— Ինչ էլ որ եղած լինի մեզ համար սա հույսի նշան է,— ասաց Լեգոլասը: — Օրքերի թշնամիները ամենայն հավանականությամբ մեր դաշնակիցներն են: Այս լեռներում բնակիչնե՞ր կան:
— Ոչ, չկան,— պատասխանեց Արագորնը: — Ռոհիրրիմները այս կողմերում հազվադեպ են երևում, իսկ Մինաս Թիրիթը հեռու է: Եթե միայն ինչ -որ մեկը չի որոշել այստեղ որս անել... Բայց ի՞նչ որսաս այստեղ... Ո՛չ, կարծում եմ որսորդներն այստեղ կապ չունեն:
— Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրես այս ամենը,— հարցրեց Ջիմլին:
— Տեսե՛ք,— բացականչեց Լեգոլասը, ձեռքը մեկնելով դեպի գունատ երկինքը: — Նորից այն արծիվը, միայն թե այս անգամ շատ բարձր է թռչում: Երևում է հետ՝ հյուսիս է վերադառնում և շատ արագ է թռչում: Տեսնո՞ւմ եք:
— Ոչ, իմ բարի Լեգոլաս, նույնիսկ իմ աչքերը նրան չեն տեսնում,— պատասխանեց Արագորնը: — Երևի նա իսկապես շատ բարձր է թռչում: Եթե դա այն նույն թռչունն է, ապա կուզենայի իմանալ թե ինչ հանձնարարությամբ է ուղարկված: Բայց նայի՛ր, հարթավայրում նույնպես ինչ -որ բան է շարժվում և շատ ավելի մոտ է: Կարծում եմ այն ուղղակիորեն մեզ հե՛տ է կապված:
— Այո, այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Դա մի մեծ հետյոտն ջոկատ է, բայց ի՞նչ ջոկատ է՝ չեմ կարող ասել: Այն բավականին հեռու է, կլինի մի տասներկու լիգ այստեղից, թեպետ, հարթավայրը խաբուսիկ է, և ես կարող եմ սխալվել:
Հանկարծ Արագորնը ճչաց.
— Ապասե՛ք, մի՛ եկեք իմ ետևից,— և թեքվեց դեպի ձախ: Երկու փոքրիկ ոտաբոբիկ ոտքերի հետքը տանում էր գլխավոր արահետից դուրս: Սակայն, շուտով այն ընդհատվում էր մեկ այլ՝ օրքային կոպիտ հետքով, և փոքրիկ ոտքերի հետքը կտրուկ շրջադարձ կատարելով կորչում էր տրորված խառնաշփոթում: Արագորնը կռացավ, ինչ -որ բան վերցրեց գետնից, ապա վազելով վերադարձավ ընկերների մոտ:
— Ես ճիշտ էի,— հայտարարեց նա,— հոբիթի հետք է: Ամենայն հավանականությամբ Փինի հետքն է՝ Մերին ավելի բարձրահասակ է: Տեսե՛ք:
Նա լռեց՝ նայելով հյուսիս արևմուտքում թանձրացող խավարին:
— Ոչ, գիշերով չարժե գնալ,— վերջապես ասաց նա: — Երկու չարիքից մեծագույնը հետքը կորցնելն է, կամ ինչ -որ մի նշան բաց թողնելը: Եթե լուսինը պայծառ լուսավորեր, ընտրությունն այլ կլիներ, բայց, ցավոք, լուսինը նոր է բոլորել և շուտ էլ մայր է մտնում:
— Միևնույնն է երկինքն անպամած է,– փնթփնթաց Ջիմլին: –Ա՜խ, ափսոս Լորիենի տիրուհին մեզ էլ չնվիրեց Ֆրոդոյի լուսարձակող անոթից...
Նա պառկեց խոտերին ու ականջը դրեց գետնին: Երկար ժամանակ չէր շարժվում: Ջիմլին սկսեց կասկածել. «Հո չի՞ քնել հետքագետը, կամ գուցե ուշագնա՞ց է եղել»: Այդ ընթացքում երկինքը սկսեց լուսավորվել և հարթավայրի վրա տարածվեց մոխրագույն կիսախավարը: Վերջապես Արագորնը վեր կացավ. նրա դեմքը գունատ էր ու հոգնած, հայացքում տագնապ կար:
— Ձայները շատ խուլ են ու խառնիխուռն,— ասաց նա: — Մի բան հաստատ է, շրջակա մի քանի մղոնի վրա հարթավայրը ամայի է: Մեր թշնամիների ոտքերի ձայնը հազիվ է լսվում, վախենում եմ, նրանք շատ են հեռացել: Փոխարենը, որքան գնում, ավելի հստակ է լսվում սմբակների ձայնը: Ինձ թվում է, որ ես դեռ երազում էի դրանք լսում... Ինչ -որ ձիեր էին, քառատրոփ արշավով արևմուտք էին սլանում: Բայց, հիմա նրանք, կարծես թե, շրջվել են դեպի հյուսիս և սրնթաց հեռանում են մեզանից: Կուզենայի իմանալ, ինչ է կատարվում այս հողերում:
— Շարժվեցի՛նք,— գոչեց Լեգոլասը:
— Հույսին՝ հնարավոր է, բայց ջանքերին՝ ո՛չ,— արձագանքեց Արագորնը: —Հետ չենք դառնա, դա հաստատ: Բայց ինչքա՜ն եմ ես հոգնել... — Նա շրջվեց դեպի հետ, որտեղ թանձրանում էր խավարը, և ավելացրեց.
— Այստեղ ինչ որ տարօրինակ բան է կատարվում: Չեմ հավատում այս չափից ավելի լռությանը: Եվ այս գունատ լուսնին նույնպես չեմ հավատում: Աստղերը հազիվ են առկայծում, և ինչ -որ աննախադեպ հոգնածություն է վրաս իջել: Հետքագետին վայել չէ ճանապարհի կեսին այսպես հոգնել: Ինչ -որ մեկն օգնում է մեր թշնամիներին՝ ուժ տալով նրանց, իսկ մեր առջև ինչ -որ անտեսանելի արգելքներ տարածում: Ճիշտն ասած, ոտքերս այնքան չեն ծանրացելել, որքան սիրտս:
— Իրոք այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Ես զգացել եմ այդ ծանրությունը դեռ այն ժամանակ, երբ Էմին Մուիլի լանջերից իջանք հարթավայր: — Էլֆը ձեռքը պարզեց արևմուտք՝ դեպի Ռոհանի մթին դաշտերը: — Թշնամական անտեսանելի արգելքների ակունքը մեր հետևում չէ, այլ առջևում,— ասաց նա:
— Դե, ուրեմն, առա՛ջ,— փնթփնթաց Ջիմլին: — Պարտադիր չի, որ մեր ոտքերն իմանան, թե ինչքան լիգ կա առջևում: Թեպետ, եթե սրտներս ուրախ լիներ, ոտքներս էլ չէին բողոքի...
Երբ արևն արդեն մայր էր մտնում, բարեկամները անցան վերջին բլուրը: Ամբողջ օրը նրանք վազել էին առանց հանգստանալու և հիմա ստիպված անցել էին քայլքի: Ջիմլին հոգնածությունից կորացել էր: Սովորաբար թզուկները թե ճանապարհին, թե աշխատանքի ժամանակ, ժայռի պես տոկուն են, սակայն անվերջանալի հետապնդումը ծանր էր անդրադարձել թզուկի վրա, և մեծամասամբ այն պատճառով, որ հաջողության հասնելու հույսը գրեթե մարել էր նրա սրտում: Արագորնը քայլում էր լուռ ու մռայլ, ժամանակ առ ժամանակ կռանալով և ուշադիր զննելով հետքը՝ հույս ունենալով արահետում կրկին ինչ - որ մի նշան գտնել: Միայն Լեգոլասն էր, որ քայլում էր առաջվա պես թեթև. թվում էր, թե նրա ոտքերը չէին դիպչում գետնին: Համենայն դեպս, նա հետքեր չէր թողնում: Նա սնվում էր միայն էլֆերի ճանապարհային գալեթներով և, եթե կարելի է այդպես ասել, քնում էր ոտքի վրա: Այդ քնի ժամանակ նրա հոգին թափառում էր էլֆերի հեռավոր ու զարմանահրաշ անուրջների արահետներում, իսկ բանականությունը մնում էր ընկերների հետ՝ արևի պայծառ լույսով ողողված երկրային ճանապարհին:
— Եկեք բարձրանանք ա՜յ այն կանաչ բլրի գլուխը,— առաջարկեց էլֆն ու վազեց բլրի լանջն ի վեր:
Արագորնն ու Ջիմլին հոգնած հետևեցին նրան: Բլուրը մի փոքր առանձնացած էր մյուսներից: Մինչ նրանք կբարձրանային, արևը վերջնականապես կորավ հորիզոնում, և իրիկնային կիսախավարի վարագույրը պարուրեց հարթավայրը: Բարեկամների աչքերի առջև բացված տեսարանը հուսադրող չէր: Նրանք կանգնած էին մոխրագույն ու միապաղաղ հարթավայրի մեջտեղում, որը խառնվում էր իրիկնային մշուշին ու լուծվում անվերջանալի խավարում: Եվ միայն հյուսիս արևմտյան կողմում ինչ -որ բան էր սևին տալիս թանձրացող խավարում: Մառախլապատ Լեռնաշղթան էր սկսում, որի ստորոտին էլ հենց փռված էր անտառը:
— Ոչինչ չի երևում,— ասաց Ջիմլին: — Ժամանակն է կանգ առնել ու գիշերելու պատրաստություն տեսնել: Ցրտում է, զգու՞մ եք:
— Արդեն երեք լուսաբաց ենք դիմավորել հետապնդումը սկսելուց հետո, և ի՞նչ օգուտ,— ուսերը թոթվեց Ջիմլին:
Ցրտաշունչ գիշեր էր: Արագորնն ու Ջիմլին քնել էին անհանգիստ քնով: Ժամանակ առ ժամանակ արթնանալով նրանք տեսնում էին Լեգոլասին, որը, մեկ անշարժ կանգնած էր նրանց կողքին, մեկ էլ անձայն քայլում էր այս ու այն կողմ և քթի տակ էլֆերեն ինչ -որ երգ երգում: Ի պատասխան նրա երգի՝ երկնքում մեկը մյուսի հետևից բոցավառվում էին աստղերը: Այդպես անցավ գիշերը: Լուսաբացը դիմավորեցին միասին. նայում էին, թե ինչպես է լուսավորվում անամպ ու ջինջ երկինքը: Վերջապես ծագեց գունատ արևը: Արևելյան քամին ցրեց մշուշը, և պայծառ, բայց տխուր լույսը ողողեց հարթավայրը:
Արևելքում, ինչքան աչքդ կտրեր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել՝ շատ հեռվից, Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում սևին էր տալիս Ֆենգորնի անտառը, բայց դեռ մի տասը լիգ կլիներ մինչև անտառեզր: Մշուշապատ Լեռները հալվում էին հորիզոնի կապույտում, իսկ մոխրագույն ամպերի միջից վեր էր խոյանում Մեթեդրեսի՝ ամենաբարձր լեռան գագաթը: Անտառի միջից, նեղ հունով և բարձրադիր ափերով, բարեկամներին ընդառաջ էր վազում արագընթաց Էնտուոշը: Օրքերի հետքը ուղիղ այնտեղ էր տանում:
Առաջնորդն իջավ ձիուց, նիզակը տալով զինակիցներից մեկին: Դուրս քաշելով սուրը պատյանից, նա մոտեցավ Արագորնին և սկսեց զարմացած հայացքով ոտքից գլուխ չափչփել նրան:
— Սկզբում ես ինքս ձեզ օրքերի տեղ դրեցի, բայց հիմա տեսնում եմ որ սխալվել եմ... — վերջապես ասաց նա: — Սակայն, ձեզանից ի՞նչ որսորդ: Ո՞վ է հետապնդում օրքերին այսպիսի ջոկատով: Նրանք շատ ճարպիկ են կռվի դաշտում և լավ զինված են: Էլ չխոսեմ նրանց քանակից: Բախտներդ բերել է, որ չեք հանդիպել նրանց, թե չէ որսորդներից կվերածվեիք որսի: Բայց գիտե՞ս ինչ, Պանդուխտ, քո մեջ ինչ -որ տարօրինակ բան կա: — Նա ուշադիր հայացք նետեց Արագորնի վրա: — Պանդուխտ... Մի՞թե դա անուն է: Նույնիսկ հագուստդ է տարօրինակ: Որտեղի՞ց հայտնվեցիք: Ինչպե՞ս կարող էինք ձեզ չնկատել: Միգուցե դուք էլֆե՞ր եք:
— Ոչ,— պատասխանեց Արագորնը,— մեզանից միայն մեկն է էլֆ՝ Լեգոլասը, հյուսիսային Չարքանտառից: Բայց մեր ճանապարհը անցել է Լոթլորիենով, որի տիրուհին՝ ի նշան բարեկամության, մեզ ճանապարհել է նվերներով:
Էոթայնը քթի տակ փնթփնթալով հեռացավ՝ ջոկատին փոխանցելու առաջնորդի հրամանը: Էոմերը մնաց օտարականների հետ:
— Տարօրինակ են զրույցներդ Արագո՛րն,— ասաց նա,— բայց ես զգում եմ, որ դու չես խաբում: Մենք՝ ռոհանցիներս, երբեք չենք ստում, այդ պատճառով էլ մեզ հեշտ չէ խաբել: Չնայած ինչ -որ բան թաքցնում ես: Կպատմե՞ս ինձ ձեր ճանապարհորդության իրական նպատակի մասին:
— Մեր ճանապարհորդությունը սկսվել է Իմլադրիսից,— պատասխանեց Արագորնը,— այն նույն Իմլադրիսից, որի մասին խոսվում է գուշակությունում: Այդ օրվանից արդեն շատ շաբաթներ են անցել: Բորոմիրն էլ էր մեր ջոկատում: Ես պետք է գնայի նրա հետ Գոնդոր, որպեսզի օգնեի Սաուրոնի դեմ պատերազմում: Սակայն ջոկատը ուրիշ նպատակ էր հետապնդում, որի մասին ես հիմա խոսելու իրավունք չունեմ: Մեր ջոկատի առաջնորդը Գենդալֆ Մոխրագույնն էր:
— Չգիտեմ: մտածում եմ, որ նրանք սպանված են և այրված օրքերի հետ միասին, բայց դու դա բացառում ես, և ես քեզ հավատում եմ: Կարող եմ եզրակացնել միայն մի բան: Մարտից առաջ նրանք փախել են անտառ: Երևի դա տեղի է ունեցել նախքան օրքերին շրջափակման մեջ վերցնելը: Դու վստա՞հ ես, որ շրջափակումից ոչ ոք դուրս չի պրծել:
— Կարող եմ երդվել, որ ոչ մի օրք չի դուրս եկել շրջափակումից,— գոչեց Էոմերը: — Իսկ եթե ինչ -որ մեկը կարողացել է դուրս պրծնել օղակից, ուրեմն նա հաստատ ամենաքիչը էլֆ կախարդ է:
— Մեր բարեկամները հագնված են ինչպես մենք,— նկատեց Արագորնը,— իսկ դուք մեզ չնկատեցիք:
— Դրա կարիքը չկա,— ասաց Ջիմլին: — Ռոհանցիները բավականաչափ փայտ են թողել, և բացի այդ՝ տարածքը լի է գետնին թափթփված չոր ճյուղերով:
Նա գնաց փայտ հավաքելու և քիչ անց արդեն խարույկ վառելու պատրաստություն էր տեսնում: Արագորնը նստեց շագանակենու տակ, մեջքը հենեց ծառի բնին ու խորասուզվեց մտքերի մեջ: Լեգոլասը միայնակ կանգնած, մարմնով թեքված դեպի առաջ, նայում էր անտառի անթափանց պատին, ասես ինչ -որ հեռավոր ձայներ էր լսում:
Վերջապես թզուկը փոքրիկ, բայց պայծառ խարույկ վառեց, և երեք ընկերները հավաքվեցին խարույկի շուրջը՝ իրենց մարմնով ծածկելով խարույկի լույսը ավելորդ աչքերից: Լեգոլասը պատահաբար բարձրացրեց գլուխը և նայեց դեպի խարույկը կռացած երկար ճյուղերին:
— Տեսե՛ք,— զարմացած բացականչեց նա,— կրակի ջերմությունը դուր է գալիս ծառին:
Հնարավոր է նրանց խաբում էին պարող ստվերները, բայց միաժամանակ երեքին էլ թվաց, թե ճյուղերը ճկվել ու ձգվում են դեպի կրակը, իսկ դարչագույն տերևները դողում են ու թեթև խշշոցով հպվում միմյանց: Հանկարծակի լռություն տիրեց, և երեքն էլ իրենց վրա զգացին մթության մեջ տարածված անծանոթ անտառի խորհրդավոր հայացքը: Անտառը հանգիստ շնչում էր խավարում ու թվում էր, թե նա միայն իրեն հայտնի ինչ -որ գաղտնիք է թաքցնում: Վերջապես Լեգոլասը խախտեց լռությունը:
— Հիշում եմ Սելեբորնը զգուշացնում էր մեզ Ֆենգորնի մասին,— ասաց նա: — Ասում էր, որ անտառի խորքը չգնանք: — Ինչ ես կարծում, ինչու՞, Արագո՛րն: Բորոմիրն էլ էր ինչ -որ ասույթների մասին պատմում: Ինչի՞ մասին է խոսվում այնտեղ:
— Շատ ասույթներ կան Գոնդորում, և ոչ միայն այնտեղ,— պատասխանեց Արագորնը: — Եթե Սելեբորնի խոսքերը չլինեին, ես կհամարեի դրանք դատարկ հնարանքներ, որոնց իրական իմաստը վաղուց արդեն կորստի է մատնվել: Ինքս էի ուզում քեզ հարցնել, ճշմարտություն կա՞ արդյոք դրանց մեջ: Բայց եթե նույնիսկ անտառային էլֆը չգիտի, էլ ի՞նչ սպասես մարդուց:
— Ձիե՛րը, ձիե՛րը չկան:
Ձիերն անհետ կորել էին: Նրանք պոկել էին գետնի մեջ խրված սեպերն ու կորել անհայտ ուղղությամբ: Ճակատագրի նոր հարվածից ցնցված, երեք ընկերները երկար ժամանակ անշարժ ու լուռ կանգնած էին: Նրանք գտնվում էին Ֆենգորնի անտառեզրին, և այդ ամայի վայրում ինչ -որ մեկից օգնության սպասելն անիմաստ էր: Ռոհանցիների բնակավայրերն այդտեղից շատ հեռու էին: Մի պահ կարծես նրանց ականջին հասավ ձիերի հեռավոր խրխնջյունը, և հետո լռություն տիրեց: Լսվում էր միայն տերևների թեթև խշշոցը:
— Եվ այսպես, ձիերին ստիպված ենք հրաժեշտ տալ,— վերջապես ասաց Արագորնը: — Ոչ հասնել նրանց և ոչ էլ գտնել չենք կարող: Ի՜նչ արած, կփորձենք առանց նրանց յոլա գնալ, եթե հանկարծ չցանկանան վերադառնալ: Մենք ոտքով սկսեցինք հետապնդումը, և բարեբախտաբար մեր ոտքերը դեռ մեզ հետ են...