Ապա գերեզմանի վրա բազմաթիվ ծաղիկներ ու ճյուղեր թափելով և հանգուցյալի բարեկամ Ամբրոսիոյին ցավակցություն հայտնելով հովիվները ցրվեցին։ Վիվալդոն իր ուղեկիցների հետ ճամփա ընկնելու վրա էր, և դոն Կիխոտը հրաժեշտ տվեց իրեն ապաստանող հովիվներին և ճամփորդներին։ Վերջիններն առաջարկեցին նրան իրենց հետ Սևիլիա գնալ, ասելով, որ արկածախնդրի համար դա չափազանց հարմարավոր տեղ է, թե արկածներ ամեն անկյունում, ամեն նրբափողոցում պատահում են ավելի հաճախ, քան ուրևիցե։ Դոն Կիխոտը շնորհակալություն հայտնեց նրանց խորհուրդի և իրեն ծառայություն անելու պատրաստակամությաան համար, բայց հայտարարեց, որ չի կարող և չպետք է Սևիլիա գա, մինչև որ չազատի այս լեռները գող֊ավազակներից, որոնք, ըստ լուրերի, վխտում են այստեղ։ Համոզվելով, որ նրա բարի մտադրությունն անհողդողդ է, ճամբորդները հնարավոր չհամարեցին պնդելու և մեկ էլ հրաժեշտ տալով նրան, գնացին իրենց ճամփով, որի ընթացքում նրանք կարող էին կուշտ զրուցել Մարսելայի և Խրիզոստոմոյի պատմության շուրջը, ինչպես և դոն Կիխոտի խելագարությունից։ Իսկ մեր ասպետը որոշեց գնա Մարսելային որոնելու, որպեսզի առաջարկի նրան իր ծառայությունը։ Սակայն նրա մտադրություններին վիճակված չէր իրականանալու, ինչպես զրուցում է շարունակությունը այս ճշմարտապատում պատմության, որի երկրորդ մասը ավարտվում է այստեղ։
==Գլուխ XV==
Ուր պատմվում է չարաբախտ արկածի մասին, որ պատահեց դոն Կիխոտին, շնորհիվ նրա հանդիպումին խստասիրտ յանգուասցիների հետ
Իմաստուն Սիդ Համեդ Բենենեխելին պատմում է, որ հրաժեշտ տալով իրեն հյուրընկալողներին և հովիվ Խրիզոստոմոյի թաղմանը բոլոր ներկա եղածներին, դոն Կիխոտը և նրա զինակիրը դիմեցին դեպի այն անտառը, որտեղ նրանց աչքերի առջև ուղղեց իր քայլերը հովվուհի Մարսելան։ Ավելի քան երկու ժամ այնտեղ բոլոր ուղղություններով որոնումների մեջ անցկացնելուց և ոչ մի տեղ նրան չգտնելուց հետո, նրանք հասան մի շատ կանաչ դաշտ, որտեղ մի խաղաղ ու պաղ վտակ էր հոսում, որ շատ գրավեց նրանց և ձգեց միջօրեի հանգստյան, որի ժամանակն արդեն հասել էր։ Դոն Կիխոտն ու Սանչոն վայր եկան, Ռոսինանտին ու էշին հնարավորություն տալով արածելու, հանեցին իրենց ճամփորդական պայուսակը և առանց աստիճան հարցնելու բարի խաղաղության և համաձայնության մեջ, տերն ու ծառան սկսեցին խժռել այն, ինչ որ մեջը գտնվեց։
Սանչոն հոգ չէր տարել ոտն անել Ռոսինանտին, համարելով նրան այնքան հանդարտ ու բարեհամբյուր, որ Կորդովայի անասնասրահի մադիաները<ref>Կորդովայում եղել է հայտնի ձիաբուծարան, որը սկզբում պատկանելիս է եղել հերցոգ Ալբային, իսկ հետո դարձել է պետական։</ref> չէին կարող կարծես, խռովել նրա հանգիստը։ Սակայն բախտը, երևի սատանան էլ (որ միշտ էլ քնած չի լինում), այնպես արին, որ այդ փոքրիկ հովտում արածում էր Գալլիսիայի մադիաններից մի հոտ՝ մի քանի յանգուասցի<ref>Սեդովիա պրովինցիայի Յագուաս գյուղի բնակիչները։</ref> ձիապանների հսկողությամբ, որոնք սովորություն ունեն իրենց ձիերի հետ խոտ ու ջրով առատ վայրերում կանգ առնելու, ուստի և այն տեղը, որտեղ իջել էր դոն Կիխոտը, նրանց էլ էր հարմար թվացել։ Պատահեց, որ Ռոսինանտի խելքին փչեց տիկին մադիանների հետևից ընկնելու։ Հազիվ էր նա նրանց հոտն առել, որ մոռանալով իր բնավորությունն ու սովորույթը, առանց իր տիրոջից թույլտվություն խնդրելու, նա թաշախուստին յորդայով դիմեց դեպի նրանք՝ իր պահանջը հայտնելու համար։ Սակայն մադիանները, որ ըստ երևույթին ավելի արոտի կարիք ունեին, քան այլ բանի, նրան դիմավորեցին քացիներով և խածելով։ Վայրկյանապես նրանք ճղեցին նրա փորկապը և Ռոսինանտը մնաց առանց թամբի, բոլորովին մերկ։ Սակայն ավելի դառնություն հասավ նրան ձիապաններից, որոնք, տեսնելով նրա ոտնձգությունը մադիանների նկատմամբ, հարձակվեցին նրա վրա մահակներով և հախիցը այնպես եկան, որ նա կիսամեռ փռվեց գետնին։ Այնինչ՝ դոն Կիխոտն ու Սանչոն, տեսնելով Ռոսինանտի կրած ջարդը, շնչակտուր մոտ վազեցին։
― Իսկույն երևում է, Սանչո, բարեկամ, ― ասաց դոն Կիխոտը, ― որ սրանք ասպետներ չեն, այլ ստոր մարդուկներ, թշվառ խալխ։ Ես նրա համար եմ ասում այդ, որ դու միանգամայն կարող ես ինձ օգնել ըստ արժանավույն վրեժը հանեմ այն վիրավորանքի համար, որ նրանք մեր աչքի առջև հասցրին Ռոսինանտին։
― Վա՜յ այն վրեժին, ― պատասխանեց Սանչոն, ― քանի որ նրանք քսանից ավել են, իսկ մենք՝ թվով երկուս, եթե չասենք՝ մեկ ու կես։
― Ես մենակ հարյուրին արժեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
Եվ, ավելրոդ խոսքեր չկորցնելով, նա իր թուրը քաշեց և հարձակվեց յանգուասցիների վրա։ Իր տիրոջ օրինակից վարակվելով ու վառվելով, նույնն արեց նաև Սանչո Պանսան։ Դոն Կիխոտն իսկույն հարձակվեց մի ձիապանի վրա և կտրեց նրա հագի չուխան և ուսի մի խոշոր մասը։
Յանգուասցիները, տեսնելով, որ իրենց երկու մարդ ջարդում են, մինչդեռ իրենք այնքան շատվոր են, մահակներն առան և, շրջապատելով իրենց երկու հակառակորդներին, սկսեցին զարմանալի ճարպկությամբ ու եռանդով հարված հարվածի հետևից հասնցնել։ Պետք է ձեզ ասեմ, որ երկրորդ իսկ հարվածից Սանչոն փռվեց գետնին, ինչպես և դոն Կիխոտը, որին քիչ օգնեցին նրա վարպետությունն ու արիությունը։ Եվ բախտը կամեցավ, որ նա վայր ընկնի Ռոսինանտի ոտների մոտ, որը տակավին չէր բարձրացել։ Դա լավ դաս էր, թե ինչ կատաղությամբ են մահակները բանում գազազած գյուղացիների ձեռքում։ Ապա թե, յանգուասցիները, տեսնելով իրենց արարքը, ճեպով֊հապճեպով բեռնեցին իրենց մադիանները և ճամփա ընկան՝ թողնելով երկու արկածախնդիրներին շատ թշվառ վիճակում և ավելի վատթար հոգեկան կացության մեջ։
Առաջինն ուշքի եկավ Սանչո Պանսան։ Տեսնելով իրեն պառկած իր տիրոջ հետ՝ նա թույլ ու աղերսալի ձայնով ասաց․
― Սինյոր դոն Կիխոտ, ա՛յ սինյոր դոն Կիխոտ։
― Ի՞նչ ես ուզում, եղբայր Սանչո, ― ասաց դոն Կիխոտը նույնպես թույլ ու թախծալի ձայնով։
― Ես կկամենայի, եթե դա հնարավոր է, ― պատասխանեց Սանչո Պանսան, ― որ ձերդ ողորմածոիթյունն ինձ երկու կում Ֆերտ Բլասի բալասանից տար, եթե ձեր ձեռքի տակ է։ Թերևս նա նույնպես օգնում է կոտրած ոսկորներին, ինչպես և վերքերին։
― Ավա՜ղ, ― բացականչեց դոն Կիխոտը, ― եթե մենք ունենայինք նրանից՝ էլ ի՜նչ ցավ։ Սակայն երդվում եմ թափառական ասպետի պատվով, Սանչո Պանսա, որ եկու օր չանցած, եթե միայն բախտը խոչընդոտ չհանդիսանա, ես կճարեմ կամ թող իմ ձեռները գոսանան։
― Իսկ ի՞նչ կարծիքի է ձերդ ողորմածությունը, մեր ոտները ե՞րբ կսաղանան։
― Ինչ որ ինձ է վերաբերում, ― պատասխանեց ջարդված ասպետը, ― չեմ կարող ժամկետ որոշել։ Սակայն եղելության մեղքն ամբողջովին իմն է, չպետք է ես թուր քաշեի այնպիսի մարդկանց վրա, որոնք ինձ նման կարգված ասպետներ չեն։ Ուստի, կարծում եմ ես, ասպետական օրենքների այդ խախտման համար, որպես պատիժ, մարտի աստվածը<ref>Մարսը։</ref> թույլ տվեց, որ հատուցումը գա իմ գլխին։ Այո՛, Սանչո Պանսա, լավ միտդ պահիր, ինչ կասեմ քեզ, որովհետև այդ մեր եկուսիս օգուտը կլինի, հենց որ տեսնես, նման սրիկաները մեզ նեղացնում են, էլ մի սպասիր, որ ես նրանց վրա թուր քաշեմ, այլ իսկույն քոնը քաշիր և պատժիր նրանց, ինչպես քեֆդ տա։ Որովհետև եթե նրանց ազատելու համար օգնության գալու լինին ասպետներ, ապա այն ժամանակ ես կկարողանամ պաշտպանել քեզ և նրանց հախիցը գալ, ինչպես հարկն է։ Չէ՞ որ հազարվոր օրինակներից դու արդեն կարողացել ես համոզվել, թե իմ արի բազկի զորությունը որքան մե՜ծ է։
Ահա՛ թե որքա՜ն էր հպարտացել մեր թշվառ սինյորը քաջ բիսկայցու վրա տարած հաղթանակից հետո։ Սակայն Սանչո Պանսան այլ կարծիքի էր, քան իր տերը, ուստի, լռելու փախարեն, նա պատասխանեց․
― Սինյոր, ես հանգիստ մարդ եմ, հեզ, խաղաղասեր և պատրաստ եմ տանելու ամեն վիրավորանք, որովհետև ես կին ու երեխաներ ունեմ, որոնց պետք է կերակրել և ոտքի կանգնեցնել։ Ուստի, ձեր ողորմածության թույլտվությամբ, ― քանի որ ինձ իշխանություն չի տրված ― ես ոչ մի դեպքում ո՛չ ռամիկի, ո՛չ ասպետի վրա թուր չեմ քաշի և, այս վայրկյանից սկսած, կանխորեն, Աստծո՛ առջև ներում եմ բոլոր վիրավորանքները, որ ինձ հասցրել են կամ ապագայում կհասցնեն, ով էլ լինի ինձ վիրավորողը, ազնվական թե հասարակ մարդ, հարուստ թե աղքատ, հիդալգո թե հարկատու, մի խոսքով՝ ինչ դասի ու դիրքի էլ պատկանելու լինի։
Լսելով այս՝ նրա տերն ասաց․
― Ես կկամենայի, որ ուժս պատեր երկար խոսելու և որ կողքիս ցավը կտրեր և չխանգարեր ինձ բացատրելու քեզ, Պանսա, թե ի՜նչ մոլորության մեջ ես ընկել դու։ Լսիր, մեղավոր արարած, եթե բախտի քամին, որ մինչև հիմա այսքան հակառակ էր մեզ, հանկարծակի փոխվեր և բարեհաջող դառնար, ուռցնելով մեր ցանկությունների առագաստը, առանց խոչընդոտի և արհավիրքի քշեր֊հասցներ նավահանգիստ այն կղզիներից մեկի, որ ես խոստացել եմ քեզ, ― ո՞նց կլիներ քո բանը, եթե նվաճելով այն, քեզ տայի։ Ասել է թե՝ դու ողջ գործը կկործանեիր, քանի որ ասպետ չլինելով, չե՛ս էլ ուզում դառնալ, չես ուզում արիություն հայտնաբերել՝ աշխատելով վրիժառու լինել վիրավորանքի համար և պաշտպանել քո կալվածները։ Դու չէ՞ որ պետք է իմացած լինես, որ նորանվաճ թագավորություններում ու շրջաններում բնակիչների մտքերը երբեք այնքան խաղաղ և նոր իշխանավորին հավատարիմ չեն լինում, որպեսզի կարելի լիներ երկյուղ չկրել խլրտումներից, որոնց նպատակն է նորից փոխել իշխանությունը և, ինչպես ասվում է, փորձել բախտը։ Այդ պատճառով նոր հաղթողին անհրաժեշտ է ինքնազսպություն և արիություն հարձակվելու կամ պաշտպանվելու համար նայած հանգամանքներին։
― Ներկա հանգամանքներում, ― պատասխանեց Սանչոն, ― ես շատ կուզենայի տիրապետել այն ունակությանն ու արիությանը, որոնց մասին խոսում է ձերդ ողորմածությունը։ Սակայն երդվում եմ աղքատի պատվով, որ ես հիմա ավելի տաք սպեղանու կարիք ունեմ, քան խրատի։ Փորձեցեք, սինյոր, կաջողվի՞ ձեզ ոտի կանգնել և եկեք օգնենք Ռոսինանտին վեր կենալու, թեև նա արժանի չէ դրան, որովհետև հենց նա է մեր ջարդվելու պատճառը։ Երբեք չէի սպասի Ռոսինանտից, որին նույնքան ողջախոհ ու խաղաղասեր էի համարում, որքան ինձ։ Ճիշտն ասած՝ այնքան էլ հեշտ չէ ճանաչել մերձավորին, և աշխարհիս երեսին հավատարմություն չկա։ Ո՞վ կսպասեր, թե թրի այն փայլուն հարվածից հետո, որ դուք պարգևեցիք այն դժբախտ թափառական ասպետին, այնքան արագ կհետևի մահակների հարվածների կարկուտը, որ թափվեց մեր ուսերին։
― Քոնը հո, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― սովոր են այդպիսի ձախորդությունների, իսկ իմը, որ սովոր եմ սինաբաֆեի<ref>Քաթանի նուրբ տեսակ</ref> և հոլանդական նուրբ կտավի, իհարկե, նման ձախորդությունից շատ ավելի տուժեցին։ Եվ եթե ես չխորհեի ― ի՜նչ եմ ասում, ― եթե հաստատ իմացած չլինեի, որ բոլոր այդ ձախորդությունները կապված են ռազմական գործի հետ, ես վշտից տեղն ու տեղը կմեռնեի։
Զինակիրը դրան պատասխանեց․
― Քանի որ, սինյոր, նման հունձերը ասպետական գործում անխուսափելի են, ապա ասացեք, խնդրեմ, նրանք մշտապես քիչ֊քիչ են թափվո՞ւմ, թե նրանց համար էլ գոյություն ունեն որոշ ժամկետներ։ Որովհետև, կարծեմ, երկու սրա նման հունձից հետո մենք երրորդի համար անպետք կդառնանք, եթե միայն տերն Աստված, իր անսահման ողորմածությամբ, մեզ օգնության հասնելու չլինի։
― Իմացած եղիր, Սանչո, բարեկամս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ թափառական ասպետների կյանքը ենթակա է հազար ու մի վտանգների ու պատահարների, սակայն նրանցից յուրաքանչյուրը կարող է հուսալ ամեն վայրկյան թագավոր կամ կայսր դառնալ, ինչպես ցույց է տալիս շատ ասպետների բախտը, որոնց պատմությունն ինձ ստույգ կերպով հայտնի է։ Եվ ես քեզ կպատմեի, եթե ցավն ինձ չխանգարեր, թե ինչպես նրանցից մի քանիսը սոսկ իրենց ձեռքի արիությամբ հասան այդ բարձր կոչմանը, թեև դրանից առա՛ջ էլ, հետո՛ էլ մեծամեծ դժբախտություններ ու ձախորդություններ են կրել։ Այսպես, օրինակ, արի Ամադիս Գաղղիացին մի անգամ իր մահացու թշնամի կախարդ Արկալի իշխանության տակ ընկավ, որը, ինչպես ստուգապես հայտնի է, բռնելով նրան և բակում կապելով սյունից, նրան ավելի քան երկու հարյուր հարված հասցրեց իր ձիու սանձով։ Իսկ մի ուրիշ անանուն և մեծապես հավատի արաժանի հեղինակ պատմում է, որ Թեբա ասպետը ծուղակն ընկավ, որ մի դղյակում բացված է եղել նրա ոտների տակ և ինքն իրեն գտավ խորունկ ստոերկրում, որտեղ նրան ոտ ու ձեռ կապած, հրամցրին սառցային ավազախառն լուծողական ջուր և դրանից նա քիչ էր մնացել ոտները մեկներ։ Եվ եթե խեղճ ասպետին օգնության հասած չլիներ մեկ իմաստուն՝ նրա մոտիկ բարեկամը, ապա, անշուշտ, նրա վերջն եկած կլիներ։ Այնպես որ ե՛ս էլ այս ազնիվ մարդկանց հետ պատրաստ եմ համբերելու, քանի որ նրանց կրած դժբախտությունները շա՜տ գերազանցում են մերը։ Իմացած եղիր, Սանչո, որ պատահաբար ձեռք ընկած գործիքով հասցրած վերքերը ամոթաբեր չեն համարվում։ Այդ մասին պարզ ցուցմունք կա մենամարտության կանոնադրության մեջ, որտեղ ասված է․ «Եթե մեկ կոշկակար մյուսին հարվածի կաղապարով, որ բռնած է եղել ձեռքին, թեև կաղապարը փայտից է շինած, չի կարելի համարել, որ նա, որին հարվածել են, փայտով է ծեծվել»։ Ասելս այն է, որ դու չերևակայես, թե որ եթե մեզ այս կռվում ծեծել են, ապա մեր պատիվն անարգված է, ― որովհետև, զենքը, որ այդ մարդկանց ձեռքին էր և որոնցով նրանք մեզ ծեծեցին ― հասարակ մահակ է և նրանցից և ոչ մեկը, որքան հիշում եմ, ո՛չ սուր ուներ, ո՛չ թուր, ո՛չ դաշույն։
― Ես ժամանակ չունեցա զննելու, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև հազիվ էի ձեռքս առել տիսոնը,<ref>Սիդի երկու թրերից մեկի անունը, որը Սանչոյի կողմից ընդունվում է որպես հասարակ անուն։</ref> որ նրանք իրենց մահակներով ինձ այնպես օրհնեցին, որ աչքերիս լույսը մարեց և ոտներս ծալվեցին։ Նրանք իսկույն ինձ գլորեցին այնտեղ, որտեղ ես հիմա պառկած եմ։ Այնպես որ՝ ես բնավ ցանկություն չունեմ խորհելու, անարգվե՞լ է իմ պատիվը փայտի հարվածներից, թե՞ ոչ, նրանք նույնքան խորը խրվեցին իմ հիշողության, որքան և իմ ոսկորների մեջ։
― Այնուամենայնիվ, եղբայր Սանչո, գիտցած եղիր, ― ասաց դոն Կիխոտը, ― որ չկա վիշտ, որ չմոռացվի և ցավ, որ չբուժի մահը։
― Սրանից էլ վատթար ձախորդություն կլինի՞, ― պատասխանեց Սանչոն, ― որ ժամանակը թեթևացնի և մահը բուժի։ Եթե մեր ցավը լավ մահլամով լավացող լիներ ― դա կես֊ցավ կլիներ։ Բայց, կարծեմ, հիվանդանոցի բոլոր մահլամները մեզ հիմա քիչ կօգնեին։
― Թող գանգատներդ, Սանչո, և արիացիր։ Ինձնից օրինակ վերցրու, ― ասաց դոն Կիխոտը։ ― Տեսնենք, թե Ռոսինանտի բանն ինչպես է, որովհետև, կարծեմ, խեղճին մեզնից պակաս չի հասել։
― Զարմանալի չէ, որ այդպես էլ լինի, ― պատասխանեց Սանչոն, ― քանի որ նա՛ էլ է թափառական ձի դառել։ Ես միայն զարմանում եմ, որ իմ էշն է էժան պրծել, առանց մի մազ կորցնելու, մինչդեռ մենք, քիչ էր մնացել, կաշվից զրկվեինք։
― Ձախորդությունների ժամին բախտը միշտ մի անցք է թողնում, որ հնար լինի դուրս պրծնել, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ասելս այն է, որ քո անասունն այս անգամ կարող է փոխարինել Ռոսինանտին և տանել֊հասցնել ինձ որևէ դղյակ, որտեղ կխնամեն իմ վերքերը։ Համ էլ կավելացնեմ, որ այդպիսի մի միջոց ասպետի համար ստորացուցիչ չեմ համարում, որովհետև, մտքիս գալիս է, կարդացել եմ, թե բարի, ծեր Սիլենը, ծիծաղի ուրախ Աստծո խորթ հայրն ու դաստիարակը, ներս մտավ Հարյուրադարպաս քաղաքը մեծ հարմարությամբ մի գեղեցիկ էշ հեծած։
― Ճիշտը միայն այն է, որ ինչպես արտահայտվեց ձեր ողորմածությունը, նա հեծած է եղել, ― ասաց Սանչոն։ ― Մեծ տարբերություն կա ― հեծած գնալ թե փալանի վրա պառկած, ոնց որ աղբով լի ջվալ։
Դոն Կիխոտը դրան պատասխանեց․
― Մարտում ստացած վերքերը ավելի շատ պատիվ են բերում, քան խլում։ Ուստի, Պանսա, բարեկամ, էլ մի՛ վիճիր, այլ ավելի լավ է աշխատիր, ինչպես ես արդեն ասացի, զգուշությամբ բարձրացնել ինձ և ըստ կարելվույն հարմար պառկեցնել քո էշի վրա, ապա թե շարժվենք այստեղից, քանի գիշերը չի իջել և այս խուլ վայրում չի կոխել մեզ։
― Բայց ես ձեր ողորմածությունից լսել եմ, ― ասաց Պանսան, ― որ թափառական ասպետները սովորություն ունեն մեծ մասամբ խուլ վայրերում գիշերելու, բաց երկնքի տակ, և որ նրանք այդ մեծ հաջողություն են համարում։
― Պատահում է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― երբ որ նրանց չի հաջողվում ա՛յլ կերպ սարքել, կամ թե երբ որ նրանք սիրահարված են լինում։ Ճիշտ է, եղել է մի ասպետ, որ ամբողջ երկու տարի կանգնած է մնացել ժայռի վրա, շոգ ու սառնամանիք և ամեն տեսակ արհավիրք տանելով, մինչդեռ նրա սրտի տիրուհին այդ իմանալիս էլ չի եղել։ Նման դեպք Ամադիսին էլ է պատահել, որ Բելտենբրոս<ref>Ակնարկում է Բաքոս(Դիոնիսիոս) աստծո դաստիարակ Միլենի՝ «յոթնադարպաս» (Եգիպտոսում)։ Beltenbros բառացի նշանակում է «Մռայլ գեղեցիկ տղամարդ»։</ref> անունն ընդունելով հեռացավ Պենյա Պոբրեի<ref>Pena Pobre ― բառացի՝ «Աղքատ ժայռ» (փաստորեն դա մի փոքրիկ ժայռոտ կղզի է): Ինչպես այստեղ պարզվում է, այդ անունը ցույց է տալիս, որ հիշած կղզում կարելի է ապրել միայն ծահրահեղ «աղքատության» մեջ գտնվելու դեպքում, (այսինքն՝ տանջանքի, կործանման մեջ)։ </ref> վրա ութը տարի թե ութ ամսով, հիմա ճշգրիտ չեմ հիշում։ Բավական է ասեմ քեզ, որ նա այնտեղ բավական երկար ժամանակ անց կացրեց տիրուհի Օրիանայի աչքից ինչ֊որ բանի համար ընկնելուց հետո։ Բայց բավական է դրանից խոսենք, Սանչո։ Շտապիր, քանի էշին էլ որևէ դժբախտություն չի պատահել Ռոսինանտի պատահածի պես։
― Գուցե այս անգամ սատանան չխառնի, ― ասաց Սանչոն։
Եվ երեսուն անգամ ախ ու վախ քաշելուց, վաթսուն հոգվոցից և հարյուրքսան անեծքից հետո նրա հասցեին, ով որ նրան այդ գործի մեջ գցեց, նա վեր կացավ, բայց ճամփի կիսին կորացավ, ասես տաճկական աղեղ լիներ, ուժ չունենալով շտկվելու։ Մեծամեծ ճիգերով նա սանձեց ու փալանեց էշին, որը այդ օրը տեղի ունեցած անկարգության հետևանքով, ասես շփոթված, թափառում էր մի քիչ հեռու։ Ապա Սանչոն բարձրացրեց Ռսինանտին, որը, եթե գանգատվելու համար լեզու ունենար, այդ գործում Սանչոյից և նրա տիրոջից հետ չէր մնա։ Ի վերջո Սանչոն դոն Կիխոտին պառկեցրեց էշի վրա, ետևից կապեց Ռոսինանտին և բռնելով էշի սանձը, մի կերպ քարշ եկավ այն կողմը, որտեղ, թվում էր նրան, թե պիտի անցներ մեծ ճամփան։ Հազիվ մեկ մղոն անցած լիներ նա, ինչ բախտը, որ նրան մեկ բարիքից դեպի մյուսն էր տանում, հանեց նրան այն ճամփան, որի վրա շուտով նրանք մի իջևան տեսան, որ դոն Կիխոտին (և բնավ ոչ Սանչոյին) դղյակ թվաց։ Սանչոն հավատացնում էր, թե դա իջևան է, իսկ նրա տերը՝ թե դա դղյակ է։ Եվ այնքան երկար տևեց նրանց վեճը, որ նրանք առանց ավարտելու տեղ հասան, և Սանչոն առանց հարցնելու, թե ուր է ընկել, անցավ բակը իր ամբողջ գումակով։