== Մոծակների պարսը ==
<b>1</b>
Սինգոն դանդաղ քայլում էր Հոնգո փողոցի վրա գտնվող համալսարանի մոտով։
Նա մեքենայից դուրս եկավ փողոցի մյուս կողմում, որտեղ խանութներ կային։ Հարկավոր էր հենց այդ կողմից էլ թեքվել այն նրբանցքը, որտեղ բնակվում էր Կինուկոն, բայց Սինգոն դիտավորյալ անցավ դիմացի մայթը։ Նա տանջալից երկընտրանք էր ապրում, տատանվում ու չէր համարձակվում տղայի սիրուհու տանը մոտենալ։ Ինչպես կարելի է հղի կնոջը, որին աոաջին անգամ ես տեսնում, կտրուկ կարգագրել երեխան մի՛ ծնիր։
― Սովորական մարդասպանությունից դա ինչո՞վ է լավ։ Արժե՞, որ ծեր հալով ձեռքերը կեղտոտ գործի մեջ խառնի,― փնթփնթում էր Սինգոն։― Հա, բայց նման պարագաներում ինչ վճիռ էլ որ ընդունես, դաժան է լինելու։
Որդին պետք է ինքը որոշի։ Հոր միջամտությունն ավելորդ է։ Սակայն այդ բանը Սյուիտիին չասաց, և ահա, առանց նրան տեղյակ պահելու, եկել է Կինուկոյի տան մոտ։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ ինքը տղային չի վստահում։
Այդ երբվանի՞ց իր և որդու միջև փոխադարձ անըմբռնողության անդունդ բացվեց,― սոսկաց Սինգոն։ Բացառված է այն հանգամանքը, որ ինքը Կինուկոյի մոտ է եկել ոչ այնքան հարցերը Սյուիտիի փոխարեն լուծելու, որքան Կիկուկոի հանդեպ տածած խղճահարությունից դրդված, զայրանալով տղայի վրա, հարսին պատճառած վիրավորանքների համար։
Իրիկնային վառ արևը լուսավորում էր միայն համալսարանի բակում աճած ծառերի կատարները, իսկ ծառուղիներն արդեն ծածկվել էին ստվերով։ Սիզամարգերում ուսանողուհիների հետ նստած, ճերմակ վերնաշապիկներով ու ճերմակ տաբատներով, ուսանողները թվում էին խաղաղված ու անդորրավետ։
Սինգոն ձեռքով տրորեց դեմքը։ Նա ջանում էր հարբածությունը թոթափել։
Կինուկոյի աշխատանքային օրը վերջանալուն դեռ բավական ժամանակ կար, և Սինգոն մեկ ուրիշ ֆիրմայում ծառայող իր մի բարեկամին հրավիրեց եվրոպական ռեստորան՝ միասին ընթրելու։ Իրար վաղուց չէին տեսել, աննկատելիորեն շատ խմեցին։ Ռեստորանի երկրորդ հարկի սրահը բարձրանալուց առաջ խմեցին ներքևի բարում, և Սինգոն իսկույն հարբեց։ Ընթրելուց հետո նորից իջան բար։
― Ոնց թե, արդեն գնո՞ւմ ես,― զարմացավ բարեկամը։ Ըստ երևույթին, նա հույս ուներ, որ ամբողջ երեկոն Սինգոյի հետ կանցկացներ, դրա համար էլ հատուկ զանգահարեց Յուկիձիում գտնվող հայտնի վայրերից մեկը։
Սինգոն ասաց, որ տեսակցություն է նշանակել մոտավորապես մեկ Ժամ հետո և պետք է գնա։ Բարից դուրս եկան միասին։ Բարեկամը այցետոմսի վրա, համենայն դեպս, գրեց Յուկիձիի հասցեն ու հեռախոսի համարը և մեկնեց նրան։ Սինգոն վերցրեց, թեպետ այնտեղ գնալու միտք չուներ։
Քայլելով համալսարանը շրջափակող պարսպապատի երկարությամբ, նա աչքերով որոնում էր հակառակ կողմում գտնվող նրբանցքը։ Շրջանցման տեղը բավական աղոտ էր հիշում, բայց տեսավ թե չէ, ճանաչեց։
Մտավ դեպի հյուսիս նայող խավար նախասենյակը, որտեղ, կոշկեղենի կոպիտ արկղի վրա, փոքրիկ սափորի մեջ ինչ֊որ էկզոտիկ ծաղիկ էր գրված, պատից կախված էր կանացի մի ծալովի հովանոց։
Խոհանոցից գոգնոց կապած մի կին դուրս եկավ։
― Օ՜հ․․․― բացականչեց կինն ու գոգնոցն արձակեց։ Հագին մուգ կապույտ շրջազգեստ էր, ոտքերը բոբիկ էին։
― Իկեդա-սա՞ն։ Հիշո՞ւմ եք, մի անգամ եկել էիք այն ֆիրման, որտեղ ես ծառայում եմ․․․― սկսեց Սինգոն։
― Միանգամայն ճիշտ է։ Ինձ Հիդեկո-սանը բերեց։ Ուրախ եմ ձեզ տեսնելուն։
Իկեդան, կոլոլած գոգնոցը ձեռքին, սպասողական նայում էր Սինգոյին։ Դեմքը պեպենոտ էր։ Պեպենները գուցե այդպես աչքի էին զարնում, որովհետև երեսին դիմափոշի էր քսած։ Բայց ընդհանրապես գեղեցիկ դեմք էր՝ քիթը նուրբ, մաշկի գույնը վառ։
Նոր բլուզը, հավանաբար, նույնպես Կինուկոն էր կարել։
― Ես, անկեղծ ասած, եկել եմ Կինուկո-սանի հետ խոսելու։
Սինգոյի տոնը աղերսական էր։
― Այ թե ինչ։ Նա դեռ չի վերադարձել, բայց ուր որ է կգա։ Խնդրեմ, ներս համեցեք։
Խոհանոցից տապակած ձկան հոտ էր գալիս։
Սինգոն ուզեց գնալ ու վերադառնալ ավելի ուշ, երբ Կինուկոն ընթրիքն արդեն ավարտած կլիներ, բայց քանի որ Իկեդան հրավիրեց հյուրասենյակ, հնազանդված ներս մտավ։
Որմնախորշում, արտասահմանյանի հետ խառը, դրված էր մոդայական ժուռնալների մի կույտ։ Կողքին ֆրանսիական երկու տիկնիկ։ Դրանց շքեղ հանդերձները ամենևին չէին համապատասխանում քայքայված, գաջը թափված պատերին։ Կարի մեքենայից կախ էր ընկած կտորի մի շերտ, որի վառ նախշերն ավելի էին ընդգծում խսիրների խունացած լինելը։
Կարի մեքենայի ձախ կողմում, փոքրիկ սեղանին աշակերտական դասագրքեր կային ու մի մանչուկի լուսանկար։
Սեղանի ու կարի մեքենայի արանքում՝ արդուզարդի սեղանն էր։ Խորքում, պատի պահարանի առջև տեղավորված էր անմիջապես աչքի զարնող մեծադիր հայելին։ Կինուկոն, երևի, կարած հագուստն իր վրա չափափորձելիս նայում է այդ հայելուն։ Կամ գուցե չափափորձում է պատվիրատուների վրա, որոնց համար կարում է տանը։ Հայելու մոտ դրված էր խոշոր արդուկատախտակը։
Իկեդան խոհանոցից նարնջահյութ բերեց։ Նկատելով, որ Սինգոն նայում է մանչուկի լուսանկարին, ասաց․
― Իմ տղան է։
― Այո՞։ Հիմա դպրոցո՞ւմ է։
― Ոչ։ Որդիս ինձ հետ չի ապրում։ Նա մնաց ամուսնուս ընտանիքում։ Իսկ այս դասագրքերը․․․ Ես Կինուկո-սանի պես կարուձև չգիտեմ, ուստի զբաղվում եմ, այսպես ասած, դասաուսուցմամբ. մի քանի աշակերտ ունեմ։
― Ահա թե ինչ։ Իսկապես, այստեղ եղած դասագրքերը մի երեխայի համար շատ են։
― Անշուշտ։ Այն երեխաները, որոնց հետ պարապում եմ, սովորում են տարբեր դասարաններում։ Այժմյան դպրոցը խիստ զանազանվում է նախապատերազմականից, այնպես որ ես, ինչպես հարկն է, սովորեցնել չեմ կարող, երեխայի հետ պարապելիս այնպիսի զգացում եմ ունենում, կարծես իմ առջև հարազատ որդիս է նստած, այդ պատճառվ էլ․․․
Սինգոն գլխով արեց։ Ինչ կարող էր ասել մի կնոջ, որի ամուսինը զոհվել էր պատերազմում։
― Ումի՞ց եք իմացել, թե որտեղ ենք ապրում,― հարցրեց Իկեդան։― Ձեզ Սյուիտի֊սա՞նն է ասել։
― Ոչ։ Ես մի անգամ էլ եմ եղել այստեղ։ Եկել էի, սակայն տուն մտնելու վճռականություն չունեցա։ Այդ անցյալ աշնանն էր։
Դեռ անցյալ աշնա՞նը։
Իկեդան բարձրացրեց գլուխն ու նայեց Սինգոյին, ապա նորից խոնարհեց աչքերը և, փոքր֊ինչ լռելուց հետո, գրեթե մարտահրավեր նետելով ասաց․
― Սյուիտի-սանը վերջերս բոլորովին չի գալիս այստեղ։
Գուցե չարժե ասել, թե այսօր ինչու է եկել նրանց տուն, մտածեց Սինգոն։
― Լսեցի, որ Կինուկո֊սանը երեխա է ունենալու, ճի՞շտ է։
Իկեդան թոթվեց ուսերն ու նայեց որդու լուսանկարին։
― Նա ինչ է, իսկապես մտադի՞ր է երեխա բերել։
Իկեդան, առանց աչքը կտրելու, շարունակում էր նայել լուսանկարին։
― Այդ մասին ավելի լավ է խոսեք իր՝ Կինուկո-սանի հետ։
― Կխոսեմ, չէ՞ որ ոչ մորը, ոչ էլ երեխային լավ բան չի սպասում։
― Կինուկո-սանը երեխան բերի, թե չբերի, միևնույն է, դժբախտ է լինելու։
― Բայց չէ՞ որ նրան ինքներդ էիք խորհուրդ տալիս Սյուիտի֊սանից հեռանալ։
― Ճիշտ է։ Կարծում էի այդպես ավելի լավ կլինի,― ասաց Իկեդան,― բայց Կինուկո֊սանը ինձ հետ չէր համաձայնում։ Ես ու նա բոլորովին տարբեր մարդիկ ենք, բայց, ինչպես ասում են, իրար հետ յոլա ենք գնում։ Մենք ծանոթացանք այրիների ժողովում և որոշեցինք միասին ապրել։ Կինուկո-սանն ինձ համար դարձել է նեցուկ։ Երկուսս էլ հեռացել ենք մեր զոհված ամուսինների ընտանիքներից և հարազատ ծնողների մոտ չենք վերադարձել։ Մի խոսքով, այժմ միանգամայն ազատ կանայք ենք։ Որոշեցինք հրաժարվել անցյալից և սպիտակեղենի մեր զամբյուղներում փակեցինք այն ամենը, ինչ հիշատակ էր մնացել պատերազմում զոհված մեր ամուսիններից՝ նրանց իրերը, լուսանկարները։ Ճփշտ է, որդուս լուսանկարը դրել եմ ի ցույց, սակայն, դա արդեն տարբեր բան է... Կինուկոն ազատ կարդում է ամերիկյան հանդեսները, կարդում է նաև ֆրանսիականը։ Բառարանի օգնությամբ, ասում է, ամեն ինչ հասկանում եմ։ Եվրոպական զգեստների կարուձևն իմանալու համար հարուստ բառապաշար ունենալն անհրաժեշտ չէ։ Նա շուտով, հավանաբար, իր սեփական սալոնը կբացի։ Կարող է և ամուսնանալ։ Արդեն երկու հոգի առաջարկություն են արել։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այդպես համառորեն կառչում Սյուիտի֊սանից։
Դուռը շրխկաց։ Իկեդան տեղից վեր թռավ, վազեց դուրս։ Սինգոն լսեց, ինչպես ասաց․
― Բարև։ Օհատա֊սանի հայրն է եկել։
― Որպեսզի ինձ տեսնի՞,― արտասանեց խռպոտ ձայնը։
<b>2</b>
Կինուկոն գնաց խոհանոց, երևի ջուր խմելու, որովհետև եկավ ծորակից թափվող ջրի աղմուկը։
― Իկեդա֊սան, դու էլ արի ներս,― սենյակ մտնելիս շրջվեց Կինուկոն։
Նա վառ գույնի կոստյում էր հագել։ Գուցե նրանից է որ, բավական գեր էր, Սինգոն հղիության հետքեր չնկատեց։ Բարակ շուրթերով փոքրիկ բերան. դժվար էր պատկերացնել, որ խոպոտ հնչյունները արտաբերվում էին այդ բերանից։
Հայելին հյուրասենյակում էր, և նա, երևի ստիպված էր եղել դեմքը շպարով թարմացնել պայուսակի կոսմետիկական փոքրիկ հայելուն նայելով։
Սինգոյի աոաջին տպավորությունը վատ չէր։ Տափակ թվացող կլոր դեմքն ամենևին էլ այնպես կամային չէր, ինչ-պես ենթադրում էր Իկեդայի պատմածից։ Թևերը լիքն էին։
― Օհատա,― ներկայացավ Սինգոն։
Կինուկոն չպատասխանեց։
Ներս եկավ Իկեդան, նստեց փոքրիկ սեղանի մոտ, դեմքը դարձնելով նրանց։
― Օհատա-սանը վաղուց քեզ է սպասում,― առաց նա։ Կինուկոն շարունակում էր լռել։
Նրա դեմքը հայտնապես, ոչ անբարյացակամություն էր արտահայտում, ոչ էլ շվարածություն, բայց թվում էր, թե հիմա կսկսի արտասվել։ Սինգոն հիշեց, թե Սյուիտին ինչպես այս տանը, գիտակցությունը կորցնելու աստիճան խմելուց հետո, Իկեդային հարկադրում է երգել, որպեսզի Կինուկոն լաց լինի։
Տուն գալիս Կինուկոն շոգ փողոցով ըստ երևույթին, արագ էր քայլել ու դեռ ծանր էր շնչում, և դեմքն այրվում էր։
Սինգոն ջանում էր խոսակցությունն սկսել հնարավորին չափ խաղաղ տոնով։
― Ձեզ տեսնելու իմ որոշումը գուցե տարօրինակ թվա, բայց եթե չփորձեի այդպես անել․․․ Հավանաբար կռահում եք, ինչի մասին եմ ուզում խոսել։
Կինուկոն դարձյալ լռում էր։
― Խոսքն, անշուշտ, վերաբերում է Սյուիտիին։
― Քանի որ վերաբերում է Սյուիտի֊սանին, մենք խոսելու բան չունենք։ Երևի ուզում եք ասել ինձ, որ վատ արարք եմ գործել,― անսպասելի նրա վրա հարձակվեց Կինուկոն։
― Ընդհակառակը, ստիպված եմ ձեզանից ներողություն խնդրել։
― Ես ու Սյուիտի֊սանն իրարից հեռացել ենք։ Ձեր ընտանիքին այլևս ոչ մի անհանգստություն չեմ պատճառի։
Կինուկոն նայեց Իկեդային։
― Դե ինչպես, հիմա գո՞հ եք։
Սինգոն հապաղեց, դեմ ընկավ.
― Բայց․․․ Չէ՞ որ․․․ Կա նաև․․․ երեխայի հարցը։
Կինուկոն գունատվեց, ուժերը հավաքելով, սովորականից ավելի խռպոտ ձայնով ասաց.
― Ինչի՞ մասին եք խոսում։ Ձեզ չեմ հասկանում։
― Կրկին խնդրում եմ ինձ ներել, բայց դուք․․․ մի՞թե երեխայի չեք սպասում։
― Կարծում եք պարտավոր եմ պատասխանե՞լ։ Մի՞թե երբ կինն ուզում է երեխա ունենալ, միանգամայն կողմնակի մի մարդ կարող է նրան խանգարել։ Ինչ է, տղամարդիկ այդ բանն հասկանալու ընդունակ չե՞ն։
Կինուկոն խոսում էր շտապով, դժվարությամբ զսպելով արցունքները։
― Ասացիք «կողմնակի մարդ», բայց ես, ախր, Սյուիտիի հայրն եմ։ Պետք է ենթադրել, որ ձեր երեխան նույնպես հայր ունի։
― Ոչ մի հայր էլ չկա։ Այրին, որի ամուսինը զոհվել է պատերազմում, որոշել է առանց պսակվելու երեխա ծնել։ Ես ոչ ոքից որևէ բան խնդրելու մտադրություն չունեմ, թույլ տվեք միայն երեխան բերել առանց վրդովմունքի։ Եղեք գթասիրտ, ինձ հանգիստ թողեք։ Մանուկն իմ մեջ է, իմն է։
― Այդ բոլորը ճիշտ է, սակայն, զավակ ունենալ կարելի է ավելի ուշ, ամուսնանալուց հետո․․․ Հարկ կա՞ այժմ, այդպես անբնական կերպով ձգտել ապօրինի երեխա ծնել։
― Ինչո՞ւ է անբնական։
― Ուրիշ բան էի ուզում ասել։
― Նախ հայտնի չէ, ես մարդու կգնամ, թե ոչ։ Բացի այդ, հայտնի չէ, կկարողանա՞մ արդյոք նորից հղիանալ։ Դուք ի վիճակի՞ եք կանխագուշակել այն, ինչ հայտնի է լոկ աստծուն։ Ես դեռ երբեք երեխա չեմ ունեցել։
― Ապագա երեխայի հոր հետ ունեցած ձեր հարաբերությունները․․․ Այո, հենց այդ հարաբերությունները թե ձեզ, թե երեխային անհամար զրկանքների ու տառապանքների տեղիք կտան։
― Այնքան երեխաներ կան, որոնց հայրերը զոհվել են պատերազմում, և տուժած մայրերն ապրում են տառապելով։ Հապա եթե հիշենք նաև խառնածին այն մանուկներին, որոնց հարավային ծովերի երկրներում թողել են այնտեղ կռվող զինվորները... Հայրերից լքված ու մոռացված զավակներին մայրերն են դաստիարակում։
― Բայց խոսքը վերաբերում է Սյուիտիի երեխային։
― Ես ձեր ընտանիքը ծանրաբեռնելու մտադրություն չունեմ, մի անհանգստացեք։ Երդվում եմ, որ երբեք որևէ խնդրանքով ձեզ չեմ դիմի։ Իսկ Սյուիտի֊սանի հետ այլևս գործ չունեմ, մենք իրարից հեռացել ենք։
― Ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Մինչև երեխան ոտքի կանգնի, բավական տարիներ կանցնեն, ավելացնենք նաև, որ ոչ մի բան չի կարող հոր և զավակի արյունակցական կապը խզել։
― Այս երեխան Սյուիտի֊սանի հետ ոչ մի կապ չունի։
― Ձեզ երևի հայտնի է, որ Սյուիտիի կինը հղիությունն ընդհատեց։
― Նրա կնոջ հարցն ուրիշ է, նա դեռ քանի անգամ էլ ուզենա, կարող է հղիանալ։ Իսկ եթե չկարողացավ, գուցեև ամբողջ կյանքում զղջա արածի համար։ Երջանիկ կինն ինձ չի հասկանա։
― Դուք էլ Կիկուկոյին չեք հասկանա։
Կիկուկոյի անունը Սինգոն պատահաբար տվեց։
― Ձեզ ինձ մոտ Սյուիտի-սա՞նն է ուղարկել,― հարցարննող տոնով հետաքրքրվեց Կինուկոն։― Սյուիտի֊սանը պահանջում էր, որ երեխան վիժեմ․ նա գոռգոռաց, ոտքերով հարվածեց ինձ, երկրորդ հարկից աստիճաններով քարշ տվեց ներքև, որպեսզի հարկադրի բժշկի մոտ տանել։ Կարձում եմ, նման վայրի արարքներով ու խեղկատակությամբ իր կնոջ հանդեպ ունեցած մեղքը լրիվ քավեց։
Սինգոն մռայլվեց։
― Հիշո՞ւմ ես, ինչ գարշելի տեսարան էր,― Իկեդային դարձավ Կինուկոն։ Իկեդան գլխով արեց։
― Կինուկո֊սանն այժմ լաթի կտորներ է հավաքում բարուրի համար,― ասաց Սինգոյին։
― Նա այնպես էր քացահարում ինձ, որ վախեցա երեխան վնասվի, նույնիսկ գնացի բժշկի մոտ,― շարունակեց Կինուկոն,― ես Սյուիտի-սանին էլ ասացի՝ երեխան քեզանից չէ։Ուղղակի երեսին այդպես էլ ասացի՝ սա քո երեխան չէ։ Ահա թե ինչու բաժանվեցինք։ Հիմա բոլորովին այստեղ չի գալիս։
― Ուրեմն ձեր երեխան ուրիշի՞ց է։
― Այո։ Այդպես համարեք, և ամեն ինչ կարգի կընկնի։
Կինուկոն գլուխը ետ գցեց։ Նա քիչ առաջ էլ էր լալիս, իսկ այժմ արցունքները առատացան, աչքերից առվակներով թափվում էին ու թափվում։
Սփնգոն շվարել էր։ Կինուկոն նրան անչափ հրապուրիչ էր թվում։ Թեև դիմագծերին առանձին-առանձին նայելիս և քիթը, և աչքերը իդեալական ձև չունեին, սակայն, ընդհանուր առմամբ շատ գեղեցիկ էր։
Ոչ, մարդկանց չի կարելի արտաքին տեսքից դատել։ Կինուկոն այնպես քնքուշ է թվում, այնպես զիջող, բայց արի տես, որ Սինգոյին կարողանում է պատկառելի հեռավորության վրա պահել։
<b>3</b>
Սինգոն Կինուկոյի տանից դուրս եկավ վհատված։
Կինուկոն նրա տված չեկն ընդունեց։
― Եթե դու Սյուիտիից իրոք հեռացել ես, ապա լավ կանես չեկը վերցնես,― անկեղծորեն խորհուրդ տվեց Իկեդան, և ընկերուհին գլխով արեց։
― Ճիշտ ես ասում, համարենք թե այս փողը հրաժարագին է։ Տես, է՛, այն օրին հասա, որ հրաժարագին եմ վերցնում։ Գուցե պետք է նաև անդորրագիր տա՞լ։
Սինգոն տաքսի նստեց։ նա չգիտեր ինչ որոշել՝ հարկադրել Սյուիտիին հաշտվելու Կինուկոյի հետ և համոզելու նրան, որ ընդհատի հղիությունը, թե ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, ուժի մեջ պահելով նրանց պառակտումը։
Սյուիտիի վարքագիծը, ինչպես նաև Սինգոյի՝ նրա մոտ գնալու հանգամանքը, մի տեսակ մտրակահարեց ու առավել ևս սաստկացրեց Կինուկոյի ներքին ըմբոստությունը։ Այդ կինն առանց այն էլ արդեն անհաղթահարելիորեն ցանկանում էր երեխա ունենալ։
Ոչ, Սյուփաիին դարձյալ նրա մոտ ուղարկելը վտանգավոր էր։ Իսկ եթե ամեն ինչ թողնեն այնպես, ինչպես կա, երեխան կծնվի։
Եթե երեխան իրոք, ինչպես պնդում է Կինուկոն, ուրիշ տղամարդուց է, այդ դեպքում անհանգստանալու հարկ չկա։ Բայց անգամ Սյուիտին չգիտե այդպիսի կասկած առաջացնող որևէ տղամարդու։ Եթե Կինուկոն այդ պնդում է վիրավորված ինքնասիրությունից դրդված, և Սյուիտին առանց մտածելու հավատում է նրա ասածին, ու դրա համար ապագայում նրանցից ոչ մեկը չի զղջալու, ապա ամեն ինչ կարգին է, երեխան թող ծնվի ու ապրի, թեև նրա կյանքը դաժան կլրիի։ Ուրեմն, իմ մահից հետո աշխարհում կմնա ինձ անծանոթ մի թոռնիկ։
― Ինչպե՞ս անել,― փնթփնթաց Սինգոն։
Երբ Աիխարայի անձնասպանության պատմությունն իմացա, շտապեցի ապահարզանի դիմումն ուղարկել և աղջկաս՝ իր երկու երեխայով, որոշեցի վերջնականապես առնել իմ խնամքի տակ, պահել իմ տանը։ Իսկ հիմա՞, չնայած Սյուիտին հեռացել է սիրուհուց, այնուհանդերձ, ինչ-որ տեղ ապրելու է նրա երեխան։ Մի՞թե սա արդարացի բան է։ Այս որոշումներից ոչ մեկն էլ խելքը գլխին վերջնական որոշում չէ, այլ հենց այնպես, բացված անցրերը մի կերպ կարկատելու ժամանակավոր միջոց։
Ես ոչ մեկին չեմ երջանկացրել, մտածում էր Սինգոն։
Որպեսզի գնար տուն, պետք է նախ Տոկիոյի կայարանը հասներ, բայց գրպանում անսպասելի հայտնաբերելով բարեկամի տված այցետոմսը, պաավիրեց տաքսին քշել Յուկիձի։
Ուզում էր ամեն ինչ անկեղծորեն պատմել բարեկամին, իսկ նա երկու գեյշայի հետ կոնծաբանում էր և ի վիճակի չէր լսել նրան։
Սինգոն անմիջապես ճանաչեց դեռատի գեյշային։ Այդ նա էր ընդունելությունից վերադառնալու գիշերը մեքենայի մեջ նստել իր ծնկներին։
Ծանոթ գեյշան հենց ներս մտավ, ընկերը սկսեց զանազան զազրախոսություններ անել,― տես, հա՜, չխայտառակվես, ապացուցիր դրան, թե ինչի ես ընդունակ։― Ճիշտ է, աղջկա դեմքը Սինգոն հիշում էր միայն ընդհանուր գծերով, սակայն անունը չէր մոռացել։ Դա նրա համար կատարյալ սխրագործություն էր։ Գեյշան հաճելի էր, խիստ դուրեկան։
Սինգոն նրա հետ առանձնացավ հարևան սենյակում։ Գեյշայի նկատմամբ ոչ մի ցանկություն չուներ։
Սդջիկը գլուխը վստահոր են դրեց նրա կրծքին։ Սիրախաղ է անում, մտածեց Սինգոն, բայց աղջիկը կարծես թե ննջում էր։
― Դու ինչ է, քնա՞ծ ես,― նայեց նրան Սինգոն. դեմքը շատ էր մոտ, տեսնել չկարողացավ։ Ժպտաց։ Նա հանկարծ իր կրծքին սեղմված գեյշայի հանդեպ լցվեց ջերմ զգացումով։ Կիկուկոյից, հավանաբար, մի հինգ տարով փոքր կլիներ, տեսքից՝ դեռ քսան էլ չկար։
Հնարավոր է, որ դա պարզապես ծախու կնոջը հատուկ անվրդովություն էր, սակայն Սինգոն երջանիկ էր, որ կրծքին հպված քնել է մի ջահել աղջիկ։
Երջանկությո՜ւն, որքան ակնթարթային ես ու ցնորական։
Կնոջ հետ մերձենալիս համատեղվում են խղճուկությունն ու շռայլությունը, երջանկությունն ու վիշտը, մտածեց Սինգոն։ Հետո զգուշությամբ դուրս սողաց սենյակից և վերջին էլեկտրագնացքով վերադարձավ տուն։
Յասուկոն ու Կիկուկոն դեռ չէին պառկել, սեղանատանը նստած սպասում էին նրա վերադարձին։ Գիշերվա ժամը մեկն անց էր։
Սինգոն, ջանալով հարսի աչքերին չնայել, հարցրեց.
― Սյուիտին տա՞նն է։
― Արդեն պառկել է։
― Հա՞։ Իսկ Ֆուսակո՞ն։
― Նույնպես։― Կիկուկոն կարգի էր բերում Սինգոյի հանած կոստյումը։― Այսօր մինչև երեկո եղանակը հիանալի էր, հետո երկինքը դարձյալ թխպեց։
― Իսկապե՞ս։ Ուշադրություն չեմ դարձրել։
Կիկուկոն չոքած տեղից վեր ելավ, կրկին ուղղեց Սինգոյի պիջակը ու սկսեց տաբատի ծալը հարդարել։
Մի՞թե վարսավիրանոց է գնացել։ Սինգոն նկատեց հարսի կարճ կտրած մազերը։
Երկար ժամանակ ականջ էր դնում քնած Յասուկոյի շնչառությանը և ոչ մի կերպ չէր կարողանում քնել, իսկ երբ քնեց, անմիջապես երազ տեսավ։
Ինքը հետևակային երիտասարդ սպա է, հագին՝ պիրկ նստած համազգեստ, կողքից կախել է ճապոնական մի թուր ու զույգ ատրճանակ։ Թուրն, ըստ երևույթին, տոհմական է, որը տվել է նրան ռազմաճակատ մեկնելու հրահանգի սպասող Սյուիտին։
Գիշեր է. Սինգոն գնում է լեռնային կածանով։ Հետը մի փայտահատ է քայլում։
― Մութ ժամանակ այս ճանապարհը վտանգավոր է։ Ես այստեղով հազվադեպ եմ անցնում։ Ավելի ապահով է՝ աջ կողմով գնալ,― ասում է փայտահատը։
Սինգոն անցնում է աջ կողմը, բայց, միևնույն է, երկյուղալի է։ Նա վառում է գրպանի լապտերը։ Լապտերի ապակու չորս բոլորը պատած է ադամանդներով։ Ադամանդները ճառագայթում են, և լապտերը սովորականից ավելի պայծառ է լույս տալիս։ Վառ ճառագայթափունջն ընկնում է ճանապարհը փակող ինչ֊որ սև բանի վրա, որ ծառի տարածուն ճյուղեր է հիշեցնում։ Ուշադիր զննելուց հետո Սինգոն տեսնում է, որ մժեղների կույտ է, մոծակների պարս։ Պարսն ընդունել է վրանի պես կախված ճյուղերի ձև։ «Ի՞նչ անել»,― մտածում է Սինգոն։ Ճեղքել, դուրս գալ։ Նա մերկացնում է սուրն ու սկսում է մոծակների կույտը թրատելով, անցք բանալ։
Անսպասելի ետ է շրջվում․ փայտահատը վազելով փախչում է, ասես գլորվում սարն ի վար։ Սինգոյի համազգեստը հանկարծ բռնկվում է բոցով։ Նույն ակնթարթին Սինգոն երկու կես է լինում․ բոցավառվող Սինգոյին կանգնած նայում է մի երկրորդ Սինգո։ Կրակը հասնում է օձիքին, թևքերին և հագուստի եզրերով արագորեն սահելուց հետո, հանգչում։ Համազգեստը չի այրվել, ընդամենը տեղ֊տեղ խանձվել է և թեթևակի ճարճատում է։
Սինգոն վերջապես հասնում է տուն։ Դա Սինսյուում գտնվող իր տունն է, որտեղ ապրել է մանուկ օրերին։
Նրա տանն է մոտենում նաև փախած փայտահատը։ Մոտենում է ու անզգայացած վայր ընկնում։
Փայտահատի մարմնից մոծակներով լեցուն մի հսկայական դույլ է դուրս գալիս։
Մոծակները որտեղից լույս ընկան, հայտնի չէր, բայց արթնանալուց հետո էլ Սինգոն դեռ պարզ տեսնում էր դրանց։
― Երևի ցանցի տակ են մտել,― փնթփնթաց նա ու փորձեց ականջները մաքրել։ Չօգնեց։ Ծանրացած գլուխը շարունակում էր դռդռալ։
Դրսում անձրև էր սկսում։
== Օձի ձայն ==
== Ձուկն աշնանը ==