Թագավորն ու նրա թիկնապահները լուռ զամանքով նայում էին՝ չհավատալով իրենց տեսածին: Պարզ էր, որ Սարումանի իշխանության վերջը եկել էր, բայց թե ինչպես էր դա տեղի ունեցել՝ անհայտ էր: Ավելի ուշադիր դիտելով ավերակները, հանկարծ նրանք ծռմռված դարպասների մոտ, փլատակների կույտի վրա, նկատեցին երկու փոքրիկների: Երկուսն էլ մոխրագույն էին հագած, որի շնորհիվ նրանց քարերից զանազանելը գրեթե անհնար էր: Նրանց շուրջը թափթփված էին շշեր, բաժակներ ու ամաններ. երևում էր, որ տարօրինակ դռնապանները քիչ առաջ տեղը տեղին ճաշել են և հիմա, այդ գործից հոգնած, պառկած հանգստանում են: Նրանցից մեկը, դատելով ամեն ինչից, ննջում էր, իսկ մյուսը պառկել էր ոտը ոտին գցած, ձեռքերը դրած գլխի տակ և բերանից կապտավուն ծխի օղակներ էր բաց թողնում:
Թեոդենը, Էոմերը և մյուսները նայում էին փոքրիկ անծանոթներին չքողարկված զարմանքով: Տարօրինակ դռնապանները նրանց ավելի շատ էին զարմացրել, քան Իզենգարդի ավերածությունները: Սակայն մինչդեռ թագավորը վեր կստանար խոսելու ունակությունը, բերանից ծխի օղակներ բաց թողնող փոքրիկ մարդուկը տեսավ մշուշից դուրս եկած հեծյալներին և ոտքի թռավ: Ոչ ավել, ոչ պակաս երիտասարդ, միայն թե մարդու կես հասակին, նա կանգնած էր բաց գլխով, որի վրա գանգրանում էր շագանակագույն մազերի դեզը, իսկ հագին կեղտոտ, մոխրագույն թիկնոց, ինչպիսին Գենդալֆի ու նրա ուղեկիղների հագին էր, երբ նրանք հայտնվեցին Էդորասում: Ձեռքը դնելով կրծքին, նա խորը գլուխ տվեց: Հետո, ասես հրաշագործին ու նրա ուղեկիցներին չնկատելով, դիմեց Էոմերին ու թագավորին.
–Բարի գալուստ Իզենգարդ, Ողորմած տիրակալներ,– գոչեց նա: –Մենք այստեղ դռնապանների դեր ենք կատարում: Ես Մերիադոկն եմ, Սարադոկի որդին, իսկ իմ զինակից ընկերը, որին՝ ավա՜ղ հաղթել է հոգնածությունը,– այդտեղ նա իր ընկերոջը մի լավ քացի տվեց,– Փերեգրինն է, Փալադինի որդին, փառապանծ Տուկի տոհմից: Մեր տունն այստեղից հեռու է, հյուսիսում: Ամրոցի տերը՝ Սարումանը, իր աշտարակում է: Այս պահին նա գաղտնի ժողով է անում ոմն Օձի Լեզվի հետ և խորապես ափսոսում է, որ զրկված է նման բարձրաստիճան հյուրերին անձամբ դիմավորելու հնարավորությունից:
–Էդ էր պակաս, կդիմավորեր, բա ինչ,– ծիծաղեց Գենդալֆը: –Ուրեմն Սարումա՞նն է կարգադրել ձեզ հսկել ջարդված դարպասներն ու դիմավորել հյուրերին, եթե իհարկե ուժ կունենաս կտրվելու շշից ու ափսեից:
–Ոչ, հարգարժան պարոն, տիրակալ Սարումանը չափազանց զբաղված է նման մանրուքների համար,– լուրջ դեմքը պահպանելով պատասխանեց Մերին: –Վերջին ժամանակներս նա նույնիսկ կարճ հանգստի ժամանակ չունի: Մենք այստեղ կանգնած ենք ոմն Ծառմորուսի կարգադրությամբ, ով Իզենգարդի այժմյան կառավարիչն է: Նա կարգադրել է մեզ դիմավորել Ռոհանի տիրակալին պատշաճ խոսքերով: Հուսով եմ համեստ ունակություններս թույլ տվեցին կատարել ինձ վստահված գործը:
Իսկ ընկերները հեչ հա՞, ես ու Լեգոլասը, ոնց հասկացա,– այլևս չկարողանալով իրեն զսպել բացականչեց Ջիմլին: Ա՜խ դուք անպիտաննե՛ր, ա՜խ դուք փրչոտ ոտքերով ծույլիկնե՛ր:Ա՛յ թե վազեցրիք մեզ երկու հարյուր լիգ անտառներով, դաշտերով ու ճահիճներով: Մենք անցանք մատերազմի ու մահվան միջով, որ փրկենք ձեզ, իսկ դուք պարզվում է այստեղ փռված քեֆ եք անում ձեզ համար, ասես ոչինչ չի եղել, ու դեռ մի բան էլ ծխամո՜րճ եք ծխում: Եվ որտեղի՞ց եք ծխելու խոտ հայթյայթել, անպիտաննե՛ր: Այ քեզ, մուրճ ու աքցան, այլ կերպ չես ասի: Եթե բարկությունից և ուրախությունից չպայթեմ, դա կլինի իսկական հրա՛շք:
–Լավ ես ասում, Ջիմլի,– ծիծաղեց Լեգոլասը: –Միայն թե ես սկզբում կհետաքրքրվեի որտեղից նրանց գինին: