–Այս գիշերը երկար է ինչպես տարիները: Ինչու՞ է լուսաբացը այսպես հապաղում:
–Լուսաբացն արդեն մոտ է,– պատասխանեց նրա կողքին կանգնած Գամլինգը,– բայց վախենում եմ նա այն մեզ պաշարումից չի ազատի:
–Այգաբացը միշտ էլ մարդկանց հույս է բերումմարդկանց,– առարկեց Արագորնը: –Այս իզենգարդյան զորքին՝ Սարումանի չար կախարդանքով աճեցված կիսամարդկանց և կիսաօրքերին, արևի լույսը չի վախեցնի,– գլուխն օրօրեց Գամլինգը: –Իսկ վայրի լեռնեցիներին առավել ևս: Լսու՞մ եք, թե ինչ են նրանք բղավում: –Լսելը լսում ենք,– արձագանքեց Էոմերը,- բայց նրանց բղավոցները իմ ականջին հասկանալի չեն և ավելի շատ գազանի ոռնոց են հիշեցնում, քան մարդու խոսք: –Լեռնեցիները Դունլենդի լեզվով են բղավում, ասաց Գամլինգը: –Ես գիտեմ այդ լեզուն, այն շատ հին է: Մի ժամանակ Մարկի արևմտյան հովիտներում ապրող մարդիկ բոլորը այդ լեզվով էին խոսում: Ակա՛նջ դրեք: Նրանք խորը ատելություն են տածում մեր նկատմամբ և ուրախ են. կարծում են, որ մեր պարտությունն արդեն անխուսափելի է: Նրանք գոռում են. «Որտե՞ղ է ձեր թագավորը, թագավորին այստե՛ղ բերեք: Մա՛հ Ֆորգոյլներին, թող կորչե՛ն շիկամազները: Մա՛հ հյուսիսից եկած զավթիչներին»: Տեսնու՞մ եք ինչ անուններով են նրանք մեզ պատվում: Նրանք դեռ չեն մոռացել հին վիրավորանքը, երբ հինգ հարյուր տարի առաջ Գոնդորը ռոհանյան հարթավայրերը տվեց Էորլ Երիտասարդին և դաշինք կնքեց նրա հետ, ոչ թե դունլենդցիների: Իսկ Սարումանը բորբոքել է այդ հին վիրավորանքը, և հիմա կատաղած լեռնեցիներին հանգստացնել հնարավոր չէ: Նրանք չեն նահանջի ոչ գիշերը, ոչ էլ ցերեկը, մինչև Թեոդենին գերի չվերցնեն կամ չզոհվեն: –Եվ այնուամենայնիվ այգաբացը հույսի բանբերն է,– ասաց Արագորնը: –Իսկ ճի՞շտ են ասում, որ Հորնբուրգը երբեք թշնամիների ձեռքը չի ընկել և չի ընկնի, քանի նրա պաշտպանները ողջ են: –Այո, աշուղներն այդպես են երգում,– հաստատեց Էոմերը: –Դե ուրեմն մե՛նք էլ լինենք արժանի պաշտպաններ և չկորցնենք հույսը,– գոչեց Արագորնը: Նա դեռ չէր հասցրել ավարտել խոսքը, երբ նորից հնչեցին շեփորները: Կիրճը թնդաց պայթյունի որոտից, ներքևում փայլատակեց կրակը, և ծխի թանձր ամպ բարձրացավ երկինք: Պարիսպը փլվեց, և ազատություն ստացած ջուրը թշշալով ու փրփրելով դուրս վազեց պատի վրա առաջացած վիթխարի անցքից, որտեղ արդեն կուտակվել էին օրքերի սև հորդաները: –Անիծյալ Սարումանի կախարդա՛նքն է,– ճչաց Արագորնը,– մինչ մենք այստեղ զրուցում էինք, նրանք կրկին թափանցեցին խողովակի մեջ և Օրթհանքի կախարդական կրակով պայթեցրին պարիսպը: Էլե՜նդիլ, Էլե՜նդիլ,– և նա նետվեց ներքև: Այդ նույն ակնթարթին օրքերը կրկին սանդուղքներ մոտեցրին պարիսպներին և հարյուրներով սկսեցին մագլցել վեր: Վերջին գրոհը սև ալիքի պես սրբեց տարավ բոլոր նրանց, ովքեր դեռ մնացել էին պարիսպների վրա: Պաշտպանների մի մասը պայքարելով լուրաքանչյուր թիզի համար նահանջեց դեպի քարանձավները, իսկ մյուս մասը ապաստան գտավ ամրոցում: Կիրճից լայն սանդուղք էր բարձրանում դեպի Հորնբուրգի ետնամուտքի դարպասը: Առաջին աստիճանների վրա փայլատակող Անդրիլը ձեռքին կանգնած էր Արագորնը: Օրքերը սարսափով համակված չէին համարձակվում մոտենալ: Ռոհանցիները մեկիկ-մեկիկ դուրս ճանապարհ հարթելով թշնամու միջով հասնում էին ամրոցին և վազելով բարձրանում աստիճաններով վեր՝ դեպի դարպասը: Ամենավերին աստիճանների վրա մի ոտքի վրա ծնկի էր իջել Լեգոլասը: Նրա մոտ միայն մի նետ էր մնացել, և էլֆը աղեղը լարած ուշադիր հետևում էր օրքերի ամբոխին, պատրաստ նետահարելու յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր ոտք դնել աստիճաններին: –Բոլորն արդեն անվտանգ տեղում են, Արագո՛րն,– կանչեց նա: –Բարձրացիր դարպասի մոտ: Արագորնը շրջվեց ու վազեց վերև, բայց հոգնածությունը հաղթահարեց նրան և նա սայթաքեց: Օրքերը ուրախ ոռնոցով թաթերը առաջ պարզած նետվեցին նրա հետևից: Ամենաառաջինը մեռած ընկավ աստիճաններին. Լեգոլասի վերջին նետը մխրճվեց նրա կոկորդը: Մյուսները ցատկեցին նրա դիակի վրայով և շարունակեցին վեր բարձրանալ, բայց վերևից ինչ որ մեկը վիթխարի քար գլորեց, որը սրբեց տարավ բոլոր օրքերին և լցրեց կիրճը: Դարպասը շառաչյունով փակվեց Արագորնի հետևից: –Վատ են գործերը, բարեկամներս,– ճակատի քրտինքը մաքրելով ասաց նա: –Իրավացի ես,– պատասխանեց Լեգոլասը,– բայց դու մեզ հետ ես, և ամեն ինչ դեռ կորած չէ: Իսկ ու՞ր է Ջիմլին: –Չգիտեմ,– արձագանքեց Արագորնը: