Անմիջապես դուրս վազեցի զբոսայգուց ու գնացի տուն։ Ամբողջ ճանապարհը ոտքով անցա։ Մենք շատ հեռու էինք ապրում, ու ես բոլորովին չէի հոգնել, հարբածությունս էլ անցել էր, և շուրջս ոչ ոք չկար։
==21==
Վաղուց բախտս այդքան չէր բերել․ երբ եկա տուն, մեր մշտական վերելակավարը՝ Փիթը, չէր հերթապահում։ Վերելակի մոտ կանգնած էր մի ինչ֊որ նոր, բոլորովին անծանոթ վերելակավար, ու ես հասկացա, որ եթե անմիջապես դեմ հանդիման չելնեմ ծնողներիցս որևէ մեկին, կկարողանամ տեսնել քույրիկիս, իսկ հետո կփախչեմ, և ոչ ոք չի իմանա, որ ես եկել եմ։ Ինչ խոսք, բախտս բերեց, բացի դրանից այդ նոր վերելակավարը մի տեսակ հիմարավուն է։ Ես անփութորեն նետեցի, որ գնում եմ Դիկսթայնների մոտ։ Իսկ Դիսկթայնները ապրում էին մեր հարկում։ Որսորդական գլխարկս արդեն հանել էի, որպեսզի շատ կասկածելի չլինի, և արագ մտա վերելակ, իբրև թե շատ եմ շտապում։
Նա արդեն փակել էր դուռը և ուզում էր սեղմել կոճակը, բայց հանկարծ շուռ եկավ ու ասաց․
― Նրանք տանը չեն։ Հյուր են գնացել տասնչորսերորդ հարկը։
― Ոչինչ ասում եմ։ ― Ինձ հանձնարարված է սպասել։ Ես նրանց զարմիկն եմ։
Նա բութ կասկածամիտ հայացքով նայեց ինձ։
― Այդ դեպքում ավելի լավ է ցածում սպասեք, երիտասարդ։
― Ես հաճույքով, իհարկե, դա ավելի հարմար կլիներ, ― ասում եմ, ― բայց ոտքս ցավում է, պետք է որոշակի դիրքով մեկնեմ։ Ավելի լավ կլինի նստեմ նրանց դռան առաջ դրված բազկաթոռին։
Նա նույնիսկ չհասկացավ ինչ եմ ասում․ միայն ասաց․ «Դե, տեսեք», ու բարձրացրեց վերև։ Վատ չստացվեց։ Հետաքրքիր է, բավական է ինչ֊որ անհասկանալի բան ասես մարդուն, և նա կանի այնպես, ինչպես դու ես ուզում։
Ես դուրս եկա մեր հարկում և, կաղ շան պես ոտքս քարշ տալով, գնացի դեպի Դիկսթայյների բնակարանը։ Իսկ երբ շրխկաց վերելակի դուռը, ետ դարձա դեպի մեր բնակարանը։ Ամեն ինչ հրաշալի էր գնում։ Հարբածությունս լրիվ անցել էր։ Ես հանեցի բանալին ու բացեցի շքամուտքի դուռը, մկան պես կամացուկ։ Հետո շատ զգուշորեն կիսաբաց արի դուռը և մտա նախասենյակ։ Այ թե ինչպիսի գանգստեր է մեռնում իմ մեջ։
Նախասենյակը մութ էր, ինչպես դժոխում, իսկ լույսը, ինքներդ էլ հասկանում եք, չէի կարող միացնել։ Հարկավոր էր շատ զգուշորեն շարժվել, որպեսզի ոչ մի բանի չկպչեմ, աղմուկ չհանեմ։ Բայց ես զգացի, որ գտնվում եմ տանը։ Մեր նախասենյակում մի առանձնահատուկ բույր կա, հարազատ, ոչ մի տեղ այդպիսի բուրմունք չի զգացվում։ Ինքս էլ չգիտեմ ինչ բուրմունք է դա՝ ուտելիքի՞, օծանելիքի, չեմ կարող ասել, բայց անմիջապես զգում եմ, որ տանն եմ։ Սկզբում ցանկացա վերարկուս հանել և կախել նախասենյակի պահարանում, բայց այնտեղ լիքն են կախիչները և խելագար աղմուկ են հանում, երբ բացում ես դուռը, դրա համար էլ մնացի վերարկուով։ Հետո կամացուկ, ոտքերիս մատների վրա, գնացի Ֆիբիի սենյակի կողմը։ Գիտեի, որ տնտեսուհին ինձ չի լսի, որովհետև նա մի թմբկաթաղանթ ուներ միայն․ երեխա ժամանակ եղբայրը ծղոտը մտցրել էր նրա ականջը, ինքն է ինձ պատմել։ Նա գրեթե չէր լսում։ Բայց փոխարենը ծնողներս, մանավանդ մայրիկս, լավագույն խուզարկուի լսողություն ունեն։ Ես նրանց ննջարանի մոտից անցա հնարավորին չափ զգուշորեն։ Ջանացի նույնիսկ չշնչել։ Հայրս դեռ ոչինչ, բազկաթոռն էլ խփես գլխին, չի արթնանա, իսկ, այ, մայրիկս, Սիբիրում էլ որ հազաս, կլսի։ Նա այնպես նյարդային է, ինչպես չգիտեմ թե ով ասեմ։ Գիշերները չի քնում, ծխում է անվերջ։
Թվում է, թե մի ամբողջ ժամ տևեց, մինչև հասա Ֆիբիի սենյակը։ Բայց նա այնտեղ չէր։ Միանգամայն մոռացել էի, ուղղակի գլխիսցս դուրս էր թռել, որ նա քնում է Դ․ Բ֊ի աշխատասենյակում, երբ եղբայրս մեկնում է Հոլիվուդ կամ մի որևէ այլ տեղ։ Ֆիբին սիրում է քնել նրա աշխատասենյակում, որովհետև դա մեր բնակարանի ամենամեծ սենյակն է։ Ինչպես նաև այն բանի համար, որ այնտեղ կար մի մեծ սեղան, չափից դուրս մեծ, Դ․ Բ֊ն այն գնել է մի հարբեցող կնոջից Ֆիլադելֆիայում։ Մահճակալն էլ այնտեղ մեծ է, մի տասը մղոն երկարություն ունի, տասը մղոն լայնություն, չգիտեմ, թե որտեղից է ճարել այդ մահճակալը։ Մի խոսքով, Ֆիբին սիրում է քնել Դ․ Բ֊ի սենյակում, երբ նա այնտեղ չէ, Դ․ Բ֊ն էլ չի առարկում։ Դուք մի տեսնեի՜ք, թե նա դասերն ինչպես է պատրաստում այդ անհեթեթ սեղանի մոտ։ Սեղանն էլ մահճակալի չափ մեծ է։ Ֆիբին գրեթե չի երևում, երբ նստում է այդ սեղանի մոտ։ Իսկ դա նրան դուր է գալիս։ Նա ասում է, թե իր սենյակը չի սիրում այն բանի համար, որովհետև նեղվածք է։ Ասում է, թե սիրում է տարածվել։ Ծիծաղելի է ուղղակի, որտեղ պիտի տարածվի, հիմարիկը։
Ես կամացուկ մտա Դ․ Բ֊ի սենյակը ու վառեցի գրասեղանի վրայի լամպը։ Իմ Ֆիբին նույնիսկ չարթնացավ։ Ես երկար նայեցի նրան լույսի տակ։ Նա ամուր քնել էր, բարձի մի անկյունը ծալած։ Բերանը կիսաբաց էր։ Տարօրինակ բան է․ բոլոր մեծերը քնում են բերանները բացած ու տհաճ տպավորություն են թողնում, իսկ երեխաները՝ ամենևին։ Երեխաները բոլորովին այլ ձևով են քնում։ Եթե նույնիսկ քնած ժամանակ բերանից ջուր է հոսում, դաձյալ տհաճ չէ նայելը։
Ես կամացուկ շրջեցի սենյակում, տեսնեմ ինչն ինչպես է։ Տրամադրությունս հանկարծ միանգամից բարձրացավ։ Էլ չէի մտածում, որ կհիվանդանամ թոքերի բորբոքումով։ Պարզապես տրամադրությունս բարձրացել էր։ Մահճակալի կողքի աթոռին դրված էր Ֆիբիի զգեստը։ Նա իր տարիքի համար շատ մաքրասերն էր։ Հասկանո՞ւմ եք, երբեք իրերը չէր նետի ուր որ պատահեր, ինչպես ուրիշ երեխաներ։ Բոլորովին թափթփված չէր։ Աթոռի թիկնակին գցած էր կոստյումի բաց դարչնագույն ժակետը, որը մայրիկը նրա համար Կանադայից էր բերել։ Բլուզն ու մնացած բաները դրված էին աթոռին, իսկ գուլպաները և կոշիկները՝ աթոռի տակ էին դրված։ Ես այդ կոշիկները դեռ չէի տեսել, նոր էին։ Մուգ դարչնագույն փափուկ, ես էլ ունեմ այդպիսի կոշիկներ։ Դրանք շատ էին սազում կոստյումին, որ մայրիկը բերել էր Կանադայից։ Մայրիկը նրան լավ էր հագցնում, շատ լավ։ Մայրիկս շատ բարձր ճաշակ ունի, բայց ոչ ամեն ինչում, իհարկե։ Չմուշկեր, օրինակ, նա գնել չգիտի, բայց փոխարենը մնացած հարցերում անբասիր ճաշակի տեր է։ Ֆիբին միշտ այնպիսի զգեստներ է հագնում, որ խելքդ կգնա։ Իսկ ուրիշ փոքրիկների հագին միշտ սոսկալի հագուստներ կտեսնես, նույնիսկ, եթե նրանց ծնողները հարուստ մարդիկ են։ Դուք մեր Ֆիբիին տեսնեի՜ք այդ կոստյումով, որ մայրիկը Կանադայից է բերել։ Հաճելի է նայելը, աստված վկա։
Ես նստեցի եղբորս գրասեղանի մոտ ու նայեցի՝ տեսնեմ ինչ կա այնտեղ։ Ֆիբին այնտեղ դարսել էր իր գրքերն ու տետրերը։ Երեսին դրված էր «Հետաքրքրաշարժ թվաբանություն» վերնագրով մի գիրք։ Ես բացեցի այն ու առաջին էջի վրա տեսա մակագրությունը՝
Ֆիբի Ուեզերֆիլդ Քոլֆիլդ 4բ―I
Հազիվ զսպեցի ծիծաղս։ Նրա երկրորդ անունը Ջոզեֆինա է և ոչ թե Ուեզերֆիլդ։ Բայց նրան այդ անունը դուր չի գալիս։ Ու նա ամեն անգամ նոր երկրորդ անուն է որոնում իր համար։
Թվաբանության տակ դրված էր աշխարհագրությունը, իսկ աշխարհագրության տակ՝ ուղղագրության դասագիրքը։ Նա հրաշալի է գրում։ Ընդհանրապես շատ լավ է սովորում, բայց ամենից լավ գրում է։ Ուղղագրության տակ բլոկնոտներ էին դարսված․ նա հինգ հազար հատ բլոկնոտ կունենա, եթե ոչ ավելի։ Երբեք չեմ տեսել, որ այդ տարիքի փոքրիկն այդքան բլոկնոտներ ունենա։ Բացեցի առաջին բլոկնոտը և կարդացի գրառումը․
«Բեռնիս, սպասիր ինձ, դասամիջոցին շատ կարևոր բան պետք է ասեմ»։
Այդ երեսին ուրիշ բան չկար։ Շրջեցի էջը, այնտեղ էլ գրված էր․
«Ինչո՞ւ հարավարևելյան ալյասկայում պահածոյի այդքան գործարաններ կան։
Որովհետև այնտեղ շատ է սաղմոնը։
Ինչո՞ւ այնտեղ արժեքավոր փայտեղեն կա։
Որովհետև կլիման նպաստավոր է։
Ի՞նչ է արել մեր կառավարությունը, որպեսզի թեթևացնի ալյասկայի էսկիմոսների կյանքը։
Վաղվա համար սովորել։
Ֆիբի Ուեզերֆիլդ Քոլֆիլդ։
Ֆիբի Ու․ Քոլֆիլդ
հանձնիր Շերլիին․․․
Շերլի դու ասում ես քո մոլորակը սատուռնն է, բայց դա ընդամենը մարսն է չմուշկները բեր, երբ կգաս իմ ետևից։
Դ․ Բ֊ի գրասեղանի մոտ նստած՝ կարդացի ամբողջ գրառումները։ Ես արագ կարդացի, բայց կարող էի առավոտից երեկո կարդալ մանկական այդ ծուռտիկ֊մուռտիկ ձեռագիրը, առավոտից երեկո, ումն ուզում է լինի։ Ծիծաղելի են այդ երեխաների գրածները։ Հետո սիգարետ ծխեցի, հավանաբար, տուփիս մեջ մնացած վերջին սիգարետը։ Այդ օրը երևի հարյուր տուփ ծխած կլինեի։ Վերջապես որոշեցի արթնացնել Ֆիբիին։ Հո չէի կարող ամբողջ կյանքս նստել գրասեղանի մոտ, բացի այդ էլ, հանկարծ կարող էին հայտնվել ծնողներս, իսկ ես ուզում էի Ֆիբիի հետ առանձին տեսնվել։ Դրա համար էլ արթնացրի նրան։
Նա շատ հեշտ է արթնանում։ Հարկ չկա գոռալու, ոչ էլ նրան թափահարելու։ Պարզապես պետք է նստել մահճակալին ու ասել․ «Ֆիբ, արթմացիր», և հոպ, կարթնանա։
― Հոլդե՜ն, ― անմիջապես ճանաչեց ինձ։ Եվ կախվեց վզիցս։ Նա շատ քնքշալիր է։ Այդքան փոքրիկ ու այդքա՜ն քնքշալիր։ Երբեմն նույնիսկ չափից դուրս։ Ես նրան համբուրեցի, ու նա ասաց․ «Այս ե՞րբ ես եկել»։ ― Շատ էր ուրախացել։ Անմիջապես երևաց։
― Կամա՜ց։ Նոր եկա։ Ինչպե՞ս ես։
― Հրաշալի։ Ստացե՞լ ես նամակս։ Ես անբողջ հինգ էջ նամակ եմ գրել քեզ։
― Այո՛, այո՛, մի՛ աղմկիր, ստացել եմ, շնորհակալություն։
Նամակն ստացել էի, բայց չհասցրի պատասխանել։ Այնտեղ ամբողջը դպրոցական ներկայացման մասին էր գրված, որին նա մասնակցում էր։ Գրել էր, որ ես ուրբաթ երեկոն ազատ մնամ և անպայնան գնամ նրա ներկայացումը դիտելու։
― Իսկ ինչպե՞ս է ձեր պիեսը, ― հարցնում եմ։ ― Մոռացել եմ անունը։
― «Ծննդյան մնջախաղ ամերիկացիների համար», ― ասում է։ ― Պիեսը հիմար բան է, բայց ես խաղում եմ Բենեդիկտ Առնոլդի դերը։ Ամենամեծ դերը իմն է։ ― Ո՞ւր փախավ քունը։ Նա այնպես էր ոգևորվել, երևում է, ամբողջ պիեսն ուզում էր պատմել։ ― Հասկանո՞ւմ ես, սկսվում է այնտեղից, որ ես մահամերձ եմ։ Ճրագալույց է, գալիս է ոգին և ասում՝ ամոթ չէ՞ ինձ և այլն։ Դե դու գիտես, ամոթ չէ՞, որ դավաճանեցիր հայրենիքիդ և նման բաներ։ Կգա՞ս նայելու, ― նա նույնիսկ թռչոտեց մահճակալին։ ― Ես ամեն ինչ գրել եմ քեզ, ճի՞շտ է։ Կգա՞ս։
― Իհարկե կգամ։ Հապա ինչպե՞ս։
― Հայրիկը չի կարող գալ։ Նա պետք է թռչի Կալիֆոռնիա։ ― Մի րոպե չէր անցել դեռ և քնատության հետքն անգամ չէր երևում։ Չոքել է անկողնում, բռնել ձեռքս։ ― Լսիր, ― ասում է, ― մայրիկն ասաց, որ դու կգաս չորեքշաբթի օրը։ Այո՛, այո՛, չորեքշաբթի։
― Շուտ են բաց թողել։ Մի՛ աղմկիր։ Դու բոլորին կարթնացնես։
― Իսկ ժամը քանի՞սն է։ Մայրիկն ասաց, որ ուշ կվերադառնան։ Նրանք հյուր են գնացել Նորուոլք, Կոնետիկատ։ Գուշակիր, ես ինչ եմ արել այսօր ցերեկը։ Գիտե՞ս ինչ ֆիլմ եմ տեսել։ Գուշակիր։
― Չգիտեմ, լսիր հապա, իսկ նրանք չասացի՞ն որ ժամին․․․
― «Բժիշկը», բա՜։ Դա յուրահատուկ ֆիլմ է, ցուցադրում էին Լիստերովյան ընկերությունում։ Միայն մեկ օր, հասկանո՞ւմ ես։ Դա քենտուկցի մի բժշկի մասին է, նա վերմակը գցում է մի աղջկա երեսին, աղջիկը հաշմանդամ է, չի կարող քայլել։ Բժշկին բանտ են նստեցնում և այլն։ Հրաշալի նկար է։
― Դե լավ, սպասիր։ Նրանք չասացի՞ն որ ժամին․․․
― Իսկ բժիշկը շատ է խղճում աղջկան։ Դրա համար էլ վերմակը գցում է նրա գլխին, որպեսզի աղջիկը խեղդվի։ Բժշկին ցմահ բանտարոկության են դատապարտում, բայց աղջիկը, որին նա խեղդեց վերմակով, միշտ երազում այցելության է գալիս նրա մոտ ու ասում․ «Շնորհակալություն», որ իրեն խեղդել է։ Պարզվում է, որ դա գթասրտություն է և ոչ թե սպանություն։ Բայց միևնույն է, բժիշկը գիտի, որ արժանի է բանտ նստելու, որովհետև մարդը իր վրա չպետք է վերցնի այն, ինչ վերաբերում է աստծուն։ Մեզ մեր դասարանի աղջկա մայրը տարավ այնտեղ, Ալիսա Հոլեմբերգի մայրիկը։ Նա իմ ամենամոտ ընկերուհին է։ Ամբողջ դասարանից միայն նա կարող է․․․
― Դե սպասիր մի րոպե, լսո՞ւմ ես։ Ես քեզ հարցնում եմ, նրանք չասացի՞ն որ ժամին կվերադառնան տուն։
