Այդ գիշեր ոչ թագավորը, ոչ էլ մյուսները այլևս չքնեցին, բայց գիշերն անցավ խաղաղ, և միայն առավոտյան կողմ Իզենը հանկարծակի կենդանացավ: Ջուրը ողողեց դատարկ հունը և գետը սկսեց առաջվա պես աղմկել՝ փրփրելով ու եռ գալով: Լուսադեմին ջոկատը կրկին շարժվեց առաջ: Սկսվեց գունատ, գորշ օրը: Մշուշը պատել էր երկինքը, որտեղ, արևելքում ինչ որ տեղ, ծագում էր անտեսանելի արևը: Մառախուղից ծանրացած խոնավ օդը հագեցած էր գարշահոտությամբ: Ընթանում էին դանդաղ, այժմ արդեն լայն, չոր և խնամված ճանապարհով: Ձախ կողմում մշուշի միջից աղոտ երևում էր երկար լեռնաշղթան: Վերջապես ջոկատը մտավ Նան Կուրունիր՝ Կախարդական հովիտ, որի միակ մուտքը հարավից էր: Մի ժամանակ դա կանաչապատ, գեղեցիկ հովիտ էր, որի միջով, սնուցվելով աղբյուրների, անձրևաջրերի և լեռնային հոսքերի ջրերից, հոսում էր հորդառատ Իզենը, և ամբողջ հովիտը ծաղկունք էր ապրում:
Սակայն դա վաղուց էր: Իզենգարդի պատերի տակ մինչև հիմա էլ Սարումանի ստրուկների կողմից մշակվող փոքրիկ հողակտորներ էին պահպանվում, բայց հովտի մեծ մասը վեր էր ածվել ամայի անապատի՝ ծածկված տատասկներով ու փշերով: Լանջերին տարածվել էին մոշի թփուտները, որոնց խիտ ծածկույթի տակ բնակություն էին հաստատել փոքրիկ գազանիկները: Ծառեր չկային, բայց փտող խոտի մեջ այստեղ-այնտեղ երևում էին այրված կոճղեր՝ առաջվա թավուտների մնացորդները: Տխուր լռությունը խախտում էր միայն քարքարոտ հունի մեջ շառաչող Իզենը: Հողի վրայով լողում էին գոլորշու մռայլ ամպերը և գնում, հավաքվում շրջակա ձորերում: Ջոկատը լուռ առաջ էր ընթանում: Շատերի սիրտը կրծում էր կասկածը. ինչի՞ համար նրանք այստեղ եկան, և ի՞նչ է նրանց սպասվում ճանապարհի վերջում:
Մի քանի մղոն գնալով ճաանապարհը վերածվեց լայն, սալարկված ուղու: Մեծ, հարթ քարերը այնպես սերտորեն էին միմյանց կողքի շարված, որ նրանց միջև ընկած ճեղքերում չեր աճում ոչ մի ցողուն: Ուղու երկու կողմերով ձգվում էին խորը ջրատարները՝ մինչև պռունկները լցված կարկաչող ջրով: Վերջապես առջևում, մառախուղի միջից, անսպասելի մի հսկայական սյուն հայտնվեց, որի սև պատվանդանին, սպիտակ ներկված, մեծ քարե ձեռք էր տեղադրված: Ձեռքի ցուցամատը ցույց էր տալիս դեպի հյուսիս: Պարզ դարձավ, որ Իզենգարդի դարպասն արդեն մոտ է: Թեև մշուշի միջից ոչինչ չէր երևում, բայց հեծյալների սրտերը լցվեց լցվեցին ճնշող ծանրությամբ: Մշուշապատ Լեռների ստորոտում գտնվող ամրոցը, որը մարդիկ անվանել էին Իզենգարդ, արդեն հազարավոր տարիներ վեր էր խոյանում Կախարդական հովտում: Այն հայտվել էր այն նույն ժամանակ, երբ առաջացել էին լեռները, բայց նումենորցի վարպետները ջանք չէին խնայել ամրոցը կատարելության հասցնելու համար, և Սարումանն էլ, որ բնակություն էր հաստատել այստեղ անհիշելի ժամանակներից, ձեռքերը ծալած չէր նստել: Իսկ հիմա տեսնենք, թե ինչպիսի տեսք ուներ ամրոցը, երբ այնտեղ, իր հզորության գագաթնակետին, բնակություն հաստատեց Սարումանը, դառնալով բոլոր հրաշագործների և կախարդների գերագույնը: