–Լսելը լսում ենք,– արձագանքեց Էոմերը,- բայց նրանց բղավոցները իմ ականջին հասկանալի չեն և ավելի շատ գազանի ոռնոց են հիշեցնում, քան մարդու խոսք:
–Լեռնեցիները Դունլենդի լեզվով են բղավում, ասաց Գամլինգը: –Ես գիտեմ այդ լեզուն, թեև այն շատ հին է: Մի ժամանակ Մարկի արևմտյան հովիտներում ապրող բոլոր մարդիկ բոլորը այդ լեզվով էին խոսում: Ակա՛նջ դրեք: Նրանք խորը ատելություն են տածում մեր նկատմամբ և ուրախ են. կարծում են, որ մեր պարտությունն արդեն անխուսափելի է: Նրանք գոռում են. «Որտե՞ղ է ձեր թագավորը, թագավորին այստե՛ղ բերեք: Մա՛հ Ֆորգոյլներին, թող կորչե՛ն շիկամազները: Մա՛հ հյուսիսից եկած զավթիչներին»: Տեսնու՞մ եք ինչ անուններով են նրանք մեզ պատվում: Նրանք դեռ չեն մոռացել հին վիրավորանքը, երբ հինգ հարյուր տարի առաջ Գոնդորը ռոհանյան հարթավայրերը տվեց Էորլ Երիտասարդին և դաշինք կնքեց նրա հետ, ոչ թե դունլենդցիների: Իսկ Սարումանը բորբոքել է այդ հին վիրավորանքը, և հիմա կատաղած լեռնեցիներին հանգստացնել հնարավոր չէէլ չես հանգստացնի: Նրանք չեն նահանջի ոչ գիշերը, ոչ էլ ցերեկը, մինչև Թեոդենին գերի չվերցնեն կամ չզոհվեն:
–Եվ այնուամենայնիվ այգաբացը հույս է բերում,– ասաց Արագորնը: –Իսկ ճի՞շտ են ասում, որ Հորնբուրգը երբեք թշնամիների ձեռքը չի ընկել և չի ընկնի, քանի դեռ նրա պաշտպանները ողջ են:
–Դե ուրեմն մե՛նք էլ լինենք արժանի պաշտպաններ և չկորցնենք հույսը,– գոչեց Արագորնը:
Նա դեռ չէր հասցրել ավարտել խոսքը, երբ նորից հնչեցին շեփորները: Կիրճը թնդաց պայթյունի որոտից, . ներքևում փայլատակեց կրակը, և ծխի թանձր ամպ բարձրացավ երկինք: Պարիսպը փլվեց, և ազատություն ստացած ջուրը թշշալով ու փրփրելով դուրս վազեց պատի վրա առաջացած վիթխարի անցքից, որտեղ արդեն կուտակվել էին օրքերի սև հորդաները:
–Անիծյալ Սարումանի կախարդա՛նքն է,– ճչաց Արագորնը,– մինչ մենք այստեղ զրուցում էինք, նրանք կրկին թափանցեցին խողովակի մեջ և Օրթհանքի կախարդական կրակով պայթեցրին պարիսպը: Էլե՜նդիլ, Էլե՜նդիլ,– և նա նետվեց ներքև:
Այդ նույն ակնթարթին օրքերը կրկին սանդուղքներ մոտեցրին պարիսպներին և հարյուրներով սկսեցին մագլցել վերպատին: Վերջին գրոհը սև ալիքի պես սրբեց տարավ բոլոր նրանց, ովքեր դեռ մնացել էին պարիսպների վրա: Պաշտպանների մի մասը պայքարելով լուրաքանչյուր թիզի համար նահանջեց դեպի քարանձավները, իսկ մյուս մասը ապաստան գտավ ամրոցում: Կիրճից լայն սանդուղք էր բարձրանում դեպի Հորնբուրգի ետնամուտքի դարպասը: Առաջին աստիճանների վրա փայլատակող Անդրիլը ձեռքին կանգնած էր Արագորնը: Օրքերը սարսափով համակված չէին համարձակվում մոտենալ: Ռոհանցիները մեկիկ-մեկիկ դուրս ճանապարհ հարթելով թշնամու միջով հասնում էին ամրոցին և վազելով բարձրանում աստիճաններով վեր՝ դեպի դարպասը: Ամենավերին աստիճանների վրա մի ոտքի վրա ծնկի էր իջել Լեգոլասը: Նրա մոտ միայն մի նետ էր մնացել, և էլֆը աղեղը լարած ուշադիր հետևում էր օրքերի ամբոխին, պատրաստ նետահարելու յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր ոտք դնել աստիճաններին:
–Բոլորն արդեն անվտանգ տեղում են, Արագո՛րն,– կանչեց նա: –Բարձրացիր դարպասի մոտ: