== գլուխ հինգերորդ․ Կիրճում ==
===Ա. Անդունդի վրա===
Տարոնն հաղարջուտում իրեն կորցրեց։ Չգիտեր որ թփին մոտենա։ Միանգամից այդքան հաղարջ նա երբեք չէր տեսել։ Նա մերթ բռերով հավաքում լցնում էր բերանը, մերթ զամբյուղները, մերթ էլ շվարած կանգնած նայում էր։ Ախր ինչքան հավաքում էր, այնքան ավելի շատ էր մնում։ Բայց ահա ելքը գտավ, որոշեց միայն սև հաղարջ հավաքել։ Մայրիկից լսել էր, որ սև հաղարջն ավելի օգտակար է, բուժիչ։ Եվ երբ որոշեց միայն սև հաղարջ հավաքել, հանգստացավ, քանի որ սև հաղարջն անհամեմատ ավելի քիչ էր։
― Ես միայն սևերն եմ հավաքում, — հայտարարեց նա և հենց սև հաղարջի աոաջին բուռը լցրեց բերանը։
Հասմիկը ծիծաղեց.
― Եթե այդպես պիտի հավաքես, ուզում է սև լինի, ուզում է կարմիր, միևնույն է, զամբյուղներդ չեն լցվի։
― Լավ էլ կլցվեն, այսքան հաղարջի մեջ երկու զամբյուղն ի՞նչ է որ։
― Ուզում եմ ասել, որ եթե այդպես շարունակես՝ կտրաքվես։
― Դո՛ւ կտրաքվես, ինձ բան չի լինի, իմ փորը մեծ է։
― Այդ մեկը ճիշտ է. ― ասաց Հասմիկը, — չեմ վիճում, քո փորը մեծ է։
Բայց Տարոնն այլևս Հասմիկին չէր լսում։ Նա հայացքը հառել էր թփի տակ կանգնած իր հին ծանոթի Թզուկի վրա։ Սա թփի տակից աչքով էր անում Տարոնին, խորամանկ ժպտում ու, ինչպես հեղեղատի մոտ, այստեղ էլ ցույց տալով կռատուկի տերևի վրա լցված հաղարջը, ասում էր.
― Պատվարժան Տարոն, հավանո՞ւմ ես իմ հաղարջը։ Հաղա՜րջ, ի՜նչ հաղարջ...
Այդպիսի հաղարջ Տարոնը չէր տեսել կյանքում։
Իսկ թզուկը շարունակում էր աչքով անել և մի-մի հատիկ հաղարջ բերանը դնելով, ասում էր.
― Օ՜խ, ինչ հիանալի է, ինչ սքանչելի է։ Չէի՞ր ցանկանա արդյոք համտես անել այս արքայական հաղարջից։
Եվ նորից Թզուկը ժպտաց, այնքան բարի, այնքան մտերմիկ, որ Տարոնն այլևս նրանից չէր վախենում։ Միայն թե այդ ամենն այնքան հանկարծակի էր, որ նա հազիվ կարողացավ իրեն հավաքել։ Հետո ոգևորվելով Թզուկի բարի, հորդորող հայացքից, հարցրեց.
― Իսկ որտե՞ղ է աճում արքայական հաղարջը։
― Օ՜, դու արդեն հետաքրքրվում ես, թե որտեղ է աճում արքայական հաղարջը, ― Իր բարակ ձայնով խոսեց Թզուկը։ ― Բայց դու դեռ չես կերել այս հաղարջից և չգիտես, թե սա ինչ հաղարջ է։
Տարոնը մի հատիկ հաղարջ պոկեց ճութից ու դրեց բերանը։ Թե ինչ տեղի ունեցավ՝ դժվար է նկարագրել։ Տարոնն ասես խորը քնից արթնացավ, շուրջն ասես ավելի լուսավորվեց։ Հաղարջի հատիկը նրա բերանում ինքն իրեն հալվեց, և այնպիսի բուրմունք տարածվեց, որ կարելի էր խենթանալ։ Նա կռացավ և էլի մի քանի հատ հաղարջ վերցրեց, բայց հենց այդ ժամանակ լսվեց Հասմիկի ձայնը, ու հանկարծ Թզուկն անհայտացավ։
― Որտեղ ես, Տարո՜ն, — ձայն տվեց Հասմիկը։
― Այստեղ եմ,— ոչ անմիջապես պատասխանեց Տարոնը։
Հասմիկը մոտեցավ նրան։
― Տես հա՜, մտքովդ չանցնի նորից պահվել։ Մանուշին քո պատճառով կորցրեցինք։ Ինչո՞ւ ես կանգնել։
Տարոնը ցույց տվեց բռի հաղարջը։
― Այս ի՞նչ է... Ցած գցիր, գուցե թունավոր պտուղ է, ինչու ես քաղել։
― Թունավոր չի, արքայական հաղարջ է, հապա մի փորձիր, տես, թե ինչ բուրմունք ունի։
― Ինչեր ես հնարում, արքայական հաղարջ չի լինում, արքայամորի կա, բայց հաղարջ չի լինում։
― Փորձիր, փորձիր, տես, թե ինչքան համեղ է։
― Գժվե՞լ ես, ինչ է, պատահական պտուղը չեն ուտում, կարող է թունավոր լինել։
― Ես կերել եմ և ոչինչ էլ չի պատահել։
― Կերե՞լ ես... Ե՞րբ ես կերել։
― Հենց նոր։
― Ա՜ա, հենց նոր... Դեռ ժամանակ կա, որ մի բան պատահի։ Դե մի կողմ նետիր, գնացինք։ ― Ու Հասմիկը մտավ հաղարջուտի ամենախիտ թփերի մեջ։ Տարոնն այն է, ուզում էր հետևել նրան, նորից իր առջևում տեսավ Թզուկին։
― Մի՞թե իմ արքայական հաղարջը չհավանեցիր, պատվարժան ասպետ Տարոն, որ գնում ես այստեղից։
Տարոնը չգիտեր, թե ինչ պատասխանի։ Մի՞թե կարող էր ասել, թե չի հավանել հաղարջը։ Մյուս կողմից էլ Թզուկը միտք չուներ նրան բաց թողնելու։ Ուղղակի փակել էր տղայի ճանապարհը։
― Օ՜, պատվարժան Տարոն, այդ կողմ մի գնացեք։ Շատ դժվարություններ կան այնտեղ, շատ ծանր փորձություններ են ձեզ սպասում, ավելի լավ կլինի վերադառնաք այնտեղ, որտեղից եկել եք, — ասաց Թզուկն ու կանգնեց ուղիղ Տարոնի ոտքերի մոտ, այնպես որ սա տեղից չէր կարող շարժվել առանց կպչելու Թզուկին։
― Էլի կանգնեցի՞ր, ― ձայն տվեց Հասմիկը ու վերադառնալով բռնեց Տարոնի ձեռքը, քարշ տվեց իր հետևից։ Տարոնն արդեն ուզում էր ցույց տալ Թզուկին, բայց վերջինս նորից անհայտացել էր։ Տարոնի ափի մեջ մնացին միայն հաղարջի այն մի քանի հատիկները, որ նա վերցրել էր կռատուկի վրայից։
― Բա դու իսկի չե՞ս անհանգստանում, որ Մանուշն ուշացավ, ― ասաց Հասմիկը հաղարջի թփերը հետ տանելով։
― Ի՞նչ կա անհանգստանալու, կգա է՛լի։
― «Կգա էլի», բա որ չեկավ։ էն տատիկն էլ թե ուր գնաց՝ չիմացանք։
― Տատիկը չկա, պապիկն էստեղ է, ― ասաց Տարոնն ու փոշմանեց, որ ասել է։
― Ի՞նչ պապիկ, ինչե՞ր ես խոսում։
― Այն պապիկը, որ արքայական հաղարջը տվեց։
Հասմիկը կանգ առավ։
― Դու որտե՞ղ ես պապիկ տեսել, ի՞նչ պապիկ էր։
― Քիչ առաջ թփերի մեջ էր... Ա՛յ, այսքան փոքրիկ պապիկ էր, — Տարոնը ձեռքով ցույց տվեց Թզուկի չափը։
Հասմիկը ուշադիր նայեց Տարոնին. կարծես ուզում էր հասկանալ՝ չի՞ փչում արդյոք։
― Բավական է հնարես, — վերջապես ասաց նա։
― Չեմ հնարում, ուզո՞ւմ ես...
Սակայն Տարոնը հանկարծ լսեց ծերունու հազի ձայնը և հասկացավ, որ Թզուկը մոտերքում է։ Դրա համար էլ որոշեց լռել։
― Ի՞նչ էիր ուզում ասել, — հարցրեց Հասմիկը։
― Ե՞ս... ոչինչ... Ոչինչ չունեմ ասելու։
― Դե ուրեմն հաղարջ հավաքիր... Չես ամաչում։ Այսքան հաղարջի մեջ դեռ մի զամբյուղ էլ չես լցրել։
Նրանք լուռ շարունակեցին հաղարջ հավաքելը և կամաց-կամաց խորացան խիտ թփուտների մեջ։ Հասմիկը, որ մինչ այդ թվում էր, թե անտարբեր է հաղարջի նկատմամբ, այստեղ բոլորովին փոխվել էր։ Հավաքում էր զարմանալի եռանդով, և նրա մեծ զամբյուղը արդեն լցվելու վրա էր։ Ամբողջովին կլանված էր հավաքելով և միայն մերթ ընդ մերթ էր նայում կածանի կողմը, որտեղից, իր կարծիքով, պառավի ուղեկցությամբ պետք է հայտնվեր Մանուշը։ Տարոնը, ընդհակառակը, անտարբեր էր դարձել։ Նա էլ էր հավաքում, բայց արդեն բավական դանդաղկոտ և նույնիսկ այդքան քաղցր ու հաճելիորեն թթվաշ հաղարջից կարծես զզվում էր, իսկի չէր էլ ուզում ուտել։ Նրան թվում էր, թե այստեղ, թփուտներում, իրենք մենակ չեն։ Շուտ-շուտ շրջվում, նայում էր թփուտների մեջ, սակայն ոչ ոքի չէր տեսնում։ Բայց ահա նրա ականջին նորից հասավ Թզուկի ձայնը. «Պատվարժան Տարոն, կանգնիր, ինչո՞ւ ես այդքան խորանում, չե՞ս տեսնում, որ լիքը հաղարջ է, կանգնիր»։
Տարոնը կանգնեց։
― Ինչո՞ւ կանգնեցիր, — հարցրեց Հասմիկը։
― Դու ձայն չե՞ս լսում, — իր հերթին հարցրեց Տարոնը։
― Ի՞նչ ձայն, ոչ մի ձայն չեմ լսում, դու լսո՞ւմ ես։
― Ինձ թվաց Մանուշի ձայնն եմ լսում, — ստեց Տարոնը։ Նա թզուկի մասին վախենում էր ասել։
― Հավաքի՛ր, — կարգադրեց Հասմիկը։ — Այ, հասնենք այնտեղ ու էլ չենք խորանա։
― Բա էլ ո՞ւր ենք գնում, տեսնո՞ւմ ես ինչքան հաղարջ կա, ― ասաց Տարոնը, բայց անմիջապես էլ մոռացավ իր ասածը։ Մի քանի քայլ այն կողմ այնպիսի թուփ երևաց, որի վրա հաղարջն ավելի շատ էր, քան տերևը։ Հաղարջն էլ այնքան խոշոր էր, կարծես Թզուկի ցույց տված հաղարջը լիներ։ Տարոնը նետվեց դեպի գայթակղիչ թուփը և հանկարծ, կարծես գետնի տակն անցավ։ Հասմիկը, որ ամեն բան տեսել էր, «Տարոն» կանչելով նետվեց նրա հետևից ու ինքն էլ չիմացավ, թե ինչպես հայտնվեց Տարոնի կողքին՝ անդունդի վրա կախված մի ծառի խիտ ճյուղերի մեջ։ Ներքևում անդունդ էր, մի խորը կիրճ, որի ժայռոտ հատակով լեռնային գետակ էր հոսում։ Ծառերի ճյուղերի արանքից երեխաները տեսան, որ ընկել են ժայռի միջից հորիզոնական աճած մի ծառի վրա և հասկացան, որ փրկության հույս չի կարող լինել։ Տարոնը նայում էր Հասմիկին, որը զույգ ձեռքերով կառչել էր ճյուղերից և աչքերը պինդ փակել։ Իսկ Հասմիկը իսկի Տարոնին չէր էլ տեսել, կարծում էր, թե տղան անդունդն է ընկել։ Տարոնը նույնպես պինդ գրկել էր ճյուղերը և սարսափած աշխատում էր հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ իր հետ։ Սակայն նա իզուր էր անհանգստանում, ծառի ճյուղերն այնքան խիտ էին, որ ընկնելն անհնարին էր։ Բայց ինչքան կարող էին այդպես մնալ։ Ու Տարոնը, սրտապնդվելով, սկսեց մտածել փրկության մասին։ Շուտով նա համոզվեց, որ դա անհնարին բան է։ Եթե նույնիսկ մագլցելով մոտենային ծառի արմատներին, էլի չէին կարողանա վեր բարձրանալ, քանի որ ծառի արմատից մինչև վերևում կարմրին տվող հաղարջի թփերը մի երկու մարդաբոյ լերկ ժայռ էր։ Տարոնի ուշադրությունը գրավեց մի տարօրինակ ձայն, կարծես ինչ-որ բան էր կոտրվում և վախվխելով նայեց ծառի բնին, տեսավ, որ արմատին մոտիկ կոտրվում է այն ճյուղը, որից իրենք կառչած են։ Զգաց, որ ամեն մի ճռռոցի հետ կամաց-կամաց ցած է իջնում և մեկ էլ լսեց Հասմիկի ճիչը։ Հասմիկն էլ էր աչքերը բացել, որպեսզի հասկանա, թե այդ ինչ ճռռոց է և ինչու է ծառը ցածրանում։ Ու պարզ տեսավ, որ ժայռից մի հսկայական քար պոկվելով, գլորվեց անդունդը, իսկ քարից հետո պոկվեց ծառը։ Երեխաները ծառի հետ օդում ճախրելով ընկնում էին ցած։
Սակայն, մի վախեցեք, սարսափելի ոչինչ տեղի չունեցավ։ Ծառը ընկավ ուղիղ գետակի քարքարոտ ափին, նրա կանաչ ճյուղերը զսպանակի նման իրար սեղմվեցին և մեղմիչի դեր կատարեցին, այնպես որ վերևի ճյուղերին կպած երեխաներին ոչինչ չպատահեց։ Որոշ ժամանակ նրանք աչքերը փակ սպասում էին։ Կատարյալ խաղաղություն էր տիրում, և միայն լեռնային գետակի խշշոցն էր լսվում։ Հասմիկը աչքերը բացեց և տեսնելով, որ արդեն անդունդի հատակում են, սկսեց զգուշորեն իջնել ցած ու այստեղ էլ ոտքերով կպավ Տարոնին։ Տարոնը նույնպես աչքերը բացեց և Հասմիկին տեսնելով այնքան ուրախացավ, որ մոռացավ մինչև այդ նրանից ստացած վիրավորանքները։
― Այդ դո՞ւ ես, — հարցրեց նա։
― Դու է՞լ էիր ծառի վրա։ ― Հասմիկն էլ էր շատ ուրախացել Տարոնին տեսնելով։
― Ուհո՛ւ... — ասաց Տարոնը։ — Ես քեզ տեսել էի։
― Արի իջնենք։
― Ես վախենում եմ, — ներքև նայելով ասաց Տարոնը։
― Վախենալու բան չկա, տեսնում ես գետինն ինչքան մոտ է։ Եվ Հասմիկը ցած թռավ։ Ձեռքդ տուր, ― ասաց նա, — իջի՛ր։
Տարոնը մի քանի ճյուղի վրայով սահեց ցած, ապա ձեռքը մեկնեց Հասմիկին ու նրա օգնությամբ ցած թռավ։
=== Բ. Փրկարար թզուկը ===
Հետո նրանք նստեցին հենց այդտեղ, քարերի վրա։ Երկար ժամանակ երկուսն էլ լուռ էին և սիրտ չէին անում նայել վերև, այնտեղ, որտեղից ծառի հետ սավառնել էին ցած։ Հիմա ավելի սարսափելի էր, քան ընկնելիս, քանի որ ամեն ինչ այնքան անսպասելի եղավ, որ նույնիսկ չհասցրեցին կարգին վախենալ։
― Հիմա ի՞նչ պիտի անենք, ― հարցրեց Տարոնը։
― Չգիտեմ, չգիտեմ, — ասաց Հասմիկը մտահոգ։ — Հիմա որ Մանուշը տատիկի հետ գա ու տեսնի մենք չկանք, ի՞նչ պիտի անի։
― «Ի՛նչ պիտի անի», ― կոպտեց Տարոնը։ ― Նախ ասա, թե մե՛նք ինչ պիտի անենք։ Մանուշը կտեսնի, որ չկանք՝ կգնա տուն, իսկ մենք այս փոսի մեջ ի՞նչ պիտի անենք։
Հասմիկը լուռ էր։ Իսկապես, ի՞նչ պիտի անեն։ Առաջին միտքն այն էր, որ պիտի վեր բարձրանան, բայց ինչպես։ Կիրճի երկու կողմերն էլ ոնց որ քարե պատեր լինեին, այդ տեղով մագլցելն անհնարին էր։ Մնում էր գետի ջրերի հետ ցած իջնել կամ բարձրանալ վեր։ Գուցե մի տեղ լիներ, որ կարողանային դուրս գալ։ Եվ այդպես էլ արեցին։ Բավական երկար նստելուց հետո Հասմիկը վեր ելավ ու առաջ ընկնելով, ասաց.
― Գնացի՛նք...
Տարոնը լուռ հետևեց նրան։ Ճիշտ է, այնքան էլ հեշտ չէր լպրծուն քարերի վրայով քայլելը, բայց ուրիշ ճար չկար։ Այդպես քայլելով, ընկնելով ու վեր կենալով, նրանք բավական առաջ գնացին, բայց ամենուր նույն պատերն էին, նույն անդունդը և ոչ մի հույս չկար, թե կարելի է դուրս գալ։ Սակայն մի հույս փայլատակում էր, այնուամենայնիվ։ Նրանց թվաց, թե որքան իջնում են գետի հոսանքն ի վեր, ափերը ցածրանում են։ Ոչ այնքան զգալի, բայց գոնե այնքան, որ հույս տար նրանց։
― Տեսնո՞ւմ ես, ափերը ցածրանում են։ Այսպես որ գնա, դուրս կգանք բաց տեղ։
― Հա՞, ցածրանում են, իսկի էլ չեն ցածրանում, ― հակառակվեց Տարոնը։ — Ավելի լավ է նստենք, ես հոգնել եմ։
― Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում։ Բա որ մթնեց ու մենք մնացինք այս կիրճի մեջ, այն ժամանակ ի՞նչ ենք անելու։
― Չի մթնի, դեռ առավոտ է։
― Բարև՜... Առավոտը ե՜րբ էր, այն ժամանակ, երբ տանից դուրս եկանք։
― Այն ժամանակ լուսաբաց էր։
― Հիմա կեսօրն անցել է արդեն, տես՝ արևը ուր է հասել։
― Ո՞ւր է արև, ― հարցրեց Տարոնը։
Եվ իսկապես, արևը չէր երևում, և կիրճն ամբողջովին ստվերի մեջ էր։ Երբ բավական գնացել էին, պարզ տեսան, որ դիմացի ափը իսկապես ցածրանում է, իսկ քիչ հետո բոլորովին ցածրացավ, հորիզոնը բացվեց... Սակայն դժբախտաբար, միայն գետի մյուս ափում էր այդպես, իրենց կողմում նույն ժայռե պատն էր։ Դա դեռ ոչինչ, մի երկու հարյուր մետր գնալուց հետո ճանապարհը փակվեց։ Գետն այդտեղ դանդաղում էր և հենց իրենց ափում բոլորովին կպել էր ժայռին ու լճացել։ Անցնելու ոչ մի հույս չկար։ ճանապարհը փակ էր։ Տարոնը անմիջապես նստեց քարերի վրա և սկսեց թնկթնկալ.
― Ես ուզում եմ տուն գնալ, մայրիկիս եմ ուզում... Ախր ինչի՞ ինձ բերեցիք։
― Սրա՛ն նայիր, «ինչի բերեցի՜ք», հոգիներս կերար, տարեք, հա՛ տարեք։ Հիմա էլ նվնվում ես։ Ավելի լավ է մի ճար գտնենք, ― ասաց Հասմիկը։
― Կգտնես, ո՞նց ռէ, ոնց որ հորի մեջ լինենք։
― Կիրճը մի տեղ կհանի մեզ, միայն թե կարողանանք ջուրն անցնել։
― Կանցնես, բա չէ՞․․․ Ես լողալ չգիտեմ։
― Կարելի է ծանծաղ տեղ գտնել, չի կարող պատահել, որ ծանծաղուտ չլինի։ Ասենք, պետք էլ չէ տեղ գտնել, հիմա անպայման մեզ որոնում են։ Եթե տեղում մնանք՝ կգտնեն։
― Կգտնե՜ն, կգտնե՜ն․․․ Բա որ սոված եմ, էդ հե՞չ։
― Սոված ես՝ հաղարջ կեր։
― Հաղարջից զզվել եմ։
― Իհարկե, կզզվես, առավոտիվ փորդ լցնում ես։ Ստիպված պիտի համբերես։
― Ախր ո՞նց համբերեմ, դատարկ փորս գոռում է, ― բողոքեց Տարոնը։
― Դատա՞րկ... հալա Սի փորիդ նայի, ոնց որ ձմերուկ լինի։
― Դու բլիթ ունես, առավոտյան ասում էիր, չէ՞։
― Բլիթները թող մնան,― վճռական ասաց Հասմիկը։ ― Հանկարծ ու մի քանի օր մնացինք։
― Ո՛նց թե մի քանի օր,.. Ի՞նչ ես ասում, ես չեմ կարող մի քանի օր մնալ, ես ուզում եմ տուն գնալ։
Տարոնը տեղից վեր կացավ։ ― Գնանք, ի՞նչ ենք նստել։
― Ո՞ւր գնանք, — անտարբեր ասաց Հասմիկը։ — Որ գնալ լիներ, էլ ո՞ւր էի նստում։
― Ասում էիր՝ շուտ կգտնենք, հիմա էլ թե՝ մի քանի օր։
Հասմիկը հանկարծ զգաց, որ Տարոնից մեծ է, պետք է նրան հանգստացնի, որ պիտի նրա նկատմամբ ավագ քրոջ նման լինի։ Ճիշտն ասած, Հասմիկն էլ, Մանուշն էլ Տարոնին սիրում էին։ Ուրիշ բան է, որ կռվում էին, վիճում, բայց դե առանց Տարոնի ի՞նչ պիտի անեին։ Էլի տղան նա էր, էլի տղամարդ էր։ Մի անգամ Տարոնը հիվանդացել էր, հինգ օր բարձր տաքությամբ պառկել, և այդ ժամանակ աղջիկները միայն զգացին, որ շատ են սիրում Տարոնին, այդ երես առած, չարաճճի Տարոնին։ Ահա թե ինչու Հասմիկը քնքշորեն ասաց.
― Տարոն ջան, մի վախեցիր, մեզ շուտ կգտնեն, հիմա անպայման մեզ են փնտրում։
― Բա էլ ո՞ւր ես բլիթները պահում...
Հասմիկն այն է ուզում էր բլիթ հանել տոպրւսկից, մեկ էլ փոշմանեց։ Մտածեց, որ դեռ քաղցած չեն, առջևում դեռ երկար օր կա և, ով գիտե, գուցեև մի քանի օր։
― Չէ, չեմ տա, ― կտրուկ ասաց նա։ ― Վազն անցի։
Տարոնը խռոված շուռ եկավ։ Անթարթ նայելով դանդաղ հոսող ջրին, նա մտաբերեց իրենց տունը, մայրիկին, որը երբեք նրան քաղցած չէր թողնում և ամենալավ բաները պահում էր նրա համար։ Իսկ հիմա քաղցած նստել է այս չարաբաստիկ կիրճում և հայտնի չէ, թե Հասմիկը երբ գոնե մի բլիթ կտա։
Տարոնը հիշեց, որ հենց այս ժամին սովորաբար խաղը թողնում վազում էր տուն «մի պատառ բան ուտելու»։
Մայրիկը նախօրոք սեղանին դրած էր լինում նրա սիրած կարկանդակներն ու բլիթները, իսկ ապուրի բուրմունքն արդեն ամբողջ տունը բռնած էր լինում։ Տարոնը ներս էր ընկնում թե չէ, մի պահ կանգնում էր սեղանի մոտ, գնահատող մի հայացք էր նետում ուտելիքին և ոտքի վրա սկսում էր ծամել։ Մայրիկը վրա էր հասնում միայն այն ժամանակ, երբ նա սեղանին դրված ուտելիքի կեսը մաքրազարդած էր լինում։
― Անպիտա՛ն տղա, ― ջղայնանում էր մայրիկը, — այս ի՞նչ ես անում, առանց լվացվելու ինչպե՞ս ես ուտում։ — Այս խոսքերի հետ նա բռնում էր Տարոնի ձեռքն ու հեռացնում սեղանից։
― Լավ, մայրիկ, վերջացնում եմ։
― Իհարկե, վերջացնում ես. հրեն մատներդ կեղտից մաքրվել են։
Տարոնը նայում էր ձեռքերին ու ամաչում, մատների մաքրված ծայրերը կարմրին էին տալիս։ Ամաչում էր նա ու գլուխը կախում։ Բայց մայրիկն անխնա էր։ Նա հայելին մոտեցնում էր Տարոնի դեմքին.
― Նայի՛ր, դեմքիդ նայիր, սա քեզ դո՞ւր է գալիս, հը՞...
Դեմքի վրա ամեն ինչ ավելի էր ընդգծված լինում։ Կերակրից մաքրված վարդագույն շրթունքների կողքին մրոտ ու փոշոտ դեմքն ավելի կեղտոտ էր երևում։ Եվ Տարոնն էլի էր ամաչում։ Նա սուս ու փուս վազում էր բակ ու արագ-արագ լվացվում բակով հոսող զուլալ առվակում։
Դե արի ու այսքան քաղցր հիշողություններից հետո սոված նստիր այս խորխորատում.
― Ես ուզում եմ տուն գնալ, մայրիկի՜ս եմ ուզում, ― նորից սկսեց թնկթնկալ Տարոնը։
― Ավելի լավ է լռես, ― ասաց Հասմիկը մեղմացած։ ― Ախր քո պատճառով այսպես եղավ... Քեզ ո՞վ էր ասում հասնես պռնկին։ Կարող էինք ջարդուփշուր լինել, լավ էր, որ ծառի վրա ընկանք, թե չէ մեծ կտորը ականջներս կմնար։
― Ախր էն թուփը ուրիշ էր է՜, արքայական հաղարջի թուփ էր։
Հասմիկը միառժամանակ լուռ նայում էր ջրերին և մեկ էլ, ի զարմանս Տարոնի, տոպրակը բաց անելով երկու բլիթ հանեց ու մեկնեց տղային.
― Ա՛ռ, կեր, միայն թե էլ չուզես։
Տարոնը թերահավատ նայեց Հասմիկին և կասկածելի ոչինչ չնկատելով, գրեթե խլեց բլիթներն ու սկսեց ուտել։ Մեկն արդեն կերել էր, երբ նկատեց, որ Հասմիկը չի ուտում։ Նա դադարեց ծամելը.
― Բա... բա դո՛ւ... դո՛ւ ինչո՞ւ չես ուտում։
― Ես սոված չեմ, դու կեր։ ― Հետո երևի ուշադրությունը շեղելու համար նայեց վերև. ― Դու ոչինչ չե՞ս լսում։ Ինձ թվաց ձայներ եմ լսում։
― Ոչ մի ձայն էլ չկա։
Բայց Հասմիկն իրոք ինչ-որ ձայներ լսել էր և նա ամբողջ կոկորդով մեկ գոռաց.
― Մանուշ, է՜յ։
― Ինչքան ուզում ես գոռա, քեզ ո՞վ է լսողը։
― Ավելի լավ է դու էլ գոռաս, ― ասաց Հասմիկը, ― մեկ֊մեկ պիտի գոռանք։ Եթե փնտրելու լինեն՝ կլսեն մեզ։
― Մանո՜ւշ, Մանո՜ւշ, մենք այստե՜ղ ենք...
Տարոնը միացավ Հասմիկին։
― Մանո՜ւշ, Մանո՜ւշ, Մանո՜ւշ...
― Խեղճ Մանուշը հիմա մեզ է փնտրում, անհանգստանում է։
― Ոչինչ էլ չի փնտրում... Նա հիմա երևի տուն է գնացել։
― Ո՞նց է լեզուդ պտտվում, ո՞նց ես Մանուշի մասին էդպիսի բան մտածում, ― հուզված ասաց Հասմիկը։
― Իհարկե, տուն է գնացել, նրա շատ պե՞տքն է, որ մեզ փնտրի, ― համառում էր Տարոնը։
― Մանուշին լավ չես ճանաչում, նա երբեք ընկերներին դժբախտության մեջ չի թողնի։
― Հա բա՜, տեսա՛նք...
Հասմիկը կատաղեց։ Նա բռնեց Տարոնի թևից և գլուխը մոտեցնելով նրա գլխին, հարցրեց.
― Հալա մի ինձ նայիր, իսկ դու կթողնե՞իր, դու կգնայի՞ր տուն։ Տեսնում եմ, որ կգնայիր, նար, եթե կարողանում ես այդպես մտածել։
― Ե՞ս, — Տարոնը մի պահ շփոթվեց։ — Ո՞վ ասաց, թե կգնայի։
― Կգնայի՛ր, կգնայի՛ր, տեսնո՜ւմ եմ։
― Հա՛, հա՛, կգնայի... կգնայի, որ մեծերին կանչեի։ Նրանք մեզ հարյուր անգամ շուտ կգտնեին, ու մենք սոված չէինք նստի այս կիրճում։ Տուր, էլի՜ բլիթ տուր...
― Այլևս ոչինչ չեմ տա, ― կտրուկ ասաց Հասմիկը։ ― Դու չափից շատ ես մտածում քո և քո փորի մասին։ Եվ դու չար ես, որ Մանուշի մասին այդպես ես մտածում։
― Ես չար չեմ, ― խեղճացավ Տարոնը։ ― Ես սոված եմ։
― Բա ես ի՞նչ եմ ասում, անընդհատ քո փորի մասին ես մտածում։ Մյուս անգամ քեզ անտառ չենք բերի։
― Դեռ դու այստեղից դուրս արի, հետո միայն մտածիր ինձ չբերելու մասին... — Տարոնն ընդհատեց խոսքը և լսողությունը լարեց.
― Ես էլ եմ ձայներ լսում։
― Ահա, տեսնո՞ւմ ես։
Եվ նրանք լուռ, ականջները լարած լսում էին և աշխատում կիրճի ու անտառի ձայների մեջ մի որևէ նոր ձայն լսել։ Սայկայն այդպես էլ ոչինչ չլսեցին։
― Ոչինչ էլ չկա, ― ասաց Հասմիկը։ ― Եվ ո՞վ պիտի կանչի, եթե մեր տեղը չգիտեն։
― Վախենում եմ, ― ասաց Տարոնը։ ― Որ մթնեց, մենք ի՞նչ պիտի անենք։ Ախր բոլոր կողմերը փակ են, ո՞ւր պիտի գնանք։
Հասմիկը նորից փափկեց.
― Մի վախեցիր, Տարոն ջան, ես քեզ հետ եմ։
― Հետո ինչ, որ ինձ հետ ես, որ գազաններ գան, ի՞նչ պիտի անես։
― Գազանները ամառը կուշտ են լինում, մեզ ձեռք չեն տա, հրեն անտառում ինչքան ուտելիք կա՝ հաղարջ, մոշ, մորի։
― Գայլերը պտուղ չեն ուտում։
― Մեր անտառում գայլեր չեն լինում։
― Ինչպես թե չեն լինում, լինում են։
― Մեկ-մեկ... Հազարից մի անգամ։
― Կարծես մի գայլը մեզ քիչ է։ Կախարդներ կարող են լինել։
― Կախարդներ միայն հեքիաթներում են լինում։
― Միևնույն է, ես վախենում եմ, շատ եմ վախենում։ Ուզում եմ տուն գնալ, ուտել եմ ուզում։
Հենց այդ ժամանակ Տարոնը նորից պարզ տեսավ Թզուկին։ Սա կանգնել էր գետակի ափին, մի քարի վրա և նայում էր իրեն։ Նայում էր ու խորամանկ ժպտում։ Տարոնն աչքերը տրորեց։ Չէ, աչքին չի երևում։ Իսկական է և դեռ մատով էլ կանչում է։ Տարոնը գնաց Թզուկի կողմը։ Թզուկը կռացավ, ոտքերից մաշիկները հանեց ու մտավ ջուրը։ Տարոնին թվաց, թե հիմա Թզուկը կխեղդվի, բայց չէ, ջուրը հազիվ նրա ծնկներին էր հասնում, և նա անընդհատ հեռանալով ափից, մատով կանչում էր Տարոնին։ Տարոնը հմայված գնում էր նրա հետևից։ Ափին հասնելով, կոշիկները հանեց։
Հասմիկը սկզբում չէր հասկանում, թե ինչ է անում Տարոնը, իսկ երբ տեսավ, որ ջուրն է մտնում, նետվեց նրա հետևից։ Սակայն մինչև նա սուր-սուր քարերը հաղթահարելով կմոտենար, Տարոնն արդեն բավական խորացել էր։ Ջուրը ծնկներին հազիվ էր հասնում, և նա աչքը չկտրելով Թզուկից, գնում էր նրա հետևից։
Իսկ Թզուկն անընդհատ մատով էր անում նրան ու կանչում խորամանկ ժպտալով։
― Տարո՛ն, կանգնի՛ր, ինչ ես անում, խելագար, ― գոռում էր Հասմիկը, իսկ Տարոնն արդեն ջրի կեսն անցել էր։ Հասմիկը ստիպված ինքն էլ ոտքերը հանեց ու հետևեց Տարոնին։ «Եթե այսքան ծանծաղ է ջուրը, ինչո՞ւ չանցնել մյուս ափը, մանավանդ որ այն ափը ցածրացել է», ― մտածեց նա ու մտավ ջուրը։
Երբ Տարոնը ափ դուրս եկավ, նկատեց, որ Թզուկը չկա։ Ախր ինքը պարզ տեսավ, որ Թզուկը դուրս եկավ ափ, նստեց կանաչների վրա ու սկսեց մաշիկները հագնել։ Ո՞ւր կարող էր գնալ։
Հասմիկն էլ ափ դուրս եկավ և կոշիկները հագնելով, հարցրեց․
― Ի՞նչ իմացար, թե աստեղ ծանծաղ է, Տարոն, այս ի՞նչ հրաշք էր։
― Թզուկը ցույց տվեց։
― Ի՞նչ թզուկ։
― Թզուկը է՛լի․․․ Ես չէի ուզում ասել, բայց մի Թզուկ կա, առավոտվանից մեզ հետ է։ Քանի անգամ արդեն տեսել եմ նրան։ Որ Թզուկին լսեի, անդունդը չէինք ընկնի։
― Ինչե՞ր ես խոսում, ի՞նչ Թզուկ, ա՛յ տեղ, բա ո՞ւր է։
― Նոր այստեղ էր, որևի մտաց թփերի մեջ։
― Երկուսն էլ նայեցին դիմացի թփերին, իսկ թփերն սկսեցին ուժեղ շարժվել։
― Ըհը՛, տեղնո՞ւմ ես, ― ասաց Տարոնը։
Եվ հենց այս ժամանակ թփուտների միջից դուրս եկավ մի հսկայական արջ․․․
― Հո՛-հո՛-հո՛․․․ գտա՜, Հասմիկին ու Տարոնին գտա, ― որոտաց նա։
== գլուխ վեցերորդ․ Ծիծաղը ==
=== Ա. Հարազատ բացատը ===
«Հայ-հա՜յ, ― մտածում էր Տիմբական, ― հիմա որ օդում լինեի, կկորցնե՞ի ճանապաոհը։ Ախր այդ Դանդալոշի տունը ես հարյուր վերստի վրա էի տեսնում»։
Ծիպիլին կաղալով հետևում էր Տիմբակային և նույնպես այդ մասին էր մտածում։ Բա որ իր ցախավելը գործեր, Դանդալոշի տուն հասնելն ի՛նչ էր որ։ Աչքդ փակեիր-բացեիր բավական էր։ Բայց ցախավելը անասնագոմը տան շուրջը մաքրելու մի սովորական ցախավել է հիմա և իրեն օդ բարձրացնելու փոխարեն միայն բեռ է դարձել, խիտ ծառերի միջով անցնելիս նույնիսկ խանգարում է։
Ծիպիլին մինչև անգամ ուզում էր ցախավելը դեն նետել, բայց գիտեր, որ այս նոր ցախավելը միասին են շինել, և. մենակ ինքը իրավունք չունի կորցնելու։ Բացի այդ հույսը չէր կորցրել, թե շուտով կախարդանքը կվերականգնվի։ Դե արի ու նորից ցախավել սարքի։ Իհարկե, նախկին կախարդներն այս ամենը բարձրաձայն ասել չէին կարող։ Ի՞նչ կմտածեր Մանուշը իր «բարի տատիկների» մասին։
Եվ նրանք խիտ անտառում մոլորված, մեկ այս ձորակն էին իջնում, մեկ այն բլրակի վրա բարձրանում, մեկ դեմ էին առնում անանցանելի ժայռերի, մեկ նրանց ճանապարհը գետակներ էին կտրում։ Ագռավն էլ, հակառակի պես, չքվել էր ու չէր երևում, որ ասեր, թե ինչ ուղղությամբ գնան։
— Ծիպիլի, այս ամենի մեղավորը դու ես, — ասաց Տիմբական։ — Այդ դու արահետից դուրս եկար, դու էիր առջևից գնում։
― Սուս արա, չաչանա՜կ, տեսնում ես, հոդացավս էլի բռնել է։ Ես շեղվեցի, թող դու ուղիղ գնայիր։ Ի՞նչ է, սխալ եմ ասում։
Իսկ Մանուշը լուռ էր, նա հույս ուներ, որ «տատիկները» շուտով ճանապարհը կգտնեն։ Միայն թե հասնեն անտառապահի տունը, մնացածը հեշտ կլինի, մտածում էր նա։
― Թե ես այս ցնդած պառավին ինչի՞ թողեցի, որ առջևից գնա, ― չէր հանգստանում Տիմբական։
― Ե՞ս եմ մեղավոր, թող առջևից գնայիր, ո՞վ էր արգելում։ Սրա՜ն տես, — ասաց Ծիպիլին, ― կարծես, ես չգիտեմ, թե ինչո՞ւ հետ ընկար։ Գլուխ էիր պահում, գիտեիր, որ առջևից գնալը դժվար է։
― Ավելի լավ է հինը չհիշենք, մտածենք, թե ուր ենք գնում, ― ասաց Տիմբական կանգ առնելով։ — Թե չէ առանց մտածելու առաջ ենք քշում։ Կարող է մենք հենց նույն տեղերում ենք պտտվում։
— Դե մտածիր, է՛լի, մտածի՛ր... նույն տեղը... բան ասաց, ես վաղուց եմ նկատել, որ նույն տեղում ենք պտտվում... Հրես, էս ձորակում մենք արդեն երրորդ անգամ ենք լինում։ Մի լավ բան մտածիր, եթե կարող ես։
― Մտածում եմ, բայց չեմ գտնում, ― ասաց Տիմբական մտազբաղ։ ― Որ գլուխս լավ բան գա, չե՞մ ասի։
― Դե իմ գլուխն էլ լավ բան չի գալիս, հիմա ի՞նչ անենք։
― Թող Մանուշը մտածի։ Մենք պառավ ենք, ի՞նչ կարող ենք, որ ինչ մտածենք, Մանուշ ջան, մի լավ բան մտածի։
― Ես մտածել եմ, — ասաց Մանուշը։ — Միայն թե վախենում եմ, այնքան էլ լավ բան չի։
― Լա՜վ է, լա՜վ է, — ասաց Ծիպիլին ուրախացած։
― Ախր... մտածում եմ, որ եթե անտառապահի տունը չեք գտնում, գոնե ինձ դուրս բերեք անտառից, գնամ տուն...
― Ի՞նչ... ― հարցրեց Տիմբական։
― Ինչ ասացի՞ր, ― հարցրեց Ծիպիլին։
― Մտածում եմ, բայց վախենում եմ, թե այնքան էլ լավ բան չի լինի։ Ախր ընկերներիս ո՞նց թողնեմ անտառում ու մենակ տուն գնամ։
— Ա՛յ, դա ճիշտ ասացիր։
― Իսկական ընկերը քեզ պես կլինի, — ասացին պառավները։ — Բա ո՞նց կլինի, որ նրանց թողնես, գնաս։
― Ասում եմ՝ գնամ տանը ասեմ, մեծերը կգան, կգտնեն։
― Այդ արդեն ավելորդ է, մինչև հասնես տուն, գազանները նրանց կհոշոտեն։
― Որ այդպես է, ինձ հետ տարեք Արջի տուն։ Դուցե արդեն գտել բերել է նրանց։
— Դու աստված կանչիր, որ երեխաներին չգտնի, որ գտնի՝ տեղն ու տեղը կխժռի, ― ասաց Տիմբական։
― Չի՛ խժռի, ինչպե՞ս չեք հասկանում, նա շատ բարի արջ էր, հենց որ լսեց երեխաների մասին՝ վազեց օգնության։ ― Մանուշը հոգնած էր, դրա համար էլ նստեց մի ընկած ծառի վրա։ ― Չի՛ ուտի, ճիշտ եմ ասում, իզուր էլ դուք ինձ վշտացնում եք։
― Մի՛ վշտացիր, Մանուշ ջան, — ասաց Ծիպիլին ու նստեց նրա կողքին։ — Հոգնեցի՞ր, հանգստացիր մի քիչ։
Տիմբական սկսեց ճղճղալ։
― Ո՛նց թե հանգստացիր, էսպես որ գնա՝ գիշերը կմնանք անտառում։ Հարկավոր է մի ելք գտնել։
Մանուշը ոչ միայն հոգնել էր, այլև, քաղցած էր, ախր ուտելիքը մնացել էր Հասմիկի մոտ, բայց ինքն էլ գիտեր, որ ուրիշ ճար չկա, Տիմբական ճիշտ է ասում, հարկավոր է ելք գտնել։ Նրանք շարունակեցին ճանապարհը և վերջապես դուրս եկան մի արահետ։ Արահետն էլ արահետ չէր, հազիվ կարելի էր նկատել։ Նույնիսկ որևէ նշան չկար, թե այդտեղով մարդիկ են անցել։ Բայց դե էլի ճանապարհ էր, գուցե մի տեղ կհասցներ։
― Ծիպիլի, ― ասաց Տիմբական, ― ոնց որ ծանոթ ճանապարհ լինի, հը, ի՞նչ կասես։
― Ծանոթ է, բա ինչ է, չես տեսնո՞ւմ ծառերը։ ― Ապա շուռ գալով դեպի Մանուշը ասաց.― Հիմա կհասնենք, Մանուշ ջան, մի վախեցիր։
Մանուշը չէր լսում պառավներին։ Նա հիմա մտքով իրենց տանն էր։ Այդ օրը երեկոյան հայրիկը պիտի սղոցարանից տուն դառնար։ Կգա ու կտեսնի, որ Մանուշը չկա, իսկ մայրիկը նստած լաց է լինում։ Այսպես էր մտածում Մանուշը, ու նրա սիրտը կտոր-կտոր էր լինում։
Այսպես գնալով նրանք դեմ առան մի մամռոտ ժայռի։ Տիմբական ժայռի մոտ կանգ առավ և սկսեց ուշադիր նայել ժայռի կատարին։ Ծիպիլին մոտեցավ նրան։
― Հը՛, ինչի՞ կանգնեցիր, բան կա՞։
― Չէ՛ ― երկար լռելուց հետո ասաց Տիմբական։ ― Չէ՛։
― Ի՞նչը չէ. ― հետաքրքրվեց Ծիպիլրն։
Տիմբական նայեց, տեսավ, որ Մանուշը հեռու է, կամաց ասաց.
― Մտածեցի՝ խաբենք, հանենք այս ժայռի վրա ու ցած գցենք, բայց տեսնում եմ, այնքան էլ բարձր չի։
― Բարձր չի, ― կրկնեց Ծիպիլրն։
Մանուշը մոտեցել էր և վերջին խոսքերը լսել։
― Ի՞նչը բարձր չի, ― հարցրեց նա։
― Ժայռը... Մտածեցի բարձրանաս այնտեղից նայես, գուցե անտառապահի տունը երևա։
― Աա՜... չի լինի, չե՞ք տեսնում ծառերից ցածր է։
― Բա մենք ի՞նչ ենք ասում։
Նրանք շրջանցեցին ժայռը և հանկարծ դուրս եկան անդունդի եզերքը։ Դա մի հսկա, խորը կիրճ էր։ Ծառերի արանքից երևում էր դիմացի ափը, որը համեմատաբար ցածր էր, բայց պարզ էր, որ կիրճն անցնել անհնարին է։ Այնքան խորն էր, որ հատակը չէր երևում։
― Այս ի՞նչ բան է, ― ասաց Տիմբական։ ― Այստեղ կիրճ չպիտի լիներ։
― Չպիտի՛ լիներ, չպիտի՛ լիներ, ― ասաց Ծիպիլին։
― Սպասեցեք, ― նրանց ընդհատեց Մանուշը։ ― Դուք ոչինչ չե՞ք լսում։
― Մե՞նք... Իհարկե, լսում ենք, — ասաց Ծիպիլին։ ― Սպասիր, իսկ ի՞նչ ենք լսում։
― Ի՞նչ ենք լսում, ― կրկնեց Տիմբական։
― Սպասեք մի րոպե։ — Մանուշը նորից լսողությունը լարեց։ — Ոնց որ մեկը ինձ է կանչում։
Բոլորը սուս ականջ դրեցին։
Այո, կիրճից Հասմիկն ու Տարոնն էին կանչում Մանուշին, երկու-երեք անգամ միայն ձայն տվեցին, հետո, եթե հիշում եք, Տարռնը նորից սկսեց բլիթ ուզել Հասմիկից։
Ահա թե ինչեր կարող են պատահել։ Հազիվ մոտեցել էին իրար ու նորից հեռացան։ Տարոնին ու Հասմիկին Թզուկն առաջնորդեց դեպի մյուս ափը, իսկ Մանուշը... Մանուշը ի՛նչ, տեսնելով, որ այլևս ձայն չի լսում, որոշեց, որ իրեն թվացել է։
― Դե լավ, ― մի քիչ սպասելուց հետո ասաց Մանուշը, ― նստելով բան դուրս չի գա, գնանք։
― Գնա՛նք, գնա՛նք... — ասաց Տիմբական։
― Ո՞ւր գնանք, ես հոգնել եմ, ծնկներս ցավում են, — թնկթնկաց Ծիպիլին։
― Բա հո չենք Նստելու այստեղ, գնանք ուղիղ, ա՛յ այսպես։ — Ու նա ձեռքով ցույց տվեց կիրճի կողմը։
Ծիպիլին հասկացավ նրան և ուրախ ոտքի ելավ.
― Դե, իհարկե, ուղիղ պետք է գնալ։
― Ի՞նչ եք ասում, տատիկներ, այնտեղ կիրճ է, ուր գնանք, ― զարմացավ Մանուշը։
― Կիրճն ի՞նչ է որ մեզ համար, մենք որ քո հասակին էինք, այսպիսի՞ կիրճեր ենք հաղթահարել։ Առաջ ընկիր, Մանուշ, դու ջահել ես, մենք քո հետևից կգանք։
― Չէ, ուղիղ հնարավոր չէ գնալ, — ասաց Մանուշն ու հետ դարձավ։
Կախարդները հետևեցին նրան։
― Բայց որ ուղիղ գնայինք, ընկերներիդ կգտնեինք, — ասաց Տիմբական, — դեռ մինչև կիրճը շատ կա։
― Ճի՛շտ է, ճի՛շտ է, ― հաստատեց Ծիպիլին ու գնաց նրանց հետևից։ Շուտով նորից հասան ժայռին։ Ծիպիլին կանգ առավ ժայռի մոտ։
― Տիմբակա, այս ժայռը ինձ ինչ-որ բան է հիշեցնում։
― Բա՛ն ասացիր, քիչ առաջ մենք այստեղ էինք։
― Հաա՞... Ես էլ ասում եմ՝ ծանոթ ժայռ է։
― Դեռ ուզեցինք, որ Մանուշը բարձրանա, գուցե այնտեղից մի բան երևա, ― շարունակեց Տիմբական։
― Բա ինչո՞ւ չբարձրացավ, գուցե իսկապես մի բան երևա։
― Ուզո՞ւմ եք բարձրանամ, ― ասաց Մանուշը։ ― Ես կարծում էի, ծառերը չեն թողնի, որ երևա, ախր ծառերն ավելի բարձր են։
― Հետո՞ ինչ, որ բարձր են... Հո բոլոր ծառերը բարձր չեն, ծառերի արանքից կերևա, ―պնդեց Տիմբական... ― Ես որ կարողանայի...
― Բա որ ե՛ս կարողանայի՜, ― երազուն ձայնով ասաց Ծիպիլին... ― Ախր առաջ այս ժայռն ի՞նչ էր ինձ համար։
Եվ իսկապես, այն ժամանակ, երբ նրանք կարողանում էին թռչել սարերի ու անտառների վրայով, այս ժայռն ի՞նչ էր որ։ Բայց հիմա կախարդների միտքն ուրիշ էր, նրանք ուզում էին, որ գոնե այս ժայռից Մանուշն ընկներ ցած, և այն ժամանակ գուցե ամենակարող մեծ կախարդը վերադարձներ կախարդելու ընդունակությունը։ Ախր նրանց վիճակը բոլորովին վիճակ չէր, մանավանդ հիմա, երբ ստիպված էին մի քանի հարյուր տարվա իրենց հուշերով քարշ գալ անտառներում՝ առանց թռչելու, առանց մեծ-մեծ չարություններ անելու, առանց կախարդանքի։ Նրանց շա՜տ, շա՜տ էր պետք մի անմեղ հոգի կործանելը։ Դրա համար էլ կաշվից դուրս էին գալիս, որպեսզի Մանուշը մի վտանգւսվոր բան անի։
― Մանուշիկ ջան, եթե դու չես կարող բարձրանալ, օգնիր ես բարձրանամ, ― ասաց Ծիպիլին։ ― Ճիշտ է, ինձ համար դժվար կլինի, բայց դե ինչ արած, հո չե՞նք թողնի, որ քո ընկերները կորչեն։
― Վա՜յ, տատիկներ, վա՜յ... Իսկ ո՞վ ասաց, թե չեմ ուզում, եթե կարծում եք, որ պետք է՝ կբարձրանամ։
Եվ Մանուշը նորից ուզեց կոշիկները հանել։
― Կոշիկները մի հանի, ― վրա հասավ Տիմբական։ ― Կոշիկներով ավելի լավ է։ Կոշիկներդ որ հանես՝ ոտքերդ կարյունոտվեն։
― Ախր ժայռը շատ հարթ է, կսղղամ, ― նկատեց Մանուշը։
― Ոչի՛նչ, ոչի՛նչ, ժայռ է, հո սառույց չէ, որ սղղաս... Բարձրացիր, մենք քեզ կօգնենք։
Մանուշը կանգնեց ժայռի տակ, մի գնահատող հայացք գցեց վրան և տեսավ, որ աջ կողմից ժայռը այնքան էլ հարթ չէ և մի քարից չի, այլ կարծես թե մեծ-մեծ սալեր են իրար վրա դարսված։ Հենց այդ կողմից էլ սկսեց բարձրանալ։ Ակզբում բավական թեթև բարձրացավ և այնտեղ, ուր նրա կարծիքով ժայռը պիտի վերջանար, տեսավ, որ մի ուրիշ ժայռ էլ առաջինի վրա է բարձրանում։ Ձեռքերը և ոտքերը հոգնել էին արդեն, մեկ-մեկ կոշիկները սոթ էին տալիս, բայց նա, ձեռքերով կառչած ժայռի ելուստներից՝ իրեն պահում էր։ Իսկ ներքևից նրան հետևող պառավները ամեն անգամ, երբ Մանուշը կարողանում էր իրեն պահել, միայն ափսոսանքի ձայներ էին հանում։ Հետո Մանուշը նրանց աչքից կորավ, որովհետև ժայռի երկրորդ աստիճանը խորքից էր բարձրանում։
Տիմբական ու Ծիպիլին նայեցին։
― Ո՞ւր կորավ, ― հարցրեց Ծիպիլին։
― Սպասիր մի տեսնենք, — սաստեց Տիմբական և ձայն տվեց. — Մանո՜ւշ։
― Մանո՜ւշ, ― կրկնեց Ծիպիլին։
Հենց այդ ժամանակ էլ վերևում, շատ վերևում երևաց Մանուշի գլուխը։
― Է՜յ, տատիկնե՜ր...
― Մենք այստեղ ենք, Մանուշի՛կ, քեզ լա՜վ չենք տեսնում, մի քիչ առաջ արի, ― կանչեց Տիմբական։
― էլ չեմ կարո՜ղ, տեղ չկա՜... ― վերևից լսվեց Մանուշի ձայնը։
― Իսկ դու մի քայլ էլ առաջ արի, ― գոռաց Տիմբական։
― Հնարավոր չէ, կընկնեմ, այստեղ շատ հարթ է, ես ժայռի պռնկին եմ։
― Ի՞նչ կա, չե՞ն երևում, ― հարցրեց Ծիպիլին։
― Չէ՛, չեն երևում, բայց այստեղ մի տնակ կա։
― Ի՞նչ, տնակ...
Կախարդներն իրար նայեցին։
― Ի՞նչ տնակ, ― հարցրեց Ծիպիլին։
― Ի՞նչ տնակ, ― կրկնեց Տիմբական... ― Չլինի՞ արդեն հասել ենք Դանդալոշի տուն։
― Հա է՛լի, ուրիշ ի՞նչ տնակ պիտի լինի, — ասաց Ծիպիլին ու ձայն տվեց. — Դու սպասիր, Մանուշի՛կ, մենք հիմա կգանք։
Ու պառավները շտապ, իրար խանգարելով, սկսեցին մագլցել ժայռը և, պետք է ասել, բավական հեշտությամբ։ նրանք իրենց ոսկրոտ մատները խրում էին չեչոտ ժայռի անցքերի մեջ և որովհետև շատ թեթև էին, ձգվում էին ու այդպես մագլցում վեր։ Քիչ հետո նրանք հաղթահարեցին ժայռի առաջին կեսն ու հասան երկրորդ աստիճանին։ Այստեղից Մանուշն արդեն լավ երևում էր։
― Սպասի՛ր, Մանո՜ւշ, մենք հիմա կհասնենք քեզ։
― Ախր ինչո՞ւ, ես ձեզ ասացի, թե ինչ է երևում։ ― Մենակ թե չգիտեմ տնակում ով կա։
― Իսկ ի՞նչ տնակ է, ― հևալով հարցրեց Ծիպիլին։
― Փայտից տնակ է, միայն կտուրն է երևում։
― Լա՛վ, դու սպասիր, ― ասաց Տիմբական և մագլցեց վեր։ Նրան հետևեց Ծիպիլին։ Շուտով հասան Մանուշին, և թե ի՞նչ կատարվեց նրանց հետ, դժվար է նկարագրել։ Մանուշը տեսավ, որ պառավներն ինչ-որ բան են ուզում իրար ասել, բայց միայն շրթունքներն էին շարժվում ու բոլորովին ձայն չէր դուրս գալիս։
― Ծ-ծ-ծ՛... Ծի՛պ... պիլի՛...
― Տ-տ-տ... Տի՛մ-բա-կա՜...
Հետո նրանք տեղից պոկվեցին և խելագարի նման իջան ժայռի հակառակ կողմը։ Մանուշը նույնիսկ վախեցավ, թե կընկնեն ու ջարդ ու փշուր կլինեն։ Բայց չէ, նրանք բարեհաջող ցած իջան ու երբ այլևս չէին երևում, Մանուշը նրանց հետևից ինքն էլ ցած իջավ։ Այստեղ նրա աչքի առաջ բացվեց մի մեծ ու երկար բացատ, իսկ բացատի մյուս ծայրում ճիշտ և ճիշտ ժայռի մոտի տնակի նման մի տնակ էլ կար։ Պառավները վազում էին բացատի միջով դեպի այդ տնակը և այնքան արագ, այնքան ճարպկորեն, որ կարծես ոչ հոդացավ ունեին և ոչ էլ առաջացած տարիք։ Մանուշը մնաց տնակի մոտ և, ա՛յ, քեզ զարմանք, նկատեց, որ տնակը մուտք չունի։ Նայեց դիմացի տնակին, էլի մուտք չուներ։ Մանուշը նայեց աջ կողմից, հետո ձախ կողմից՝ դարձյալ մուտք չկար։ Այս ի՞նչ բան է, զարմացավ նա, մի՞թե կարող է առանց մուտքի տնակ լինել։ Ո՞վ է ապրում ներսում, որտեղի՞ց է մտնում ու դուրս գալիս։
Այնինչ բացատի մյուս ծայրում պառավներն էլի կռվում էին։
― Ցնդա՛ծ, չես տեսնո՞ւմ, որ սա քո տնակը չէ, ― գոռում էր Տիմբակւսն, ― քո տնակը հյուսիսայինն է։
― Հետո՞ ինչ, սա հենց հյուսիսային տնակն է, — արդարանում էր Ծիպիլին։
― Ոչ մի հյուսիսային, սա հարավայինն է։
― Արի ստուգենք։ — Ծիպիլին նայեց երկնքին։
Ամբողջ երկինքը պատած էր ամպերով և ոչ մի կերպ չէր կարելի իմանալ, թե որտեղ է հյուսիսը, որտեղ հարավը։
― Չէ, սա իմ տունն է, — պնդեց Նա։
― Քոնը մյուս կողմն է, այն ժայռի մոտինը, ― չէր զիջում Տիմբական։
― Ո՛չ, իմը սա է, այս ժայռի մոտինը։ Չես հավատում, արի ստուգենք։ Ներսից իրար նման չեն մեր տները, ես շատ ծղոտ ունեմ, ― ասաց Տիմբական։ ― Դու հո ծղոտի վրա չես քնում։ Քոնը մորթի է։
― Այդ էր պակաս, որ ծղոտի վրա քնեի։ Արի ստուգենք։
Նրանք վազեցին տնակի մոտ, բայց, ավա՜ղ, մոռացել էին, որ մուտք չկա, որ քանի դեռ կախարդել գիտեին, տնակը մուտքով շուռ էին տվել ժայռի կողմը։ Երբ էսկիմոս տղային փրկելուց հետո նրանք վայրէջք կատարեցին բացատում, դեռ այն ժամանակ չկարողացան տուն մտնել։ Ինչքան փորձեցին, կախարդեցին՝ տնակները շուռ չեկան։ Եվ ինչպես պիտի շուռ գային, երբ պառավները կորցրել էին կախարդելու իրենց շնորհքը։ Այո, հենց դրա համար էլ հեռացել էին բացատից և որովհետև բացատ էին իջել միշտ օդից, մի անգամ արդեն այնտեղից դուրս գալով, ընդմիշտ կորցրել էին վերադարձի ճանապարհը։ Անցել էր երեսուն երկար ու ձիգ տարի։ Իսկ երեսուն տարին քիչ չէ, մանավանդ որ այլևս կախարդ չես, տարիքդ մոտ ինը հարյուր է և տառապում ես կարծրախտով։
Եվ ահա մոռացած ամեն ինչ, նրանք բացատի մի ծայրից մյուսն էին վազում, ընկնում էին, վեր կենում, ճչում, թավալվում։ Ախր հեշտ բան չէ այդքան սպասել նոր տնակի և դեռ մեջը չապրած՝ կորցնել ոչ միայն երազած տնակը, այլև հույսը, թե երբևէ կգտնես այն։
Իսկ Մանուշը զարմացած նայում էր պառավներին ու մտածում. «Սրանք ինչու գժվեցին»։ Սակայն տնակներից մեկի կտուրին նստած Ագռավը չէր զարմանում։ Նա հասկանում էր նախկին կախարդներին։ Գիտեր, թե ինչ է կատարվում նրանց հետ։ Ագռավը թաքուն հույս ուներ, որ շուտով, շատ շուտով ամեն ինչ կվերականգնվի, հույս ուներ, որ պառավները մի բան կմտածեն Մանուշին կործանելու համար, թեև մեկ-մեկ զայրանում էր, որ չեն կարողանում մի հասարակ բանը գլուխ բերել։ Եթե իրեն թողնեին, հիմա այդ երես առած աղջկան անդունդն էր գլորել, բայց եթե նույնիսկ նման բան աներ, ոչինչ չէր փոխվի։ Ըստ կախարդների գերագույն օրենսգրքի, պետք է կախարդներն իրենք չար գործ անեին։ Եվ ահա Ագռավը սպասում էր։ Պառավներին կորցնելով, նա շատ թափառեց անտառում, բայց նրանց չգտավ, դրա հւսմար էլ եկել էր տնակների մոտ, մտածելով, որ վաղ թե ուշ բացատ կգան։
Մանուշը շատ էր շտապում, դրա համար էլ մոտեցավ պառավներին, որոնք հիմա փռվել էին կանաչների վրա, նայում էին երկնքին ու վայելում իրենց բացատը։ Նրանք վայելում էին բացատը, բայց աչքները երկնքին էր, կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկնքին, որտեղ ժամանակին իրենց զգում էին ինչպես ձուկը ջրում։ Իզուր չեն ասում, թե ով մի անգամ արդեն օդում սավառնել է, նրա համար դժվար կլինի հողի վրա քայլելը։
― Ի՞նչ եք պառկել, քնեցի՞ք, ― մոտենալով պառավներին, հարցրեց Մանուշը։ — Ուշ է արդեն, գնանք։
― Հը՞...― վեր թռան պառավները։ ― Ինչի՞ց է ուշ... Հաա՜, Ծիպիլի, Մանո՛ւշն է, մեր Մանո՜ւշը, մենք նրա մասին բոլորովին մոռւսցել էինք։
― Այդ դո՛ւ էիր մոռացել, ― առարկեց Ծիպիլին։ ― Ես հենց հիմա Մանուշի մասին էի մտածում, բայց... չեմ հիշում, թե ինչու էի մտածում։
― Բա անտառապահի տուն չենք գնո՞ւմ, — հարցրեց Մանուշը։
― Ի՞նչ անտառապահ... հաա՜, մարդակերի... թո՛ւ, ինչ եմ ասում... Անտառապահի... Հա, է՛լի, անտառապահի, ― Ծիպիլին տնքալով սկսեց ոտքի ելնել։ Իսկ Տիմբական միանգամից վեր թռավ։
― Էլ ո՞ւր ենք պառկել, ֊― ասաց նա։ ― Գնացի՛նք։
― Ղա՜, ղա՜, ղա՜... ― Ագռավը ինչ-որ բան զգալով, թռավ եկավ մոտիկ և սկսեց պտույտներ կատարել նրանց գլխավերևում։
― Ըհը՛, Փայտահատն էլ հայտնվեց, — ասաց Ծիպիլին։
― Ի՞նչ Փայտահատ, — Մանուշը զարմացած շուրջը նայեց։
― Փայտահատն, է՛լի... Հա՛, դու նրան չես ճանաչում... Ագռավը։ Մենք նրան Փայտահատ ենք ասում, հենց այնպես... Լավ անուն չէ՞։
― Վա՜յ, տատի՛կներ, վա՜յ... ― ծիծաղեց Մանուշը։ ― Մեկ-մեկ այնքա՜ն ծիծաղելի բաներ եք ասում որ... Դե գնանք, ուշանում ենք։
Ու նա շարժվեց առաջ։
― Այդ ո՞ւր, ― ասաց Ծիպիլին։ ― Դու գնում ես կիրճի կողմը։
Տիմբական թաքուն խփեց Ծիպիլիին.
― Անպետք պառավ, թող գնար ընկներ է՛լի, ինչո՞ւ ես խանգարում։
Իսկ Մանուշն անհամբեր էր.
― Հիմա գնո՞ւմ ենք, թե չէ։
― Գնո՛ւմ ենք, գնո՛ւմ... Փայտահատի հետևից գնա։
=== Բ. Մանուշն ու մարդակերը ===
Նրանք գնացին Ագռավի հետևից։ Դա այն մացառոտ արահետն էր, որը ժամանակին հայտնաբերել էր Փայտահատը և որի համար պատժվել էր այդքան դաժանորեն։ Նրանք մտան մացառուտ և մեծ դժվարությամբ առաջ շարժվեցին։ Շուրջը կարմրին էին տալիս հասած հաղարջի ճութերը, բայց Մանուշը նրանց վրա ուշադրություն չէր դարձնում։ Նա հուսահատվել էր, մանավանդ որ մացառուտը կարծես թե վերջ չուներ։ Բայց չէ, արդեն մացառուտն անցնում էին։ Թփերը քանի գնում ցածրանում էին և միայն բարձր ծառերն էին հիմա նրանց ուղեկցում։ Շուտով ծառերն ավելի ցանցառ դարձան, և նրանք դուրս եկան մի նեղ ու երկար բացատ։ Տարօրինակ բացատ էր, կարծես թե ծառերը դիտմամբ կտրել էին ու ճանապարհ բացել։ Սակայն մարդկային ոտք այդտեղ չէր կպել, պարզապես ցից-ցից ժայռեր էին իրար հաջորդում և նրանց վրա ծառեր չէին աճում։ Դեռ բացատի կեսը չէին անցել, երբ Ագռավը աղմուկ գցելով սկսեց ցածրանալ։ Հետո նա նստեց Ծիպիլիի ուսին և սկսեց իր ագռավային ձայնով խոսել։ Իհարկե, միայն Ծիպիլին հասկացավ, թե նա ինչ է ասում։
Մինչ Մանուշը զարմացած նայում էր այդքան ձեռնասուն Ագռավին, որին, չգիտես ինչու, Փայտահատ էին ասում, Տիմբական մոտեցավ Ծիպիլիին ու հարցրեց.
― Հը՛, այդ ի՞նչ էր ասում։
Ծիպիլին ավելի մոտ կանչեց Տիմբակային ու այնպես, որ Մանուշը չլսի, ասաց.
― Գա՛յլը... Գա՛յլն է հայտնվել։
― Ի՞նչ ես ասում։ Ուրեմն Դանդալոշը հեռու չէ։
― Իսկ եթե... Իսկ եթե Մանուշին գցենք Գայլի ճանկը...
― Ավելի լավ, միայն թե Գայլը, չգիտե՞ս, Մարդակերի սահմաններում այդպիսի բան չի անի։
― Իսկ ինչ է, մենք արդեն հասնո՞ւմ ենք։
― Հարցրու քո Փայտահատին, նա ավելի լավ կիմանա։
Բայց Ագռավն արդեն անհայտացել էր։ Ագռավն անհայտացել էր, որովհետև գայլն էլ էր անհայտացել։ Պառավներին ու Մանուշին տեսնելով Գայլը շտապել էր Մարդակերի մոտ՝ լուրը հասցնելու։ Իսկ Մարդակերը սպասում էր իր տան ցանկապատի մոտ և ատամներն էր կրճտացնում։ Ախր ճաշը վաղուց էր անցել, իսկ նա դեռ նախաճաշ էլ չէր արել։ Արդեն հույսը կտրել էր և պատրաստվում էր դուրս գալու մեծ ճանապարհ, որտեղ մարդիկ շատ են լինում, որտեղ, սակայն, ավելի վտանգավոր է իր համար։ Բայց այդ ժամանակ հևալով հասավ Գայլը.
― Գալի՜ս են, երեք հոգի են, — ասաց Գայլը շնչակտուր։
― Քե՛զ ինչ, ― անտարբեր ասաց Դանդալոշը։
― Լավը՝ քեզ, վատը՝ ինձ։ Շատը՝ քեզ, քիչը՝ ինձ։ Եթե ես քո օգնականն եմ, մի բան էլ ինձ պիտի հասնի՞, թե չէ։
― Այդ ե՞րբ եմ ես քեզ օգնական նշանակել։
― Դե օգնում եմ, չէ՞... Մի բան էլ ինձ պիտի հասնի՞։
― Միայն ոսկորները, ― կտրեց Մարդակերը։
Գայլը համակերպված ասաց.
― Ինչ արած, սոված ժամանակ ոսկորներն էլ մի բան են։ Իմ ցեղակիցներն իսկի այդքան էլ չեն անում։
― Քո ցեղակիցնե՜րը... ― ասաց Մարդակերը։ ― Լավ է, որ նրանք քեզ մինչև հիմա չեն կերել։ Քեզ նման քավթառը նրանց ինչի՞ն է պետք, միայն ավելորդ բերան ես։
― Դրա համար էլ քեզ մոտ եմ եկել, ծառայում եմ, չէ՞... Հո չե՞ս կարող ասել, որ վատ եմ ծառայում։
― Դե չքվի՛ր... Լավ, սպասիր, ոնց որ գալիս են։ ― Մարդակերը ձեռքը դրեց ճակատին ու նայեց։― Երկուսը պառավ են... Էէ՜... վրաները միայն կաշին ու ոսկորն է մնացել, սրանք միայն ատամ կջարդեն։ Իսկ մյուսը թմբլիկ աղջիկ է։ Բախտդ բերեց գայլ, պառավները՝ քեզ, իսկ փոքրիկը՝ ինձ, գիտես, որ շատակեր Մարդակեր չեմ, քչով էլ եմ բավարարվում։ Համաձա՞յն ես։ Ասենք, քո համաձայնությունն ո՞վ է հարցնողը։
― Պառավների վրա իսկի բան չկա, ախր... Չէ, ավելի լավ է աղջկա ոսկորները տաս։
― Չե՛նք երկարացնում, ― ասաց Դանդալոշը։ ― Չենք երկարացնում։ Որ կշտացա՝ ոսկորը կթողնեմ, բայց իմացիր, շատ մատղաշն է երևում, դրա ոսկորներն ավելի համով են... Դե չքվիր, շուտ...
Գայլը դուրս եկավ բակից, բայց ցանկապատի հետևում մնաց կանգնած։ Նա տեսավ, թե ինչպես Դանդալոշը մտավ ջրհորը և թաքնվեց այնտեղ։ Եվ տեսավ, թե ինչպես Ծիպիլին, Տիմբական ու Մանուշը մոտեցան ցանկապատին։
Թփերի հետևում պահվելով, գայլն ուզում էր լսել, թե ինչ են ասում։
― Ահա, հասանք, ― ասաց Ծիպիլին։
― հենց սա է որ կա, անտառապահի տունն է, ― հաստատեց Տիմբական։
«Հալա այս պառավներին տեսեք, կարծես չգիտեն, որ Մարդակերի տունն է», — իր թաքստոցում մտածեց գայլը։
― Հաստատ էստեղ կլինեն։ Հիմա անտառապահը լավ-լավ բաներով հյուրասիրում է երեխաներին... Ի՞նչ ես ասում, Տիմբակա, մտնե՞նք, ― հարցրեց Ծիպիլին։
― Սպասիր մի քիչ հանգստանանք, ես շատ եմ հոգնել. ― ասաց Տիմբական։ ― Ոտքերս ցավում են։
― Բա ի՛մ, ի՛մ ոտքերն ինչպես են ցւսվում.― ոգևորվեց Ծիպիլին։ ― Իմ ոտքերն էլ են ցավում, մեջքս էլ, դեռ չեմ խոսում գլխիս մասին, գլուխս ուղղակի տրաքվում է։
― Պարզ է, որ պիտհ հոգնեինք, այդքան քայլե՞լ կիներ, որ մենք քայլեցինք։ ― Ծիպիլին նստեց ցանկապատի մոտի նստարանին։ ― Ես այլևս շարժվել չեմ կարող։
― Ես էլ, ― սւսաց Տիմբական ու նստեց Ծիպիփի կողքին։ ― Իսկ դո՞ւ, Մանուշ, դու չե՞ս հոգնել;
― Ես չեմ հոգնել, ի՞նչ եմ արել, որ հոգնեմ, ― պատասխանեց Մանուշը։
― Տես, է՛, չի՜ հոգնել... Ես էլ քո հասակին չէի հոգնում,― ասաց Ծիպիլին։― Մանուշի՛կ, գուցե գնաս տեսնես այնտեղ ե՞ն երեխաները, հը՞։
― Գնամ տեսնեմ, ― ասաց Մանուշը, բայց մնաց տեղում կանգնած։ Նա նայում էր Մարդակերի տանն ու զարմանում։ «Այս ի՞նչ տեսակի տուն է,― մտածում էր նա։ ― Ոչ պատուհանն է պատուհանի նման, ոչ դուռն է՝ դուռ»։
Եվ, իսկապես, Մարդակերի տան պատուհանները հազիվ մի դդմի չափ լինեին, իսկ դուռը լայն էր, ցածրիկ ու փեղկ չուներ։ Ճիշտ է, դուռը տեղն էր, միայն թե չէր երևում՝ ինչպես պիտի բացվի այդքան լայն դուռը։ Բայց Մանուշի ուշադրությունը գրավեց ուրիշ բան՝ բակում թափված ոսկորները։ Արևի տակ ամենուր չորացած սպիտակ ոսկորներ էին թափված ու տարօրինակ գանգեր էին ցցված ցանկապատի սուր-սուր տախտակների վրա։ Մանուշիկը կյանքում մարդկային գանգ տեսած չկար, դրա համար էլ չհասկացավ, որ դրանք մարդու գանգեր են։ Իսկ տան աշտարակը ավելի տարօրինակ էր։ Ընդհանրապես Մանուշը աշտարակավոր տներ չէր տեսել, ավելի ճիշտ տեսել էր միայն նկարներում։ Բայց այս աշտարակը շատ տարօրինակ էր. երկու անգամ բարձր էր տնից և բոլոր կողմերից բաց, միայն վերևն էր ծածկված ու մեջտեղից մինչև ծածկած հարթակը փայտե սանդուղք էր դրված, որով կարելի էր բարձրանալ այնտեղ։ Մարդակերը, իհարկե, այդպես էլ անում էր։ Բարձրից լավ էին երևում բոլոր ճանապարհները․ և ժամանակին Մարդակերը այդ դիտակետից էր գտնում իր զոհին։ Բայց այն օրվանից, ինչ հայտնվել էր պառավ գայլը, Մարդակերն այլևս որսի չէր գնում։ Նա պառկում և սպասում էր իր զոհին։ Երբ մարդիկ էին հայտնվում անտառում, Գայլն անմիջապես լուր էր բերում նրան։
Իսկ Գայլը ոհմակից դուրս արած գայլ էր։ Ըստ գայլային օրենքի նրան վաղուց յուրայինները կերած պիտի լինեին, քանի, որ այդքան պառավ գայլը այլևս միայն ուտող բերան էր և մյուսներին ոչ մի օգուտ չէր տալիս։ Երբ պառավ, բայց փորձված գայլը զգաց, որ այլևս ոհմակի մեջ մնալ չի կարող, փախավ ու այդ օրվանից միայնակ կյանք էր վարում։ Ու մի օր էլ, երբ սոված, սնգսնգալով անցնում էր այս կողմերով, տեսավ բակում թափված ոսկորները։ Ինչ խոսք, միայն նոր կերած ոսկորների վրա կային մսի կտորներ, բայց դա էլ բավական էր, որ Գայլն իր ճակատագիրը կապեր Մարդակերի հետ։
Իսկ Մանուշը նայում էր այդ զարմանալի տանը և մտածում, թե ինչքան տարօրինակ մարդիկ են անտառապահները, որ իրենց տունը զարդարում են գանգերով։
― Հը , Մանուշիկ, չե՞ս ուզում գնաս տեսնես ընկերներդ ներսո՞ւմ են, թե չէ, ― ասաց Ծիպիլին։
― Հա, Մանո՛ւշ, որ չես հոգնել, գնա, տես։ Մանուշը կարծես քնից արթնացավ։
― Գնում եմ, ― ասաց նա ու մտավ բակ։ Մինչև տանը հասնելը նա անցավ բարձր խոտերի միջով։ Ժամանակ առ ժամանակ նրա ոտքը կոշտ բանի էր դիպչում, ու նա տեսնում էր, որ դրանք էլի ոսկորներ են։
Պառավ կախարդները լարված հետևում էին Մանուշին ու սպասում, թե որ կողմից դուրս կգա Մարդակերը։ Դանդալոշին լավ գիտեին նրանք, համոզված էին, որ հիմա ուր որ է դուրս կթռչի, կբռնի Մանուշի թևից ու կտանի տուն։
Մանուշը մոտեցավ դռանը և իսկապես չկարողացավ բացել։ Ասենք, չէր էլ հասկանում, թե ինչպես բացի դուռը։ Այնպես էր թվում, թե դուռը ընդմիշտ փակված է տախտակով։ Աղջիկը հետ նայեց և տեսավ ցանկապատին կպած պառավներին։ Սրանք ձեռքով ցույց տվեցին, թե պետք է անցնի տան հետևը, և Մանուշը խոտերի միջով անցավ տան հետևը։
― Հանկարծ ու տանը չլինի, — ասաց Ծիպիլին։
― Ո՞ւր պիտի գնա, մի տեղ պահ է մտել, ― ասաց Տիմբական։
Այդ ժամանակ նրանք հետևից խշխշոց լսեցին։ Կարծեցին Մարդակերն է, բայց հանկարծ նրանց դեմ դուրս եկավ Գայլը։
― Այստե՞ղ եք, անպիտան պառավներ, — ասաց նա։
― Ինչո՞ւ ենք անպիտան, ― բողոքեց Ծիպիլին։
― Բա ի՞նչ եք, որ անպիտան չեք։ Ձեզ վրա ուտելու ի՞նչ կա... Բացի այդ՝ դուք թունավոր եք, — գայլը ոտից գլուխ տնտղեց պառավներին։ — Չէ, դուք ուտելու բան չեք։
― Մենք ուտելու բան չենք, ճիշտ է, ― ասաց Ծիպիլին։ ― Իմ ոսկորը, օրինակ, հազար տարվա ոսկոր է։ Բայց մեզ մոտ մի այնպիսի ուտելիք կա որ... տեսնես՝ բերանիդ ջուրը կգնա։
Գայլը, շրթունքները լիզելով, ասաց.
― Տեսել եմ, ի՛նձ ինչ, Դանդալոշի աչքը լույս։
― Բա ո՞ւր է, չի երևում... Մենք հենց նրա համար ենք բերել... Բայց սպասիր, գուցե դու ուտես, հը , դու ինչ պակաս ուտող ես որ, ― ասաց Տիմբական։
Գայլը գլուխն օրորեց։
― Կուտեմ, ո՜նց չէ... Հրեն ջրհորում է։ Առավոտվանից էլ բան չի կերել, այնպես որ վախենում եմ իսկի ոսկորն էլ ինձ չթողնի։
― Ես ախր գիտեմ այդ խորամանկին... Նա վաղուց է մեզ տեսել ու թաքնվել, ― Ծիպիլին մատը տնկեց ու ավելացրեց. ― Ես ի՞նչ էի ասում, Տիմբակա, Դանդոլոշի ձեռքից Մանուշը չի պրծնի։
― Կպրծնի, թե չի պրծնի, այդ դեռ հարց է, իսկ Գայլը կա ու կա։ Կանչենք Մանուշին, թող Գայլը ուտի, ― ասաց Տիմբական՝ ոչ այնքան Գայլի մասին մտածելով, որքան հաստատ առիթը ձեռքից բաց չթողնելու համար։
― Չէ՛, չէ՛, չէ... հետո Մարդակերի ձեռքից չեմ պրծնի։ Չէ՜, ես նրա հետ չեմ թշնամանա։ Նա մեկ-մեկ ոսկորները ինձ է տալիս... Կուշտ եղած ժամանակ պատահել է, որ մսի կտորներ էլ է տվել։
Այդ ժամանակ Մանուշը տան հետևից դուրս եկավ։ Նա մի տեսակ շփոթված էր, հուսահատված։ Բավական չի, որ մուտքը չէր գտել, նաև համոզվել էր, որ տանը մարդ չկա։ Եթե երեխաներն այդտեղ լինեին՝ ձայները հո՞ կլսվեին։ Նա քայլերն ուղղեց դեպի ցանկապատը և հենց այդ ժամանակ էլ լսվեց Ագռավի ձայնը։ Բանից պարզվում է, որ նա վաղուց էր այստեղ և ծվարած Մարդակերի տան աշտարակի վրա սպասում էր, թե ինչով կվերջանա պառավների փորձը։ Ախր նրա համար էլ սա վերջին հույսն էր։
― Ղա՜, ղա՜, ղա՜, — ասաց Ագռավը։ Ջրհորի կափարիչը մի կողմ գնաց, ու Մարդսւկերը գլուխը դուրս հանեց։
― Դե, մենք գնացինք, ― ասաց Տիմբական։ ― Էլ մենք այստեղ անելիք չունենք։
― Գնա՛նք, գնա՛նք, քանի դեռ մեզ չի տեսել։
Գայլն արդեն պոչը քաշել հեռացել էր։ Պառավներն էլ պահվեցին ծառերի հետևում, մնաց միայն Ագռավը աշտարակի վրա և իր սուր հայացքով նայում էր, թե ինչ է լինելու։
― Վա՜յ, քեռի, ես քիչ էր մնում քեզ չտեսնեի, ― ուրախ ասաց Մանուշը Մարդակերին տեսնելով։
― Լավ արեցիր, որ տեսար,― ժպտալով ասաց Մարդակերն ու ջրհորից դուրս եկավ.― Արի, արի գնանք տուն։
― Սպասիր, քեռի, դեռ սպասիր։ Այս կողմերը մարդ չի՞ եկել, այստեղով մարդ չի՞ անցել, ― հարցրեց Մանուշը ձեռքը Մարդակերից ազատելով։
― Ի՞նչ... գալը կարող է եկած լինեն, բայց չէ, անցնելը՝ չեն անցել։ Հա՛, հա՛, հա՛, անցնե՜լ, ― քահ-քահ ծիծաղեց Դանդալոշը։ ― Իմ ձեռքից մարդ կպրծնի, որ անցնի։
― Մի տղա ու մի աղջիկ, այսպես, ինձ նման, ― շարունակեց Մանուշը։
― Քեզ նմա՞ն... Հա, քեզ նմաններին ես շատ եմ սիրում, մանավանդ ընթրիքին... Հեշտ եք մարսվում, հա՛, հա՛, հա՛...
Մարդակերը նորից սկսեց ծիծաղել։ Իսկ Մանուշը իսկի չհասկացավ էլ, թե ինչ է ուզում ասել Մարդակերը։
― Ի՞նչ, ի՞նչ, լավ չլսեցի, քեռի։
― Արի մոտիկ՝ կլսես, — ասաց Դանդալոշը, ― արի գնանք տուն։
― Ես մենակ չեմ, քեռի, ― Մանուշը շրջվեց և զարմանքով նկատեց, որ պառավները չկան։ ― Վա՛յ, էս ո՞ւր գնացին։
― Ո՞վ ուր գնաց, ― հետաքրքրվեց Դանդալոշը։
― Տատիկները... Այստեղ երկու տատիկ կային։
― Աա՜... նրանց դարդը քեզ չեն տվել, դու քո մասին մտածիր։
― Քեռի, ես մոլորվել եմ անտառում, ինձ տուն կտանե՞ս, ― հարցրեց Մանուշը, վստահ, որ անտառապահ քեռին այդպես էլ անելու է։ Եվ որքան եղավ նրա զարմանքը, երբ Մարդակերը պատասխանեց.
― Չէ՜ մի, տուն տանեմ։ Հիմա՞ր եմ, ի՛նչ է։
Մանուշը մոտեցավ, գրկեց Մարդակերի ոտքերը։
― Չէ, քեռի, ինձ տուն տար, խնդրում եմ։ Մարդակերը նրան կոպտորեն հրեց.
― Հապա մի ինձ լավ նայիր, անխելք աղջիկ, նայի՛ր, տես, թե ով եմ ես։
― Նայել եմ, քեռի, ― ծիծաղեց Մանուշը։
― Երևի այնքան էլ լավ չես նայել, եթե չես տեսնում, ― ասաց Մարդակերը։ ― Դու գիտե՞ս, որ ճիշտ ժամանակին Ես եկել, ես հիմա քեզ ուտելու եմ, քանի որ դեռ ոչինչ չեմ կերել... Քաղցած եմ, հասկանո՞ւմ ես։
― Վա՜յ, քեռի, դո՞ւ էլ իմ պապիկի նման ես։ Նա էլ է միշտ ասում՝ ուտե՛մ քեզ... Բայց մինչև հիմա դեռ ոչ մի անգամ չի կերել։
― Պապիկդ չի կերել, ե՛ս կուտեմ։
― Վա՜յ, քեռի ջան, ինչ լավ, ինչ կատակասեր քեռի ես։ Որ այդպես է՝ օգնիր ընկերներիս գտնեմ, կորցրել եմ անտառում։
Մարդակերի համբերությունը հատավ։
― Լսիր, աղջի՛կ... Ականջներդ լայն բաց արա ու լսիր ինձ, տեսնում եմ, որ աչքերիցդ խեղճ ես, կարգին չես տեսնում։ Դանդալոշի մասին լսած կա՞ս։
― Դանդալո՞շի... Դանդալոշը մարդակեր է։ Մայրիկիս հեքիաթներում եմ լսել։
― Ահա տեսա՞ր... Ես հենց Մարդակերն եմ, հիմա քեզ ուտելու եմ, իմացա՞ր։
― Վա՛յ, քեռի, ինչքան անհասկացող ես.. Դանդալոշը հեքիաթների մեջ է լինում։
Ու Մանուշն սկսեց ծիծաղել։ Ուղղակի ծիծաղից թուլանում էր։
― Մի հարցնող լինի, ո՞ւմ վրա ես ծիծաղում, քեզ վրա՞։ Սրան տես, ես ասում եմ ուտելու եմ իրեն, իսկ ինքը, այս անպիտանը, ծիծաղում է։ ճիմւս քեզ կուտեմ, կտեսնես։
Մանուշն այս խոսքերից, կարծես, ավելի ուրախացավ և վեր-վեր թռչելով ասաց.
― Չե՛ս ուտի, չե՛ս ուտի, չե՛ս ուտի...
Մարդակերը մի պահ զարմացած նայեց Մանուշին, ապա ասաց.
― Այդ ո՞նց է, որ չեմ ուտի։ Լավ էլ կուտեմ, հալա վրայիցդ էլ սառը ջուրը կխմեմ, ա՛յ, այն ջրհորից։
Մանուշը ծիծաղից թուլացել էր.
― Չէ, քեռի, ես այստեղից չեմ գնա, քեզ հետ շատ ուրախ կլինի։
Մարդակերը մատով ցույց տվեց իր քունքը։
― Քո էստեղը, ինչպես տեսնում եմ, դատարկ է։ Ինչո՞ւ ես ծիծաղում։
― Ախր քեռի, ― ծիծաղի մհջից ասաց Մանուշը, ― էնպես թան ես ասում, որ մարդու ծիծաղ է գալիս... Ուտեմ, հա՛ ուտեմ... Ուզո՞ւմ ես, հաղարջ բերեմ, կեր։
― Ախր հաղարջը ի՞նչ է, որ ուտեմ, Ես մարդակեր եմ, ― ջղայնացավ Դանդալոշը։
Մանուշը սկսեց նորից ծիծաղել։
― Դու ծիծաղում ես, հա՞․․. Դե լավ, գնացինք։
Մարդակերը բռնեց Մանուշի թևից ու նրան տարավ տուն։ Հասցրեց փակ դռան մոտ ու բռնակից քաշելով, հանգիստ բաց արեց դուռը։ Մանուշը հասկացավ, որ ինքը սխալ էր անում, երբ բռնակը դեպի իրեն էր քաշում, հարկավոր էր կողքի վրա տանել։ Մարդակերը դուռը բացեց, ու նրանք ներս մտան։ Հենց որ ներս մտան Ագռավն ուրախ սկսեց «ղա՜-ղա՜» անել ու թռավ դեպի պառավները, որ կաղնու մոտ նստած սպասում էին։ Ագռավը թռավ նստեց Ծիպիլիի ուսին ու շարունակեց իր «ղա՜-ղա՜-ն»։ Ինչպես գիտեք, Ագռավի լեզուն միայն Ծիպիլին էր հասկանում։ Սա շուռ եկավ դեպի Տհմբական ու ասաց.
― Մանուշին ներս է տարել։
― Ուրեմն՝ վերջ. ― ասաց Տիմբական։
― Ինչպես թե՝ վերջ, ի՞նչ ես ուզում ասել։
― Դե հիմա Մանուշին կուտի, է՛լի, ի՞նչ դմբոն էս եղել, մի՞թե չես հասկանում։
Ծիպիլին ոտքի ելավ։
― Ո՞նց թե․.․ Ուրեմն առանց Մանո՞ւշի պիտի մնանք։
― «Առանց Մանուշի պիտի մնանք»... ― Ծիպիլիի տնազն արեց Տիմբական. ― Իսկ դու չլինի՞ էլի խղճացիր։
― Չէ, ի՞նչ ես ասում... Միայն թե մեղք էր։
― Հրեն խղճում ես է՛լի, ի՞նչ ես ծռմռվում։
― Ե՞ս, ե՞ս եմ խղճում... Ուտում է՝ ուտի, ինչո՞ւ պիտի խղճամ։
― Ոնց թե ուտում է՛ ուտի, ― զայրացավ Տիմբական։
― Հը՛, հիմի էլ դո՞ւ ես խղճում... Բռնվեցի՞ր...
― Ես չեմ խղճում... չե՛մ խղճում... ― պնդեց Տիմբական, հետո ավելացրեց. ― Լսիր, Ծիպիլի, ուր մնացին մեր ցախավելները։ Բա որ ուտի, ո՞նց պիտի փորձենք մեր շնորհքը։
― Հրեն, էն նոր սարքածը ծառի տակ ընկած է... Այսքան ժամանակ հետս քարշ էի տալիս։
― Ապրես դու, Ծիպիլի, կարգին խելոք պառավ ես եղել, չեմ իմացել։
Իսկ Մանուշն այդ ժամանակ Մարդակերի դռնից ներս մտնելով, շեմքի մոտ կանգ առավ և զարմացած նայեց շուրջը։ Ամեն ինչ այստեղ անսովոր էր, անսպասելի։ Հատակին ոսկորներ էին թափված, պատերից կախված էին շամփուրներ, զանազան տեսակի խարտոցներ, պարաններ։ Թարեքների վրա շարված էին թակարդներ, զանազան մեծության կաթսաներ։ Անկյունում մի մեծ սնդուկ էր դրված, իսկ կենտրոնում օջախ կար՝ մի մեծ կաթսա վրան։ Մի հասքով, ներսում ամեն ինչ այնպես էր, ինչպես պետք է լիներ Մարդակերի տանը։
― Օյ, ինչ հետաքրքի՜ր է... ― ասաց Մանուշը շուրջը նայելով։
― Հիմա տեսա՞ր, թե ուր ես ընկել... Թե չէ ծիծաղում ես, հա ծիծաղում, ոնց որ խելքից պակաս լինես, ― ասաց Մարդակերը։
― Թե ուզում ես, որ չծիծաղեմ, ծիծաղելի բաներ մի ասա, քեռի, ― լրջանալով ասաց Մանուշը։
― Պստիկ ես, բայց լեզուդ շատ է երկար, — շարունակեց Մարդակերը։ ― Հիմա տես, թե ինչ է լինելու։ ― Նա մոտեցավ և պատից կախված շամփուրներից մեկը վերցրեց, ձեռքում լավ տնտղեց, միաժամանակ աչքը չկտրելով Մանուշից։ Եվ ըստ երևույթին որոշեց, որ շամփուրը հարմար չի, կախեց տեղում, վերցրեց մի ուրիշ, ավելի երկար շամփուր. ― Այ, հիմա քեզ կքաշեմ այս շամփուրի վրա ու կխորովեմ։ Ես խորոված շատ Եմ սիրում։
Մանուշը նորից ծիծաղեց։
― Մարդակեր քեռի,― ասաց նա, ― ի՛նչ կատակասեր, ի՛նչ ուրախ քեռի ես։
― Ըհը՜, արդեն քեզ համար մարդակեր դարձա, չէ՞։
― Դե որ դու ասում ես մարդակեր ես, դրա համար էլ մարդակեր եմ ասում։
― Ս՛արդակեր եմ, ուրեմն մարդ պիտի ուտեմ, հասկացա՞ր, ― ասաց Մարդակերը, շամփուրը վեր բարձրացնելով։ ― Ուրիշ բաներից իմ սիրտը խառնում է։ Իմ կերածը միայն մարդ է։ ― Եվ քանի որ Մանուշը մի խորամանկ ժպիտ դեմքին թերահավատությամբ նայում էր Դանդալոշին, հարցրեց։ ― Ինչ է, չե՞ս հավատում։
― Ինչպե՞ս կարող եմ չհավատալ, ― նույն խորամանկ ժպիտը դեմքին ասաց Մանուշը, իբր թե դու. կատակ ես անում, ես էլ պակաս կատակասերը չեմ։ — Դու մեծ ես, իսկ մեզ սովորեցրել են, որ մեծերը սուտ չեն խոսում։
― Հը, ― Դանդալոշն սկսեց հասկանալ, որ աղջիկն իրեն ձեռ է առնում։
― Էլ ի՞նչ «հը», ― ծիծաղեց Մանուշը։
― Որ հավատում ես, էլ ինչո՞ւ ես ծիծաղում։
― Բա ի՞նչ անեմ, որ չծիծաղեմ։
― Լաց եղիր, — լրջորեն ասաց Դանդալոշը։ ― Նման դեպքերում երեխաները միշտ լաց են լինում, օգնություն են կանչում։
Մանուշը տեսնելով, որ Դանդալոշը շարունակում է կատակը, որոշեց ինքն էլ շարունակել նույն ոգով, նա ձեռքերը մոտեցրեց աչքերին և սկսեց լացի տնազ անել.
― Հո՛ւ, հո՛ւ, հո՛ւ... Ես վախենո՜ւմ եմ, ես լալի՜ս եմ, օգնությո՜ւն, օգնությո՜ւն, ինձ ուտո՜ւմ են...
― Դա ինձ ձեռ ես առնում, հա՞։ Դե լավ. հիմա կտեսնես... Բավական է, ինչքան քեզ հետ կատակ արեցի։
Նա բաց արեց սնդուկը, հանեց կոտրված հայելու մի մեծ կտոր ու հարմարեցնելով սնդուկի վրա գնաց և թարեքից վերցրեց մի խարտոց։
― Տեսնո՞ւմ ես, սա ինչ է։
― Տեսնում եմ... Իմ հայրիկն էլ խարտոց ունի։ Դրանով նա կացին է սրում։
― Իսկ ես սրանով ոչ թե կացին, այլ ատամ եմ սրում, հիմա կտեսնես։
Նա նստեց հայելու առաջ և բերանը բացելով, սկսեց ատամները սրել։ Մանուշը հետաքրքրված մոտեցավ և ուշադիր նայելով Դանդալոշին համոզվեց, որ սա իսկապես ատամներն է սրում։
― Ինչ հետաքրքի՜ր է... Ես այսպիսի բան առաջին անգամ եմ տեսնում, ― ասաց Մանուշը։ ― Ապա ինչ-որ բան հիշելով, լրջորեն ավելացրեց, ― Քեռի, որ քո ատամները սրես պրծնես, իմն էլ սրիր, թե չէ այնպես են բթացել, որ կաղինն ինչ է, չեմ կարողանում կոտրել;
Մարդակերը խարտոցը մի կողմ շպրտելով, ոտքի ելավ.
― Չէ, դու իսկապես ցնդած աղջիկ ես։
― Ինչո՞ւ, քեռի, ես սուտ չեմ ասում, հապա նայիր, ատամներս լրիվ բթացել են։ Մայրիկն ասում է քաղցր շատ եմ ուտում, դրանից է, ― լրջորեն բացատրեց Մանուշը, հետո մատը բերանը մտցնելով, այտը ետ տարավ ու ատամները ցույց տվեց Մարդակերին։ ― Տե՛ս, քեռի, նայիր ինչքան են բթացել։
― Լա՛վ, շատ խոսեցինք... ― Մարդակերը երկար շամփուրը վերցրեց, ծանր ու թեթև արեց։ ― Հիմա կտեսնես... Շատ ես բլբլում, բայց որ քեզ հագցնեմ այս շամփուրին, այն ժամանակ կհասկանաս... Կհասկանաս, լաց էլ կլինես, օգնություն էլ կկանչես... Հիմա՛, հիմա՛։
Սակայն մարդակերը շամփուրը ձեռքին մի պահ կանգնած մնաց և մտածմունքի մեջ ընկավ։
― Չէ՜, շուտով երեկո կլինի, խորոված միս որ ուտեմ, էլի ամբողջ գիշեր այրուցքից չեմ կարողանա քնել, ― ասաց Դանդալոշը։ ― Ավելի լավ է քեզ խաշած ուտեմ, խաշլամայից այրուցք չեմ ունենում։
Մանուշն անկեղծորեն ուրախացավ։ Նա առավոտվանից ոչինչ չէր կերել և ուտելիքի մասին այսքան խոսելուց հետո ուժեղ քաղց զգաց։ Քանի որ ամենևին էլ չէր հավատում, թե խոսքը իսկապես իրեն է վերաբերում, ուստի վեր-վեր թռչելով ասաց.
― Հա՞, քեռի, խաշած ավելի լավ է, ես էլ եմ խաշած սիրում։
Մարդակերը ապշած նայեց Մանուշին.
― Ի՞նչն ես խ-խաշած ս-սիրում։
― Ինչ որ դու ես ուզում... ― Մանուշը նորից ծիծաղեց։ ― Խաշածը համով է, մանավանդ պղպեղով, լոլիկով, — ու նորից ծիծաղեց։ Իսկ Մանուշի ծիծաղը այնքան զրնգուն էր, այնքան անմիջական ու վարակիչ, որ Մարդակերն ինքն էլ սկսեց ծիծաղել։ Հետո հանկարծ հասկացավ, որ ծիծաղելու պատճառ չունի ու լրջանալով, ասաց.
― էլի՛ ծիծաղո՞ւմ ես... Ծիծաղի՛ր, ծիծաղի՛ր, ծիծաղելը հետո կտեսնես... ― նա սկսեց փայտ դնել օջախին։ — Տեսնենք, թե փորիս մեջ ինչպես կծիծաղես։
Մանուշն ավելի ուժգին ծիծաղեց։ Ծիծաղում էր ու նայում շուրջը, նայում էր Մարդակերի տարօրինակ իրերին, նայում էր կեղտոտ հատակին ու մտածում, թե ինչ փնթի մարդ է անտառապահ քեռին։ Դե Մանուշն համոզված էր, որ Մարդակերն անտառապահն է։
― Օ՜յ, էս ինչ շատ ոսկոր կա այստեղ... ― շուրջը նայելով ասաց Մանուշը։
― Վերջապես աչքերդ բացվեցին... ― ասաց Մարդակերը։ ― Դրանք բոլորն էլ քեզ նմանների ոսկորներն են... Չէ, ի՛նչ եմ ասում, դրանք մեծահասակներ են։ Քեզ նմաններին ես ոսկորներն էլ հետն եմ ուտում՝ կը՛րճ, կը՛րճ.. Ո՜ւխ, ախր շատ համով եք դուք՝ մատղաշներդ...
Մանուշն ուշադրություն չէր դարձնում Մարդակերի խոսքերին։ Նա իսկապես քաղցած էր և շտապում էր, որ անտառապահը որքան կարելի է խաշլաման շուտ պատրաստի, դրա համար էլ մոտեցավ օջախին և սկսեց փայտ դնել կրակին։
― Այդ ի՞նչ ես անում, անխելք աղջիկ, — ասաց Մարդակերը։
― Չե՞ս տեսնում, կրակն եմ թեժացնում։
― Ախր ինչի՞ համար։
― Ինչպես թե՝ ինչի, ― զարմացավ Մանուշը։ ― Որ ջուրը շուտ տաքանա, պարզ չէ՞։
― Ջուրը շուտ տաքանա, որ քեզ շո՞ւտ ուտեմ։
― Էէ՜, հերիք է կատակ անես, քեռի, ավելի լավ է գնաս փայտ կոտրես, տեսնում ես՝ փայտը վերջանում է։
Մարդակերը շատ երեխա էր կերել։ Ոմանք ուշաթափվում էին վախից, ոմանց սիրտը տեղնուտեղը պայթում էր, ոմանք էլ անտանելի ճղճղոց էին գցում, լաց ու. կոծ։ Բայց սրա նմանը չէր պատահել։ Եվ նա բերանը բաց նստեց սնդուկի վրա և ակնապիշ նայեց աղջկան։ Իսկ աղջիկը, տեսնելով որ նա նստել է, մոտեցավ ու ծիծաղելով հրեց Մարդակերին։
― Ի՞նչ ես շշմել նստել, վեր կաց, գնա փայտի... Դե վե՛ր կաց, ծույլիկ, վեր կաց, ասում եմ, շո՛ւտ...
― Գ-գիտես ինչ, անպիտան ա-աղջիկ... Մեկ էլ ո՞վ պիտի փայտ ջարդի.․. ավելի լավ է ես քեզ հում-հում ուտեմ... Էդպես ավելի լավ կլինի, թե չէ մինչև փայտ ջարդեմ այնքան կխոսես, որ ախորժակս կփակվի... Հա, է՛լի, ավելի լավ է հում֊հում ուտեմ։
― Չե՛ս ուտի, չե՛ս ուտի, ― նորից ծիծաղելով ասաց Մանուշը։
― Ախր ինչո՞ւ չպիտի ուտեմ, ի՞նչ է պատահել որ։ Ատամներս տեղն են, նոր էլ սրել եմ, ախորժակ ունեմ, առավոտվանից էլ դեռ մի բան չեմ կերել։ Ինչո՞ւ պիտի չուտեմ, հիվանդ հո չեմ... Այ հիմա կտեսնես...
― Չե՛մ տեսնի...
... Իսկ դրսում անհանգիստ էին։
Քաղցած Գայլի բերանի ջրերը գնում էին, այլևս չէր համբերում։ Նրա բոլոր հաշիվներով Մարդակերը աղջկան վաղուց պիտի կերած լիներ։ Նման դեպքերում նա դուրս էր գալիս տանից ու մտնում ջրհորը։ Այդպես էր Մարդակերը, մտնում էր ջրհորը, բերանը լվանում և հենց այնտեղ էլ հատուկ հարմարանք էր սարքել, մի փոքր նիրհում էր, դրանից հետո դուրս էր գալիս և ամբողջ գիշեր թափառում անտառում, մինչև որ մյուս օրվա համար ուտելիք էր ճարում։ Գայլը Մարդակերի սովորությունը լավ գիտեր և ահա զարմացել էր, որ այդքան ուշանում է, ավելին՝ հետաքրքրությունից այրվում էր, ուզում էր մոտենալ, պատուհանից ներս նայել, բայց վախենում էր։
Պակաս անհանգիստ չէին կախարդները։ Այսինքն, նրանք կաղնու տակ նստած, աչքերը հառել էին Մարդակերի տանը և սպասում էին... Համոզված էին, հենց որ Մարդւսկերը Մանուշին ուտի, նորից չար կախարդներ կդառնան։ Բայց այնքան հոգնած էին, որ տեղն ու տեղը քնեցին։ Երազում նրանք թռչում էին՝ ցախավելներին հեծած թռչում էին անտառի իրենց բացատի վրայով, ինչպես այն երանելի օրերին, երբ դեռ գիտեին կախարդել, կերպարանափոխվել և կերպարանափոխել։ Հետո միանգամից էլ արթնացան։ Սկզբում չէին հասկանում, թե որտեղ են, հետո երբ տեսան Մարդակերի տունը, ամեն ինչ հիշեցին։
― Ծիպիլի, դեռ չի կերել Մանուշին, ― ասաց Տիմբական։ — Էս ինչո՞ւ չի ուտում։
― Իսկ ի՞նչ գիտես, որ չի կերել։ Գուցե արդեն կերել է, ― ասաց Ծիպիյհն։ ― Ցախավելն ո՞ւր է, արի փոոձենք։
― Մոռացե՞լ ես, որ ցախավելը օծած չի։
― Տես է՛, ես այդ մասին բոլորովին մոռացել էի։ — Տիմբական մի տեսակ խեղճացած էր ու շփոթված։ Նա կուչ եկավ ու հենվեց կաղնուն։ Ծիպիլին գլուխը դրեց Տիմբակայի ուսին ու հենվեց։ Տիմբական աչքերը ոլորեց նրա վրա, բայց ոչինչ չասաց։ Նա հիմա ինքն էլ հարազատի կարիք ուներ։ Իսկ Ծիպիլիից բացի էլ ի՞նչ հարազատ ուներ։ Ճիշտ է, կռվում էին, վիճում, տեղն ընկած ժամանակ իրար չանչում էին, կծում, բայց էլի իրարից չէին բաժանվում։ Վերջին հաշվով, մի քանի հարյուր տարվա մտերմություն ունեին, էլ չխոսենք այն մասին, որ կախարդելու ունակությունը կորցնելուց հետո առանց մեկ-մեկու չէին կարող ապրել։
Այդպես նրանք մնացին նստած ու աչքերը չէին կտրում Մարդակերի տան դռնից։
Սակայն ոչ Գայլը, ոչ կախարդները այնքան անհամբեր չէին, որքան Ագռավը, որը նստած Մարդակերի տան աշտարակին, ամեն ինչ լսում էր ու գիտեր, որ Մանուշը դեռ կենդանի է։ Միայն մի բան չէր հասկանում Ագռավը։ Այդ ո՞նց է, որ Մանուշը ծիծաղում է, ախր Մարդակերի ձեռքն է ընկել, իսկ բոլորին հայտնի է, թե մարդակերները ինչ են անում նման դեպքերում։ Ագռավը նստած աշտարակի վրա, մտածում էր, որ մոտենում է ժսւմը, երբ ինքը նորից մարդկային կերպարանք կստանա ս. վերջապես կվերադառնա տուն, կնոջ ու երեխաների մոտ։ Ու նա իր բախտին չէր հավատում։ Մի՞թե իսկապես հասել է այդ օրը։ Ի՞նչ խոսք, ուրախ էր նա, բայց չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ։ Մի բան կւսր, որ թույլ չէր տալիս նրան մինչև, վերջ ուրախանալու, զգում էր, որ այնտեղ, իր ներսում ինչ-որ բան ցավեցնում է սիրտը։ Նա մտածում էր այն մասին, թե ինչ գնով է ստանում իր մարդկային կերպարանքը, որին այդքան ձգտում էր երեսուն տարվա ընթացքում։ Ճիշտ է, իր կինն ու երեխաները, որոնք մեծ մարդիկ են դարձել արդեն, անշուշտ շատ կուրախանան, բայց ի՞նչ կլինի Մանուշի ծնողների վիճակը, որոնք մնալու են առանց մինուճար աղջկա։ Ահա այսպիսի մտքեր էին համակել Ագռավին, երբ նա Մարդակերի տան աշտարակին Նստած սպասում էր։ Մի պահ նրա մտքով անցւսվ նույնիսկ օգնել Մանուշին, բայց դե ինքն էլ էր հասկանում, որ դա անհնար է, որ ինքը անզոր է օգնելու դժբախտ աղջկան։ Եվ նա իր կլոր, սառած աչքերով անհանգիստ նայեց շուրջը, կարծես օգնություն էր սպասում որևէ տեղից, բայց գիտեր, որ ծառի տակ կուչ եկած պառավներից ու տան ետևում պահված Գայլից բացի, ոչ ոք չկա, իսկ նրանք ոչինչ անել չէին կարող, էլ չխոսենք այն մասին, որ բոլորովին էլ չէին ուզենա օգնել խեղճ աղջկան։
Բայց Մանուշն այդ ժամանակ իրեն իսկի էլ դժբախտ չէր զգում։ Ճիշտ է, նա քաղցած էր ու մտածում էր իր կորած ընկերների մասին, բայց Մարդակերին տեսնելով արդեն հանգստացել էր, կարծում էր, թե անտառապահը կօգնի, որ ընկերները գտնվեն ու իրենց դուրս կբերի անտառից
― Չէ, էս աղջիկն ինձ կգժվեցնի, ― ասաց Մարդակերն ու սնդուկից ցած թռավ։ ― Հիմա ես քեզ կբռնեմ ու կուտեմ։
― Չե՛ս ուտի, ― Մանուշը խույս տվեց։ Իսկ Դանդալոշը ամանները շուռ տալով ընկավ նրա հետևից։ Այ թե բռնոցի էր, հա՜․․. Հսկւս, անճոռնի Դանդալոշը փորձում էր բռնել թեթև ու արագաշարժ աղջկան, և դա նրան չէր հաջողվում։ Մանուշը հանգիստ անցնում էր իրերի արանքով, թռնում բարձրանում էր սնդուկների վրա, մի անգամ նույնիսկ բարձրացավ թարեքներից մեկին, և երբ Դանդալոշը մի կերպ աթոռներն ու օջախի վոայի ջրով լի կաթսան շուռ տալով հասավ թարեքի տակ, և թվում էր, թե աղջիկը այլևս փախչելու տեղ չունի, Մանուշը, ցույց տալով պատուհանը, հարցրեց «Վայ, այն ի՞նչ է»։ Երբ Դանդալոշը շուռ եկավ նայելու, Մանուշն արդեն ցած էր թռել և հայտնվել տան մյուս անկյունում։ Ո՛չ, այս անգամ Մանուշը խորամանկություն չէր անում, նա իսկապես պատուհանի առաջ ինչ-որ կերպարանք էր տեսել։ Իսկ դա Գայլն էր, որ աղմուկ լսելով ուզում էր տեսնել, թե ինչ է կատարվում ներսում։ Մինչ Մարդակերը կկողմնորոշվեր, ոտքը սայթաքեց ու վայր ընկավ; Երբ ոտքի ելավ՝ տեսավ պատուհանի մոտ կանգնած Գայլին ու կատաղած սկսեց նրա վրա շպրտել ձեռքն ընկած առարկաները։
― Ի՞նչ ես դու էլ ցցվել պատուհանի մոտ, կորի՛ր այստեղից, քաֆթառ անպետք։
Բայց Գայլը չհեռացավ։ Նա տեսնում էր, որ Մարդակերը նեղ վիճակում է և առաջարկեց իր ծառայությունը,
― Ուզո՞ւմ ես գամ բռնենք։
― Կորի՛ր, ասացի, առանց քեզ էլ գլուխ կհանեմ։
Գայլը հեռացավ և Մարդակերն սկսեց մոտենալ Մանուշին։ Բայց հենց այդ ժամանակ Գայլի տեղը պատուհանի մոտ բռնեցին պառավ կախարդները։ Դանդալոշը մի ձեռքում մի մեծ շամփուր պահած, մյուսում խաչերկաթ, մոտենում էր Մանուշին ու հա թաթա տալիս։
― Ըհը՜, բռնվեցի»ր, դե հիմա կտեսնես։
― Չեմ տեսնի, ― ասաց Մանուշն ու նորից ծիծաղեց։
― Լավ, աներես աղջիկ, քեզ հետ ես շատ խաղ արեցի, ― ջղայնացավ Մարդակերն ու նետվեց անկյունում սեղմված Մանուշի վրա, բայց այստեղ էլ աղջկա բախտը բերեց։ Դանդալոշի ոտքը ընկավ թոնրի ակը, և նա անճոռնի կերպով փռվեց գետնին։ Մանուշը օգտվելով դրանից, թռավ վառարանի վրա։
Ծիպիլին ու Տիմբական պատուհանի մոտից, համենայն դեպս, սկսեցին իրենց կախարդանքը.
Համդա-չամդա՜ դի՛-դի՛-դի՛,
Տիմբո-բո՜ւմ. Տիմբա՛-կո՛ւմ,
Բանդա Բունդա՜ գի՛-գի՛-գի՛,
Տիմբա-կո՜ւմ. Տիմբա՛-Բո՛ւմ։
Առանց այն էլ կատաղած Մարդակերը՝ պառավներին լսելով, լրիվ իրեն կորցրեց և հենց պառկած տեղից էլ խաչերկաթը նետեց նրանց վրա.
― Բայղուշ պառավներ, հապա մի փի՛շտ այստեղից...
Մանուշը, օգտվելով առիթից, դուրս պրծավ նեղ տեղից ու նետվեց սենյակի մյուս անկյունը, բայց այստեղ նա անսպասելի վայր ընկավ և շատ ուժեղ ցավեցրեց արմունկը, այնքան ուժեղ, որ նույնիսկ լաց եղավ։ Դանդալոշին էլ այդ էր պետք, Մանուշի լացի ձայնը լսելով նա վեր կացավ և հանդիսավոր քայլերով մոտեցավ նրան։
― Ա՛յ, հիմա դու ինձ դուր ես գալի՜ս, ― ասաց նա ժպտալով։ ― Հիմա նոր դարձար իմ ուտելու բանը, թե չէ խելքը թռցրածի պես մի գլուխ ծիծաղում ես... Ապրե՛ս դու, լաց, լաց, ես լացող երեխաներին սիրում եմ, նրանք գրգռում են իմ ախորժակը...
Դանդալոշը մոտենում էր լացող Մանուշին և ամեն ինչից Երևում էր, որ Մանուշն այլևս փրկություն չունի։
― Հո՛, հո՛, հո՛, — շարունակեց Մարդակերը։ ― Ես հիմա քեզ կուտե՜մ... Հում-հում կուտե՜մ...
Նրա դեմքն հիմա այնքան սարսափելի էր և այնքան զարհուրելի ձայն ուներ նա, որ մի պահ Մանուշը սարսափեց ու կուչ եկավ անկյունում։ Եվ այն է, Մարդակերը պիտի ձեռքը երկարացներ աղջկան բռնելու համար, երբ այս անգամ վրա հասավ Ագռավը։ Նա «ղա՜-ղա՜» անելով նետվեց Դանդալոշի վրա և ուղղակի զարնվեց նրա դեմքին։ Փայտահատը, որ մինչ այդ հետևում էր Դանդալոշի ու Մանուշի խաղին, հանկարծ հասկացավ, որ աղջկա վերջը եկել է և մոռանալով ամեն ինչ, մինչև անգամ այն, որ կորցնում է մարդ դառնալու վերջին հույսը, նետվեց Մանուշին փրկելու։ Եվ նա հասավ իր ուզածին։ Նա ճանկռտել էր Մարդակերի երեսը, և սա սարսափահար մի կողմ քաշվեց, աշխատելով հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ Ագռավը մի երկու պտույտ կատարեց նրա գլխավերևում և նորից զարնվեց Մարդակերի դեմքին.
― «Ղա՜-ղա՜-ղա՜»...
― Այս ո՞վ էր, այս ի՞նչ էր, ― ասաց Մարդակերը քերծոտված երեսը ձեռքով շփելով։
Եվ այստեղ Մանուշի անկյունից մի այնպիսի ծիծաղ լսվեց, այնպիսի մի քրքիջ, որ մինչև այղ Մարդակերը չէր լսել։ Նա զարմացած նայեց աղջկա կողմը։ Ի՞նչ պատահեց սրան, մտածում էր նա։ Իսկ պատահել էր այն, որ խաչերկաթից մրոտած ձեռքով նա սրբել էր երեսը և հիմա ծիծաղելի տեսք էր ստացել, սևացել էր քունքը և մի աչքը, բերանի շուրջը սև գիծ էր քաշված, իսկ քթի տակ մրից անճոռնի բեղ էր գոյացել։
Մանուշը ծիծաղում էր ուշաթափվելու աստիճան, նրա զրնգուն ծիծաղը հասավ Գայլին ու կախարդներին, որոնք խմբվեցին պատուհանի մոտ տեսնելու, թե ինչն է այղպես Մանուշին զվարճացրել։
Դանդալոշը իր զայրույթը թափեց նրանց վրա. ինչ-որ ընկնում էր ձեռքը, նետում էր դեպի պատուհանը խարտոց ու շիշ, կացին ու շերեփ։
Իսկ Մանուշը շարունակում էր ծիծաղել իր զրնգուն, մաքուր ծիծաղով։ Մարդակերի կատաղությունը նրան ավելի էր գրգռում։
Վերջապես երբ ձեռքի տակ այլևս նետելու բան չմնաց, Մարդակերը շնչահատ նստեց սնդուկի վրա։
― Սրա՜նց տեսեք, այնպես են եկել ցցվել, կարծես իսկի Մարդակեր չեն տեսել։ Ես էլ ասում եմ՝ ինչի՞ չեմ կարողանում ուտել այս աղջկան։
― Դե որ այղքան ուտել ես ուզում, — ծիծաղելով ասաց Մանուշը, ― հրեն դրանց էլ կեր է՛լի։
― Էդ քաֆթառներին ուտե՞լ կլինի, միայն ատամներս կկոտրեմ։
― Ինչի՞ պիտի կոտրես։
― Դե դրանց վրա միայն կաշին է ու ոսկորը։ Գիտեն, որ իրենց չեմ ուտի, երես են առել... Փի՛շտ այստեղից, հոտած պառավներ։
― Իսկ ի՞նձ։
― Քեզ ի՞նչ։
― Ինձ կուտե՞ս։
― Որ բռնեմ, կուտեմ։
― Դրանից էլ հեշտ բա՞ն... Ահա, բռնի՛ր։
Եվ Մանուշը հանգիստ մոտենալով Մարդակերին, ասաց.
― Դե կե՛ր, ես եկա։
Մարղակերը ապուշ էր կտրել։ նրա ներքևի շրթունքը կախվել էր, աչքերը՝ սառել։
― Ո՛նց թե, ― միայն կարողացավ շշնջալ նա և նորից նստեց սնդուկի վրա։
― Էդ ինչո՞ւ շշմեցիր, ահա եկա, դե կեր, է՛լի։
Մարդակերն անշարժ էր։ Նա շարունակում էր նայել այդ փոքրիկ աղջկան, որը թևերը կանթել էր իր առջև և վախ ասած բանը չէր հասկանում։ Ախր իր երկար, մարդակերական կյանքում նման բան չէր տեսել ու աշխատում էր մի բան հասկանալ և այդպես էլ ոչինչ չէր հասկանում։
Մանուշը շուրջը նայեց։ Առանց այն էլ խառնիփնթոր տանը ամեն ինչ տակնուվրա էր արված.
― Ա՛յ Դանդալոշ, էսպես էլ տո՞ւն կպահեն, ― ասաց նա։ ― Կարգին ման գալ էլ հնարավոր չէ, անընդհատ ոտքի տակ մի բան ընկնում է... Տեսա՞ր, ոնց ընկանք։ Ավելդ ո՞ւր է, հը ...
Չէ, Մարդակերն իսկապես խոսելու ընդունակությունը կորցրել էր։ Նա մատով ցույց տվեց անկյունը։ Մանուշը վերցրեց ավելն ու սկսեց տունը ավլել, միաժամանակ իրենց տեղը դնելով ընկած իրերը։
― Սրան տեսեք, ուտե՛մ, հա ուտե՛մ, բայց մի հասարակ բան անել չի կարողանում... .Հարյուր տարի է, երևի չի ավլել։
Այսպես խոսելով ու ավլելով նա մոտեցավ Մարդակերին։
― Չես տեսնո՞ւմ, ավլում եմ, ոտքերդ քաշիր...
Դանդալոշը անճոռնի ձևով ոտքերը բարձրացրեց, Մանուշն ավլեց նաև սնդուկի շուրջը և ինքն էլ նստեց սնդուկի վրա. Մարդակերի կողքին։
― Դե հիմա ինձ տար, ես այստեղ էլ գործ չունեմ, — վճռական ասաց Նա։
― Ըը՜... բըը՜.․. աա՜... Հ-հիմա... Հիմա այնպես կանեմ, որ այլևս տուն տանելու հարկ չի լինի։
Նա միանգամից վեր թռավ, երկու ձեռքով բռնեց աղջկան և բարձրացրեց գլխից վեր, միաժամանակ բացելով իր անճոռնի բերանը։ Նա որոշեց, որ այդ փոքրիկ աներեսի հետ խոսելն ավելորդ է, միանգամից պիտի նրան ուտել և վերջ։
Մանուշն սկսեց բարձրաձայն ծիծաղել։
― է՜յ, էդ ի՞նչ ես անում. ― ասում էր Մանուշը ծիծաղի միջից։ ― Ինչո՞ւ ես խուտուտ տալիս... խուտուտ տալ չկա։
Մարդակերի ձեռքերը թուլացան, և նա ցած դրեց Մանուշին։
― Կորի՛ր այստեղից, զզվելի աղջիկ, ― ասաց նա։ ― Չքվի՛ր, որ ես քո երեսն այլևս չտեսնեմ։
Մանուշը վիրավորված հեռացավ, հենվեց վառարանին։
― Ես քեզ էլ չեմ սիրի, որ վռնդում ես, ― կամակոր ասաց նա։
― Լսիր, աղջի՛կ, գնա այստեղից... փասափուսեդ շուտ քաշիր, գնա՛։ Քո ծիծաղը չի թողնում, որ քեզ ուտեմ, հասկացիր․.. Չքվիր աչքիցս, ― գրեթե լացակումած ասաց Մարդակերը։ ― Էս ինչ բան է, ախր, էսպիսի բան ինձ հետ ե՞րբ էր պատահել... Համ ախորժակս է տեղը, համ էլ ատամներս են սրած, բայց ուտել չեմ կարողանում... Գնա՛, գնա՛, այստեղից, ― ձայնը բարձրացրեց նա։
― Ախր ո՞ւր գնամ, ճանապարհը չգիտեմ... Մոլորվել եմ անտառում, քանի՞ անգամ ասեմ։
Մարդակերը կատաղեց և մոտը ընկած մեծ շամփուրը վերցնելով գոռաց
― Գնա՛, կորի՛ր, շո՜ւտ, թե չէ...
― Լավ, որ ասում ես, կգնամ, ― հիսաթափված ասաց Մանուշը, հասկանալով, որ Դանդալոշը կատակ չի անում։
Եվ նա գլխիկոր դուրս եկավ։
Նրա դուրս գալուց հետո Մարդակերը նստեց սնդուկի վրա, գլուխն առավ ձեռքերի մեջ, ինքն իրեն խոսեց.
― Հը ... էս ի՞նչ էր... Ես ինչո՞ւ չկերա այդ լկստվածին, հը՞, ― ու ձեռքը դնելով ճակատին ավելացրեց, ― Տաքություն էլ չունեմ, կարծես թե։
== գլուխ վեցերորդ․ Ծիծաղը ==