— Թունավոր լեզվի՞ն: Արդյոք այդ դու՞ չես ուզում խայթել թիկունքից, օձի՛ ճուտ,— չկարողացավ չարությունը զսպել Սարումանը: — Սակայն արի չվիճենք Էոմե՛ր, որդի՛ Էոմունդի: — Սարումանի ձայնը կրկին փափկեց: — Ամեն մեկին մի բան է տրված: Դու քաջարի դյուցազն ես, փառք ու պատիվ քեզ: Տիրակալիդ հրամանով սպանիր առանց խղճալու, դա է քո փառավոր ճակատագիրը, բայց մի խառնվիր պետական գործերին, որոնցից բան չես հասկանում: Բայց եթե քեզ վիճակված է ժառանգել գահը, ապա բարեկամներ ընտրելուց խելամիտ եղիր: Սարումանի բարեկամությունը և Օրթհանքի իշխանությունը մերժելը խելամիտ արարք չէ: Դրանից չի կարելի հրաժարվել, նույնիսկ եթե անցյալում մեր միջև թյուրիմացություններ են եղել: Մեկ ճակատամարտում հաղթանակ տանել դեռ չի նշանակում պատերազմում հաղթել: Այո, դուք հաղթանակ տարաք, բայց շատ կասկածելի դաշնակցի օգնությամբ, որի վրա հույս դնել այլևս չեք կարող: Անտառային այդ արարածները հուսալի դաշնակիցներ չեն: Ինչ իմանաս, գուցե մի օր էլ դուք հայտնվեք անտառի ստվերում, քանզի նրանք ատում են մարդկանց: Թագավոր Թեոդեն, մի՞թե ես մարդասպանի անուն եմ վաստակել միայն այն պատճառով, որ արդար մարտում զոհվել են քո քաջարի ռազմիկները: Երբ պատերազմ է սկսվում, թեև ես պատերազմ չէի ուզում, զոհերն անխուսափելի են: Եթե դու շարունակես ինձ մարդասպան անվանել, ապա ես կպատասխանեմ քեզ, որ այդ դեպքում Էորլի ողջ տոոհմը ոտքից գլուխ թաթախված է արյան մեջ, քանզի ձեր վարած պատերազմների հաշիվը վաղուց խառնվել է, և մեկ անգամ չի եղել, որ դուք եք առաջինը հարձակվել ձեր անհնազանդ ու համարձակ հարևանների վրա: Սակայն հաղթելուց հետո խաղաղություն եք կնքել նրանց հետ, քանզի ավելի լավ է վատ խաղաղություն, քան վեճ ու կռիվ: Եվ այսպես, խոսքը քոնն է, թագավոր Թեոդեն, խաղաղության դաշիննք կնքենք և կրկին դառնանք բարեկամնե՞ր: Դա միայն մենք կարող ենք որոշել, ուրիշ ոչ մեկ:
— Այո, մենք խաղաղություն ենք ուզում,— վերջապես դժվարությամբ և խռպոտ ձայնով խոսեց Թեոդենը: Ռոհանցիները ցնծացին ուրախ բացականչություններով, բայց թագավորը բարձրացրեց ձեռքը և արդեն մաքուր ձայնով շարունակեց. — այո, մենք խաղաղություն ենք ուզում և խաղաղություն կտիրի, երբ ոչնչացնենք այն ամենը, ինչը ստեղծել եք դու և քո Սև Տիրակալը: Դու ստախոս ես, Սարուման, իսկ սուտը սրտեր է ապականում: Դու ինձ օգնության ձեռք ես մեկնում, բայց ձեռքի փոխարեն ես տեսնում եմ Մորդորյան ճիրանճիրան՝ երկար և սուր: Պատերազմը սկսվել է քո պատճառով. եթե նույնիսկ տասնապատիկ իմաստուն լինիր, դա պատճառ չէ, և դու իրավունք չունես ինձանից և իմ ժողովրդից ստրկական հնազանդություն պահանջելու: Իսկ եթե պատերազմը դու չես սկսել, միևնույնն է, այդ քո օրքերն են հրդեհել Վեսթֆոլդը և խեղդամահ արել երեխաներին, այդ նրանք են կտոր-կտոր արել Համայի անշունչ մարմինը Հորնբուրգի դարպասի տակ: Ո՛չ, խաղաղություն կտիրի միայն այն ժամանակ, երբ քո մարմինը կախված կլինի հենց այդ ճաղերից և համեղ պատառ կդառնա քո իսկ ագռավների համար: Ահա Էորլի տան դատավճիռը: Գուցեև ես արժանի չեմ իմ նախնիներին, սակայն քո ստրուկը երբեք չե՛մ դառնա: Քծնիր և դավաճանիր ուրիշներին, թեպետ, վախենում եմ, որ ձայնդ այլևս նախկին զորությունը չունի:
Ռոհանցիները, ասես արթնանալով քնից, զարմանքով նայեցին Թեոդենին: Սարումանի երգեցիկ ձայնից հետո թագավորի ձայնը նրանց ագռավի կռռռոց էր հիշեցնում: Բայց Սարումանը կորցրեց ինքնատիրապետումը, չկարողացավ զսպել կատաղությունը և գավազանը մեկնած կտրուկ առաջ թեքվեց ճաղերի վրայով, ասես ուզում էր հարվածել թագավորին: Շատերին նույնիսկ թվաց, թե նա մի ակնթարթ նմանվեց խայթելու պատրաստ օձի:
— Ա՜խ կախված,— ֆշշացրեց նա, և բոլորը ցնցվեցին նրա զայրույթից աաղավաղված ձայնի փոփոխությունից: — Անմիտ խելագա՛ր, տենում եմ մանկության գիրկն ես ընկել: Ի՞նչ է Էորլի տունը, եթե ոչ ծղոտով ծածկված հեղձուկ խրճիթ, որտեղ քո վայրենիները անասունի պես հարբած վիճակում կոպիտ երգեր են երգում, իսկ նրանց լակոտները քոսոտ շների հետ սողում են սեղանների տակ: Այդ քե՛զ է կաղաղան սպասվում: Բայց ոչինչ, օղակն արդեն ձգվում է: Նա, ով ձգում է այդ օղակը, չի շտապում, բայց այն, թեև դանդաղ, բայց ամուր սեղմվում է: Խեղդվե՛ք, եթե դա է քո կամքը: — Սարումանի ձայնը փոխվեց, կախարդը աստիճանաբար տիրապետեց իրեն: — Չգիտեմ, ճիշտն ասած, ինչի համար եմ խոսքեր շռայլում, որտեղի՞ց ինձ այսքան համբերություն: Դու էլ չես ինձ պետք, ձիապան Թեոդեն, դու, և քո վախկոտ զորքը, որը փախչում է մարտի դաշտից նույնքան արագ, որքան հարձակվում է: Շատ ջրեր են հոսել այն պահից, երբ ես առաջին անգամ առաջարկեցի քեզ դառնալ իմ դաշնակիցը, թեև դու արժանի չէիր այդ պատվին ո՛չ խելքով, ո՛չ էլ քաջությամբ: Այսօր ես կրկնեցի իմ առաջարկը, որպեսզի նրանք, ում դու տանում ես մահվան ընդառաջ, հասկանան վերջապես, թե ինչ վտանգավոր ճանապարհի վրա են կանգնած: Դու պատասխանեցիր ինձ պարծենկոտ չարամտությամբ: Ի՜նչ արած, թող այդպե՛ս լինի: Կորե՛ք ձեր խրճիթները:
Բայց դու՛, Գե՛նդալֆ, ամենից շատ ես վշտանում եմ քո պատճառով: Ես ամաչում եմ քո փոխարեն: Այս ու՞մ հետ ես եկել: Չէ՞ որ դու հպարտ ես, Գենդալֆ