Changes

Պահապանները

Ավելացվել է 7793 բայտ, 13:34, 30 Ապրիլի 2015
/* Գլուխ տասներկու․ Գետանցում */
Մինչդեռ քննարկվում էր հենց այդ հարցը՝ ի՞նչ անել հետո: Որոշված էր անհապաղ հեռանալ Զավերտից:
 
— Հավանաբար,— ասաց Պանդուխտը,— այս վայրը վաղուց արդեն թշնամու աչքի տակ է: Եթե նույնիսկ Գանդալֆը եղել է այստեղ, ապա եղել է ու գնացել՝ թշնամու հարձակումը հետ մղելուց հետո: Մի գիշեր էլ որ մնանք՝ կորած ենէ: Ամեն տեղ լավ է, բացի այստեղից:
 
Ծածուկ ու զգուշավոր նրանք շրջանցեցին Զավերտի հարա-արևմտյան լանջը, հասան Ուղուն, վազելով հատեցին այն, և նրանց գլխավերևում իրար կանչեցին երկու մռայլ ձայն: Նրանք հապշտապ մտան խիտ թփուտը: Սկսվեց տաղտկալի, երկարատև ու դժվար երթ անճանապարհ վայրերով: Երեկոյան հոբիթները հազիվ էին ոտքի վրա կանգնում: Ֆրոդոն,, որ գնում էր պոնիին հեծած, տխուր զննում էր ընկերներին. նույնիսկ Պանդուխտը հոգնած ու մռայլ էր երևում:
 
Ուսը լցվում էր սուր ցավերով, բայց Ֆրոդոն ատամները սեղմած դիմանում էր՝ տրտնջալ չէր կարելի: Մեկը մյուսի հետևից չորս ծանր օր անցան: Զավերտը մնում էր հետևում, իսկ հեռավոր բլուրները մոտենում էին: Ուղու մոտ չարագուշակ ճիչեր արձակելուղ հետո թշնամիները չէին երևում, ասես չքացել էին: Գիշերները ճամփորդները զույգ-զույգ պահակություն էին անում, դողալով սպասելով, որ ուր որ է սև կետերը կճեղքեն լուսնի կաթնագույն մառախուղը: Բայց ոչ ոք չկար, և միայն թոշնած խոտի չոր շրշյունն էր լսվում: Սակայն չարը թաքնված էր ինչ-որ տեղ մոտակայքում, նրանք զգում էին այդ: Հազիվ թե Հեծյալները հետքը կորցրած լինեին: Անկասկած դարան մտած սպասում են, նոր ծուղակ պատրաստում:
 
Յոթերորդ օրը առավոտ վաղ ճամփորդները ստիպված եղան նորից վերադառնալ ճանապարհ, գետամերձ ճահճապատ հարթավայրով անցնել հնարավոր չէր: Պանդուխտն ու Սամը հետախուզության դուրս եկան՝ ոչ մի շունչ: Ճանապարհն ամայի էր, ձիերի հետքեր էլ չկային, երկու օր առաջ այստեղ անձրև էր եկել, գուցե հետքերը ողողել է, իսկ դրանից հետո նրանք չեն անցել այստեղով: Ճամփորդները քայլերն արագացրին և, վերջապես հեռվում, սարի տակ, երևաց Վերջին Կամուրջը: Մեկ էլ տեսար սև կերպարանքները հայտնվեցին: Բայց ոչ, Կամուրջը կարծես թե ազատ էր: Պանդուխտը նրանց պատվիրեց թաքնվել թփերի մեջ, իսկ ինքը առաջ գնաց՝ ու շուտով էլ հետ եկավ:
 
