Սանչոն պատասխանեց, թե նրանք կարող են մտնել, իսկ ինքը դուրսը կսպասի նրանց և հետո կբացատրի, թե ինչու չկամեցավ ներս մտնել, իսկ ինքը դուրսը կսպասի նրանց և հետո կբացատրի, թե ինչու չկամեցավ ներս մտնել և ինչու այդ իրեն չի սազում։ Բայց նա նրացից խնդրեց, որ հետները տաք կերակուր վերցնեն իր համար և Ռոսինանտի համար էլ գարի։ Նրանք բաժանվեցին և ներս մտան պանդոկը և մի քանի րոպեից հետո դալլաքը նրա համար կերակուր դուրս բերեց։ Մեր բարեկամները երկար ու բարակ խորհրդակցեցին, թե ինչ անեն, որ ըղձալի նպատակին հասնեն և վերջապես քահանայի գլխով մի միտք անցավ, որ լիովին դոն Կիխոտի ճաշակով էր և շատ հարմարավոր իրենց ձեռնարկած գործին՝ նա հայնտեց դալլաքին, որ մտածել է թափառական աղջկա զգեստ հագնել, իսկ դալլաքը պետք է զինակիր ներկայացներ։ Եվ այդ կերպով նրանք պիտի գնան լեռները դոն Կիխոտի մոտ։ Քահանան վիրավորված և զրկված աղջլա ձև կառնի և կխնդրի դոն Կիխոտից իրեն շնորհ անել և նա, իբրև արի թափառական ասպետ, չի կարողանա մերժել։ Իսկ այդ շնորհն էլ այն կլինի, որ դոն Կիխոտը նրա հետևից գնա ամենուր, ուր որ նա կամենա նրան տանել և վրեժխնդիր լինի վիրավորանքի համար, որ մի չար ասպետ նրան հասցրել է։ Միևնույն ժամանակ նա կխնդրի, որ իր դիմակը թույլ տրվի չհանել և չպատասխանել հարցերին, մինչև որ այն չար ասպետի վիրավորանքի համար վրեժ չլուծվի։ Քահանան հավատացած էր, որ այդ պայմաններում դոն Կիխոտը ամեն բանի համաձայն կլինի, և այդ եղանակով նրանք կհանեն նրան այնտեղից, կտանեն իր ծննդավայրը և այնտեղ կխորհեն, թե կա՞ արդյոք որևէ դեղ նրա արտասովոր խելագարության դեմ։
==Գլուխ XXVII==
Թե ինչպես քահանան ու դալլաքը իրագործեցին իրենց ծրագիրը և այլ անցքերի մասին, որ այս մեծ պատմության մեջ արժանի են հիշատակության
Դալլաքը հավանեց քահանայի ծրագիրը և նրանք իսկույն սկսեցին կատար ածել։ Նրանք իջևանի կնոջից մի շրջազգեստ և գլուխ կապելու շոր խնդրեցին՝ թողնելով իբրև գրավ քահանայի կապան։ Դալլաքը եզան շեկ թե գորշ կարմրավուն պոչի մազից, որի վրա իջևանի տերը սովորություն ուներ պահելու իր սանրը, իրեն համար միրուք շինեց։ Տիրոջ կինը հարցրեց, թե նրանց ինչի՞ն են պետք այդ զուգսերը։ Քահանան կարճառոտ պատմեց նրան դոն Կիխոտի խելագարության մասին և ավելացրեց, որ նրանք պետք է շորերը փոխեն, որպեսզի նրան դուրս բերեն լեռնակիրճերից, որտեղ հիմա նա գտնվում է։ Տերն էլ, նրա կինն էլ իսկույն գլխի ընկան, որ դա հենց այն խելագարն է, որ իրենց մոտ բալասան պատրաստեց և որ նրա զինակիրն էր, որ վերմակի վրա վեր֊վեր թռցրին։ Եվ նրանք քահանային պատմեցին այն ամենը, որ պատահել էր իրենց պանդոկում, առանց ծածկելու այն, ինչ որ այնպիսի խնամքով թաքցնում էր Սանչոն։ Վերջապես պանդոկապանի կինը քահանային այնպես լավ զուգեց, որ ավելի լավ անհնարին էր։ Հագցրեց մահուդե շրջազգեստ, որի վրա սև բեհեզից շերտեր էին կարված ափի լայնությամբ, կորսաժը՝ կանաչ բեհեզից՝ սպիտակ ատլասե երիզներով զարդարված (նման ջրջազգեստ ու կորսաժներ էին հագնում, երևի, Վամբա արքայի օրորք)։ Քահանան կանացի գլխաշոր չուզեց՝ նա դրեց իր կտավե կարած գլխարկը, որ հագնում էր սովորաբար քնելիս և ճակատը կապեց մետաքսե փայլուն սև ժապավենով, իսկ մի ուրիշ ժապավենից նա դիմակի պես բան պատրաստեց, որ շատ լավ ծածկում էր նրա դեմքն ու միրուքը։ Վերևից նա դրեց գլխին մի գլխարկ, այնքան մեծ, որ կարող էր ծառայել որպես հովանոց և վերնարկը գցելով վրան ու փաթաթվելով մեջը, կնոջ պես նստեց ջորու վրա, իսկ մյուս ջորու վրա միրուքավոր դալլաքը նստեց։ Միրուքը հասնում էր մինչև նրա գոտին և չէր հասկացվում ճերմա՞կ էր, թե՞ շեկ, որովհետև ինչպես մենք արդեն ասացինք, եզան աղտոտ պոչից էր շինած։
Նրանք բոլորին մնաս բարով ասացին, ի թիվս որոնց բարի Մարիտորնեսին, որ խոստացավ իր տերողորմյայի ամեն հատիկի վրա աղոթք ասել՝ գուցե Աստված լսի նրան՝ մեղավորին, և հաջողություն առաքի նրանց հղացած դժվարին և ճշմարիտ քրիստոնեական գործում։ Սակայն հազիվ մի քիչ հեռացել էին նրանք իջևանից, որ քահանայի մտքովն անցավ, թե նրանք վատ են անում այդպիսի շորերով ման գալով, որովհետև հոգևոր անձին վայել չէ կնկա շոր հագնելը, անգամ ամենալավ միտումներով։ Նա այդ ասաց դալլաքին և խնդրեց, որ նրանք իրենց շորերը փոխեն, ― որովհետև շատ ավելի վայելուչ է, որ զրկված աղջիկ լինի դալլաքը, իսկ զինակիրը ― քահանան։ Այսպիսով, գոնե, նա պակաս կստորացնի իր աստիճանը։ Եվ նա ավելացրեց, որ եթե նա մերժելու լինի, նա այս միտքը կթողնի և թող դոն Կիխոտը սատանի մոտ գնա։ Այդ վայրկայնին մոտեցավ Սանչոն և, տեսնելով նրանց այդպես զգեստափոխված, չկարողացավ իր ծիծաղը զսպել։ Դալլաքը համաձայնեց քահանայի ցանկությունը կատարել և սա, շարադրելով նոր ծրագիրը, սկսեց խրատել, թե ինչպես պետք է իրեն պահի և ինչ խոսքեր ասի, որպեսզի դոն Կիխոտին մղեն և հարկադրեն հետևել իրենց և լքել որջը, որ նա ընտրել էր իր ապարդյուն ապաշխարանքի համար։ Դալլաքը պատասխանեց, որ առանց նրա դասերի էլ կանի այն ամենը, ինչ որ պետք է։ Սակայն հայտարարեց, որ շորերը չի փոխի, մինչև որ չհասնի այն տեղը, որտեղ գտնվում է դոն Կիխոտը։ Ուստի նա ծալեց իր զուգսերը, իսկ քահանան կպցրեց միրուքը և նրանք գնացին Սանչո պանսայի առաջնորդությամբ։ Ճամփին Սանչոն պատմեց նրանց, թե ինչ պատահեց նրանց, երբ որ լեռներում պատահեցին խելագարին, սակայն լռության մատնեց ճամպրուկի գյուտը և նրա հարուստ բովանդակությունը, որովհետև մեր տղան թեև հասարակ մարդ էր, բայց փողը սաստիկ սիրում էր։
Հետևյալ օրը նրանք հասան այն վայրը, որտեղ Սանչոն ճյուղեր էր գցել, որպեսզի այդ նշաններով ավելի հեշտ գտնի տեղը, որտեղ թողել է իր տիրոջը։ Ճանաչելով շրջակայքը, նա հայտարարեց, որ դա հենց կիրճի մուտքն է և որ շորերը փոխելու ժամանակ է, եթե միայն դա կօգնի իր տիրոջը փրկելու։ Բանն այն է, որ քահանան և դալլաքը դեռ առաջ բացատրել էին Սանչոյին, որ դոն Կիխոտին այդ աղետներից փրկելու համար, որ նա ինքն է հորինել իրեն համար, շատ կարևոր է, որ նրանք այդ տեսքով ու զուգսերով գան և համոզիչ կերպով խնդրել էին նրանից, որ բաց չանի, թե ովքեր են նրանք և չասի, թե ինքը նրանց ճանաչում է։ Իսկ եթե դոն Կիխոտը հարցնելու լինի ― իսկ նա չի կարող չհարցնել ― հանձնել է արդյոք Սանչոն նամակը Դուլսինեային, նա պետք է պատասխանի, որ հանձնել է և որ աղջիկը անգրագետ լինելով, հրամայել է, որ բերանացի հաղորդի դոն Կիխոտին, թե հրամայում է իր ասպետին անմիջապես, այս վայրկյանիս գալ իր մոտ, թե չէ իր աչքից կընկնի, որովհետև դա ծայր աստիճան անհրաժեշտ է։ Նրանք ավելացրին, թե իրենք էլ էն մտադիր նրա հետ խոսելու և այդ ամենի օգնությամբ հուսով են նրան վերադարձնել ավելի լավ կյանքի և այնպես անել, որ նա ուղիղ ճանապարհի վրա ընկնի և շուտով կայսր կամ թագավոր դառնա։ Գալով արքեպիսկոպոսության, կարելի է դրանից երկյուղ չկրել։ Սանչոն այդ ամենը լսեց և լավ մտքումը պահեց, ապա շնորհակալ եղավ նրանց մտադրության համար խորհուրդ տալու իր տիրոջը, որ ոչ թե արքեպիսկոպոս, այլ կայսր դառնա, որովհետև ինքն անձամբ հաստատ համոզված էր, որ կայսրները ավելի հնարավորություն ունեն շնորհներ անել իրենց զինակիրներին, քան թափառական արքեպիսկոպոսները։ Ապա նա ավելացրեց, որ ավելի լավ կլիներ, որ ինքն առաջ ընկնի և հաղորդի դոն Կիխոտին նրա տիրուհու պատասխանը։ Գուցե հենց այդ բավական լինի նրան այնտեղից հանելու համար և քահանային ու դալլաքին անհանգիստ լինելու կարիք չի լինի։ Բարեկամները հավանություն տվին Սանչոյի մտքին և վճռեցին կանգ առնել և սպասել նրա վերադարձին, որ իմանան գտե՞լ է արդյոք նա իր տիրոջը։
Սանչոն անհայտացավ լեռնային կիրճում, իսկ նրանք իջան դաշտը, որտեղ խաղաղ վտակ էր հոսում, որի վերև բարձրանում էին ժայռեր ու ծառեր, որ ախորժ ու զով ստվեր էին գցում։ Օգոստոսի մի շոգ օր էր, երբ այդ վայրերում շոգը առանձնապես հոգնեցուցիչ է լինում և նրանք տեղ հասան ժամը երեքին։ Այդ ամենը այդ վայրը ավելի հաճելի էին դարձնում և տրամադրում մեր ճամբորդներին այստեղ սպասելու Սանչոյի վերադարձին։ Նրանք այդպես էլ արին։ Եվ ահա, երբ որ նրանք պառկեցին հանգստանալու ծառերի ստվերում, նրանց ականջին հասավ մի ձայն, որ անուշ ու վարպետորեն երգում էր, առանց նվագակցության որևէ գործիքի։ Նրանք շատ զարմացան, որովհետև չէին սպասում, որ այդպիսի մի վայրում կարող է այդքան վարպետ երգիչ ապրել, որովհետև թեև սովորաբար ասվում է, թե անտառներում ու դաշտերում կարելի է զարմանալի ձայն ունեցող հովիվների հանդիպել, սակայն դա ավելի բանաստեղծական չափազանցություն է, քան ճշմարտություն։ Սակայն առավել ևս զարմացան նրանք, համոզվելով, որ ոտանավորներ են լսում, որոնք արժանի են ոչ թե գյուղի հովիվներին, այլ նուրբ ու կիրթ մարդկանց։ Եվ նրանք արդարացի էին, որովհետև ահա թե ինչ ոտանավորներ էր երգում անծանոթը։
<poem>
― Ի՞նչն է ինձ բախտից զրկում, քանդում է։ ―
Հպարտությունը։
Ի՞նչ է ինձ տալիս թախիծն հնավանդ։ ―
Խանդ։
Ի՞նչ է համբերանքի գիտությունը։ ―
Անջատումը։
Ուրեմըն այս տանջանքը մեր
Դեռ ոչ մի դեղ չի ընդունում․
Եթե հույսը սպառում է
Հպարտություն, խանդ, անջատում։
Արյան մեջ տենդը ծագում է ինչի՞ց։ ―
Սիրուց։
Ինչո՞ւ են սյուներն անջատ իրարից։ ―
Բախտից։
Էրաբյան մահվան պատիժը ― ինչի՞ց։
Երկնքից։
Ուրեմն մահվան սպասել,
Չտրտնջալ և ցավերից․
Եթե աղետը գալիս է
Սիրուց, բախտից և երկնքից։
Ի՞նչ օգնություն է ղրկում ինձ պահը։ ―
Մահը։
Ի՞նչն է սիրո մեջ, որ անփուտ ցավ է։ ―
Դավը։
Ի՞նչն է սև մտքի վերջնական հունը։ ―
Խենթությունը։
Ուրեմըն ձայն իմացության
Չի որոնում փրկությունը,
Եթե բուժումն է աստ միայն ―
Մահը, դավը, խենթությունը։
</poem>
Օրվա ժամը, եղանակը, վայրի ամայությունը, երգչի ձայնն ու վարպետությունը ― ամենը ուրախացնում ու հիացնում էր մեր բարեկամներին։ Նրանք նստած չէին շարժվում, հուսով, որ երգիչը կշարունակի։ Սակայն տեսնելով, որ լռությունը տևում է, նրանք վճռեցին վեր կենալ և գնալ քաղցրաձայն երգչին որոնելու։ Սակայն վեր կացան թե չէ, նույն ձայնը հնչեց և հետևայլ սոնետը երգեց․
<poem>
Բարեկամությունն իր սուրբ սերն առած,
Ծածկող դիմակը ներքև նետելով,
Երանելության բարձր սանդուղքով
Վե՛ր, Էմպերեի պալատը գնաց։
Վերից, խղճալով, ցույց կտա մարդկանց
Իրեն անծանոթ պատկերն ապահով․
Որի դեմ, մերթ֊մերթ, խորքից խփելով
Պոռթկում է ներհակ չարությունն հանկարծ։
Բարեկամությո՛ւն ձգտի՛ր, մի թույլ տա
Խաբեությանը ― ծնվել վեհ կրքից
Եվ արատ բերել մաքրությանն անբիծ։
Մի՛ խրախուսիր թմրեցումը պիղծ,
Այլապես աշխա՛րհը անդաշնության,
Թշնամանքի մեջ կտեսնենք նորից։
</poem>
Երգիչն ավարտեց մի խորը հառաչանքով, և մեր բարեկամները լարված սպասում էին, կերգի՞ արդյոք դարձյալ այն ձայնը, թե չէ։ Սակայն համոզվելով, որ երգին լաց ու հառաչանք է հետևել, նրանք կամեցան իմանալ, թե ով է այդ դժբախտը, որ այդքան լավ երգում է և այդքան ցավագին հառաչում է։ Հազիվ էին նրանք մի քանի քայլ արել, որ, շրջանցելով մի ժայռ, տեսան մի մարդ, որի տեսքն ու արտաքինը միանգամայն համապատասխանում էին Սանչո Պանսայի նկարագրությանը, երբ որ նա պատմում էր Կարդենիոյի մասին։ Անծանոթը, նկատելով նրանց, չվախեցավ, այլ անշարժ նստած մնաց, գլուխը քաշ արած կրծքին խորը մտածմունքի մեջ ընկածի նման։ Նա միայն մեկ անգամ նայեց նրանց, երբ որ նրանք հանկարծակի երևացին իր դիմաց և այլևս աչքերը վեր չբարձրացրեց։ Քահանան, որ ուներ խոսելու շնորհք (նրան արդեն հայտնի էր Կարդենիոյի դժբախտությունը, որին նա ճանաչեց արտաքին նշաններից), մոտեցավ նրան և հակիրճ, բայց խելամիտ խոսքերով սկսեց խնդրել և համոզել նրան թողնելու այս ցավագին անապատը, որպեսզի իր կյանքը իսպառ այստեղ խորտակված չլինի, մի բան, որ բոլոր աղետներից վատթարը կլիներ։ Այդ պահին հենց Կարդելիոյի խելքը տեղն էր և ենթակա չէր կատաղի խելագարության, որի բռնկելիս նա կորցնում էր հավասարակշռությունը։ Ուստի տեսնելով մեր բարեկամներին, որ իրենց հագուստներով չէին նմանում այս խորքերի բնակիչներին, նա մնացել էր շվար։ Նրա զարմանքն ավելացավ, երբ որ նա լսեց, որ նրանք իր գործերից են խոսում, իբրև լավ ծանոթ բաներից (դա միանգամայն պարզ էր քահանայի ճառից) և նա պատասխանեց հետևյալը․
― Ով էլ որ լինեք դուք, սինյորներ, ես տեսնում եմ, որ երկինքը միշտ պատրաստ է օգնելու բարիներին, իսկ հաճախ նաև չարերին, և ահա, ուղարկել է ինձ՝ անարժանիս, մարդկային հանրակցությունից հեռու այս վայրը, մարդկանց, որոնք պարզ ու բազմազան փաստերով փորձում են ապացուցել, որ ես անմիտ եմ վարվում ընտրլով այսպիսի կյանք։ Դուք կամենում եք ինձ դուրս քաշել այստեղից և ճշմարիտ ճանապարհի վրա հանել։ Բայց գիտե՞ք արդյոք, ― ես որ շատ լավ գիտեմ, ― որ ես, այս աղետից հեռանալով, առավել վատթար տառապանքի կենթարկվեմ, ուստի և, գուցե, ինձ համարում եք թուլամիտ կամ խելակորույս մարդ, որ ավելի վատ է։ Եվ զարմանալի էլ չէր լինի, եթե դուք այդպես մտածելու լինեիք։ Ես ինքս էլ տեսնում եմ, որ երևակայությունս, որ նկարագրում է իմ դժբախտությունը, այնպիսի ուժով է ինձ դեպի կործանում հրում, որ ես ոչնչով չեմ կարողանում նրա դեմ պայքարել։ Ես քար եմ կտրում, զրկվում զգացմունք ու բանականությունից և որ այդ այդպես է, ես հովիվներից եմ իմանում, որոնք պատմում են ինձ, թե ինչ եմ անում ես սարսափելի ցավս բռնելու պահին և իմ ուշն են դարձնում իմ կատաղության հետևանքների վրա։ Այդ միջոցին ինձ մնում է անհետևանք գանգատվել, ապարդյուն անիծել իմ բախտը և իմ կատաղությունն արդարացնելու համար պատմել բոլորին, ովքեր կամենում են լսել, նրան ծնող պատճառի մասին։ Որովհետև առողջ դատող մարդիկ, ըմբռնելով պատճառը, կդադարեն հետևանքներից զարմանալուց և եթե չեն էլ բուժի ինձ, գեթ չեն մեղադրի և փոխանակ իմ անառակության վրա բարկանալու, կցավակցեն իմ դժբախտություններին։ Եթե դուք, սինյորներ, նույն մտադրություններով եք եկել այստեղ, ինչ մտադրություններով ձեզնից առաջ ուրիշներն էլ են եկել, ապա խնդրում եմ՝ սպասեցեք այդպիսի խոհեմությամբ ինձ համոզել և լսեցեք, որ ես թվեմ ձեզ իմ անհամար ցավերը։ Գուցե մինչև վերջ լսելով, դուք կկորցնեք հավատը ձեզ հոգնություն պատճառելու, մխիթարելով ինձ դարդի համար, որ մխիթարանքի ենթակա չէ։
Քահանան ու դալլաքը, որ ծարավ էին լսելու Կարդենիոյի սեփական շուրթերից նրա դժբախտության պատճառների մասին, սկսեցին թախանձել, որ նա պատմի խոստանալով, որ իրենք նրան օգնելու և մխիթարելու նպատակով այնպիսի բան չեն ձեռնարկի, որ նա ինքը չկամենա։ Եվ ահա տխուր կաբալյերոն սկսեց իր ցավագին պատմությունը գրեթե նույն բառերով և արտահայտություններով, որոնցով նա պատմեց դոն Կիխոտին և այծարածին մի քանի օր առաջ, երբ որ վարպետ Ելիսաբատի պատճառով և դոն Կիխոտի ասպետականության պատիվը խստիվ պահպանելու ձգտումի շնորհիվ այնպես էլ անավարատ մնաց ― ինչպես այդ մենք արդեն ասել ենք։ Իսկ հիմա բարի բախտը հաճեց Կարդենիոյին պահպանել խելագարության բռնկումից և թույլ տալ, որ նա իր պատմությունն ավարտի։ Եվ ահա, հանսելով այն տեղին, երբ դոն Ֆերնանդոն գտավ Ամադիս Գաղղիացու մասին գրած գրքում Լյուսինդայի նամակը, Կարդենիոն հայտարարեց, որ այդ նամակն անգիր գիտե և ահա թե ինչ էր գրած մեջը․
:<i>Լյուսինդան Կարդենիոյին</i>
<b>Յուրաքանչյուր օր ես ձեր մեջ նոր արժանիքներ եմ գտնում, որ ինձ հաղթում ու հարկադրում են, որ առավել ևս գնահատեմ Ձեզ։ Եվ եթե հաճելի է ձեզ, որ ես իմ պարտքը վճարեմ, առանց զոհաբերելու իմ պատիվը, Դուք կարող եք դրան հասնել։ Իմ հայրը Ձեզ ճանաչում է և կաթոգին սիրում ինձ։ Առանց բռնադատելու իմ սիրտը, նա կբավարարի ցանկությունը, որ Դուք ունեք իրավունք տածելու, եթե միայն դուք ինձ հարգում եք, ինչպես Դուք ինձ ասում եք,՝ և ինչպես ես հավատում եմ։</b>