— Տեսնենք,— պատասխանեց Էոմերը: — Այսօր այնքան տարօրինակ դեպքեր տեղի ունեցան, որ ես չեմ զարմանա, եթե դառնամ թզուկի աշակերտը, և նրա տապարը մեծագույն հարգանք ստեղծի իմ մեջ Լորիենի տիրուհու հանդեպ:
Այս խոսքերով էլ նրանք բաժանվեցին: Ռոհանցիների նժույգները սլանում էին քամու արագությամբ: Քիչ անց, երբ Ջիմլին ետ նայեց, Էոմերի ջոկատը դարձել էր մի փոքրիկ բիծ անծայրածիր հորիզոնում: Արագորնը նայում էր միայն առաջ, որ հանկարծ չկորցնի հետքը: Նա այնպես էր կորացել, որ այտը դիպչում էր Հասուֆելի պարանոցին: Շուտով նրանք հասան էնտվուոշինէնտուոշին: Գետի ափին օրքերի հետքը բաժանվում էր երկու մասի, և մեկը թեքվում էր դեպի արևելք: Օգնության եկած օրքերի հետքն էր, որի մասին պատմել Էր Էոմերը: Արագորնը իջավ ձիուց, արագորեն հետազոտեց հետքերն ու նորից թռավ ձիու մեջքին: Բարեկամները շարունակեցին ճանապարհը արահետի կողքով, աշխատելով չտրորել հետքերը: Քիչ անց Արագորնը նորից կանգ առավ, իջավ ձիուց և սկսեց ուշադիր զննել:
— Շատ բան չես զանազանի,— վերջապես ասաց նա: — Ռոհանցիները զգալիորեն տրորել են հետքերը. երևում է հետ գալուց խիտ շարքերով են արշավել՝ աշխատելով գետից չհեռանալ: Արևելք գնացող հետքերը լավ են պահպանվել, բայց նրանցից ոչ մեկը չի տանում հետ՝ դեպի Անդուինը: Հարկավոր է դանդաղ գնալ և ուշադիր լինել, որ այլ կողմ գնացող հետք բաց չթողնենք: Այստեղ օրքերը հաստատ նկատած կլինեին, որ իրենց հետապնդում են և կարող էին գերիներին քարշ տալ այլ կողմ: