Պարապ ընթերցող, դու առանց երդումների կկարողանաս հավատալ ինձ, թե ինչպես եմ ուզում, որ այս գիրքը՝ իմ բանականության զավակը, <ref>Սերվամտեսը «Դոն Կիխոտը» գրելու միտքը հղացել է բանտում եղած ժամանակ</ref> լինի ամենասքանչելին, նրբագեղը և խելացին այն բոլոր գրքերից, ինչպիսիք կարելի է պատկերացնել։ Բայց ես չէի կարող խախտել բնության օրենքը, ըստ որի ամեն արարած ծնում է իր նմանին։ Ուստի և, ուրիշ ի՞նչ կարող էր ծնել իմ անպտուղ և անմշակ խելքը, եթե ոչ մի պատմվածք՝ նիհար, չորացած, տարօրինակ և դեռ երբեք ոչ ոքի գլխով չանցած զանազան մտքերով լի մի հերոսի մասին։ Քանի որ մի՞թե կարող է ուրիշ տեսակ լինել բանտում ծնված էակը, ուր ամենայն կեղեքում ապաստան է գտնում և ուր իրեն հանգրվան է ընտրել վշտի ամեն մի հնչյուն։ Լռությունը, խաղաղ վայրը, պայծառ երկինքը, առուների խոխոջը, հոգու անդորությունը՝ ահա ինչն է օգնում ամենաանպտուղ մուսաներին դառնալ արգասավոր և լույս աշխարհ բերել այնպիսի սերունդ, որը աշխարհը լցնում է հիացմունքով ու զարմանքով։ Պատահում է, որ հայրն ունենում է այլանդակ և անճոռնի որդի, բայց հայրական սերը կապում է նրա աչքերը, և նա ոչ միայն չի նկատում որդու թերությունները, դեռ ավելին, համարում է դրանք խելքի ու նրբագեղության նշան և դրանց մասին պատմում է իր բարեկամներին որպես սրամտության ու նրբության դրսևորման մասին։ Իսկ ես միայն թվում եմ դոն Կիխոտի հայրը, բայց իրականում նրա խորթ հայրն եմ, և չեմ ուզում լողալ ուրիշների ետևից հոսանքի ուղղությամբ և նրանց պես աղերսել քեզ, թանկագին ընթերցող, համարյա արցունքն աչքերիս, որպեսզի ներես որդուս թերությունները, կամ այնպես ձևացնես, թե չես նկատում դրանք․ չէ՞ որ դու նրան ո՛չ ազգականես, ո՛չ բարեկամ, մարմնիդ մեջ քո ազատ կամքը ավելի վատ չէ, քան մեզանից որևէ մեկինը, դու նստած ես քո տանը, իսկ տանդ դու նույնպիսի տեր ես, ինչպես թագավորն իր գանձարանում, և դու գիտես, թե ինչ է ասում առածը․ «Իմ թիկնոցի տակ ես թագավորին էլ կսպանեմ»։ Այդ բոլորը քեզ փրկում ու ազատում է ամեն տեսակ աչառությունից ու պարտավորություններից, և այս պատմության մասին դու կարող ես ասել այն ամենը, ինչ մտքովդ անցնի, չվախենալով, որ քեզ կդատապարտեն, եթե վատ արտահայտվես դրա մասին, կամ կպարգևատրեն, եթե գովաբաես։
Ես միայն կուզենայի այդ պատմությունը քո ուշադրությանն առաջարկել մաքուր ու մերկ ձևով, առանց պճնազարդելու ոչ նախաբանով, ոչ սովորական սոնետների, էպիզոդների ու ներբողական խոսքերի անվերջանալի շղթայով, որ ընդունված է զետեղել գրքի սկզբում։ Որովհետև պետք է ասեմ քեզ, որ շատ ջանք եմ դրել այս գիրքը գրելիս, բայց ինձ համար ամենադժվարը այս առաջաբանը գրելն էր, որն այժմ կարդում ես։ Շատ անգամ եմ գրիչը ձեռքս առել գրելու համար և նետել, որովհետև չեմ իմացել, թե ինչ գրեմ, և ահա մի անգամ, երբ մի թերթ թուղթ առաջիս, գրիչը ականջիս ետև, արմունկս սեղանին դրած և ձեռքս այտիս հենած, անվճռական վիճակում նստած էի, պատահաբար ինձ մոտ եկավ իմ բարեկամը, սրամիտ ու խոհեմ մի մարդ և, տեսնելով, որ ես մտորմունքի մեջ եմ, հարցրեց, թե ինչումն է բանը։ Ես բացատրեցի նրան և ասացի, որ խորհում եմ Դոն Կիխոտի պատմության նախաբանը, և դա ինձ այնպես է դժվարացնում, որ չեմ ուզում գրել այդ, դեռ ավելին, չեմ ուզում լույս ընծայել այնքան ազնիվ ասպետի սխրագործությունների պատմությունը։
― Բայց ինչպե՞ս եք ուզում դուք, որ ինձ չվարանեցնի ժողովուրդ կոչվող հին օրենսգրի դատավճիռը, երբ նա տեսնի, որ այնքա՜ն տարիներ մոռացման անդորրի մեջ քնելուց հետո հանկարծ նորից հանդես եմ գալիս տարիքիս բեռան տակ կքած, և նրան մատուցում եմ մի երկ փետրախոտի պես չոր, երևակայությամբ աղքատ, ոճից զուրկ, սակավամիտ, հեռու ամենայն գիտությունից ու հմտությունից, առանց լուսանցագրությունների և գրքի վերջում առանց ծանոթագրությունների, երբ ես գիտեմ, որ հիմա բոլոր գրքերը, նույնիսկ պատմողական և աշխարհիկ, լեփ֊լեցուն են Արիստոտելի, Պլատոնի և փիլիսոփաների ողջ ոհմակի ասույթներով, որի շնորհիվ հիացած ընթերցողները այդ գրքերի հեղինակներին համարում են կարդացած, կրթված և պերճախոս մարդիկ։ Այդ դեռ քիչ է, նրանք մեջբերումներ են անում նաև սուրբ Գրքի՜ց։ Իրավ, նրանց կարելի է սուրբ Թովմասի կամ եկեղեցու մյուս ուսուցիչների տեղը դնել, և ընդմին նրանք այնպես նրբորեն են պահպանում պատշաճավորությունը, որ մի էջի վրա պատկերելով որևէ անառակ սիրեկանի, մյուս էջի վրա անմիջապես հրամցնում են ձեզ քրիստոնեական մի խրատ, որը լսելն ու կարդալը մի սփոփանք և ուրախություն է։ Այդ ամենը չկան իմ գրքում, որովհետև ոչինչ չկա լուսանցագրելու, ոչինչ չկա վերջում՝ ծանոթագրություններում զետեղելու, և ես նույնիսկ չգիտեմ էլ, թե որ հեղինակներին եմ հետևել իմ պատմվածքի մեջ, այնպես որ ի վիճակի չեմ գրքիս սկզբում, ըստ ընդունված սովորության, բերել անվանացուցակ այբբենական կարգով, սկսած Արիստոտելից և վերջացրած Քսենոֆոնտով, Զոիլով և Զևքսիսով, <ref>Զոիլ ― հունական գրող մ․թ․ա․ IV-IIIդարերում․ իր սուր քննադատության պատճառով կոչվել է «Հոմերոսի պատուհաս» և «ճարտասանության շուն»։ Զևքսիս ― հունական նկարիչ V-IV մ․թ․ա․։ Մահվանից հետո Զևքսիսը ոչ մի աշխատանք չի թողել, այդ պատճառով էլ պարզ չէ, թե Սերվանտեսը սխալմա՞մբ է նրան դասում «հեղինակությունների» շարքում, թե՞ կատակով։</ref> առանց ուշադրություն դարձնելու այն բանին, որ նրանցից մեկը չարախոս շաղակրատի մեկն է, իսկ մյուսը՝ նկարիչ։ Նմանապես իմ գրքի սկզբում չեն լինի սոնետներ, համենայն դեպս սոնետներ՝ գրված հերցոգների, մարկիզների, կոմսերի, եպիսկոպոսների, տիկնանց կամ ամենանշանավոր պոետների կողմից։ Ճիշտ է, եթե ես խնդրեի իմ երկու֊երեք արհեստավոր֊բարեկամներիս, նրանք իհարկե կգրեին սոնետներ և ընդ որում այնպիսիները, որ նրանց հետ չէին մրցի Իսպանիայի ամենաանվանի պոետների բանաստեղծությունները։ Մի խոսքով, սինյոր և բարեկամս, ― շարունակեցի ես, ― ես որոշել եմ, որ սինյոր Դոն Կիխոտը թաղված մնա լամանչյան արխիվներում այնքան ժամանակ, մինչև երկինքը չուղարկի այն հեղինակին, որը կլրացնի նրան պակասող բոլոր պաճուճանքը, իսկ ես տաղանդի նվազության և կրթության պակասության պատճառով ինձ անընդունակ եմ համարում այդ բանն անելու․ բացի այդ, ես բնությունից անբան և ծույլ մարդ եմ և հակամետ չեմ հեղինակներ որոնել ու խնդրել նրանց, որ ասեն այն, ինչ որ ինքս հրաշալիորեն կարող եմ ասել առանց նրանց օգնության էլ։ Ահա թե ինչու դուք ինձ գտաք վարանման և խորը մտածմունքի մեջ․ այն ամենը, ինչ որ ձեզ հենց նոր պատմեցի, բավարար պատճառ են դրա համար։
Ունկնդրելով ինձ, բարեկամս ձեռքը խփեց իր ճակատին և, բարձրաձայն ծիծաղելով, ասաց․
Դրան ի պատասխան, նա արտասանեց․
― Ամենից առաջ ձեզ կանգնեցնում է այն, որ ձեր գրքի սկզբի համար պակասում են բարձրաստիճան և տիտղոսավոր անձանց կողմից գրված սոնետներ, էպիզոդներ և ներբողական խոսքե՞ր։ Այդ չարիքին դուք հեշտությամբ կարող եք օգնել, հանձն առնելով դրանք անձամբ գրելու դժվարությունը, իսկ հետո կմկրտեք դրանք և կպարգևեք ինչպիսի անուններ ուզենաք, վերագրելով դրանք թեկուզ Հովաննես Հնդկացի երեցին, <ref>Հովհաննես երեց ― Հնդկաստանի մարզերից մեկի քրիստոնեական հեքիաթային իշխան, որի մասին եղած առասպելը մեծ ժողովրդականություն է վայելել միջին դարերում։</ref> կամ Տրապիզոնի կայսեր, որոնց մասին ես գիտեմ, պահպանվել են հիշատակություններ այն մասին, որ նրանք եղել են նշանավոր բանաստեղծներ․ իսկ եթե նրանք բանաստեղծներ չեն եղել և կգտնվի որևէ պեդանտ կամ բակալավր, որ կսկսի խոցել ձեզ ետևից ու ֆշշացնել, որ դա ճիշտ չէ, ապա այդ բոլորին մի կոտրած գրոշ էլ միք տա, չէ՞որ եթե նույնիսկ ձեզ բռնեն էլ ստախոսության մեջ, միևնույն է, չեն կտրի այն ձեռքը, որ գրել է դա։
Ինչ վերաբերում է լուսանցքներում գրքերից ու հեղինակներից կատարած մեջբերումներին, որոնցից փոխ եք առել խրատներն ու ասացվածները ձեր պատմվածքի համար, ապա ահա թե ինչ արեք․ հարմար տեղերում դրեք որևէ խրատ կամ առած, որոնք անգիր գիտեք, կամ գոնե առանց մեծ դժվարության կարող եք որոնել֊գտնել․ այսպես օրինակ, խոսելով ազատության և ստրկության մասին, մեջ բերեք․