― Ինչ էլ ինձ առաջարկելու լինեք, սինյոր ամրոցատեր, ես ամեն բանից գոհ կմնամ, որովհետև ինչպես ասվում է՝
<poem>
Իմ զգեստը զենք ու զրահն է միայն,
Իմ հանգիստը ճակատամարտն է դաժան։
</poem>
Պանդոկապետը կարծեց, թե դոն Կիխոտը նրան ամրոցատեր անվանեց, ազնիվ կաստիլիացու տեղ ընդունելով (մինչդեռ իրոք նա անդալուզցի էր, Սանլո՛ւկարի ծովափից և գողունակության կողմից կարող էր մրցել Կակի հետ, իսկ խարդախության կողմից՝ ամեն մի դպրոցականի կամ ծառայի հետ), ուստի և պատասխանեց այսպես․