— Կամրջի մոտ թշնամիներ չկան ու չեն էլ եղել,— ասաց նա: — Կուզեի իմանալ, թե ու՞ր են կորել նրանք: Փոխարենը տեսե՛ք, թե ինչ եմ գտել: — Նա պարզեց ձեռքը, որի ափում բաց կանաչ քար կար: — Ընկած էր ճանապարհի մեջտեղում, ցեխի մեջ,— բացատրեց նա: — Սա էլֆական բյուրեղ է: Միայն թե չգիտեմ՝ դրվա՞ծ է, թե մեկի մոտից է ընկել, բայց միևնունն է, հուսադրում է: Այնպես որ եկեք չվախենանք, անցնենք Կամրջով, իսկ հետո... հետո կտեսնենք, բայց ճանապարհով չենք գնա. բյուրեղն ինչ էլ որ նշանակի, անվտանգություն չի խոստանում:
 
Կամուրջն անցան արագ ու բարեհաջով: Լռություն էր տիրում, միայն ջուրն էր խոխոջում երեք հսկայական կամարների տակ: Մի կես լիգ անցնելուց հետո Պանդուխտը թեքվեց ձախ՝ նեղ ձորահովիտն ու քայլեց բլուրների ստորոտի նոսր անտառում հազիվ նկատելի արահետով: Հոբիթները առաջ էին շարժվում ,թմշաղոտ ծառերի արանքով և ուրախանում էին, որ տաղտկալի հարթավայրն ու սարսափելի Ուղին մնացել էին հետևում. թեպետ այստեղ էլ տեղանքը վայրի էր, խուլ, չարագույժ: Լեռների ելուստների վրա ու գագաթներին երևում էին հինավուրց պարիսպների, աշտարակների ավերակներ՝ դրանք ասես ինչ-որ անհասկանալի սպառնալիք էին թաքցնում իրենց մեջ: Ֆրոդոն հիշեց Բիլբոյի գրքում եղած նկարագրությունները՝ չլինի արդեն այդ մռայլ վայրերում են, Թրոլների երկրում...
 
— Ո՞վ է ապրում այստեղ,— հարցրեց նա: — Եվ ո՞վ է կառուցել այս աշտարակները: Դա ի՞նչ է, Թրոլյան սարահա՞րթն է:
 
— Այո, ասաց Պանդուխտը: — Միայն թե նրանք չեն կառուցել: Թրոլները կառուցել չգիտեն: Այստեղ ոչ ոք չի ապրում, մարդիկ էին ապրում, հիմա նրանք չկան: Ասում են, նրանց ստրկացրել է Անգմարի կախարդ-արքան, և նրանք հանձնվել են չարին, իսկ Մեծ Պատերազմի ժամանակ կործանվել են իրենց տիրակալի հետ միասին: Նրանց նույնիսկ լեռներն են վաղուց մոռացել, իսկ չարագործության ստվերը, տեսնու՞մ եք, չի վերացել:
 
— Իսկ դու որտեղի՞ց գիտես այդ բոլորը, եթե մարդիկ վաղուց չկան,— հարցրեղ Փինը: — Եթե նույնիսկ լեռներն են մոռացել, հո գազաններն ու թռչուններն այդպիսի բան չեն պատմի:
 
— Էլենդիլի ժառանգները պահպանում են հիշողությունները եղելությունների մասին,— պատասխանեց Պանդուխտը,— Ազատքում էլ շատ բան են հիշում:
 
— Իսկ դու Ազատքում հաճա՞խ էիր լինում,— հետաքրքրվեց Ֆրոդոն:
 
— Լինում էի,— արձագանքեց Պանդուխտը: — Մի ժամանակ այնտեղ եմ ապրել ու ամեն անգամ առիթ ներկայանալիս՝ վերադառնում եմ: Բայց, երևում է, բախտ չի վիճակված այնտեղ մնալ:
 
Երեք օր նրանք անձրևի տակ մագլցում էին քարքարոտ լանջերով: Ֆրոդոն ստիպված էր իջնել ձիուց և շուտով ուժասպառ եղավ: նրա ձախ ձեռքը անկյանք կախված էր մարմնի երկայնքով: Սուր ցավի ճիրանները սեղմում էին կուրծքն ու ուսը: Ծառերն ու քարերը աղոտ ստվերներ էին երևում աչքին:
Վստահելի
1342
edits