Changes

Լեռան հառաչանքը

Ավելացվել է 32 844 բայտ, 19:48, 9 Ապրիլի 2015
/* Անձրևին */
== Անձրևին ==
 
<b>1</b>
 
Այդ առավոտ թերթն առաջինը Կիկուկոն կարդաց։ Անձրևն, ըստ երևույթին, լցվել էր փոստարկղը։ Կիկուկոն թաց թերթը կարդաց գազօջախի մոտ,― որի վրա ամանով բրինձ էր խաշում,― չորացնելու ընթացքում։
 
Սինգոն վաղ արթնանալիս թերթը երբեմն ինքն էր գնում բերում և կարդալու համար նորից պառկում անկողնու մեջ։ Բայց որպես կանոն՝ թերթն առավոտյան փոստարկղից հանելը Կիկուկոյի պարտականությունն էր։
 
Սովորաբար նա թերթը նայում էր Սինգոյին ու Սյուիտիին աշխատանքի ճանապարհելուց հետո։
 
― Հայրի՜կ, հայրի՜կ,― կամացուկ ձայնեց Կիկուկոն։
 
― Ի՞նչ կա։
 
― Եթե արթուն եք։ ապա․․․
 
― Ի՞նչ է պատահել։
 
Մի բան եղած կլինի, լսելով հարսի հուզված ձայնը, մտածեց Սինգոն, և արագ հագնվելով սենյակից դուրս եկավ։
 
Կիկուկոն թերթը ձեռքին կանգնել էր միջանցքում։
 
― Ի՞նչ է եղել։
 
― Այստեղ գրված է Աիխարա-սանի մասին։
 
― Աիխարային տարել են ոստիկանատո՞ւն։
 
― Ոչ։
 
Կիկուկոն փոքր֊ինչ թեքվելով առաք, թերթը նրան մեկնեց։
 
― Օ՛հ, դեռ խոնավ է։
 
Սինգոյի անփույթ շարժումից թաց թերթը սահեց ընկավ հատակին։
 
Կիկուկոն արագ կռացավ, վերցրեց և կրկին պարզեց նրան։
 
― Ես չեմ էլ ուզում կարդալ։ Աիխարային ի՞նչ է պատահել։
 
― Մի կնոջ հետ փորձել է կյանքին վերջ տալ։
 
― Վերջ տալ կյանքին մի կնոջ հե՞տ։ Մահացե՞լ է։
 
― Նրան փրկելու հույս կա։ Համենայն դեպս, թերթում այդպես է գրված։
 
― Ի՜նչ ես ասում, մի սպասիր տեսնեմ։― Սինգոն թերթը տվեց Կիկուկոյին ու գնաց դեպի դուռը։
 
― Ասենք Ֆուսակոն երևի դեռ քնած է։ Նա տնից դուրս չի՞ եկել։
 
― Ոչ։
 
Դե, իհարկե, երեկ երեկոյան Ֆուսակոն տանն էր, հետո երեխաների հետ պառկեց քնելու։ Նա Աիխարայի մոտ գնալու և ինքնասպանություն գործելու ոչ մի պատճառ չուներ, թերթում գրել են ուրիշ կնոջ մասին։
 
Նայելով զուգարանի պատուհանը ծեծող անձրևին, Սինգոն ջանում էր հանգստանալ։ Ջրի կաթիլները աճապարանքով ցած էին գլորվում տան ետևի լեռան վրա աճած ծառերի բարակ ու երկար տերևներից։
 
― Տեղատարափ է։ Իսկի նման չէ հունիսյան մեղմ անձրևին։
 
Այդ խոսքերն ասելով, Սինգոն մտավ ճաշասենյակ և նստեց։ Ձեռքն առավ թերթը, բայց չհասցրեց բացել, ակնոցը քթից սահեց ցած։ Բարկացած ճպպացնելով լեզուն, նա հանեց ակնոցն ու սկսեց կատաղաբար քիթն ու աչքերը տրորել։ Ոտքից-գլուխ գարշելիորեն քրտնած էր։
 
Կարճ հոդվածը կարդալու ընթացքում ակնոցն անընդհատ սահում էր ներքև։
 
Աիխարան ու հետը գնացած կինը միասին ինքնասպանություն էին գործել Ռենգայհձի տաճարին կից Իձուի հանքային տաք ջրերի հյուրանոցում։ Կինն անմիջապես մեռել էր։ Նրա տարիքը՝ քսանհինգից֊քսանվեց, տեսքից դատելով՝ մատուցողուհի է․ անձը չի հավաստած։ Տղամարդը, ինչպես երևում է, հաշիշամոլ է։ Հույս կա փրկելու նրան։ Քանի որ մշտապես թմրադեղեր է օգտագործել և մահանալուց առաջ նամակ չի թողել, կարելի է ենթադրել, որ կեղծ ինքնասպանություն է սարքել։
 
Սինգոն բռնեց մինչև քթի ծայրը սահած ակնոցը և զայրույթից քիչ մնաց գետնովը տար։
 
Կատաղեցնողը չգիտես Աիխարայի արա՞րքն էր, թե՞ համառորեն վայր սահող ակնոցը։
 
Ափով ուժգնորեն տրորելով դեմքը, գնաց լվացվելու։
 
Թերթում նշել էին, որ Աիխարայի բնակավայրը Իոկոհաման է։ Կնոջ՝ Ֆուսակոյի, անունը չէր հիշատակված։
 
Կարճառոտ հոդվածում ոչ մի բան չէր ասված նաև Սինգոյի ընտանիքի մասին։
 
Իոկոհաման նշել էին, իհարկե, առանց մտածելու, պատահաբար։ Երևում է Աիխարայի իսկական բնակավայրը չէին պարզել։ Ասենք Ֆուսակոն հիմա փաստորեն նրա կինը չէր։
 
Սինգոն սկզբում երեսը լվաց, ապա նոր սկսեց ատամները մաքրել։
 
Իրեն հատուկ գերզգայնությամբ նա տանջվում էր այն մտքից, որ Ֆուսակոն մինչև այսօր համարվում է Աիխարայի կինը։ Այդ միտքն ուղղակի հանգիստ չէր տալիս նրան։
 
― Ահա և լավ եղավ, Ժամանակն ինքն ամեն ինչ լուծեց,― փնթփնթաց նա։
 
Մի՞թե իրոք, մինչ ինքը տատանվում էր, չիմանալով ինչ միջոցների դիմել, Ժամանակն ամեն ինչ վճռեց։
 
Բայց արդյո՞ք ոչ մի հնարավորություն չուներ օգնելու Աիխարային այն ժամանակ, քանի դեռ նա բարոյապես այդ աստիճան չէր ընկել։
 
Ասենք դեռ ամենևին էլ պարզ չէ՝ ամուսնուն կործանման հասցրեց Ֆուսակոն, թե կնոջը՝ Ֆուսակոյին, դժբախտացրեց Աիխարան։
 
Եթե ամուսիններից մեկը իր բնավորությամբ ընդունակ է դժբախտացնելու մյուսին, նրան մինչև իսկ հասցնելու կործանման, ապա կնշանակի այդ մյուսը ևս նույնպիսի բնավորություն ունի և ընդունակ է իր հերթին ամուսնուն կամ կնոջը դժբախտացնելու, մինչև իսկ կործանելու։
 
Վերադառնալով ճաշասենյակ և կուլ տալով այրող թեյը, Սինգոն դարձավ հարսին.
 
― Կիկուկո, դու երևի գիտես, որ Աիխարան մի հինգ֊վեց օր առաջ փոստով ապահարզանի դիմում էր ուղարկել։
 
― Գիտեմ։ Դիմումը կարդալիս դուք զայրացաք․․․
 
― Միանգամայն ճիշտ է, զայրացա։ Ֆուսակոն էլ ասաց, որ նույնիսկ վիրավորանքը պետք է սահման ունենա։ Աիխարան, ըստ երևույթին, այդ գործը ձեռնարկել էր մահվանից առաջ։ Նշանակում է՝ լրջորեն նախապատրաստվում էր անձնասպանության և կեղծիք կատարելու մտադրություն չուներ։ Իսկ այն կնոջը իր հետ վերցրել է որպես ուղեկից։
 
Կիկուկոն կծկված լռել էր։ Հագին մետաքսե շերտավոր կիմոնո էր, որ պիրկ գրկել էր իրանը։
 
― Գնա Սյուիտիին արթնացրու,― ասաց Սինգոն։
 
Նայելով հարսի ետևից, մտածեց, ինչ բարձրահասակ է թվում, երևի պատճառը շերտավոր կիմոնոն է։
 
― Մի՞թե Աիխարան այդպիսի բան է արել,― թերթը հոր ձեռքից վերցնելով ասաց Սյուիտին։― Ֆուսակոյի գրած ապահարզանի դիմումն արդեն ուղարկե՞լ ես։
 
―Առայժմ դեռ ոչ։
 
― Ի՞նչ է նշանակում «առայժմ»,― հորը նայեց Սյուիտին։
 
― Ինչո՞ւ ես ուշացնում։ Հարկավոր է հենց այսօր ևեթ, որքան հնարավոր է շտապ ուղարկել։ Չէ՞ որ եթե Աիխարային չփրկեն, դուրս կգա, որ Ֆուսակոն դիմումն ուղարկում է մեռած մարդուն։
 
― Երեխաներին ո՞ւմ անունով գրել։ Աիխարան նրանց մասին ոչ մի բան չի ասել։ Իսկ երեխաները շատ են փոքր, ինքնուրույն ընտրություն կատարել չեն կարող։
 
Ապահարզանի դիմումը՝ Ֆուսակոյի ստորագրությամբ, դրված էր Սինգոյի թղթապանակում, քանի օր էր արդեն հետը տանում էր ֆիրմա, ետ բերում։
 
Ժամանակ առ ժամանակ, նա հանձնակատարի ձեռքով փող էր ուղարկում Աիխարայի մորը։ Մտադիր էր նույն հանձնակատարի միջոցով ապահարզանի դիմումը հանձնել շրջանային վարչություն, բայց օր֊օրի հետաձգում էր։
 
― Երեխաները քանի որ մեզ մոտ են, թող այստեղ էլ մնան,― անփութորեն նետեց Սյուիտին։― Հավանաբար ոստիկանությունից մարդ կուղարկեն մեր աուն։
 
― Այդ ինչի՞ համար։
 
― Որպեսզի Աիխարայի հոգսը քաշող մարդիկ գտնեն կամ թե նման մեկ ուրիշ պատճառով։
 
― Գուցեև չեն գա։ Աիխարան, երևի, ապահարզանի դիմումը հենց դրա համար էլ ուղարկել էր։
 
Կտրուկ ետ քաշելով ֆուսուման, գիշերային կիմոնոն հագին ներս խուժեց Ֆուսակոն։
 
Չնայելով անգամ, թե ինչ է գրված թերթում, խլեց եղբոր ձեռքից, ճղճղեց ու կտորտանքը շպրտեց հատակին։ Պատռտեց մոլեգնորեն և մանր ծվեններն այնպես թափով նետեց հատակին, որ թերթիկները նույնիսկ այս ու այն կողմ չթռան։ Հետո ոտքերով գազազած տրորեց ճղճղված թղթերը և ուժասպառ, փռվեց գետնին։
 
― Կիկուկո, ֆոլսուման փակիր,― ասաց Սինգոն։
 
Բաց ֆուսումայի ետևում երևում էին քնած երեխաները։
 
Ֆուսակոն դարձյալ վրա ընկավ թերթի կտորտանքին, սկսեց կատաղաբար բզիկ-բզիկ անել։
 
Սյուիտին ու Կիկուկոն լռել էին։
 
― Ֆուսակո, Աիխարային տեսնել չէի՞ր ուզենա,― հարցրեց Սինգոն։
 
― Ոչ մի դեպքում։
 
Ֆուսակոն հենվելով արմունկին՝ չարությամբ նայեց հորը.
 
― Քո աղջկան ինչի՞ տեղ ես դրել, հայրիկ, փալասի՞։ Քեզ նույնիսկ վրդովմունք չպատճառեց, որ աղջկադ հետ այդպես տմարդի վարվեցին։ Ավելի լավ է՝ ինքդ գնա տես նրան, գնա մեկ անգամ էլ խայտառակվիր։ Ինձ ո՞վ պսակեց այդ մարդու հետ, ո՞վ․․․
 
Կիկուկոն գնաց խոհանոց։
 
Սինգոն այն կարծիքին էր, որ Ֆուսակոն, այնուամենայնիվ, պետք է այցելի Աիխարային։ Ո՞վ գիտե, գուցե բաժանված զույգը նորից կմիանա, և նրանց կյանքը կընկնի նոր հունի մեջ։ Չէ՞ որ այդպես էլ է լինում։
 
<b>2</b>
 
Թերթերն այլևս ոչ մԻ լուր չտվին՝ Աիխարան փրկվե՞ց, թե մեռավ։
 
Քանի որ շրջանային վարչությունում ապահարզանի դիմումն ընդունեցին, նշանակում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ նրա մահը նշված չէր։
 
Բայց եթե ընդունենք, որ Աիխարան մեռել էր, մի՞թե կարող էին թաղել նրան անձը դեռ չպարզած, որպես անհայտ մարդու։ Դժվար թե։ Նա, ախր, մայր ունի, թեկուզ և ոտքի վրա հազիվ էր կանգնում։ Եթե մինչև անգամ թերթը մոր ձեռքը չի ընկել, ապա ծանոթներից մեկն ու մեկն անպայման Աիխարայի մասին գրած հոդվածը նրան ցույց կտար։ Ինչպես երևում է։ Աիխարային փրկել են, ենթադրում էր Սինգոն։
 
Կարելի՞ է սոսկ ենթադրություններով բավարարվել, երբ նրա երկու երեխան մնացել են ձեռքիդ։ Սյուիտին ինքն իրեն այնքան էլ նեղություն չի տալիս պարզ պատկերացնելու, թե ինչ է կատարվել, բայց Սինգոն հո չի կարող նույն անհոգությամբ ամեն ինչի համաձայնել։
 
Չէ՞ որ երկու թոռնիկն էլ բեռ կդառնան իր ուսերին։ Սյուիտին ամենևին չի մտահոգվում, որ նրանք կդառնան նաև իր բեռը։
 
Դաստիարակության հոգսը ընդամենը դեռ գործի կեսն է, բայց չէ որ Ֆուսակոյի և երեխաների ապագա երջանկությունն այԺմվանից արդեն կիսով չափ խորտակված է, մի՞թե նրանց բախտի համար ևս պատասխանատու է լինելու Սինգոն։
 
Ապահարզանի դիմումն ուղարկելիս նա մտածում էր այն կանանց մասին, որոնց հետ ժամանակ էր անցկացրել Աիխարան։ Տեսնես ի՞նչ եղան։
 
Նրանցից մեկն ահա մահացել էր։ Հետաքրքիր է, ինչպիսի՞ն էր այդ կնոջ կյանքը։
 
«Աստված հեռու տանի,― ինքն իրեն ասաց Սինգոն ու ցնցվեց,― դժոխային կյանք է եղել»։
 
Եթե Ֆուսակոն Աիխարայի հետ հաշտ ապրեր, այդ կինն անձնասպանություն չէր գործի։ Ուրեմն Սինգոն ևս ինչ-որ չափով մասնակից է նրա կործանմանը։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող է դժբախտ կնոջ հոգու փրկության համար չաղոթել։
 
Բայց նա մեռած կնոջ մասին հոգալու ցանկություն չուներ, նա մտածում էր Կիկուկոյի երեխայի մասին։ Անշուշտ, հարկ չկար մտածել մի երեխայի մասին, որից մայրն այդքան արագ հրաժարվեց և, այնուամենայնիվ, մտածում էր՝ տեսնես ինչպիսին կլիներ ծնվելուց հետո։
 
Գուցե Սինգոն երեխայի ոչնչացմանը նույնպե՞ս մասնակից էր։
 
Օրը գարշելի էր, անգամ ակնոցի ապակիները, չգիտես ինչից, շարունակ քրտնում էին։
 
Համատարափ անձրևը վերջացավ, բացվող ամպերի արանքից փայլեց արևը։
 
― Այն բակերում, որտեղ անցյալ ամռանը արևածաղիկներ էին ծաղկում, այս տարի ինչ֊որ սպիտակ, տեղական քրիզանթեմներին նմանող ծաղիկներ են բացվել, չգիտեմ էլ ինչպես են կոչվում։ Բոլորը խոսքները մե՞կ են արել, ինչ է, մի քանի բակերում իրար ետևից միատեսակ ծաղիկներ ես տեսնում։ Անցյալ տարի բոլորը միմիայն արևածաղիկներ էին ցանել,― տաբատը հագնելով, ասաց Սինգոն։
 
Կիկուկոն պիջակը ձեռքին, կանգնել էր նրա առջև.
 
― Անցյալ տարի չէ՜ որ բոլոր արևածաղիկները փոթորկից ջարդվեցին։
 
― Հնարավոր է։ Կիկուկո, աչքիս ոնց որ թե բոյ ես քաշել, հա՞։
 
― Այո։ Հասակս բարձրացել է։ Տուն վերադառնալուց հետո առանց այն էլ մի քիչ բոյովացել էի, իսկ վերջերս՝ դարձյալ։ Սյուիտին նույնիսկ զարմացավ։
 
― Ե՞րբ...
 
Կիկուկոն հանկարծ շիկնեց։ Անցնելով Սինգոյի ետևը, օգնեց նրան պիջակը հագնել։
 
― Ինձ թվաց, թե դու շատ ես բոյ քաշել։ Թվաց ոչ միայն շերտավոր կիմոնոյիդ պատճառով։ Արդեն քանի տարի է ապրում ես մեր տանը, և հասակդ անընդհատ բարձրանում է։ Սքանչելի է ուղղակի։
 
― Ես պարզապես թերզարգացած եմ, ոչ մի կերպ չեմ կարողանում մեծանալ։
 
― Հեչ էլ չէ, դու շատ սիրուն ես։― Այդ ասելիս Սինգոն նայեց հարսին ու մեկ անգամ ևս համոզվեց, որ նա իրոք առողջ և առինքնող տեսք ունի։ Մի՞թե այնքան է բոյ քաշել, որ Սյուիտին նրան գրկելիս նկատել է։
 
Տանից դուրս եկավ փայփայելով այն միտքը, որ կորցրած թոռնիկի կյանքը շարունակվում է Կիկուկոյի մեջ։
 
Ճամփեզրին պպզած, Սատոկոն հետևում էր հարևան երեխաների խաղին։
 
Սինգոն ինքն էլ կանգ առավ, սկսեց հետաքրքրությամբ դիտել, թե նրանք ինչպես են մանր կտրտած խոտերը դնում խեցիների մեջ ու դարսում արալենու տերևների վրա, իբր դրանք ամաններ են։ «Ամանների ճաշը» նախշելու համար ավելացնում էին նաև գեորգինի ու մարգարտածաղիկների փջրած պսակաթերթիկներ։
 
Գետնին փռած խսիրն ամբողջապես ծածկված էր մարգարտա ծաղիկներով։
 
― Հա՜, դրանք կոչվում են մարգարտածաղիկներ,― վերջապես մտաբերեց Սինգոն։
 
Բակերից մի քանիսում, որտեղ անցյալ տարի արևածաղիկներ էին բացվել, այժմ այդ մարգարտածաղիկներն են աճում։
 
Սատոկոն դեռ շատ էր փոքր, և երեխաները նրան, ինչպես երևում է, չէին ուզում իրենց խաղին մասնակից դարձնել։
 
― Պապի՞կ։
 
Սինգոն թոռնիկի ձեռքից բռնած տարավ մինչև բակի անկյունը։ Թռչկոտելով ետ վազող Սատոկոն գրեթե ամառային թեթև հագուստով էր։
 
Նացուկոն, սպիտակ կռները մերկացրած, լվանում էր աշխատասենյակի պատուհանը։
 
Սինգոն առույգ ձայնով ասաց.
 
― Դու այսօրվա թերթը տեսե՞լ ես։
 
― Այո,― չհասկանալով պատասխանեց Նացուկոն։
 
― Ասում եմ, թերթը, բայց հատկապես ո՞րն էր, չեմ հիշում։ Իսկապես, որ թերթն էր...
 
― Հաստատ գիտե՞ք, որ թերթ էր։
 
― Իհարկե։ Միայն մոռացա, թե որի մեջ կարդացի, որ Հարվարդի և Բոստոնի համալսարանների սոցիոլոգները հարցաթերթիկներ են բաժանել հազար տարբեր քարտուղարուհիների, որտեղ տրված է եղել ընդամենը մեկ հարց՝ ձեզ ամենից շատ ի՞նչն է ուրախություն պատճառում։ Եվ բոլորը միահամուռ պատասխանել են՝ երբ ինձ գովաբանում է տղամարդը։ Մի՞թե և՛ արևմուտքի, և՛ արևելքի կանայք այդ հարցում համերաշխ են։ Դու ի՞նչ կարծիքի ես։
 
― Եվ նրանք այդպես պատասխանելիս չե՞ն ամաչել։
 
― Ամոթն ու հաճույքը, որպես կանոն, հարևաններ են։ Մանավանդ, երբ սիրահետում է տղամարդը։ Համաձայն չե՞ս։
 
Նացուկոն գլուխը կախ լռում էր։ Մեր օրերում սրա նման համեստ աղջիկ հազվագյուտ է պատահում, մտածեց Սինգոն։
 
― Տանիձաքին պատկանում է հենց այդպիսի աղջիկների թվին։ Շատ էր սիրում, երբ իրեն գովաբանում էին մարդկանց ներկայությամբ։
 
― Այսօր Տանիձաքի֊սանն եկել էր։ Մոտավորապես ութն անց կեսին,― անբարյացակամորեն ասաց Նացուկոն։
 
― Իսկապե՞ս։ Եվ ի՞նչ։
 
― Ասաց նորից կգա։ Օրվա ընթացքում։
 
Սինգոյին վատ նախազգացում համակեց։
 
Հիդեկոյին սպասելով, ճաշելու չգնաց։
 
Հիդեկոն լայն բացեց դուռն ու քարացավ շեմին։
 
― Օ՜, ինչպես տեսնում եմ, այսօր ծաղիկներ չես բերել,― ջանալով մտալարությունը թաքցնել, ասաց Սինգոն։
 
Հիդեկոն, ասես կշտամբելով Սինգոյին թեթևամտության համար, հանդիսավոր֊լուրջ տեսք առած՝ մոտեցավ նրան։
 
― Կհրամայես դարձյալ, որ կողմնակի մարդիկ սենյակից հեռանա՞ն։
 
Բայց Նացուկոն արդեն գնացել էր ճաշելու, և առանձնասենյակում Սինգոն մենակ էր։
 
նա ցնցվեց, երբ Հիդեկոն ասաց, որ Սյուիտիի սիրուհին հղի է։
 
― Ես նրան ասում էի․ դու երեխա չպետք է ունենաս,― բարակ շուրթերը սեղմեց Հիդեկոն։― Երեկ, սալոնից դուրս գալուց հետո, ճանապարհին հասա Կինուկոյի ետևից և նույնը նորից կրկնեցի։
 
― Հը՛մ։
 
― Ինչ է, ճիշտ չե՞մ վարվել։ Չէ որ կատարվել է մի ահավոր բան։
 
Սինգոն սիրտ չուներ պատասխանելու։ Նա միանգամից մռայլվեց։
 
Հիդեկոն այդ ամենն ասում էր նկատի ունենալով Կիկուկոյին։ Ահավոր էր Կիկուկոյի համար։
 
Սյուիտիի կինն ու սիրուհին հղիացել էին միաժամանակ։ Կյանքում նման բան, իհարկե, պատահում է։ Բայց որ այդ բանը կպատահեր հարազատ որդուն, Սինգոյի մտքովն իսկ չէր անցնում։ Ավելացրած և այն, որ Կիկուկոն հղիությունն ընդհատել էր։
 
<b>3</b>
 
― Սյուիտին դեռ այստե՞ղ է։ Գնամ տեսնեմ։ Եթե այստեղ է, կասեմ թող գա։
 
― Լավ։
 
Հիդեկոն պայուսակից հանեց փոքրիկ հայելին և ասես տատանվելով, կանգ առավ․
 
― Այնպիսի դեմք ունեմ․․․ Ուղղակի ամոթ է այս տեսքով երևալ նրան։ Իմիջիայլոց, Կինուկո֊սանը չի իմանում, որ եկել եմ ձեզ մոտ բամբասելու։
 
― Հա՛, դե, իհարկե, հասկանալի է։
 
― Այս պատմությունների պատճառով նույնիսկ ուզում եմ աշխատանքից դուրս գալ, բայց․․․
 
― Իզուր։
 
Սինգոն զանգահարեց սեղանին դրված հեռախոսով։ Նրան հաճելի չէր որդուն հանդիպել այն սենյակում, որտեղ նստած էին աշխատակիցները։ Սյուիտին տեղում չէր։
 
Սինգոն Հիդեկոյին տարավ ֆիրմայից ոչ շատ հեռու գտնվող եվրոպական ռեստորանը։
 
Փոքրամարմին Հիդեկոն սեղմվեց նրան ու փորձելով որսալ դեմքի արտահայտությունը, ասաց.
 
― Երբ ձեր քարտուղարուհին էի, մի երեկո ինձ տարաք պարի։ Հիշո՞ւմ եք։
 
― Հիշում եմ։ Մազերդ կապել էիր ճերմակ ժապավենով։
 
― Ոչ,― գլուխն օրորեց Հիդեկոն։― Մազերս սպիտակ ժապավենով ձիգ կապել էի փոթորկի օրը։ Ես դա լավ եմ հիշում, որովհետև Կինուկո-սանի մասին առաջին անգամ այդ օրն իմացա և ցնցվեցի։
 
― Ուրեմն, նրանց կապը սկսվել էր այն ժամանա՞կ։
 
Սինգոն հիշեց, որ Հիդեկոն հենց այդ երեկո ասաց, թե Կինուկոյի խռպոտ ձայնը ցանկագրգիռ է։
 
― Դա կարծեմ անցյալ տարվա սեպտեմբերին էր։ Սյուիտիի, այսպես ասած, սրտային գործերը քեզ ահագին գլխացավանք են պատճառել։
 
Սինգոն ֆիրմայից դուրս էր եկել առանց լայնեզր գլխարկի, արևն այրում էր գլուխը։ Հիդեկոն ասաց.
 
― Որքան էլ ցավալի լինի, ես ոչ մի բան անել չէի կարող։
 
― Դա ի՞նչ քո գործն էր։ Նույնիսկ ես որևէ բան չկարողացա անել։ Մի խոսքով, ընտանիքս խայտառակվեց։
 
― Միևնույն է, ես ձեզ խորապես հարգում եմ։ Ֆիրմայից հեռանալուց հետո ավելի սերտ կապվեցի ձեզ,― սկսեց Հիդեկոն արտասովոր տոնով ու որոշ ժամանակ լռեց։― Ես Կինուկոյին անվերջ համոզում եմ, որ երեխա չպետք է ծնի։ Իսկ նա լկտի տեսքով խոսքս ընդհատում է, իբր դու ի՞նչ գիտես, ի՞նչ ես հաականում, որ խառնվում ես ուրիշի գործերին։ Ասում է, այս ամենը վերաբերում է միայն նրան, ում կրում եմ կրծքիս տակ․․․
 
― Հը՛մ։
 
― «․․․ Ես քեզ խնդրե՞լ եմ ինձ այդպիսի հիմարություններ ասես։ Շարունակ կրկնում ես՝ Սյուիտիին թող, հա թող։ Պարզ է, եթե Սյուիտին ինքը հեռանա, նրան ազատ թողնելուց բացի ինձ ուրիշ անելու բան չի մնում, բայց երեխային հո՛ ես եմ ծնելու։ Այդտեղ արդեն ինձ ոչ ոք օգնել չի կարող։ Իսկ լա՛վ կանեմ, որ ծնեմ, թե վատ, այդ մեկը թե կարող ես հարցրու կրծքիս տակ գտնվող մանկանը»։ Կինուկոն կարծում է ես դեռ շատ երիտասարդ եմ, ծաղրում է ինձ։ Ես նրան ասացի, որ մարդկանց ծաղրելու հարկ չկա։ Իմ կարծիքով, Կինուկոն երեխան անպայման կբերի։ Մեր խոսակցության մասին հետո երկար մտածեցի, նա, ախր, ռազմաճակատում զոհված ամուսնուց երեխաներ չի ունեցել։
 
Սինգոն, շարունակելով քայլել, գլխով արեց․
 
― Հասկանում եմ։
 
― Հնարավոր է, որ ես տաքացած եմ, դրա համար եմ այսպես խոսում, նա գուցե երեխան ամենևին էլ չի բերի։
 
― Քանի՞ ամսական է։
 
― Չորս... Ինքս ոչինչ չէի նկատում, իսկ սալոնի աղջիկներն անմիջապես գլխի ընկան... Տիրուհին, այդ մասին իմանալով, նույնպես խորհուրդ տվեց չծննդաբերել։ Ախր, եթե Կինուկոն երեխա ունենա, ստիպված կլինի աշխատանքը թողնել, իսկ որ թողեց, ինչո՞վ է ապրելու։― Հիդեկոն ափը դրեց այտին։― Ուղղակի չեմ պատկերացնում։ Քանի որ այժմ դուք ամեն ինչ գիտեք, խոսեք Սյուիտի-սանի հետ։
 
― Կխոսեմ։
 
― Եթե մտադիր եք Կինուկո-սանին տեսնել, մի հետաձգեք։
 
Սինգոն այդ մասին էլ էր մտածում, Հիդեկոն նրա միտքը գուշակեց։
 
― Իսկ այն կինը, որին ինձ մոտ՝ ֆիրմա բերիր, էլի նրա հետ մի տան մեջ է ապրո՞ւմ։
 
― Իկեդա֊սա՞նը, այո։
 
― Նրանցից ո՞վ է ավելի մեծ։
 
― Կարծում եմ Կինուկո֊սանը մի երկու֊երեք տարով Իկեդա֊սանից երիտասարդ է։
 
Ճաշելուց հետո Հիդեկոն Սինգոյի հետ քայլեց մինչև ֆիրմա։ Դեմքին հայտնվել էր մի խղճալի ժպիտ, ահա ուր որ է լաց կլինի։
 
― Ցտեսություն։
 
― Քեզանից շնորհակալ եմ, Հիդեկո։ Դու հիմա վերադառնալու ես սալո՞ն։
 
― Այո։ Կինուկո֊սանը վերջերս սկսել է ավելի վաղ տուն գնալ, բայց մինչև վեցն անց կես միշտ լինում է սալոնում։
 
― Կարծում եմ չարժե, որ ես սալոն գամ։
 
Երևում է, Հիդեկոն այսօր ևս դրդում էր նրան հանդիպել Կինուկոյի հետ։ Սինգոն հոգու խորքում ծանրություն զգաց։
 
Տուն դառնալուց հետո կդժվարանա Կիկուկոյի աչքերին նայել։
 
Կիկուկոն այն աստիճան անարատ է, որ նողկալի համարեց երեխա ունենալ Սյուիտիից, քանի դեռ նա շարունակում է կապված մնալ ուրիշ կնոջ հետ։ Բայց որ այդ կինը հղիացել է իր ամուսնուց, ամենամղձավանջային երազում անգամ տեսնել չէր կարող։
 
Երբ հարսը ծնողների մոտ մի քանի օր մնալուց հետո ետ եկավ, թվում էր, թե նա ու Սյուիտին հաշտվել ու ապրում էին միանգամայն համերաշխ։ Սյուիտին ամեն օր աշխատանքից վաղ էր տուն գալիս և կնոջ նկատմամբ սրտառուչ կերպով հոգատար էր։ Հապա այս բոլորն ի՞նչ էր նշանակում։
 
Եթե Սյուիտիի վարքագիծը լավ իմաստով բացատրենք, պետք է ենթադրել, որ Կինուկոն, որոշելով անպայման երեխա ունենալ, նրան գլխացավանքի մեջ է գցել, և որդին, կապերը Կինուկոյի հետ խզելուց հետո, ներողություն է հայցում կնոջից։
 
Եվ, այնուհանդերձ, այդ ամբողջ պատմությունը Սինգոյի մեջ թողնում էր անբարոյականության, անմաքրության ինչ-որ մի նողկալի նստվածք։
 
Մի՞թե այդ կինն իրոք երեխան կբերի։ Նրա աշխարհ գալը Սինգոյին ահավոր բան էր թվում։
 
― Ուրեմն, եթե ծնվի, կդառնա իմ թոռնի՞կը,― քթի տակ փնթփնթաց նա։
== Մոծակների պարսը ==
Վստահելի
1318
edits