=== Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ ===
Այդպես գարնանային պարզկա առավոտյան Հելմյան կանաչ մարգագետնում կրկին հանդիպեցին Թեոդեն արքան և Սպիտակ Ձիավորը: Նրանց հետ էին նաև Արագորնը՝ Արաթհորնի որդին, էլֆ արքայազն Լեգոլասը, Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդը և Ոսկեզօծ ապարանքի մյուս բարձրաստիճան իշխանները, իսկ նրանց շուրջը հավաքվել էին Ռոհիրրիմները՝ Ռոհանի հեծյալները: Բայց զարմանք ավելին էր, քան ուրախությունը, և բոլորն ակամա հայցքներն ուղղեցին կախարդական անտառի ուղղությամբ:
Հանկարծակի հաղթական ճիչեր լսվեցին, և Հելմյան կիրճից երևացին քարանձավներից դուրս եկած ռազմիկները, որոնց հետ էին նաև ծեր Գամլինգը, Էոմունդի որդի Էոմերը և թզուկ Ջիմլին: Ջիմլիի գլխին սաղավարտ չկար, իսկ գլուխը փաթաթված էր արյունոտ լաթի կտորով, բայց ձայնն առաջվա պես հնչում էր առույգ ու բարձր:
–Քառասուներկու, թանկագին ընկեր Լեգոլաս,– դեռ հեռվից ձայնեց նա: Ավա՛ղ, իմ տապարի սայրը բթացել է, վերջին օրքը պողպատյա օձիք ուներ:
–Դու ինձանից մեկով առաջ ես անցել,– արձագանքեց Լեգոլասը,– բայց ես չեմ տխրում: Կարևորը դու ողջ ես կարողանում ես ոտքի վրա կանգնած մնալ:
–Ողջու՛յն իմ քրոջ որդի,– գոչեց Թեոդենը,– ուրախ եմ քեզ ողջ և անվնաս տեսնել:
–Քե՛զ էլ ողջույն Ռոհիրրիմների՛ թագավոր,– պատասխանեց Էոմերը խոնարհվելով: –Ինչպես տեսնում ես գիշերը վերջացավ և եկավ նոր օրը: Թեպետ այն իր հետ բավականին տարօրինակ բաներ բերեց:
Նա կրկին շրջվեց և զարմացած հայացքով նայեց անտառին, ապա Գենդալֆին: