— Ա՜խ կախված,— ֆշշացրեց նա, և բոլորը ցնցվեցին նրա զայրույթից աաղավաղված ձայնի փոփոխությունից: — Անմիտ խելագա՛ր: Տեսնում եմ մանկության գիրկն ես ընկել: Ի՞նչ է Էորլի տունը, եթե ոչ ծղոտով ծածկված հեղձուկ խրճիթ, որտեղ քո վայրենիները, անասունի պես հարբած, կոպիտ երգեր են երգում, իսկ նրանց լակոտները քոսոտ շների հետ սողում են սեղանների տակ: Այդ դու՛ պետք է օրորվես պարանից կախված: Բայց ոչինչ, օղակն արդեն ձգվում է: Նա, ով ձգում է այդ օղակը, չի շտապում, բայց այն, թեև դանդաղ, բայց ամուր սեղմվում է: Խեղդվե՛ք, եթե դա է քո կամքը: — Սարումանի ձայնը փոխվեց, կախարդը աստիճանաբար տիրապետեց իրեն: — Չգիտեմ, ճիշտն ասած, ինչի համար եմ խոսքեր շռայլում, որտեղի՞ց ինձ այսքան համբերություն: Դու էլ չես ինձ պետք, ձիապան Թեոդեն, դու, և քո վախկոտ զորքը, որը փախչում է մարտի դաշտից նույնքան արագ, որքան հարձակվում է: Շատ ջրեր են հոսել այն պահից, երբ ես առաջին անգամ առաջարկեցի քեզ դառնալ իմ դաշնակիցը, թեև դու արժանի չէիր այդ պատվին ո՛չ խելքով, ո՛չ էլ քաջությամբ: Այսօր ես կրկնեցի իմ առաջարկը, որպեսզի նրանք, ում դու տանում ես մահվան ընդառաջ, հասկանան վերջապես, թե ինչ վտանգավոր ճանապարհի վրա են կանգնած: Դու պատասխանեցիր ինձ պարծենկոտ չարամտությամբ: Ի՜նչ արած, թող այդպե՛ս լինի: Կորե՛ք ձեր խրճիթները:
Բայց դու՛, Գե՛նդալֆ, ամենից շատ ես վշտանում եմ քո պատճառով և, ներիր, ամաչում եմ քո փոխարեն: Ու՞մ հետ ես դու ինձ մոտ եկել: Չէ՞ որ դու հպարտ ես, Գենդալֆ,և հպարտանալու իրավունք ունես. մտքերդ ազնիվ են, աչքերդ սրատես և խորաթափանց: Կլսե՞ս իմ խորհուրդը:
Գենդալֆը շարժվեց և բարձրացրեց հայացքը:
— Մեր վերջին հանդիպման ժամանակ դու ինչ-որ բա՞ն ես մոռացել ինձ ասել,— հարցրեց նա: — Կամ, գուցե, ուզում ես հե՞տ վերցնել խոսքերդ:
Սարումանը լռեց:
— Հե՞տ վերցնել խոսքերս,— մտահոգ ու զարմացած կրկնեց նա: — Ինչու՞ հետ վերցնեմ: Քեզ համար անհանգստանալով, քո մասին հոգ տանելով, փորձում էի օգնել քեզ իմաստուն խորհուրդներով, բայց դու չէիր ուզում ինձ լսել: Դու հպարտ ես, և չես սիրում, երբ քեզ խորհուրդներ են տալիս, բայց ես քեզ չեմ դատապարտում, չէ՞ որ դու իմաստուն ես: Բայց այն ժամանակ, իմ կարծիքով, դու սխալվեցիր: Դու չուզեցար ինձ հասկանալ, իսկ ես բոլորովին այլ բան էի ուզում: Ես, ուղղակի, այնպես էի ուզում քեզ դարձի բերել ճիշտ ուղու վրա, որ կորցրեցի համբերությունս... Հավատա, ես զղջում եմ կատարվածի համար և թշնամանք չեմ տածում քո հանդեպ: Նույնիսկ հիմա, թեև դու այստեղ ես եկել մի խումբ անգրագետ վայրենիների ուղեկցությամբ, ես պատրաստ եմ գրկել քեզ: Մի՞թե մենք կարող ենք վիճել, չէ՞ որ մենք միևնույն հնագույն եղբայրության, Միջերկրի իմաստունների խորհրդի անդամ ենք: Մեր բարեկամությունը երկուսիս էլ ձեռնտու է: Մենք դեռ շատ բան կարող էինք անել միասին: Թողնենք անիմաստ վեճերը, հասկանանք միմյանց և չներգրավենք կողմնակի անձանց մեր գործերին: Թող մեր որոշումները օրե՛նք լինեն նրանց համար: Մի խոսքով, ես պատրաստ եմ մոռանալ անցյալը և ընդունել քեզ: Հանուն ընդհանուր բարորության, զսպի՛ր հպարտությունդ, լսիր իմ խորհուրդը: Բարձրացիր ինձ մո՛տ:
Այնքան զորություն և գայթակղություն կար այդ վերջին փորձի մեջ, որ ներկաները լսածից ցնցված լուռ քարացել էին: