Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 6597 բայտ, 14:11, 15 Մարտի 2015
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
–Կփորձեմ ձեզ համար թարգմանել այն,– ասաց Արագորնը,– բայց չգիտեմ կստացվի՞ արդյոք:
 
 
Որտե՞ղ են այժմ նժույգն ու հեծիալը,
 
Չեմ լսում ձայնը եղջերափողի,
 
Որտե՞ղ են սաղավարտն ու զրահը
 
Հպարտ, ոսկեհեր հեծյալի:
 
Որտե՞ղ է խարույկի բոսոր կրակը,
 
Չեմ լսում տավիղի ձայնը մեղրածոր,
 
Որտե՞ղ մնացին գարունն ու ամառը,
 
Եվ աշունը բերքառատ ու ոսկեշող:
 
Ինչպես փոթորիկը լեռան գագաթին
 
Ինչպես քամին դաշտերում,
 
Հեռացան այդ օրերը, անցան, գնացին
 
Կորան հեռավոր լեռների մշուշում:
 
Ո՞վ է հիմա հավաքելու
 
Մոխիրն այրված անտառների,
 
Ո՞վ է ետ վերադարձնելու
 
Տարիներն անդարձ ծովի այն կողմից:
 
 
–Վաղուց մոռացված ռոհանցի աշուղը այդպես է երգել Էորլ Երիտասարդի մասին: Շարունակության մեջ ասվում է, որ երիտասարդ դյուցազունը այստեղ է արշավել հյուսիսից և որ նրա նժույգը՝ Ֆելարոֆը, թռչնի թևեր ուներ ոտքերին: Մարդիկ մինչև հիմա էլ երեկոները խարույկի շուրջ նստած երգում են այս երգը:
 
Լռին գերեզմանաթմբերը մնացին հետևում: Ճանապարհորդները սկսեցին բարձրանալ կանաչ բլուրների լանջերին գալարվող ոլորապտույտ ճանապարհով և վեջապես մոտեցան Էդորասի հզոր և ամուր դարպասին: Դարպասի մոտ մի քանի տասնյակ փայլատակող զրահներով ռազմիկներ էին նստած, որոնք տեսնելով ճանապարհորդներին վեր թռան տեղներից և նիզակները խաչելով փակեցին նրանց ճանապարհը:
 
–Կա՛նգ առեք օտարականնե՛ր,– բղավեցին նրանք իրենց լեզվով: –Ասացե՛ք ովքե՞ր եք դուք և ի՞նչ գործով եք եկել Էդորաս:
 
Նրանց աչքերը զարմանք էին արտահայտում, բայց ոչ բարյացակամություն, իսկ Գենդալֆին նրանք առհասարակ թշնամաբար էին նայում:
 
–Ես հասկանում եմ ձեր լեզուն,– ասաց Գենդալֆը ռոհաներեն,– բայց օտարերկրացիները պարտավոր չեն այն հասկանալ: Ինչո՞ւ չեք խոսում համընդհանուր լեզվով, եթե ուզում եք, որ ձեզ պատասխանեն:
 
–Դա Թեոդեն արքայի կամքն է,– պատասխանեց ժամապահներից մեկը: –Այս դարպասից ներս ոչ ոք իրավունք չունի մտնել, բացառությամբ նրանց, ովքեր գիտեն մեր լեզուն: Պատերազմի օրերին մենք ներս ենք թողնում միայն մեր ցեղակիցներին և Մունբուրգից ուղարկված գոնդորցիներին: Ովքե՞ր եք դուք, տարօրինակ զգեստներով օտարականներ, որ այդպես անվրդով զբոսնում եք մեր հարթավայրում նժույգներով, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են մեր ձիերին: Մենք վաղուց ենք այստեղ ժամապահում և երկար ժամանակ է հետևում ենք ձեզ: Առաջին անգամ ենք տեսնում ձեզ պես տարօրինակ հեծյալների և այդ ազնվազարմ նժույգին, որին երկուսով եք հեծած: Եթե իմ աչքերը կախարդված չեն և ինձ չեն խաբում, այդ նժույգը Մեարաս ցեղից է: Պատասխանի՛ր կախար՞րդ ես դու, թե՞ լրտեսն ես Սարումանի: Իսկ գուցե դուք չար ուրվականնե՞ր եք: Պատասխանի՛ր, արա՛գ:
 
–Մենք ուրվականներ չենք,– Գենդալֆի փոխարեն պատասխանեց Արագորնը,– և աչքերդ էլ քեզ չեն խաբում: Սրանք իսկապես ձեր նժույգներն են և դու այդ մասին նախքան հարցդ տալը արդեն գիտեիր: Քո կարծիքով ձիագողերը կվերադարձնե՞ն գողացված ձիերին: Սրանք Խասուֆելն ու Արոդն են, որոնց մեզ փոխարինաբար տվել է Էոմերը, Ռոհանի երրորդ հրամանատարը: Մենք խոստացել էինք ետ վերադարձնել նրանց և, ինչպես տեսնում ես, եկել ենք որ վերադարձնենք: Էոմերը դեռ չի՞ վերադարձել, թե՞ չի զգուշացրել ձեզ:
 
Ժամապահի աչքերը մտահոգ տեսք ստացան:
 
–Էոմերի մասին ես ոչինչ չեմ կարող ասել,– ասաց նա,– բայց եթե դուք ճիշտ եք ասում, ապա անտարակույս Թեոդենը լսել է ձեր մասին: Շատ հնարավոր է որ նա հիմա սպասում է ձեզ: Երկու օր առաջ երեկոյան այստեղ բարեհաճեց Օձի Լեզուն և հայտարարեց թագավորի նոր հրամանը. այսուհետ օտարականների մուտքը Էդորաս արգելվում է:
 
–Օձի Լեզու՞ն,– խոսեց Գենդալֆը ոտից գլուխ չափելով ժամապահին: –Այևս ոչ մի խո՛սք: Ես եկել եմ խոսելու թագավորի հետ, ո՛չ թե ինչ որ Օձի լեզվի: Իմ գործը չի կարող սպասել. զեկուցիր թագավորին մեր գալստյան մասին կամ ուղարկիր ինչ որ մեկին: –Գենդալֆի աչքերը փայլատակեցին թավ հոնքերի տակից և նա խիստ հայացք նետեց ռոհանցու վրա:
 
–Լավ, ես կզեկուցեմ ձեր մասին,– դանդաղ ասաց ժամապահը: –Բայց ովքե՞ր եք դուք: Ինչպե՞ս ներկայացնեմ ձեզ թագավորին: Հոգնած ծերունու տեսք ունես, բայց իմ կարծիքով այդ տեսքի տակ մեծ ուժ և վճռականություն է թաքնված:
Վստահելի
1342
edits