― Օ՜, Դուլսինեա, իմ հոգու հատոր և գեղեցկության ծաղիկ, օգնեցեք ձեր ասպետին, որը ձեր մեծամեծ առաքինություններին արժանանալու համար այս ահավոր վտանգի մեջ է ընկել։
Այդ ասելը, թուրը քաշելը, վահանով մի լավ ծածկվելը և բիսկայեցու վրա հարձակվելը միաժամանակ եղավ։ Դոն Կիխոտը որոշել էր իր ամեն ինչ վտանգել՝ գործը մեկ հարվածով ավարտելու համար։ Իր հակառակորդի տեսքից բիսկայեցին կռահեց նրա խիզախ մտադրությունը և երդվեց ոչ նվազ քաջությամբ դիմադրել հարձակմանը։ Բարձով լավ ծածկված՝ նա սպասում էր թշնամուն, տեղում կանգնած, չկարողանալով իր ջորու գլուխը ծռել ո՛չ աջ, ո՛չ ձախ, որովհետև կենդանին անկարող էր մի քայլ անելու՝ այնքան հյուծված էր և անսովոր նմանօրինակ խաղերի։ Ուրեմն, ինչպես ասացինք, դոն Կիխոտը հարձակվեց խորամանկ բիսկայեցու վրա, բարձրացնելով սուրը և պատրաստելով նրան կտրել֊երկու կտոր անել, իսկ բիսկայեցին սպասում էր, դեմ անելով բարձը և նույնպես սուրը բարձր պահելով, մինչդեռ հանդիսատեսները, ահից շունչները պահած, սպասում էին, թե վերջապես երբ պիտի իջնեն օդում սպառնալիորեն կախված այս սրերը։ Կառքի տիկինը և նրա նաժիշտները աղոթում էին և զանազան ուխտեր անում Իսպանիայի բոլոր աստվածահաճո և սուրբ բնակիչներին, միայն թե տեր Աստված ազատի նրանց և կառապանին այդ սարսափելի վտանգից։ Բայց հենց ցավն էլ այն է, որ այդ իսկ տեղում մեր պատմության հեղինակը ընդհատում է մեր մարտի նկարագրությունը, արդարանալով, որ չի աջողել դոն Կիխոտի գործերի մասին սրանից բացի այլ տեղեկություններ քաղել։ Ճիշտ է, այս աշխատասիրության երկրորդ հեղինակը չէր կարող հավատ ընծայել, որ այսքան հետաքրքրական պատմություն կարող է մոռացության մատնված լինել և որ Լամանչի սուրբ մտքերը կարող էին մինչ այն աստիճան անհետաքրքիր եղած լինել, որպեսզի իրենց դիվաններում ու մատենադարանում պահած չլինեին որևէ ձեռագիր այդ հռչակավոր ասպետի վերաբերյալ։ Այդ նկատառումներով նա հույսը չկտրեց այս հետաքրքրաշարժ պատմության վերջավորությունը գտնելու։ Եվ իրոք, ողորմած երկնքի օգնությամբ, նա գտավ, իսկ թե ինչպես, այդ կպատմենք երկրորդ մասում։<ref>«Դոն Կիխոտի» առաջին հատորը Սերվանտեսը բաժանել է չորս՝ ոչ բոլորովին հավասար մասերի, I մաս՝ գլ․ 1-8, II մաս՝ գլ․ 9-14, III մաս՝գլ․ մաս՝ գլ․ 15-27 և IV մաս՝ գլ․ 28-52։</ref>