«Հասավ մի կերպ,— վերադառնալով ասաց նա: — Տեսա, թե ինչպես է սողում աստիճաններով, իսկը թրջված առնետ: Աշտարակում ինչպես նստած էին, այնպես էլ մնացել են նստած. դռան հետևից ձեռք հայտնվեց և քաշեց նրան ներս: Հույս ունեմ ընդունելությունը ջերմ էր, իր ծառայություններին համապատասխան: Իսկ ես գնամ լվացվեմ, մաքրվեմ այս խյուսից: Եթե ինչ որ մեկը ինձ հարցնի՝ ես հյուսիսային մասում եմ, թե չէ այստեղ մաքուր ջուր չես գտնի. ոչ հնարավոր է խմել, ոչ լվացվել, իսկ էնտը առանց դրա չի կարող: Իսկ դուք, փոքրիկներ, ոչ մի տեղ չգնաք, մնացեք այստեղ և դարպասը հսկեք: Նկատի ունեցեք, այստեղ է գալիս նաև Ռոհանյան Արոտավայրերի տիրակալը: Նրան կընդունեք, ինչպես ձեզ մոտ ընդունված է, առավել ևս, նա այստեղ է գալիս հաղթանակած. նրա զորքը քիչ առաջ օրքերի դեմ մեծ ճակատամարտում հաղթանակ է տարել: Մտքովս անցնում է, որ դուք նրան ավելի լավ կդիմավորեք, քան անտառային էնտը: Շատ տիրակալներ է ունեցել ռոհանյան կանաչ հարթավայրը, բայց ես ոչ միայն նրանց լեզուն չգիտեմ, այլ նույնիսկ անուններն եմ մոռացել: Նրանց, երևի, մարդասնունդ պետք կլինի: Հոգ տարեք այդ մասին, փնտրեք, փորձեք թագավորին արժանի սնունդ գտել, եթե դա, իհարկե, հնարավոր է»: Դե, մենք էլ արեցինք, ինչ կարողացանք: Ահա և ամբողջ պատմությունը: Սակայն ես կուզենաի իմանալ, թե ով է այդ Օձալեզուն: Նա իսկապե՞ս թագավորի խորհրդատուն է եղել:
— Եղել է,— հաստատեց Արագորնը: — Բայց, միևնույն ժամանակ, նա նաև Սարումանի լրտեսն էր, նրա ծառան: Սակայն ճակատագիրը նրան չխնայեց. տեսնել փլատակները այն մեծության, որին նա համարում էր հզոր և անպարտելի՝ արդեն ինքնին ծանր պատիժ է: Բայց, վախենում եմ, նրա համար ամենավատը դեռ առջևում է:
— Այո, հազիվ թե Ծառմորուսը բարությունից ելնելով նրան ուղարկեց Օրթհանք,— ասաց Մերին: — Նա շատ մռայլ էր ծիծաղում, երբ գնում էր լվացվելու ու ջուր խմելու: Նա գնաց, իսկ մենք անցանք գործի: Հարկավոր է քրքրել բոլոր նկուղները և ջրից որսալ այն ամենը՝ ինչը ուտելու համար պիտանի էր: Մենք երկու-երեք մառան գտանք՝ ջուրը, բարեբախտաբար, դրանց չեր հասել: Եվ Հանկարծ ան քեզ՝ մի քանի էնտ հայտնվեցին Ծառմորուսից և տարան գրեթե ամեն ինչ:
— Այո, այժմ ամեն ինչ հասկանալի է,— հավանություն տվեց Ջիմլին:
— Բացառությամբ մի բանի,— մտահոգ ասաց Արագորնը,— ինչպե՞ս է Խորահովտի ծխելիքը ծխելու խոտըը հայտնվել Իզենգարդում: Այդ մեկը ես բոլորովին չեմ հասկանում: Ես առաջին անգամ եմ Իզենգարդում, բայց շատ եմ թափառել այս կողմերում և լավ գիտեմ Ռոհանի ու Հոբիթստանի միջև ընկած հողերը: Արդեն շատ տարիներ այդ ամայի հողերով ոչ առևտրական, ոչ էլ սովորական ճանապարհներ չեն անցնում: Վախենում եմ Սարումանը Հոբիթստանում ինչ որ մեկի հետ գաղտնի կապեր է պահպանում: Օձալեզուներ միայն թագավորի արքունիքում չեն հանդիպում... Տակառիկների վրա տարեթիվ կա՞:
— Կա,— ասաց Փինը: — հազար չորս հարյուր տասնյոթ թվականի բերք է, այսինքն, անցյալ տարվա... ոչ, կներեք, նախանցյալ տարվա: Ի դեպ, լավ տարի էր:
— Դե, ինչ չարագործություններ էլ նա կատրարած կատարած լինի, այդ ամենը ամենն արդեն անցյալում է,— ասաց Արագորնը: — Իսկ եթե ոչ, մենք, միևնույնն է, շատ հեռու ենք և ոչնչով չենք կարող օգնել: Միայն թե չմոռանանք այդ մասին ասել Գենդալֆին, թեև մեծ գործերի համեմատությամբ, առաջին հայացքից, դա կարող է մանրուք թվալ...
— Հետաքրքիիր է, այդ ինչ մեծ գործեր են նրան այսքան ուշացնում,— միջամտեց Մերին: — Կեսօրն անց է, շուտով օրը կվերջանա: Գուցե գնանք զբոսնե՞նք: Չե՞ս ուզում տեսնել Իզենգարդը, Պանդուխտ: Միայն թե այն հիմա անշուք տեսք ունի: