց ինչու՞ ես սպիտակ հագնված:
-Իմ գույնը արդեն սպիտակն է,- պատասխանեց Գենդալֆը: -Կարելի է նույնիսկ ասել, որ հիմա ես Սարումանն եմ, ավելի ճիշտ այն Սարումանը, ինչպիսին որ նա պետք լիներ: Բայց դա թող մնա հետո, պատմեք ինձ ձեր մասին: Այն ժամանակվանից, ինչ մենք բաժանվեցինք, ես անցել եմ բոսոր կրակի և խորը ջրերի միջով: Շատ բան եմ մոռացել նրանից, ինչ գիտեի առաջ և շատ բան եմ սովորել նորից, ինչը մոռացել էի: Ես տեսնում եմ ամենահեռու հեռուները, բայց միևնույն ժամանակ հաճախ չեմ տեսնում այն, ինչը ընկած է ոտքերիս տակ... Դե, պատմե՛ք ձեր մասին:
-Բայց ի՞նչ ես դու ուզում իմանալ,- հարցրեց Արագորնը: -Քիչ ժամանակ չի պահանջվի պատմելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ կամրջի մոտ մեր բաժանումից հետո: Գուցե դու՞ սկզբից մեզ նորություններ պատմես հոբիթներից: Դու նրանց տեսե՞լ ես: Նրանց հետ ամեն ինչ կարգի՞ն է:
-Ոչ, ես նրանց չեմ տեսել և չեմ փնտրել,- պատասխանեց Գենդալֆը: Էմին Մուիլի կիրճերը պարուրված էին խավարով, և մինչև արծվի լուր բերելը ես չգիտեի, որ նրանք գերի են ընկել:
-Արծվի՞,- բացականչեց Լեգոլասը: -