Երիտասարդը մոտենալով ողջունեց նրանց խուլ ու խռպոտ ձայնով, բայց և մեծ քաղաքավարությամբ։ Դոն Կիխոտը ոչ նվազ սիրալիրությամբ պատասխանեց նրա ողջույնին, ցած թռչելով Ռոսինանտից, մոտեցավ և շատ֊շատ սրտալի ու փաղաքուշ գրկեց նրան։ Նա այնքան երկար սղմեղ իր գրկում երիտասարդին, որ կարծես թե վաղուց հետև նրա բարեկամն է։ Անծանոթը, որին մենք կարող ենք անվանել Ողբակերպ Ցնցոտեկիր (ինչպես դոն Կիխոտն իրեն անվանեց Տխուր Պատկերի Ասպետ), թույլ տվեց, որ իրեն գրկեն, իսկ հետո, մի քիչ հեռացնելով իրենից դոն Կիխոտին, ձեռները դրեց նրա ուսերին և սևեռեց աչքերը, կարծես թե ուզում էր մտաբերել՝ ծանո՞թ է նրան, թե՞ ոչ։ Թվում էր, թե դոն Կիխոտի կերպարանքը, տեսքը և զենք ու զրահը նրա մեջ նույնպիսի զարմանք էին հարուցում, ինչպիսին նա ինքն էր հարուցանում մեր ասպետի մեջ։ Վերջապես Ցնցոտեկիրը, ազատվելով գրկախառնությունից, առաջինը խոսեց, իսկ թե ինչ ասաց, այդ կհաղորդվի ստորև։
==Գլուխ XXIV==
Սյերրա Մորենի արկածի շարունակությունը
Մեր պատմությունը զրուցում է, թե դոն Կիխոտը ուշի֊ուշով ունկնդրեց Սյերրայի<ref>Sierra ― նշանակում է «ատամնավոր գագաթներով լեռնաշղթա»։</ref> պատառոտած ասպետին, որը իր խոսքը այսպես սկսեց․
― Ով էլ դուք լինելու լինեք, սինյոր, ― որովհետև ես ձեզ չեմ ճանաչում, ― շնորհակալ եմ քաղաքավարության համար, որ դուք ցույց տվիք ինձ։ Ես կկամենայի երախտամատույց լինել ձեզ ոչ միայն սոսկ բարի ցանկությամբ այն մտերմության համար, որ դուք ցուցաբերեցիք իմ նկատմամբ, սակայն բախտը արգելում է վճարել ինձ ցույց տված բարեգործությունների համար ուրիշ բանով, քան թե անկեղծ պատրաստակամությամբ վարձատրելու նրանց փոխարեն։
― Իսկ ես, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― այլ ցանկություն չունեմ, քան ծառայել ձեզ, և ես վճռել էի չլքել այս լեռները, մինչև որ ձեզ չգտնեմ և չիմանամ՝ չէ՞ր կարելի արդյոք մի կերպ բուժել այն վիշտը, որ ստիպել է ձեզ ընտրել այսքան տարօրինակ կենցաղավարություն։ Եվ եթե կարելի է, ապա ես կորոնեմ ձեր բուժումը ողջ հնարավոր եռանդով։ Իսկ եթե ձեր դարդը պատկանում է նրանց թվին, որ որևէ մխիթարության դուռը փակում են, ապա ես հուսով եմ օգնելու ձեզ, ի բոլոր սրտե լալով ու վշտանալով ձեզ հետ, որովհետև դարձյալ դարդոտ մարդու համար մխիթարանք է, երբ որ նրան մեկը ցավակցում է։ Եվ եթե իմ բարի ցանկությունները արժանի են շնորհակալության, ապա աղաչում եմ, սինյոր, հանուն այն մեծ քաղաքավարության, որով ինչպես ես տեսնում եմ, դուք աչքի եք ընկնում, այլև հանուն այն ամենի, ինչ որ դուք կյանքում սիրել կամ սիրում եք, ասացեք ինձ, ո՞վ եք դուք և ինչ պատճառով եք դուք սիրտ արել այս ամայի վայրերում ապրել ու մեռնել անբան անասունի պես։ Իսկ որ նման կյանքը ձեզ համար չի ստեղծված, այդ վկայում են թե՛ ձեր արտաքինը, թե՛ ձեր զգեստը։ Երդվում եմ, ― ավելացրեց դոն Կիխոտը, ― ասպետական ուխտով, որին ես պատկանում եմ, ես՝ անարժան մեղավորս, այլև թափառական ասպետի կոչումովս, ― եթե դուք, սինյոր, անսալու լինեք իմ խնդիրքին, ես ձեզ կծառայեմ ամենայն ջանասիրությամբ, որին պարտավորեցնում է ինձ իմ դիրքը։ Ես կբուժեմ ձեր ցավը, եթե նա բուժելի է կամ թե կօգնեմ ձեր դարդը լալու, ինչպես նոր ձեզ խոստացա։
Անտառի Ասպետը, լսելով Տխուր Պատկերի Ասպետի խոսքերը, նայում, զննում ու դիտում էր նրան ոտից֊գլուխ և վերջապես տեսնելուց կշտանալով, ասաց․
― Եթե ուտելու բան ունեք, ի սեր Աստծու շուտով տվեք ինձ, և ուտելուց հետո ես կկատարեմ ամենը, ինչ որ դուք հրամայեք, որպեսզի շնորհակալ եղած լինեմ բարյացակամության համար, որ դուք ցուցաբերում եք իմ նկատմամբ։
Իսկույն Սանչոն ձեռքը կոխեց պարկը, իսկ հովիվը՝ իր տոպրակը, և Ցնցոտեկիրն սկսեց հագեցնել իր քաղցը՝ գժի պես վրա տալով ուտելիքին այնպիսի ագահությամբ, որ կուլ չգնացած կտորին վրա էր հասնում նորը։ Քանի որ դա շարունակվում էր, ո՛չ նա, ո՛չ էլ շրջապատողները ոչ մի խոսք չէին արտասանում։ Ուտելը պրծնելուց հետո նա նշաններով առաջարկեց նրանց, որ հետևեն իրեն, մի բան, որ նրանք արին։ Նա նրանց տարավ մի կանաչ դաշտ, որ գտնվում էր ոչ հեռու՝ ժայռի հետևում։ Այստեղ գալով՝ նա պառկեց խոտի վրա, և նրանք էլ հետևեցին նրա օրինակին։ Այդ ամենը կատարվում էր լռելյայն։ Վերջապես Ցնցոտեկիրը, տեղը լավ հարմարեցնելով, սկսեց այսպես․
― Եթե ձեզ հաճելի է, պարոններ, ես կարճառոտ պատմեմ ձեզ իմ բազում չարաբաստիկ գործերից, դուք պետք է ինձ խոստանաք, որ ոչ մի հարցով կամ նկատողությամբ չեք խզի իմ տխուր զրույցի թելը, որովհետև հենց որ դուք այդ անելու լինեք, ես իսկույն կընդհատեմ իմ պատմությունը։
Այդ առաջաբանը դոն Կիխոտի միտքը գցեց իր զինակրի պատմությունը, երբ որ մեր ասպետին չհաջողվեց ուղիղ հաշվել այծերին, որ փոխադրված էին գետի մյուս ափը և ինչպես այդ պատճառով պատմությունը մնաց անավարտ։ Իսկ Ցնցոտեկիրը շարունակում էր․
― Ես նրա համար եմ նախազգուշացնում ձեզ, որ ես կկամենայի որքան կարելի է արագ ավարտել իմ աղետների շարադրությունը, որովհետև մտաբերելով դրանք, ես հին վշտերին նոր վիշտ եմ ավելացնում, ուստի որքան սակավ ինձնից բան հարցնելու լինեք, այնքան արագ ես կպատմեմ նրանց մասին։ Այն էլ ես ոչ մի կարևոր մանրամասնություն բաց չեմ թողնի և կաշխատեմ միանգամայն բավարարել ձեր ցանկությունը։
Դոն Կիխոտը բոլոր ներկա եղողների անունից խոստացավ, որ չի ընդհատի նրան, և այդ հավաստիացումներից հետո Ցնցոտեկիրն սկսեց հետևյալ կերպով․
― Իմ անունը Կարդենիո է և ես ծնվել եմ մեր Անդալուզիայի լավագույն քաղաքներից մեկում։ Ես անվանի տոհմից եմ և հարուստ ծնողների զավակ, բայց իմ դժբախտությունն այնքան մեծ է, որ իմ ծնողները ինչքան էլ ողբան և ինչպես էլ իմ տոհմը վշտանա, նրանց ողջ հարստությունը ինձ ոչ մի կերպ չի օգնի, որովհետև, ինչպես հայտնի է, երկրի բարիքները երկնքի առաքած աղետների դեմ անզոր են։ Այդ քաղաքում ապրում էր նաև այն երկնային էակը, որին Ամուրը զարդարել էր բոլոր կատարելություններով, որոնց մասին կարող էի երազել։ Լյուսինդայի գեղեցկությունը մեծ էր, մի ազնվական և հարուստ աղջկա, ոչ պակաս քան ես, բայց ավելի երջանիկ և պակաս հավատարիմ, քան արժանի էր իմ զգացմունքի ազնվությանը։ Ամենավաղ, պատանի օրերից ես սիրում, աստվածացնում և երկրպագում էի Լյուսինդային, և նա էլ սիրում էր ինձ պարզ և անխորամանկ սիրով, ինչպես այդ լինում է մանուկ հասակում։ Մեր ծնողները գիտեին մեր փոխադարձ հակումների մասին, և այդ նրանց չէր անհանգստացնում՝ նրանք հասկանում էին, որ այդ զգացմունքը ամրանալով մեզ վերջ ի վերջո կհասցնի ամուսնության, իսկ ծագման ու հարստության հավասարությունը մեր դաշնը դարձնում էր միանգամայն բնական։ Անցնում էին տարիներ, և նրաց հետ աճում էր մեր փոխադարձ սերը ― և ահա Լյուսինդայի հայրը, խոհեմությունից դրդված, հարկ համարեց արգելել ինձ այցելել նրան (այդ բանում նա կարծես ընդօրինակում էր այնքան հաճախ բանաստեղծներից երգված Ֆիսբայի ծնողներին)։ Այս արգելքը միայն հրահրեց մեր բոցը և սաստկացրեց ցանկությունը։ Ծնողները կարող էին մեր լեզվի վրա լռություն դնել, բայց չէին կարող մեր գրիչները մատնել անգործության, իսկ երբ որ մենք սիրում ենք, գրիչն ավելի ազատ է շարադրում, քան լեզուն, այն, ինչ որ թաքնված է լինում մեր հոգում։ Որովհետև շատ հաճախ սիրած էակի ներկայությունը շփոթեցնում ու համրացնում է ամենավճռական մտադրություններն ու ամենախիզախ լեզուները։ Օ՜, երկինք, քանի՜֊քանի՜ նամակներ գրեցի նրան։ Քանի՜֊քանի՜ անմեղ ու սիրելի պատասխաններ ստացա։ Քանի՜֊քանի՜ երգեր, սիրահարական ոտանավորներ գրեցի, որոնց մեջ իմ հոգին բացատրում ու հայտնաբերում էր իր զգացմունքները, արտահայտում էր իր բոցավառ ցանկությունները, վերակենդանացնում էր իր հուշերն ու սնում իր կիրքը։ Վերջապես, տանջահար, ես զգացի, որ իմ հոգին տոչորվում է նրան տեսնելու ցանկությունից, և որոշեցի իսկույն ևեթ անել այն ամենն, ինչ անհրաժեշտ էր, որպեսզի ստանայի ըղձալի և արժանի պարգևը, այսինքն՝ խնդրել Լյուսինդայի հորից, որ նրան տա ինձ օրինավոր կնության։ Ես այդպես էլ արի։ Նա ինձ պատասխանեց, որ շնորհակալ է պատվի համար, որ ես ցույց եմ տալիս նրան և որ ինքն էլ իր հերթին պատրաստ է պատիվ անելու ինձ, մարդու տալու իր թանկագին աղջկան ինձ։ «Բայց», ավելացրեց նա, «ձեր հայրը դեռ կենդանի է, և նրան է պատկանում իրավունքը, այդ մասին խնդրելու։ Իսկ եթե նրա բարի կամքն ու համաձայնությունը չլինի այդ գործում, ապա Լյուսինդան նրանցից չէ, որոնց առնում կամ տալիս են կնության թաքուն»։ Ես շնորհակակություն հայտնեցի նրա բարյացակամության համար, որովհետև ինձ թվում էր, որ նրա առարկությունն արդարացի է և որ իմ հայրը կհամաձայնի ինձ, հենց որ նրան պատմեմ բանի էությունը։ Այդ մտադրությամբ ես իսկույն գնացի հորս մոտ, որպեսզի հաղորդեմ նրան իմ ցանկությունը։ Բայց մտնելով այն սենյակը, որտեղ նա գտնվում էր, ես նրան տեսա բաց արած նամակը ձեռքին, և մի բառ էլ չկարողացա արտասանել, որ նա մեկնեց ինձ նամակը ու խոսեց․ «Այս նամակից, Կարդենիո, դու կտեսնես, որ հերցոգ Ռիկարդոն ուզում է քեզ ողորմածություն ցույց տված լինել»։ Այս հերցոգ Ռիկարդոն, ինչպես դուք, պարոններ, երևի գիտեք, իսպանական գրանդ է, որի կալվածները ծավալվում են մեր Անդալուզիայի լավագույն մասում։ Ես վերցրի նամակն ու կարդացի։ Նամակն այնքան բարեհաճ էր, որ ես ինքս կկշտամբեի հորս, եթե նա չկատարեր նրա մեջ եղած խնդիրը։ Հերցոգը խնդրում էր, որ հայրս ինձ անհապաղ ուղարկի իր մոտ, որովհետև նրան հաճելի էր, որ ես նրա մեծ որդու հետ լինեմ՝ իբրև բարեկամ, այլ ոչ թե ծառա, միաժամանակ իմ հետագա կյանքի հոգսերը նա իր վրա էր վերցնում և խոստանում էր, որ իմ կյանքի դասավորումը միանգամայն համապատասխան կլինի նրա բարձր կարծիքին իմ մասին։ Ես կարդացի նամակն ու ապուշ կտրեցի։ Իմ շփոթմունքն ավելացավ, երբ որ լսեցի հորս խոսքերը․ «Դու կերթաս երկու օրից, Կարդենիո, և կկատարես հերցոգի կամքը։ Շնորհակալ եղիր երկնքին, որ ճամփա է բաց անում քո առջև, որով դու կհասնես այն բանին, որին արժանի ես»։ Եվ այդ խոսքերին մա մի քանի հայրական խորհուրդներ ավելացրեց։
Հասավ իմ մեկնելու ժամը։ Նախապես, երեկոայն ես զրույց ունեցա Լյուսինդայի հետ և ամեն ինչ, որ պատահել էր, պատմեցի նրան, ապա ամեն ինչ հաղորդեցի նրա հորը և խնդրեցի նրանից, որ մի քանի օր սպասի և ոչ ոքի չխոստանա իր աղջկա ձեռքը, մինչև որ ես իմանամ, թե ինչ է ուզում ինձնից Ռիկարդոն։ Հայրը խոստացավ և Լյուսինդան հաստատեց նրա խոստումը երդումով ու արցունքներով։ Վերջապես ես ներկայացա Ռիկարդոյի դղյակը, և նա ինձ դիմավորեց ու ընդունեց այնքան սիրալիր, որ նախանձն իսկույն սկսեց իր գործը։ Հերցոգի հին ծառաներն իսկույն ատեցին ինձ, որովհետև կարծում էին, որ նրա բարեհաճության նշաններն իմ նկատմամբ նրանց վնաս կտան։ Բայց առանձնապես ուրախացավ իմ գալստյան առիթով հերցոգի երկրորդ որդին, Ֆերնանդո անունով, վայելչակազմ, նուրբ, առատաձեռն և տրամադիր սիրահարվելու մի երիտասարդ։ Շուտով նա կամեցավ, որ մենք մոտ բարեկամներ դառնանք և շարունակ դրանից էր խոսում։ Թեև մեծ որդին էլ էր ինձ սիրում և ուշադրության նշաններ ցույց տալիս, այնուհանդերձ նրա վերաբերմունքը չէր կարելի համեմատել դոն Ֆերնանդոյի ջերմ մտերմությանը։ Եվ որովհետև բարեկամների միջև գաղտնիք չի լինում, որ նրանք իրար բաց չանեն, իսկ ինձ դոն Ֆերնանդոյին կապում էր ոչ միայն պարզապես բարեկամական վերաբերմունքը, այլև բարեկամական մտերմությունը, ապա նա սկսեց խոստովանել ինձ իր բոլոր մտքերը և պատմեց իր մեկ սիրային հափշտակության մասին, որ նրան սաստիկ հուզում էր։ Նա սիրում էր մի գեղջկուհու, որի ծնողները իր հոր հարուստ վասալներից էին և աղջիկն այնքան չքնաղ էր, համեստ, խելացի և առաքինի, որ նրան ճանաչողները չէին կարող որոշել, թե այդ առավելություններից որին նախընտրություն և առաջնություն տան։ Գեղեցիկ գեղջկուհու այդ հատկությունները դոն Ֆերնանդոյի մեջ այնպիսի մի կիրք էին հարուցել, որ իր ցանկություններին հասնելու և նրա առաքինությունը հաղթահարելու համար նա վճռեց խոսք տալ աղջկան, որ կամուսնանա նրա հետ, որովհետև տեսնում էր, որ այլապես նա մատնված է ձգտելու անկարելիին։ Ինձ Ֆերնանդոյին կապող բարեկամության պարտականությունից դրդված՝ ես աշխատեցի բերել ամենահիմնավոր փաստարկումներ և ամենացայտուն օրինակներ, որպեսզի հեռացնեմ և շեղեմ նրան նման մտադրությունից։ Սակայն տեսնելով, որ ոչինչ չի օգնում, ես մեկ մտածեցի ամեն ինչ հայտնել նրա հորը, հերցոգ Ռիկարդոյին։ Բայց դոն Ֆերնանդոն՝ խորամանկ ու խելացի մի մարդ, կռահեց և վախեցավ իմ որոշումից, գլխի ընկնելով, որ բարի ծառայի պարտականությունից դրդված՝ ես չեմ ծածկի հերցոգից՝ իմ տիրոջից, այն ամենը, ինչ որ կարող է նրա պատվին այնքան մեծ վնաս հասցնել։ Ուստի, այդպիսի մտադրությունից ինձ հետ պահելու համար, դոն Ֆերնանդոն հայտարարեց, որ նա մի քանի ամսով կուզենար մի տեղ գնալ և որ դա նրա համար լավագույն միջոցն է՝ նրա սիրտը նվաճած գեղեցկուհու մասին մտածելուց դադարելու համար։ Նա ավելացրեց, որ կկամենար ինձ հետ միասին գնալ իր հոր մոտ, իսկ հերցոգին մենք կասենք, որ գնում ենք լավ նժույգներ տեսնելու և գնելու համար, որովհետև իմ հայրենի քաղաքը հայտնի էր աշխարհիս երեսին ամենալավ ձիերով։ Հենց որ ես լսեցի այդ խոսքերը, ես հայտարարեցի, որ ավելի լավ որոշում չի էլ կարելի երևակայել։ Ինձ առաջնորդում էր Լյուսինդայի սերը, և ես այնպես էի ուզում օգտվել առիթից և նրա հետ տեսակցելու հնարավորությունից, որ կարծես հնարավորություն կտայի և պակաս խոհեմ որոշմանը։ Այդ մտքերի և ցանկությունների ազդեցության տակ ես հավանություն տվի նրա մտադրությանը, պաշտպանեցի նրա որոշումը և խնդրեցի որքան կարելի է շուտ ի կատար ածել, որովհետև, իրոք, սիրած աղջկա հետ անջատումը կարող է ցրել ամենահամառ խոհերը նրա մասին։ Հետագայում ես իմացա, որ երբ նա ինձ առաջարկում էր, նա արդեն ամուսնու դիմակի տակ վայելում էր իր գեղջկուհու սերը և հիմա միայն դեպքի էր սպասում, որպեսզի ամենաապահով կերպով բանա իր գաղտնիքը։ Որովհետև նա սաստիկ վախենում էր և չգիտեր, թե ինչ կանի իր հերցոգ հայրը՝ տեղեկանալով նրա հանցանքի մասին։ Բայց որովհետև երիտասարդների սերը, ըստ մեծի մասի՝ սոսկ զգայական է և նրա վերջնական նպատակը վայելքն է, ուստի և հասնելով վախճանին, սերը վերջանում է և հետ է դառնում (որովհետև զգացմունքը, որ սեր է թվում, չի կարող սահմանն անցնել, որ դրված է բնությունից և որ գոյություն չունի իսկական սիրո համար) ― այդ իսկ պատճառով, հենց որ Ֆերնանդոն վայելեց իր գեղջկուհու սերը, նրա ցանկությունները հանդարտեցին և նրա կրակը սառավ և, և եթե առաջ նա ձևացնում էր, թե ուզում է գնալ, որպեսզի բուժվի սիրուց, ապա հիմա նա անկեղծորեն ուզում էր հեռանալ, որպեսզի ազատվի սիրուհուց։ Հերցոգը մեզ թույլ տվեց և հրամայեց ինձ, որ ուղեկցեմ նրա որդուն։
Մենք եկանք իմ հայրենի քաղաքը։ Իմ հայրը դոն Ֆերնանդոյին ընդունեց համապատասխան նրա բարձր կոչման, իսկ ես իսկույն տեսակցեցի Լյուսինդայի հետ և իմ ցանկությունները վերակենդանացան (ասենք նրանք ոչ միայն երբեք չէին մեռել, այլև չէին էլ թուլացել)։ Որովհետև ինձ թվում էր, թե Ֆերնանդոյի բարեկամական ջերմ զգացմունը ինձ վրա պարտականություն է դնում նրանից ոչինչ չթաքցնել, ես վստահեցի նրան իմ գաղտնիքը և դա ցավ բերեց ինձ։ Լյուսինդայի գեղեցկությունը, նրբությունը և խելքը ես այնպես գովաբանեցի, որ իմ գովեստները նրա մեջ ցանկություն հարուցեցին տեսնելու աղջկան, որ զարդարված է այդքան առաքինություններով։ Չարաբախտ ճակատագիրը դրդեց ինձ բավարարել նրա ցանկությունը, և մի երեկո ես ցույց տվի նրան Լյուսինդային, երբ որ լուսամուտի վրա մի մոմ էր վառված, այնտեղ և այնպես, որտեղ և ինչպես մենք սովորաբար զրույց էինք անում նրա հետ։ Նա տեսավ աղջկան կորսաժը հագին, և աղջիկը նրան այնքան չքնաղ երևաց, որ նա իսկույն մոռացավ բոլոր գեղեցկուհիներին, որ մինչ այդ տեսել էր։ Նա ապուշ կտրեց, կորցրեց գլուխը, հմայվեց ― մի խոսքով՝ սիրահարվեց նրան բոցավառ սիրով (նրա կրքի սաստկության մասին, որ նա ինձնից թաքցնում էր և մենակ եղած պահին բանում էր երկնքին, դուք կարող եք գաղափար կազմել հետագա պատմությունից իմ դժբախտությունների մասին)։ Ահա, նրան ավելի ևս բոցավառելու համար բախտը կամեցավ, որ նրա աչքին ընկած լիներ Լյուսինդայի ինձ գրած մի նամակը, որի մեջ նա ինձ համոզում էր խնդրել իր ձեռը իր հորից։ Նա այնքան խելացի, համեստ և քնքուշ էր գրում դրա մասին, որ դոն Ֆերնանդոն, կարդալով նամակը, հայտնեց ինձ, որ նա է գեղեցկության ու խելքի բոլոր գանձերի միակ տիրուհին, որ սովորաբար աշխարհիս երեսին բաշխվում է բոլոր կանանց։ Եվ այստեղ ես բացեիբաց պետք է խոստովանեմ, որ թեև ես հասկանում էի, որ Ֆերնանդոն արդարացի հիմք ուներ գովաբանելու Լյուսինդային, այնուհանդեձ ինձ համար անախորժ էր նրա շուրթից լսել այդ գովեստները, և ես սկսեցի երկյուղ կրել ու զգուշանալ, որովհետև րոպե չէր անցնում, որ նա ինձ չխոսեցներ նրա մասին, և ինչ զրույց էլ անելիս լինեինք նրա հետ, նա անպատճառ խոսքը շուռ էր տալիս Լյուսինդայի վրա։ Այդ իմ մեջ խանդի պես մի բան էր հարուցանում ոչ թե նրանից, որ ես առաքինի և հավատարիմ Լյուսինդայի կողմից որևէ հարված էի սպասում, այլ նրանից, որ ինձ երջանկություն խոստացող բախտը հարկադրում էր երկյուղ կրել այդ երջանկության համար։ Իսկ դոն Ֆերնանդոն միշտ աշխատում էր աչքի անց կացնել բոլոր նամակները, որ ես ուղարկում է Լյուսինդային և որ նա գրում էր ինձ ի պատասխան այն պատրվակով, իբրև թե նա շատ է հավանում զգացմունքը նրբորեն արտահայտելու մեր կարողությունը։ Եվ ահա մի անգամ պատահեց, որ Լյուսինդան ինձնից խնդրեց ուղարկել իրեն մեկ ասպետական վեպ, որ նրան առանձնապես դուր էր գալիս՝ դա Ամադիս Գաղղիացին էր․․․
Հենց որ դոն Կիխոտը ասպետական վեպի անունը լսեց, իսկույն ևեթ ասաց․
― Եթե ձերդ ողորմածությունը հենց պատմության սկզբից հայտարարած լիներ, որ նրա ողորմածություն տիրուհի Լյուսինդան ասպետական վեպեր է սիրում, կարիք չէր լինի շատ ավելորդ խոսք ասել, որպեսզի ինձ համոզեք նրա մտքի վեհությունը, և նա չէր էլ կարող այնչափ խելացի լինել, ինչպես դուք, սինյոր, նկարագրեցիք, եթե նա նման հափշտակող ընթերցանության համար ճաշակ չունենար։ Ուստի նրա գեղեցկությունը, առաքինությունն ու խելքը նկարագրելիս, ինձ համար ավելորդ խոքերի կարիք չկա։ Ինձ համար բավական է նրա սերը դեպի այդ գրքերը ― և ես պատրաստ եմ նրան ճանաչելու աշխարհիս երեսին ամենագեղեցիկ և իմաստուն կինը։ Եվ ես կկամենայի, սինյոր, որ ձերդ ողորմածությունը Ամադիս Գաղղիացու հետ ուղարկած լիներ նաև փառավոր դոն Ռուխել Հունաստանցուն, որովհետև ես հավատացած եմ, որ տիրուհի Լյուսինդան շատ կհավաներ Դարաիդային և Գարայային, այլև հովվուհի Դարինելի սրամտությունը և սքանչելի հովվերգական բանաստեղծությունները, որ նա երգում ու կատարում էր այնպիսի ճաշակով, վարպետությամբ և այնքան բնական։ Ասենք՝ կգա ժամանակ և դուք կուղղեք ձեր սխալը, մի բան, որ շատ հեշտ կլիներ, եթե ձերդ ողորմածությունը հաճեր ինձ հետ գալ իմ գյուղը։ Այնտեղ ես ձեզ կտրամադրեի ավելի քան երեք հարյուր գիրք, որոնք իմ հոգու վայելքն ու կյանքիս զվարճությունն են։ Ասենք՝ ես մտաբերում եմ, որ այդ գրքերն այլևս չկան և մեղքը չար ու նախանձ կախարդներինն է։ Ներեցեք ինձ, ձերդ ողորմածություն, որ ես խախտեցի ձեր պատմությունը չընդհատելու խոստումս, սակայն երբ որ ես լսում եմ ասպետական գործերի և թափառական ասպետների մասին, ինձ համար նույնքան անհնար է լինում զսպել ինձ և չխոսել այդ առիթով, ինչպես արևի ճառագայթներին՝ չտաքացնել, իսկ լուսնի ճառագայթներին՝ չխոնավացնել հողը։ Ուստի ներեցեք և շարունակեցեք, որովհետև ժամանակ է, որ մենք վերադառնանք գործի։
Քանի որ դոն Կիխոտն արտասանում էր այս ճառը, Կարդենիոն նստած էր գլուխը կախ արած կրծքին և ըստ ամենայնի երևում էր, որ նա խորունկ մտախոհության մեջ է։ Դոն Կիխոտն արդեն երկու անգամ խնդրել էր, որ նա շարունակի պատմությունը, բայց նա գլուխը չէր բարձրացնում և ոչ մի խոսք չէր պատասխանում։ Վերջապես երկար ժամանակ անց, նա շտկվեց և ասաց․
― Ես հաստատ հավատացած եմ, որ ոչ ոք աշխարհիս երեսին չի կարող հակառակը հավատացնել և հարկադրել, որ ես կարծիքս փոխեմ, որովհետև ով որ կարծում է կամ ենթադրում այլ կերպ, պարզապես ապուշ է։ Այո՛, ես հաստատ հավատացած եմ, որ այդ մեծագույն խարդախը՝ վարպետ Ելիստրատը, սիրային կապ է ունեցել Մադա՛սիմա թագուհու հետ։
― Բնա՛վ, կերդվեմ ինչով որ կամենաք, ― բացականչեց դոն Կիխոտը սաստիկ ցասումով (որ իրականում, ըստ իր սովորության, մի քիչ ավելի ուժգին արտահայտվեց), ― դա սարսափելի ամբաստանություն է, կամ ավելի լավ ասած՝ ստորություն։ Մադա՛սիմա թագուհին ազնվագույն տիկին է եղել և չի կարելի երևակայել, որ նա սիրային կապ ունեցած լինի ինչ֊որ ձիաբույժի հետ։ Իսկ ով որ հակառակն է պնդում, ստում է ամենաետնյալ անպիտանի պես, և ես այդ կապացուցեմ նրան թե՛ ձի հեծած, թե՛ փիադա, թե՛ սպառազինված, թե՛ զինաթափ, թե՛ ցերեկով, թե՛ գիշերը ― մի խոսքով, ինչպես նրա ճաշակին ավելի սազ գա։
Կարդենիոն ուշի֊ուշով նայում էր նրան՝ խելագարության թափն արդեն բռնել էր նրան, և հիմա նա իր պատմությունը շարունակելու գլուխ չուներ, ասենք՝ դոն Կիխոտն էլ տրամադիր չէր ունկնդրելու ― այնպես էր վրդովվել նա Մադա՛սիմա թագուհու մասին ասվածից։ Զարմա՜նք բան։ Նա նույն թափով պաշտպան դուրս եկավ թագուհուն, ինչպես եթե նա լիներ իր իսկական և բնական հրամայողը։ Ահա՛ թե ինչ օրի էին գցել նրան անիծյալ գրքերը։ Ուստի, քանի Կարդենիոն բռնված էր խելագարությամբ ― դրան ավելացավ այն, որ նա լսեց, ինչպես իրեն ստախոս, անպիտան և այլ հիշոցներ են ասում, ― այդ կատակը նրան դուր չեկավ։ Նա բարձրացրեց իր ոտերի տակ ընկած քարը և այնպիսի ուժով նետեց ուղղակի դոն Կիխոտի կրծքին, որ նա գլորվեց մեջքի վրա։ Սանչո Պանսան, տեսնելով, թե ինչպես են իր տիրոջ հախիցը գալիս, բռունցքները սեղմած վրա տվեց խելագարի վրա, բայց Ցնցոտեկիրը նրան այնպես դիմավորեց, որ մի հարվածով գետնին խփեց, կանգնեց վրան և ոտներով համարեց նրա կողերը, ինչքան որ սիրտը ուզեց։ Հովիվը կամեցավ պաշտպանել նրան, բայց նրան էլ նույն բախտը վիճակվեց։ Երեքին էլ մի լավ ջարդելուց ու տրորելուց հետո Ցնցոտեկիրը անվրդով հանգստությամբ լեռները քաշվեց։ Սանչոն վեր կացավ կատաղությամբ, որ իրեն զուր տեղից ջարդ ու բուրդ էին արել և վրա տվեց հովվի վրա, կամենալով նրանից վրեժ լուծել․ նա գոռում էր, որ մեղքը հովվին է, որ չի նախազգուշացրել իրենց, որ այդ մարդը ենթակա է խելագարության բռնկումներին։ Որ եթե նա այդ արած լիներ, իրենք զգույշ կլինեին և կնախապատրաստվեին ինքնապաշտպանության։ Իսկ հովիվը պատասխանում էր, որ ինքը նախազգուշացրել է, իսկ եթե Սանչոն պարզապես չի լսել, ապա մեղքն իրենն է։ Սանչոն ինչ֊որ առարկում էր հովվին, հովիվը՝ առարկում էր Սանչոյին։ Խոսքերից նրանք անցան գործի, բռնեցին իրար միրքից և սկսեցին իրար այնպես ծեծել, որ եթե դոն Կիխոտը խաղաղություն չհաստատեր, ապա թվում է, թե նրանք իրար պատառ֊պատառ կանեին։ Կռվի բռնվելով այծարածի հետ՝ Սանչոն գոռում էր․
― Թողեք ինձ, ձերդ ողորմածություն, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ։ Այս ղոչաղը նույնպիսի գեղջուկ է, ինչպես և ես, ոչ ոք նրան ասպետ չի կարգել, ուստի ես ունեմ իրավունք նրա հասցրած վիրավորանքների տեղը հանելու և մուշտակռվի բռնվելու՝ որպես ազնիվ մարդ։
― Այդ մեկը ճիշտ է, ― ասաց դոն Կիխոտը, ― բայց ես գիտեմ, որ նա մազաչափ մեղավոր չէ եղածի համար։
Սրանով էլ նա հաշտեցրեց նրանց, ապա հարցրեց հովվից միջոց կա՞ արդյոք Կարդենիոյին գտնելու, որովհետև ինքը չափազանց հետաքրքիր է պատմության վերջն իմանալու։ Հովիվը կրկնեց այն, ինչ որ առաջ ասել էր՝ ինքը ստույգ չգիտի, որտեղ է կենում Կարդենիոն և ավելացրեց, որ եթե դոն Կիխոտը էլի թափառելու լինի այս լեռներում, անշուշտ նրան կհանդիպի կամ առողջ մտքով կամ խելագարությամբ բռնված։