— Ոչ, Սամ, ես Հեծյալ չեմ,— մեղմ ասաց նա,— և ոչ էլ նրանց կամակատարը: Ես ուզում էի իմանալ, թե ու՞ր են նրանք պահ մտել և ինչու՞: Նրանք պետք է, որ նորից հարձակվեին, այնինչ նահանջել են: Մոտակայքում նրանց հետքն էլ չկա:
Լսելով այն մասին, թե ինչ է պատահել Ֆրոդոյին, նա մտահոգ գլուխն օրորեց ու խոր հառաչեց: Հետո Մերիին ու Փինին կարգադրեց կաթսայիկներով ջուր եռացնել և վերքն անդադար լվանալ::
— Կրակն ավելացրեք, Ֆրոդոյին պետք է տաք պահել,— կարգադրեց նա, խարույկից հեռացավ ու Սամին կանչեց: — Հիմա որոշ բաներ պարզ են,— շշուկով ասաց նա: — Ինչպես երևում է, հարձակվող թշնամին միայն հինգ հոգի է եղել, երևում է, բոլորը չեն հավաքվել, դիմադրության չէին սպասում: Վախենում եմ, որ հեռու չեն գնացել և վաղը գիշերվա կողմ նորից կերևան: Նրանք շտապելու բան չունեն: Նրանց հաշվումներով գործը համարյա արված է: Մատանին հեռու գնալ չի կարող: Այո, Սամ, քո տերը մահվան շեմին է, և քանի գնա, այնքան նրա իշխանության տակ կլինի: Գուցե և այդպես է, բայց... դեռ կտեսնենք, թե ով ում...
Արցունքները խեղդեցին Սամին:
— Մի հուսահատվիր,— ասաց Պանդուխտը,— և հույսդ ինձ վրա դիր: Ֆրոդոն ավելի դիմացկուն դուրս եկավ, քան ես կարծում էի. ճիշտ է, Գանդալֆն էլ հենց դա էր ակնարկում: Հրաշք է, որ նա չի սպանվել և, երևակայիր, ավելի երկար կդիմանա, քան նրանք են կարծում: Իսկ ես կաշխատեմ մի քիչ բուժել նրան: Տաք պահեք և հսկեք, եթե որևէ բան կլինի, ինչքան ուժներդ կպատի, գոռացեք ու չորս կողմը կրակ տվեք: Ես շուտով կգամ:
Այս խոսքերով նա սուզվեց մթության մեջ:
Ֆրոդոն քնում էր ու սուր ցավերից վեր թռչում: Աստիճանաբար թմրում էր ուսը, ձեռքը, ամբողջ կողքը: Բարեկամներն անդադրում լվանում էին վերքն ու աշխատում տաքացնել նրան: Վաղորդյան մոխրագույն լույսն արդեն ողողել էր ձորակը, երբ վերջապես Պանդուխտը վերադարձավ:
— Հապա մի նայե՜ք,— բացականչեց նա, գետնից բարձրացնելով մինչ այդ չնկատված սև թիկնոցը: — Մեր Ֆրոդոյի հարվածն է... Պանդուխտը նորից կռացավ և բարձրացրեց երկար, նեղ, լուսաբացի մառախուղի մեջ փայլող դաշույնը: Ատամնավոր շեղբի ծայրը կոտրված էր, և դաշույնը աչքի առաջ ցնդեց թափանցիկ ծխի պես, միայն կոթը մնաց: — Գործերը վատ են... — նկատեց Պանդուխտը: — Հիմա այդպիսի վերքեր բուժողներ համարյա չկան: Կանեմ ինչ կարող եմ, բայց քիչ բան կարող եմ:
Նա նայեց գետնին, սև կոթը դրեց ծնկներին և դանդաղ, հոբիթների համար անհասկանալի մի երգ երգելով, սկսեց հմայել: Հետո կոթը դրեց մի կողմ, թեքվեց Ֆրոդոյի կողմը և, գոտուն կապած պայուսակից երկար տերևներ հանելով ականջին ինչ-որ տարօրինակ բառեր ասաց:
— Սա բալասան է,— բացականչեց նա,— կամ, ինչպես անվանում էին հնում՝ ացելաս է: Այս քարքարոտ ձորակում չի աճում, ես սա հոտով գտել եմ այստեղից շատ հեռու, Ուղուց հարավ ընկած թավուտում: Հյուսիսում քչերը գիտեն բալասանի մասին, թերևս մի քիչ հետքագետները: Զարմանալի բույս է, բայց եթե նույնիսկ օգնի, ապա ոչ երկար ժամանակով...
Նա տերևները խաշեց ու սուր, բուրավետ եփուկով լվաց Ֆրոդոյի ուսի վերքը: Ցավը մի քիչ հանգստացավ, բայց սառած, կախ ընկած թևն ասես փայտացել էր, կպել կողքից, ու Ֆրոդոն սկսեց հանդիմանել ինքն իրեն, որ թշնամու հրամանով հագավ մատանին: «Հատուցեցի, լավ,— մտածում էր նա,— ամբողջ կյանքում հաշմանդամ կմնամ, իսկ հիմա ի՞նչ անեմ... ախր շարժվելու ուժ չկա»:
Մինչդեռ քննարկվում էր հենց այդ հարցը՝ ի՞նչ անել հետո: Որոշված էր անհապաղ հեռանալ Զավերտից: