— Հայտնվել ենք փակուղում, տեր իմ,— ասաց Սեմ Գեմջին: Նա անհույս կորացած կանգնած էր Ֆրոդոյի կողքին և լայն բացված աչքերով նայում էր խավարին:
Երրորդ անգամ էր արդեն մթնում, ինչ նրանք փախել էին ընկերներից, եթե իհարկե չէին խառնել հաշիվը՝ առանց դադարի մագլցելով Էմին Մուիլի բարձրավանդակի քարքարոտ լանջերով ու քարափներով:Երբեմն նրանք դեմ էին առնում պատնեշի և ստիպված էին լինում վերադառնալ իրենց հետքերով, իսկ երբեմն էլ հայտնաբերում էին, որ շրջան գծելով դուրս են եկել այնտեղ, որտեղ եղել էին մի քանի ժամ առաջ:Եվ այնուհանդերձ Սեմն ու Ֆրոդոն անշեղորեն շարժվում էին դեպի արևելք՝ աշխատելով հնարավորին չափ չհեռանալ քարերի և ժայռերի այդ տարօրինակ լաբիրինթոսի արտաքին եզրից: Լեռների մռայլ և անառիկ պատը ամենուր ուղղահայաց կախվում էր ներքև: Ստորոտում, ժայռաբեկերների ու խճաքարերի կույտերից այն կողմ, տարածվում էր կանաչա-մանուշակագույն տաղտկալի ճահճուտը, մեռած ու անշարժ: Նույնիսկ թռչուններ չկային այնտեղ: Հոբիթները կանգնած էին բարձր, լերկ ու ձանձրալի քարափի ծայրին, որի ստորոտը կորչում էր մշուշում, իսկ նրանց հետևում վեր էր խոյանում ամպերով պարուրված հողմահար ժայռերի քաոսը: Արևելքից սառը քամի էր փչում: Գիշեր էր իջնում ճահճուտի վրա. պղտոր-կանաչ գույնը գույնը փոխվում էր մոխրա-շագանակագույնի: Աջակողմյան հեռվում անանցանելի մշուշ էր, բայց ցերեկը, երբ երևում էր արեգակը, այնտեղ փայլում էր Անդուինի ժապավենը: Սակայն հոբիթները չէին նայում ոչ Գետից այն կողմ, ոչ Գոնդորի ուղղությամբ, թեև այնտեղ ինչ-որ տեղ գտնվում էին նրանց բարեկամները: նրանք նայում էին բոլորովին այլ կողմ՝ այնտեղ, որտեղից մոտենում էր փոթորկալից գիշերը, որտեղ տարածվում էր հեռավոր լեռների մութ գիծը, նման անշարժ ծխի քուլաների: Ժամանակ առ ժամանակ այնտեղ, երկնքի ու երկրի սահմանին, ինչ-որ բոսորագույն բռնկումներ էին երևում: — Փակուղում... — հոգոց հանեց Սեմը: — Առջևում տարածող այդ երկիրը Միջերկրի միակ վայրն է, որտեղ ես բոլորովին չեմ ուզում գնալ, բայց ահա քեզ խնդրեմ՝ մեզ հենց էնտեղ է պետք: Պետքը պետք է, բայց ոնց պտտվում ես, ճամփա չկա: Երևում է, մենք առհասարակ սխալ ուղղությամբ ենք գնացել: Ներքև իջնելու հնար չկա, իսկ եթե իջնես էլ՝ մինչև ականջներդ կխրվես դժվարանցանելի ճահճուտում: Թու՛, բա հոտը, զգու՞մ եք: — Եվ քիթը ֆսֆսացրեց: — Հա, զգում եմ,— արձագանքեց Ֆրոդոն, բայց տեղից չշարժվեց: Նրա հայացքը գամված էր հորիզոնի մութ գծին, որտեղ մերթ ընդ մերթ բռնկվում էր բոսոր կրակը: — Մորդոր,— կիսաձայն քրթմնջաց նա: — Եթե ստիպված եմ այնտեղ գնալ, ապա ի՞նչ իմաստ ունի ձգելը: Ինչքան արագ հասնենք, այնքան արագ կվերջացնենք: