― Մտքովս էլ չի անցնի, տեր իմ, ― պատասխանեց Սանչոն, ― մանավանդ որ ես այնպիսի հզոր տեր ունեմ, ինչպես ձերդ ողորմածությունն է՝ անշուշտ դուք կնվիրեք ինձ այն, ինչ որ ինձ ավելի հարմար ու հաճելի լինի։
==Գլուխ VIII==
Փառավոր հաղթանակի մասին, որ տարավ արի դոն Կիխոտը սարսափելի և աներևակայելի արկածում քամաղացների դեմ, ինչպես և այլ անցքերի մասին, որ արժանի են հաճելի հիշատակության։
Այստեղ նրանք տեսան երեսուն թե քառասուն քամաղաց՝ կանգնած դաշտի մեջ։ Նկատելով նրանց՝ դոն Կիխոտն ասաց իր զինակրին․
― Բարի բախտը ավելի լավ է ղեկավարում մեր գործերը, քան մենք կարող էինք ցանկանալ։ Այն կողմը նայիր, Սանչո Պանսա բարեկամ, տեսնո՞ւմ ես, այնտեղ երեսուն ահեղ հսկաներ, գուցե էլ ավելի։ Իսկույն ես կմարտնչեմ նրանց դեմ և կկոտորեմ բոլորին, մինչև վերջինը։ Այս ավարը կդառնա մեր հարստության սկիզբը, որովհետև այս մարտն արդար է և հաճո Աստծուն, որ սույն չար սերմը վերացած լինի աշխարհի երեսից։
― Ի՞նչ հսկաներ են որ, ― հարցրեց Սանչո Պանսան։
― Այն, որ քո առջև են, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Տեսնո՞ւմ ես, ինչ ահագին ձեռներ ունեն։ Ոմանց ձեռների երկարությունը գրեթե երկու մղոն է։
― Հավատացեք, ձերդ ողորմածություն, ա՛յն, ինչ այստեղ երևում է, իսկի էլ հսկաներ չեն, այլ քամաղացներ, իսկ ա՛յն, ինչ դուք ձեռների տեղ եք դնում, թևեր են, որ պտույտ են գալիս քամուց և պտտացնում ջաղացքարերը։
― Իսկույն երևում է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ արկածների գործում դու դեռ սկսնակ ես։ Այդ ― հսկաներ են։ Եթե դու վախենում ես, ապա մի կողմ քաշվիր և աղոթք ասա, իսկ ես այդ միջոցին կմտնեմ դժնակ և անհավասար մարտի մեջ նրանց դեմ։
Այս խոսքերով նա խթանեց Ռոսինանտի կողերը, առանց Սանչոյի ճիչերին ուշ դարձնելու, որ հավատանցում էր նրան, որ անտարակույս նա ոչ թե հսկաների վրա կհարձակվի, այլ քամաղացների վրա։ Դոն Կիխոտը, հաստատ համոզված լինելով, որ իր առջև հսկաներ են, ականջ չդրեց իր զինակիր Սանչոյի ճիչերին և չճանաչեց ջրաղացները, չնայած որ սրանք բոլորովին մոտիկ էին։ Նա թռչում է առաջ՝ բարձրաձայն բացականչելով․
― Մի՛ք փախչի, վատահոգի և ստոր արարածներ, որովհետև ձեզ վրա հարձակվողը մեն֊մենակ ասպետ է։
Այդ միջոցին թեթև քամի բարձրացավ և ահագին թևերն սկսեցին պտտվել։ Նկատելով այդ՝ դոն Կիխոտը շարունակեց․
Եթե դուք ավելի շատ ձերներ ունենայիք, քան ինքը՝ հսկա Բրիայերը և դուք թափահարեիք նրանք, դարձյալ չէիք կարող խուսափել հատուցումից։
Այս ասելով և հոգին տիկին Դուլսինեային պահ տալով, խնդրելով նրա օգնությունը վտանգավոր վայրկյանին՝ նա՝ ծածկված վահանի ետևը, նիզակը ճոճելով, բաց թողեց Ռոսինանտի գլուխը, հարձակվեց մերձագույն քամաղացի վրա և նիզակը խրեց նրա թևը։ Այդ րոպեին քամին թափով պտույտ տվեց թևը և թևը փշուր֊փշուր անելով նիզակը, քաշեց իր ետևից և՛ ձիուն, և՛ ձիավորին, որոնք ամենաթշվառական վիճակում դեն թռան բավական հեռու տեղ։ Սանչոն իր էշի ողջ արագությամբ շտապեց իր տիրոջը օգնության և մոտենալով համոզվեց, որ տերը ի վիճակի չէ տեղից շարժվելու՝ այնքան ուժգին էր նա Ռոսինանտի հետ գետին տապալվել։
― Տեր ողորմյա՛, ― բացականչեց Սանչոն, ― չէ՞ի ասում ձեզ, ձերդ ողորմածություն, որ ավելի զգույշ լինեք, և որ դրանք քամաղացներ են։ Ախր դա միայն ա՛յն մարդու համար չի պարզ, որի գլուխը ջրաղաց է։
― Լռի՛ր, Սանչո բարեկամ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ Ռազմական արհեստը, ավելի քան որևէ այլ բան, ենթակա է բախտի փոփոխականության։ Նամանավանդ որ, թվում է ինձ, (ասենք, իրոք հենց այդպես էլ է), այդ իմաստուն Ֆրեստոնը, որ փախցրեց իմ առանձնասենյակն ու գրքերը, հսկաներին էլ քամաղացներ դարձրեց, որպեսզի հաղթանակի փառքից ինձ զրկած լինի․ այդ աստիճան ուժգին է նրա թշնամանքը իմ նկատմամբ։ Սակայն վաղ թե ուշ նրա չար դյութանքը տեղի պիտի տա իմ թրին։
― Թո՛ղ Աստծու կամքը լինի, ― պատասխանեց Սանչոն։ Ապա նա օգնեց իր տիրոջը վեր կենալ և նորից հեծնել Ռոսինանտը, որի առաջին ոտները գրեթե ջարդված էին։ Չզրուցելով այդ արկածի շուրջը, նրանք առաջացան Պուերտո Լապիսեի ճամփով, որովհետև, դոն Կիխոտի ասելով, այնտեղ նրանց սպասում էին բազմաթիվ ու զանազան արկածներ, քանի որ այդ վայրում ճամփան շատ բանուկ է։ Մի բան միայն նրան վշտացնում էր՝ նիզակի կորուստը։ Իր ցավը Սանչոյին բաց անելուց հետ նա ասաց․
― Ես կարդացել եմ, միտս է գալիս, Դիեգո Պերես դե Վարգաս անունով մի իսպանացի ասպետ, որի նիզակը մարտի միջոցին կոտրվեց։ Նա կոտրեց կաղնի ծառից մի ծանր ճյուղ, թերևս հենց բունը և այդ մահակով այնքան սխրագործություններ կատարեց այդ օրը և այնքան մավրեր սպանեց, որ նրան Մահակ անվանեցին և այն օրից ի՛նքն էլ, նրա սերո՛ւնդն էլ կոչվում են Վարգաս Մահակ։ Նրա համար եմ այդ ասում քեզ, որ ես էլ առաջին իսկ ճամփին մեզ հանդիպած կաղնուց կկոտրեմ մի ճյուղ ― իսկ և իսկ Վարգասինի նմանը ― և այդ ճյուղը ձեռքիս, հույս ունեմ, որ կկատարեմ այնպիսի մեծ սխրագործություններ, որ դու կօրհնես բախտը, որ քեզ արժանացրել է պատվին լինելու մասնակից և վկա այդ գործերի, որոնք հետագայում անհավանական են թվալու։
― Ամեն ինչ Աստծո ձեռին է, ― պատասխանեց Սանչոն, ― ես հավատում եմ ամենին, որ ձեր ողորմածությունը պատմում է։ Միայն թե ուղիղ նստեցեք, թե չէ ասես բոլորովին կախ ընկած լինեք մի կողքի․ երևի վայր ընկնելը ձեզ սաստիկ ցավ է պատճառել։
― Այո, այդ ճիշտ է, ― ասաց դոն Կիխոտը, ― և եթե ես չեմ գանգատվում ցավից, ապա նրանից է, որ թափառական ասպետներին վայել չէ գանգատվել վերքերից, թեկուզ նրանց աղիքները դուրս գալու լինեն։
― Դե որ այդպես է, ես ասելիք չունեմ, ― պատասխանեց Սանչոն, ― սակայն մենակ Աստծուն է հայտնի, թե ես ինչքան կուրախանայի, եթե ձերդ ողորմածությունը գանգատվեր, երբ որ մի տեղը ցավի։ Գալով ինձ՝ ես ամենաչնչին ցավից կճչամ, եթե միայն չգանգատվելու կանոնը չի վերաբերում նաև թափառական ասպետների զինակիրներին։
Դոն Կիխոտը չկարողացավ ծիծաղը պահել իր զինակրի պարզամտությունից, որ Սանչոյին թույլ է տրվում հեծել երբ և ինչպես կամենա, ունենալով պատճառ, թե առանց պատճառի, քանի որ ասպետական գրքերում նա մինչև հիմա հակառակ ցուցմունքների չի հանդիպել։ Սանչոն նկատեց, որ ժամանակ է արդեն բան ուտելու։ Դոն Կիխոտը պատասխանեց, թե ինքն առայժմս չի ուզում, բայց թե Սանչոն կարող է ուտել, երբ որ կամենա։ Տիրոջ թույլտվությունն առնելով, Սանչոն ավելի հարմար նստեց էշի վրա և պայուսակից հանելով իր պատրաստած պաշարը, սկսեց ուտել՝ շարունակելով կամաց֊կամաց գնալ դոն Կիխոտի ետևից։ Մերթ ընդ մերթ նա բերանը դնում էր տկին այնպիսի հաճույքով, որ նրան կնախանձեր յուրաքանչյուր ղոչաղ միկիտանչի Մալագայում։ Այսպես, դանդաղ քայլով, տմբտմբալով և կում֊կում գինի խմելով՝ նա իսպառ մոռացավ բոլոր խոստումների մասին, որ տվել էր նրան դոն Կիխոտը, և թվում էր նրան, թե արկածների որոնումներով թափառելը, անգամ վտանգավոր արկածների, բնավ աշխատանք չէ, այլ զուտ հաճույք։
Վերջապես, երբ որ վրա հասավ գիշերը, մեր ճամփորդները պառկեցին ծառերի տակ, և դոն Կիխոտը, կոտրելով մի չորացած ճյուղ, որը մի կերպ կարող էր փոխարինել նիզակը, կպցրեց երկաթե ծայրը, որ պոկել էր կոտրած նիզակից։ Ամբողջ այդ գիշերը նա աչքերը խուփ չարեց, խորհելով իր տիրուհու՝ Դուլսինայի մասին, որպեսզի ոչ մի բանով տարբերված չլինի ասպետներից, որոնց մասին նա կարդացել էր վեպերում։ Քանի՜֊քանի՜ անքուն գիշերներ են անցկացրել նրանք անտառներում և անապատներում խորասուզված հուշերի մեջ իրենց սրտի սիրուհիների մասին։ Բոլորովին այլ կերպ անց կացրեց գիշերը Սանչոն։ Սրա փորը լիքն էր, այն էլ ցիկորի ջրով չէր լի,<ref>Այն ժամանակներում ընդունված սովորական քնաբեր միջոց, որն ավելի թույլ էր ներգործում, քան գինին։</ref> ուստի նա մեռածի պես քնեց մինչև առավոտ։ Եվ եթե դոն Կիխոտը նրան մի քանի անգամ ձայն չտար, նա չէր զարթնի ո՛չ արևի ճառագայթներից, որ ընկել էին նրա երեսին, ո՛չ էլ բազմաթիվ թռչունների ճռվողյունից, որ խնդությամբ ողջունում էին նոր օրվա ծագումը։ Ւսկ վեր կենալով, նա նախ և առաջ բերանը տարավ տկին և նկատելով, որ երեկվա պես կլորիկ չէ, վշտացավ, որովհետև նրան թվում էր, որ այդ պակասը շուտով չի աջողի լրացնել։ Դոն Կիխոտը չկամեցավ նախաճաշել, որովհետև, ինչպես մենք արդեն ասացինք, նա սնվում էր լոկ անուշ հուշերով։ Նրանք առաջ ընթացան Պուերտո Լապիսի ճամփով և ժամի երեքին մոտ կիրճին հասնելու վրա էին։ Տեսնելով հեռվից կիրճը՝ դոն Կիխոտն ասաց․
― Այստեղ, եղբայր Սանչո Պանսա, մենք կարող ենք մեր ձեռները մինչև արմունկ կոխել արկած ասածիդ մեջ։ Սակայն նկատի ունեցիր՝ աշխարհիս ի՜նչ չարաչար վտանգների մեջ էլ ընկնելու լինեմ, դու չպիտի թուր քաշես ինձ պաշտպանելու համար, բացառությամբ միայն, եթե տեսնելու լինես, որ վրաս հարձակվող թշնամին ամբոխ է, թշվառ խուժան։ Այդ դեպքում միայն դու կարող ես ինձ օգնություն հասցնել։ Իսկ եթե նրանք ասպետներ լինեն, ապա ասպետական օրենքներով ոչ մի դեպքում վայել չէ և չի թույլատրվում, որ դու ինձ օգնես, քանի որ դու դեռ ասպետ չես կարգված։
― Կարող եք բոլորովին ապահով լինել, սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― այդ հարցում ես կհնազանդեմ ձերդ ողորմածության, մանավանդ որ խաղաղ բնավորության տեր մարդ եմ և չեմ սիրում տուրուդմփոցի մեջ մտնել։ Բայց խղճի մտոք ասած՝ եթե հարկ լինի կաշիս պաշտպանելու, այն ժամանակ ոչ մի ասպետական օրենքի դնչին մտիկ չեմ տա, որովհետև և՛ աստվածային, և՛ մարդկային օրենքները թույլ են տալիս պաշտպանվելու վիրավորողներից։
― Նույնն էլ ե՛ս եմ ասում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Հիշի՛ր միայն, որ եթե կամենալու լինես ինձ պաշտպանել ասպետներից, դու պետք է սանձահարես քո բնական մոլեգնությունը։
― Խոստանում եմ, ― ասաց Սանչոն, ― կկատարեմ այդ պատվիրանը նույն սրբությամբ, ինչպես կիրակի օրը։
Այսպես խոսակցելով, նրանք ճամփին հանդիպեցին ս․ Բենիտոյի ուխտի երկու վարդապետների, որոնք ուղտերի չափ բարձր ջորիներ էին հեծել, ճամբորդական ակնողներ էին դրել աչքերին և գլխներին ամպհովանի բռնել․ նրանց ետևից ընթանում էր մի կառք, շրջապատված չորս թե հինգ ձիավորներով և երկու ջորեպանով, որոնք ոտով էին գնում։ Ինչպես հետագայում պարզվեց, կառքով ինչ֊որ բիսկայեցի տիկին էր գնում, որ ուղևորվում էր Սևիլիա, որտեղ գտնվում էր նրա ամսուսինը, որ շատ պատվավոր պաշտոն ստանալով պիտի Ամերիկա մեկներ։ Վարդապետները, թեև նույն ճամփով էին գնում, ինչ որ տիկինը, բայց անկախ էին ճամբորդում։ Դոն Կիխոտը նրանց տեսավ թե չէ, ասաց իր զինակրին․
― Կամ ես մոլորվում եմ, կամ մեզ այնպիսի նշանավոր արկած է սպասում, որպիսին դեռևս ոչ ոք չի տեսել, որովհետև սև կերպարանքները, որ երևում են, անկասկած կախարդներ են, որ փախցրել են ինչ֊որ իշխանուհի և տանում են կառքով։ Ես պիտի բոլոր ուժերս լարեմ, որպեսզի այս չար գոծը խափանեմ։
― Այդ հո քամաղացներից վատ կլինի, ― պատասխանեց Սանչոն։ ― Մի՞թե դուք չեք տեսնում, սինյոր, որ ձեր առջև ս․ Բենիտոյի վարդապետներ են, իսկ կառքով, երևի, որևէ ճամփորդներ են գնում։ Լսեցե՛ք ինձ և մի լավ խորհեցեք ձեր արածը, թե չէ դարձյալ չար սատանան ձեզ կմոլորեցնի։
― Ես արդեն ասացի քեզ, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ դու արկածներից բան չես հասկանում, իմ ասածը ճիշտ է, և դու հիմա կհամոզվես։
Այս խոսքերով նա առաջ անցավ, ճամփի մեջտեղում, որտեղից պիտի անցնեին վարդապետները, կանգ առավ և երբ որ նրանք այնքան մոտեցան, որ նրա հաշվով կարող էին լսել իր խոսքերը, բարձրաձայն աղաղակեց․
― Ո՜հ դուք, դժոխքի նենգամիտ սերունդ, իսկույն ևեթ ազատեցեք ազնիվ իշխանուհուներին, որոնց դուք բռնի տանում եք կառքով, թե չէ պատրաստվեցեք շուտափույթ մահվան՝ որպես արժանի պատիժ ձեր չարագործության։
Վարդապետները ջորիների սանձերը քաշեցին և կանգ առան, զարմացած դոն Կիխոտի թե՛ տեսքից, թե՛ խոսքից, և այսպսի պատասխան տվին․
― Սինյոր ասպետ, մենք բնավ դժոխքի նենգամիտ սերունդ չենք, այլ ս․ Բենիտոյի ուխտի միաբաններ։ Մենք ճամփորդում ենք մեր գործերով և բան չգիտենք այս կառքով իշխանուհիներ փախցնելու մասին։
― Դուք ինձ անուշ խոսքերով չեք խաբի։ Ես ձեզ ճանաչում եմ, ստոր սրիկաներ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
Եվ, առանց պատասխանի սպասելու, նա խթանեց Ռոսինանտին և, ցած թեքելով նիզակը, այնպիսի կատաղի արիությամբ հարձակվեց առաջին վարդապետի վրա, որ եթե նա ինքն իրեն ջորուց գետին չնետեր, ապա դոն Կիխոտը նրան անշուշտ վայր կգցեր թամքից և ծանր կվիրավորեր, կամ թե չէ, թերևս, կսպաներ իսկ։ Երկրորդ վարդապետը, տեսնելով, թե ինչպես են վարվում իր ուղեկցի հետ, կրունկները խրեց իր գեր ջորու կողերը և քամուց արագ սլացավ դաշտը։
Սանչո Պանսան նկատելով որ վարդապետը պառկած է գետնին, թեթև թռավ իշից և վազ տալով մոտը, սկսեց հանել նրա շորերը։ Այդ միջոցին մոտեցան վարդապետներին հետևող երկու ծառաները և հարցրեցին Սանչոյից, թե նա ինչու է նրա շորերը հանում։ Սանչոն պատասխանեց, որ ըստ օրենքի, ավարը իրեն է պատկանում, որովհետև իր տեր դոն Կիխոտն է նվաճել մարտում։ Ծառաները, որ կատակ չէին հասկանում և գաղափար չունեին, թե ավարս որն է, մարտս՝ որը, նկատելով, որ դոն Կիխոտը ծռեց մի կողմ և սկսեց խոսակցել կառքի ճամփորդուհու հետ, վրա տվին, Սանչոյին գետին գցեցին, փետտեցին նրա միրուքը և այնպես ջարդեցին, որ նրա շունչը կտրվեց և զգայարանները բթացան։ Այդ միջոցին ահ ու սարսափով բռնված վարդապետը, առանց մի վայրկյան կորցնելու, հեծավ ջորին և, մահու չափ գունատ, քշեց իր չորքոտանուն դաշտը, որտեղ պատկառելի տարածության վրա սպասում էր իր ուղեկիցը, տարակուսանքի մեջ, թե ինչով կվերջանա ամբողջ այս ահուզարը։ Ապա առանց սպասելու այս պատմության վախճանին, նրանք երկուսով էլ առաջ գնացին, երեսները այնպիսի տագնապով խաչակնքելով, ասես նրանց ետևից ինքը դևն էր ընկել֊հետապնդում։
Իսկ դոն Կիխոտը, ինչպես արդեն ասացինք, սկսեց զրուցել կառքում նստած տիկնոջ հետ։
― Ձեր գեղեցկությունը, տիրուհիդ իմ, ― ասում էր նա, ― ազատ է հիմա տրամադրել իր անձով, որպես կամենա, որովհետև ձեզ փախցնողների հանդգնությունը կաշկանդված է արդեն իմ բազկի զորությամբ։ Եվ որպեսզի ձեզ վիշտ չպատճառի ձեր փրկչի անունը չիմանալը, ես կասեմ, որ իմ անունը դոն Կիխոտ Լամանչեցի է։ Ես թափառական ասպետ եմ, արկածախնդիր գերված գեղանի և աննման տիրուհի Դուլսինեա Տոբոսցով։ Իբրև վարձ այն ծառայության համար, որ ես հիմա ձեզ մատուցեցի, ես ձեզնից միյան մեկ բան կխնդրեմ՝ գնացեք Տոբոս, ներկայացեք իմ կողմից իմ սրտի տիրուհուն և ասացեք նրան, որ ես ձեզ ազատություն շնորհեցի։
Կառքն ուղեկցող ձիապաններից մեկը, բիսկայեցի, ուշադրությամբ լսում էր դոն Կիխոտի խոսքերը։ Տեսնելով, որ նա չի ուզում թողնի կառքն առաջ ընթանա և պահանջում է, որ նրանք բոլորն էլ անմիջապես ետ գնան Տոբոս, մոտեցավ նրան և բռնելով նրա նիզակը, Կաստիլիայի վատ լեզվով և ավելի վատթար բիսկայերեն այսպես խոսեց․
Գնա բանի՛դ, ասպետ, ոչ բարով երթաս։ Երդվում եմ արարիչ Աստուծով, կառքը բաց թող, թե չէ բիսկայացի չեմ լինի, թե որ քեզ տեղն ու տեղը չսպանեմ։<ref>Բնագրում բիսկայացին շարունակ աղավաղում է իսպանական լեզուն և աղճատում առածներ։ Հետևյալ բառակապակցության մեջ նա ուզում է ասել «տեսնե՛նք, թե կատուն ոնց պիտի լողա ջրի մեջ», այսինքն՝ «տեսնենք ինչպես պիտի իմ հախից գաս»։</ref>
Դոն Կիխոտը նրա լեզուն շատ լավ հասկացավ և մեծ արժանապատվությամբ պատասխանեց․
― Թշվա՜ռ արարած։ Եթե դու ասպետ լինեիր, որ չե՛ս, կպատժե՛ի քո հանդգնությունն ու լրբությունը։
Բիսկայեցին իսկույն վրա բերեց․
― Ինչպե՜ս թե ասպետ չեմ։ Երդվում եմ Աստուծով, որ ստում ես քրիստոնյայի պես։ Նիզակդ նետի՛ր, հանի՛ր թուրդ։ Կտեսնես թե ոնց քո ապուրը կեփեմ։ Ցամաքի վրա ես բիսկայեցի եմ, ծովի վրա՝ հիդալգո, սատանայից կարգված հիդա՜լգո։ Ուրիշ բան ասողը սուտ է ասում։
― Իսկույն դու այդ կտեսնես, ինչպես ասաց Ագրահեսը,<ref>Արտահայտությունը («Ամադիս Գաղղիացի» վեպից) առած է դարձել։</ref> ― պատասխանեց դոն Կիխոտը։
Եվ նիզակը գետին շպրտելով, նա թուրը քաշեց, վահանով ծածկվեց և հարձակվեց բիսկայեցու վրա՝ նրան սպանելու հաստատ մտադրությամբ։ Այդ տեսնելով բիսկայեցին, որովհետև իր ջորին վարձու էր առնված և վստահելի չէր, կամեցավ իջնել, բայց այդ նրան չաջողվեց և նա ժամանակ ունեցավ միայն թուրը պատյանից հանելու։ Նրա բախտից կառքը հենց իր կողքին էր կանգնած, որի միջից նա հանեց մի բարձ, որ կարող էր փոխարինել վահանի։ Եվ ահա մեր հակառակորդները դեմ առ դեմ կանգնեցին՝ որպես երկու մահացու թշնամիներ։ Ներկա եղողները փորձեցին նրանց հաշտեցնել, բայց գլուխ չեկավ։ Բիսկայեցին իր ջարդված լեզվով երդվում էր, թե եթե նրան խանգարելու լինեն մարտնչելու, նա իր տիրուհուն էլ շան սատակ կանի և բոլորին, ովքեր միջամտելու լինեին։ Կառքում նստած տիկինը, ապշած ու ահաբեկված այդ տեսարանից, հրամայեց, որ կառապանը մի քիչ դենը քշի և սկսեց հեռվից հետևել կատաղի մարտին։ Այդ վայրկյանին բիսկայեցին դոն Կիխոտի վահանի վերևից այնպիսի հարված հասցրեց նրա ուսին, որ եթե վահանը չխանգարեր, մեր ասպետի ուսն անշուշտ մինչև գոտին կկտրվեր։ Դոն Կիխոտը, խլացած կատաղի հարվածից, բարձրաձայն աղաղակեց․
― Օ՜, Դուլսինեա, իմ հոգու հատոր և գեղեցկության ծաղիկ, օգնեցեք ձեր ասպետին, որը ձեր մեծամեծ առաքինություններին արժանանալու համար այս ահավոր վտանգի մեջ է ընկել։
Այդ ասելը, թուրը քաշելը, վահանով մի լավ ծածկվելը և բիսկայեցու վրա հարձակվելը միաժամանակ եղավ։ Դոն Կիխոտը որոշել էր իր ամեն ինչ վտանգել՝ գործը մեկ հարվածով ավարտելու համար։ Իր հակառակորդի տեսքից բիսկայեցին կռահեց նրա խիզախ մտադրությունը և երդվեց ոչ նվազ քաջությամբ դիմադրել հարձակմանը։ Բարձով լավ ծածկված՝ նա սպասում էր թշնամուն, տեղում կանգնած, չկարողանալով իր ջորու գլուխը ծռել ո՛չ աջ, ո՛չ ձախ, որովհետև կենդանին անկարող էր մի քայլ անելու՝ այնքան հյուծված էր և անսովոր նմանօրինակ խաղերի։ Ուրեմն, ինչպես ասացինք, դոն Կիխոտը հարձակվեց խորամանկ բիսկայեցու վրա, բարձրացնելով սուրը և պատրաստելով նրան կտրել֊երկու կտոր անել, իսկ բիսկայեցին սպասում էր, դեմ անելով բարձը և նույնպես սուրը բարձր պահելով, մինչդեռ հանդիսատեսները, ահից շունչները պահած, սպասում էին, թե վերջապես երբ պիտի իջնեն օդում սպառնալիորեն կախված այս սրերը։ Կառքի տիկինը և նրա նաժիշտները աղոթում էին և զանազան ուխտեր անում Իսպանիայի բոլոր աստվածահաճո և սուրբ բնակիչներին, միայն թե տեր Աստված ազատի նրանց և կառապանին այդ սարսափելի վտանգից։ Բայց հենց ցավն էլ այն է, որ այդ իսկ տեղում մեր պատմության հեղինակը ընդհատում է մեր մարտի նկարագրությունը, արդարանալով, որ չի աջողել դոն Կիխոտի գործերի մասին սրանից բացի այլ տեղեկություններ քաղել։ Ճիշտ է, այս աշխատասիրության երկրորդ հեղինակը չէր կարող հավատ ընծայել, որ այսքան հետաքրքրական պատմություն կարող է մոռացության մատնված լինել և որ Լամանչի սուրբ մտքերը կարող էին մինչ այն աստիճան անհետաքրքիր եղած լինել, որպեսզի իրենց դիվաններում ու մատենադարանում պահած չլինեին որևէ ձեռագիր այդ հռչակավոր ասպետի վերաբերյալ։ Այդ նկատառումներով նա հույսը չկտրեց այս հետաքրքրաշարժ պատմության վերջավորությունը գտնելու։ Եվ իրոք, ողորմած երկնքի օգնությամբ, նա գտավ, իսկ թե ինչպես, այդ կպատմենք երկրորդ մասում։<ref>«Դոն Կիխոտի» առաջին հատորը Սերվանտեսը բաժանել է չորս՝ ոչ բոլորովին հավասար մասերի, I մաս՝ գլ․ 1-8, II մաս՝ գլ․ 9-14, III մաս՝գլ․ 15-27 և IV մաս՝ գլ․ 28-52։</ref>