Հանկարծակի բլրի կատարին, ասես մի աստղ ծագող արևի շողերի ներքո, երևաց փայլատակող սպիտակ հագուստով հեծյալը: Հնչեցին եղջերափողերը: Սպիտակ ձիավորի հետևում բուսնեցին հազարից ավելի հետյոտն ռազմիկներ, և այդ հազարանոց զորքը մերկացրած սրերով գահավիժեց լանջն ի վար: Զորքի առջևից սլանում էր բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով, կարմիր վահանը ձեռքին զորեղ մի դյուցազն:
–Է՛րքենբրանդ,– միաձայն գոռացին հեծյալներըռոհանցիները,– Է՛րքենբրանդ:
–Տեսե՛ք, Սպիտակ Ձիավո՛րը,– բացականչեց Արագորնը,– Գենդալֆը մեզ հե՛տ է կրկին:
–Միթրանդի՛ր, Միթրանդի՛ր,– Արագորնին միացավ Լեգոլասը: –Այ սա իսկապես կախարդա՜նք է: Արա՛գ, ես ուզում եմ տեսնել այդ անտառը, քանի դեռ կախարդանքը չի ցրվել:
Իզենգարդի հրոսակները ոռնալով ու ղժժալով գալարվում էին երկու կրակի արանքում: Աշտարակից կրկին հնչեց եղջերափողի ձայնը և թագավորի հեծելազորը անցնելով հողապատնեշի անցումը քառատրոփ արշավով սլացավ հարձակման: Բլուրների լանջերից հեղեղի պես ցած էին գահավիժում Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդի ռազմիկները, իսկ առջևից՝ ինչպես թեթևոտն եղնիկը, սմբակներով հազիվ դիպչելով գետնին լանջի վրայով թռչում էր Լուսաչը: Սպիտակ Ձիավորի ահեղ տեսքից թշնամիները վերջնականապես խելագարվեցին: Լեռնեցիները գլուխները կորցրած բերանքսիվայր փռվեցին գետնին, օրքերը ղժժալով ցած գցեցին նիզակներն ու դաշույնները և իրար գլուխ ջարդելով փախուստի դիմեցին: Անհամար զորքը աչքի առաջ ցրվում էր, ինչպես քամուց քշվող սև ծխի ամպը: Սարսափից խելագարված օրքերը փրկություն որոնելով թաքնվեցին ծառերի տակ՝ մթին անտառի մռայլ խավարում, բայց այնտեղից դուրս գալ այլևս նրանցից ոչ մեկին այլևս չհաջողվեց:
=== Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ ===