Changes

Մատանիների Տիրակալը

No change in size, 17:13, 22 Ապրիլի 2015
/* Գլուխ առաջին. Բորոմիրի վերջին ուղևորությունը */
— Նշանակում է ճիշտ ճանապարհի վրա եմ,— ասաց նա բարձրաձայն,— Ֆրոդոն ուղևորվել է դեպի գագաթը: Կուզենայի իմանալ, նա այնտեղ ի՞նչ է տեսել: Չնայած, ինչ էլ որ տեսած լինի, մեկ է, նույն ճանապարհով պիտի վերադառնար, այլ ճանապարհ չկա:
Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չբարձրանա՞ արդյոք Ամոն Հենի գագաթը, միգուցե այնտեղ` քարե նստարանի մոտ, նրա աչքերի առաջ կբացվի ինչ -որ կարևոր բան, և կասկածները կցրվե՞ն: Ժամանակը չկար, բայց նա որոշեց և վազելով առաջ՝ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին` նա սկսեց ուշադիր զննել, բայց արևը հասցրել էր մայր մտնել, և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց Միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում` այն նույն թռչունին, որ արծվի էր նման: Թռչունը դանդաղորեն, լայն շրջաններ գծելով, իջնում էր դեպի տափաստանը:Եվ այդ պահին հետքագետի սուր լսողությանը հասավ ինչ -որ տարօրինակ աղմուկ, որը գալիս էր ներքևից՝ գետի արևմտյան կողմում փռված անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում լսվում էին ինչ -որ ճչոցներ, և ի սարսափ իրեն նա զանազանեց նաև օրքերի ձայներ:
Եվ հանկարծ տարածվեց ցածր, բայց հզոր եղջերափողի ձայնը. բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում` այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
Այդ ընթացքում ճչոցներն ու աղմուկը սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը` թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Կատաղի ու սահմռկեցուցիչ օրքերի ոռնոցից հետո հանկարծ եղջերափողի ձայնը մարեց: Արագորնին քիչ էր մնում վազել, բայց, մինչ նա կհասներ սարի ստորոտին, աղմուկն արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ` այնտեղ, որտեղից լսվում էին ձայները, Արագորնը հասկացավ, որ աղմուկր հեռանում է: Շուտով ամեն ինչ լռեց: Ճանկելով արևի տակ շողշողացող սուրը` Արագորնը ճչաց. «Էլենդի՛լ, Էլենդի՛լ», և ցատկեց առաջ՝ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ մղոն հեռու՝ մի ոչ մեծ բացատում, նա գտավ Բորոմիրին: Վերջինս նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Սակայն Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին ռազմիկի կրծքին ցցված նետերի սև ծայրերը: Բորոմիրը ձեռքի մեջ դեռ սեղմում էր ջարդված սրի բռնակը, իսկ կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:
Արագորնը ծնկի իջավ Բորոմիրի կողքին: Նա բացեց աչքերը և փորձեց ինչ -որ բան ասել: Վերջապես ծնոտները շարժվեցին:
— Ես փորձում էի խլել մատանին Ֆրոդոյից,— դժվարությամբ արտաբերեց նա: — Ես ընդունում եմ իմ մեղքը: Բայց ես պատասխան տվեցի դրա համար:
Վստահելի
1342
edits