–Իրավացի ես,– պատասխանեց Լեգոլասը,– բայց դու մեզ հետ ես, և ամեն ինչ դեռ կորած չէ: Իսկ ու՞ր է Ջիմլին:
–Չգիտեմ,– արձագանքեց Արագորնը: –Վերջին անգամ ես նրան տեսել եմ բակում՝ պարսպի մոտ, բայց հետո ես կորցրեցի նրան իմ տեսողությունից: –Վայ վայ վայ, վատ նորություններ են,– վշտացավ Լեգոլասը: –Ջիմլին ուժեղ և քաջարի մարտիկ է,– հանգստացրեց նրան Արագորնը: –Հուսանք նրան հաջողվել է նահանջել քարանձավներ: Այնտեղ ավելի անվտանգ է, քան այստեղ: Իսկ քարանձավներում թզուկներն իրենց զգում են ինչպես տանը: –Հուսանք,– հոգոց հանեց Լեգոլասը: –Բայց ես կնախընտրեի տեսնել նրան այստեղ, մեզ հետ: Իմիջայլոց կիմանար նաև, որ իմ հաշիվն արդեն հասել է երեսունիննի: –Եթե նա կարողանա ճեղքել օրքերի հորդան և հասնել քարանձավներին, ապա դու հաստատ պարտություն կկրես,– ծիծաղեց Արագորնը: –Երբեք մտքովս չէր անցնի, որ տապարով կարելի է այդպես հմտորեն աշխատել: –Գնամ նետեր փնտրեմ,– ասաց Լեգոլասը: –Ա՜խ, երբ է այս գիշերը վերջանալու: Ինձ ցերեկային լույս է հարկավոր ավելի լավ նշան բռնելու համար: Արագորնը գնաց աշտարակ: Այնտեղ նրան մտահոգիչ լուր հաղորդեցին. Էոմերը աշտարակում չէր: –Ոչ, նա այստեղ չի եկել,– նրա հարցին պատասխանեց վեսթֆոլդցի ռազմիկներից մեկը: –Վերջին անգամ ես նրան տեսել եմ Հելմի մուտքի մոտ: Նրա հետ մի քանի ռազմիկ կային, Գամլինգը և թզուկը: Բայց ինձ չհաջողվեց հասնել նրանց: Արագորնը բարձրացավ վերին սենյակները: Նեղ պատուհանի բացվածքում սևին էր տալիս թագավորի ուրվագիծը: Թեոդենը նայում էր ներքև՝ հովտին: –Ինչպե՞ս են գործերը, Արագորն,– հարցրեց նա: –Կիրճ պաշտպանող պարիսպը թշնամիների ձեռքին է, տիրակալ: Պաշտպանությունը ճեղքված է, բայց շատերին հաջողվեց նահանջել այստեղ՝ աշտարակ: –Իսկ Էոմե՞րը: –Ոչ, Էոմերը այստեղ չէ: Սակայն շատերը նահանջեցին դեպի քարաձավները, և ասում են, որ Էոմերն էլ է նրանց հետ եղել: Այնտեղ, որտեղ կիրճը նղանում է, նրանք կարող էին հետ շպրտել թշնամուն և թաքնվել քարանձավներում: Բայց երկար նրանք կդիմանան այնտեղ թե ոչ, չեմ կարող ասել: –Ամեն դեպքում մեզանից երկար կդիմանան: Այնտեղ բավականաչափ պարեն կա, և օդն էլ թարմ է. ժայռերի մեջ օդանցքներ կան փորված: Եթե մուտքը լավ հսկեն, ոչ ոք չի կարողանա թափանցել ներս, այնպես որ կարող ես հանգիստ լինել, նրանք երկար կդիմանան: –Օրքերին Օրթհանքում ինչ որ կախարդական զենքով են զինել,– ասաց Արագորնը,– կործանիչ կրակով, որը ոչնչացնում է իր ճանապարհին ամեն ինչ: Նրանք այդ կրակի օգնությամբ գրավեցին պարիսպը, այլապես մենք չէինք նահանջի: Եթե նույնիսկ թշնամիները չկարողանան թափանցել քարանձավներ, նրանք կպայթեցնեն մուտքերը և բոլորին կփակեն ներսում... Մի խոսքով ոչինչ չենք կարող անել, մեզ մնում է միայն մտածել ամրոցի պաշտպանության մասին: –Շունչս կտրվում է այս բանտում,– հոգոց հանեց թագավորը: –Եթե ես կարողանայի նժույգին հեծած, նիզակը ձեռքիս, դուրս գալ բաց դաշտ՝ հետևիցս տանելով իմ ռազմիկներին, գուցե նորից զգայի ճակատամարտի հաճույքը և փառավոր վերջաբանի արժանանայի: Իսկ այստեղ ես անզոր եմ: –Դու գտնվում ես Ռոհանի ամենաանառիկ ամրոցում,– հիշեցրեց Արագորնը: –Այստեղ մենք շատ ավելի լավ ենք պաշտպանված, քան Էդորասում կամ նույնիսկ լեռներում գտնվող Դունհորրոյի թաքսոցում: –Այո, Հորնբուրգը ոչ մի անգամ թշնամու ձեռքը չի ընկել,– ասաց Թեոդենը,- բայց այս անգամ ես դրանում համոզված չեմ: Աշխարհը փոխվում է, և դարավոր ամրոցները փոշիանում են աչքի առաջ: Եվ առհասարակ, ոչ մի ամրոց չի կարող դիմակայել այս կատաղած և ատելությամբ լցված հսկայական զորքին: Եթե իմանայի, որ Իզենգարդն այսքան հզորացել է, գուցե և չշտապեի ուժերս չափել Սարումանի հետ, ինչքան էլ որ կուրորեն հավատայի Գենդալֆի խոսքին: Հիմա նրա խորհուրդները այնքան էլ իմաստուն չեն թվում, որքան այն ժամանակ՝ Էդորասում, առավոտյան արևի շողերի ներքո: –Ժամանակից շուտ Գենդալֆի խորհուրդների մասին մի դատիր, տիրակա՛լ,– առարկեց Արագորնը: Վերջը մոտ է,– ասաց Թեոդենը: –Բայց ես չեմ ուզում մնալ այստեղ և սպասել մահվան, ինչպես ծուղակն ընկած ծեր փորսուղը: Սպիտակաբաշը, Խասուֆելը և իմ թիկնազորի մյուս նժույգները բակում մեզ են սպասում: Լուսադեմին ես կհրամայեմ կփչել Հելմի եղջերափողը և կարշավեմ թշնամուն ընդառաջ: Դու կարշավե՞ս ինձ հետ, Արաթհորնի որդի: Գուցե դեռ մեզ հաճողվի ճեղքել նրանց պաշտպանությունը և դուրս գալ պաշարումից, իսկ եթե ոչ, կզոհվենք մարտում և կարժանանաքնք երգի, եթե իհարկե մինչ այդժամ կլինի ինչ որ մեկը, որ երգի մեր մասին... –Ես կարշավեմ քեզ հետ, Թագավոր,– պատասխանեց Արագորնը: