Ահա թե ինչ տեսք ուներ Իզենգարդը, երբ այնտեղ, իր հզորության գագաթնակետին, բնակություն հաստատեց Սարումանը, դառնալով բոլոր հրաշագործների և կախարդների գերագույնը: Վիթխարի պատը, նման ուղղաձիգ ժայռերի շղթայի, հեռանում էր լեռնաշղթայից, պտտվում ամրոցի շուրջը և նորից խրվում լեռան կողը: Պատի մեջ, հարավային կողմում, փորված էր միակ մուտքը՝ մեծ, կիսաշրջանաձև դարպասը: Սև ժայռի միջով ձգվում էր երկար թունելը՝ երկու կողմերից փակված հզոր, երկաթակուռ դռներով: Պողպատյա ծխնիները մեծ սեպերով ամրացված էին հենց ժայռից, և դարպասի փեղկերը այնքան սահուն էին գնում-գալիս, որ ձեռքի թեթև հրումով, և ամենակարևորը՝ անաղմուկ, կարելի էր առանց դժվարության բացել դարպասը: Արձագանքող թունելի մյուս կողմում հսկայական շրջանաձև տարածություն էր բացվում, նման թավայի, որի մի ծայրից մյուսը կլիներ մոտ մեկ լիգ: մի ժամանակ այդ թավան ծածկված էր կանաչ այգիներով, իսկ նրանց միջով ձգվում էին գեղեցիկ ծառուղիները, և ամեն տեղ լսվում էր սարերից իջնող առվակների խոխոջյունը, որոնք թափվում էին կապուտակ լիճը: Բայց Սարումանի տիրակալության վերջին տարիներին կանաչն առհասարակ վերացել էր: Ծառուղիները վեր էին ածվել մեծ, մուգ քարերով սալարկված ուղիների, որոնց երկայքով ծառերի փոխարեն շարքերով ձգվում էին մարմարե, պղնձե և երկաթե սյուները՝ միացված իրար ծանր շղթաներով:
Իզենգարդի պատերը վեր էին ածվել բնակելի տների: Ներսի կողմից պատերի մեջ բազմաթիվ սենյակներ, սրահներ և միջանցքներ էին փորված, և այժմ մերկացած թավայի ներսում՝ պատերի վրա, սևին էին տալիս անթիվ անհամար դռների և լուսամուտների բացվածքները: Ժայռի մեջ փորված այդ քաղաքում հազարավոր բնակիչներ էին ապրում՝ աշխատավորներ, ստրուկներ, մարտիկներ, իսկ ստորգետնյա նկուղներում բազմանում էին գայլերը: Այնտեղ էին գտնվում նաև տրաքվելու աստիճան լցված զինանոցները: Թավայի հատակը նույնպես ամբողջովին փորված էր: Ստերգետնյա հորերն ու անցումները՝ ծածկված ցածր գմբեթներով, բավականին խորը իջնում էին գետնի տակ, և լուսնի շողերի ներքո Իզենգարդը նմանվում էր վիթխարի գերեզմանոցի, որտեղ ասես արթնացել էին մեռյալները, քանզի թավայի հատակը անընդհատ բզզում ու ցնցվում էր: Պարուրաձև աստիճանները իջնում էին խորը ընդերքը, որտեղ գտնվում էին գանձարանները, պահեստները, զինանոցները, դարբնոցները և հսկայական վառարանները: Այնտեղ անդադար պտտվում էին երկաթյա անիվները և որոտում էին մուրճերը: Գիշերները հատակի անցքերը թանձր քւլաներով ծուխ էին ժայթքում՝ լուսարձակելով կարմիր, կապույտ, կամ թունավոր-կանաչ գույներով: Շղթայակապ ուղիները տանում էին թավայի կենտրոնը, որտեղ անսովոր տեսքով մի աշտարակ էր վեր խոյանում: Այդ աշտարակը կառուցել էին այն նույն հնագույն շինարարները, որոնք կտրել-փորել էին Իզենգարդը շրջապատող ժայռերի պարիսպը, բայց ամեն դեպքում դժվար էր հավատալ, որ այն մարդու ձեռքով է ստեղծված: Թվում էր, թե հին ժամանակներում այն ստեղծել են լեռները՝ իրենց մարմնից ու ոսկորից: Սև, փայլուն աշտարակը բաղկացած չորս հզոր, բազմանիստ սյուներից, որենք որոնք ամենավերևում բաժանվում էին չորս սրածայր գագաթների, նման դաշույնների շեղբերի: Այդ գագաթների մեջտեղում, գետնից հինգ հարյուր ֆուտ բարձրության վրա, փոքրիկ, շրջանաձև հրապարակ կար՝ կար, որի հատակը ծածկված էր տարօրինակ նշաններով: Օրթհանք՝ այդպես էր կոչվում Սարումանի մռայլ աշտարակը, որը, կամ պատահականորեն, կամ ճակատագրի բերումով, էլֆերեն նշանակում էր Սար-Ժանիք, իսկ ռոհաներեն՝ Խորամանկ Միտք: