–Ետ վերցրու սուրդ Էոմե՛ր, քրո՛ջ որդի,– ասաց թագավորը: –Գա՛յմա, գնա իմ սրի հետևից, Գրիման է պահպանում նրան: Գրիմային նույնպես հետդ բեր: Գե՛նդալֆ, դու ասացիր, որ պատրաստ ես լինել իմ խորհրդատուն, բայց ես քեզանից դեռ ոչ մի խորհուրդ չեմ լսել:
–Դու արդեն դրա կարիքը չունես,– ժպտաց Գենդալֆը: –Իմ խորհուրդն էր վստահել Էոմերին և ոչ թե ստախոս ու խորամանկ Օձի Լեզվին: Մի կողմ նետիր ափսոսանքն ու վախը, ժամանակն է գործի անցնել: Թող բոլորը, ովքեր կարողանում են թամբին նստել, առանց հապաղելու արշավեն արևմուտք, ինչպես Էոմերն էր ձեզ խորհուրդ տալիս: Պետք է քանի դեռ ուշ չէ Սարումանի հարցը լուծել: Եթե մենք չհաղթենք Սարումանին, ապա ամեն ինչ կորած է, իսկ եթե հաղթենք՝ մեզ նոր գործեր են սպասում: Բոլորը, ովքեր մնում են այստեղ՝ ծերերը, կանայք և երեխաները, պետք է թաքնվեն լեռներում, Ռոհիրրիմները այնտեղ ապաստարան ունեն հատուկ այսպիսի իրավիճակների համար կառուցված: Թող մարդիկ ուտելիք վերցնեն իրենց հետ, բայց թույլ չտաս չափից շատ բարձել ձիերին ավելորդ իրերով ու գանձերով: Խոսքը գնում է կյանքի և մահվան մասին: –Քո խորհուրդն իմ սրտով է,– համաձայնվեց Թեոդենը: –Թող ռոհանցիները պատրաստվեն արշավի՛: Իսկ դուք, իմ բարեկամներ... ճիշտ ասացիր Գենդալֆ, որ մենք անքաղաքավարի ենք դարձել: Դուք ամբողջ գիշեր արշավել եք: Հիմա արդեն կեսօր է, իսկ դուք ոչ քնել եք, ոչ հաց կերել: Հիմա ձեզ համար ննջասենյակներ կպատրաստեն, բայց սկզբում պետք է միասին սեղան նստենք: –Ոչ տիրակա՛լ,– առարկեց Արագորնը,– հոգնած ճանապարհորդների համար դեռ վաղ է հանգիստ փնտրել: Ռոհանի ռազմիկները պետք է հենց այսօր ճանապարհ ընկնեն, իսկ մենք՝ սուրը, տապարը և աղեղը, կմիանանք նրանց: Մեր զենքերը չպետք է ծուլորեն պառկած մնան քո ապարանքի դռների տակ: Ես խոստացել եմ Էոմերին, որ կկռվեմ նրա հետ ուս ուսի տված: –Այժմ հույս կա, որ հաղթանակը մե՛րը կլինի,– գոչեց Էոմերը: –Հույս կա,– հաստատեց Գենդալֆը,– բայց Իզենգարդն ամուր է: Եվ բացի այդ՝ այլ, ավելի սարսափելի վտանգներ են մոտենում... Մի՛ հապաղիր Թեոդե՛ն: Մեր արշավանքն սկսելուց անմիջապես հետո տար քո ժողովրդին Դունհորրոյի թաքստոցը, որ լեռներում է: –Ոչ Գենդալֆ, դու երևի ինքդ էլ չգիտես, թե ինչ մեծ բուժակ ես: Այն պահից սկսած, երբ դու ինձ բուժեցիր, ամեն ինչ փոխվել է: Ես ի՛նքս կառաջնորդեմ իմ զորքին, և եթե ճակատագիրն այդպես որոշի, կնկնեմ առաջին շարքերում: Այդժամ իմ քունը հանգիստ կլինի: –Այդ դեպքում նույնիսկ ռոհանցիների պարտությունը փառավոր կլինի և կարժանանա երգի,– բացականչեց Արագորնը: