Մինչդեռ նրա զենքն ու զրահն էին հանում (իսկ ինքը երևակայում էր, թե այդ թրև եկող կանայք ազնվազարմ տիկիններ են, որ բնակվում են այս դղյակում), նա մեծ նրբությամբ արտասանում էր՝
<poem>
Ոչ մի ասպետ իշխանազուն
Չի տոչորել տիկիններին՝
Դոն Կիխոտի պես տակավին։
Ծառայում են նրան կույսեր, իսկ նժույգին՝ կոմսուհիներ։
</poem>
Այսինքն՝ Ռոսինանտին, որովհետև այդ անունն է կրում իմ երիվարը, տիկիններ, իսկ դոն Կիխոտ Լամանչեցին ― իմ անունն է, որ ես չպիտի բաց անեի, քանի որ ձեր ծառայության և իմ փառքի համար դեռ չեմ կատարել այն սխրագործությունները, որ իմ անունս հայտնի դարձնեն։ Սակայն Լանսելոտի այս հին ռոմանը մտաբերելու առիթը պատճառ եղավ, որ ժամանակից առաջ հայտնեմ ձեզ անունս։ Ասենք, կգա ժամանակ, դուք ինձ կհրամայեք, իսկ ես ձեզ կհնազանդեմ, և իմ ձեռքի զորությունը կվկայի, թե որքան վառ է իմ մեջ ձեզ ծառայելու ցանկությունը։