― Չէ, չասացին։ Մայրիկն ասաց՝ շատ ուշ։ Հայրիկը վերցրեց մեքենան, որպեսզի գնացքի համար չշտապեն։ Իսկ մեր մեքենայի մեջ ռադիո կա։ Միայն թե մայրիկն ասում է չի կարելի միացնել, երբ աղմուկը շատ է։
Ես մի քիչ հանգստացա։ Դադարեցի հուզվելուց, թե ինձ կբռնացնեն տանը։ Համ էլ մտածեցի՝ կբռնացնեն, գրողի ծոցը, թող բռնացնեն։
Դուք մի մեր Ֆիբիին տեսնեի՜ք։ Նրա հագին կապույտ պիժամա կար, օձիքի վրա կարմիր փղիկներ։ Նա պաշտում է փղերին։
― Ուրեմն լավ նկար էր, հա՞, ― հարցնում եմ։
― Հրաշալի, միայն թե Ալիսան հարբուխ ուներ, ու նրա մայրիկը անընդհատ հարցնում էր, թե հո չի՞ դողացնում։ Այնտեղ ֆիլմ են ցուցադրում, իսկ նա անընդհատ հարցեր է տալիս։ Հենց որ հասնում է ամենահետաքրքիր տեղը, մայրը կռանում է իմ վրայով ու հարցնում․ «Չե՞ս դողացնում»։ Նյարդերիս վրա ազդում էր։
Այդ ժամանակ ես հիշեցի ձայնապնակը։
― Գիտե՞ս, ես քեզ համար մի ձայնապնակ էի գնել, բայց ճանապարհին ջարդել եմ։ ― Գրպանիցս հանեցի կտորներն ու ցույց տվի նրան։ ― Հարբած էի։
― Կտորները տուր ինձ, ― ասում է։ ― Ես դրանք հավաքում եմ։ ― Ձեռքիցս վերցրեց կտորներն ու անմիջապես էլ թաքցրեց իր գիշերային պահարանում։ Ծիծաղելի է։
― Դ․ Բ֊ն Ծննդյան տոներին տո՞ւն է գալու, ― հարցնում եմ։
― Մայրիկն ասաց, կարող է գա, կարող է՝ ոչ, աշխատանքից է կախված։ Գուցե, հարկ լինի մնա Հոլիվուդում և սցենար գրի Աննապոլիսի մասին։
― Տեր աստված, ինչո՞ւ Աննապոլիսի։
― Այնտեղ սիրո մասին էլ կա, ուրիշ բաների մասին էլ։ Գուշակիր, թե ո՞վ է նկարահանվելու այնտեղ։ Ո՞ր կինոաստղը։ Այ, չես կարող գուշակել։
― Ինձ չի հետաքրքրում։ Մե՜ծ բան է, էլի։ Աննապոլիսի՜ մասին։ Ախր նա ի՞նչ գիտի Աննապոլիսի մասին, աստված իմ։ Դա ի՜նչ կապ ունի նրա պատմվածքների հետ։ ― Թո՛ւհ, ուղղակի խենթանալ կարելի այդ ամենից։ Անիծյալ Հոլիվուդ։ Իսկ ի՞նչ է եղել ձեռքդ, ― հարցնում եմ։ Տեսա, որ արմունկին սպեղանի է կպցրած։ Նրա պիժաման անթև էր, դրա համար էլ նկատեցի։
― Մեր դասարանի մի տղա՝ Կերտիս Վայնտրաուրը, զբոսայգու աստիճաններից ինջնելիս ինձ հրեց։ Ուզո՞ւմ ես ցույց տամ։ ― Ու սկսեց թևից պոկել սպեղանին։
― Ձեռք մի՛ տուր, իսկ ինչո՞ւ հրեց։
― Չգիտեմ, կարծում եմ, նա ատում է ինձ, ― ասում է Ֆիբին։ ― Ես ու մի աղջիկ՝ Սելմա Էթերբերին, նրա սվիտերը թանաքոտել ենք։
― Լավ չեք արել, փոքրի՞կ ես, ինչ է։
― Չէ, բայց նա միշտ իմ ետևից է ման գալիս։ Հենց որ գնում եմ զբոսայգի, գալիս է ետևիցս։ Նյարդերիս վրա ազդում է։
― Իսկ գուցե դու նրան դո՞ւր ես գալիս։ Դրա համար չի կարելի մարդու սվիտերը թանաքոտել։
― Չեմ ուզում նրան դուր գալ, ― ասում է նա։ Ու հանկարծ խիստ կասկածանքով նայում է ինձ։ ― Հոլդեն, լսիր, այդ ինչո՞ւ ես չորեքշաբթիից շուտ եկել։
― Ի՞նչ։
Նրա հետ զգույշ պիտի լինեք։ Եթե կարծում եք, որ հիմարիկ է, շատ եք սխալվում։
― Այդ ինչպե՞ս է, որ չորեքշաբթիից շուտ ես եկել, ― կրկնում է նա։ ― Քեզ էլի՞ վռնդել են։
― Ես քեզ բացատրեցի։ Մեզ շուտ են արձակել։ Ամբողջ դասարանը․․․
― Չէ, քեզ վտարել են, վտարել են, ― կրկնեց նա։ Ու բռունցքով այնպես հասցրեց ծնկիս։ Նա շատ ուժեղ է խփում, երբ կռվում է։ ― Վտարել են։ Օ՛յ, Հոլդեն։ ― Նա ձեռքով փակեց բերանը։ Ազնիվ խոսք, շատ տխրեց։
― Ո՞վ ասաց, որ վտարել են։ Ոչ ոք քեզ այդպիսի․․․
― Չէ՛, վտարե՛լ են, վտարե՛լ են։ ― Ու էլի հասցրեց ծնկիս։ Եթե կարծում եք, որ չցավեց, սխալվում եք։ ― Հայրիկը կսպանի քեզ, ― ասում է։ Ու հանկարծ երեսի վրա փռվեց մահճակալին ու բարձը դրեց գլխին։ Նա հաճախ է այդպես անում։ Ուղղակկի գժվում ես, ազնիվ խոսք։
― Դե թո՜ղ, ― ասում եմ։ ― Ոչ ոք էլ ինձ չի սպանի։ Ոչ ոք ինձ մատով էլ չի կպչի․․․ Դե, վե՛րջ տուր, Ֆիբ, մի կողմ գցիր այդ հիմար բարձը։ Ոչ ոք էլ մտադիր չէ ինձ սպանել։ ― Բայց նա բարձը ետ չքաշեց։ Նրա վրա չես կարող ազդել ոչ մի կերպ։ Պառկել է ու իր ասածն է պնդում։
― Հայրիկը քեզ կսպանի՛, կսպանի՛, ― հազիվ էր լսվում բարձի տակից։
― Ոչ ոք էլ ինձ չի սպանի, բաներ մի հորինիր։ Նախ ես մեկնում եմ։ Գիտե՞ս ինչ եմ անելու։ Աշխատանք կճարեմ մի որևէ ռանչոյում, գոնե ժամանակավորապես։ Ես մի տղա եմ ճանաչում, նրա պապիկը Կոլորադոյում ռանչո ունի։ Գուցե այնտեղ նրանք աշխատանք կտան։ Ես նամակ կգրեմ քեզ այնտեղից, որ գնամ։ Դե, վե՛րջ տուր։ Վերցրու այդ գրողի տարած բարձը։ Լսո՞ւմ ես, Ֆիբ, վերցրո՛ւ։ Դե, խնդրում եմ քեզ, վերցրո՛ւ։
Բայց նա պինդ բռնել է բարձը, և վերջ։ Ես փորձեցի քաշել վրայից, բայց շատ ուժեղ է այդ սատանան։ Եթե բարձը քաշել է գլխին, էլ չես կարող պոկել։
― Ֆիբի, խնդրում եմ, դուրս արի բարձի տակից, լսո՞ւմ ես, ― խնդրում եմ ես նրան։ ― Դե թո՛ղ․․․ Է՛յ, Ուեզերֆիլդ, դուրս արի, դե՛։
Չէ, չի ուզում։ Նրան երբեք չես կարող համոզել։ Վերջապես ես վեր կացա, գնացի հյուրասենյակ, սեղանի վրայի տուփից սիգարետ վերցրի ու դրեցի գրպանս։ Շատ էի հոգնել։