-Ոչ, նա դուրս է եկել մեր հասանելիության սահմաններից: Մենք պետք է ուրախ լինենք: Համենայն դեպս մատանին այլևս չի կարող մեզ գայթակղել: Ստիպված ենք գնալ վտանգին ընդառաջ, և հավանականությունը քիչ է, որ կհաղթենք, բայց մենք պետք է ուրախ լինենք, որ ազատվեցինք ավելի մահացու վտանգից, որի հանդեպ մենք անզոր էինք: -Նա շրջվեց: -Դե ինչ Արագո՛րն, Արաթհորնի որդի: Մի՛ զղջա Էմին մուիլի լանջերին քո կատարած ընտրության համար, ձեր հետապնդումն ապարդուն չէր: Դու հաղթահարել ես սիրտդ կրծող կասկածները, լսել խղճիդ ձայնին և ճիշտ ընտրություն կատարել: Ահա և պարգևը. մեր հանդիպումը տեղի ունեցավ ճիշտ ժամանակին, մի քիչ էլ, և ուշ կլիներ: Քո ընկերները կատարել են իրենց պարտքը: Այժմ դու պետք է կատարես Էոմերին տված խոստումդ: Հարկավոր է շտապել Էդորաս, Թեոդենին օգնության: Ռոհանը քո կարիքն ունի, և թող քո Անդրիլը կայծակից էլ վա՛ռ փայլատակի մարտի դաշտում: Ռոհանը պատերազմի մեջ է հիմա, բայց Թեոդենի թուլությունը ավելի սարսափելի է, քան պատերազմը:
-Ուրեմն մենք այլևս չենք չե՞նք տեսնի մեր զվարթ հոբիթներին,- հարցրեց Լեգոլասը:
-Ես այդպիսի բան չասացի,- պատասխանեց Գենդալֆը: -Ինչ իմանաս ի՞նչ է սպասվում մեզ առջևում: Գնացեք այնտեղ, որտեղ դուք պետք եք, լցվեք համբերությամբ, և մի կորցրեք հույսը: Գնում ենք Էդորա՛ս: Ես գալիս եմ ձեզ հետ: