Ասես փոթորիկ հարվածեց Իզենգարդին. էնտերը ձողիկների պես պոկում էին սյուները, հորերը արագորեն լցվում էին քարաբեկորներով ու խճաքարերով, իսկ ուղիների քարե սալիկները թռչում էին օդում՝ ինչպես տերևները փոթորկի ժամանակ: Եվ այդ մոլեգնած փոթորկի մեջտեղում, անխորտակելի ժայռի պես, կանգնած էր Օրթհանքի աշտարակը: Երկաթաբեկորների ու քարերի կարկուտը աշտարակին ոչ մի վնաս չէր պատճառում:
Շնորհակալություն, Ծառմորուսը գլուխը չէր կորցրել. իմիջայլոց, բարեբախտաբար, նա նույնիսկ այրվածքներ չէր ստացել: Թվում էր, թե էնտերը, մոռանալով զգուշության մասին, հիմա վնասեն իրենց, իսկ Սարումանն այդ իրարանցումից օգտվելով կծլկի ինչ որ ստորգետնյա գաղտնի անցումով: Էնտերը ամբողջ ուժով հարվածում էին աշտարակի ողորկ պատերին, բայց, իհարկե, ապարդյուն: Երևում է այն կախարդված էր, բայց այդ դեպքում աշտարակը պահպանող հմայախոսքերը Սարումանի կախարդանքից հաստատ ավելի հին էին ու ավելի հզոր: Մի խոսքով էնտերի չհաջողվեց նույնիսկ փոքրիկ ճեղք բացել, միայն ուռուցքներ ստացան: Այդ ժամանակ էլ Ծառմորուսը դուրս եկավ կենտրոն և այնպես բղավեց, որ նրա ձայնը խլացրեց ողջ աղմուկն ու դղրդյունը: Մեռելային լռություն տիրեց: Այդ պահին աշտարակի վերին պատուհանից չարախինդ ծիծաղ լսվեց, որը էնտերի վրա անդրադարձավ տարօրինակ կերպով. հենց նոր կատաղությունից եռ էին գալիս, և հանկարծ մի ակնթարթում դարձան մռայլ՝ սառնարյուն ու հանգիստ: Վերադարձան դարպասի մոտ, շրջապատեցին Ծառմորուսին ու քարացան: Վերջինս սկսեց ինչ որ բան խոսել իրենց լեզվով և ես այսպես հասկացա, որ նա բացատրում էր իր ծրագիրը, որը, ամենայն հավանականությամբ, վաղուց էր ձևավորվել նրա գլխում: Էնտերը լսեցին նրան, հետո լուռ անհետացան մոխրագույն աղջամուղջում: Արդեն լուսանում էր: Երևի աշտարակի մոտ ժամապահներ էին թողել, բայց նրանք, ըստ երևույթին, թաքնվել էին ստվերում և քարացել, այնպես որ մենք նրանց չէինք նկատում: Մնացած բոլորը գնացին հյուսիս՝ հովտի հեռավոր ծայրը, և ասես չքացան. այդ օրն այլևս նրանց չտեսանք. նրանք զբաղված էին ինչ որ գործով, բայց ինչ գործով՝ անհայտ էր: Մենք մնացինք միայնակ: Երկար, տաղտկալի ու մռայլ օր էր, թափառում էինք կաթսայում՝ աշխատելով հեռու մնալ Օրթհանքի պատուհաններից՝ ախր շատ սպառնալի տեսք ունեին դրանք: Իսկ հետո բավականին շատ ժամանակ վատնեցինք ուտելիք փնտրելու վրա, բայց ոչինչ չգտնելով, նստեցինք մի հանգիստ տեղ և սկսեցինք զրուցել՝ գուշակելով, թե ինչպես են ընթանում գործերը Ռոհանում, և որտեղ են հիմա մեր ջոկատի մյուս անդամները: Երբեմն հեռվից՝ լեռներից, դղրդյուն էր լսվում, քարեր էին թափվում, և հնչեղ արձանգանքը տարածվում էր հովտում: Կեսօրից հետո գնացինք նայելու, թե ինչ է կատարվում: Հովտի բերանին՝ լանջի վրա, տարածվել էր հվորնների մութ անտառը: Հյուսիսային կողմում նույնպես նրանց հանդիպեցինք, մոտենալ չհամարձակվեցինք, միայն հեռվից լսում էինք այդ մթին պատի միջից լսվող ճայթյունն ու որոտը: Հետո պարզվեց, որ էնտերը հվորնների հետ գետի համար նոր հուն են փորում, պատնեշներ կառուցում, ջրամբարներ: Նրանք ուզում էին Իզենի և մոտակա բոլոր աղբյուրների ու առուների ջրերը բաց թողնել նոր հունով: Մենք չխանգարեցինք նրանց և վերադարձանք դարպասի մոտ, իսկ մթնշաղին Ծառմորուսը եկավ մեզ այցելության: Նա ինչ որ բան էր դնդնում քթի տակ և, ըստ երևույթին, գոհ էր: Մոտենալով մեզ նա ձգվեց, տարածեց իր երկար ձեռքերը և խորը շունչ քաշեց: Ես հարցրեցի նրան, չի՞ հոգնել արդյոք: «Հոգնե՞լ,– կրկնեց նա,– թերևս կա մի քիչ... Փայտացել եմ մի փոքր: Ա՛յ թե հիմա մի քիչ Էնտվեյի ջրից լիներ, հո չէի խմի: Փառավոր աշխատանք ենք կատարել. այսօրվա մեջ ավելի շատ քար ենք ջարդել ու հող փորել, քան վերջին հարյուր տարիների ընթացքում: Բայց հիմա գրեթե ամեն ինչ ավարտված է: Երբ գիշերը գա, հեռու՛ կմնաք դարպասից, և այդ... ինչպես էր... թունելի՛ց: Այնտեղով ջուր է հոսելու՝ սկզբում շատ կեղտոտ ու պղտոր, մինչև որ Սարումանի ողջ աղբից տարածքը չմաքրվի: Իսկ հետո Իզենը նորից բաց կթողնենք հին հունով, թող հոսի՝ ինչպես առաջ»: Ծառմորուսը վերջացրեց և սկսեց զվարճանալով պատերից ևս մի քանի քարաբեկերներ պոկել: Ես ու Մերին սկսեցինք գիշերելու համար հարմար տեղ փնտրել, որ համ փորձանքից հեռու լինենք, համ էլ մի քիչ քնենք: Այստեղ էլ կատարվեց ամենաանսպասելին. ճանապարհից ձիու սմբակների դոփյուն լսվեց: Ինչ որ հեծյալ էր սրընթաց մոտենում դարպասին: Մենք մտանք քարերի հետևը, իսկ Ծառմորուսը թաքնվեց կամարի տակ՝ ստվերում: ևվ ահա դարպասին է մոտենում մի հսկայական նժույգ, ոչ թե նժույգ, այլ ինչ որ արշաթե բռնկու՛մ: Արդեն մթնել էր, բայց մենք կարողացանք տեսնել հեծյալի դեմքը. այն՝ թվում էր, լույս է ճառագում: Հեծյալը սպիտակ հագուստով էր: Ես նստեցի ու բերանս բաց նրան էի նայում: Ուզում էի կանչել՝ լեզուս չէր ենթարկվում: Սակայն կանչելու հարկ չեղավ: Հեծյալը կանգ առավ մեր կողքին և սկսեց ոտքից գլուխ չափել մեզ: Այստեղ ես վերջապես արտաբերեցի. «Գե՛նդալֆ»: Եվ ի՞նչ եք կարծում, նա ի՞նչ պատասխանեց: Կարծում եք ասաց «Բարև Փին, ինչ հաճելի անակնկա՞լ է»: Հմ, Է՜լ ինչ կուզեիք: Վրաս այնպես գոռաց. «Վե՛ր կաց, Տու՛կ, անբա՛նի մեկը: Որտե՞ղ գտնեմ Ծառմորուսին այս խառնաշփոթի մեջ, ամպրո՛պը ձեզ տանի: Գտե՛ք նրան, արա՛գ:» Ծառմորուսը լսեց նրա ձայնը և առաջ եկավ: Տարօրինակ հանդիպում էր: Թվում էր, թե ոչ մեկը, ոչ էլ մյուսը առհասարակ չզարմացան, և դա ինձ զարմացրեց երևի ամենից շատ: Գենդալֆն ակնհայտորեն գիտեր, որ այստեղ հանդիպելու է Ծառմորուսին, իսկ վերջինս էլ, ըստ երևույթին, հենց դրա համար էլ եկել էր դարպասի մոտ, որ դիմավորի նրան: Ախր մենք ծեր էնտին պատմել էինք, թե ինչպես նա զոհվեց Մորիայում: Ես անմիջապես հիշեցի, թե ինչպես նա այն ժամանակ տարօրինակ կերպով մեզ նայեց: Պետք է ենթադրել, որ այն ժամանակ նա արդեն հասցրել էր հանդիպել Գենդալֆին, կամ ինչ որ բան իմացել, բայց մեզ այդ մասին պատմել չցանկացավ: Դե, այդպիաին է նրա կարգախոսը. «Մի՛ շտապիր»: Իմիջայլոց ոչ մեկի, նույնիսկ էլֆերի, մոտ ընդունված չէ խոսել Գենդալֆի ու նրա գործերի մասին, երբ նա մոտակայքում չէ: «Հու՛մ, Գենդալֆ, ես ուրախ եմ որ դու եկար: Ջրի, անտառի, արմատների, քարերի հետ ես ինքս գլուխ կհանեմ, բայց ինչպե՞ս վարվել հրաշագործի հետ: Չգիտեմ ինչ անեմ» «Ծառմորու՛ս,– ասաց Գենդալֆը,– ինձ քո օգնությունն է պետք: Դու շատ բան ես հասցրել անել, բայց ավելի շատ է պետք անել: Ինձ հարկավոր է ինչ որ մի բան անել օրքերի տասը հազարանոց զորքի հետ»: