Ցրտաշունչ գիշեր էր: Արագորնն ու Ջիմլին քնել էին անհանգիստ քնով: Ժամանակ առ ժամանակ արթնանալով նրանք տեսնում էին Լեգոլասին, որը, մեկ անշարժ կանգնած էր նրանց կողքին, մեկ էլ անձայն քայլում էր այս ու այն կողմ և քթի տակ էլֆերեն ինչ որ երգ երգում: Ի պատասխան նրա երգի՝ երկնքում մեկը մյուսի հետևից բոցավառվում էին աստղերը: Այդպես անցավ գիշերը: Լուսաբացը դիմավորեցին միասին. նայում էին, թե ինչպես է լուսավորվում անամպ ու ջինջ երկինքը: Վերջապես ծագեց գունատ արևը: Արևելյան քամին ցրեց մշուշը, և պայծառ, բայց տխուր լույսը ողողեց հարթավայրը:
Արևելքում, ինչքան աչքդ կտրեր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել՝ շատ հեռվից, Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում սևին էր տալիս Ֆենգորնի անտառը, բայց դեռ մի տասը լիգ կլիներ մինչև անտառեզր: Մշուշապատ Լեռները հալվում էին հորիզոնի կապույտում, իսկ մոխրագույն ամպերի միջից վեր էր խոյանում Մեթեդրեսի՝ ամենաբարձր լեռան գագաթը: Անտառի միջից, նեղ հունով և բարձրադիր ափերով, բարեկամներին ընդառաջ էր վազում արագընթաց Էնտվեյը: Օրքերի հետքը ուղիղ այնտեղ էր տանում:
Ուշադիր զննելով հարթավայրը, Արագորնը հանկարծ նկատեց հեռավոր, բայց արագ շարժվող մի բիծ: Նա ականջը դրեց գետնին ու սկսեց ուշադիր լսել: Լեգոլասը ձեռքի ափով աչքերը ծածկած ուշադիր նայում էր բծին: Նա իր սուր, էլֆային հայացքով տեսնում էր ոչ թե բիծ, կամ կետ, այլ հեծիալների, շատ հեծիալների: Նրանց նիզակների ծայրերը փայլփլում էին առավոտյան պայծառ արևի լույսից, և ասես հեռավոր աստղեր լինեին՝ մահկանացուների աչքին անհասանելի: Իսկ ավելի հեռվում դեպի երկինք էր բարձրանում ծխի թանձր ամպը: