== Վերքից մնացած հետքը ==
<b>1</b>
Կիրակի առավոտյան Սինգոն սկսեց բալենու բնի մոտ աճած արալենին սղոցել։
Եթե արմատների տակը չփորես, միևնույն է, արալենին հնարավոր չի լինի արմատահան անել, մտածեց Սինգոն ու ինքն իրեն փնթփնթաց․
— Բան չկա, հենց որ նոր շիվեր արձակի, իսկույն կսղոցեմ։
Արալենին նա արդեն մի քանի անգամ սղոցել էր, և դրանից ծառն ավելի ու ավելի փարթամ էր դարձել։ Իսկ արմատախիլ անել չէր սիրում։ Ասենք այդ անելու համար ուժն այլևս չէր էլ պատում։
Շիվերը սղոցելըառանձնապես դժվար չէր, բայց դրանք այնքան շատ էին, որ Սինգոյի ճակատը քրտնեց։
— Տուր քեզ օգնեմ,— մոտ եկավ Սյուիտին։
— Հարկավոր չէ,— չոր ասաց Սինգոն։
Սյուիտին շարունակում էր կանգնած մնալ։
— Ինձ Կիկուկոն ուղարկեց։ Հայրիկն արալենին սղոցում է, ասաց, գնա օգնիր։
— Ահա թե ի՜նչ։ Բան չկա, քիչ մնաց․․․
Սինգոն նստեց սղոցած ճյուղերի կույտին ու նայեց տան կողմը։ Պատշգամբում, ապակեպատ դռանը կպած կանգնել էր Կիկուկոն։ Նա վառ գույնի օբի էր կապել։
Սյուիտին վերցրեց հոր ծնկներին դրած սղոցը։
— Հերթով բոլորը կտրե՞մ։
— Կտրի՛ր։
Սինգոն հետևում էր ճարպկությամբ աշխատող որդուն։
Գետնին ընկան արալենու վերջին շիվերը։
— Սրանք էլ սղոցե՞մ,— շրջվեց Սյուիտին։
— Ո՛չ, ո՛չ, սպասիր,— Սինգոն տեղից ելավ։ Կողք-կողքի աճել էին մի քանի մատղաշ բալենիներ։ Դրանք, ըստ երևույթին, դուրս էին եկել մեծ բալենու արմատից, կնշանակի պարզապես ճյուղեր էին և ոչ թե ինքնուրույն փոքր ծառեր, ենթադրեց նա։
Հաստ բնի արմատի մոտ նույնպես տերևներով ծածկված կարճ ճյուղեր էին բուսնել։ Սինգոն մի քանի քայլ հեռու գնաց։
— Գուցե լավ կլինի կտրել ա՛յ այս ճյուղերը, սրանք ոչ թե արմատից, այլ հողից են դուրս եկել,― ասաց նա։
— Համոզվա՞ծ ես։
Սյուիտին հապաղում էր մանր բաչենիները սղոցել։ Հոր ասածը խելքին մոտ չէր թվում։
Այգի դուրս եկավ Կիկուկոն։
Սյուիտին սղոցով ցույց տվեց նրան բալենու մատղաշ ծառերը։
— Հայրիկը ոչ մի կերպ չի կարողանում որոշել ինչ անել սրանց՝ սղոցե՞լ, թե թողնել,— ծիծաղեց նա։
— Կարծում եմ լավ կլինի սղոցել,— առանց մտածելու ասաց Կիկուկոն։
Սինգոն շրջվեց դեպի Կիկուկոն.
— Դժվարանում եմ ջոկել սրանք ճյուղե՞ր են, թե ճյուղեր չեն։
— Երբեք չի կարող պաաահել, որ ճյուղերը բուսնեն հողից։
― Ինչպե՞ս են կոչվում այն ճյուղերը, որոնք արմատից են դուրս գալիս,— ծիծաղեց Սինգոն։
Սյուիտին լուռ սկսեց սղոցել մատղաշ բալենիները։
— Իսկ մեծ բալենու ճյուղերը պետք է թողնել, որ ազատ ու անկաշկանդ աճեն,— ասաց Սինգոն։— Այո, հարկավոր է բնի ստորին մասում եղած ոչ մեծ ճյուղերը թողնել։
Կիկուկոն հայացքը դարձրեց սկեսրայրին․
Այդ քնքուշ ոստերին, որոնք նման են կերակուր ուտելու փայտիկների կամ ատամփորիչների, այնպիսի սիրուն ծաղիկներ էին բացվել։
— Ի՞նչ ես ասում, դրանց վրա նույնիսկ ծաղիկներ կայի՞ն։ Չեմ էլ նկատել։
— Կային, ամեն մեկի վրա՝ երկու֊երեք հատ, իսկ ամենափոքր ոստին՝ մեկական ծաղիկ։
— Հետաքրքի՜ր է։
— Ոստերն, իհարկե, կմեծանան, բայց մինչև քնքուշ ոստերը դառնան նույնքան խոշոր, որքան Սինձյուկուի զբոսայգու զկեռենու վարի ճյուղերը, ես պառաված կլինեմ։
— Չէ, ինչ պառավել, բալենին արագ է աճում,— ասաց Սինգոն, նայելով Կիկուկոյի աչքերի մեջ։
Նա ոչ կնոջը, ոչ էլ Սյուիտիին չէր ասել, որ Կիկուկոյի հետ եղել են Սինձյուկուի զբոսայգում։
Կիկուկոն մի՞թե տուն վերադառնալուն պես հասցրել էր ամուսնուն ամեն ինչ անկեղծորեն պատմել։ Ոչ, նա ավելորդ բերանբացություն չէր արել, ավելի շուտ պատմել էր հենց այնպես, եղածին առանձնապես կարևորություն չտալով։
Սյուիտիի համար, ըստ երևույթին, դժվար էր խոսք բացել հոր մոտ. «Ուրեմն, դու և Կիկուկոն տեսակցել եք Սինձյուկուի զբոսայգո՞ւմ», հավանաբար առաջինը ինքը՝ Սինգոն պետք է այդ մասին ասեր։ Բայց երկուսն էլ լռում էին։ Ինչ-որ բան խանգարում էր նրանց։ Գուցե հենց այն հանգամանքը, որ Սյուիտին, ամեն ինչ իմանալով Կիկուկոյից, ձևացնում էր, թե ոչինչ չգիտե։
Համենայն դեպս, Կիկուկոյի դեմքից չէր երևում, որ արգելողը նա է։
Սինգոն նայում էր բալենու մանրիկ ճյուղերին։ Նա երևակայությամբ փորձում էր պատկերացնել, թե ինչպես այդ փխրուն, չգիտես որտեղից հայտնված, հազիվ նկատելի մատղաշ ոստերը կմեծանան, Սինձյուկուի զբոսայգու ձառերի վարի ճյուղերից ոչ պակաս փարթամությամբ չորս կողմ կտարածվեն։
Անշուշտ, դա մի հիասքանչ տեսարան է, երբ ծառը չորս կողմ է նետում լայնատարած, մինչև համարյա գետին հասնող, ծաղիկներով առատորեն զարդարուն ճյուղերը։ Բայց Սինգոն կյանքում այդպիսի ճյուղերով բալենի չէր տեսել։ Չէր հիշում, որ երբևէ նույնիսկ տեսած լիներ վիթխարահասակ բալենիներ, որոնց բները գետնից սկսած մինչև վերին կատարը ճյուղեր ունենային։
— Սղոցած ճյուղերն ո՞ւր տանեմ,— հարցրեզ Սյուիտին։
— Դարսիր որևէ հեռու անկյունում։
Սյուիտին հավաքեց ճյուղերը, խտիտ արած տարավ։ Կիկուկոն նույնպես գետնից մի քանի ճյուղ վերցնելով, գնաց նրա ետևից։
— Հարկավոր չէ, Կիկուկո․․․ Քեզ չի կարելի,— հոգատարությամբ ասաց Սյուիտին։
Կիկուկոն գլխով արեց, ետ դրեց արալենու ճյուղերն ու մնաց տեղում կանգնած։
Սինգոն մտավ տուն։
— Կիկուկոն ինչո՞ւ եկավ այգի, այնտեղ ի՞նչ է անում։— Յասուկոն, որ նստել մոծակներից պաշտպանող հին ցանցն էր կարկատում, gերեկները փոքր թոռնիկին քնացնելիս ծածկելու համար, ակնոցը հանեց,— կիրակի օրով երկուսն էլ դուրս են եկել այգի, նման բան երբեք չէր եղել։ Իմ տպավորությամբ, ինչ Կիկուկոն վերադարձել է, նրանց հարաբերությունները լավացել են։ Զարմանալի է։
― Բայց և այնպես, Կիկուկոն ուրախ տեսք չունի,— փնթփնթաց Սինգոն։
― Չէ, չի կարելի ասել, թե միշտ թախծոտ է,— վճռաբար հերքեց Յասուկոն։— Նա ախր միշտ խնդումերես է, աչքերը վաղուց արդեն այսքան բերկրալից չէին եղել։ Երբ տեսնում եմ նրա, ճիշտ է, այժմ մի քիչ նիհարած, ժպտուն դեմքը, ես․․․
— Հը՛մ։
— Գուցե Սյուիտին էլ այսուհետև ավելի վաղ տուն վերադառնա և կիրակի օրերն էլ ոչ մի տեղ չգնա։ Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի։
Սինգոն լռում էր։
Սենյակ մտան Սյուիտին ու Կիկուկոն։
— Հայրիկ, Սատոկոն պոկեց բալենու մատղաշ այն ոստերը, որոնց դու հատուկ խնամքով պահպանում էիր,— ասաց Սյուիտին, մանրիկ ճյուղերը մեկնելով Սինգոյին։— Ես կարծում էի աղջիկը հետաքրքրությունից դրդված ինքն էլ է արալենին կտրտում, բանից պարզվում է բալենու ոստերն է ջարդոտել։
— Այ թե ի՜նչ, մանկան ձեռքով պոկոտած ճյուղեր,― ասաց Սինգոն։
Կիկուկոն կիսով չափ թաքնված կանգնել էր Սյուիտիի թիկունքում։
<b>2</b>
Երբ Կիկուկոն վերադարձավ տուն, Սինգոյին ճապոնական էլեկտրաածելի նվիրեց, Յասուկոյին՝ կիմոնոյի գոտի, իսկ Ֆուսակոյին՝ մանկական կիմոնոներ, Սատոկոյի ու Կունիկոյի համար։
— Սյուիտիին որևէ բան չէ՞ր բերել,— կնոջը հարցրեց Սինգոն։
— Ծալովի հովանոց։ Եվ կարծեմ նաև ամերիկյան սանր էր գնել․ հայելազարդ տուփով․․․ Սանր նվիրելը վատ նախանշան է, Կիկուկոն, երևի, չի իմանում։
— Ամերիկյանը կարելի է։
— Այդ սանրից իր համար էլ էր գնել։ Միայն ուրիշ գույնի և ավելի փոքր։ Ֆուսակոն տեսավ, էլ ձեռ չքաշեց․ էս ինչ լա՜վն է, էս ինչ սիրո՜ւն է... Կիկուկոն էլ վերցրեց ու նվիրեց նրան։ Տուն էր եկել գժտությունից հետո և, հավանաբար, ուզում էր, որ ինքն ու Սյուիտին միատեսակ սանրեր ունենան։ Ֆասակոն չպետք է երեսը պնդացնելով խնդրեր, չէ՞ որ Կիկուկոյի մոտ դրանից ընդամենը մեկ հատ կար։ Շատ աննրբանկատն է,— աղջկանից դժգոհեց Յասուկոն։— Սատոկոյի ու Կունիկոյի կիմոնոները ընտիր մետաքսից են, շքեղ, տոնական։ Ճիշտ է, անձամբ Ֆուսակոյի համար ընծա չէր բերել, բայց քանի որ երեխաներին բերել էր, այդ մեկ է թե իրեն էր բերել։ Դեռ սանրն էլ ձեռքիցն առավ։ Կիկուկոն, անշուշտ, մտածել է, որ Ֆուսակոյի համար նվեր չգնելով, վատ բան է արել։ Թեպետ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, միանգամայն իրավունք ուներ առանց ընծաների վերադառնալ։
— Ինչ խոսք։
Սինգոն կնոջ հետ համաձայն էր. բայց նա տրտմել էր նաև մեկ ուրիշ բանից, որի պատճառը հայտնի չէր Յասուկոյին։
Կիկուկոն որպեսզի նվերներ գնի, ստիպված է եղել ծախսի տակ գցել ծնողներին։ Որպեսզի կինն աբորտ անի, Սյուիտին հարկադրված փող է վերցրել Կինուկոյից։ Ուրեմն, պետք է ենթադրել, որ և՛ Սյուիտին, և՛ Կիկուկոն անփող են նստած։ Կիկուկոն Սյուիտիից ուզել է միայն բժշկին վճարելու դրամը, իսկ նվերներ գնելու համար խնդրել է ծնողներից։
Սինգոն հիմա զղջում էր, որ վաղուց դադարել է Կիկուկոյին գրպանի մանր ծախսերի փող տալ։ Չի կարելի ասել, թե առաջ այդ մասին չէր մտածում, պարզապես տհաճ էր հարսին թաքուն փող նվիրել, ասես այն բանի համար, որ նա իրեն լավ էր վերաբերվում, թեև Սյուիտիի և նրա հարաբերությունները սրվելով հասել էին համարյա պառակտման աստիճանի։ Մյուս կողմից էլ տեսնել, թե ինչ վիճակի մեջ է Կիկուկոն և որևէ բանով չօգնել, չէ՞ր նշանակի վարվել այնպես, ինչպես Ֆուսակոն, որ սանրը նրա ձեռքիցն առավ։
Շվայտ կյանք վարող ամուսնու պատճառով առանց կոպեկի մնացած Կիկուկոն ստիպված փող է խնդրել հորից։ Եթե Սինգոն ավելի նրբանկատ լիներ, Կիկուկոյին բաժին չէր ընկնի այդ նոր անարգանքը ևս․ նա աբորտ չէր անի Սյուիտիի սիրուհու փողով։
— Ինձ համար շատ ավելի հաճելի կլիներ, եթե նա ոչ մի նվեր էլ չբերեր,— բարձրաձայն մտածում էր Յասուկոն։— Այդ գնումները նրա վրա բավական թանկ են նստել։ Ինչ ես կարծում, որքա՞ն ծախսած կլինի։
— Իսկապես, որքա՞ն։
Սինգոն փորձեց մտքում հաշվել։
— Ածելին ինչ արժե, գաղափար չունեմ։ Դրա նմանը դեռ տեսած չկամ։
— Դե, իհարկե, պարզ է,— գլխով արեց Յասուկոն,― այդ ածելին եթե նույնիսկ վիճակախաղում շահեիր, քեզ դարձյալ հոյակապ, կթվար, իսկ այժմ առավել ևս հոյակապ է երևում, որովհետ և նվիրել է Կիկուկոն։ Դու ինչ է, պտտվելո՞ւց է աղմկում։
— Ոչ մի անվակ էլ չի պատվում։
— Ոնց թե չի պտտվում։ Անպայման պտտվում է։ Չպտտվեր, չէր սափրի։
— Ոչ, ինչքան էլ զննեցի, անվակները չէին պտտվում։
― Մի՞թե։
Յասուկոն քմծիծաղեց։
— Քեզ համար դա բացառիկ է, թեկուզ հենց այն պատճառով, որ երեխայի պես խնդում ես վրան։ Ամեն առավոտ․ ուո՜ւ֊ուո՜ւ, ժըժժի՜֊ժըժժի՜... Հարթուկում ես ծնոտդ, թեև նախաճաշն արդեն վաղուց պատրաստ քեզ է սպասում։ Ե՛վ դու ես քեզնից գոհ, և՛ Կիկուկոն քեզ նայելիս չի դադարում ուրախանալ։ Այդ ամենն անշուշտ անչափ հաճելի է, բայց․․․
— Չէ, ինչպես երևում է մի անգամ պետք է տամ դու էլ սափրվես,— ծիծաղեց Սինգոն։ Յասուկոն գլուխը կշտամբանքով տարուբերեց։
Կիկուկոյի տուն վերադարձած օրը Սինգոն ֆիրմայից եկավ Սյուիտիի հետ, և այդ երեկո սեղանատանը Կիկուկոյի ընծայած էլեկտրաածելին դարձավ ընդհանուր ուշադրության առարկա։
Երբ Կիկուկոն առանց նախազգուշացման, հանկարծակի ծնողների մոտ մեկնելուց հետո ետ եկավ Սյուիտիի ընտանիքը, այն Սյուիտիի, որի մեղքով աբորտ էր արել, բերած ածելին և մնացյալ նվերները լարված մթնոլորտը լիցքաթափ արին, փոխարինեցին, այսպես ասած, առաջին ողջույնին։
Ուրախացել էր մինչև անգամ Ֆուսակոն. աղջիկներին հագցրեց կիմոնոները և օձիքի ու թևքերի ասեղնագործ բանվածքները գովեց, իսկ Սինգոն կարդաց տուփի մեջ դրված հրահանգն ու տեղնուտեղը սկսեց ածիլվել։
Ամբողջ ընտանիքը կենտրոնացած հետևում էր Սինգոյին. այսինքն՝ հը՞, ո՞նց է, լա՞վ է։
Սինգոն, որ մի ձեռքով սեղմած ածելին տանում֊բերում էր ծնոտի վրայով, իսկ մյուսից բաց չէր թողնում հրահանգը, ասաց․
—Այստեղ գրված է, որ կանայք նույնպես հեշտությամբ կարող են իրենց ծոծրակի մազերը թեթևակի ածիլել։
Եվ նայեց Կիկուկոյին։
Հարսի մազերը՝ ականջների մոտ ու ճակատի վրա, շատ գեղեցիկ ձևով էին կտրված։ Առաջ ուշադրություն չէր դարձրել։ Մազերի գիծն իրոք զարմանալի նրբագեղ էր։
Քնքուշ մաշկը և խիտ ու փայլուն մազերը առաջացնում էին մաքրության զգացում։
Կիկուկոյի մշտապես գունատ դեմքը թեթևակի վարդագունել էր, աչքերն ուրախ կայծկլտում էին։
— Հայրիկը հիանալի խաղալիք է ստացել,— ասաց Յասուկոն։
— Բա սա խաղալի՞ք է։ Սա քաղաքակրթության արդյունք է։ Ճշգրիտ սարք։ Վրան նույնիսկ համար է դաջված․ նշված է, թե ով է պատրաստել, ստուգել ու հավաքել, գրված է պատասխանատու անձի ազգանունը։
Սինգոն բարձր տրամադրությամբ ածելին տանում-բերում էր դեմքի զանազան մասերով։
— Մաշկի գրգռում չի առաջացնում, սափրում է մաքուր, առանց օճառի ու ջրի,― ասաց Կիկուկոն։
— Անշուտ։ Ծեր մարդու համար սովորական ածելին հարմար չէ, սափրվելիս շարունակ դեմ է առնում կնճիռներին։ Այնպես որ քեզ նույնպես չէր խանգարի էլեկտրաածելի գործածել,— Սինգոն ածելին մեկնեց կնոջը։
Յասուկոն ընկրկեց ու ետ մղեց նրա ձեռքը․
— Ինձ ինչո՞ւ ես տալիս, ես հո մորուք չունեմ։
Սինգոն ուշադիր զննում էր ածելիի անվակները, հետո դրեց ակնոցն ու ոկսեց մանրամասնորեն ուսումնասիրել։
— Ոչ, անվակները չեն պտտվում, հապա ինչպե՞ս են սափրում։ Մոտորը պտտվում է, իսկ անվակները կանգնած են։
— Ցույց տուր, տեսնեմ։
Սինգոն ածելին փոխանցեց Յասուկոյին։
— Ճիշտ որ, անվակները անշարժ են։ Փոշեկուլի մեջ էլ ոչ մի բան չի պտտվում, բայց փոշին, այնուամենայնիվ, քաշում է ներս։
— Անհասկանալի է նաև, թե խուզված մազերն ուր են կորչում,— ասաց Սինգոն։ Կիկուկոն գլուխը հակելով ծիծաղեց։
— Էլեկտրաածելու փոխարեն ավելի լավ կլիներ փոշեծծիչ գնեինք։ Կամ լվացքի մեքենա։ Կիկուկոյի գործը կհեշտանար,— ասաց Յասուկոն։
— Իրավացի ես,— համաձայնեց Սինգոն։
— Մեր տանը քո ասած այդ քաղաքակրթության արդյունքներից ոչ մի բան չկա։ Վերցնենք թեկուզ սառնարանը, քանի տարի է խոստանում ես՝ կգնեմ, հա կգնեմ, ո՞ւր է, մինչև հիմա չունենք։ Կամ ասենք այդ տոստե՞ր է, ի՞նչ է, հացը դնում ես մեջը, պաքսիմատ դարձնելուց հետո ինքն իրեն անջատվում է։ Պակա՞ս հարմար բան է։
— Տունն էլեկտրիֆիկացման ենթարկելու տատիկային գաղափար։
— Գոնե հանուն Կիկուկոյի անեիր, չէ՞ որ սիրում ես նրան։ Իսկի խոսքիդ տերը չես։
Սինգոն վերջապես ածելին անջատեց։ Տուփում երկու խոզանակ կար, մեկը նման էր ատամի փոքրիկ խոզանակի, մյուսը, ավելի փոքրը՝ շշեր լվալու։ Սինգոն երկուսն էլ փորձեց։ Անվակների կտրվածքը մաքրելիս պատահաբար ցած նայեց և ծնկներին ընկած ճերմակ մազմզուկ տեսավ։ Մինչ այդ, երևի, ճերմակության պատճառով չէին նկատվում։
Նա խնամքով թափ տվեց ծնկները։
<b>3</b>
Փոշեծծիչը գնեց անմիջապես, առանց հետաձգելու։
Առավոտները, նախաճաշից առաջ նրան երբեմն զվարճացնում էին իրար խառնվող փոշեծծիչի ոռնոցն ու էլեկտրածելու դժժոցը։
Այդ ձայները նրանց տանն ինչ-որ նորություն էին մտցնում։
Փոշեծծիչը բորբոքում էր Սատոկոյի երևակայությունը։ Երբ Կիկուկոն հավաքում էր սենյակների փոշին, աղջիկը նրա կողքից չէր հեռանում։
Երևի էլեկտրաածելին էր պատճառը, որ Սինգոն երազում մորուքներ տեսավ։
Ինքը գործող անձ չէր, այլ հանդիսատես։ Ասենք երազում գործող անձին հանդիսատեսից որոշակիորեն տարբերել դժվար էր։ Մանավանդ, որ իրադարձությունները տեղի էին ունենում Ամերիկայում, որտեղ Սինգոն երբեք չէր եղել։ Նա հետո ենթադրեց, որ Ամերիկան երազում երևացել էր, հավանաբար, Կիկուկոյի՝ Սյուիտիի համար նվեր գնած ամերիկյան սանրի պատճառով։
Երազի մեջ Ամերիկան նահանգների էր բաժանված ըստ ազգությունների։ Մի նահանգում, օրինակ, ապրում էին զուտ անգլիացիներ կամ զուտ իսպանացիներ, հետևաբար մորուքի գույները կախված էին մորուքատիրոջ նահանգային պատկանելիությունից։ Արթնանալուց հետո Սինգոն արդեն չէր հիշում, թե մորուքները գույնով ու ձևով ինչպես էին միմյանցից զանազանվում, բայց երազում կարողանում էր ճիշտ որոշել տարբերությունը, որովհետև յուրաքանչյուր նահանգի, այսինքն՝ յուրաքանչյուր ցեղի մորուք ուներ իր բնահատկությունները։ Նահանգներից մեկում,― անունը արթնանալուց հետո մոռացավ,— մի մարդ կար, որի մորուքը համակցում էր բոլոր նահանգներում ապրող ցեղերի մորուքային առանձնահատկությունները։ Ընդորում, նրա մորուքի մեջ ոչ թե պարզապես իրար էին խառնվել տարբեր ցեղերի մազերը, այլ զուգակցվել էին մորուքների զանազան տեսակներ՝ մի կտոր ֆրանսիական, մի կտոր հնդկական․․․ Այսպիսով, այդ մարդու մորուքը կազմված էր Ամերիկայի բոլոր նահանգների ցեղերին պատկանող մորուքների փնջերից։
Ամերիկյան կառավարությունը նրա մորուքը հայտարարել էր ազգային սրբություն։ Եվ որովհետև ազգային սրբություն էր, մարդն իրավունք չուներ սեփական մորուքը ոչ միայն ինքնակամ խուզելու, այլ մինչև իսկ սանրելու։
Սինգոն երազում պարզ տեսնում էր այդ մարդու խայտաբղետ մորուքը և ընկալում որպես իրենը։ Մորուքավորի հպարտությունն ու միաժամանակ վարանած շփոթվածությունը փոխանցվում էր Սինգոյին։
Երազում բովանդակություն գրեթե չկար, ուղղակի երազ էր, և Սինգոն տեսնում էր մորուքավորին։
Մորուքն, իհարկե, երկար էր։ Սինգոն ամեն առավոտ մաքուր սափրում էր, դրա համար էլ, երևի, երազում անսահմանորեն երկար մորուք տեսավ։ Բայց և այնպես տարօրինակ էր․ այդ մորուքն ինչու հանկարծ հայտարարեցին ազգային մասունք։
Անմեղ երազ է, ուրախացավ Սինգոն, առավոտյան անպայման կպատմեմ մերոնց. և դարձյալ քնեց անձրևի աղմուկի տակ։ Քիչ հետո կրկին արթնացավ։ Նոր երազ էր տեսել, մի սահմռկեցուցիչ երազ։
Շոյում էր ինչ֊որ մեկի կախ ընկած, սրածայր կուրծքը։ Փափուկ ու անզգա էր այդ կուրծքը, չէր պրկվում, կնշանակի կինը բնավ չէր արձագանքում Սինգոյի ձեռքի հպումներին։ Դա տհաճ էր։
Սինգոն շոյում էր կնոջ կուրծքը, բայց չգիտեր, թե այդ կինն ով է։ Ոչ միայն չգիտեր, այլև չէր էլ փորձում իմանալ։ Սկզբում կինը ոչ դեմք ուներ, ոչ մարմին, ընդամենը դատարկ տարածության մեջ ծփացող երկու ստինք։ Հետո, երբ մտածեց, թե կինն ով կարող է լինել, դատարկությունը ստացավ Սյուիտիի ընկերներից մեկի կրտսեր քրոջ կերպարանքը։ Սակայն դրանից Սինգոն ոչ ամոթի զգացում ունեցավ, ոչ էլ գրգիռ։ Ճիշտ է, համոզված չէր կարող ասել, թե սա հենց այն աղջիկն է՝ Սյուիտիի ընկերոջ քույրը․ տեսքը շատ էր հեղհեղուկ։ Կուրծքը դեռ չծննդաբերած կնոջ կուրծք էր, թեև վստահ չէր, որ աղջիկը տղամարդկանց հետ մոտ չի եղել։ Շշմեց, երբ իր մատների տակ հանկարծ տեսավ կուսական անմեղության հետքերը։ Ինչ եմ անելու հիմա, մտածեց Սինգոն և ինքն իրեն հանգստացրեց,— պատահածն առանձնապես սարսափելի բան չէ։
— Կասեմ աղջիկը սպորտսմենուհի էր,— շշնջաց նա։
Երազն, ասես այդ խոսքերից վախեցած, ցնդեց։
— Թյո՛ւ, ինչ գարշելի է։— Սինգոն հանկարծ հիշեց, որ դրանք Մորի Օհայի մահվանից առաջ արտասանած խոսքերն են։ Մի անգամ կարդացել էր թերթերից մեկում։
Սթափվելով զզվանք առաջացնող երազից և տեղնուտեղը մտաբերելով Մորի Օհայի հոգևարքի խոսքերը, Սինգոն դրանք կապեց քնի մեք արտասանած իր խոսքերի հետ ու հասկացավ՝ դա ինքնաարդարացման փորձ էր։
Երազում նա սիրո և հրճվանքի զգացում չապրեց։ Անպարկեշտ երազ էր, անպարկեշտ, անվայելուչ հուշեր արթնացնող։ Որքան գարշելի էր այդ, ահռելիորեն գարշելի։ Տանջալից արթնացում էր։
Սինգոն երազում աղջկան չպատվազրկեց։ Բայց եթե նույնիսկ երկյուղից ու տռփանքից սարսռալով պատվազրկեր, դրանից ի՞նչ կփոխվեր։ Արթնանալուց հետո գարձյալ կշարունակեր քարշ տալ իր ողորմելի գոյությունը։
Նա վերհիշեց վերջին տարիներին տեսած անվայելուչ երազները, որոնց մեջ միշտ գործ էր ունենում գռեհիկ կանանց հետ։ Դրանց նման էր նաև այս գիշերվա աղջիկը։ Ինչպես երևում է ինքը երազում անգամ վախենում էր շնանալուց առաջացած բարոյական տառապանքներից։
Սյուիտիի ընկերոջ փոքր քրոջը լավ էր հիշում։ Նախքան Կիկուկոյի՝ իրենց տուն հարս գալը, Սյուիտին մի քանի անգամ տեսակցել էր ընկերոջ քրոջ հետ և մտադիր էր նրան նույնիսկ ամուսնության առաջարկություն անել։
— Օ՜հ․․․— Սինգոն ասես կայծակնահար եղավ։ Երազի աղջիկը չլինի՛ թե Կիկուկոն էր։ Նա Սյուիտիի ընկերոջ կրտսեր քրոջ կերպարանքն էր ընդունել, որովհետև Սինգոն երազի մեջ անգամ սրբորեն պահպանում էր իր բարոյական մաքրությունը։ Բացառված չէ նաև, որ Կիկուկոյին փոխարինող այդ աղջկան ինքը փոխարինեց մի ուրիշ, ավելի գռեհիկ կնոջով, որպեսզի իր բարոյազրկությունը թաքցնի, որպեսզի խույս տա խղճի խայթ զգալուց։
Եթե կարելի լիներ ամեն ինչում ընդառաջել սեփական ցանկություններին, եթե թույլատրվեր կյանքը կառուցել ուզածի պես, այդ դեպքում ինքը մի՞թե չէր ձգտի մի բանի՝ հավերժորեն սիրել Կիկուկոյին, աղջիկ֊Կիկուկոյին, այն Կիկուկոյին, որը դեռ չէր դարձել Սյուիտիի կինը։
Նրա հենց այդ նվիրական֊ծածուկ միտքը՝ ճնշված, անճանաչելիորեն այլանդակված, հայտնվեց երազում, իբրև ինչ-որ ողորմելի ու անպարկեշտ բան։ Սինգոն, հավանաբար, երազի մեջ էլ էր խաբում իրեն, չէր թողնում միտքն ու զգացումը պարզորոշ դառնան։ Ընտրեց մի աղջկա, որին, Կիկուկոյին հանդիպելուց առաջ, մտադիր էր առաջարկություն անել Սյուիտին, ընդորում, նրան տեսավ ասես մշուշի միջից, որովհետև սաստիկ վախենում էր, որ այդ աղջիկը Կիկուկոն լինի։
Ավելի ուշ, անդրադառնալով երազին, Սինգոն ինքն իրեն հարց տվեց՝ երազի կինն այդպես արագորեն խամրեց, այդպես արագորեն կտրվեց երազի թելն, ու ինքը ոչ մի բան չէր հիշում, և կուրծքը շոյող ձեռքն էլ ոչ մի հաճույք չէր զգում արդյո՞ք այն պատճառով, որ արթնանալու պահին իր մեջ միաժամանակ գլուխ բարձրացրեց նաև երազն ի չիք դարձնող խորամանկությունը։
— Դա ընդամենը երազ էր։ Ազգային սրբություն հայտարարված մորուքն էլ էր երազ։ Իսկ երազներ մեկնաբանելուն ես չեմ հավատում,— ափով դեմքը շփեց Սինգոն։
Մորուքի մասին տեսած երազից հետո, մինչ այդ բարակ մաղող անձրևը՝ քամու պոռթկումներից սաստկացած, փուլ եկավ տան վրա։ Ջուրը ճեղքերից ներս թափանցելով թրջեց նույնիսկ սենյակների հատակներին փռած խսիրները։ Աղմուկից դատելով, անձրևը փոթորկի էր վերածվել։
Սինգոն հիշեց մի քանի օր առաջ ընկերոջ տանը տեսած Կաձան Վատանաբեի տուշանկարը։ Չորացած ծառի կատարին նստած էր մի ագռավ։ Նկարը կոչվում էր․ «Մռայլ ագռավը այգաբացի մշուշում, մայիսյան անձրևին։ Նոբորի»։
Եռատող այդ բանաստեղծությունը կարդալուց հետո Սինգոյին թվաց, թե ըմբռնեց նկարի իմաստն ու Կաձանի տրամադրությունը։
Չորացած ծառի կատարին նստած ագռավը քամու մեջ, անձրևի տակ, սպասում է լույսը բացվելուն։ Նկարչին հաջողվել էր գունատ տուշով պատկերել անձիևի վտակներն այս ու այն կողմ շպրտող սրընթաց քամի։ Ինչպիսին էր ծառը, Սինգոն մոռացել էր, հիշում էր միայն, որ հաստաբուն էր, ջարդոտված ճյուղերով։ Իսկ ագռավի տեսքը պարզորոշ մխրճվել մնացել էր մտապատկերի մեջ։ Արդյոք այն բանից, որ ագռավը քիչ առաջ քնած էր, թե անձրևի տակ թրջվելուց կամ գուցե երկուսը միասին՝ և՛ քնելուց, և՛ թրջվելուց, նրա փետուրներն ամբողջովին գզգզված էին ու ցից-ցից։ Կտուցը երկար էր, վերևի մասը՝ կապտասև։ Աչքերը բաց էին, թեև ագռավը դեռ քնատ էր, երևում է, վերջնականապես չէր արթնացել։ Հայացքը ծակող էր, նույնիսկ՝ չար։ Նա շատ խոշոր էր թվում։
Սինգոյին հայտնի էր միայն, որ Կաձանը աղքատ է եղել և կյանքին վերջ է տվել խարակիրի անելով։ Բայց հանկարծ կարողացավ զգալ նկարչին այն ժամանակ համակած տրամադրությունը։
Ընկերը նկարը կախել էր, որովհետև համապատասխանում էր տարվա եղանակին։
— Ինչ վիթխարի ու զորեղ ագռավ է,— ասաց նրան Սինգոն,— և անախորժ։
― Կարծո՞ւմ ես։ Պատերազմի ժամանակ այդ թռչուններին հաճախ էի տեսնում և ամեն տեսնելիս մտածում էի՝ ինչ զազրելի արարածներ են։ Զզվելի ագռավ է, ճիշտ է, և, այնուհանդերձ, մեջը մեծ զորություն ու անդորր կա։ Բայց գիտես, եթե ես ու դու էլ խարակիրի անեինք այն պատճառով, ինչ պատճառով Կաձանն արեց, ապա մեր փորերը արդեն մի քանի անգամ պատռած կլինեինք։ Հիմա մեր ժամանակն ուրիշ է,— ասաց ընկերը։
— Մենք էլ էինք սպասում այգաբացին...
Սինգոն համոզված էր, որ անձրևային այս գիշերին Կաձանի ագռավը կախված է ընկերոջ հյուրասենյակում։
«Հետաքրքիր է, հիմա մեր ուրուրն ու ագռավն ի՞նչ են անում», մտածեց նա։
<b>4</b>
Երկրորդ անգամ արթնանալով՝ Սինգոն աչքերը կիսափակած սպասում էր լուսաբացին։ Սակայն նա Կաձանի պատկերած ագռավի ոչ խառնվածքն ուներ, ոչ էլ կամքի ուժը։
Այնուամենայնիվ, շատ տխուր բան է, խորհում էր պառկած, որ անպարկեշտ երազից (կարևոր չէ տեսած կինն ով էր՝ Կիկուկոն, թէ Սյուիտիի ընկերոջ քույրը) սիրտը տենչանքով չտրոփեց։
Դա շնացումից ավելի նողկալի է։ Ծերունական ինչ֊որ հյուծանք։
Նա դեռ պատերազմի Ժամանակ կորցրեց կանանց մերձենալու ցանկությունը։ Այդպես շարունակվում էր առ այսօր։ եվ դա ոչ թե այն պատճառով, որ Սինգոն շատ էր ծեր, այլ պարզապես ետ էր վարժվել։ Պատերազմը ջարդեց նրան, և նա այնպես էլ մինչև վերջ ուշքի չեկավ։ Երևույթների մասին ունեցած նրա պատկերացումները պատերազմը ծայրահեղորեն սահմանափակելով՝ դրեց ողջախոհության սեղմ շրջանակների մեջ։
Սինգոն նույնիսկ ցանկություն էր ունենում ընկերներից մեկն ու մեկին հարցնելու․— իրենց հասակակից այդպիսի ծերունիներ շա՞տ կան,— բայց վախենում էր իր անկարողությունը ծաղրուծանակի ենթարկեին։
Իսկապես ասած, Կիկուկոյին սիրելը, թեկուզ և երազում, ինչո՞ւ է անպարկեշտություն։ Մի՞թե երազում անգամ պետք է, ամաչել ու վախենալ այդ սիրուց։ Ինչո՞ւ է արթուն ժամանակ Կիկուկոյին սիրելն ավելի պատշաճ։
Ինքն իրեն այսպես դատողություններ էր անում Սինգոն։
Նա հիշեց Բուսոնի եռատող բանաստեղծությունը․ «Եթե ծերությունից մոռացել ես սերը, ինչ ցավալի է․․․,— Սինգոն այդ եռատողից հոգեպես ավելի լքված զգաց։
Ուրիշ կնոջ հետ կապված լինելու հետևանքով, Սյուիտիի և Կիկուկոյի ամուսնական հարաբերությունները նոր երանգավորումներ ձեռք բերին։ Իսկ երբ Կիկուկոն վիժում արեց, դարձավ մի տեսակ ավելի մեղմ ու տաք։ Ահավոր փոթորկի գիշերը Սյուիտին սովորականից քնքուշ էր փաղաքշում Կիկուկոյին, իսկ այն գիշեր, երբ տուն եկավ թունդ հարբած, կինը նրան ավելի հեշտ ներեց, քան սովորաբար ներում էր։
Բանն ի՞նչ էր, Կիկուկոյի գթասրտությո՞ւնը, թե՝ հիմար լինելը։
Կիկուկոն արդյոք գիտակցո՞ւմ էր արածը։ Կամ գուցե նա բնության սաեղծած հրաշքն էր, կյանքի ալիքների վրա անխոհեմ ու անհաշվենկատ լող տվող հրաշք։
Երեխա չծնելու նրա վճիռը բողոք էր Սյուիտիի դեմ։ Մեկնելով ծնողների մոտ, նա դարձյալ իր բողոքն արտահայտեց, միաժամանակ բացահայտելով հոգու անսահմանորեն խոր թախիծը, սակայն մի քանի օրից տուն վերադառնալուց հետո ամուսնու հանդեպ չափազանց քնքուշ դարձավ, ասես ներողություն էր հայցում իր արարքի համար, ասես սեփական վերքերն ամոքելու հանգիստ էր որոնում։
Չի կարելի ասել, թե նրա վարմունքը խիստ հաճելի էր Սինգոյին։ Սակայն Սինգոն սփոփում էր իրեն՝ ամեն ինչ դեպի լավն է գնում։
Նույնիսկ սկսեց մտածել՝ գուցե ճիշտ կլինի աչք փակել ու սպասել, մինչև հարցերն իրենք իրենց լուծվեն։
Այն հանգամանքը, որ Սյուիտին Սինգոյի հարազատ որդին էր, հորն ամենևին չէր խանգարում կասկածել, թե Սյուիտին ու Կիկուկոն արդյո՞ք իսկապես համապատասխան զույգ են, արդյո՞ք ճակատագրով նշանակված են իրար համար, պե՞տք է արդյոք, որ Կիկուկոն այդքան ամուր կապված լինի ամուսնուն։
Ջանալով կողքին քնած Յասուկոյին չարթնացնել, Սինգոն վառեց գլխավերևի գիշերալամպը, բայց ժամանակը ժամացույցով որոշել չկարողացավ։ Երևի արդեն լուսանում էր․ որտեղ որ է կզարկեին տաճարի ժամը վեցի զանգերը։
Սինգոն հիշեց Սինձյուկուի զբոսայգու զանգը։
Զարկերն ազդարարեցին, որ զբոսայգին փակվում է։
— Իմ կարծիքով դա եկեղեցու զանգ է,— դիմելով Կիկուկոյին, ասաց Սինգոն։ Նրան թվում էր՝ իրենք եվրոպական ինչ-որ երկրի զբոսայգու ծառուղով եկեղեցի են գնում։ Պատկերացրեց, որ ելքի մոտ խռնված բազմությունը նույնպես շարժվում է դեպի եկեղեցի։
Անկողնուց վեր կացավ քնից չհագեցած։
Խուսափելով նայել Կիկուկոյին, նա Սյուիտիի հետ տանից վաղ դուրս գնաց։
Անսպասելի հարցրեց որդուն.
— Պատերազմում մարդկանց սպանո՞ւմ էիր։
— Տարօրինակ հարց է։ Նրանք։ ովքեր ընկնում էին իմ գնդացրի կրակի տակ, հավանաբար, զոհվում էին։ Բայց չէ՞ որ կարելի է ասել՝ կրակողը ոչ թե ես էի, այլ գնդացիրը։
Սյուիտին երեսը կնճռոտելով՝ շրջեց։
Ցերեկը դադարած անձրևը նորից էր սկսվել ու թափվել ամբողջ գիշեր։ Առավոտյան Տոկիոն ծածկված էր մառախուղով։
Ֆիրմայի կազմակերպած ընդունելությունից հետո, որ տեղի ունեցավ ռեստորանում, Սինգոյին նստեցրին վերջին մեքենան, և նա ընկավ գեյշաներին տուն ուղեկցողի բավական դժվարին կացության մեջ։
Արդեն ոչ երիտասարդ երկու գեյշան նստեցին Սինգոյի աջ ու ձախ կողմերում, իսկ երեք բոլորովին դեռատիները տեղավորվեցին նրանց ծնկների վրա։ Սինգոն գրկեց իր ծնկին նստած աղջկա մեջքն ու սեղմեց իրեն.
— Հարմա՞ր է։
— Մի անհանգստացեք։— Գեյշան անխռով տիտիկ էր արել Սինգոյի ձնկներին։ Նա Կիկուկոյից մի չորս տարով փոքր կլիներ։
Այս գեյշային հիշելու համար, էլեկտրագնացք նստելիս, անունը մոտս կգրեմ, որոշեց Սինգոն։ Բայց հետո ուշադրությունն ինչ֊որ բանից շեղվեց, ու մոռացավ գրել։
== Անձրևին ==