== գլուխ յոթերորդ․ Վերադարձ ==
=== Ա․ Բարի կախարդները ===
Պառավ կախարդները վիրավորված էին Դանդալոշի կոպիտ վերաբերմունքից։ Պատուհանից նեղացած հեռանալով, նորից կուչ եկան կաղնու տակ և այդտեղ էլ գլուխ գլխի տված նիրհեցին։ Իսկ Գայլը անցավ տան հետևը ու շան նման գլուխը թաթերին դնելով, նույնպես ուզում էր քնել, բայց այնքան քաղցած էր, որ քունը չէր տանում։
Միայն Ագռավն էր աշտարակին նստած սպասում՝ ականջը ներսի ձայներին։ Եվ նա էլ աոաջինն իմացավ Մանուշի դուրս գալն ու աղմուկ-աղաղակ բարձրացրեց։ Նրա ականջ ծակող ձայնի վրա կախարդներն իրենց քաղցր երազն ընդհատած վեր թռան, իսկ Գայլը նետվեց պատուհանի մոտ տեսնելու, թե ինչպես վերջացավ Մարդակերի ու Մանուշի մենամարտը։ Մարդակերին մենակ սնդուկի վրա նստած տեսնելով, նա նույնիսկ կարծեց, թե Դանդալոշը հաշիվն արդեն մաքրել է ու սկսեց տան մեջ ոսկորներ փնտրել։ Որևէ հետք չգտնելով, նետվեց բակ ու տեսավ, թե Մանուշն ինչպես է հեռանում տանից։
Ագռավի աղմուկը չէր ղադարում։ «Ղա՜», «ղա՜» անելով նա մերթ թռչում էր պառավների մոտ, մերթ Մանուշի և այնքան ցածրից, որ թևերով դիպչում էր աղջկա գլխին։ Սակայն ամենից շատ ապշած էր Գայլը։ Մանուշին տեսնելով, նա մեկ Մարդակերի դռանն էր նայում, մեկ Մանուշին և սպասում էր, թե ուր որ է Դանդալոշը դուրս կգա կընկնի աղջկա ետևից։ Ուրիշ կերպ չէր էլ կարող մտածել, քանի որ շատ էր տեսել, թե ինչպես են մտնում Մարդակերի տունը, բայց որ այնտեղից ողջ ու առողջ դուրս գային՝ այդպիսի բան չէր հիշում։
Իսկ Մանուշը շվար քայլերով դանդաղ անցավ բակով, փայտե դռնակը բացեց, դուրս եկավ։
― Վա՜յ, չի կերե՜լ... ― Մանուշին տեսնելով ասաց Ծիպիլին։
― Չի՛ կերել, չի՛ կերել,― ուրախ վեր-վեր թռավ Տիմբական։
― Բա էս ո՞նց եղավ, ― հարցրեց Ծիպիլին։
― Բան չեմ հասկանում, ― զարմացած և մի փոքր էլ լրջացած ուսերը վեր քաշեց Տիմբական։
― Տիմբակա՜... ― Ծիպիլին ինչ-որ բան էր ուզում ասել, բայց խոսքն ընդհատեց ու մեղավոր նայեց իր կախարդ ընկերուհուն։
― Հը, ինչո՞ւ լռեցիր։
― Ախր ո՞նց ասեմ... Մենակ թե չնեղանաս, հա՞...
― Հասկացա... Հասկացա, թե ինչ ես ուզում ասել, ― մտախոհ խոսեց Տիմբական։ ― Ուզում ես ասել, թե ուրախ ես, որ Մանուշին չի կերել։
― Քեզ ո՞վ ասաց, ― վախեցավ Ծիպիլին, բայց հետո որոշեց անկեղծ լինել, ինչ ուզում է լինի։ ― Ըը՜... որ ճիշտն ասեմ... Ինչ մեղքս թաքցնեմ... Մի քիչ, այո, ուրախ եմ։ Չգիտեմ ինչու, բայց ուրախ եմ... Մենակ թե դու մի նեղացիր, կանցնի։
― Հիմար պառավ, իսկ ես քո կարծիքով ուրախ չե՞մ, ես էլ եմ ուրախ...
Ծիպիլին զարմանքով նայեց Տիմբակային և միայն կարողացավ ասել.
― Այ քեզ բան.... Բա հետո՞... Մենք պիտի մնանք այսպե՞ս...
― Սպասիր, ― ասաց Տիմբական։ ― Բա Մանուշն ինչ պիտի անի հիմա։
Իսկ Մանուշը ինչ պիտի աներ։ Մոլորված շուրջը նայեց և ոչ ոքի չտեսնելով, նստեց դարպասի մոտ ընկած հաստ գերանին։ Հոգնած էր ու քաղցած, արևն էլ մայր էր մտնում, շուտով վրա կհասներ երեկոն։ Իսկ նա իսկի միտք էլ չուներ տեղից շարժվելու՝ հոգնած էր, շատ էր հոգնած, դրա համար էլ գլուխը կախեց ծնկների վրա ու խոր քուն մտավ։
― Մի բան մտածենք, ― ասաց Ծիպիլին։ ― Տեսնում ես՝ նստեց։
― Ի՞նչ մտածեմ, գլուխս չար բան չի գալիս, չի գալիս և վերջ... Այս ի՞նչ բան է մտել մեր մեջ, խղճում ենք ու խղճում...
― Մեկ էլ ե՞րբ պիտի այսպիսի առիթ ունենանք, Տիմբակա, ― իրեն կոտորում էր Ծիպիլին։
― Առիթ... Առիթին ինչ, առիթ կգտնենք, բայց որ էլի սկսեցինք խղճալ, ի՞նչ օգուտ, ― ասաց Տիմբական։
― Տիմբակա, ես մի բան էլ եմ ուզում ասել, բայց վախենում եմ... Վախենում եմ վրաս ծիծաղես։
― Հը , ծիծաղե՞մ... Այդ ի՞նչ պիտի ասես, ասա։
― Ինձ հետ տարօրինակ բան է կատարվում։
― Ի՞նչ բան։
― Ձեռքդ տուր, ասեմ։ ― Ծիպիլին վերցրեց Տիմբակայի ձեռքը, դրեց իր կրծքին, ձախ կողմից։ ― Ոչինչ չե՞ս զգում։
― Չէ՛։ Ինչ է, տաքությո՞ւն ունես։
― Էէ՛... Չե՞ս զգում, խփում է... ներսումս ինչ-որ բան է խփում՝ տո՛ւկ-տո՛ւկ...
― Հը ... դու է՞լ ես զգում... պատկերացնում ես, ինձ հետ էլ է նույնը կատարվում... ― Տիմբական ականջը մոտեցրեց Ծիպիլիի կրծքին... ― Հա, է՛լի, լսվում է... Սի՛րտ է։
֊Սս՜... ես էլ եմ կասկածում, թե սիրտ է... Սպասիր, ես էլ քոնը լսեմ։ ― Եվ Ծիպիլին ականջը մոտեցրեց Տիմբակայի կրծքին։ ― Դո՛ւ էլ ունես, դու էլ ունես...
― Սս՜ ― սաստեց Տիմբական... — Ոչ ոք չիմանա։
Այդ ժամանակ էլ Ագռավը թռավ եկավ նստեց Ծիպիլիի ուսին, սկսեց ինչ-որ բան ասել.
― Ո՞ւր է, ― վեր թռավ Ծիպիլին։
― Ի՞նչ ասաց, ― անհանգստացավ Տիմբական։
― Չե՞ս տեսնում, Գայլն է մոտենում Մանուշին։
Գայլը, որ կարծում էր, թե Մարդակերը ուր որ է դուրս կգա տնից ու կընկնի Մանուշի ետևվից, նորից ներս նայեց ու տեսավ, որ Մարդակերն իսկի միտք էլ չունի տեղից շարժվելու։ Սկզ բում նա մտածեց, թե սա Մարդակերի հերթական օյիններից է, բայց շուտով հասկացավ, որ՝ չէ, նրա հետ մի բան պատահել է։ Եվ թաթերի ծայրի վրա քայլելով, դանդաղ մոտեցավ Մանուշին։ «Երևի չի ուզում ուտել... ո՞վ գիտի, գուցե ախորժակ չունի... բացի այդ ջրհոր է մտել, ― մտածում էր նա։ ― Հոգեպահուստից երևի կերել կշտացել է։ Չէ, կա՛, չկա՜, ինձ համար է թողել»։
Երբ բլորովին մոտեցել էր Մանուշին՝ նորից կանգ առավ, «Հը , չլինի ծուղակ է... Չէ, ծուղակի նման չէ», ― վերջապես որոշեց նա ու կամաց մոտեցավ քնած աղջկան։
― Տիմբակա, տես, Գայլը կանգնել Մանուշին է նայում... Շատ վատ ձևով է նայում, ― ասաց Ծիպիլին։
― Հալա դրան, ոնց էլ շրթունքները լպստում է։
― Մոտենո՜ւմ է, մոտենո՜ւմ...
― Տեսնո՞ւմ ես այդ խորամանկին։ Թաթերի վրա է գնում, որ Մանուշը չլսի։ Արի իմաց տանք։
― Որ իմաց արեցիր ինչ. փախչի էլ՝ Գայլը հետևից կհասնի։ Սոված գայլը Մարդակերից էլ վատ է։ Գիտե՞ս ինչ, արի կախարդենք։
― Էլի՞ կախարդենք... Տեսնում ես, որ մեր կախարդելուց բան չի դուրս գալիս։Քանի՞ կոպեկ արժի կախարդանքը։
― Ուրիշ ճար չունենք, սկսիր, ― պնդեց Տիմբական։
Ու նրանք միասին սկսեցին արտասանել կախարդական խոսքերը.
― Տիրի բո՛մ-բո՜ Տիմբա-կո՜,
Ցիմպա դո՛ւ-րո՜ կո՛-կո՛-կո՛.
Համդա՜-չամդա՜ Բիլի բո՜.
Ծիպիլի Պինդո՛...
Գայլը, որ մոտեցել էր Մանուշին, առաջին թաթերը պարզած այդպես էլ մնաց կանգնած։ Բայց որ պառավները կախարդանքը դադարեցրին, սա մի քայլ էլ առաջ գնաց։
― Վա՜յ, էս ի՞նչ էր, չլինի ազդեց, ― զարմացավ Ծիպիլին։
― Մի՛ խոսիր, շարունակիր, շո՛ւտ, ― անհամբեր ասաց Տիմբական։
Ու նրանք շարունակեցին.
― Բիլի՛֊բիլի՛ բոմ հո՛-հո՛-հո՛,
Տիմբա՛-բիրո՜ հա՛, հա՛, հա՛,
Տիլի՛-միլի՜ կո՛ւմ,
Տիմբա՛-կումո՜ Տիմբակա՛։
Գայլի առաջին թաթերը մնացին օդում, ու նա մի քանի քայլ ետ գնաց։ Կարծես ոչ թե ինքն էր ետ քայլում, այլ ետ էր մղվում ինչ-որ մի անտեսանելի ուժից։
― Տեսնո՞ւմ ես, — ասաց Ծիպիլին։
― էլ ինչ տեսնեմ, ներգործում է, շարունակի՛ր...
― Գործո՜ւմ է, գործո՜ւմ է, ― վեր-վեր թռավ Ծիպիլին։
Գայլին էլ այդ էր պետք, որ նրանք կախարդանքը ընդհատեին, երախը լայն բացած վճռական վրա հասավ.
― է՛-է՛յ, է՛յ, ― գոռաց Տիմբական, ― նորից վրա է տալիս, շարունակիր։
Տիրի՛ բիրո՜, կո՛-կո՛, կո՛,
Տիմբա՛ բիրո՜ Տիմբա՛-կո՜,
Համդա՛-չամդա՜,
Ծիպիլի Պինդո՛...
Գայլը նորից ետ քաշվեց, բայց պառավները կախարդանքը չընդհատեցին այլևս, արդեն հասկացան, որ պիտի անընդհատ կրկնեն մինչև Գայլը ձեռ քաշի իր մտքից, ու նրանք շարունակեցին.
Բիլի՛-բիլի՛ բոմ կո՛-կո՛-կո՛,
Տիմբա՛-բիրո՜ հա՛-հա՛-հա՛,
Տիլի՛֊միլի՜
Տիմբա՛-կումի՜, Տիմբակա՜։
Գայլը շուռ եկավ ու պոչը քաշած գնաց դեպի անտառ։
― Չդադարե՛ս, կրկնի՛ր, — անհամբեր ասաց Տիմբական։ ― Էդ խորամանկն էլի կգա։
― Բիլի՛-միլի՛ բում հո՛, հո՛, հո՛
Տիմբա՛-բիրո՛ կո՛-կո՛-կո՛,
Տիլի՛-միլի՛ բո՛ւմ
Ծիպիլի Պինդո՛։
Այսպես նրանք կրկնեցին մի քանի անգամ և քանի կրկնում էին, այնքան ավելի էին ոգևորվում ու չէին նկատում, թե Ագռավն ինչպես է թռչում իրենց մոտով և ամեն անգամ թևերով ու չանչերով կպչում նրանց ուսերին ու գլխին։ Ագռավի սիրտն ուղղակի պատռվում էր, այնքան ուժգին էին նրա «ղա՜, ղա՜»-ները։ Վերջապես նրանք կախարդանքն ընդհատեցին, քանի որ Մանուշին այլևս վտանգ չէր սպառնում և իրենց պառավ տեղով մանուկների նման թռչկոտելով ճչացին.
― Օգնե՜ց, օգնե՜ց, օգնե՜ց... Կախարդանքն օգնե՜ց...
― Էս ո՞նց եղավ, ― ասաց Ծիպիլին։
― «Ոնց եղավ», «ոնց եղավ»... Կարևորն այն է, որ եղավ։ ― Տիմբական մի պահ մտածեց ու ինքն էլ իր հերթին հարցրեց.
― Իսկապես, էս ո՞նց եղավ։ Սպասի՛ր, սպասի՛ր...
― Էլ ի՞նչ սպասեմ... Օգնե՞ց, օգնե՞ց... ― Եվ Ծիպիլին գրկեց ու համբուրեց Տիմբակային։
― Էլի սկսեցիր լպստե՞լը, թո՛ւ, ― Տիմբական եռանդով սրբեց երեսը։
― Բա ի՛նչ... Էսպիսի բանի համար կարելի է...
― «Կարելի է, կարելի է»... Սպասիր տեսնենք, թե էս ոնց եղավ։
― Եղավ, օգնեց, էլ ի՞նչ սպասեմ, ― նորից ծղրտաց Ծիպիլին։
― Սպասի՛ր... Կախարդանքն, այո, օգնեց... Բայց դու գլխի չընկար, թե ինչ եղավ, ― մտախոհ ասաց Տիմբական։
― Էլ ի՞նչ գլխի ընկնեմ... Ամեն ինչ տեսա...
― Տեսար, բայց չհասկացար։
― Անհասկացողը դու ես, ― վիրավորվեց Ծիպիլին։ ― Չհասկանալու ի՞նչ կար. կախարդեցինք, կախարդանքն էլ առաջվա պես ներգործեց... Էէ՜, գնա, է՜... Չես թողնում,որ մի կարգին ուրախանանք։ Միշտ մի հիմար բան կմոգոնես։
― Հիմա՛ր... Ախր մենք ոչ թե չար, այլ բարի գործ արեցինք, ― մատը վեր տնկած և խորհրդավոր տեսք ընդունելով, ասաց Տիմբական։
― Ո՞նց թե... Ինչե՞ր ես խոսում... չէ՛, չէ՛, դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես դուրս տալիս։― Ծիպիլին շփոթված էր և կարծես թե կամաց-կամաց նրա գլուխը մտավ Տիմբակայի ասածն, ու նա բերանը բաց նստեց․
― Հենց ցավն էլ այդ է։ ― Տիմբական էլ նստեց Ծիպիլիի կողքին։ ― Ցավն էլ այդ է... Մենք բարի գործ ենք արել և այլևս երբեք չար կախարդներ չենք դառնա։
― Մի կռռա՜... Սպասիր մտածեմ, գլուխս բան չի մտնում քո ասածից... Ախր, իրար չեն բռնում... Չէ՛ որ կախարդանքը ներգործեց... ասում ես ներգործեց, որովհետև բարի գո՞րծ արեցիք։
― Այո՛... Վերջապես գլուխդ մտավ։
― Դե ուրեմն կարող ենք կախարդել, էլ ի՞նչ ենք ուզում։ Այլևս չար գործ չենք կարող անել, մենք բարի կախարդ ենք դարձել, հասկացիր, ― ասաց Տիմբական լրջանալով և իմաստունի տեսք ընդունելով։
― Բարի կախա՞րդ... Չի կարող պատահել։
― Պատահել է, Ծիպիլի, պատահել է։
― Սպասիր, իսկ թռչել կկարողանա՞նք...
― Իհարկե... Մենք կթռչենք ու Նոր տարվա գիշերը սիրուն-սիրուն նվերներ կբաժանենք երեխաներին... Նրանք անհամբեր կսպասեն մեզ... Քնած ժամանակ նրանց բարձի տակ, գուլպաների մեջ կոնֆետներ կդնենք, ու նրանք կուրախանան ու շնորհակալ կլինեն մեզ։
― Ես երեխա շատ եմ սիրում, ― խոստովանեց Ծիպիլին։
― Ե՛ս էլ... Նայիր, Մանուշն ինչքան խորն է քնել։
― Հոգնեց խեղճ աղջիկը;
― Նորի՞ց խեղճ․․․
Այստեղ արդեն Ծիպիլին պայթեց.
― Հա՛, հա՛, խեղճ, խղճում եմ, հասկանո՞ւմ ես... Էդ դու չե՞ս ասում, որ բարի կախարդ ենք դարձել... Դե ես էլ խղճում եմ... Բայց ինչ-որ դեռ չեմ հավատում... Գուցե պատահականություն էր, գուցե սխալվում ենք... Արի էլի փորձենք։
― Ինչպե՞ս փորձենք, երբ գլուխս մի կարգին բան չի գալիս...
― Արի ծառ տապալենք...Այն ժամանակ չէր ստացվում, հիմա գուցե ստւսցվի։
Եվ Ծիպիլին առանց Տիմբակային սպասելու սկսեց.
― Համդա՛-չամդա՜ դի՛-դի՛-դի՛,
Ավալլա՛-սավալլա՜, հո՛ւ, հո՛ւ...
Տիրի՛ Տիմբա՜ կո՛-կո՛-կո՛
Ծիպիլի Պինդո՜...
― Կաղնի, տապալվիր, տապալվիր, շուտ, Համդա-չամդա։ Տեսնո՞ւմ ես, չի տապալվում, ― լացակումած ասաց Ծիպիլին, — իսկ ասում ես՝ ներգործեց։
Պատասխանի փոխարեն Տիմբական սկսեց ծիծաղել։ Նա այնքան ուժեղ էր ծիծաղում, պառավավարի խուլ հնչյուններ արձակելով, որ Ծիպիլին մնաց զարմացած։ Տիմբակայի չորացած աչքերից արցունքի առվակներ էին հոսում, և նա շարունակում էր ծիծաղել։
― Ի՞նչ պատահեց քեզ, ― Տիմբակային մոտենալով հարցրեց Ծիպիլին, ― հո չգժվեցի՞ր...
― Հիմա՜ր, ա՛յ, քեզ հիմար, ― ծիծաղի միջից խեղդվելով ասաց Տիմբական, ― ախր ծառ տապալելը բարի գործ չէ... Դու ոչ մի կերպ չես ուզում այդ հասկանալ... Ասում եմ չէ, որ մենք արդեն բարի կախարդ ենք դարձել, փերի, հիմա հասկացա՞ր։
― Թո՛ւ, մոռացել էի, բա ի՞նչ անենք։ Մի բան մտածիր, մի բարի բան, ես ուզում եմ ստուգել... Վախենում եմ, Գայլի հետ պատահական ստացվեց։ Մտածիր, մի բան մտածիր։
― Ախր գլուխս բան չի գալիս, ― լրջանալով ասաց Տիմբական, ― ես դեռ կարգին ուշքի չեմ եկել։ ― Եվ իսկապես Տիմբական ինքը դեռ կարգին չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ, պարզապես զգում էր, որ ինքն այլևս առաջվանը չէ։
― Գիտե՞ս ինչ, արի մի բան անենք... Ի՞նչ անենք, Տիմբակա՛։
Այդ ժամանակ նորից իր գոյության մասին հիշեցրեց Ագռավը, որը իջավ նստեց Ծիպիլիի ուսին և հենց նրա ականջի տակ սկսեց իր սրտկեղեք կռավոցը։ Նա այնպիսի մի աղմուկ բարձրացրեց, որ քնից արթնացրեց նույնիսկ Մանուշին։
― Այս որտե՞ղ եմ, — ասաց Մանուշն ու շուրջը նայելով ուզում էր հասկանալ, թե որտեղ է գտնվում։ Միայն երբ տեսավ Ծիպիլիին ու Տիմբակային, նոր գլխի ընկավ, որ այն ամենը, ինչ կատարվել էր իր հետ՝ երազ չէր։ Սակայն աղջկա աչքի առաջ այնպիսի բան տեղի ունեցավ, ոո նրան նորից թվաց, թե երազի մեջ է։
― Ծիպիլի՜... ― ամբողջ կոկորդով մեկ գոռաց Տիմբական, ասես Ծիպիլին ոչ թե կողքին էր, այլ աշխարհի մյուս ծայրին։ ― Ծիպիլի՜, ո՛նց շուտ գլխի չէինք ընկնում, Ագռավը...
― Ագռավը ի՞նչ, ― տարակուսած հարցրեց Ծիպիլին։
― Ո՛նց թե ինչ... Քանի տարի է խեղճը սպասում է, որ նորից կախարդանքի ուժ ստանանք, որ նորից իրեն փայտահատ դարձնենք։
― Հաա՜... հասկացա... Լսիր, իսկ դա բարի՞ գործ է, որ...
― Այ քեզ ցնդած, դու մի իրեն հարցրու, դա բարի գործ է, թե ոչ։
― Ղա՜, ղա՜, ղա՜... — իրեն պատռելով ասաց Ագռավը։
― Ճիշտ որ, Տիմբակա, էլ ինչի՞ ենք սպասում, սկսենք։
― Ես էստեղ գործ չունեմ, դու կախարդել ես, դու էլ պիտի կերպարանափոխես։
Ծիպիլին կանգնեց ոտքերի թաթերի վրա, ձեռքերն առաջ պարզեց ու սկսեց նախ անձայն շարժել շրթունքները, ապա արտասանեց կախարդական խոսքերը.
Համդա՛-չամդա՜ դի՛-դի՛-դի՛,
Ալվա՜-Սալվա՜
Տիմբա՛-Բում
Տիլի-միլի՜ բո՛ւմ,
Տիմբա-կո՛ւմ։
Ծիպիլին զգաց, որ Ագռավը իր ուսերի վրա ծանրանում է, լսեց, թե ինչպես են ականջի տակ խշխշում նրա փետուրները։ Եվ ավելի ոգևորված շարունակեց.
Աբա-կո՛, Աբա-կո՛ւ,
Տիլի Բամ-բո՛ւ.
Ալա-տո՛ւ, մալա-տո՛ւ
Բիրի-բի՛մ բո՜ւ...
Ուսի ծանրությունը ավելի ուժեղացավ, և մեկ էլ մի բան թրմփաց գետնին։ Իսկ ընկած տեղից վեր ելավ արդեն... Ի՞նչ եք կարծում, ո՞վ... Բարձրացավ Փայտահատը՝ իր նախկին կերպարանքով և կանգնեց պառավների կողքին։ Սրանք Փայտահատին տեսնելով՝ կարգին վախեցան, հատկապես Ծիպիլին, որը, ինչպես գիտեք, ինքն էր նրան Ագռավ դարձրել և երեսուն տարի պահել ագռավի փետուրների մեջ։ Ծիպիլին նույնիսկ մի քանի քայլ հետ գնաց, բայց Փայտահատն իսկի միտք էլ չուներ նրանից վրեժ լուծելու։ Նա կանգնած շոշափում էր ինքն իրեն ու զարմացած նայում էր շուրջը, նայում էր՝ իր աչքին շատ փոքրացած պառավներին։ Ախր երբ նա ագռավ էր, պառավներն իր համեմատությամբ հսկաներ էին, իսկ հիմա փոքրացել, մի բուռ էին դարձել։ Ասենք, ամեն ինչ էր փոքրացել՝ ծառերը, թփերը, Մարդակերի տունը։ Փայտահատը նորից շոշափեց իրեն, նույնիսկ կսմթեց, և երբ վերջնականապես համոզվեց, որ մարդ է դարձել երևի կարծում եք ուրախությունից սկսեց թռչկոտե՞լ, ուրախության ճիչե՞ր արձակել... Ո՛չ։ Նա հանկարծ կուչ եկավ, նստեց խոտերի վրա և գլուխն առնելով ափերի մեջ հեծկլտաց։
Պառավները լուռ նայում էին Փայտահատին, որը լալիս էր իր կորած տարիների համար, լալիս էր կարոտից և, վերջապես, լալիս էր ուրախությունից։
Այս ամենը տեսավ նաև Մանուշը։ Ինչպես գիտեք, նա Ագռավի ձայնից արթնացավ և ականատես եղավ այդ մեծ հրաշքին։ Խոստովանեք, որ ձեզանից շատերը չէ, որ նման բան են տեսել։ Գուցե և ոչ ոք չի տեսել։ Մանուշը տեսավ այս ամենը և մնաց քարացած։ Նրան թվում էր, թե քնած է և այս ամենը երազում է տեսնում։
Երբ Փայտահատը բավականաչափ սիրտը թեթևացրեց ու ոտքի ելավ, Ծիպիլիի լեղին ջուր կտրեց։
― Ես մեղք չունեմ, Փայտահա՛տ, ― կմկմաց նա։ ― Ես չգիտեի, թե ինչ կպատահի ինձ հետ... Ախր ես քեզ մի օրով ագռավ դարձրեցի, մի օրով միայն... Ի՞նչ իմանայի, թե ութ հարյուր տարվա կախարդանքն հանկարծ կկորցնեմ։
― Դե լավ, եղածն եղել է, այլևս ոչինչ չես փոխի, ― ներողամտաբար ասաց Փայտահատը։ ― Էլի շնորհակալ եմ, որ հիմա ինձ չմոռացաք։
― Մենք նոր, հենց նոր կախարդանքի ուժ ստացանք, ― արդարացավ Տիմբական։ — Դու առաջինն ես, որին մենք կերպարանափոխել ենք... Ե՛ս... ե՛ս հիշեցրի Ծիպիլիին։
Բայց իզուր էր Տիմբական արդարանում։ Փայտահատն ամեն բան գիտեր։ Ագռավ ժամանակ Նա ամեն ինչ հասկանում էր, միայն թե չէր կարողանում արտահայտվել... Իհարկե, Փայտահատը տեսավ, որ Ծիպիլին իրեն մարդկային կերպարանք տվեց, բայց նա, ի զարմանս բոլորի, մոտեցավ Մանուշին, չոքեց նրա առաջ և գլուխը խոնարհեց մինչև գետին.
― Ես... ես քե՛զ եմ պարտական, աղջիկս, ես երբեք մարդ չէի դառնա, եթե հանկարծ չզգայի, թե ի՛նչ հանցանք եմ գործում քո առաջ։ Ախր ես ուզում էի, շատ էի ուզում, որ դու կործանվես... Ախր այդ մարդը բոլորովին էլ անտառապահը չէր, ինչպես դու էիր կարծում, այլ իսկական մարդակեր... Ների՛ր, աղջիկս, ների՛ր, Մանուշիկ։
― Այդ ի՞նչ եք անում, ― շփոթվեց Մանուշը... ― Ես... ես ի՞նչ եմ արել որ, ես չգիտեմ, թե ինչ եք ասում...
― Այդ դո՛ւ, դո՛ւ ինձ փրկեցիր, ախր ես այն ագռավն եմ, որ քեզ անտառի խորքը տարավ, հեռացրեց ընկերներիցդ... Այդ ե՛ս քեզ Մարդակերի տուն բերեցի, ես կախարդներին հայտնեցի ձեր անտառ գալու մասին։
― Լա՛վ, լա՛վ, քեռի, վեր կացեք... Տատիկները նայում են, անհարմար է...
― Այո՛, այո՛... դե լավ, աղջիկս... Ես քեզ տուն կտանեմ... այս չար վհուկներից կազատեմ, — ասաց Փայտահատը պառավներին ցույց տալով։
― Մենք հիմա միայն բարի գործեր կարող ենք անել, — ասաց Տիմբական, — ինչո՞ւ ես այդպես ասում։
― Իսկ ի՞նչ գիտես, թե կարող ենք, ― միջամտեց Ծիպիլին։ ― Հարկավոր է էլի փորձել, մի ծանրակշիռ բան անել։
― Բա սա ծանրակշիռ չի՞, ― Փայտահատին ցույց տալով ասաց Տիմբական, ― նայիր ի՞նչ հսկա է... Բայց չի խանգարի, որ մի անգամ էլ փորձենք։ Փայտահատ, մի բարի գործ ասա, ես ուզում եմ փորձել...
― Ի՞նչ ասեմ... ախր չգիտեմ, թե ինչ ասեմ... ― կմկմաց Փայտահատը։ ― Ասենք... եթե կաոող եք... գործիքներս հետ բերեք։ Էլ ի՞նչ վարպետ առանց գործիքների, ես ինչի՞ եմ պետք առանց գործիքների։
― Հա՛, հա՛, ճիշտ է ասում, Տիմբակա, արի Փայտահատի գործիքները հետ բերենք։
Պառավներն սկսեցին կախարդանքը.
― Ալդո-մոնդո՜ կարա-կա՛ս,
Բիլդո-մոնդո՜ կարա-դա՛ս,
Անանդա-մանանդա՜ գի՛-գի՛-գի՛...
Նրանք նայեցին իրենց ոտքերի տակ, Փայտահատի մոտ, բայց գործիքները չկային։ Ստիպված նորից կրկնեցին կախարդանքը.
― Ալդո-մոնդո՜ կարա-կա՛ս,
Բիլդո-մոնդո՜ կարա-դա՛ս...
Անդա՜-մանդա՜ գի՜-գի՜-գի՜...
Ոչինչ չէր ստացվում, գործիքները չկային։
― Բա որ ասում եմ... ― ասաց Ծիպիլին։
― Դա ոչինչ չի նշանակում, ― ասաց Տիմբական։ ― Գուցե գործիքների վրա ուրիշ կախարդանք կա։ Գիտես, որ նման դեպքերում ոչինչ չի կարելի անել։
― Ո՞ւմ կախարդանքը, — հարցրեց Ծիպիլին։
― Ի՞նչ իմանամ, աշխարհը լցված է վհուկներով ու կախարդներով։
― Դե արի ուրիշ բան փորձենք, շո՛ւտ...
― Արի, ― ասաց Տիմբական։ ― Բայց ի՛նչ։ Փայտահատ, ի՞նչ ենք անում։
― Ես ձեր կախարդանքի հետ գործ չունեմ, գրողի ծոցն անցնեք դուք էլ, ձեր կախարդանքն էլ, — դժգոհեց Փայտահատը։
― Արի գիտե՞ս ինչ անենք, ― պայծառացավ Ծիպիլին։ ― Արի այնպես անենք, որ Մանուշի ընկերները գտնվեն։ Հը՛, ի՞նչ կասես, բարի գործ չէ՞։
― Ճիշտ է... Մանուշիկ, ուզո՞ւմ ես ընկերներիդ գտնենք, հը՞...
Մանուշը տեղից վեր կացավ, մոտեցավ պառավներին։ Չէ, սա իսկի էլ երազ չէ, հրեն Մարդակէոի տունը, հրեն ջրհորը, սրանք էլ հո պառավներն են։
― Ինչպե՞ս պիտի գտնեք, — հարցրեց նա թերահավատորեն։
― Շատ հասարակ, նայի՛ր... Ու նրանք սկսեցին.
— Տիրի-բիրի՛ բո, Տարո՛ն,
Բիլի-միլի՜ բո, Հասմի՛կ,
Տիմբո-բումո, ցո՛ւմ-ցո՛ւմ-ցո՛ւմ,
Տիմբա-կումո՛ Տիմբա-կո՛ւմ...
Պառավները դեռ կախարդանքը չէին ավարտել, երբ անտառի խորքից ինչ-որ մեկը կանչեց. «Մանո՜ւշ, Մանո՜ւշ...»։ Բայց ձայնը շատ էր կոպիտ ու խռպոտ, բոլորովին նման չէր երեխայի ձայնի։
― Տեսա՞ր, լսեցի՞ր, ― հարցրեց Տիմբական։
― Լսեցի, բայց ոնց որ ձայնը...
Սակայն նա խոսքը չավարտեց։ խռպոտ ձայնի հետ այս անգամ պարզորոշ լսվեցին նաև մանկական հստակ կանչեր.
― Մանո՜ւշ, Մանո՜ւշ, Մանո՜ւշ...
Մանուշը մտահոգ շուրջն էր նայում, երբ անտառից իրար ձեռք բռնած դուրս եկան Տարոնը, Հասմիկն ու Արջը։
―Հո՜, հո՜, հո՜, հրե՛ն Մանուշը, գտա՜նք Մանուշին...
Արջը գոռալով, անճոռնի վազեց դեպի Մանուշը։
― Մանո՜ւշ։ ― Հասմիկը նետվեց Մանուշի գիրկը։
Միայն Տարոնն էր մի կողմի վրա կանգնել։ Իհարկե, նա էլ էր ուրախացել, բայց տղայի իր արժանապատվությունը թույլ չէր տալիս, որ գրկախառնվի Մանուշի հետ։ Իսկ որ ուրախացել էր, այն էլ շատ, երևում էր նրա գորովալից հայացքից, որ նա չէր կարողանում կտրել Մանուշից։
― Հո՜-հո՜-հո՜, ― որոտընդոստ խոսեց Արջը։ ― Շատ փնտրեցի անպիտաններին, արդեն հույսս կտրել էի, երբ տեսա, որ գետն են անցնում, նույնիսկ վախեցա, ախր այդտեղ գետը շատ վարար էր, ինչպես էին ծանծաղուտ գտել, գլուխս չի մտնում։
― Մենք ուղեկցող ունեինք, — ասաց Տարոնը։
― «Ուղեկցո՜ղ»... հո՛, հո՛, հո՛... ոչ մի ուղեկցող էլ չկար, ես հո տեսա, — որոտաց Արջը։
― Ոչ մի ուղեկցո՛ղ, — կտրեց Հասմիկը։ — Մեկ էլ տեսնեմ՝ ջուրն է մտել... Դե ես էլ հետևվից գնացի, հո չէ՞ի թողնի մենակ։
Բայց Տարոնը մնաց անհողդողդ։ Նա տեսել էր իր Թզուկին, գնացել նրա հետևից, և իհարկե, հասկանում էր, որ եթե չլիներ իր բարի Թզուկը, ինքը երբեք ծանծաղուտը չէր գտնի։ Դրա համար էլ համառությամբ կրկնեց.
― Կա՛ր... Ուղեկցող կա՛ր...
Իսկ Արջը դառնալով դեպի Մանուշը, ասաց..
― Դու էլ պակասը չես։ Ես գնում եմ քո ընկերների հետևից, իսկ դու փախչում ես... Էդ ո՞նց էիր ճղել, անպիտան աղջիկ, ախր ես դուռը փակել էի։
― Ես էլ ձեզ էի փնտրում, ― արդարացավ Մանուշը։ ― Մենակ թե չգիտեմ ինչպես եղավ, որ քնեցի։
― Լավ էր՝ շուտ հասա, ― շարունակեց Արջը։ Եթե չհասնեի, դիմացի անդունդը կընկնեին։ Ախր շատ վտանգավոր տեղեր են... Էդ ուր էիք հասել, անպիտաններ, այդտեղ իսկի ես սիրտ չեմ անում ման գալ... Լավ էր՝ հասա։
― Լավ է, որ հասել է, — ասաց Տիմբական։
― Ի՞նչ լավ է, որ շուտ է հասել, — հաստատեց Ծիպիլին։
Այս ամբողջ խոսակցության ժամանակ Փայտահատը մի կողմի վրա քաշված շուրջն էր նայում, չէր լսում, թե ինչ են խոսում։ Նա էլի ու էլի շոշափում էր ինքն իրեն ու չէր հավատում իր բախտին։
Հետո սկսեց քայլել և որովհետև չէր ուզում բոլորից հեռանալ, պտույտ էր կատարում նրանց շուրջը, ձեռքերով ինչ-որ տարօրինակ շարժումներ անում։ Դա մի հաղթանդամ, թավ հոնքերով, խոշոր ձեռքերով մարդ էր։ Իհարկե, ոչ ոք չէր կարող ասել, փոխվել է նա երեսուն տարում, թե՞ ոչ։ Գուցե միայն կարող էին ասել կախարդ պառավները, բայց նրանք էլ այնքան մեծ էին տարիքով, որ երեսուն տարվա տարբերությունը չէին զգում։
Հասմիկը, որն անհամբեր էր և ուզում էր ժամ առաջ տուն հասնել, Մանուշից պոկվելով, հարցրեց.
― Բա տուն չե՞նք գնում, արդեն մթնում է։
― Գնանք, բայց ինչպե՞ս գնանք, ճանապարհը չգիտենք։ Ա՛յ, եթե քեռի Արջը մեզ տուն տանի...
― Հո՜, հո՜, հո՜... Բա ինչպե՜ս, անպայման կտանեմ, խոստացել եմ, ես ճանապարհը գիտեմ։
Տարոնը բավական քաղցած էր և կարոտել էր մայրիկի բլիթներին։ Նա անմիջապես առաջ ընկավ.
― Գնա՛նք, գնա՛նք... Ինչո՞ւ, ենք կանգնել։
― Ով ասաց, որ կանգնել ենք... Գնում ենք...
Եվ Արջը գլուխը ճոճելով առաջ ընկավ։ Փայտահատը երբ տեսավ բոլորը գնում են, նոր միայն ուշքի եկավ ու նրանց հետևից հասնելով, ձայն տվեց.
― Սպասեցե՛ք... Ախր ես էլ եմ գալիս, ես էլ ձեր կողմերից եմ...
Սակայն երեխաները չգիտեին, թե ով է այդ մարդը։ Հասմիկը ենթադրում էր, թե անտառապահն է, իսկ Մանուշը, որի աչքի առաջ Փայտահատը մարդ էր դարձել, մի քիչ ծուռ-ծուռ էր նայում նրան։ Ախր ո՞նց կլինի, քիչ առաջ դու ագռավ էիր և մի ակնթարթում մարդ դարձար։ Ով էլ լինի մի քիչ կզգուշանա։ Դրա համար էլ Մանուշն ասաց.
― Մենք երևի տարբեր տեղեր ենք գնում։
― Ոչ, — ասաց Փայտահատը, — մենք միևնույն տեղն ենք գնում... Ես ձեզ ճանաչում եմ։
― Մեզ ճանաչո՞ւմ ես, ― թերահավատորեն հարցրեց Մանուշը։
― Այո, երբ դուք լորենու տակ պահմտոցի էիք խաղում, ես այնքան եմ կանգնել ծառի ճյուղին ու հետևել ձեր խաղին... Ես ձեր հայրիկներին ու մայրիկներին էլ եմ ճանաչում, բոլորին էլ ճանաչում եմ... Գնանք, ես ձեզ ճանապարհին կպատմեմ իմ պատմությունը։
Իսկ Արջն այդ ժամանակ բավական հեռացել էր։ Տեսնելով, որ երեխաները կանգնել են, որոտաց.
― Հո՜, հո՜, հո՜... Ինչո՞ւ կանգնեցիք, շուտով կմթնի, ես ձեր կյանքի համար պատասխանատու եմ, պիտի ողջ ու առողջ տեղ հասցնեմ ձեզ, թե չէ...
― Գալիս ենք, ― ձայն տվեց Հասմիկը։
― Ես կարճ ճանապարհ գիտեմ, ― ասաց Փայտահատն ու առաջ ընկավ, իսկ Արջը այդ տեսնելով ոտքը կախ գցեց, որ վերջից գնա՝ աչքը երեխաների վրա լինի։
Քիչ հետո նրանք կորան անտառում և կարծես թե մոռացան կաղնու տակ կուչ եկած երկու պառավներին, որոնք թեև մի քիչ վիրավորվեցին, որ երեխաներն առանց հրաժեշտ տալու գնացին, բայց էլի գոհ էին։ Նրանք նայում էին հեռացողների հետևից և գոհունակ ժպտում։ Երբ բոլորը աչքից կորան, Ծիպիլին շրջվեց դեպի Տիմբական ու շշնջաց.
― Գիտե՞ս, Տիմբակա, բարի կախարդ լինելն էլ վատ չէ, ի՞նչ կասես։
― Ավելի լավ է, Ծիպիլի, ավելի լավ, — պատասխանեց Տիմբական։ Հետո, կարծես թե սթափվելով, գործնական դարձավ դեպի Ծիպիլին.
― Դե մենք պետք է շտապենք, գնանք գտնենք մեր ցախավելները, մեր հրեղեն նժույգները, նրանք հիմա մեզ են սպասում, հարկավոր է անցնել գործի։
― Ի՞նչ գործի, — զարմացավ Ծիպիլին։
― Ինչպես թե ինչ գործի... Չէ՞ որ մենք հիմա բարի կախարդներ ենք, փերիներ, հասկացա՞ր, փե՛֊րի՛-նե՛ր... Նոր տարի կա, տոն կա, ծնունդ կա... Քանի՜-քանի՜ երեխա պիտի սպասի մեզ։ Մենք նրանց համար նվերներ պիտի պատրաստենք, թե չէ Կաղանդի առավոտ կարթնանան ու բարձերի տակ նվեր չեն գտնի...
― Ճի՜շտ որ... ― ասաց Ծիպիլին, ― ես այդ մասին բոլորովին մոռացել էի...
ՎԵՐՋ
[[Կատեգորիա:Հեքիաթներ]]