-Այդ իսկապես դու՞ ես Գենդալֆ,- բացականչեց նա: -Բայց ինչու՞ ես սպիտակ հագնված:
-Իմ գույնը արդեն սպիտակն է,- պատասխանեց Գենդալֆը: -Կարելի է նույնիսկ ասել, որ հիմա ես Սարումանն եմ, ավելի ճիշտ այն Սարումանը, ինչպիսին որ նա պետք լիներ: Բայց դա թող մնա հետո, պատմեք ինձ ձեր մասին: Այն ժամանակվանիցի վեր, ինչ մենք բաժանվեցինք, ես անցել եմ բոսոր կրակի և խորը ջրերի միջով: Շատ բան եմ մոռացել նրանից, ինչ գիտեի առաջ և շատ բան եմ սովորել նորից, ինչը մոռացել էի: Ես տեսնում եմ ամենահեռու հեռուները, բայց միևնույն ժամանակ հաճախ չեմ տեսնում այն, ինչը ընկած է ոտքերիս տակ... Դե, պատմե՛ք ձեր մասին:
-Բայց ի՞նչ ես դու ուզում իմանալ,- հարցրեց Արագորնը: -Քիչ ժամանակ չի պահանջվի պատմելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ կամրջի մոտ մեր բաժանումից հետո: Գուցե դու՞ սկզբից մեզ նորություններ պատմես հոբիթներից: Դու նրանց տեսե՞լ ես: Նրանց հետ ամեն ինչ կարգի՞ն է:
-Ոչ, ես նրանց չեմ տեսել և չեմ փնտրել,- պատասխանեց Գենդալֆը: Էմին Մուիլի կիրճերը պարուրված էին խավարով, և մինչև արծվի լուր բերելը ես չգիտեի, որ նրանք գերի են ընկել:
-Արծվի՞,- բացականչեց Լեգոլասը,- ես տեսե՛լ եմ այդ արծվին երկնքի բարձունքներում. վերջին անգամ երեք օր առաջ, Էմին Մուիլի գլխին: -Այո,- հաստատեց Գենդալֆը,- դա Գվահիր Քամիխեղդն է, այն նույն արծիվը, որը դուրս բերեց ինձ Օրթհանքից: Ես նրան ուղարկել էի սավառնելու մեծ գետի վրայով և նորություններ հայթհայթելու: Գվահիրը սուր աչք ունի, բայց նույնիսկ նա չի կարող տեսնել, թե ինչ է կատարվում ծառերի ստվերում: Չնայած նրան ինչ որ բան հաջողվել էր տեսնել, մնացածը ես ինքս իմացա: Մատանին հիմա գտնվում է իմ օգնության տարածքներից դուրս, ես այլևս օգնել չեմ կարող, և ոչ մեկ չի կարող ջոկատի անդամներից: Այն վտանգի մեջ էր և քիչ էր մնում թշնամու ձեռքն ընկներ, բայց վերջին պահին ինձ հաջողվեց Սաուրոնի ուշադրությունը շեղել: Ես նստել էի բարձրադիր վայրում և պայքարում էի Սև ամրոցի դեմ: Ստվերը հեռացավ, բայց ես մահու չափ հոգնել էի և երկար ժամանակ թափառում էի մոռացումի խավարում: -Նշանակում է դու գիտես Ֆրոդոյի մասի՞ն,- բացականչեց Ջիմլին,- Ինչպե՞ս է նա: -Դա ես չեմ կարող ասել: Նա փրկվեց մեծ վտանգից, բայց նրա ճանապարհին դեռ շատ վտանգներ կան: Ես միայն գիտեմ, որ նա որոշել է մենակ գնալ Մորդոր և արդեն ճանապարհ է ընկել: -Նա մենակ չի գնացել,- ասաց Լեգոլասը: -Մենք կարծում ենք, որ Սեմը գնացել է նրա հետ: -Ահա թե ինչպես,- բացականչեց Գենդալֆը և նրա աչքերը փայլեցին: Նա ժպտաց: -Իսկապե՞ս: Դա ինձ համար նորություն էր, բայց դա ինձ չի զարմացնում: Դե ինչ, լավ է, շա՛տ լավ է: Սիրտս բավականին թեթևացավ: Պատմեք ինձ ամեն ինչ, մոտ նստեք և պատմեք ձեր ճանապարհորդության մասին: Բարեկամները նստեցին գետնին, Գենդալֆի ոտքերի մոտ, և Արագորնը սկսեց պատմել: Հրաշագործը երկար ժամանակ չէր ընդհատում նրան և հարցեր չէր տալիս: Նա ձեռքերը դրել էր ծնկներին, աչքերը փակ էին: Վերջապես, երբ Արագորնը սկսեց պատմել Բորոմիրի մահվան և Մեծ Գետով նրա վերջին ճանապարհորդության մասին, Գենդալֆը տխուր հոգոց հանեց: -Դու ոչ բոլորը պատմեցիր, ինչ գիտես և ինչը գլխի ես ընկել, բարեկամս,- ցածրաձայն ասաց նա: -Խեղճ Բորոմիր: Ես չգիտեի նրա մահվան մասին: Այդպիսի մարդու, հրամանատարի և ռազմիկի համար դա ծանր փորձություն էր: Գալադրիելը զգուշացրել էր ինձ, որ Բորոմիրին մեծ վտանգ է սպառնում, բայց նա փրկվել է: Ես ուրախ եմ դրա համար: Մենք իզուր չէ վերցրեցինք մեզ հետ երկու երիտասարդ հոբիթներին, թեկուզ հենց հանուն Բորոմիրի... Բայց իրականում ոչ միայն հանուն նրա: Օրքերը նրանց քարշ են տվել Ֆենգորն և դա ճակատագրական է լինելու նրանց համար, ամպրոպից էլ չես խուսափի: Այո... երբեմն մանր քարերը թափվելով լեռնային ձնահոսք են արթնացնում: Նույնիսկ հիմա, երբ մենք այստեղ նստած խաղաղ զրուցում ենք, ես արդեն լսում եմ առաջին խուլ դղրդյունները: Սարումանի բախտը չի բերի, եթե ամբարտակի փլուզման ժամանակ ամրոցի պատերից դուրս գտնվի: