Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 42 509 բայտ, 13:54, 1 Մայիսի 2015
/* Գլուխ XXVII */
<i>Յուրաքանչյուր օր ես ձեր մեջ նոր արժանիքներ եմ գտնում, որ ինձ հաղթում ու հարկադրում են, որ առավել ևս գնահատեմ Ձեզ։ Եվ եթե հաճելի է ձեզ, որ ես իմ պարտքը վճարեմ, առանց զոհաբերելու իմ պատիվը, Դուք կարող եք դրան հասնել։ Իմ հայրը Ձեզ ճանաչում է և կաթոգին սիրում ինձ։ Առանց բռնադատելու իմ սիրտը, նա կբավարարի ցանկությունը, որ Դուք ունեք իրավունք տածելու, եթե միայն դուք ինձ հարգում եք, ինչպես Դուք ինձ ասում եք,՝ և ինչպես ես հավատում եմ։</i>
 
 
:<i>Լյուսինդան Կարդենիոյին</i>
 
<b>Յուրաքանչյուր օր ես ձեր մեջ նոր արժանիքներ եմ գտնում, որ ինձ հաղթում ու հարկադրում են, որ առավել ևս գնահատեմ Ձեզ։ Եվ եթե հաճելի է ձեզ, որ ես իմ պարտքը վճարեմ, առանց զոհաբերելու իմ պատիվը, Դուք կարող եք դրան հասնել։ Իմ հայրը Ձեզ ճանաչում է և կաթոգին սիրում ինձ։ Առանց բռնադատելու իմ սիրտը, նա կբավարարի ցանկությունը, որ Դուք ունեք իրավունք տածելու, եթե միայն դուք ինձ հարգում եք, ինչպես Դուք ինձ ասում եք,՝ և ինչպես ես հավատում եմ։</b>
 
 
― Այս նամակը դրդեց ինձ խնդրելու Լյուսինդայի ձեռքը, ինչպես ես ձեզ արդեն պատմեցի և դոն Ֆերնանդոյի մեջ համոզմունք է առաջ բերել, որ Լյուսինդան մեր ժամանակի ամենախելոք և բանական կանանցից մեկն է։ Եվ հենց այդ նամակը նրա մեջ ցանկություն է ներշնչել խորտակելու իմ ծրագիրը նախքան ինձ կհաջողի կատար ածել։ Ես հաղորդեցի դոն Ֆերնանդոյին, որ Լյուսինդայի հայրը պնդում է, որ նրա աղջկա ձեռքը ինձ համար իմ հայրը խնդրի և որ ես չեմ խիզախում խոսք բաց անել դրա մասին, երկյուղ կրելով, որ միգուցե ինձ կմերժի, իհարկե ոչ այն պատճառով, որ նա Լյուսինդայի ծագման, արժանիքի, առաքինության և գեղեցկության կասկածելիս լիներ, ― այդ ամենն իմ սիրածն ուներ լիուլի և նրա հետ զուգվելը պատիվ կբերեր յուրաքանչյուր իսպանական տոհմին։ Ոչ, բայց ես գիտեի, որ հայրս չէր կամենում, որ ես այդքան վաղ ամուսնանայի, քանի հերցոգ Ռոդրիգոյի ծրագիրը իմ նկատմամբ դեռևս չի պարզվել։ Արդ, ես ասացի դոն Ֆերնանդոյին, որ ես չեմ խիզախում իմ գաղտնիքը բանալու հորս, մասամն վերև բերած պատճառով, մասամբ էլ այլ պատճառներով, որ ինձ շփոթեցնում են, թեև, ասենք, ես ինքս էլ չէի կարող այդ պատճառները բացատրել։ Մի խոսքով՝ ինձ թվում էր, որ իմ ցանկությունը երբեք չի կատարվի։ Դոն Ֆերնանդոն այդ ամենին ի պատասխան ասաց, որ իր վրա է վերցնում բանակցելը հորս հետ և այնպես կանի, որ հայրս խոսի Լյուսինդայի հոր հետ։ Օ՜, սնապարծ Մարիոս։ Օ՜, դաժան Կատիլինա։ Օ՜, չարանենգ Սուլլա։ Օ՜, ուխտադրուժ Գանելոն։ Օ՜, դավաճան Վելյիգո։ Օ՜, ոխակալ Յուլիան։ Օ՜, ընչաքաղց Հուդա։<ref>Հռչակավոր պատմական և առասպելական դավաճանների կամ փառամոլների թվարկում։ Գանելոնը Ռոլանդի խորթ հայրն է․ նա խոսքը մեկ է արել մավրերի հետ, թե ինչպես սպանի նրան։ Վելլիդո Դոլֆոսը Սամորան պաշտպանելու ժամանակ (1072) դավաճանաբար սպանել է Սանչո II թագավորին (Սիդի հովանավորին)։ Կոմս Հուլիանոսը (Ռոդրիգո թագավորի պղծած աղջկա՝ Կավայի հայրը) ըստ ավանդության թագավորից վրեժ առնելու համար մավրերին կանչել է Իսպանիա (VIII դարի սկզբում տեղի ունեցած այս դեպքը ընդարձակ չափով մշակված է իսպանական էպոսում):</ref> Օ՜, դավաճան, դժնի, ոխակալ ու ուխտադրուժ, քեզ ի՞նչ վատ բան արեց դժբախտը, որ այնպիսի սրտաբացությամբ բացեց քո առջև իր հոգու գաղտնիքն ու խինդը։ Ինչո՞վ վիրավորեցի ես քեզ։ Մի՞թե երբևիցե ես քեզ խոսք խոսք տվի կամ խորհուրդ, որոնք ուղղված չլինեին քո պատիվն ու շահը բազմապատկելու։ Սակայն ինչի՞ց եմ գանգատվում ես՝ դժբախտս։ Չէ՞ որ բոլորին հայտնի է, որ համաստեղությունների ընթացքը մեզ վրա աղետներ են բերում, որ երկինքը ցասումով ու կատաղությամբ թափում է մեզ վրա և այն ժամանակ ոչ մի երկրային ուժ չի կարող նրանց կասեցնել և ոչ մի մարդկային հնարագիտություն ― վանել։ Ո՜վ կարող էր կարծել, որ դոն Ֆերնանդոն՝ արի և խելացի մի ազնվական, ինձ հետ կապված բարեկամությամբ և իր բոլոր սիրային քմահաճույքները, որ կարող են անցնել նրա գլխով, բավարարելու հնարավորություն ունեցող, կհրահրվի, կարելի է ասել՝ իմ միակ գառնուկը հափշտակել, գառնուկը, որ դեռևս իմը չէր դառել։
 
Թողնենք սակայն այն անպետք և անօգուտ խոհերը և կապենք իմ պատմության քակված թելը։ Արդ, ես շարունակում եմ։ Իր նենգ ու չար մտահղացումը վճռելով կատար ածել, դոն Ֆերնանդոն ընկճվում էր իմ ներկայությունից, ուստի և որոշեց ուղարկել ինձ իր ավագ եղբոր մոտ այն պատրվակով, որ նրանից փող խնդրեմ վեց ձիու համար, որ նա դիտմամբ նույն օրը գնել էր, երբ որ հանձն էր առել բանակցել հորս հետ, վճարելու և միայն նրա համար, որպեսզի ինձ ուղարկած լինի փողի հետևից և իմ բացակայությամբ ավելի հարմարությամբ իրագործի իր հանցավոր ծրագիրը։ Կարո՞ղ էի ես կանխել այդ դավաճանությունը։ Իհարկե, ո՛չ։ Կարո՞ղ էի պատահմամբ կռահել նրա գոյությունը։ Իհարեկե, ո՛չ։ Ընդհակառակը, ես ամենայն սիրով համաձայնեցի գնալ, ուրախանալով նրա այնքան հաջող գնումի համար։ Նույն երեկոյան ես խոսեցի Լյուսինդայի հետ և, հաղորդելով նրան իմ համաձայնությունը Ֆերնանդոյի հետ, խնդրեցի, որ հաստատ հուսա մեր մաքուր և օրինավոր սիրո երջանիկ պսակման։ Նա ինձնից պակաս էր կասկածում դոն Ֆերնանդոյի դավաճանության մասին և աղաչում էր շուտով վերադառնալ, որովհետև հավատացած էր, որ մեր ցանկությունը կիրականանա, հենց որ իմ հորը կհաջողվի խոսել նրա հոր հետ։ Չգիտեմ՝ ինչ պատահեց նրան, միայն թե այդ խոսքերն ասելիս նրա աչքերը լցվեցին արցունքով, շունչը կտրվեց և չնայած իր ճիգ ու ջանքին, այլևս նա չկարողացավ պատասխանել և ոչ մի բառ ― իսկ շատ բան կուզենար ասել, ինչպես թվում էր ինձ։ Այդ ամենն ինձ զարմացրեց, որովհետև նրան առաջներում այդ բանը երբեք չէր պատահել՝ այն վայրկյանները, որ երջանիկ բախտի և իմ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվում էր միասին անցկացնել, միշտ մեզ համար ուրախ ու զվարթ էին անցնում, և երբեք ո՛չ արցունք, ո՛չ հոգվոց, ո՛չ խանդ, ո՛չ կասկած, ո՛չ երկյուղ չէին մթագնում մեր զրույցը։ Ես միշտ գովաբանում էի բախտը, որ ինձ այդպիսի սիրուհի է տվել՝ փառաբանում էի նրա գեղեցկությունը, հիանում նրա խելքով ու արժանապատվությամբ, և նա ինձ հատուցանում էր նույնը կրկնակի, գովելով իմ մեջ այն հատկությունները, որ նրա սիրող աչքերին գովասանքի արժանի էին թվում։ Ապա մենք խոսում էինք հազար ու մի մանր֊մունր բաներից, մեր հարևանների և ծանոթների մոտ պատահած դեպքերից և ամենամեծ հանդգնությունը, որ ես թույլ էի տալիս ինձ, այն էր, որ ես գրեթե բռնի բռնում էի նրա չքնաղ, ճերմակ ձեռքը և մոտեցնում էի իմ շուրթերին, ինքան որ թույլ էին տալիս ինձ մեզ բաժանող ցանկապատի երկաթե խիտ ճաղերը։ Սակայն իմ գնալու տխուր օրվա նախօրյակին, երեկոյան, նա լալիս էր, ախ քաշում և հեռանալով ինձ թողեց շփոթմունքի ու տագնապի մեջ։ Ես վախեցած մնացի նրա վշտի ու ցավի այս նոր և ինձ համար տխուր նշաններից, սակայն, չկամենալով խորտակել իմ հույսերը, ես այդ ամենը վերագրեցի նրա սիրո զորությանը և վշտին, որ սովորաբար համակում է սիրահարներին անջատման ժամին։ Վերջապես ես տխուր ու մտամոլոր գնացի։ Իմ հոգին լի էր կռահումներով ու կասկածներով, թեև ես ինքս էլ չգիտեի, թե ինչ եմ ենթադրում և ում կասկածում ― դա ինձ սպասող վշտի ու դժբախտության բացահայտ նախալուրն էր։
 
Հասնելով այնտեղ, որտեղ ուղարկված էի, ես հանձնեցի նամակը դոն Ֆերնանդոյի եղբորը։ Ինձ ընդունեցին սիրալիր, բայց երկար պահեցին։ Ես հրաման առա, մի բան, որ ինձ մեծ ցավ պատճառեց, սպասել մեկ շաբաթ և ծեր հերցոգի աչքին չերևալ այն պատճառով, որ դոն Ֆերնանդոն իբր թե խնդրել է եղբորից, որ առանց հոր գիտության փող ուղարկի իրեն։ Այդ ամենը ստախոս Ֆերնանդոյի սարքած բանը դուրս եկավ, որովհետև նրա եղբայրը ուներ բավականաչափ փող, և նա կարող էր իսկույն ևեթ ինձ հետ ուղարկել։ Ես մեկ ուզեցա այդ հրամանը չկատարել, որովհետև ինձ անհնար էր թվում ապրել մի քանի օր անջատված Լյուսինդայից, մանավանդ նրան այդքան տխուր թողնելուց հետո։ Սակայն դարձյալ, որպես հավատարիմ ծառա, ես հնազանդեցի, թեև տեսնում էի, որ դրանով խորտակում եմ իմ սեփական բարեկեցությունը։ Իմ գալուց չորս օր անց ինձ մոտ մի նամակաբեր եկավ։ Ես դեռ նամակը չբացած իսկույն ևեթ կռահեցի, որ Լյուսինդայից կլինի։ Նրա ձեռքն էր։ Հուզմունքով ու երկյուղով բաց արի նամակը, հավատացած լինելով, որ միայն ծայրահեղ անհրաժեշտությունն էր կարող ստիպել նրան գրելու ինձ մի ուրիշ քաղաք, որովհետև անգամ միևնույն քաղաքում եղածս միջոցին էլ նա հազարից մեկ էր գրում ինձ։ Սակայն նամակը կարդալուց առաջ ես բերողից հարցրի, թե ով հանձնեց իրեն նամակը և ինչքան ժամանակ է եղել ճամփում։ Նա պատասխանեց, որ մի անգամ կեսօրին, նա մեր քաղաքի փողոցով անցնելիս է եղել, և ինչ֊որ շատ գեղեցիկ օրիորդ նրան կանչել է լուսամուտից։ Արցունքն աչքերին նա ասել է իրեն․ «Եղբայր, եթե դուք քրիստոնյա եք, ինչպես թվում է, աղաչում֊պաղատում եմ Աստծու սիրուն, որքան կարելի է շուտ հասցնեք այս նամակը այն մարդուն, որի անունն ու հասցեն այստեղ գրած է։ Նրան գտնելը դժվար չի լինի։ Դուք աստվածահաճո գործ արած կլինեք, իսկ որպեսզի այդ ճամփորդությունն անելու համար միջոց ունենաք ― ահա՛ ձեզ փող»։ Այս խոսքերն ասելով՝ նա նետեց մի թաշկինակ, որի մեջ հարյուր ռեալ կար կապած, ահա այս ոսկե մատանին և նամակը, որ ես ձեզ հանձնեցի։ Եվ, առանց իմ պատասխանին սպասելու, նա հեռացավ լուսամուտից։ Բայց նա այնուհանդերձ կարողացավ տեսնել, որ ես նամակն էլ, թաշկինակն էլ վերցրի և նշաններով ասացի, որ հանձնարարությունը կկատարեմ։ Համոզվելով, որ իմ աշխատանքը լավ վարձատրված է, և հասցեից տեսնելով, որ ինձ ձեզ մոտ են ուղարկում ― իսկ ձեզ, սինյոր, ես շատ լավ եմ ճանաչում, ― ես զգացվեցի այդ չքնաղ օրիորդի արցունքներից և վճռեցի առանց մեկն ու մեկին վստահելու, կատարել այդ գործն անձամբ։ «Նամակն ինձ տասնվեց ժամ առաջ է հանձնված եղել և այդ ժամանակի ընթացքում ես կտրեցի ձեզ հայտնի ճանապարհը, այսինքն՝ տասնութ մղոն»։ Ես ագահությամբ լսեցի այդ արտասովոր և հաճոյակատար առաքյալի պատմությունը և իմ ծունկներն այնպես էին դողում, որ ես հազիվ էի ոտի վրա մնացել։ Վերջապես ես բաց արի նամակն ու կարդացի հետևյալը․
 
<i>Դոն Ֆերնանդոն ձեզ տված խոսքը ― խոսելու Ձեր հոր հետ, որպեսզի վերջինս խոսի իմ հոր հետ ― կատարեց, բայց ոչ հօգուտ ձեզ, այլ հօգուտ իր։ Իմացած եղեք, սինյոր, որ նա ինքը խնդրեց իմ ձեռքը և իմ հայրը, շլացած այն առավելություններից, որ դոն Ֆերնանդոն, նրա կարծիքով, ունի համեմատած Ձեզ հետ, այնպիսի պատրաստակամությամբ համաձայնեց նրա առաջարկությանը, որ երկու օրից պիտի տեղի ունենա մեր պսակադրությունը։ Դա գաղտնի կլինի, առանց հրավիրյալների։ Վկաները կլինեն լոկ երկինքը և մի քանի տանու ծառաներ։ Կարող եք երևակայել, թե ի՞նչ հուսակտուր կացության մեջ եմ։ Վճռեցեք, պե՞տք է արդյոք, որ Դուք գաք։ Այս անցքի կատարվելը ցույց կտա Ձեզ, սիրո՞ւմ եմ Ձեզ, թե՞ չէ։ Թող երկինքը կամենա, որ այս նամակն ընկնի ձեր ձեռքը նախքան ես հարկադրված կլինեմ իմ ձեռքը տալու նրան, ո՛վ չի կարողանում պահպանել խոստացած հավատարմությունը։</i>
 
Այսպես էր ընդհանրապես այս նամակի բովանդակությունը, որ ինձ մղեց անմիջապես ճամփա ընկնել՝ առանց սպասելու պատասխանի և փողի։ Որովհետև այդ րոպեին ինձ համար միանգամայն պարզվեց, որ դոն Ֆերնանդոն, ուղարկելով ինձ իր եղբոր մոտ, ձի գնելու համար չէ՛ր հոգում, այլ իր քմահաճույքը բավարարելու։ Ցասումը Ֆերնանոդյի դեմ և սիրո և ծառայության երկար ու ձիգ տարիներով ձեռք բերած գանձը կորցնելու երկյուղը ինձ թևավորեցին, և հետևյալ օրը ես թռա֊հասա մեր քաղաքը, այն իսկ ժամին ու վայրկյանին, երբ ես սովորաբար գնում էի Լյուսինդային տեսակցության։ Ես մտա քաղաք աննկատ և ջորիս տարա այն իսկ բարի մարդու մոտ, որ ինձ համար նամակ էր բերել։ Երջանիկ բախտը նպաստում էր ինձ, և ես տեսա Լյուսինդային վանդակապատ լուսամուտի հետևում ― մեր սիրո վկա լուսամուտի։ Նա իսկույն ճանաչեց ինձ, ես էլ ճանաչեցի նրան, բայց, ավա՜ղ, այդպես չէինք ենթադրում մենք հանդիպելու իրար։ Որովհետև կգտնվի՞ արդյոք աշխարհիս երեսին մի մարդ, որ ի վիճակի լիներ պարծենալու, թե թափանցել է կնոջ նկարագրի խորքը և ըմբռնել նրա փոփոխական և շփոթ բնույթը։ Ուրեմն, ես շարունակում եմ։ Հենց որ Լյուսինդան ինձ տեսավ, ասաց․ «Կարդենիո, հագիս հարսանեկան հանդերձ է։ Դահլիճում ինձ սպասում է դավաճան Ֆերնանդոն և իմ ընչաքաղց հայրը իր հրավիրյալներով, սակայն նրանք ականատես պիտի լինեն ոչ թե հարսանիքի, այլ մահվան։ Մի վրդովվիր, բարեկամս, այլ աշխատիր ներկա լինել պսակադրության ծեսին։ Եթե իմ խոսքերն անզոր լինեն կարգը լուծելու, ապա դաշյունը, որ թաքցրել եմ կրծքիս, կքանդի սրանից ավելի ահավոր դավերը։ Եվ երբ որ իմ կյանքը խզվի, դու կսկսես ընբռնել, թե ինչպես եմ քեզ սիրել և սիրում»։ Ես նրան հուզված և արագ֊արագ պատասխանեցի՝ վախենալով, որ ժամանակը չի բավի ավարտեմ խոսքս։ «Օ՜, թող քո գործերը, տիրուհի, հաստատեն քո խոսքերի ճշմարտությունը։ Դու դաշյուն ես ձեռք բերել, քո սերն ապացուցելու համար, ― ահա՛ նաև իմ թուրը։ Ես քեզ կամ նրանով կպաշտպանեմ, կամ ինքնասպան կլինեմ, եթե բախտը թշնամաբար լինի մեզ»։ Չեմ կարծում, որ նա կարողացած լիներ իմ խոսքերը լսելու, որովհետև այդ վայրկյանին մեկը նրան ձայն տվեց՝ ասելով, որ փեսացուն սպասում է նրան։
 
Եվ ահա հասավ իմ ցավի գիշերը, մայր մտավ իմ խնդության արևը, իմ աչքի լույսը մարեց, և ես մնացի առանց խոսքերի և մտքերի։ Ես ուժ չունեի նրա տունը մտնելու, ես անկարող էի տեղիցս շարժվելու։ Սակայն հետո, խորհելով, որ ինչ ելք էլ գործն ընդունելու լինի, իմ ներկայությունն այնտեղ անհրաժեշտ է, ես սիրտ արի և մտա Լյուսինդայի տունը, որի բոլոր ելք ու մուտքն ինձ լավ հայտնի էր, և գաղտնի պատրաստությունների իրարանցումի շնորհիվ ինձ ոչ ոք չնկատեց։ Այդպես աննկատ ես ներս սողացի պատուհանի որմնախորը, որ ծածկված էր երկու խալիչաների ծայրերով։ Այնտեղ ինձ ոչ ոք չտեսավ, իսկ ես խալիների արանքից կարող էի տեսնել, թե ինչ է կատարվում դահլիճում։ Ինչպե՜ս պատմեմ այն տանջանքը, որ զգում էր սիրտս, քանի ես այնտեղ էի։ Ինչե՜ր, ինչե՜ր ասես, որ ես չխորհեցի։ Սակայն այդ ամենը հաղորդելու հնար չկա, ոչ էլ կարիք։ Կասեմ միայն, որ վերջապես ներս մտավ դահլիճը փեսացուն՝ նա տոնական զգեստ չուներ, հագին իր սովորական հանդերձն էր։ Նրա խաչեղբայրը Լյուսինդայի երկրորդական եղբայրն էր, և ամբողջ դահլիճում բացի տանեցիներից ոչ մի օտար դեմք չկար։ Քիչ հետո մյուս սենյակից դուրս եկավ Լյուսինդան մոր և նաժիշտների ուղեկցությամբ, այնպիսի արդ ու զարդեվ, որ վայել էր նրա ազնվական ծագման և գեղեցկության մի օրիորդի, որ նրբության և ազնիվ քնքշության օրինակ էր։ Ես, տագնապով և ջղագարությամբ բռնված չկարողացա մանրամասն դիտել և նկատել նրա զգեստը։ Մտքումս միայն մնաց այն, որ երկու գույն ուներ՝ ծիրանի և ճերմակ և որ նրա մազերն ու զգեստը փայլում էին թանկագին քարերից և որ նրա գեղեցիկ խարտյաշ գանգուրների զարմանալի գեղեցկությունը ամեն ինչ նսեմացնում էր։ Նրանց փայլը աչք էր շլացնում, մրցելով թանկագին քարերի փայլի և դահլիճում վառվող երեք ջահերի լույսի հետ։ Օ՜ հիշողություն, իմ հանգստյան մահացու թշնամին, ինչո՞ւ եմ ես հիմա իմ աչքերի առջև նկարում իմ պաշտելի թշնամու աննման գեղեցկությունը։ Ավելի լավ չէ՞ր լինի, դժնի հիշողություն, հիշեցնեիր և ներկայացնեիր այն, ինչ որ նա այն վայրկյանին արեց, որպեսզի ինձ մղի արդարացի զայրույթից եթե ոչ վրեժ լուծել, ապա գեթ ինքնասպան լինել։ Միք սրտնեղի, սինյորներ, որ ես անընդհատ շեղումներ եմ անում, իմ դարդը չի կարելի և պետք չէ կարճ ու արագ պատմել՝ չէ՞ որ այդ պատմության յուրաքանչյուր հանգամանք արժանի է թվում ինձ երկար ու բարակ զրուցելու։
 
Քահանան դրան պատասխանեց, որ իրենք ոչ միայն չեն սրտնեղում, այլ ընդհակառակը՝ բոլոր մանրամասնությունները մեծ բավականությամբ են լսում, որովհետև նրանցից և ոչ մեկը չի կարելի լռությամբ անցնել, և նրանք բոլորն էլ նույնքան արժանի են ուշադրության, որքան և բուն պատմությունը։
 
― Ահա, ― շարունակեց Կարդենիոն, ― երբ որ բոլորը հավաքվեցին դահլիճում, ներս մտավ ծխական քահանան, և ինչպես պահանջում է ծեսը, երկուսի ձեռքն էլ բռնեց ու հարցրեց․ «Համաձա՞յն եք, օրիորդ Լյուսինդա, ճանաչել այստեղ ներկա գտնվող դոն Ֆերնանդոյին ձեր օրինական ամուսինը, ինչպես պահանջում է մեր սուրբ մայր եկեղեցին։ Այստեղ ես դուրս բերի խալիչաների ետևից գլուխս ու պարանոցս և շփոթ ու շնչասպառ պատրաստվեցի լսելու Լյուսինդայի պատասխանը, այդ պատասխանից ակնկալելով կա՛մ փրկություն, կա՛մ մահվան դատավճիռ։ Օ՜, եթե ես այդ վայրկյանին կարողանայի նետվել դեպի նա և ճչալ․ Օ՜, Լյուսինդա, Լյուսինդա, մտածիր քո արածդ, մտաբերիր, թե ինչպես ես կապված ինձ հետ։ Խորհիր՝ չէ՞ որ դու ի՛մն ես և չես կարող պատկանել ուրիշին։ Իմացած եղիր, եթե դու այո ասելու լինես, իմ կյանքի թելը նույն վայրկյանին կխզվի։ Դավաճան դոն Ֆերնանդո, իմ երջանկության կողոպտիչը, իմ կյանքի կործանիչը։ Ուզածդ ի՞նչ է, ինչի՞ ես ձգտում։ Հասկացիր, որ դու քրիստոնյա ես, դու չես կարող բավարարել քո ցանկությունը, որովհետև Լյուսինդան իմ կինն է և ես՝ նրա մարդը։ Օ՜, ես խելագար եմ, ― հիմա՛, երբ անջատված եմ նրանից և հեռու եմ վտանգից, ասում եմ այն, ինչ պետք է որ անեի և ինչ որ ես չարի՜։ Հիմա, թանկագին գանձը ինձնից խլել թույլ տալուց հետո՝ ես անիծում եմ կողոպտիչին, մինչդեռ ես կարող էի վրիժառու լինել, եթե ես այն պահին այնքան արիություն ունենայի, որքան հիմա գանգատվելու ունակություն ունեմ։ Ի՜նչ արած, քանի որ այն պահին ես հիմար ու երկչոտ եղա, ապա մնում է, որ մեռնեմ ամոթով, զղջումով ու խելակորույս։
 
Քահանան սպասում էր Լյուսինդայի պատասխանին, իսկ նա դանդաղում էր, և երբ որ ես սկսեցի խորհել, թե նա դաշյունն է որոնում իր սերը դեպի ինձ ապացուցելու համար, կամ թե չէ պատրաստվում է ճշմարտությունը ասելու, որպեսզի ցրած լինի ինձ համար կործանիչ այս մոլորությունները ― այդ իսկ վայրկյանին նա թույլ ու դողդոջ ձայնով պատասխանեց․ «Այո՛, համաձայն եմ»։ Նույնն ասաց նաև դոն Ֆերնանդոն, որ նրա մատին մատանի դրեց։ Այսուհետև նրանք կապվեցին ամուսնական անքակտելի կապերով։ Ապա երիտասարդ ամուսինը մոտեցավ, որ գրկի իր ամուսնուն, բայց Լյուսինդան ձեռքը տարավ սրտին և ուշաթափ ընկավ մոր ձեռքերի վրա։ Մնում է ինձ պատմել ձեզ, թե ինչ օրի էի ես, երբ որ Լյուսինդան, իր «այո»֊ով ծաղր ու ծանակ անելով իմ հույսերը, ցույց տվեց, որ բոլոր իր խոսքերն ու խոստումները սուտ են, և հասկացրեց, որ այլևս երբեք ես ետ չեմ բերի այն երջանկությունը, որ ես կորցրի մեկ ակնթարթում։ Ես չգիտեի ինչ անեմ՝ ինձ թվում էր, թե երկինքը լքել է ինձ, թե երկիրը, որի վրա ես կանգնած եմ, թշնամացել է ինձ, թե օդը ինձ շունչ չի տալիս ախ քաշելու համար, իսկ ջուրը՝ հեղուկ ― արցունքի համար։ Հուրն էր միայն որ մեջս ավելի ու ավելի էր սաստկանում և ես բոցավառվել էի կատաղությամբ ու խանդով։ Լյուսինդայի ուշագնացությունը բոլորին շփոթեցրեց։ Մայրը արձակեց նրա զգեստի կոճակները, որ ավելի ազատ շնչի և նրա կրծքին մի փակ նամակ գտնվեց, որ դոն Ֆերնանդոն իսկույն ձեռք գցեց և ջահերից մեկի լույսի տակ սկսեց կարդալ։ Ընթերցումն ավարտելուց հետո նա խորապես մտազբաղ տեսքով նստեց բազկաթոռի վրա, դեմքը հենեց ձեռքին՝ առանց ուշ դարձնելու ներկա եղողների վրա, որոնք խռնվել էին Լյուսինդայի շուրջը, աշխատելով նրան ուշքի բերել։
 
Տեսնելով, որ բոլոր տանեցիները շփոթմունքի մեջ են, ես վճռեցի դուրս գալ և ինձ համար մեկ էր՝ կնկատե՞ն ինձ, թե՞ ոչ, որովհետև ես պատրաստ էի ամենահուսահատական քայլեր անելու և, եթե ինձ նկատելու լինեին, ապա արար աշխարհը կիմանար, թե ի՛նչ զայրույթ էր եռում իմ կրծքում։ Ես կպատժեի նենգ դոն Ֆերնանդոյին և դյուրահավատ դավաճանուհուն, որ իմ առջև ուշագնաց պառկած էր։ Սակայն երևի թե բախտը պահպանում էր ինձ առավելագույն դառը աղետների համար, եթե միայն կան այդպիսիները, և նա չկամեցավ, որ այդ վայրկյանին բանականությունս հետ գար, ― որ հետագայում, այստեղ, բոլորովին լքեց ինձ։ Ես վանեցի իմ մեծագույն թշնամիներից վրեժ լուծելու միտքը (իսկ դժվար չէր այդ անել, որովհետև նրանք գաղափար չունեին, որ ես ներկա եմ) և վճռեցի նրանց արժանի պատիժն իմ դեմ ուղղել։ Եվ, երևի թե, եթե ես նրանց սպանելու լինեի, նրանց տառապանքն ավելի նվազ կլիներ, քան այն տանջանքը, որ ես հիմա կրում եմ։ Չէ՞ որ հանկարծակի մահն ավարտում է մեր վիշտը, մինչդեռ տանջանքով երկարաձգած մահը մեզ անընդհատ սպանում է՝ առանց կյանքից զրկելու։ Մի խոսքով՝ ես դուրս եկա Լյուսինդայի տնից և գնացի մի մարդու մոտ, որի մոտ թողել էի իմ ջորին։ Հրամայեցի, որ ջորուս փալանը դնեն, հեծա և տանտիրոջը հրաժեշտ չտալով, դուրս եկա քաղաքից։ Ղովտի պես սիրտ չանելով հետ նայելու։ Երբ որ ես մնացի մենակ դաշտում, և գիշերվա մթությունը ծածկեց ինձ, իսկ լռությունը տրամադրեց աղերսանքի, ես բարձրացրի ձայնս, առանց հոգ տանելու և զգուշանալու, որ մեկն ու մեկը ինձ կլսի և կճանաչի ինձ և անթիվ անեծք թափեցի Լյուսինդայի ու դոն Ֆերնանդոյի գլխին, ասես թե ես դրանով վարձատրում էի ինձ կրածս վիրավորանքի համար։ Ես նրան դաժան էի անվանում, անսիրտ, ստասաց, անշնորհակալ։ Մանավանդ ես խարազանում էի նրա ընչասիրությունը, որովհետև իմ թշնամու հարստությունը կուրացրել էր նրա սիրտը, և նա լքեց ինձ, տրվելով նրան, որին բախտը ավելի առատաձեռն ու վեհանձ էր շնորհել։ Մեկ էլ հանկարծ այս անեծքի և կշտամբանքի տարափն ընդհատելով, ես սկսում էի նրան արդարացնել, ասելով, որ ծնողները նրան խստության մեջ էին դաստիարակել, որ նա սովորել ու ընտելացել է ամեն բանում հնազանդել նրանց, ուստի զարմանալի չէ, որ նա կամեցել է կատարել նրանց կամքը, մանավանդ, որ նրանք այնքան արժանավոր, հարուստ ու ազնվազարմ մի ազնվական են նրա համար ամուսին ընտրել։ Եթե նա մերժելու լիներ, ապա ամենքը կկարծեին, թե նա խելառ է և սիրում է մի ուրիշին ― իսկ այդ կասկածը շատ կվնասեր նրա համբավին ու բարի անվանը։ Ապա ես առարկում էի ինքս ինձ, որ Լյուսինդան պիտի հայտարարեր, որ ես նրա ամուսինն եմ, և այդ դեպքում ամենքը նրան կարդարացնեին, քանի որ նա վատ ընտրություն չէր արել։ Չէ՞ որ դոն Ֆերնանդոյի առաջարկություն անելուց առաջ նրա ծնողները իրենք էլ իրենց աղջկան ավելի լավ ամուսին չէին կարող ցանկանալ, եթե միայն նրանց ցանկությունները ղեկավարում է բանականությունը։ Որ Լյուսինդան, փոխանակ ենթարկվելու ծայրահեղ բռնության և դոն Ֆերնանդոյին մարդու գնալու, պարտավոր էր ասելու, որ կապված է ինձ հետ ― ես կօգնեի նրան և նեցուկ կլինեի այն ամենի նկատմամբ, որ նա այդ առթիվ հնարելու լիներ։ Վերջ ի վերջո ես այն եզրակացության հանգեցի, որ նա խելառ է, անզգա և փառամոլ, ուստի և շքեղության ծարավը հարկադրել է նրան մոռացության տալու այն խոսքերը, որոնցով նա խաբում էր, սնում ու պահպանում իմ ամբողջ հույսերն ու ազնիվ զգացմունքները։
 
Գիշերվա ողջ մնացորդը ես թափառում էի, տագնապի մեջ խոսում ինքս ինձ հետ և լուսաբացին ընկա այս լեռները։ Երեք օր ես թափառեցի լեռներում, որտեղ ոչ ճամփա կար, ոչ կածան, մինչև որ, վերջապես, հասա մի լեռնադաշտ, որ այստեղից հեռու չէ։ Այնտեղ ես հովիվներից հարցրի, թե այս լեռներում ինչ վայրի կիրճեր կան, և նրանք ինձ այս կողմը ուղղեցին։ Ես իսկույն ճամփա ընկա՝ հաստատ վճռած լինելով այնտեղ ինքնասպան լինել։ Այս խորքերն ընկնելու միջոցին իմ ջորին սատկեց հոգնածությունից ու սովից։ Ես նույնիսկ կարծում եմ, որ այդպես պատահեց նրա համար, որ ջորին այլև չկամեցավ իր վրա քարշ տալ իմ մարմինը ― մի անպետք բեռ։ Ես քարշ եկա ոտով, ուժասպառ, սովալլուկ, անօգ, առանց որևէ մեկից օգնություն հայցելու։ Չգիտեմ, թե ինչքան ժամանակ մնացի ես գետին փռված, ապա թե վեր կացա, առանց քաղց զգալու և ոչ հեռու ինձնից այծարածներ տեսա։ Ահա նրանք օգնեցին ինձ։ Նրանց ասելով, երբ որ նրանք ինձ հանդիպեցին, ես այնպիսի անմիտ ու անիմաստ խոսքեր էի արտասանում, որ պարզ էր իմ խելակորույս լինելը։ Հետագայում ես էլ համոզվեցի, որ ժամանակ առ ժամանակ ես խելքս կորցնում եմ, իմ գիտակցությունը մթագնում ու թուլանում է և հազար ու մեկ խելագարություն եմ անում, պատառոտում եմ հագիս հանդերձը, այս անապատը լցնում եմ հառաչանքներով, անիծում եմ բախտս և ապարդյուն կրկնում իմ թշնամու սիրելի անունը։ Այդ վայրկյաներին ես մի ցանկություն և մի միտք եմ ունենում այս հառաչանքներով վերջացնեմ կյանքս։ Իսկ երբ ուշքի եմ գալիս, ես այնքան ջարդված եմ լինում ու տանջված, որ հազիվհազ եմ շարժվում։
 
Սովորաբար ես գիշերում եմ կաղնու փչակում, որ բավականաչափ ընդարձակ է, որ իմ թշվառ մարմինը ծածկի։ Գյուղացիները, որ այս լեռներում կով ու այծ են արածացնում, մեղքանալուց ինձ սնում են՝ ճամփի եզերքին կամ ժայռերի վրա ինձ համար ուտելիք դնելով, և ես թափառելով պատահաբար գտնում եմ։ Եվ ահա, անգամ երբ որ բանականությունս լքում է ինձ, բնության ձայնն ստիպում է ինձ ճանաչել սնունդը, մեջս նրան ձեռք գցելու ու կլանելու ցանկություն է հարուցանում։ Պատահում է, ― պատմում են ինձ հովիվները իմ զգաստանալու պահերին, ― որ ես դուրս եմ վազում ճամփան, երբ որ նրանք գյուղից իրենց վրանները մթերքներ են բերելիս լինում և բռնի խլում եմ այն, ինչ որ նրանք կտային ինձ կամավին։ Այսպես եմ քարշ տալիս իմ կյանքի դառն ու չարքաշ օրերը՝ սպասելով, թե երբ կհաճի երկինքը, վերջ տալու կամ թե չէ ջնջելու իմ հիշողությունից Լյուսինդայի գեղեցկության և դավաճանության և դոն Ֆերնանդոյի ինձ հասցրած վիրավորանքի հիշատակը։ Եթե երկինքն ինձ այդ ավելի շուտ առաքի, քան թե մահը ― ապա իմ միտքը կհանգստանա, իսկ եթե ոչ ― ապա կմնա, որ աղերսեմ երկնքից իմ հոգու համար անսահման գթություն, որովհետև ես ոչ ուժ ունեմ, ոչ արիություն իմ մարմինը դուրս բերելու այն աղետալի կացությունից, որ ես ինքս եմ նրան կամովին դատապարտել։
 
Ահա, սինյորներ, իմ դժբախտության ցավալի պատմությունը։ Ասացեք, կարելի՞ է արդյոք տանել, առանց զգալու այն հուզումները, որ ես եմ զգում։ Հոգնություն մի՛ք պատճառի ձեզ հորդորելով և խորհուրդ տալով ինձ այն, ինչ որ բանականության տեսակետից կարող էր ինձ համար օգտավետ լինել, որովհետև ձեր խորհուրդներն ինձ նույնքան քիչ կօգնեն, որքան դեղերը, որ դուրս է գրում հռչակավոր բժիշկը մի հիվանդի համար, որը չի ուզում ընդունել դրանք։ Առանց Լյուսինդայի ինձ բուժում հարկավոր չէ։ Եվ քանի որ նա հաճել է ուրիշին տրվել, թեև պատկանել ու պիտի պատկաներ ինձ ― ապա ես կամենում եմ մնալ իմ դարդի մեջ, թեև ես կարող էի երջանիկ դառնալ։ Իմ տառապանքների հարատևությունը առաջ է եկել Լյուսինդայի փոփոխամտությունից, և ես կանեմ ինչ որ հնարավոր է, որպեսզի կործանեմ ինձ և դրանով բավարարեմ նրա ցանկությունը։ Թող իմ կյանքը գալիք սերունդների համար օրինակ լինի, որովհետև ինձնից խլվեց անգամ այն, ինչ որ ունենում են բոլոր զրկվածները՝ մխիթարանքի անհնարությունն իսկ մխիթարում է նրանց, իսկ իմ տառապանքն ու տանջանքը դրանից միայն ավելանում են, և, թվում է ինձ՝ նրանք չեն պրծնի անգամ իմ մահից հետո։
 
Այսպիսի խոսքերով եզրափակեց Կարդենիոն իր դժբախտ սիրո երկար պատմությունը։ Քահանան մտադիր էր մի քանի մխիթարիչ խոսք ասի, բայց այդ վայրկյանին նրան կասեցրեց ականջին հասած մի ինչ֊որ ձայն։ Ձայնը խոսում էր ցավագին տոնով, բայց ինչ էր ասում ― դուք կիմանաք այս պատմության չորրորդ մասում։ Որովհետև այստեղ իմաստուն ու խորաթափանց պատմաբան Սիդ Համետ Բենենխելին ավարտում է իր պատմության երրորդ մասը։
Ադմին, Վստահելի
1876
edits