Մի խոսքով մեր կաբալյերոն այնքան ընթերցամոլ դարձավ, որ ցերեկը կարդում էր արևածագից մինչև մթնշաղ և գիշերը՝ մթնշաղից մինչև արևածագ։ Եվ ահա անքնությունից և անչափ ընթերցանությունից նրա ուղեղը չորացավ, և նա հասավ խելագարության։ Նրա երևակայությունը լցվեց պատմություններով, որ նա կարդացել էր գրքերում՝ կախարդությամբ, գժտություններով, մարտերով, մենամարտի հրավերներով, վերքերով, քնքուշ ճառերով, սիրային տեսակցություններով, սրտի տվայտանքով և այլ անհնարին դատարկ բաներով։ Նա այն աստիճան մտցրել էր իր գլուխը, թե գրքի ճռճռան և անմիտ հերյուրանքի այդ ողջ կույտը ― զուտ ճշմարտություն է, որ աշխարհիս երեսին և ոչ մի բան նրան ավելի ստույգ չէր թվում, քան այդ պատմությունները։ Նա համաձայնում էր, որ Սիդ Ռուի Դիասը անտարակույս ականավոր ասպետ է եղել, բայց ավելացնում էր, որ նա ո՜ւր, բոցավառ թրի ասպետն ո՜ւր, որը մեկ հարվածով կտրեց֊կիսեց երկու հզոր, հրեշավոր հսկաների։ Նա ավելի էր գնահատում Բեռնարդ դե Կարպիոյին, որովհետև վերջինս Ռոնսևալի կիրճում սպանեց կախարդված Ռոլանդին՝ օգտվելով Հերկուլեսի խորամանկությունից, որ իր գրկում խեղդեց Երկրի որդուն՝ Անթեյին։ Մեծ գովասանքով էր խոսում նա հսկա Մորգանթի մասին, որը, թեպետ հսկաների ցեղից էր ― գոռոզ և հանդուգն էակներից ― այնուամենայնիվ իրեն սիրալիր և կիրթ պահեց։ Սակայն ոչ ոքի նա այնքան հավանություն չէր տալիս, որքան Ռեյլանդո Մոնտալբանացուն։ Նրան առանձնապես դուր էր գալիս, որ սա, դուրս գալով իր դղյակից, կողոպտում էր անցորդներին, որ նրա ձեռքն էին ընկնում, կամ անդրծովյան երկրից հափշտակում էր Մոհամմեդի բագինը, որ ըստ պատմության, զուտ ոսկուց է։ Իսկ դավաճան Գանելոնին մի լավ ծեծ կերցնելու իրավունքի համար նա սիրով կտար իր տնտեսուհուն, վրան էլ՝ քրոջ աղջկան։ Վերջապես միանգամայն ցնդելով, նա այնպիսի տարօրինակ միտք հղացավ, որ դեռևս երբեք աշխարհիս ոչ մի խելագարի գլխում չէր ծագել, այսինքն՝ թե վայել է, նույնիսկ անհրաժեշտ, որ նույնքան իր սեփական փառքի, որքան և հայրենի երկրի շահի համար թափառական ասպետ դառնա, սպառազինվի, ձի հեծնի և գնա աշխարհիս երեսին արկածներ որոնելու, մի խոսքով անելու այն ամենը, որ վեպերում սովորաբար անում են թափառական ասպետները՝ վերականգնի ոտնակոխ ճշմարտությունը, ենթարկվի զանազան պատահականությունների և վտանգների, որ այդպիսով անմահացնի ու փառաբանի իր անունը։ Խեղճը երևակայում էր, թե ի պարգև իր խիզախ գործերի, արդեն օծված է առնվազն Տրապիզոնի թագավորության թագով։ Այս ուրախ անուրջների մեջ սուզված և տարվելով անսովոր վայելքից, որ բերում էին այդ անուրջները, նա աճապարեց իր մտադրությունը գործադրության մեջ դնելու։ Նախ և առաջ նա մաքրեց զենք ու զրահը, որ պատկանելիս է եղել իր նախնիներին և դարերով ընկած լինելով ինչ֊որ անկյունում երեսն ի վայր, ժանգոտել ու բորբոսնել էր։ Նա, ինչքան կարող էր, լավ մաքրեց և նորոգեց, բայց հանկարծ նկատեց, որ մի շատ կարևոր բան պակաս է՝ սաղավարտը առանց երեսկալի էր։ Սակայն այստեղ նրան օգնության հասավ հնարագիտությունը․ նա ստվարաթղթից երեսկալ շինեց ու կպցրեց և դուրս եկավ փակ սաղավարտի պես մի բան։ Չենք ծածկի, որ մեր հիդալգոն ցանկացավ փորձել նրա ամրությունը և պարզել, կարո՞ղ է նա արդյոք դիմանալ մարտում․ այդ նպատակով նա դուրս քաշեց թուրը, երկու հարված հասցրեց և մեկ րոպեում առաջին իսկ հարվածով ոչնչացրեց ամբողջ շաբաթվա աշխատանքը։ Նրան դուր չեկավ, որ սաղավարտը հեշտությամբ կտոր֊կտոր եղավ և նման վտանգից իրեն ապահովելու համար նա նորից շինեց, մեջը երկաթե կտորներ դնելով, այնպես որ վերջ ի վերջո գոհ մնաց ամրությունից և ավելորդ համարելով այլևս փորձելը, հավանություն տվեց իր գործին և ինքն իրեն համոզեց, որ դա իսկական սաղավարտ է, նուրբ գործած, երեսկալով։
Ապա նա քննության ենթարկեց իր քնձռոտ ձին, և թեև նա ավելի հիվանդություն ուներ, քան ռեալը՝ կուարտո<ref>Ռեալ ― մանր դրամ, պարունակում էր 4 իսկ հետագայում 8 կուարտո։</ref> և ավելի արատ, քան Գոնելլի<ref>Գոնելլս ― հերցոգ Բորսո Ֆերրարացու (XVդար) հռչակավոր ծաղրածուն․ բազմաթիվ մասսայականացած անեկդոտների հերոս, որոնք հետագայում ժողովվել են «Buffoneri del Connela» գրքում (Վենետիկ, 1568 թ․)։</ref> ձին, որ tantum pellis et ossa fuit,<ref>Սոսկ կաշին և ոսկորները</ref> այնուհանդերձ նա համոզված էր, որ իր ձիուն ոչ Ալեքսանդրի Բուցեֆալոն կհասնի, ոչ էլ Սիդի Բաբյեկան։ Չորս օր նա մտմտում էր, թե ինչ անուն տա նրան, որովհետև խորհում էր նա ինքն իրեն, անարդարացի կլինի, որ այսքան հռչակավոր ասպետի այսչափ լավ մի ձի ― երևելի անուն չունենա։ Ուստի նա կամեցավ նրան այնպիսի անուն տալ, որ հենց անունից հասկացվեր, թե ինչ է եղել նա նախքան թափառական ասպետի ձին դառնալը և ինչ է դառել ապա։ Նա խորապես համոզված էր, որ եթե տերը փոխում է իր արհեստը, ուրեմն ձին էլ պիտի փոխի իր անունը և նոր, փառավոր, հնչալուր անուն ստանա, որ համապատասպանի իր տիրոջ նոր աստիճանին ու դիրքին։ Երկար նա զանազան անուններ էր հնարում, խոտանում, դեն գցում, դարձյալ հնարում, մերժում և նորից լարում էր հիշողությունն ու երևակայությունը, մինչև որ կանգ առավ Ռոսինանտ անվան վրա, որ նրան թվաց վեհ, հնչեղ և արտահայտիչ։ Այդ անունը ցույց էր տալիս, որ առաջ նրա ձին հասարակ քնձռոտ մի ձի է եղել, իսկ հիմա աշխարհիս առաջին ձին է դառել և բոլորի առաջը տվել է։<ref>Չթարգմանվող բառախաղ․ Rosinantes բառը դոն Կիխոտը բաժանում է երկու բառերի՝ rocin ― յաբու և antes ― առաջ կամ առջևից։</ref>
Ձիուն այսքան հաջող անուն տալուց հետո նա վճռեց, որ հիմա պետք է իրեն համար անուն հորինի։ Այս մտմտուքի մեջ մի շաբաթ անց կացավ, սակայն վերջապես նա գտավ՝ դոն Կիխոտ։ Ահա թե ինչու այս ճշմարտապատում պատմության հեղինակները, ինչպես արդեն ասված էր, համարում են, որ մեր հիդալգոյի անունը, անտարակույս, Կիխադա և ոչ թե Կիսադա է եղել, ինչպես պնդում են ոմանք։ Սակայն մտաբերելով, որ արի Ամադիսը իրեն համար բավական չհամարեց պարզապես Ամադիս կոչվելը, այլ այդ անվանը կցեց իր հայրենիքի և թագավորության անունը, որպեսզի նրանց փառաբանած լինի և կոչվեց Ամադիս Գաղղիացի, մեր բարի կաբալյերոն էլ որոշեց իր անվանը կցել իր ծննդավայրի անունը և կոչվել դոն Կիխոտ Լամանչեցի։ Այսպիսով ամենքի համար պարզ էր դառնում, թե նա ինչ ազգուտակից է, որով պատիվ էր անում իր հայրենիքին, նրա անունը ― իր մականունը դարձնելով։