–Ինչպե՞ս են գործերը, Արագորն,– հարցրեց նա:
–Կիրճ –Կիրճը պաշտպանող պարիսպը թշնամիների ձեռքին է, տիրակալ: Պաշտպանությունը ճեղքված է, բայց շատերին հաջողվեց նահանջել այստեղ՝ աշտարակ:
–Իսկ Էոմե՞րը:
–Ես կարշավեմ քեզ հետ, Թագավոր,– պատասխանեց Արագորնը:
Բաժանվելով Թեոդենից նա դուրս եկավ ամրոցից, բարձրացավ արտաքին պատի վրա և ամրոցի շուրջը պտույտ կատարելով հանգստացրեց ռազմիկներին, օգնելով նրանց հետ մղել ամենակատաղի գրոհները: Լեգոլասը հետ չէր մնում նրանից: Ներքևում ժամանակ առ ժամանակ խլացուցիչ որոտով կրակ էր բռնկվում, և ժայռերը ցնցվում էին ուժգին պայթյուններից: Օրքերը կրկին ու կրկին պատերին էին նետում կեռմաններով պարանները, մոտեցնում սանդուղքները, կրկին ու կրկին փորձում մագլցել պատի վրա, իսկ ռոհանցիները ցած էին նետում նրանց, և այդպես անվերջ... Հայտնվելով գլխավոր դարպասի գլխին, Արագորնը ուշադրություն չդարձնելով նետերի և տեգերի անձրևին, կանգ առավ և նայեց հեռուն: Արևելքում երկինքը փոքր ինչ գունատվել էր, լուսաբացը սկսվում էր:
Արագորնը ձեռքի ափը առաջ պարզած բարձրացրեց ձեռքը, ի նշան բանակցությունների:
–Իջիր ցա՛ծ, արի այստե՛ղ, ծաղրանքով ոռնացին օրքերը,– եթե ուզում ես բանակցել իջիր մեզ մո՛տ: Եվ չմոռանաս հետդ բերել թագավորին: Մենք Ուրուկ հայ անպարտելի մարտիկներ ենք, և միևնույնն է դուրս կհրավիրենք քո տիրակալիկին իր որջից: Ավելի լավ է իր կամքով գա: Դե շուտ արա, բե՛ր թագավորին, թաքնվելը նրան չի՛ փրկի:
–Թագավորն ինքն է որոշում դուրս գա, թե մնա ամրոցում,– պատասխանեց Արագորնը:
–Եթե այդպես է դու՞ ինչու ես ցատկել այդտեղ: Քեզ ի՞նչ է պետք: Ուզում ես հաշվել որքան ենք մենք մանցե՞լ: Մենք՝ Ուրուկ հա՛յ ենք, մեզ թիվ ու քանակ չկա՛:
–Ես դուրս եմ եկել լուսաբացը դիմավորելու,– ասաց Արագորը:
–Իսկ մեզ ի՞նչ քո լուսաբացը: Մենք Ուրուկ հա՛յ ենք, մենք կռվում ենք և ցերեկը, և գիշերը, մեզ ոչ արևն է վախեցնում, ոչ էլ ամպրոպը: Մենք եկել ենք սպանելու, և կարևոր չէ արևն է երկնքում կախված, թե լուսինը: Ինչի՞դ է պետք լուսաբացը:
–Չես կարող իմանալ, թե ինչ կբերի նոր օրն իր հետ,– պատասխանեց Արագորնը: –Ավելի լավ է քանի շուտ է հեռացեք այստեղից, թե չէ մեկ էլ տեսար ճակատագիրը թիկունք դարձրեց ձեզ:
–Իջիր պատի վրայից թե չէ կնետահարե՛նք,– գոռացին ի պատասխան: –Բանակցողի՛ս նայեք: Ասելիք չունես, ուղղակի ժամանակ ես ձգում, կորի՛ր:
–Եվ այնուամենայնիվ ես ձեզ ինչ որ բան կասեմ,– հանգիստ ասաց Արագորնը: –Մինչև հիմա դեռ ոչ մեկին չի հաջողվել գրոհով վերցնել այս բերդը: Հեռացեք: Եթե ոչ, գթության չսպասեք: Ձեզանից ոչ մեկը այստեղից ողջ չի հեռանալու, նույնիսկ սուրհանդակ չի մնալու, որ պատմի թե ինչ կատարվեց: Դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, թե ինչ է ձեզ սպասվում: